Գլխավոր   Խորագրեր   Արխիվ   Մեր մասին   Մեր կոթողները   Պատասխան՝ 100 տարի անց   Ազգությունս՝ հայ   Հայոց ցեղասպանություն-101
Рус  |  Հայ  |  Eng  |  Fr  
 
     
          
    Մարտի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա բացառիկ համերգ, որը նախաձեռնել է հանրահայտ ջազմեն, բոլորի կողմից շատ սիրված Վահագն Հայրապետյանը մեր ժամանակի ունիկալ ջազային հայտնի երաժիշտներ /ԱՄՆ-ից/ Արի Ռոլանդի-կոնտրաբաս, Զաիդ Նասսերի-ալտ սաքսաֆոն, Յալլա Բալինի-վոկալ, Քիտ Բալլայի-հարվածային գործիքներ և Հայաստանի պետական կամերային նվագախմբի  /դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան/ մասնակցությամբ:



    Մարտի 21-ին արդեն հինգ տարի անընդմեջ Հայաստանում, Արցախում և Ջավախքում նշում են Տիկնիկային գործիչների միջազգային օրը: Այսօր   ՅՈՒՆԻՄԱ  Հայաստանի կազմակերպության նախագահ Արմեն Սաֆարյանի գլխավորությամբ նախատեսվել էր և անցկացվեցին մի շարք հետաքրքրաշարժ միջոցառումներ: Քաղաքի կենտրոնից Խաչքարերի պուրակ քայլերթը կանգ առավ 5 մայրցամաքներից բերված հողով ու ջրով տնկված Սոճենուն հարող տարածքում և մեկնարկեցին Հայաստանի բոլոր մարզերից ժամանած տիկնիկային թատրոնների ու խմբերի ներկայացումները:
2017-03-22
     

    Մարտի 18-ին, կանանց միամսյակի առթիվ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում տեղի կունենա դաշնակահարի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համատեղ համերգը:
    Համերգին կհնչեն հանրահայտ և սիրված կոմպոզիտորների ռոմանտիկ ստեղծագործություններ՝  նվիրված  կանանց:
2017-03-17
     

    ՀՀ ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի արմատները մխրճված էին հայկական հինավուրց հողում: Այդ հողից էր ուժ առել, ստեղծել գործեր, որոնք մնայուն արժեքներ են ու կապրեն, քանի դեռ կապրի հայ ժողովուրդը: Մեծ արվեստագետ, հայրենասեր, իմաստուն մարդ, ով իր ողջ կյանքն ապրեց իր ժողովրդի հոգսերով ու ցավերով: Ազգային մտածողությամբ արվեստագետ էր Իսաբեկյանը: Նրանք, ովքեր ծանոթ ու մտերիմ են եղել Էդվարդ Իսաբեկյանի հետ իրենց հոգում և հուշերում միշտ կպահեն այն լույսն ու ջերմությունը, որ ճառագում էր նրանից:
2017-03-11
     

    Մեծարգո Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո արդեն 10-րդ անգամ Հայաստանի բոլոր մարզերում, Արցախում և Ջավախքում անցկացվեց <<Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 10-րդ մրցույթ-փառատոն>>-ը՝ նվիրված հայ անվանի բանաստեղծներ Մարո Մարգարյանի ծննդյան 100 և Սիլվա Կապուտիկյանի 98 ամյակներին: Փառատոնի ժյուրիի անդամները, մտավորականներ, քաղաքական գործիչներ և պոեզիայի սիրահարներ, հունվարի 20-ին այցելեցին Կոմիտասի այգում գտնվող   մեր մեծերի Պանթեոն, որտեղ իր վերջին հանգրվանն է գտել նաև Սիլվա Կապուտիկյանը:
2017-03-07
     

    Փետրվարի 28-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ լեգենդար կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Իմ տիեզերքն ու դաշտի միասնական տեսությունը» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է պետպատվերով, առայժմ ` ռուսերեն: Խոստացվեց, որ առաջիկայում գիրքը կթարգմանվի հայերեն և անգլերեն:  Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվեց կինոռեժիսորի լավագույն ֆիլմերից «Մենք»-ը։
2017-03-02
     

    Փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, և հենց ամենասիրելի և իմաստուն բանաստեղծի ծննդյան օրն էլ 2009 թվականից Լևոն Անանյանի ջանքերով նշվում է նաև Գիրք նվիրելու օր: Շատ բարդ է, որպեսզի մի որևէ նորահայտ տոն իսկապես, ինքնաբուխ տոնվի, այսինքն, դառնա սիրելի, համակի շատերին: Առավել ևս, մեր խառնակ ու, ընդունված բառով` ոչ գրական ժամանակներում:
2017-02-20
     

    Այսօր Հայաստանի նկարիչների միությունում բացվեց երաժիշտ, պրոդյուսեր, ռեժիսոր, նկարիչ Ստաս Նամինի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:
Նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանում մեկնարկած Ստաս-Նամինյան օրերը նվիրվում էին նրա ծննդյան 65-ամյակին: Դրանց շրջանակում հայ հանդիսատեսին էին ներկայացվել հայկական արմատներ ունեցող բազմատաղանդ մշակութային գործչի ֆիլմերը, թատերական բերմադրությունն ու սիմֆոնիկ ստեղծագործությունը:
2017-02-17
     

    Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը տեղի ունեցավ Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում: Նախարարը մանրամասն ներկայացրեց տարվա ձեռքբերումները` ոլորտ առ ոլորտ: Դրանք վերաբերում էին մշակութային կրթությանը, պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններին, թանգարանային ոլորտին, օպերայի և բալետի ազգային թատրոնին և այլն:
2016-12-26
     

    Ֆրանսաբնակ հայազգի օպերային երգիչ Մուրադ Ամիրխանյանը երգում է դեռևս մանկուց: Երջանկահիշատակ մայրը միշտ ոգևորել ու քաջալերել է նրան, համոզված, որ որդին հայտնի երգիչ է դառնալու: Մայրական այդ լուսավոր երազանքը հոգում՝ Մուրադը աշխատել է տքնաջան, ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, հետագայում սովորել ասպիրանտուրայում, կայացել որպես օպերային երգիչ:


    Համահայկական սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման հիմքում համահայկական միասնականության գաղափարն է, աշխարհով մեկ սփռված մեր հայրենակից երաժիշտներին մեկ նվագախմբում համախմբելու գաղափարը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ հայտարարելով, որ այդ գաղափարն այլևս իրականություն է:
2016-12-22
     
2016-12-22
 
 
 

Պատասխան՝ 100 տարի անց

Կայացավ «Վանայ լիճին...» երգի պրեմիերան

    «Պատասխան՝ 100 տարի անց» նախագծի շրջանակում Արևմտյան Հայաստան կատարված ուխտագնացության տպավորությունների ներքո, երբ հարյուրամյա կարոտներից հետո հանդիպեցին Հայն ու Վանա լիճը, նրանց զրույցը դարձավ երգ։ «Ինձ համար՝ որպես հեղինակի, դժվար չէր տեսնել այն երգչուհուն, ով պետք է մարմնավորեր Հայի հավաքական կերպարն ու, իբրև մի նոր Ախթամար, ներկայացներ հայությանը միավորող հույզերն ու երազանքները։ Այդ Ախթամարը Հայոց ցեղասպանությունից հետո Պոլսում հաստատված նախնիների շառավիղ հանդիսացող և այդ հողի վրա Հայի գոյությունը պահող հայուհի Սիպիլն է, ով անմիջապես զգաց, որ այդ երգն իրենն է: Ստեղծագործության նյութը հոգեհարազատ է յուրաքանչյուր հայի՝ անկախ այն բանից, թե որտեղ է նա բնակվում՝ Հայաստանում, ներկայիս Թուրքիայում, թե՝ այլուր։ Տեսահոլովակը չի հետապնդում որևէ բիզնես նպատակ։ Պարզապես յուրաքանչյուրիս պարտքն է աջակցել, որ մեր սիրելի հայուհի Սիպիլի ձայնը, ինչպես ինքն է նպատակ դրել, ավելի լսելի լինի աշխարհին. չէ՞-որ նա ծանր պարտավորություն է վերցրել իր փխրուն ուսերին, որ հայ երգը հնչի մեր ավետյաց Հայրենիքում», - նշում է երգի հեղինակ Հասմիկ Հախվերդյանը։
    «Վանայ լիճին...» երգի երաժշտական պրոդյուսերն է Անդրե Սիմոնյանը, տեսահոլովակի ռեժիսորը` Մարիամ Գևորգյանը։
    Հոկտեմբերի 14-ին` «Սինեմա Սթար» կինոթատրոնի դահլիճում Սիպիլի և ստեղծագործական խմբի մյուս անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվեց «Վանայ լիճին...» տեսահոլովակը:
    Տեսահոլովակը համացանցում հասանելի կլինի ս.թ. հոկտեմբերի 15-ից:

«Վանայ լիճին...» տեսահոլովակի
 ստեղծագործական խումբ
16.10.2016




Միշտ չէ, որ հայը և հայկականը ծնվում են Հայաստանում.

օրինակ` ես…

 
    2001 թվականին պատահմամբ լսելով Արա Գևորգյանի «Մուշ» ստեղծագործությունը` ծագումով պուերտոռիկացի կոմպոզիտոր և երգիչ Դանիել Դեքերը որոշեց ծանոթանալ հեղինակին: Արա Գևորգյանի և Հայաստանի հետ նրա բարեկամությունն ունի 15 տարվա պատմություն: Մեր հանդիպումը կայացավ Դեքերի 15-րդ «հոբելիանական» այցի շրջանակում, երբ ամերիկաբնակ կոմպոզիտորը Հայաստան էր այցելել աշնանը կայանալիք իր համերգի մանրամասները քննարկելու և ավելի հեռահար մեկ այլ նախաձեռնությամբ: Մասնավորապես, Դեքերը հետաքրքրվում է հայկական հոգևոր երաժշտությամբ և ազգային նվագարաններով: Հստակ է, որ այն, ինչ նա պատրաստվում է անել, լինելու է խիստ հայկական և հայանպաստ. «Միշտ չէ, որ հայը և հայկականը ծնվում են Հայաստանում. օրինակ` ես…»,-մեզ հետ զրույցում ասաց Դեքերը:
    2015 թվականին «Պատասխան` 100 տարի անց» նախագծի շրջանակում ԴանիելԴեքերը ստացավ 100-ամյա անպատասխան մի նամակ, որը նրան ավելի մոտեցրեց հային և ստիպեց ապրել, զգալ և մխրճվել հայկական ցավի մեջ. այդ նամակը Կոմիտաս վարդապետի վերջին նամակն էր` գրված մինչև Հայոց ցեղասպանությունը… Դանիել Դեքերի պատասխան նամակը չուշացավ. «Էլ ո´չ մի 100 տարի, 10 տարի կամ նույնիսկ 1 տարի: Սպառվե´լ է քննարկման ժամանակը. այլևս անկարելի´ է  ժխտել: Ժամանակն է ճանաչման, արդարության, պատասխանատվության: Իբրև հայոց հողում չծնված մեկը` ես հայության կողքին եմ` իմ ձայնը նրանց ձայնին միացնելու»:
    2010 թվականին թողարկելով հայկական երգերով սկավառակ` Դանիել Դեքերն իր ձայնը հնչեցրեց հայերեն և հայտարարեց` «Հա´յ եմ` իմ ընտրությամբ»: Այսօր նա Արցախի և Հայաստանի խնդիրներով մտահոգ և հայկական մշակույթով ապրող մեկն է, ով չի բացառում, որ մի օր կկազմի հայկակա´ն ընտանիք: Իսկ մինչ այդ, նա հստակ որոշել է` եթե իրեն առաջարկեն նկարահանվել ֆիլմում, ապա ինքը կմարմնավորի Կոմիտասին:
    ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակում սկսված զրույցը որոշեցինք ավարտել Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, որտեղ հարգարժան հյուրը հնարավորություն ունեցավ մոտիկից և ավելի պատկերավոր ծանոթանալու թե´ Կոմիտասին, և թե´ հայկական հին նվագարանների հարուստ հավաքածուին, որը պահպանվում է թանգարանում: Դանիել Դեքերը զրույց ունեցավ թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի հետ, ինչի արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցության վերաբերյալ: Մինչ այդ, նա նաև պատրաստակամություն էր հայտնել ներգրավվելու հայանպաստ ձեռնարկներում և իր ներդրումն ունենալու արտերկրում հայ մշակույթի տարածման ու հանրահռչակման գործում:
    Այս անգամ Դանիել Դեքերը Հայաստանից կմեկնի` իր հետ տանելով Եղիշե Խերանյանի նվիրած «Նարեկը», Կարո Վարդանյանից ստացած Կոմիտասի` ավելի քան 100-ամյա կատարումներով ձայնասկավառակը և, անշուշտ, «Պատասխան` 100 տարի անց» պատկերագիրքն ու «Անցյալը` ներկայում» բացիկների հավաքածուն: 

Զրուցեցին` Հասմիկ Հախվերդյանը և Զարուհի Կարախանյանը
27.05.2016


«Պատասխան`  100   տարի   անց»  նախագծի   լավագույն վավերաքանդակներից  մեկը՝ «Ավրորա» մրցանակ


    ՀՀ մշակույթի նախարարության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՎիվաՍել–ՄՏՍ ընկերության աջակցությամբ 2014-2016 թթ. իրականացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Պատասխան՝ 100  տարի անց» համալիր ծրագիրը: Այն ներառում էր երկու ենթածրագիր, որոնցից երկրորդն, ըստ էության, հարթակ էր երիտասարդ ստեղծագործողների համար, ովքեր պետք է նախագծի կողմից ընտրված Հայոց ցեղասպանության տասը վավերագրերի շուրջ ստեղծեին կերպարվեստի մնայուն աշխատանքներ՝ կտավ, քանդակ, գծանկար: Աշխատանքների ստեղծման ընթացքին հետևում էր կերպարվեստի անվանի գործիչներից և ցեղասպանագետ-պատմաբաններից կազմված մրցութային հանձնաժողովը: Եզրափակիչ փուլ անցած աշխատանքների հեղինակների հետ կնքվեցին պայմանագրեր, որոնց համաձայն աշխատանքների օգտագործման հետ կապված որոշակի իրավունքներ փոխանցվեցին նախագծին: Ելնելով այդ իրավունքներից՝ ս.թ. մարտ ամսին «Պատասխան՝ 100  տարի անց» համալիր ծրագրի կազմակերպչական խորհուրդը դիմեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավարությանը՝ խորհրդանիշ մրցանակի ընտրության ժամանակ «Անցյալը՝ ներկայում» կերպարվեստի մրցույթի լավագույն ինը վավերաքանդակները ևս քննարկելու առաջարկով: Արդյունքում, իբրև «Ավրորա» մրցանակի նախագծեր քննարկվեցին «Անցյալը՝ ներկայում» մրցույթի 4 հեղինակների աշխատանքներ, որոնցից Մանվել Մաթևոսյանի «Դեպի հավերժություն» ստեղծագործությունը ճանաչվեց հաղթող: «Պատասխան՝ 100 տարի անց» նախագիծը՝ իբրև հարթակ, շարունակում է ներկայացնել երիտասարդ արվեստի գործիչներին, ովքեր ունակ են իրենց տաղանդով բարձր պահելու հայրենիքի պատիվը:

    



ՀՀ մշակույթի
նախարարություն
26.04.2016



Մի քիչ ավելին, քան՝ պատկերագիրք

/«Պատասխան՝ 100 տարի անց» պատկերագիրքը՝
մասնակցի հայացքով/

    Ապրիլի 22-ին Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի դահլիճում հյուրընկալվել էին անվանի հայորդիներ, ովքեր մասնակցել էին 100-ամյակի մշակութային նախագծերից «Պատասխան՝ 100 տարի անց» ծրագրին ու պատկերագրքի ստեղծմանը: Մշակույթի նախարարության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը հրատարակել է «Պատասխան՝ 100 տարի անց» ծրագիրն ամփոփող համանուն պատկերագիրքը:
    Տիգրան Մանսուրյանը, Հասմիկ Պապյանը, Սերժ Ավետիքյանը, Մշակույթի նախարարի տեղեկալ Ներսես Տեր-Վարդանյանը, թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, Վերժինե Սվազլյանը, ծրագրի հեղինակ Հասմիկ Հախվերդյանը խոսեցին նախագծի կարևորության, իրենց մասնակցության մասին:
    Երկլեզու՝ հայերեն-ռուսերեն պատկերագրքում Ցեղասպանության մասին առատ նյութ կա մտքի, հոգու, աչքի համար, կան հարյուրամյա անպատասխան նամակներ ու ժամանկակից արվեստագետների պատասխաններ, կան մրցույթի հաղթած նկարիչ-քանդակագործների ստեղծագործություններ, հուշեր, վավերապատումներ, արխիվային փաստաթղթերի պատճեններ: Մեկ հայացքով անընդգրկելի հարուստ բովանդակություն, երկու տարվա աշխատանքի արդյունք:
    «Սա ավելին է քան սովորական գիրքը, յուրօրինակ մտահղացում է, Ցեղասպանության թեմայով բազմաթիվ նախագծերի մեջ նմանը չունեցող»,- սա մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանի տեսակետն է; Կարո Վարդանյանը, ով ոչ միայն ծրագրի ակունքներում էր, այլև պատկերագրքի հեղինակ ու անպատասխան նամակին արձագանքող արվեստագետ, իր խոսքում ասաց, որ «այս բովանդակալից, հուզիչ պատկերագիրքը յուրաքանչյուր գրադարակի զարդը կարող է լինել«:

    Սերժ Ավետիքյանի նամակը

    «Երբ ինձ խնդրեցին պատասխանել Ցեղասպանության տարիներին գրված նամակներից մեկին, ես մտածեցի, թե ինչպե՞ս կարելի է 100 տարի անց պատասխանել մի նամակի, որը պետք է մնար առանց պատասխանի: Միգուցե այդ նամակների ուժը հենց նրանում էր, որ դրանք մեր հիշողություններում առանց պատասխանի էին մնացել... Ես Երվանդ Օտյանի նամակին պատասխանել եմ այնպես, կարծես ողջ, կենդանի ու ապրող մարդուց ստացած նամակին կպատասխանեի»:
    Թերթելով գիրքը՝ կարդում ենք 1916 թվականին աքսորից Պոլիս վերադարձած Օտյանի խոսքը.« Ողջույն քեզ, հայ ժողովուրդ... մեղա՜, ողջույն Ձեզ, հայության խլյակներ: Հեռուեն, շատ հեռուներեն կու գամ... Դեր Զորեն կու գամ...»: Սերժ Ավետիքյանը պատասխանել է.«Սիրելի Երվանդ, քո նամակն այնքան ողբերգական է, իմացա, որ մեր ժողովուրդն անխնա ոչնչացվել է... Դու փրկվեցիր ու մենք ողջ ենք... Բայց քո կարիքն ունենք, քո ոգևորության, հումորի, ազատ մտքի, քո երգիծանքի կարիքը: Մենք քեզ կարոտում ենք»:
    Մասնակիցների համար հուզիչ անակնկալ էր, որ արվեստագետը կարդաց Գարեգին Խաժակի հրաժեշտի խոսքն՝ ուղղված բախտակից ընկերներին, անխուսափելի մահապատժից առաջ:

    Տիգրան Մանսուրյանի գրավոր ու բանավոր պատասխանը

    Գարեգին Խաժակը հրաժեշտի նամակ էր գրել կնոջը՝ «կյանքի անուշ ընկեր» Շուշանիկին.«Ինչ զարհուրելի է չտեսնել զավակի ծնունդը և կախվել, այն էլ՝ այսպես դաժանորեն, առանց որևէ արդար պատճառի, լոկ կասկածանքով»:
    Տիգրան Մանուրյանը ընտանիքի հոր նամակին պատասխանում է իբրև ընտանիքի հայր, և ավարտում այսպես.«Եթե այս ընթացքում հաղթանակ ձեռք բերած և օտարված հողը հային վերադարձնող հայոց բանակ ունեցանք, ուրեմն վաղը էլ ավելին ենք կարող լինելու»: Ապրիլի 22-ի շնորհանդեսի օրը Տիգրան Մանսուրյանն այսպես խոսեց.«Ես արդեն առիթ ունեցել եմ այս գիրքն ունենալ իմ ձեռքին և հիմա կարող եմ ասել, որ շատ կարևոր աշխատանք է արված՝ մաքուր, գեղեցիկ, բարձր ճաշակով և ամենակարևորը՝ հագեցած բովանդակությամբ՝ մարդկային ճակատագրերի, դրանց շփումների և դրանց միջև եղած կապի մասին, որոնք շատ տարողունակ են, մանավանդ՝ այս վերջին օրերի ընթացքում: Հարցերը, որ բարձրացրել է այս գիրքը, ծայրահեղ այժմեական են, որ մեզ բոլորիս հուզում են՝ այս էլ 101 տարի: Երբեմն, գեղեցիկի հետ համատեղ, կարևոր է, որ աշխատի նաև զենքը, ուղղակի զենքը, ոչ թե այն զենքը, որ մենք երբեմն արվեստն ենք համարում՝ մեր զենքը, այլ բանակի զենքը: Դրանք պետք է համամասնաբար գործեն՝ միաժամանակ, որովհետև մեր ժողովրդի կենսագրությունն ու ճակատագիրը քաղաքակիրթ աշխարհում բարու չափաբաժինն ավելացնելն է, բայց կյանքը ցույց տվեց, որ դա քիչ է, պետք է ունենալ նաև դրան պաշտպանող զենքը: Ցավոք, Ցեղասպանության 101-րդ տարին կրկին սկսում ենք՝ լեցուն կնճիռներով ու հարցականներով, բայց մենք հիմա գոնե պետականություն ունենք և արդեն հստակ գիտակցություն, որ մենք պետք է լինենք մեր գլխի տերը՝ պահելու մեր լեզուն, մեր եկեղեցին, մեր ոգին, ամբողջ մի մշակութային հարստություն, որի մեջ ենք մենք ամեն օր»:

    Հասմիկ Պապյանի պատասխանը

    Սիամանթոյի վերջին նամակն ուղղված էր մորը.«Քանզի աշխարհը գիտե, որ ոչ մի առնչություն չունեմ ոչ քաղաքականությունից ու ոչ էլ ուրիշ հանցանքի հետ կապ ունիմ»: Հոգուց բխած արձագանք է տաղանդավոր Հասմիկ Պապյանի հորդորը.«Ապրել, արարել և պահանջել արդարություն, այսկերպ հաղթել, ուրիշ ճանապարհ մենք չունենք»: Իսկ շնորհանդեսի ժամանակ աշխարհահռչակ երգչուհին ասաց.«Ես Ցեղասպանությունից փրկված՝ սեբաստացի և պոլսեցի ծնողների զավակ եմ, հետևաբար՝ այս թեման մշտապես ինձ հետ է, իմ արյան մեջ է: Սկսած անցյալ տարվանից՝ ես ոգեկոչման շատ ձեռնարկների եմ մասնակցել և հանգել եմ այն եզրակացության, որ շատ ուրախ եմ այն բանի համար, որ մենք կանք և շարունակում ենք մեր առաքելությունը՝ գիրք տպող, արվեստ ու մշակույթ ստեղծող ու քաջալերող մեր տեսակը՝ այսօրվա մեր ամենամեծ «անհաջողությունը», որը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ մեր «հարևանը», որը շատ դեպքերում չի հասկանում նաև քաղաքակիրթ աշխարհը: Մենք պետք է շարունակենք մեր առաքելությունը, և ես վստահ եմ, որ մեր բոլոր հաղթանակները դեռ առջևում են»:

    Ռալֆ Յիրիկյանի և մյուսների պատասխան-նամակները

    Կնոջը՝ Կլարային ուղղված Գրիգոր Զոհրապի վերջին նամակին արձագանքել է Ռալֆ Յիրիկյանը՝ ներկայացնելով իր գերդաստանի անցած դժվարին ճանապարհը.«Այսօրինակ ծրագրերով մենք ոչ միայն մեր՝ սերունդների պարտքն ենք կատարում անմեղ նահատակների առջև, այլև ձգտում ենք կանխել հրեշավոր դեպքերի կրկնությունը՝ որևէ ազգի նկատմամբ»: Զոհրապի նամակին արձագանքել է նաև ռոք երաժիշտ Անդրե Սիմոնյանը:
    Երգչուհի Սիպիլի պատասխանը նամակ է սիրելի Ռուբեն Սևակին.«Գիտեմ, որ այս նամակն էլ, քո սիրելի Յաննիի նամակի պես, քեզ չպիտի հասնի... Ես, իբրև թոռնիկ, ով ապրում է Ստամբուլում, ջանում եմ պահպանել իմ լեզուն, ինքնությունը և ձայնս լսելի դարձնել բոլորին: Սիրելի Ռուբեն, ես ապրում ու ստեղծագործում եմ մի քաղաքում, որտեղից 100 տարի առաջ քեզ քշեցին դեպի մահ... ոչ՝ անմահություն»:
    Սմբատ Բյուրատի նամակին կնոջ՝ Եվդոքսիայի փոխարեն զգացական պատասխան է տվել ռեժիսոր Սյուզան Խարտալյանը:
    Կոմիտասի վերջի նամակին ծավալուն տեքստով պատասխանել է թուրք պատմաբան Սայիդ Չեթինօղլուն, ով փորձ է անում հասկանալ «մենավորիկ Կոմիտասի» ողբերգությունը.«Ցեղասպանությունը քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ ոչնչացրեց Կոմիտասի ժողովրդին, քաղաքակիրթ աշխարհն էլ ձայնը չբարձրացրեց բնաջնջման դեմ: Այն չունեցավ իր Նյուրնբերգը, ընդհակառակը, մեղավորները տարատեսակ պարգևների արժանացան»:
    Հանճարեղ Կոմիտասին արձագանքել է նաև ամերիկացի կոմպոզիտոր Դանիել Դեքերը.«Անըմբռնելի է՝ հիշատակում ենք Ցեղասպանության 100-րդ տարելիցը, բայց հարցը դեռևս լուծված չէ, Աստված վկա, արդարությունը կվերականգնվի»: Նամակներին պատասխանել են նաև թուրք Օսման Կավալան, որը խոստովանում է, թե «իրավունք չունի և բառեր չկան», բելգիացի Օդ Մերլինը: Անգլիացի ֆոտոլրագրող Ռասել Փոլարդն արձագանքել է Վուդրո Վիլսոնին ուղղված՝ Արմին Վեգների ազդեցիկ նամակին: Զորավար Անդրանիկի՝ «սիրելի զինվորներին» ուղղված նամակին արձագանքել է Կարո Վարդանյանը «ով մեծագործ այր, զինվորապաշտ զորավար» նախաբանով, ինչպես նաև Արթուր Աբրահամը:

    Առաջին անգամ տպվող՝ Անրի Վերնոյի նամակը

    Սա գրքի բերած նորությունն է: Դավիթ Ադամյանի նամակին արձագանքել է Պատրիկ Մալաքյանը, հրատարակման բացառիկ իրավունքով տրամադրելով հոր՝ Անրի Վերնոյի անտիպ նամակը, համարելով այն Մալաքյան ընտանիքի, աշխարհասփյուռ հայության պատասխանը: 1995 թվականին Բյուլենք Աքարջալ անունով թուրք պաշտոնյան ֆրանսիական հեռուստաեթերով Անրի Վերնոյի ելույթից հետո հարկ է համարել զայրալից նամակ գրել.«Դուք ատելություն եք սերմանում, պարոն Վերնոյ... Լեռնային Ղարաբաղի հետ դուք՝ անցյալի խավար ուժերդ, հառնում եք մոխիրներից...»:«Պարոնի հիստերիկ խոսքին» պատասխանել է Անրի Վերնոյը, որը մնացել է նրա արխիվում: Բեմադրիչը խորհուրդ է տալիս «կրել սեփական անցյալի սև ժամերը»՝ գրելով.«Հավատարիմ մնալով ոճրագործներին՝ դուք անմտորեն ու անկեղծորեն դառնում եք նրանց հանցակիցը»: Ու ստորագրություն՝ Աշոտ Մալաքյան:

    Եվ վերջում՝ ֆիլմ դարձած ուխտագնացություն

    Ցուցադրվեց 2015թ. հունիսին Արևմտյան Հայաստան կատարած ուխտագնացության մասին պատմող «Մենք կգանք» տեսաֆիլմը, որտեղ հնչեց Հասմիկ Հախվերդյանի երգը՝ Սիպիլի և The Beautified project խմբի կատարմամբ։
Փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը պատվոգրեր հանձնեց կերպարվեստի մրցույթի հաղթողներին:

    Հ.Գ.- Իբրև հեղինակ, կարող եմ փոխանցել, որ տառապալից էր համանման ծրագրին առնչվելը, քանի որ յուրաքանչյուր նոր փաստ սարսռազդու է, ահարկու, անմարսելի, անտրամաբանական և անպատասխան:

                                    Գայանե Մկրտչյան
23.04.2016



«101 հարց ու զրույց». Այսօրվա աշխարհում

պայքարը խոսքի° պայքարն է


    101 հարցերից չորսի շուրջ զրուցեցինք հայրենիքում հաստատված սփյուռքահայ գործարար Ռալֆ Յիրիկյանի հետ:
    - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ նախագծերից ՎիվաՍել–ՄՏՍ ընկերությունն ընտրեց «Պատասխան՝ 100 տարի անցը»։ Ինչու՞։
    - Գաղափարը յուրահատուկ էր: Նախագիծը տարբերվում էր ներկայացված մյուսներից. այլ մոտեցում և խորհուրդ ուներ: Մենք կանգնեցինք այս ծրագրի կողքին, աջակցեցինք նախաձեռնող երիտասարդներին, որպեսզի նրանք կարողանան իրականացնել այս ծրագիրը: Այս նախագիծն այլ կերպ է բարձրացնում Ցեղասպանության հարցը, փորձում է գաղափարական տարբեր հարթակների վրա ճանաչելի դարձնել և սփռել իրականությունը, պահանջատիրությունը: Այսօրվա աշխարհում պայքարը խոսքի պայքարն է, տնտեսական պայքարը, գաղափարական պայքարը, ինֆորմացիոն պայքարը. կարծում եմ` մեզ հաջողվեց դա և երիտասարդությունն այստեղ բավական մեծ դեր խաղաց:
    - Դուք նաև եղաք նախագծի կողմից ընտրված այն 100 անհատներից մեկը, ովքեր վերջին մեկ տարվա ընթացքում ստացան 100-ամյա անպատասխան նամակներ, որոնց պետք է «պատասխանեին»: Ռալֆ Յիրիկյանը Գրիգոր Զոհրապին. «Ես՝ Ռալֆ Յիրիկյանս, Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման պահանջատեր եմ...»։ Անդրադառնանք Ձեր կառուցողական պատասխանին, որը ևս ներառված է «Պատասխան` 100 տարի անց» պատկերագրքում:
    - Գլոբալ առումով այսօրվա աշխարհն այլ կերպ է մտածում, այլ կերպ է գործում: Այսօր իրավունքի պահանջը գաղափարական հարթակի վրա ներկայացնելն այլ կերպ է ընկալվում, եթե համեմատենք 100, 70 կամ 50 տարի առաջվա հետ: Ունենալով ուժեղ մամուլ և տեխնոլոգիական հնարավորություններ` հնարավոր է մեր ձայնը հասանելի դարձնել աշխարհին, որպեսզի բոլորը լսեն, հասկանան, իմանան այն, ինչը գաղտնի էր պահվում: Արխիվները հասանելի են դարձել մտավորական շրջանակների համար, և դա կարող է օգնել, որ իրականությունը արագորեն ճանաչելի դառնա դրանով հետաքրքրվողների և, ինչու ոչ` չհետաքրքրվողների համար: Դա մարդկության պատմությունն է` մի ազգություն ոչնչացնելու փորձ, և կարող է ցանկացած ազգի հետ էլ նման բան կրկնվել:
    - Նախագծի շրջանակում իրականացված «Անցյալը՝ ներկայում» կերպարվեստի մրցույթի մասնակից երիտասարդ նկարիչ–քանդակագործները Ձեր աջակցությամբ եղան Արևմտյան Հայաստանում... Որքանո՞վ եք դա կարևոր ձեռնարկ համարում, և արդյո՞ք ինքներդ եղել եք այնտեղ։
    - Ամեն մարդ տարբեր կերպ է մտածում… Ուխտագնացությունը չէ, որ պետք է Էրգիրը վերադարձնի մեզ. այն արդեն նստած է, ապրում է մեր մեջ: Մենք այնտեղ պետք է գնանք` իրականությանն ավելի մոտենալու համար… Ոմանց համար շատ կարևոր է այցելել Արևմտյան Հայաստան` մեր վերջին թագավորությունը` Կիլիկյան թագավորությունը… Ոմանց համար էլ տարօրինակ է` ինչու՞ պետք է գնանք այն տարածքները, ուր հիմա տիրում է տնտեսական այլ իրավիճակ: Մեր այնտեղ գնալով՝ մենք օգուտ ենք տալու մեկ այլ համակարգի. արդյո՞ք պետք է այս պահին օգուտ տանք… Այս տեսակետները տարբեր ապրումների և համոզմունքների հետևանք են։ Կարծում եմ, որ դրանք տարիների ընթացքում փոխվում են և եթե այս պահին այսկերպ ես մտածում, 5-10-ը տարի հետո կարող ես այլ կերպ մտածել: Ես մինչև հիմա չեմ գնացել, չեմ եղել այնտեղ… Իմ մտքում կա մի հետաքրքիր իրավիճակ, որտեղ երկու գաղափարներ պայքարում են իրար դեմ. գնալը զգացմունքային մակարդակի վրա է, չգնալը` գիտակցական: Ուզում եմ դեռևս ձեռնպահ մնալ, մի քիչ ժամանակ վերցնել, մտածել` արդյոք արժե՞ գնալ, թե` ոչ: Եթե մարդը պատմաբան է, իր գնալն ուրիշ իմաստ ունի, եթե մտավորական է, բանաստեղծ… Բայց, եթե գործարար մարդ է՝ այլ է: Եթե զգացմունքներով առաջնորդվեմ, հիմա էլ կթռչեմ-կգնամ: Բայց չպիտի ճանապարհ դուրս գանք` որոշում կայացնելով զգացմունքներից ելնելով. պետք է միշտ տրամաբանենք մեր որոշումները. այսպես պետք է վերաբերվենք ապագային, այսպես պետք է ապագա կառուցենք հաջորդ սերունդների համար:
    - Նմանատիպ ձեռնարկները նպատակ ունեն երիտասարդ սերնդին ներգրավել պահանջատիրության և իրավատիրության շարժմանը: Գիտենք, որ Դուք ևս տեսնում եք այդ խնդիրը:
    - Այսօրվա երիտասարդները վաղվա ավագ սերունդն են: Նրանք էլ պետք է խրախուսեն հաջորդ սերունդներին, որպեսզի մեր աշխատանքը շարունակական լինի: Չպետք է կոտրվենք, քանի որ արդյունքի հասնելու համար ոչ թե մեկ կամ տասը, այլ հնարավոր է, որ հիսուն, անգամ` ևս հարյուր տարվա աշխատանք պահանջվի:

                        Զրուցեց Հասմիկ Հախվերդյանը
18.03.2016


«101 հարց ու զրույց»

Հայաստան գալիս ո´չ թե քայլելով, այլ վազելո´վ եմ գալիս…

     «Պատասխան` 100 տարի անց» նախագիծը մինչև 2016 թվականի ապրիլի 24-ը կներկայացնի անվանի գործիչների հետ հարցազրույցների շարք` «101 հարց ու զրույց» խորագրի ներքո: Առաջին 8 հարցերը բաժին են հասել պոլսահայ երգչուհի Սիպիլին, ով այս օրերին Երևանում է:
    -Ինչու՞ Սիպիլն ընտրեց Թուրքիայում իբրև հայ երգչուհի ճանաչվելու բարդ ուղին, մի՞թե թուրքերեն երգելը ավելի դյուրին ճանապարհ չէր։
    -Երբեք չեմ մտածել այլ լեզուներով երգելու, ալբոմ թողարկելու մասին: Կյանքիս ամենամեծ երազանքներից մեկը իմ մայրենի լեզվով ալբոմ թողարկելն էր: Այո՝ դյուրին չէր Թուրքիայում ապրելով… Բայց չմտածեցի որևէ դժվարության մասին, միայն լավը մտածեցի: Փափագս այն էր, որ իմ ձայնը ոչ միայն հայ, այլ նաև թուրք ժողովրդի դռներից ներս մտներ…
    Պոլսահայ երգչուհի Սիպիլը 2015–ին հարյուր տարվա վաղեմության մի նամակ ստացավ, որի հեղինակը Հայոց ցեղասպանության զոհ մեծանուն գրող Ռուբեն Սևակի /Չիլինկիրյան/ գերմանուհի այրին էր՝ Յաննի Ապելը։ Այդ նամակին վիճակված էր հարյուր տարի մնալ անպատասխան, այն գրելիս Յաննին դեռ չգիտեր, որ իր սիրելին այլևս կենդանի չէր... 100 տարի անց նամակի նոր հասցեատերը՝ Սիպիլ Բեկ–Թորոսյանը /Բեկթորոսօղլու.../ փորձեց «պատասխանել», իսկ օրեր առաջ նա անձամբ այցելեց Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, շրջեց և գտավ իր սիրելի Պոլսի հին բնակիչներին՝ Ռուբեն Սևակին, Դանիել Վարուժանին, Գրիգոր Զոհրապին, բանաստեղծուհի Սիպիլին և մյուսներին։
    -Առաջին զգացումները, որ ունեցաք Յաննի Ապելի՝ Ռուբեն Սևակին նվիրված վերջին նամակից:
    -Շատ ազդվեցի Յաննիի և Ռուբեն Սևակի սիրուց… Դժբախտաբար Ռուբեն Սևակի սև ճակատագրի պատճառով սիրելիի նամակները նրան չէին հասել: Ես էլ, իմ ընտանիքի 100 տարի առաջվա պատմությունը պատմելով, փորձեցի նրանց հիշատակն անթառամ պահել…
    -Վերջերս թուրք և հայ երաժիշտները համատեղ հանդես եկան «Ներդաշնակության մեղեդի» համերգաշարով, կխոսե՞ք այդ մասին։
    -<<The Beautified Project>> խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանի առաջարկով, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ «Ներդաշնակության մեղեդի» խորագրով երկու հրաշալի համերգ ունեցանք Երևանում և Ստամբուլում: Հինգ հայ և չորս թուրք երաժիշտներ միասին` մեկ բեմի վրա. անմոռանալի համերգային ձեռնարկ էր: Թուրք երաժիշտների հետ ինքս եմ կապ հաստատել, քանի որ աշխատանքի բերումով համագործակցում եմ նրանց հետ, նրանք ինձ աջակցում են, մասնակից դարձնում իրենց համերգներին: Երևանում համերգի կազմակերպիչը Անդրե Սիմոնյանն էր: Երկու խումբն էլ միմյանց շատ լավ էին հասկանում. թուրք երաժիշտներն առաջին անգամ էին այցելում Երևան, շատ հուզված էին և տպավորված հեռացան: Անձամբ ինձ համար այս ձեռնարկն ամենաառանձնահատուկներից էր… Հատկապես երախտապարտ եմ Անդրեին` նման համարձակ և կարևոր համերգի համար:
    -Այսօր, ցեղասպանություն տեսած հայերի համար, ապահո՞վ է Թուրքիան։
    -Այս հարցին չեմ կարողանա հաստատ պատասխանել, քանի որ Թուրքիան հիմա ապրում է իր ամենախառը շրջաններից մեկը. ո´չ միայն հայերի, այլ թուրքերի համար էլ այն ապահով չէ…
    -Առաջին անգամ ոտք դրեցիք Հայաստան. ե՞րբ էր դա, ի՞նչ առիթով և ի՞նչ զգացիք։
    -Առաջին անգամ մայրիկիս հետ Հայաստան այցելեցի իբրև զբոսաշրջիկ 2001 թվականին՝ Անկախության տոնի առթիվ:
    -2015-ին եղաք այն վայրերում, որտեղ հազարամյակներ շարունակ հիմնվել են հայ շեներ ու թագավորություններ, ո՞ր երկրում Ձեզ զգացիք։
    -Ինձ բախտ վիճակվեց Համահայկական խաղերի կոմիտեի հետ այցելել Կարս, Անի, Տիգրանակերտ, Մուշ: Առաջին անգամ եղա Կարսում և հիացա Անիի ավերակներով: Սիրտս հուզմունքից անսովոր արագ էր զարկում. այնքա՛ն հարազատ, այնքա՛ն իմն եմ զգացել Անիի ավերակները…
    -2015-ին Արևմտյան Հայաստանի այդ նույն քաղաքներում եղան նաև «Պատասխան՝ 100 տարի անց» համալիր ծրագրի «Անցյալը՝ ներկայում» կերպարվեստի մրցույթի մասնակից երիտասարդ հայ նկարիչներն ու քանդակագործները։ Նրանք այնտեղ հատուկ առաքելությամբ էին՝ էսքիզներ և ճեպանկարներ անել։ Այդ ուխտագնացության մասին ֆիլմը շուտով կհանձնենք հանրության դատին։ Խոսենք ֆիլմում Ձեր մասնակցության մասին։
    -Երբ ինձ առաջարկվեց կատարել ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նկարահանվող «Մենք կգա´նք» ֆիլմի եզրափակիչ երգը, շատ գնահատված ինձ զգացի: Զմայլվեցի երաժշտությամբ և խոսքերով: Անհամբեր սպասում եմ ձայնագրման աշխատանքներին:
    -Երգը հայաստանցի, սփյուռքահայ և Սփյուռքից հայրենիքում վերահաստատված հայ երաժիշտների համագործակցություն է: Վերջում Սիպիլը տեսնու՞մ է իրեն իբրև Հայաստանի Հանրապետության քաղաքացի։
    -Հայաստանն արդե´ն իմ երկրորդ տունն է: Այո´, քաղաքացի չեմ, բայց հաստատորեն արդեն ինձ քաղաքացի եմ զգում: Թե օրերն ինչ անակնկալներ մեզ կբերեն` չգիտեմ, բայց կարող եմ ասել, որ յուրաքանչյուր անգամ Հայաստան գալիս ո´չ թե քայլելով, այլ վազելո´վ եմ գալիս…

Զրուցեց Հասմիկ Հախվերդյանը
11.03.2016


Մահացել է արվեստաբան Արմեն Գասպարյանը


    Խորին վշտով հայտնում ենք Հայաստանի ազգային պատկերասրահի հայ գեղանկարի բաժնի վարիչ, «Պատասխան` 100 տարի անց» նախագծի կերպարվեստի հանձնաժողովի նախագահ, արվեստաբան Արմեն Գասպարյանի անժամանակ մահվան բոթը:
    Արվեստի գիտակ, բացառիկ հայրենասեր ու մարդասեր, բարի և խստապահանջ Արմեն Գասպարյանն ընդամենը 49 տարեկան էր, բայց իր 100-ամյա իմաստությամբ այնպիսի նվիրումով էր փոխանցում իր ներսում ի վերուստ դրված բարին ու ամբարած գիտելիքի անսպառ պաշարները, որ որպես մարդկային տեսակ` թվում էր անհավատալի և բացառիկ:   
    «Պատասխան` 100 տարի անց» նախագիծը կիսում է Արմեն Գասպարյանի հարազատների անամոք ցավը:  
    Արմեն Գասպարյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին ժամը 18:00-ին` Օհանավանի իր տանը: Հուղարկավորությունը` սեպտեմբերի 22-ին, 13:00- ին' Օհանավանի գերեզմանատանը:

Հեռանկարային և կենսունակ «պատասխան»՝ 100 տարի անց


    Գրականության և արվեստի թանգարանում 11 ամիս առաջ մեկնարկած «Պատասխան՝ 100 տարի անց» ծրագիրը, թանգարանի տնօրեն Կարո  Վարդանյանի գնահատականով, առավել հեռանկարային ու կենսունակ ծրագրերից մեկը դարձավ: Այս մասին խոսվեց հունիսի 1-ին Ազգային պատկերասրում կայացած ասուլիսի ժամանակ: Ասուլիսի մասնակիցներն ամփոփեցին կերպարվեստի մրցույթը, իսկ ցուցադրված հեղինակները լրագրողներին պատմեցին` վավերագրերի հիման վրա ստեղծված  իրենց կտավների, քանդակների մասին: Ամփոփվեց ու փակվեց ամիսներ առաջ բացված ցուցահանդեսը: Կերպարվեստի ամենահեղինակավոր հիմնարկում՝ Ազգային պատկերասրահում, բոլորն են երազում ցուցադրվել, և երիտասարդ, սկսնակ արվեստագետներին տրվեց այդ հնարավորությունը:

Անկախության սերունդը՝ կերպարվեստի լեզվով

    Ծրագրի մեկնակից 11 ամիս անց ավելի հստակ դարձավ, որ «Պատասխան՝ 100 տարի անց»-ն իսկապես առանձնանում է միջոցառումներից թեմայի բազմամազան արծարծումներով՝ մի քանի փուլով անցկացվող կերպարվեստի մրցույթ, Եղեռնին զոհ գնացած արվեստագետների անպատասխան նամակներին ժամանակակից արվեստագետների պատասխան-արձագանքներ, պատկերագիրք, ուխտագնացություն: Ասուլիսի ընթացքում էլ ծրագրի համակարգող Հասմիկ Հախվերդյանը ուրվագծեց Արցախում կազմակերպվելիք ցուցահանդեսի հեռանկարը:
    Տիկին Հախվերդյանը ներկաներին հիշեցրեց, որ թիմի՝ 11 ամիս համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծվեց այս ցուցահանդեսը, ներկայացվեցին 100-ից ավելի աշխատանք, և ստեղծագործ երիտասարդությանը ամենից շատ ուղղորդել,  օժանդակել է պատկերասրահի հայ գեղանկարի բաժնի վարիչ Արմեն Գասպարյանը:
    Պարոն Գասպարյանը, շարունակելով համակարգողի միտքը, ասաց, որ մրցույթի մասնակիցներն իրեն «անհանգիստ են արել» աշխատավայրում և տանը, առկա ու հեռախոսով, անգամ՝ բժշկի այցելելու ժամերին, սակայն չի դժգոհում, ուրախ էր իր մասնագիտական խորհուրդներով աջակցել ազգային թեմայով ստեղծագործող արվեստագետներին:
    «Քանի որ ես ուսումնասիրում եմ հայ կերպարվեստում Եղեռնի թեման, այս տեսակետն ունեմ, որ ըստ էության 20-րդ դարի ողջ հայկական կերպարվեստն է ինքնատիպ, նաև արժանապատիվ պատասխան. այդ արվեստագետները ծննդավայր-հայրենիք էին կորցրել: Որպես արվեստաբան,  ես կաշխատեմ խոսքս խիստ չձևակերպել, քանի որ հայ եմ, ցավը կրում եմ ներսումս, և դժվար էր որպես արվեստի քննադատ մոտենալ այս մրցույթի աշխատանքներին: Ավելին, միշտ խուսափել եմ այս դեպքում գործածել մրցույթ բառը: Ցուցահանդեսը կարևորում եմ, քանի որ երիտասարդների կողքին ցուցադրված են ավագ սերնդի արվեստագետներ՝ Ասիլվան, Մարի Հակոբյանը… Ուրախալի էր, որ մրցույթին իրենց աշխատանքներով մասնակցեցին Ռուսաստանից` Նեկրասովը, Ֆրանսիայից` Ասիլվան: Ես նայել եմ Արևմտյան Հայաստանում երիտասարդների արած էսքիզները,  ուժեղ,  թափով, տպավորության տակ արված գործեր են, հուսով եմ, որ կդառնան առանձին, կայուն պատկերներ»,- ասաց արվեստի քննադատ Արմեն Գասպարյանը:
    Ազգային պատկերասրահի նորանշանակ տնօրեն Արման Ծատուրյանը,  կարևորելով 100-ամյակի բոլոր ձեռնարկումները՝ Հայաստանում կամ արտերկրում, առանձնացրեց այս «պատասխանը», քանի որ  երիտասարդության ակտիվ մասնակցությամբ է եղել: Բարի գալուստ  մաղթեց Ազգային պատկերասրահ` խոստանալով, որ վերջինը չի լինի:
    Արվեստաբան Անուշ Հակոբյանի հայացքով, իր համար հետաքրքիր էր այս մրցույթը, քանի որ կերպարվեստի ոլորտում նոր-նոր իրենց քայլերն անող արվեստագետներ էին մասնակցում.«11 ամիս թիմն աշխատեց իբրև  կենդանի շնչով տրոփող օրգանիզմ, և արդյունքում ստացանք «պատասխան»՝ ազգային թեման 21-րդ դարի երիտասարդի աչքերով»:
    Ուխտագնացության ղեկավար Կարո Վարդանյանը խոսեց ՎիվաՍել ընկերության հովանավորությամբ Արևմտյան Հայաստան կատարած այցի հուզական ազդեցության մասին.«Մենք եղանք Արևմտյան Հայաստանում, ծածուկ հետևում էի  մեր երիտասարդ մասնակիցներին արևմտահայ շեներում՝ Վան, Կարս, Անի, Իգդիր: Վստահ  եմ, եթե նախապես լինեին Արևմտյան Հայաստանում, մի քիչ այլ կերպ կստեղծագործեին: Թեև բոլորն էլ ազդակներ էին վերցրել 100-ամյա վաղեմության վավերագրերից: Մեզ հատկապես տպավորեց Կարսը, ասես, ինչպես հանձնվել, այնպես էլ մնացել էր, հավասարապես խնկարկելի էին Վանը, Անին, մեր մյուս շեները: Այս հրաշքը սեփական աչքերով դիտելուց հուզվելով, ապրումների հեղեղից տոչորվելով, երեխաները ճեպանկարներ արեցին»:
    «Պատասխան՝ 100 տարի անց» ծրագրի համակարգող Հասմիկ Հախվերդյանը ներկաներին տեղեկացրեց, որ առաջիկայում պատկերագրքի և ուխտագնացությանը նվիրված ֆիլմի շնորհանդեսն է, բայց դա էլ «եզրագիծ չէ, պետք է լինի շարունակություն»:

Գայանե Մկրտչյան
06.07.2015

Այնտեղ մեզ սպասում է յուրաքանչյուր
քար ու թուփ, գետ ու ... Վանա լիճը

    Որպես գլխավոր մրցանակ՝ ս.թ. հունիսի 5-7-ը «Պատասխան՝ 100 տարի անց» նախագծի «Անցյալը՝ ներկայում» գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթի լավագույն աշխատանքների հեղինակների համար  կազմակերպվեց ուխտագնացություն դեպի Արևմտյան Հայաստան։ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանի և Ասողիկ քահանա Կարապետյանի օրհնությամբ՝ եռօրյա ուխտի մասնակիցները եղան հայության հոգևոր հայրենիքի Անի, Կարս, Վան, Իգդիր քաղաքներում։ Ուխտագնացության մասին նկարահանվել և պատրաստվում է ֆիլմ, որն առաջիկայում կհանձնվի հեռուստադիտողի դատին։
    Նախատեսվում է նաև մամուլի ասուլիս։
    Հիշեցնենք, որ նախագիծն իրականացվում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի կողմից՝ ՀՀ մշակույթի նախարարության, ՎիվաՍել–ՄՏՍ ընկերության աջակցությամբ։ Նախագծի կայացմանը նպաստել են նաև Հայաստանի ազգային պատկերասրահը, Հայաստանի ազգային արխիվը և այլ կառույցներ։

   



Հարգանք և խոնարհում
«Պատասխան 100 տարի անց» նախագիծ

09.06.2015


«Անցյալը` ներկայում». Հայոց ցեղասպանության

վկայություններ կտավի և քարի վրա`
Հայաստանի ազգային պատկերասրահում

    Ս. թ. ապրիլի 21-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Անցյալը` ներկայում» խորագրով ցուցադրություն, որում ներառված են 2014 թ. օգոստոսի 1-ին մեկնարկած մրցույթի լավագույն 18 աշխատանք և ծրագրի կայացմանն աջակցած ավագ սերնդի կողմից ստեղծված թեմատիկ 10-ը նոր կտավ: Հրատարակվել է նաև բացիկների հավաքածու, որտեղ ներկայացված են մրցութային վավերագրեր, դրանց հիման վրա ստեղծված լավագույն 9-ը քանդակ և 11 կտավ:     Հավաքածուն եզակի է, քանի որ ներկայացնում է Հայոց ցեղասպանության թեման` բացառապես երիտասարդության ընկալմամբ. ցուցադրված աշխատանքները թեև «պատասխաններ» են անցյալին, բայց և նոր հարցադրումներ  ու պահանջներ են քաղաքակիրթ աշխարհին։
    Նախագծի շրջանակում կհրատարակվի նաև պատկերագիրք` Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած կամ ականատես հայ և օտարազգի մտավորականների արխիվային առնվազն 10-ը նամակներով և հարյուր տարի անց մեր օրերի անվանի մարդկանց կողմից դրանց ուղղված «պատասխաններով»: 

   
22.04.2015

«Պատասխան` 100 տարի անց. անցյալը ներկայում». 
ամփոփվեց Հայոց ցեղասպանության վավերագրերի
շուրջ գեղանկարչական, գրաֆիկական
աշխատանքների և քանդակի  մրցույթը

    Փետրվարի 27-ին  Ե. Չարենցի  անվան  գրականության  և  արվեստի  թանգարանում ամփոփվեցին Հայոց ցեղասպանության  վավերագրերի  թեմաներով  գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթի` բոլոր  փուլերը հաղթահարած աշխատանքների ընտրության արդյունքները։ Ամփոփիչ ասուլիսին մասնակցեցին  ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, մրցույթի պատասխանատու, արվեստաբան Արմեն Գասպարյանը, «Պատասխան` 100 տարի անց» նախագծի համակարգող Հասմիկ Հախվերդյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Անուշ Հակոբյանը:
    Նախապես` փետրվարի 24-ին և 25-ին թանգարանում կազմակերպվել էր «Պատասխան` 100 տարի անց. անցյալը ներկայում» խորագրով մրցույթի փակ ցուցադրությունը։     Վերջինիս արդյունքում էլ ժյուրիի 21 անդամների կողմից ընտվեցին լավագույն 15 աշխատանքները, որոնք  կներառվեն «Պատասխան` 100 տարի անց» պատկերագրքում և կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում` «Պատասխան` 100 տարի անց. անցյալը ներկայում» խորագրով ցուցադրության շրջանակներում: Մեկ աշխատանք էլ կընտրվի  «Հատուկ» անվանակարգում, որի հեղինակը կպարգևատրվի ՀՀ մշակույթի նախարարության և ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից: Հաղթող աշխատանքներն ընտրվել են երեք չափորոշիչների համաձայն.

    1.    Տրված վավերագրերին համապատասխանություն
  2. Աշխատանքի գեղարվեստական արժեք /կոմպոզիցիոն կառուցվածք, գունային համադրություն, նյութի օգտագործման տեխնիկա/
    3.    Ստեղծագործության համոզչականություն

    Հաղթող աշխատանքներն են.

    1.    «Վերջինը»  / Նարեկ Կնյազյան/
    2.    «Երբեք չմոռացվեց...» / Արփինե Քեթցյան/
    3.    «Ելել ես, որ աշխարհն իմանա»  / Մայա Ավագյան/
    4.    «Գաղթ» (գեղանկար) / Նարեկ Ալեքյան/
    5.    «Դեր-Զորի հերոսը» / Հայկ Պետրոսյան/
    6.    «Կոմիտաս. ժառանգություն» / Ռաֆայել Մանուկյան/
    7.    «Կանգնի՛ր» / Ստելլա Գրիգորյան/
    8.    «Մարդկության սև խոռոչ»  / Զաքար Դեմիրճյան/
    9.    «Հայտնություն»  / Սարգիս Բաբայան/
    10.    «Հավատ» (Էրգրի տերը) / Դավիթ  Թևանյան/
    11.    «Պատասխան` 100 տարի անց» / Արա Շահումյան/
    12.    «Վերադառնամ տուն» / Արտեմ Մելիք-Ազարյանց/
    13.    «Ո՞րն է իմ մեղքը» / Սուրեն Սաֆարյան/
    14.    «Դեպի հավերժություն» / Մանվել Մաթևոսյան/
    15.    «Ճանապարհ» / Վահագն Իգիթյան/

Գոհար Աբրահամյան

   

   

   

            

   

   

   
 




Հայ որբի տունը


/1917 թ., դեկտեմբերի 4, Քիլիս/
Սա բացառիկ, չհրապարակված նյութ է:

     Ահա տնակս՝ այս խարխուլ պատի տակ, այս կիսավեր ճամփի եզերքին շարված պաղ սալիկները, որոնց վրա էլ բնակվում եմ...
     Տեսնու՞մ եք վերարկուս. թեև հին է և շատ ծակծկված, բայց սրանից էլ գոհ եմ. ամռանն էս էլ չունեի, և եթե հիմա մայրս սա ինձ չթողներ, ի՞նչ պիտի լինեի ցրտին... /վերարկուն մորից մնացած միակ հուշն է/։ Ինչ էլ ցուրտ է...
     Ոչ հայր ունեմ, ոչ էլ մայր. դրացի տղաներն ունեն։ Ինձ ասում են, թե հինգ տարեկան եմ, բայց ես չեմ հասկանում, թե ինչ է հինգ տարեկան լինելը... Միայն գիտեմ, որ ես մենակ եմ այս տան մեջ. ոչ ոք չունեմ... Ինձ չեն ժպտում, հետս անուշությամբ չեն խոսում. ուտում եմ, ինչ ուրիշներն ինձ տան, այս տնակիս մեջ, այ այստեղ՝ այս պատի տակ, ճամփեզրի այս սև սալաքարերին...
    Մարդիկ անցնում են կողքովս՝ առանց հետս խոսելու... Գիշերները, երբեմն, քայլում են վրայովս՝ թաթերս տրորելով, և ես խիստ բարկությամբ վեր եմ ցատկում.
—Ո՞վ է մտել տնակս...
    Տնակս, որի դուռը չորս հովիտներն են, պատուհանը՝ երկինքը, միշտ բաց բոլոր նրանց առջև, ովքեր ինձ հաց են բերում։ Ասում են, թե մի օր ես էլ հարևան տղաների նման բնակվելու եմ ազատ սենյակների մեջ, որոնց պատուհանները ապակիով են։
     Ամռանը գիշերները քնում էի աստղերին նայելով, հիմա նրանք էլ չկան. հովն է փչում և անձրևն է իջնում վրաս, և ես տնակիս մեջ կծկվում եմ վերարկուիս խոշոր ծալքերի տակ, այ այստեղ՝ այս պատի տակ, ճամփեզրի այս խոշոր քարերի վրա...
     Որբուկին տեսել և նրա պատմածը գրի է առել գրող, լրագրող, Հայ ազգային պատվիրակության անդամ Դավիթ Ադամյանը, ով Պողոս Նուբար փաշայի և Զորավար Անդրանիկի հետ միասին նշանակալի մասնակցություն է ունեցել անապատում լքված և իսլամացման վտանգի տակ հայտնված հայ որբուկների հավաքագրման և հայկական որբանոցների հիմնման կարևոր գործում։




Հայոց ցեղասպանության թեմատիկ գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցութային հանձնաժողովի վերաբերյալ

Հանձնաժողովի անդամներ`
Հանձնաժողովի նախագահ, արվեստաբան Ա.Գասպարյան
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կ. Վարդանյան
Հայաստանի նկարիչների միության նախագահ Կ. Աղամյան
Քանդակագործ, պրոֆեսոր Գ. Ղազարյան
ՀՀ վաստակավոր նկարիչ Ռ.Արուտչյան
«Պատասխան՝ 100 տարի անց» պատկերագրքի նկարիչ-դիզայներ Ք.Սարգսյան
«Պատասխան՝ 100 տարի անց» ծրագրի համակարգող Հ.Հախվերդյան


    Ս.թ. դեկտեմբերի 5-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում  տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 10 վավերագրերի շուրջ գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթի գնահատող հանձնաժողովի փակ նիստը, որի ժամանակ հանգամանորեն քննարկվել են մրցութային փուլ անցած 29 էսքիզային աշխատանքները: Արդյունքում սահմանվել է հեղինակային աշխատանքների հերթականություն, համաձայն որի փետրվարի 1-ից հետո կտրվի կատարված ծախսերի  մասնակի փոխհատուցում: Հանձնաժողովը հաստատել է 15 աշխատանք /ըստ ցուցակի/, որոնք կմասնակցեն հունվարին կայանալիք փակ ցուցադրությանը: Այդ աշխատանքների հեղինակների հետ մինչև ս.թ. դեկտեմբերի 27-ը կկնքվեն մասնակցության պայմանագրեր` հետագա աշխատանքները կանոնակարգելու համար: Մյուս աշխատանքների մասնակցությունը կքննարկվի ևս մեկ անգամ`հունվարի 20-ին:



Արդարադատ Միսաք Թոռլաքյան


    1921 թվականի հուլիսի 18-ին  Միսաք Թոռլաքյանը Կոստանդնուպոլսում սպանեց Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բեհբուդ խան Ջիվանշիրին, ով կազմակերպել էր 1918 թվականի Բաքվի ջարդերը, որի զոհ գնաց 30 հազար հայ, այդ թվում քաղաքի մտավորական  ու հարուստ հայերը, որոնց նա նախկինում ընկեր էր ձևանում: Մեղադրյալի պաշտպանի խոսքով, «Անառարկելի և անջնջելի ապացույցներով մենք հաստատեցինք, որ ներքին գործերի նախարարը պլանավորեց, կազմակերպեց ու իրականացրեց սպանությունները: Ջիվանշիրը և իր գործընկերները մասսայական մարդասպաններ են, որոնք կարող են ամբողջ ազգեր ոչնչացնել»:
    1921  թվականի նոյեմբերի 4-ին Ստամբուլի օրաթերթերը տպագրեցին «Հավաս» և «Ռոյթերս» գործակալությունների հրապարակումը.«Միսաք Թոռլաքյանի դատավարության վճիռը հայտարարվել է այսօր: Մարդասպանության գործում մեղադրյալի հանցանքը հաստատվեց, սակայն դատարանը նրան գտավ անմեղսունակ և ոչ պատասխանատու»:
«Մեր ժամանակների ամենամեծ ու ամենահետաքրքիր դատավարությունը` Թոռլաքյանի դատավարությունը»
Թոռլաքյանի հարցաքննությունից
-Ձեր ընտանիքից վերապրողներ կա՞ն:
-Ոչ:
-Ձեր ընտանիքը հարու՞ստ էր:
-Այո, մենք այգիներ, մրգաստաններ ու տներ ունեինք:
-Ինչո՞ւ էիր զենք կրում:
-Ես այն պահում էի անձս պաշտպանելու համար, որովհետև այս երկրում միշտ գողություններ ու մարդասպանություններ են տեղի ունենում:
-Խղճի խայթ ունենու՞մ ես:
-Ոչ, խիղճս լրիվ հանգիստ է:
    1921 թվականին Ստամբուլի բրիտանական դատարանում երկու ամիս շարունակ ընթացող դատը լայնորեն լուսաբանողներից մեկը՝ «Իլերի» օրաթերթի թղթակից Ահմեդ Չեմալեդինը, բացատրել է «Մեր ժամանակների ամենամեծ ու ամենահետաքրքիր դատավարությունը` Թոռլաքյանի դատավարությունը» գիրքը կազմելու շարժառիթը.«Իմ նպատակն է բառացի վերարտադրել այն դատավարության ընթացքը, որ ես լսեցի: Ընթերցողին կմնա անել բանական եզրակացություն»: Թուրք թղթակցի գրքի և բրիտանական աղբյուրների հիման վրա էլ  կազմվեց Վարդգես Եղիայանի և Արա Արաբյանի «Միսաք Թոռլաքյանի դատավարությունը» ժողովածուն, որն էլ 2008 թվականին թարգմանվեց հայերեն: Սողոմոն Թեհլերյանի բեռլինյան դատավարությանը ծանոթ հանրությանը բազմաթիվ պատճառներով կատարելապես անհայտ էր այդ դատից մի քանի ամիս անց ընթացած ստամբուլյան դատավարությունը:
Ո՞վ էր Բեհբուդ խան Ջիվանշիրը, որին 1921 թվականի հուլիսի 18-ին  սպանել էր Միսաք Թոռլաքյանը /երկու ամիս առաջ` մարտի 15-ին, Բեռլինում առաջին ու միակ անգամ հանդիպել էին Թեհլերյանն ու Թալեաթը/:
    1918 թվականին նա դեռևս հոխորտում էր. «Ես ներքին գործերի նախարար եմ դարձել, որպեսզի հայերի հաշիվները մաքրեմ» /«Կավկազսկոյե սլովո», թիվ 262, 3 դեկտեմբեր, 1918 թ/:
    Իր մահով Բեհբուդ խանը հատուցեց այն տխուր փառքի համար, որ ձեռք էր բերել հրի ու սրի քաշելով ավելի քան 100 հազար մարդ: Մինչև Բաքվի եռօրյա կոտորածը, շրջաններում արդեն կոտորել էր 70 հազար հայ: 1920 թվականին Բաքվում Ջիվանշիրին միացան Էնվեր, Նուրի և Հալիլ փաշաները: Բոլշևիկներն էլ անգործ չթողեցին մարդասպանին, առևտրական կոմիսար կարգեցին և Լենինի անունից գործուղեցին  Ստամբուլ՝ բարձր ռոճիկով: Ստամբուլում, իր բնակած շքեղ հյուրանոցի առաջ էլ նրան գտավ Թոռլաքյանը...
    Դատապաշտպան Հմայակ Խոսրովյան
    Միսաք Թոռլաքյանը ձերբակալվեց և դատվեց բրիտանական դատարանում, որտեղ պահակներից մինչև դատավորները անգլիացիներ էին: Փաստաբան Հմայակ Խոսրովյանը Բեռլինում ներկա էր եղել Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը, ուր պաշտպանությունը պնդեց ոչ թե ամբաստանյալի անմեղության, այլ ազատ արձակման վրա՝ վկայակոչելով նրա հոգեկան վիճակը: Նույն ռազմավարությանը որդեգրեց Հմայակ Խոսրովյանը Կոստանդնուպոլսի դատավարության ժամանակ.
    «Ձերդ մեծապատվություն.
    Ես կարծում եմ, որ քիչ տարբերություն կա իր գործի արդարությանը հավատացող փաստաբանի պաշտպանական խոսքի և մի հավատացյալ մարդու կողմից Աստծուն ուղղված աղոթքի միջև: Հետևաբար ես խնդրում են ներել իմ ճառի մեջ եղած սխալները, քանի որ Աստված պիտի ներեր աղոթող հոգու թոթովանքները: Մի ամառային տաք գիշեր երկու մարդկանց ուղիները խաչաձևվում են Ստամբուլի ամենահիանալի պանդոկներից մեկի մուտքի մոտ: Նրանցից մեկը հարուստ էր, նախանձելի դիրք ուներ, կինը իր հետ էր, եղբայրները ընկերուհիների հետ մի քանի քայլ հետ էին: Մյուսը մի խեղճ գյուղացի էր, նա միայնակ էր և ոչ միայն այդ գիշեր, այլև միշտ, ամբողջ աշխարհում: Մի ժամանակ, անցյալում, նա նույնպես երջանիկ կյանք էր վարում եղբայրների ու կնոջ հետ: Սակայն իր սիրեցյալներն այլևս կենդանի չէին, իր շրջապատում ամեն ինչ խավար էր:  Այսպիսին էր այս մարդկանց վիճակը, երբ այդ սարսափելի դեպքը նրանցից մեկին բերեց այս դատարանը: Նրանք այստեղ էին եկել` փախչելով նույն արյունոտ քաղաքից: Գյուղացին երբեք չէր սպասում Ջիվանշիրին հանդիպել Ստամբուլում: Ջիվանշիրը, համաձայն եղբոր` Ջամշիդի վկայության, Ստամբուլ ոտք դրեց նրանից 5 ամիս հետո: Երբ գյուղացին հանդիպեց նրան, ականջներում արձագանքեց հոր սրտաճմլիկ ճիչը: Նա երևակայեց, որ մարդասպանը հարձակվում է իր վրա` իրեն ևս սպանելու համար: Արյունը գլխին է խփել, և պատահել է անխուսափելին: Եվ այն մարդը, ով կազմակերպել և իրականացրել էր Բաքվի կոտորածները, դադարում է գոյություն ունենալուց:  Մի անգիտակից ձեռք սպանել էր նրան:
Ձերդ գերապատվություն.
     Այս մարդը դատարանում է, որովհետև սպանել է Ջիվանշիրին: Սակայն որտե՞ղ է չար դիտավորությունը: Այժմ... խնդիրը քննում եմ նայելով Թոռլաքյանին, այս խեղճ երեխային, որ ինքն է տառապել ուրիշ մարդկանց կողմից կատարված սպանություններից ու կյանքի զրկանքներից: Այս դժբախտ երեխան հիվանդ մարդ է, որը ձեր ողորմածության կարիքն ունի: Այդ ոճիրը կատարելիս նրա զգացմունքները կուրացած են եղել:
Ձերդ գերապատվություն.
    Ան փաստաբանը, որը ստանձնում է սպանության գործով մեղադրվողի պաշտպանությունը, իր գործի հանդեպ արդար չի լինի, եթե ինքն իրեն հարց չտար.«Ինչպե՞ս պիտի գործեի ինքս, եթե ես լինեի մեղադրյալի փոխարեն, նույն պայմաններում ու հանգամանքներում»:.. Իմ հորը, եղբորը, քրոջը սպանում են իմ աչքի առջև: Սպանում են իմ կնոջը, զավակներին, նրանց խեղդամահ են անում իմ աչքի առջև այնպես, որ ես կուզենայի կուրանալ, նրանք սևացնում են աշխարհն իմ շուրջը: Հետո նրանք թույլ են տալիս, որ մարդասպանը ապրի ամենաշքեղ պանդոկներում... Հետո դատարաններն իրենց դռները փակում են տուժածների առաջ: Ձերդ գերազանցություն, եթե այս խեղճ երիտասարդի տեղը մեկ ուրիշը լիներ, ի՞նչ պիտի աներ այս պայմաններում ու հանգամանքներում: Այստեղ կա մի՛ մարդասպան, որն արհամարհեց արդարությունը, որ իր կյանքի մնացած մասը պիտի ապրի խաղաղության ու անվտանգության մեջ, որովհետև չկար դատարան, որ իր զոհերը կարող էին դիմել: Երբ նման մի մարդասպան ինքն իրեն ցուցադրում է հանրությանը, մի՞ թե սա գրգռիչ չէ»,- պաշտպանական ճառում ասել էր իրավաբան Խոսրովյանը:
    Վկա Երվանդ Օտյան
    15-րդ վկա, գրող Երվանդ Օտյանը, ով չորս տարի  իր կյանքի վրա էր զգացել Ցեղասպանության սարսափները, դատարանում պարզաբանում է, որ «տեղահանությունը հայերին ոչնչացնելու նպատակին ուղղված քաղաքականություն էր»:
-Պատիժը համաչա՞փ էր ոճրին:
- Այն, ինչ տեղի ունեցավ, ոչ թե պատիժ էր, այլ ոչնչացման քաղաքականություն:
- Թուրքերն իրենց բնավորությամբ վստահելի՞ են, հյուրընկա՞լ, թե վրեժխնդիր, կռվարար ու ատող են:
- Ինչ որ կատարվեց պատերազմի ժամանակ, ցույց է տալիս թուրքերի հոգեբանությունը;
- Ես ասացի տեղահանությունից դուրս:
- Ես թուրք ժողովրդի մասին լավ կարծիք ունեի...
Հմայակ Խոսրովյանը ապացուցում է, որ Ջիվանշիրը շարունակել է Թալեաթի գործը. «Այն բանից հետո, երբ սև ձեռքը հագեցավ Թուրքիայի հայերի արյունով, իր ճանկերն ուղղեց դեպի Ռուսաստանի հայերը: Ես չեմ կարող ասել, Մուսավաթ կուսակցությունը Միություն և առաջադիմության հայրն էր, թե զավակը, բայց որգեգրեց վերջինիս նպատակները: Ձերդ գերազանցություն, կարծում եմ, որ անգլիական քրեական իրավունքի պատմության մեջ ես երբեք չեմ հանդիպել նմանը այս մեկին, որ Կասպից ծովը կարմիր ներկեց»:
    Վկա Գրիգոր Ամիրյանը, որ այդ օրերին Բաքվում է եղել, իբրև թուրքերենին տիրապետող սպա, մի քանի բռնագրավված փաստաթուղթ է թարգմանել հայերեն: Ջիվանշիրի ստորագրությամբ քաղաքապետերին ուղղված թղթում ասված էր.«Սա սուրբ պատերազմ է, հանուն թուրք ցեղի բոլոր հատվածների միացման: Դա անելու համար անհրաժեշտ պիտի լինի ոչնչացնել հայ ցեղը: Հայերը Բրիտանիայի ձեռքում են և խաչընդոտ են մեր քաղաքականության ճանապարհին»:
Վկա դոկտոր Դեյվիսը ցուցմունք տվեց, որ Ջիվանշիրին տեսնելուց հետո նրա մեջ առաջացած հուզմունքն ու գրգռությունը, որոնք բխում են իր ընտանիքի և հարազատների հիշատակից, առաջացրին մի տեսակ նոպա, ներվային ցնցում, մարդասպանության մոլուցք, և նա մարդասպանությունը կատարել է այդ վիճակում: Թոռլաքյանը խաչաձև հարցաքննության ժամանակ ասել է. .«Ջիվանշիրի նկատմամբ հատուկ ատելություն չունեի, միայն վստահ էի, որ նա վատ մարդ է և Աստծուն աղոթում էի, որ պատժի նրան: Նրան համարում էի կոտորածների պատասխանատուն: Նրան չէի ատում, որովհետև ամեն ինչ Աստծուն էի թողել: Վստահ չեմ, թե ես Ջիվանշիրին Բաքվում երազում տեսա, թե իրականում: Կարծում եմ, որ երբ հանդիպեցի Ջիվանշիրին, հորս նաև տեսա, որը գոռում էր` «Խեղճ երեխաներին մի՛ սպանիր»: Ես նաև երեխաներիս տեսա: Ջիվանշիրին տեսա դեպի ինձ վազելիս, կարծես ինձ սպանելու էր գալիս: Հետո արյունը գլուխս տվեց, սիրտս բաբախեց, ու այլևս չեմ հիշում` ինչ տեղի ունեցավ: Չեմ հիշում, թե այդ ժամանակ ատրճանակը ձեռքումս էր, թե` ոչ»:
Եզրափակիչ փաստարկներ
    Մահզար Օսման բեյի՝ դատարանին ուղղված զեկուցագրում գրված էր.«1921 թվականի փետրվարի 20-ին բրիտանական բանտում քննեցինք Միսաք Թոռլաքյանին: Նա քաղաքավարի և միշտ երկչոտությոամբ պատասխանեց մեր հարցերին: Զգացմունքային համակվածություն կամ երևակայություններ չունի: Խոսում է  միայն մղձավանջներ ունենալու մասին, չի կարողանում քնել: Ասում է, որ իր համար կյանքը և մահը նույնն են: Ներկայումս հոգեկան հիվանդ չէ, սպանության ժամանակ հիվանդ չի եղել»:
    Հեյդար Ռիֆատ բեյի կարծիքը հետևյալն էր.«Մեզ ասվում է, որ այն պլանը, որ հաջողվեց Բեռլինում, որոշակիորեն պիտի գործի Ստամբուլում: Արդյունքում՝ մի երազի հիման վրա վախկոտ ձևով կատարված մի ահավոր մարդասպանություն: Պաշտպանյալը ներկայացնում է այնպես, որ ամեն ինչ կարծես երազի մեջ է կատարվում: Ներգործելու այս փորձը զգացմունքային տեսակետից վատ չէ... Դեպքը կատարվելուց հետո նրա փախչելու փորձերը ցույց են տալիս գիտակից լինելու մի վիճակ: ... Թալեաթ փաշայի սպանողը արդարացվել էր: Ըստ Դյոչ Զեյթունգի, Բեռլինի մարդասպանի բերնից ևս փրփուր էր դուրս գալիս:»
Դատախազը եզրափակիչ խոսքում ասում է. «Ես այնքան փորձառու և կարող իրավաբան չեմ, ինչպես մեղադրյալի փաստաբանն է, ես շատ տպավորված եմ նրա երեկվա ճառով: Պաշտպանությունը փորձեց ապացուցել, որ սպանվածը պատասխանատու է Բաքվում բազմաթիվ հայերի ջարդ կազմակերպելու համար: Ես շատ հիանում եմ մեղադրյալի փաստաբանի նկարած այդ գիշերվա պատկերով, այն, ինչ ես պիտի ջանք թափեմ ձեր առաջ դնելու, պիտի էապես տարբերվի դրանից: Հուլիսի 18-ին, ժամը` 23:50-ին, իր ընտանիքի հետ Ջիվանշիրը թողեց Փետիտ շամպը և հանդարտ քայլում էր հետ՝ դեպի իր պանդոկը: Մեղադրյալը լուռ եկավ նրա հետևից և երեք անգամ կրակեց մարմնին: Դատարանը երբևիցե լսե՞լ է մարդասպանության առավել նպատակադրված մի դեպք...»
    Խոսրովյանի եզրափակիչ փաստարկները պակաս ուշագրավ չէին.«Ես չեմ հիշում մի այլ դատավարություն, որտեղ բժիշկները հասած լինեն այսքան պարզ եզրակացության: Թոռլաքյանի հիվանդ մտածողությունը չէր կարող դիմադրել այն ցնցմանը, որ նա այդ ճակատագրական գիշերն ունեցավ, պանդոկի դիմաց տեսնելով Ջիվանշիրի խավար դեմքը: Մարդկային ներվերը ոչ քարից են, և ոչ էլ երկաթից: Ո՛չ, Ձերդ գերապատվություն, այս երիտասարդը մի դժբախտ հիվանդ անձնավորություն է, ո՜վ գիտե թե հիմա ինչ ձայներ է լսում, թերևս, նա իրեն տեսնում է իր սիրելիներով շրջապատված; Ո՛չ, Ձերդ գերապատվություն, Բաքվում մահացած հազարավոր հայեր ձեզ են նայում, ձիթենու ճյուղերն իրենց ձեռքներին: Հետևաբար մի՛ վախեցեք, Թոռլաքյանին ինձ հանձնեցեք, որպեսզի փառաբանի Ամենակարողին, որն ամեն ինչ տեսնում է»:
    Այս ամենին հետևում է պատժի համար դիմումը.«Թրքական քրեական օրենսգրքի 170-րդ հոդվածը սահմանում է, որ կանխամտածված ձևով մարդասպանություն կատարողը պետք է իրավականորեն մահապատժի ենթարկվի: Թոռլաքյանն իր զոհին հետապնդել է: Նա կրակել է իր զոհի հետևից: Կասկած չկա, որ Թոռլաքյանը գործում է մի գաղտնի կազմակերպության անունից: 30 վկա անմիջապես այստեղ եկան նրան պաշտպանելու համար: Պաշտպանյալը նույնիսկ չի կարողացել մի կարգին թուրքերեն սովորել, մինչդեռ նա մասնագետ բժշկի նման սովորել է մտավոր անհավասարակշռության ախտանիշների, էպիլեպսիայի և խելացնորության մասին: Թեև նա ասաց, որ գրպանում ոչ մի պեննի չի ունեցել, կարողացել է վարձել երեք գլխավոր փաստաբանի և մեկ թարգմանչի՝ դատական լսումների երկու ամսվա ընթացքում: Տրված մի ազդանշանով, երեք հայտնի բժիշկ գնացին նրա բանտախուցը: Եթե այս տարի Բեռլինում դատեին Թալեաթ փաշայի մարդասպանին, ապա Բեհբուդ խանի սպանությունը տեղի չէր ունենա: Հիշեցեք, որ ամենաքիչը Ադրբեջանը ըմբռնումով ու անձկանոք սպասում է այն գործողությանը, որը պիտի ձեռնարկվի Ջիվանշիրի մարդասպանի նկատմամբ: Հույս ունենք, որ ձեզ կառաջնորդեն արդարությունն  ու ճշմարտությունը»:
Թոռլաքյանի արդարացման վճռից մի քանի օր հետո նույն թերթերում լուր տպագրվեց, որ հայկական պատրիարքարանին հանձնված Թոռլաքյանը հունական նավով Ստամբուլից մեկնել է Պիրեա: 32 տարեկան Միսաք Թոռլաքյանը թուրքական հողին այլևս ոտք չդրեց:
    Թեև անկարող էր խղճի խայթ զգալ, Ջիվանշիրն ասել էր, որ վախենում է: Սպասում էր այդ ճակատագրին, քանի դեռ կենդանի էին զոհերի հարազատները: Սպասում էր, քանի որ ամիսներ առաջ էր տեղի ունեցել գլխավորի՝ Թալեաթի հատուցումը:

Գայանե Մկրտչյան


Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատներն ընդունեցին

Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման
 վերաբերյալ օրինագիծ


    Նոյեմբերի 30-ին Բուենոս Այրեսի Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում կիրակնօրյա պատարագից հետո տեղի ունեցավ Բոլիվիայի Սենատի և Պատգամավորների պալատի կողմից` Օսմանյան կայսրության իրականացրած 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ փաստաթղթերը Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանին և Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Գիսակ Արքեպիսկոպոս Մուրադյանին հանձնելու արարողությունը:
    Միջոցառմանը, որպես հատուկ հյուրեր, հրավիրված էին Բոլիվիայի Սենատի նախագահի տեղակալ, Սենատի գործող նախագահ Սոնյա Գուարդիա Մելգարը և Պատգամավորների պալատի պատգամավոր Ֆարիդես Վալա Սուարես դե Սուարեսը:
Իր ելույթում Տիկին Սոնյա Մելգարը, անդրադառնալով Բոլիվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, նշեց, որ Բոլիվիայի ժողովուրդն ու իշխանությունները ոչ միայն իրենց համերաշխությունն ու զորակցությունն են հայտնում հայ ժողովրդին` հանուն արդարության պայքարի գործում, այլ նաև դատապարտում են 1915թ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստի ժխտողականության ցանկացած դրսևորում: Նա ընդգծեց նաև, որ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման միջոցով հնարավոր կլինի ազգերի և պետությունների կյանքում կանխարգելել նման ոճիրների կրկնությունը:
    Իր ելույթում դեսպան Մելիքյանը Հայաստանի Հանրապետության իշխանությունների անունից խորին երախտագիտություն հայտնեց Բոլիվիայի ժողովրդին և իշխանություններին այս կարևոր և պատմական իրադարձության կապակցությամբ: Ըստ դեսպանի՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախաշեմին Բոլիվիայի կողմից այս ճանաչումը նոր էջ է բացում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում և ևս մեկ անգամ ապացուցում, որ ժխտողականության և մերժողականության քաղաքականությունը ի զորու չէ պայքարելու արդարության և ճշմարտության հաստատման դեմ:
    Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված փաստաթղթերում մասնավորապես հայտարարվում է. «1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը Օսմանյան կայսրության իշխանությունները, «Միություն և առաջադիմություն» կուսակցության առաջնորդները, երիտթուրքերը սկսեցին հայ մտավորականների, քաղաքական գործիչների, գիտնականների, գրողներին, արվեստի գործիչների, հոգևորականների, բժիշկների, հասարակական գործիչների և մասնագետների ձերբակալությունները, ծրագրված աքսորները, իսկ այնուհետև պատմական Արևմտյան Հայաստանի և Անատոլիայի տարածքներում հայազգի քաղաքացիական բնակչության զանգվածային ջարդերը»:
    Խորհրդարանի երկու պալատները «հաստատում են իրենց հավատարմությունը մարդու իրավունքներին, ճշմարտության և արդարության արժեքներին, արտահայտում են իրենց զորակցությունը և դատապարտում Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի դեմ իրականացված մարդկային ծանր հանցագործության ժխտողականության քաղաքականությունը»:


«Պատասխան` 100 տարի անց». Հայոց ցեղասպանության վավերագրերի շուրջ կստեղծվեն 24 գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքներ և քանդակներ


Ս. թ. նոյեմբերի 18-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության վավերագրերի շուրջ
գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և  քանդակի մրցույթի մասնակիցների և մասնագիտական հանձնաժողովի ամփոփիչ հանդիպումը։ Հանձնաժողովի կազմում էին  մրցույթի կոորդինատոր, մասնագիտական հանձնաժողովի նախագահ, արվեստաբան Արմեն Գասպարյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը,  ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Առուտչյանը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր Գագիկ Ղազարյանը, ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը: Մրցույթի պատասխանատու քարտուղարն էր «Պատասխան` 100 տարի անց» համալիր ծրագրի համակարգող Հասմիկ Հախվերդյանը:   Ներկայացված էսքիզային աշխատանքների քննարկման արդյունքում հանձնաժողովը որոշեց մրցույթի մասնակցության պայմանագրեր կնքել 24 հեղինակների հետ՝ ստեղծվելիք աշխատանքները կանոնակարգելու նպատակով։ Ս. թ. նոյեմբերի 25-ից 2015 թ. հունվարի 25-ը`մրցութային փուլի ընթացքում, հանձնաժողովի անդամները կայցելեն երիտասարդ ստեղծագործողների արհեստանոցներ, կտան անհրաժեշտ ցուցումներ: 2015 թ. հունվարի 26-ին ավարտուն աշխատանքները կհավաքվեն մեկ հարկի տակ` Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:
Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցում են մասնագիտական կրթություն ունեցող մինչև 40 տարեկան ստեղծագործողները:
Ստորև ներկայացնում ենք Հայոց ցեղասպանության վավերագրերի շուրջ «Պատասխան` 100 տարի անց» խորագրով գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և  քանդակի մրցույթի 24 մասնակիցներին.
1.Արա Շահումյան
2.Արտեմ Կազարյան (Մելիք-Ազարիանց)
3.Արփինե Քեթցյան
4.Մայա Ավագյան
5.Լևոն Չքոլյան
6.Սուրեն Սաֆարյան (Սաֆար)
7.Քնարիկ Մուրադյան
8.Հայկ Պետրոսյան
9.Սարգիս Բաբայան
10.Իլյա Նեկրասով /ՌԴ/
11.Սյուզաննա Հակոբյան
12.Գեղամ Աբրահամյան
13.Զաքար Դեմիրճյան
14.Վահագն Թադևոսյան (Իգիթյան)
15.Արմեն Զաքարյան
16.Հարություն Կարապետյան
17.Մհեր Խաչատրյան /ԱՄՆ/
18.Գևորգ Թադևոսյան
19.Հեղինե Հովհաննիսյան /Ֆրանսիա/
20.Դավիթ Թևանյան
21.Նարեկ Կնյազյան
22.Ռաֆայել Մանուկյան
23.Մանվել Մաթևոսյան
24.Ստելլա Գրիգորյան
    «Պատասխան` 100 տարի անց» խորագրով Հայոց ցեղասպանության վավերագրերի շուրջ գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և  քանդակի մրցույթն իրականացվում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության և ՎիվաՍել ՄՏՍ ընկերության աջակցությամբ։

       «Պատասխան` 100 տարի անց» ծրագրի
պատասխանատու Հասմիկ Հախվերդյան







Կերպարվեստի լեզվով՝ «Պատասխան 100 տարի անց»


    Հոկտեմբերի 15-ին Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Կոմիտասի սրահում հավաքված երիտասարդ նկարիչներն ու ուսանողները հուզված էին ու սպասման մեջ, ասես, քննության էին եկել: Քննություն չէր, սակայն մասնագիտորեն պատասխանատու քայլ էր սեփական էսքիզով Հայոց ցեղասպանության վավերագրերի շուրջ գեղանկարի, գրաֆիկայի և քանդակի մրցույթի հանձնաժողովին ներկայանալը:
    Հանձնաժողովի անդամները՝ Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, ՀԱՊ-ի հայ գեղանկարի բաժնի վարիչ Արմեն Գասպարյանը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, քանդակագործ Գագիկ Ղազարյանը, գեղանկարիչ Օհաննես Թափյուլին և «Պատասխան՝ 100 տարի անց» ծրագրի համակարգող Հասմիկ Հախվերդյանը արվեստագետների էսքիզային հայտերը քննարկում և ընդունում էին լրագրողների ուշադիր հայացքի առաջ:
    Կարո Վարդանյանը սկզբում տեղեկացրեց, որ հանձնախմբի անունով ստացված հայտերի քանակը՝ շուրջ երկու տասնյակ, իրականության ճիշտ պատկերը չէ, քանի որ շատերն են հետաքրքրված, սակայն տեղեկացվածության պակասի և այլ պատճառներով չեն հասցրել մասնակցել: Իսկ այսօր ներկայացվող հայտերը կքննարկեն, և փորձ ու հմտություն ունեցող արվեստաբաններն ու նկարիչները կօգնեն, որպեսզի «էսքիզները դառնան ստեղծագործություն», և առաջիկայում ցուցադրվեն: Արվեստաբան Արմեն Գասպարյանը խոսքի սկզբում ասաց, որ այսօր ոչ թե մրցույթ, այլ միջոցառում են անցկացնում, որպեսզի վաստակաշատ նկարիչներն իրենց խորհուրդներով օգնեն ու ոգևորեն երիտասարդներին:
    Հասմիկ Հախվերդյանը լսարանի առաջ պարզաբանեց մրցույթի՝ զարմանք ու վրդովմունք առաջացրած տարիքային սահմանափակումը /մինչև 40 տարեկան/, ասելով, որ մասնակիցներն անկախության սերունդն են, այն մարդիկ, ովքեր իբրև անհատ ձևավորվել են անկախության տարիներին: Մրցույթը նպատակ ունի ցուցադրել այդ սերնդի արձագանքը՝ 100 տարի առաջ կատարվածին:
    Մասնակիցներին՝ Արա Շահումյան, Վահե Բաղումյան, Քնարիկ Մուդոյան, խորհուրդներ տրվեցին: Սուրեն Սաֆարյանը աշխատանքի իր էսքիզը վերնագրել էր «Որն է իմ մեղքը»` ներշնչվելով «Հրեշտակս» վավերապատումից:
    Նույն հուզիչ պատմությունը ներշնչել էր նաև ուսանողուհի Մայա Ավագյանին, և նա ներկայացել էր հրեշտակի թևեր պատկերող քանդակով: Ժյուրին երիտասարդ քանդակագործին խորհուրդ տվեց լավ իդեան զարգացնել, լրջացնել, դրամատիզմն ուժեղացնել: Գագիկ Հովհաննիսյանը մրցույթի էր ներկայացել ոչ միայն քանդակով ու էսքիզով, այլև շիկամազ դստրիկի հետ: Նրան ներշնչել էր «Նուռը» վավերապատումը, նուռն իբրև աքսորյալների փրկչական սնունդ, իբրև նշխար, փրկչի արյուն: Արտեմ Կազարյանը Մուշից եկած տատիկի հուշերին է գեղանկարի կերպ տալու, իսկ Հայկ Պետրոսյանի համար բրոնզե քանդակի նյութ է   Բասեն գավառից եկած իր տոհմածառը:
    «Աղվոր աշխատեցեք». սա էլ գերմանաբնակ հայազգի նկարիչ Օհաննես Թափյուլիի հորդորն է հայ երիտասարդներին: Պարոն Թափյուլին /հայկական ազգանունը՝ Ազատյան/, հայրենիք էր ժամանել՝ Մշակույթի նախարարության աջակցությամբ 2015 թվականին իր գեղանկարների ցուցահանդեսը կազմակերպելու նպատակով:
    Հանձնախումբը մրցութային աշխատանքների էսքիզների ընդունման ժամկետը երկարաձգեց մեկ ամսով, որպեսզի բոլոր ցանկացողները մասնակցեն:
    «Պատասխան՝ 100 տարի անց» խորագրով կերպարվեստի մրցույթն իրականացվում է Մշակույթի նախարարության և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության անջակցությամբ:

Գայանե Մկրտչյան




«Պատասխան` 100 տարի անց». կկնքվեն Հայոց ցեղասպանության վավերագրերի շուրջ գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթի առաջին պայմանագրերը


   Ս.թ. հոկտեմբերի 15-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում  տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 10 վավերագրերի շուրջ գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթի գնահատող հանձնաժողովի և երիտասարդ ստեղծագործողների հանդիպումը։ Հանդիպմանը քննարկված շուրջ 20 էսքիզային աշխատանքների հեղինակներից 8-ի հետ կկնքվեն մասնակցության պայմանագրեր` հետագա աշխատանքները կանոնակարգելու նպատակով։
     Մյուս մասնակիցները սեղմ ժամկետում պետք է ներկայացնեն նոր էսքիզային աշխատանքներ` հաշվի առնելով հանձնաժողովի կողմից տրված ցուցումները:
     Հանդիպմանը ներկա ստեղծագործողները փաստեցին, որ մեծ է հետաքրքրությունը ստեղծագործելու Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ, սակայն ժամկետի սղության պատճառով իրենց ընկերներից շատերը չեն հասցրել ավարտել էսքիզային աշխատանքները: Հաշվի առնելով թեմայի կարևորությունը` հանձնաժողովը որոշեց հայտերի և էսքիզային աշխատանքների ներկայացման ժամկետը երկարաձգել մինչև ս.թ. նոյեմբերի 15-ը: Հիշեցնենք, որ մրցույթին կարող են մասնակցել մասնագիտական կրթություն ունեցող մինչև 40 տարեկան ստեղծագործողները: Մրցութային 10 վավերագրերը տեղադրված են www.kamartert.am կայքում:
    Մինչ այդ, հանձնաժողովի անդամները լրատվամիջոցների ուղեկցությամբ կայցելեն մրցութային փուլ անցած մասնակիցների արվեստանոցներ, տեղում կծանոթանան ստեղծվող աշխատանքներին, կտան ուղղորդող ցուցումներ:
     2015 թ. հունվարի 26-ին ավարտուն աշխատանքները կհավաքվեն մեկ հարկի տակ` Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, որտեղ հունվարի 28-ին կկազմակերպվի «Պատասխան 100  տարի անց. մենք ունենք հզոր բանակ» խորագրով եռօրյա հատուկ ցուցադրություն։ Հայոց բանակի օրվան նվիրված ցուցադրությունը կլինի փակ. այցելության հրավերներ կստանան 101 անվանի մտավորականներ, քաղաքական, դիվանագիտական գործիչներ, երկրի օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ։ Վերջին` 101-րդ հյուրը կլինի  հունվարի 28-ին նախորդող օրերին վերջի՛նը  հերոսի կոչում ստացած հայ զինվորը: Ներկայացված շխատանքները կլինեն համարակալված և վերնագրված՝ կից վավերագրերով։ 101  հրավիրյալներից յուրաքանչյուրին կտրվի «ընտրաթերթիկ»՝ 1 նշում կատարելու հնարավորությամբ։ Արդյունքում կորոշվի «Հատուկ մրցանակ» անվանակարգում հաղթող աշխատանքը: 101 այցելուների թվում կլինեն մասնագիտական հանձնաժողովի /ժյուրի/ անդամները, ովքեր նախապես իրենց` հանձնաժողովում ընդգրկված լինելու մասին տեղեկացված չեն լինի: Նրանց գնահատականների համադրմամբ կորոշվեն  պատկերագրքում ներառվելիք 11 աշխատանքները, որոնք կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում` «Պատասխան` 100 տարի անց» ցուցադրության շրջանակում։
     «Պատասխան` 100 տարի անց» խորագրով Հայոց ցեղասպանության վավերագրերի շուրջ գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և  քանդակի մրցույթն իրականացվում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության և ՎիվաՍել ՄՏՍ ընկերության աջակցությամբ։


ՀՀ մշակույթի
նախարարություն   








Հայտարարություն. Հայոց ցեղասպանության վավերագրերի շուրջ
գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և
  քանդակի մրցույթ

    2014 թ. օգոստոսի 1-ից 2015 թ. փետրվարի 1-ը հայտարարվում է գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տարբեր արխիվներից քաղված 10 վավերապատումների շուրջ: Մրցույթին կարող են մասնակցել մասնագիտական կրթություն ունեցող, մինչև 40 տարեկան ստեղծագործողները: Նախագիծը պատրաստ է համագործակցել ավագ սերնդի արվեստագետների հետ` մրցույթից դուրս:
    Կարող եք ստեղծագործել Հայոց ցեղասպանությունը վերապրած Ձեր ազգականի վկայության հիման վրա` մասնակցության հայտի հետ ներկայացնելով այն` ավարտուն շարադրված և ճշգրիտ վավերագրված:
    Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև սթ. սեպտեմբերի 15-ը` yearslater100@gmail.com էլեկտրոնային հասցեով /նույն հասցեից դուք կստանաք Ձեր հայտը հաստատող պատասխան/: Հայտերի ամփոփումից հետո` մինչև սթ. հոկտեմբերի 15-ը, պետք է ներկայացվեն թեմատիկ աշխատանքների էսքիզային տարբերակները:
    Լավագույն 20 աշխատանքները կներառվեն «Պատասխան` 100 տարի անց» պատկերագրքում, որոնցից 11-ը /յուրաքանչյուր թեմայով մեկական աշխատանք/ կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում` նույնանուն ցուցադրության մեջ: Որոշ հեղինակների հետ անհատական հիմունքներով կկնքվեն պայմանագրեր` նրանց աշխատանքների հանրահռչակման վերաբերյալ: 
Մանրամասների համար զանգահարել` 094 801606094 801606, 58 08 12 (127):


100 տարի առաջ գրված նամակները վերջապես
կստանան պատասխան


     Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացնում է «Պատասխան՝ 100 տարի անց» խորագրով համալիր ծրագիրը։ Այն մեկնարկեց երեկ՝ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կայացած մամուլի ասուլիսով: Ծրագիրն անդրադարձ է 1894-1923 թթ. գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող անպատասխան նամակներին ու այլ վկայություններին՝ դրանց միջոցով անվանի մարդկանց ու հասարակության լայն զանգվածների արձագանքները հավաքագրելու և «Պատասխան` 100 տարի անց» պատկերագրքում ամփոփելու նպատակով։
         Հայոց ցեղասպանության նյութը բազմիցս ենթարկվել է մասնագիտական վերլուծությունների, հրատարակվել են բազմաթիվ գրքեր և աշխատություններ, սակայն ներկա ինֆորմացիոն պատերազմների ժամանակաշրջանում հաղթելու հավանականությունը մեծապես կախված է ճիշտ թիրախավորված ինֆորմացիոն հոսքերից և հանրահռչակման միջոցների արդիականությունից:
       «Պատասխան` 100 տարի անց» պատկերագիրքը բաղկացած կլինի երեք բաժնից և կառանձնանա  ինքնատիպ ձևավորմամբ, թեմատիկ լուծումներով:
Առաջին բաժնում տեղ կգտնեն Հայոց ցեղասպանության հետևանքով զոհ դարձած մտավորականների վերջին նամակները և դրանց ի պատասխան՝ մերօրյա անվանի հայ և օտարազգի գործիչների պատասխան արձագանքները:
          Երկրորդ բաժինը կանդրադառնա 100 տարվա ընթացքում հայ և օտարազգի գործիչների լավագույն արձագանքներին Հայոց ցեղասպանության փաստին: Այս բաժնում կամփոփվեն նաև Հայոց ցեղասպանության հետևանքով որբացած հայ մանուկների հավաքական նամակին ի պատասխան՝ ավագ դպրոցում անցկացված շարադրությունների մրցույթում լավագույնը ճանաչված աշխատանքները:
Երրորդ բաժնում կներկայացվեն Հայոց ցեղասպանության վերաբերյալ տարբեր արխիվներից քաղված 10-ը վավերապատումներ և դրանց շուրջ գեղանկարի ու քանդակի մրցույթի լավագույն ստեղծագործությունները: Այս բաժնում կներառվեն նաև Հայոց ցեղասպանության տարիներին ոչնչացումից փրկված արվեստի նմուշներ` կից ծանոթագրական նյութերով: Այս նպատակով 2014 թ. օգոստոսի 1-ից 2015թ. փետրվարի 1-ը հայտարարվում է գեղանկարչական աշխատանքների և քանդակի մրցույթ վերոնշյալ 10-ը վավերապատումների շուրջ: Լավագույն աշխատանքները կներառվեն «Պատասխան՝ 100 տարի անց» խորագրով պատկերագրքում և կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում՝ նույնանուն ցուցադրության շրջանակում։
         Կարևորելով ծրագրի յուրաքանչյուր ձևաբաժինը՝ Հայաստանի ազգային պատկերասրահի հայ գեղանկարի բաժնի վարիչ Արմեն Գասպարյանը տեղեկացրեց, որ մրցույթին կարող են մասնակցել մինչև 40 տարեկան արվեստագետներ.«Մեր ազգի ֆենոմենն այն է, որ վերապրելով ցեղասպանությունը՝ հայ նկարիչները 1916թ.` Թիֆլիսում, ստեղծում են Նկարիչների միություն, 20-ականներին Փարիզում ստեղծում են ստեղծագործական միավորում, 30-ականներին՝ ազատ արվեստագետների միություն, ուր ցուցահանդեսներով հանդես են եկել այն արվեստագետները, որոնցով այսօր մենք պատվով ներկայանում ենք աշխարհին,- նշեց Ա. Գասպարյանը և հավելեց,-<<Մրցույթի հաղթողներին կընտրի մասնագիտական հանձնաժողովը»: 
     Այս մրցույթի նպատակն է «Պատասխան՝ 100 տարի անց» խորագրի ներքո ներկայացնել մերօրյա տաղանդավոր երիտասարդ հայ գործիչներին` որպես հայ ազգի վերածնունդ և հաղթանակ:
       Ծրագրի համակարգող Հասմիկ Հախվերդյանը ներկաներին առաջարկեց.«Եթե ցանկանում եք ստեղծագործել Հայոց ցեղասպանությունը վերապրած ձեր ազգականի վկայած պատմության շուրջ, մասնակցության հայտի հետ ներկայացրեք այն՝ ավարտուն շարադրված և ճշտգրիտ վավերագրված»:
      Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն իր հերթին հավելեց, որ մեկնարկած ծրագիրը բավականին աշխատատար է, և պատկերագիրքը, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի 2015 թվականի ապրիլի 24-ին:
       Մասնակցության հայտերն ընդունվում են ս. թ. օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը՝  yearslater100@gmail.com էլեկտրոնային հասցեով (նույն հասցեից Դուք կստանաք Ձեր հայտը հաստատող պատասխան): 

Գոհար Աբրահամյան


Ներկայացվում են տասը վավերապատումները

1. Էրգրի տերերը


      Անապատում` բոլորն էլ ողջ-մեռելներ էին այլևս: Նրանց մարմնի կենդանի պատանքի մեջ ոչինչ չէր ապրում: Ամենուր միայն մահից ավելի եղերական մահվան գաղափարն էր...
Կարծես խաղաղված, ամեն ինչի հետ հաշտված՝ ծեր հայ կանայք հանեցին խնամքով թաքցրած այն հողով լցված տոպրակները, որ իրենց հետ բերել էին հեռավոր հայրենիքից: Ճամփի բոլոր մարտիրոսություններով ու արյուններով օրհնված այդ մի բուռ հողը կոչված էր ամեն բանի դեմ... Զգալով, որ պիտի մեռնեն, նրանք հողը բաժանեցին չունեցողներին, հողը` հայրենիքի սրբազան մասունքը, դնում էին իրենց կրծքին, որ եթե մեռնեն այդ օտարության մեջ, գոնե հայրենի հողում ամփոփվելու պատրանքով փակեն իրենց աչքերը:
Եվ այս ամենից հետո դեռ կա՞ն մարդիկ, որ կասեն, թե այդ հայրենիքը` Էրգիրը, իրենցը չէր...

«Մեծ ոճիրը» /1921թ. Պօսթըն/
Արամ Անտոնյան


2. Հրեշտա՛կս...

        Ես յոթ տարեկան էի, եղբայրս` երեք: Գաղթի ճանապարհին կորցրել էինք մեր մեծ ընտանիքը: Մեր հարազատներից շատերին դաժանորեն սպանել էին մեր իսկ աչքի առաջ: Դեր- Զորի կիզիչ արևների տակ թափառում էինք. անվերջանալի ու մղձավանջային «ճամփորդություն»…
Շուտով փոքրիկ եղբորս ուժերն ու համբերությունը սպառվեցին: Նա ի վիճակի չէր քայլ անգամ անելու, իսկ ես այլևս ուժ չունեի՝ նրան գրկած տանելու: Շատ խնդրեցի, որ մեզ հետ դեպի անէություն քայլող մարդիկ գրկեին եղբորս, սակայն նրանք բոլորովին անհաղորդ մնացին իմ աղերսներին. նրանք, ասես, այլևս կենդանի չէին: Նրանք այլևս դադարել էին երկինք նայել. վախենում էին, թե այն փուլ կգա իրենց գլխին:
Ես ստիպված էի շարունակել ճանապարհը առանց եղբորս… Նա, ասես, թևերը վնասած հրեշտակ լիներ, որ երկնքից ընկել էր անապատի ավազների վրա: Ես երկար ժամանակ հետ-հետ էի նայում, մինչև, որ այլևս հնարավոր չէր նշմարել իմ «հրեշտակին»…
Ավելի քան 80 տարի է անցել, բայց կյանքիս յուրաքանչյուր պահ ապրել եմ իմ եղբոր` ինձ մեղադրող ու թախանձող հայացքի ներքո: Եվ ինչպե՞ս եմ ապրել…

Լալա Մինասյանի գրառումը`
 իր սկեսրոջ կյանքից։


3. Դեր-Զորի հերոսը

          Պարտիզակցի մոտ տասնմեկ տարեկան մի տղա Դեր-Զորից տասը ժամ հեռավորության վրա գտնվող ճանապարհին ավազի մեջ թաղված դեպի վար իջնող հայերին փորձում էր հետ դարձնել: Նա չէր կարողանում խոսել. լեզուն կտրել էին: Ձեռքի շարժումներով հասկացնում էր, որ ներքև իջնելուն պես նրանց կջարդեն, և իր անբարբառ պերճախոսությունը չէր ընդհատում մինչև մարդիկ հետ չդառնային: Հետո նորից թաղվում-ծածկվում էր ավազի մեջ` սպասելով նոր մարդկանց:
Այդ զարհուրանքի ու սոսկումի օրերին այս հոյակապ վեհանձնությունը տասնամյա տղայի կողմից, որ խոսելու կարողություն էլ չուներ, դարձավ ավանդապատում: Ի՞նչ եղավ այդ փոքրիկ հերոսը: Եվ ո՛ր ազգը չէր հպարտանա այսպիսի հերոս տղաներ ունենալով:

«Մեծ ոճիրը» /1921թ. Պօսթըն/
Արամ Անտոնյան


4. Արդարադատ Միսաք Թորլաքյանը` ավերված տան առաջ

      1915 թ. վերադառնալով ծննդավայր` Միսաք Թորլաքյանն ավերված գտավ հայրական տունը. դռները պոկված էին ծխնիներից, բարձերը` քրքրված, հատակը` քանդված, վառարանները` ջարդված... «Որոնողները» չէին վախեցել և կամ շտապել, քանզի տերերը գնացել էին, որ էլ ետ չգան...
Մի քանի րոպե կանգ առնելուց հետո Թորլաքյանը երերուն քայլերն ուղղեց դեպի փոքր եղբոր ու քրոջ սենյակը. կոտրված մահճակալներ, խաղալիքներ. նաև այն մեկը` փայտե ձիուկը, որ իր իսկ ձեռքով էր պատրաստել ու նվիրել կապույտ աչքերով ու գանգուր մազերով փոքրիկ եղբորը: Վրեժն ալիքվեց հոգում:
1921 թ. հուլիսի 18-ին Թորլաքյանը Պոլսում Բահբուդ խան Ջիվանշիրի վրա արձակած գնդակով լուծեց հայրենի Տրապիզոնի 1200 հայ ընտանիքների և ի՛ր տան ծուխը մարողի հանդեպ վրեժը. նրա աչքերում փայլում էր փոքր եղբոր չապրած կյանքը. մի ձեռքում ատրճանակն էր, մյուսում` փայտե ձիուկը: Իսկ մտքում հրամանն էր. «Եվ սակայն, նրանց կիներուն ու երեխաներին չսպանե՛լ»:

«Շշուկների մատյան» /2009 թ., Բուխարեստ/
Վարուժան Ոսկանյան


5.  Սեմ Քադորյանի վկայությունից

       Նրանք մեզ Հուսեյնիկից տարան Եփրատ գետի ափերը: Որոշ ժամանակ մնացինք մենակ, ապա եկան թուրք ժանդարմները ու հափշտակեցին 5-10 տարեկան տղաներին: Ես այդ ժամանակ 8 տարեկան էի: Նրանք մեզ նետեցին մի ավազի կույտի մեջ ու սկսեցին թրերով ու սվիններով ուժգին հարվածել` հաճույք ստանալով իրենց դիվային խաղից: Հավանաբար ես մեջտեղում էի գտնվում, քանի որ սրի միայն մեկ հարված էր ինձ դիպել` քերծելով այտս: Ես ամբողջությամբ պատվել էի արյունով, որ ծորում էր ինձ վրա գտնվողներից: Սակայն ո΄չ սարսափից, ո΄չ էլ ցավից չէի կարող լաց լինել, այլապես ի΄նձ էլ կսպանեին: Երբ մութն ընկավ, մեր դեռևս ողջ մնացած հարազատները եկան՝ փնտրելու իրենց զավակներին. հիմնականում նրանք գտնում էին անշնչացած մարմիններ: Իմ միակ հարազատը` տատիկս, գտավ ինձ, գրկեց ու մխիթարեց:
Գետի ափն ավազոտ էր. շատերն իրենց իսկ ողորմելի ձեռքերով փորեցին իրենց երեխաների գերեզմանները… Ոմանք էլ նրանց գետը նետեցին, և ջուրը քշեց փոքրիկ մարմինները, բայց ջուրը հիշողություն ունի...

Ուորլդ /The World/ 29.04.2009 թ.
Ջանեթ Գինոսյան


6. Նուռ

       Նուռը մրգերի միրգն է, միայնության և տարագրության միրգը։ Մարդու նման արյուն ունենալով՝ այն կարող է նաև զգացմունքներ ունենալ։
Եթե ձեռք չդիպչի, նուռը կարող է երկար ժամանակ չփչանալ։ Շնորհիվ իր «արյան» այն զոհողության խորհուրդ ունի։
Մահվան ճամփաներին` Դեր–Զորի կիզիչ արևների տակ, երկրային բոլոր մրգերից առավել նուռն ընկերակցեց մեր պապերին։ Շարասյուների ուրվականները նուռը ձեռքից ձեռք էին փոխանցում՝ յուրաքանչյուրը մի-մի հատիկ վերցնելով և լեզվի վրա պահելով՝ իբրև առեղծվածային զովության աղբյուր:

«Շշուկների մատյան» /2009 թ., Բուխարեստ/
Վարուժան Ոսկանյան


7. Թաշխոտ

       … Բայց ամենատխուր դրությունը վերապահված էր փոքրիկներին: Երզնկայի երեսփոխան Հալեթ բեյը հարյուրավոր երեխաների գետը նետեց: Խարբերդում էլ նույն բանը կատարվեց։ Բայց ավելի հաճախ այրում էին... Բիթլիսի կուսակալ Մուսթաֆա Աբդուլ-Հալիգ բեյը, հավաքելով հազար մանուկներ, տարավ Թաշխոտ կոչվող վայրը, որտեղ, նրանց վառել տալով, թուրք երևելիների և ստվարաթիվ ամբոխի ներկայությամբ արտասանեց նշանավոր այս ճառը. «Թուրքիայի ապագան երաշխավորելու համար հայկական գավառների մեջ հայ անունը իսպառ պետք է ջնջել»:
Այդ դժբախտ տղաներին վառելուց հետո նետում էին նախապես փորված հորերի մեջ, որտեղից օրերով լսվում էին դեռևս ողջ մնացածների հոգեվարքի հառաչները:
Սեբաստիա աքսորված տղաներին ևս վառեցին:
Մի անգամ երեխաներից մեկին հաջողվում է փախչել խարույկից, երբ արդեն իսկ հագուստները բռնկվել էին։ Այդպես վառվելով՝ վազում հասնում է իրենց քարավանին: Ավելի քան երկու հազար կին, որոնց տղաներին տարել էին, խելացնոր քար էին կտրել և չէին հասկանում, թէ այդ ի՞նչ վազող բոց է, որ իրենց է մոտենում: Տղան, հազիվ հասնելով կանանց խմբին, ընկավ երեսի վրա` գոռալով.
- Մայրի՜կ, վառո՜ւմ են…
Ընկել էր՝ այլևս չելնելու...: Մայրը, որ ձայնից ճանաչել էր իր որդուն, նետվեց, գրկեց նրան՝ չզգուշանալով կրակից: Նրա հագուստներն էլ բռնկվեցին։ ժանդարմները չէին թողնում, որ նրանց օգնության հասնեն ու... մայրն էլ վառվեց որդու հետ:

«Մեծ ոճիրը» /1921թ. Պօսթըն/
Արամ Անտոնյան


8.  Եվնիգ Սալիբյանի վկայությունից /ծնված 14.01.1914 թ./

     Դա մի հին փայտե դուռ էր` վրան ճեղքեր, և ես նայում էի դրանց միջով...
Իսկ դրսում ուրիշ երեխաներ կային` ոտաբոբիկ, քաղցած. արգելված էր նրանց կերակրել : Խեղճ հայ որբուկներին թուրք ժանդարմները մտրակներով ու մահակներով քշում էին փողոցի մի ծայրից մյուսը: Նրանք սկզբում սարսռազդու ճչում էին, գոռում, ապա... ճիչերը դառնում էին նվվոց...
Այսօր էլ, երբ որևէ դռան ճեղք եմ տեսնում, ակամա լսում եմ աքսորյալ որբուկների ձայները:

Ինդիփենդենթ /The Indepandent/ 30.03.2014թ./
Ռոբերտ Ֆիսկ



9.  Սառա Բերբերյանի վկայությունից /ծնված 1905 թ./

Մենք շատ մեծ գերդաստան էինք, Էսքիշեհիրում էինք ապրում: Քառասուն հոգով էինք սեղան նստում: Հիմա մենակ եմ մնացել…

«Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների
վկայություններ» /2011թ., Երևան/
Վերժինե Սվազլյան


10. «Հայը՝ մեկ ոսկի». Սիրենա Ալաճաճյանի վկայությունից /ծնված 1910 թ./

…Մնացել էի լրիվ որբ. տապակվում էի անապատի ավազների մեջ, երբ ինձ գտան. արաբ մարդ ու կին էին. ինձ տարան իրենց վրանը: Նոր մայրս մազերս մաքրեց ոջիլներից, լողացրեց ինձ, կեղտոտ հագուստներս այրեց, իր հագուստներից հագցրեց. վրաս մարդու շնորհք եկավ: Իրենք զավակ չունեին. ինձ զավակի տեղ էին ընդունում: Ես իրենց համար երգում էի, թատրոն խաղում… Ձեռքերիս ու ոտքերիս ոսկե բիլազուկներ էին դրել, նաև սքանչելի ոսկե վզնոց ունեի: Բայց որպեսզի ինձ չգան, չտանեն, մի օր չորս հոգով ձեռքերս, ոտքերս բռնեցին, դեմքս մինչև կուրծքս կապույտ մելանով ծակծկեցին: Դու մի ասի` իրենց սովորությունն էր. իբր ինձ արաբ դարձրին:
Երբ զինադադար եղավ, ամերիկացիները եկան՝ հայ որբերին հավաքելու: Ինձ հարցրին՝ էշու՞ էսմանք (անունդ ի՞նչ է): Ես ասացի` Մեյրամ:
_ Հո՞րդ անունը:
_ Աբու Էմին. _ արաբ հորս անունն էր:
_ Մո՞րդ անունը:
_ Հաճի Էսսում.— արաբ մորս անունն էր:
Արաբ ոստիկանը, որին ամեն մի հայ որբուկի համար մեկ կարմիր ոսկի էին խոստացել, ասաց.
_ Աղջի˜կս, դու արաբ չե˜ս կարող լինել:
Իսկապես, մազերս դեղին էին, աչքերս` կապույտ. ինձ «Մոսկով» էին ասում, քանի որ մազերս էլ քիչ վառվռուն էին: Արաբ ոստիկանը շարունակեց.
_ Դու հա΄յ ես, քո հայրն ու մայրը Հալեպում քեզ են սպասում:
Ես վախենում էի. _ Էմմի˜ /մայրիկ/, ինձ մի΄ թող, որ տանեն,_ գոռում էի, լաց լինում…
Ոստիկանը հարցրեց.
_ Աղջի˜կս, դու ո՞ր քաղաքից ես:
Ես մորս երեսին էի նայում, թե ի՞նչ պիտի ասեմ:
Հասկացան, որ ես վախենում եմ: Ամերիկացին արաբ մորս ասաց.
_ Հանը˜մ, աս չոջուխը /երեխան/ քեզանից վախենում է, խնդրում եմ դուրս գնա:
Արաբ մայրս դուրս եկավ սենյակից:
Ամերիկացիները ինձ գրկեցին, շաքար, շոկոլադ տվին: Ես մտածեցի, որ սրանք լավ մարդիկ են: Ամերիկացին ասաց. _ Բեյբի˜ /փոքրիկ/, ինչպե՞ս կխաչակնքես, - և սկսեց երեք մատները մեկ ճակատին տանել, մեկ` կրծքին, իբր խաչակնքում է։
Որ այդ տեսա, ասի.
_ Լէ΄ /ո΄չ/, այդպե΄ս չէ, այսպե΄ս է, - և իմ աջ ձեռքի երեք մատներով սկսեցի ճիշտ ձևով խաչակնքել:
Բոլորն ուրախ ծափ տվին և ասին.
— Բրա΄վո /կեցցե΄ս/, նա հայուհի˜ է…

«Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների
վկայություններ» /2011թ., Երևան/
Վերժինե Սվազլյան






 
 
Արխիվների որոնում
:
Երևան
Մոսկվա
Փարիզ
Լոս-Անջելես
2017 Մարտ
Երկ Երեք Չոր Հնգ ՈՒրբ Շաբ Կիր
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
Հայտարարություն

    «Կամար» /www.kamartert.am/ էլեկտրոնային քառալեզու /հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն/ թերթը թողարկվում է 2009 թվականից: Թերթն անդրադառնում է մշակույթի, ինչպես նաև հասարակական հնչեղություն ունեցող թեմաներին, լուսաբանում է ժողովրդական արվեստը, բանահյուսությունը, հայ ժողովրդի ավանդույթները, սովորույթները, ծեսերը, տոնակատարությունները, անդրադարձ է հային ու հայկականին: Կայքի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած երկրների աշխարհագրությունը բավականին խոսուն է /թվով 133 երկիր/:
    ՀՀ մշակույթի նախարարության վարած մշակութային քաղաքականության գերազանց լուսաբանման համար թերթն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, ինչպես նաև  Ոսկե մեդալի:
    Թերթի շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ են հովանավորներ, ինչպես նաև՝ գովազդատուներ:  Ցանկության դեպքում ձեր գործնեության գովազդը մեր միջոցով հասանելի կլինի աշխարհի 133 երկրում:
    Սպասում ենք ձեր առաջարկներին:
    Հեռ. 043-07-03-07



Հայոց ցեղասպանություն - 100



Ազգությունս՝ հայ









    
    


Ձեր առաջարկներն ու դիտողությունները
 կարող եք ուղարկել  kamartert@mail.ru
Էլեկտրոնային հասցեով;

 

 
Գլխավոր | Խորագրեր | Արխիվ | Կայքի քարտեզ | Մեր մասին | Մեր կոթողները | Պատասխան՝ 100 տարի անց | Ազգությունս՝ հայ | Հայոց ցեղասպանություն-101
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0010, Վազգեն Սարգսյան 3, էլ.փոստ: kamartert@mail.ru
Կայքի մշակումը`   Shahumyan Media
2009, Բոլոր իրավունքները պաշտպանված են