Գլխավոր   Խորագրեր   Արխիվ   Մեր մասին   Մեր կոթողները   Պատասխան՝ 100 տարի անց   Ազգությունս՝ հայ   Հայոց ցեղասպանություն-101
Рус  |  Հայ  |  Eng  |  Fr  
 
     
          
    Մարտի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա բացառիկ համերգ, որը նախաձեռնել է հանրահայտ ջազմեն, բոլորի կողմից շատ սիրված Վահագն Հայրապետյանը մեր ժամանակի ունիկալ ջազային հայտնի երաժիշտներ /ԱՄՆ-ից/ Արի Ռոլանդի-կոնտրաբաս, Զաիդ Նասսերի-ալտ սաքսաֆոն, Յալլա Բալինի-վոկալ, Քիտ Բալլայի-հարվածային գործիքներ և Հայաստանի պետական կամերային նվագախմբի  /դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան/ մասնակցությամբ:



    Մարտի 21-ին արդեն հինգ տարի անընդմեջ Հայաստանում, Արցախում և Ջավախքում նշում են Տիկնիկային գործիչների միջազգային օրը: Այսօր   ՅՈՒՆԻՄԱ  Հայաստանի կազմակերպության նախագահ Արմեն Սաֆարյանի գլխավորությամբ նախատեսվել էր և անցկացվեցին մի շարք հետաքրքրաշարժ միջոցառումներ: Քաղաքի կենտրոնից Խաչքարերի պուրակ քայլերթը կանգ առավ 5 մայրցամաքներից բերված հողով ու ջրով տնկված Սոճենուն հարող տարածքում և մեկնարկեցին Հայաստանի բոլոր մարզերից ժամանած տիկնիկային թատրոնների ու խմբերի ներկայացումները:
2017-03-22
     

    Մարտի 18-ին, կանանց միամսյակի առթիվ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում տեղի կունենա դաշնակահարի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համատեղ համերգը:
    Համերգին կհնչեն հանրահայտ և սիրված կոմպոզիտորների ռոմանտիկ ստեղծագործություններ՝  նվիրված  կանանց:
2017-03-17
     

    ՀՀ ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի արմատները մխրճված էին հայկական հինավուրց հողում: Այդ հողից էր ուժ առել, ստեղծել գործեր, որոնք մնայուն արժեքներ են ու կապրեն, քանի դեռ կապրի հայ ժողովուրդը: Մեծ արվեստագետ, հայրենասեր, իմաստուն մարդ, ով իր ողջ կյանքն ապրեց իր ժողովրդի հոգսերով ու ցավերով: Ազգային մտածողությամբ արվեստագետ էր Իսաբեկյանը: Նրանք, ովքեր ծանոթ ու մտերիմ են եղել Էդվարդ Իսաբեկյանի հետ իրենց հոգում և հուշերում միշտ կպահեն այն լույսն ու ջերմությունը, որ ճառագում էր նրանից:
2017-03-11
     

    Մեծարգո Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո արդեն 10-րդ անգամ Հայաստանի բոլոր մարզերում, Արցախում և Ջավախքում անցկացվեց <<Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 10-րդ մրցույթ-փառատոն>>-ը՝ նվիրված հայ անվանի բանաստեղծներ Մարո Մարգարյանի ծննդյան 100 և Սիլվա Կապուտիկյանի 98 ամյակներին: Փառատոնի ժյուրիի անդամները, մտավորականներ, քաղաքական գործիչներ և պոեզիայի սիրահարներ, հունվարի 20-ին այցելեցին Կոմիտասի այգում գտնվող   մեր մեծերի Պանթեոն, որտեղ իր վերջին հանգրվանն է գտել նաև Սիլվա Կապուտիկյանը:
2017-03-07
     

    Փետրվարի 28-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ լեգենդար կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Իմ տիեզերքն ու դաշտի միասնական տեսությունը» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է պետպատվերով, առայժմ ` ռուսերեն: Խոստացվեց, որ առաջիկայում գիրքը կթարգմանվի հայերեն և անգլերեն:  Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվեց կինոռեժիսորի լավագույն ֆիլմերից «Մենք»-ը։
2017-03-02
     

    Փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, և հենց ամենասիրելի և իմաստուն բանաստեղծի ծննդյան օրն էլ 2009 թվականից Լևոն Անանյանի ջանքերով նշվում է նաև Գիրք նվիրելու օր: Շատ բարդ է, որպեսզի մի որևէ նորահայտ տոն իսկապես, ինքնաբուխ տոնվի, այսինքն, դառնա սիրելի, համակի շատերին: Առավել ևս, մեր խառնակ ու, ընդունված բառով` ոչ գրական ժամանակներում:
2017-02-20
     

    Այսօր Հայաստանի նկարիչների միությունում բացվեց երաժիշտ, պրոդյուսեր, ռեժիսոր, նկարիչ Ստաս Նամինի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:
Նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանում մեկնարկած Ստաս-Նամինյան օրերը նվիրվում էին նրա ծննդյան 65-ամյակին: Դրանց շրջանակում հայ հանդիսատեսին էին ներկայացվել հայկական արմատներ ունեցող բազմատաղանդ մշակութային գործչի ֆիլմերը, թատերական բերմադրությունն ու սիմֆոնիկ ստեղծագործությունը:
2017-02-17
     

    Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը տեղի ունեցավ Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում: Նախարարը մանրամասն ներկայացրեց տարվա ձեռքբերումները` ոլորտ առ ոլորտ: Դրանք վերաբերում էին մշակութային կրթությանը, պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններին, թանգարանային ոլորտին, օպերայի և բալետի ազգային թատրոնին և այլն:
2016-12-26
     

    Ֆրանսաբնակ հայազգի օպերային երգիչ Մուրադ Ամիրխանյանը երգում է դեռևս մանկուց: Երջանկահիշատակ մայրը միշտ ոգևորել ու քաջալերել է նրան, համոզված, որ որդին հայտնի երգիչ է դառնալու: Մայրական այդ լուսավոր երազանքը հոգում՝ Մուրադը աշխատել է տքնաջան, ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, հետագայում սովորել ասպիրանտուրայում, կայացել որպես օպերային երգիչ:


    Համահայկական սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման հիմքում համահայկական միասնականության գաղափարն է, աշխարհով մեկ սփռված մեր հայրենակից երաժիշտներին մեկ նվագախմբում համախմբելու գաղափարը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ հայտարարելով, որ այդ գաղափարն այլևս իրականություն է:
2016-12-22
     
2016-12-22
 
 
 

Ազգությունս՝ հայ

«Հայաստանը երազել է տալիս»

    Ֆրանսաբնակ հայազգի օպերային երգիչ Մուրադ Ամիրխանյանը երգում է դեռևս մանկուց: Երջանկահիշատակ մայրը միշտ ոգևորել ու քաջալերել է նրան, համոզված, որ որդին հայտնի երգիչ է դառնալու: Մայրական այդ լուսավոր երազանքը հոգում՝ Մուրադը աշխատել է տքնաջան, ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, հետագայում սովորել ասպիրանտուրայում, կայացել որպես օպերային երգիչ: Մայրը, սակայն որդու հաջողությունները չհասցրեց տեսնել. 1988-ի երկրաշարժը գյումրեցի 13-ամյա Մուրադին զրկեց ծնողներից:
    Այսօր արդեն աշխարհի տարբեր բեմերում ելույթ ունեցող արտիստը հաճախ է մտովի պատկերացնում, որ մայրը դահլիճում է և լսում է իրեն: Մուրադը համարում է, որ կայանալու համար՝ հատկապես օտար երկրում, չպետք է կտրվել սեփական արմատներից: Թեև Ֆրանսիան իրեն օտար երկիր չէ: Տարիներ առաջ երկրաշարժի հետևանքների հաղթահարման նպատակով Ֆրանսիան բարեկամական ձեռք մեկնեց և երկամսյա վերականգնողական ծրագրով փորձեց ամոքել նրա և իրեն բախտակից մի խումբ երեխաների վերքերը: Հենց այդ նկատառումով էլ կատարելագործման մեկնելիս նա ընտրեց Ֆրանսիան:
    15 տարի Ֆրանսիայում է, բայց հայրենիքի հետ կապը միշտ ջերմ է: Եվ դա սոսկ կարոտաբաղձային հայրենասիրություն չէ: Նա մշտապես հայրենիքում կատարվող մշակութային իրադարձությունների կիզակետում է, հաճախ դրանք հենց ինքն է նախաձեռնում: Այսպես, մի քանի տարի առաջ Մուրադ Ամիրխանյանը ֆրանսուհի կոլորատուրային սոպրանո Ան-Շարլոտ Մոնվիլի հետ Հայաստանում առաջին անգամ ներկայացրեց Ադոլֆ Հասսեի «Լարինդան և Վանեսիոն» կատակերգական օպերային ներկայացումը: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ նա միջոցառումներ է կազմակերպել և՛ Երևանում, և Փարիզում: Ծիծեռնակաբերդում՝ եղեռնի զոհերի հուշահամալիրում, Մուրադը երգել է Կոմիտաս և «Ավե Մարիա», իր աղոթքը բարձրացրել առ Աստված: Նաև մի խումբ երիտասարդներով 100 կարմիր ծաղիկ են դրել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Իսկ արդեն ապրիլի 26-ին նրա նախաձեռնությամբ և ֆրանսիացի լավագույն երգիչների մասնակցությամբ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված համերգը կայացավ Փարիզի հայտնի «Գավո» սրահում, որի ընթացքում հնչել են Կոմիտասի ստեղծագործություններից: Ֆրանսերենով հնչել են նաև հատվածներ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից:
    Մուրադ Ամիրխանյանը ֆրանսաբնակ մի շարք հայազգի երաժիշտների հետ համատեղ ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «100 համերգ» խորագրով նախաձեռնությամբ հանդես է եկել Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և այլ երկրներում: Երգիչն իր հոգու պարտքն է համարել իրազեկել 100 տարի առաջ տեղի ունեցածի մասին և ոգեկոչել միլիոնավոր զոհերի հիշատակը:
    Մուրադ Ամիրխանյանի հայրենանվեր գործունեությունն այսքանով չի սահմանափակվում. նա իր ուսանողներին, որոնց դասավանդում է Ֆրանսիայում, հայկական երգեցողության արվեստին հաղորդակցվելու հնարավորություն է ընձեռում և շարունակում է իր համերգային գործունեությունը: Այս տարվա մարտին Փարիզի 3-րդ թաղամասի քաղաքապետարանում կազմակերպված մեծ համերգի ընթացքում եվրոպական դասականների գործերի կողքին հնչել է հայկական երաժշտություն: «Համերգը մեծ արձագանք ունեցավ և ինձ համոզեց, որ իմ նվիրական մի նախաձեռնությունում նույնիսկ ուշացել եմ: Դա Կոմիտասի անվան միջազգային փառատոնն է Փարիզում, որին ներկայում նախապատրաստվում եմ: 2017-ին շեշտադրում կարվի Կոմիտասին, հետո այն կլինի ավելի ընդգրկուն ծրագրով: Իմ նպատակն է ցույց տալ, որ հայկական երաժշտարվեստը եվրոպականի հետ հավասարապես նույն նժարի վրա է»,-ասում է Մուրադ Ամիրխանյանը:
    Վերջերս լրացավ ֆրանսիական դիմադրության շարժման մասնակից Միսաք Մանուշյանի խմբի անդամ Արսեն Չակարյանի 100-ամյակը, և նա Մուրադի կատարմամբ լսելով «Տեր ողորմյան», հրավիրել է նրան իր ծննդյան տոնակատարությանը.«Ես միջոցառման ընթացքում կատարեցի Ֆրանսիայի և Հայաստանի օրհներգերը, ապա՝ «Կիլիկիան» և «Կռունկը: Տպավորությունը շատ մեծ էր…»:
    Մուրադը նաև հայկական հոգևոր երգերի սիրահար է, և նրա շնորհիվ առաջին անգամ Փարիզում թողարկվել է ձայներիզ, որտեղ նա ներկայացնում է Մեսրոպ Մաշտոց, Նարեկացի, Կոմիտաս, Եկմալյան, և ոչ միայն հայերեն: Հայագետ Ժան Պիեռ Մահեն փոքրիկ նախաբան է գրել և երգերի բառերը թարգմանել ֆրանսերեն, անգլերեն:
    Դեկտեմբերի առաջին տասնօրյակում Երևան ժամանած Մուրադ Ամիրխանյանը պատմեց նաև իր առաջիկա պլանների մասին. հունվարի 19-ին մենահամերգ Կիևում, փետրվարին՝ Լոնդոնում, որտեղ տեղի կունենա նրա «Ավե Մարիա» սկավառակի շնորհանդեսը, ապա հայտնի պատմաբան Էմանուել Գարսիայի հետ համագործակցության շրջանակներում նախատեսվում է մասնակցություն ցեղասպանությանը նվիրված կոնֆերանսին: «Նա թեման ներկայացնում է շատ հետաքրքիր և ուշագրավ ձևով, և ինձ հրավիրել է, որպեսզի ես ներկայացնեմ հայկական երաժշտություն: Դա այդ կարևոր խնդրին նաև մշակութային մոտեցում է, այլ ոչ թե միայն սոսկ փաստերի ներկայացում: Ֆրանսիայում աշխատում եմ հնարավորինս ներկայացնել Հայաստանը, սերմանել հետաքրքրություն մեր մշակույթի հանդեպ: «Մայր Արաքսի ափերով»-ը ֆրանսերենով հետաքրքրություն է առաջացնում և պատկերացում է տալիս Հայաստանի մասին: Դա շատ կարևոր է ինձ համար… Հայաստանը երազել է տալիս, և եթե դու դեպի լույսը գնացող ստեղծագործող ես, դրսում քո եկեղեցին ես ստեղծում, և դա քո տունը, քո օջախն է…»,-ոգևորությամբ և անթաքույց կարոտով պատմում է զրուցակիցս՝ համարելով, որ մեզ հետ կատարվող ամեն ինչ Աստծո կամքով է տեղի ունենում: Որպես ասվածի հավելում՝ վկայակոչելով.«Երբ ինքնաթիռով Հայաստան էի գալիս 160 ուղևորների մեջ այնպես ստացվեց, որ հենց իմ դիմաց նստեց ուղևոր, որի ձեռքին նոտաներ էին: Շփվեցինք, պարզվեց կանադահայ կոմպոզիտոր Պետրոս Շուժունյանն է, որը Հայաստանում ներկայացնելու էր կանադական «Մոլինարի» քառյակը: Եվ քիչ է նա հայ է, երաժիշտ է, դեռ ավելին՝ հենց իմ ծննդավայր Գյումրիից էր… Հիմա Շուժունյանի հետ մտածում ենք համատեղ համագործակցության մասին: Նա գրել է 8 ձայնանի պատարագ, որն ինձ իսկապես հետաքրքրեց, և վստահ եմ, մեր համագործակցությունը արգասաբեր կլինի»:
    Մուրադն իր նվիրական նպատակն է համարում «Լարինդան և Վանեսիոն» օպերայի հեղինակ Ադոլֆ Հասսեի մեկ այլ՝ հայերիս համար բավականին կարևոր նշանակություն ունեցող ստեղծագործությանն անդրադառնալը.«Այս կոմպոզիտորը գրել է նաև «Տիգրան. Հայոց արքա» օպերան Տիգրան Մեծի մասին: Եվ հնարավոր է, որ երբևէ անդրադառնամ նաև այդ օպերային: Ցավոք, այն ամբողջությամբ չի պահպանվել, բայց համոզված եմ, որ ինչ-որ տեղ արխիվներում ջանասիրաբար փնտրելով, կարելի է ցանկալի արդյունքի հասնել: Չէ, որ մեր զորեղ արքայի մասին ստեղծագործություններ են գրել նաև Ալբինոնին, Վիվալդին, Հենդելը և էլի բազմաթիվ մեծանուն դասականներ»:

Ռուզան Անտոնյան
22.12.2016


Համագործակցության կամար` <<Կամար>>
պարբերականների միջև


    Օրեր առաջ <<Կամար>>-ը հյուրընկալել էր Լիբանանի <<Կամար>> պարբերականի խմբագիր Ժիրայր Դանիելյանին: Ջերմ ու մտերմիկ զրույցի ընթացքում երկուստեք որոշեցին համագործակցել:
    Ինչպես տեղեկացրեց պարոն Դանիելյանը Լիբանանում <<Կամար>> գրականության և գեղարվեստի անկախ քառամսյա պարբերաթերթի անդրանիկ համարը լույս է տեսել 2005 թվականի նոյեմբերին: 2016 թվականին լույս է տեսել պարբերականի հոբելյանական 25-րդ համարը, որը նվիրված է <<Կամար>>-ի 10-ամյակին: Այդ առիթով ամսագրի խմբագրակազմն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց նյութա-բարոյական նեցուկ են եղել, որոնց թվում են հատկապես Գալուստ Գյուլբենկյան հաստատության հայկական բաժանմունքի բոլոր տարիների պատասխանատուները:
    <<Ուզում եմ ներկայացնել Լիբանանում գրական ամսագրի հիմնադրումն ու ինձ վստահված խմբագրի պաշտոնի պատմությունը: 1956 թվականին հիմադրվեց Թեքեյան մշակութային միության <<Շիրակ>> գրական ամսագիրը` խմբագիր Զարե Մելքոնյանի ղեկավարությամբ, ում հետո փոխարինեց Օնիկ Սարգսյանը: Երկուսն էլ հայտնի բանասեր, գրող: Իսկ 1981 թվականին ինձ առաջարկեցին փոխարինել խմբագրին և 8 տարի ստանձնած պարտականություններս իրականացրեցի մինչև 1997 թվականի սեպտեմբեր ամիսը: Մինչ այդ, համալսարանական կրթություն ստանալուց հետո, 23 տարի աշխատել եմ Բեյրութի /Լիբանան/ Հայկազյան քոլեջի /այնուհետև այն դարձավ համալսարան Մ.Մ./ գրադարանի տնօրեն: Այդ տարիներին, 1970-75 թթ-ին, հինգ տարի անընդմեջ, հինգ բանասեր ու գրականագետ ընկերներով հրատարակեցինք <<Երիտասարդ հայ>> գրական, ազգային ու հասարակական ուղղվածության երկշաբաթաթերթը: Այս առիթը օգտագործելով՝ նշեմ նրանց անունները` Հայր Անդրանիկ Կրանյան, Պետրոս Թերզյան, Հովսեփ Մելքոնյան, Լյուդվիգ Թաբաքյան և ես: Այդ շաբաթաթերթը մեծ հաջողություն ունեցավ ու մեծ աղմուկ հանեց այդ շրջանում: Որոշ հանգամանքների բերումով թերթն այլևս լույս չտեսավ: 1987-ին Հայ բարեգործական ընդհանուր միության /ՀԲԸՄ/ Հովակիմյան-Մանուկյան կրթօջախի երկարամյա հիմնադիր տնօրեն Արա Թոփչյանը /հայտնի բանասեր Հակոբ Թոփչյանի որդին/ գնաց հանգստի` 40 տարի անխոնջ ղեկավարելով ու կազմակերպելով հայության համար այդ կարևորագույն կրթօջախի առօրյան: Հենց այդ առիթով ինձ առաջարկվեց փոխարինել իրեն: Եվ այդ օրվանից ես շուրջ 23 տարի շարունակեցի կրթօջախում հաստատված ավանդույթները՝զուգահեռաբար տնօրինելով Հայկազյան համալսարանի գրադարանը: Ես լավ հարաբերություն ունեի Գալուստ Գյուլբենկյան հաստատության հետ, նամանավանդ, հիմնադրամի Լիբանանի ոչ պաշտոնական ներկայացուցիչ /այժմ տնօրեն/ Զավեն Եկավյանի հետ, և մի օր Հալեպում նրան հանդիպեցի ու առաջարկեցի ֆինանսավորել գրական որևէ թերթի հրատարակությունը: Զավեն Եկավյանի առաջարկով հիմնվեց <<Կամար>>-ը: Հարցնում եք՝ինչու <<Կամար>>, ասեմ, որ անվանման շուրջ բազմաթիվ առաջարկներից հետո, նոր պարբերականի համար որոշվեց <<Կամար>> անվանումը, որի խորհուրդն է` երկար ընդհատումներից հետո, մեր ջանքերը համախմբելով, առաջին հերթին կամարել Հայաստան-սփյուռք գրական և միաժամանակ համայն սփյուռքի և Լիբանանի գրական ճիգերը: Մեր պարբերականի բոլոր 25 համարների շապիկի վրա կամար է դրված, որը հենց համախմբելու գաղափարն է կրում իր մեջ: Հետաքրքրական է, որ Հայաստան այս այցիս ընթացքում Բեյրութի <<Կամար>>-ի հետ հարցազրույց է անում մայր հայրենիքի մշակույթի նախարարության <<Կամար>> էլեկտրոնային թերթի խմբագրությունը: Հյուրընկալվելով խմբագրությունում՝ ծանոթացա նրա գործառույթներին և նաև երկար զրույց ունեցա մեզ շատ հայտնի գրականագետ ու բանասեր Մկրտիչ Խերանյանի թոռան` Եղիշե Խերանյանի հետ և տպավորված այդ հանդիպումից, որոշեցինք համագործակցել, որը շատ հուսադրող է երկուստեք: Շարունակելով ասեմ, որ մեր պարբերականը հաջողություններ ունի, և Հայաստանից այսօր <<Կամար>>-ի աշխատակից են դարձել անվանի գրողներ, բանաստեղծներ, գրականագետներ` Պերճ Զեյթունցյանը, Նորայր Ադալյանը, երջանկահիշատակ Հրաչյա Թամրազյանը /հոբեյլանական համարի առաջին էջում զետեղված են Հրաչյա Թամրազյանի բանաստեղծություններից, ցավոք, նա չտեսավ այդ. Մ.Մ./ Հակոբ Մովսեսը, Հենրիկ Էդոյանը և այլք, որոնք սիրահոժար թղթակցում են և իրենց ստեղծագործությունները` առանց վճարի տրամադրում հանդեսին:
    Արդեն 10-ը տարի անընդմեջ <<Կամար>>-ը հրատարակվում է ու աշխարհի տարբեր հայաշատ համայնքներին հասանելի գրական պարբերական է, վայելում է մեծ հետաքրքրություն: Սփյուռքում մամուլ, պարբերաթերթ հրատարակելը, ի սկզբանե, հերոսական ջանքերի արդյունք է ի տարբերություն հայրենիքի, մանավանդ Սովետական շրջանում: Երբ ժողովրդի ոտքը հայրենի հողի վրա է, դժվարություններն ավելի հեշտ են լուծվում, թեկուզ ոչ հեշտությամբ, բայց միջոցներ գտնում են: Իսկ սփյուռքում` մամուլ հրատարակելը բոլորովին տարբեր իմաստ ու նշանակություն ունի: Երկու <<Կամար>>-ները նույն առաքելությամբ մշակութային կոթողներ են դառնում: Իմ մաղթանքն է, որ այս առաջին հարցազրույցը մեր երկու պարբերականների փոխհարաբերությունների հաստատման ամուր հիմքերը կազմեն: Մաղթում եմ, որ մեր աշխատանքները անխափան շարունակվեն>>:
    Այժմ անդրադառնանք, թե որտեղից են պարոն Դանիելյանի արմատները, և ինչպես են հայտնվել Լիբանանում: Ժիրայր Դանիելյանի հայրը` Կարապետը, մայրը` Սիրարփին, ծնվել են Ադանայում: Երկու կողմի պապերն ու ապուպապերը արմատներով Հաճնից են: Հայրական կողմի պապերից շատ քիչ տեղեկություններ կան, միայն գիտեն, որ երկկողմանի որբ են եղել: Մայրական կողմի պապը Ադանայում հայտնի հացթուխ է եղել:
    1941-ի ապրիլին Դանիելյանների ընտանիքում ծնվում է Ժիրայրը: Գերդաստանի բոլոր 10-ը տղա թոռները եղել ու մնում են ՀԲԸՄ անդամ ու շարունակում են իրենց ազգանվեր գործունեությունը: Տարիներ անց Լիբանանում Ժիրայր Դանիելյանը ամուսնանում է խարբերդցի-սեբաստացի ծնողների դուստր Զվարթ Մարտիրոսյանի հետ, որը գրադարանավար էր, և ունենում են երկու գեղեցկուհի դուստր` Մարալ և Արփի: Երկուսն էլ ստացել են համալսարանական կրթություն և մասնագիտացած են որպես էլեկտրոնիկ-ինժեներ ու Բոստոնում ապրելով հայությունն ամուր պահում ու փոխանցում են իրենց զավակներին: Այսօր 4 թոռների տեր, Ժիրայր Դանիելյանն ու տիկին Զվարթը ամեն կերպ ջանում են իրենց արմատներից ստացած ավանդույթները փոխանցել իրենց գերդաստանը շարունակողներին ու նոր սերնդին:

Մարիետա Մակարյան
12.09.2016

Հայ լինելն ու հայ մնալը մեր ընտանիքում գերխնդիր է


    1915 թվականի Հայոց ցեղասպանությունից անցել է 101 տարի, սակայն աշխարհով մեկ տարագիր դարձած, ցեղասպանությունից հրաշքով փրկվածները շարունակում են իրենց գերդաստանների շառավիղը, հայկական սովորույթներն ու մշակույթը: Պալյան գերդաստանի երրորդ սերնդի ներկայացուցիչ պարոն Ռաֆֆի Պալյանի հետ «Կամար»-ի հարցազրույցը ներկայացնում ենք մեր ընթերցողներին:
    ԱՄՆ-ի Փասադենա քաղաքում է ապրում Պալյանների ընտանիքը: Ռաֆֆի Պալյանի հայրը`Սարգիս Պալյանը, ծնվել է Կիլիկիայի Սիս մայրաքաղաքում, մայրը`Աստղիկ Պալյանը, ծնվել է Նոր Հաճընում: Գաղթի ճանապարհը բռնած Պալյան գերդաստանից փրկվածները հասնում են Լիբանան ու հաստատվում Բեյրութում: 1946-ին, երբ կազմակերպվում է դեպի Հայաստան հայրենադարձության առաջին ալիքը Ռաֆֆիի տատիկն ու պապիկը միանում են հայրենիք շտապողների շարքերին և հաստատվում Լենինականում մինչև վախճանը:
    Լիբանանում ծնված Ռաֆֆին 1976-ին գալիս է Հայաստան և ուսանում Երևանի բժշկական ինստիտուտում` վերականգնողական բժշկի մասնագիտությամբ: Նա ուսանել է Բեյրութի կոնսերվատորիայի ջութակի բաժնում և երաժշտության հետ կապն ու սերը մշտապես ուղեկցել են նրան: Այդ սերը նրան է փոխանցվել իր հորեղբայր, անվանի երաժիշտ Խորեն Պալյանից: Ուսանողական տարիներին Խորեն Պալյանի և հիասքանչ ու անկրկնելի երգչուհի Լուսինե Զաքարյանի հետ մշտապես պահել են կապը, այցելել նրանց:
    Պալյանների ընտանիքում առօրյա խոսակցականը հայերենն է, բացի տիկնոջից, որը տիրապետում է, բայց դժվարությամբ է խոսում /նա ծնունդով կանադացի է/:
     1989 թվականի հոկտեմբերի 14-ին նրանք պսակադրվել  են Հայաստանում,  Շողակաթ եկեղեցում՝ Խորեն Պալյանի կնքահայրությամբ: Պսակադրության արարողությանն իր չքնաղ ու անկրկնելի ձայնով երգել է Լուսինե Զաքարյանը:
    «Լուսինե Զաքարյանը եզակի ձայն ուներ, որին ժամերով կարող էիր լսել ու զմայլվել: Ե՛վ հորեղբայրս, և՛ Լուսինեն հայ ժաղովրդի պարծանքն են, և հպարտ եմ, որ ունեցել եմ տաղանդավոր երգիչ հորեղբայր, որը նաև Երևանի համալսարանում և ճեմարանում դասավանդում էր հայոց լեզու և գրաբար առարկաներ: Այս անգամ Հայաստան այցիս ընթացքում այցելեցի ՀՀ մշակույթի նախարարություն, հանդիպեցի փոխնախարար Ներսեր Տեր-Վարդանյանին, զրուցեցինք իմ հորեղբոր ու Լուսինե Զաքարյանի տունը տուն-թանգարանի վերածելու ծրագրի շուրջը: Ես և իմ բարեկամներն արդեն երեք ամիս է հիմնել ենք «Լուսինե Զաքարյան» հիմնադրամ և այդ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներով նպատակ ունենք իրագործել տուն-թանգարանի ծրագիրը: Այս հարցով մենք երկար տարիներ զբաղվում ենք և առաջ քաշված իրավական հարցերը ինչ-որ չափով խանգարում էին ծրագրի իրագործմանը: Հուրախություն բոլորի, այսօր արդեն այդ իրավական հարցերը լուծված են /զարմիկներին տվել ենք հատուցում/ և մենք կարող ենք անցնել այդ ծրագրի իրականացմանը, անշուշտ, ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ և օժանդակությամբ: Որոշակի վերանորոգման աշխատանքներից հետո տուն-թանգարանը կծառայի յուրօրինակ սրբատեղի, ուր կկարողանա հաճախել համայն հայ ժողովուրդը, պատերի ներսում լսել ու ըմբոշխնել չքնաղ Լուսինե Զաքարյանի անմահ ձայնը: Սա էր իմ այս այցի նպատակը: Մենք միշտ պետք է հպարտ լինենք ու վառ պահենք նրանց՝ անզուգական ամուսինների հիշատակը և վաստակը»,-ասաց Ռաֆֆի Պալյանը:
    Մինչև այժմ պահպանված ձայնագրությունները, լուսանկարները, դաշնամուրը և այլ իրեր կվերանորոգվեն և Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանն իր դռները կբացի:

            Մարիետա Մակարյան
18.06.2016

Ջութակահար Լևոն Չիլինկիրյան.
<<Երբ ամեն հայերը միասին են>>


    Ջութակահար Լևոն Չիլինկիրյանին հանդիպեցինք երևանյան մի սրճարանում, ուր հավաքվել էին տաղանդավոր ու աշխարհահռչակ հայերով: Ապրիլյան այդ անհանգիստ օրը միասին էին Մեծ Բրիտանիայից ժամանած բարձրահասակ ու հանդարտ ջութակահարը, ամոթխած Լևոն Արոնյանը և հայոց հողի վրա քայլող հանճարեղ հայ Տիգրան Մանսուրյանը՝  Ֆրանսիայից ժամանած քրոջ` Սոնյայի ուղեկցությամբ:
    Ճակատագրականության դրոշմ ունեցող այս օրերին մի են հայատանցի և սփյուռքահայ, և աշխարհի բոլոր հայերին համակած այդ զգացողությունը Լևոն Չիլինկիրյանն այսպես ձևակերպեց.<<երբ ամեն հայերը միասին են>>:
    Աշխարհի ամեն հայերից մեկը` Լևոն Չիլինկիրյանը, պատմեց իր արմատների մասին.<<Կիպրոս ծնած եմ, մերոնք հոն ինկան 1921-ին: Երկու կողմեն տարբեր ծագում ունեին, հայրս պոլսահայ էր և իմ մեծ հայրս ճիշտ նույն անունն ուներ: Դպրապետ էր Պոլսո մեջ, առավոտյան ժամերգության <<Արևագալի երգեր>> է գրել: Պատարագ է հեղինակել, ամենն ալ կփորձեին, մեղեդին քիչ մը տարբեր, ինքն է, որ առաջին անգամ ըլլալով երգեհոնը ներկայացուցեր է Պոլսո մեջ, 20-րդ դարի 1906 թվականին: Մամայիս կողմեն Ադանա, երաժիշտ, դաշնակահար էին մորեղբայրս` Վահան Պէտէլեան, մորեղբայրս` Մանուկ Բարիքեան, աշակերտեցի Սեպուհ Աբգարեանին>>:
    Ջութակահար-դիրիժորն ուրույն տեսակետ ունի պատարագի մասին.<<Հին ձևով պատարագ լսեցի Պոլսում, ավանդական, միաձայն պատարագ, անշուշտ, երգեհոնը կար: Ես եկեղեցի չեմ գնա օպերա լսելու, ես եկեղեցի կերթամ աղոթելու, մեր երգը արդեն աղոթք է, այս որ մենք կսենք զարգացում, և գյուղի օրիորդները եկեղեցում ռուսական ձևով օպերա կերգեն…>>: Խոսքը չի ավարտում նրբանկատ երաժիշտը, և ընդունում ես իր առարկությունը:
    Մանսուրյանի Ռեքվիեմի մասին Լևոն Չիլինկիրյանն արձագանքեց.<<Շատ ըսած եմ` <<Ռեքվիեմը>> ինձի համար այս 100-ամյակի ամենեն կարևոր գեղարվեստական հատվածն էր, ճիշտ մարդն է, ճիշտ ոգի ունի և ճիշտ ժամանակին հասցուց: Ոգիեն հարյուրեն հարյուր հայ, հոյակապ ստեղծագործություն է: Ադկե ավելի լավ չեմ կրնար երևակայել: Տիգրանը կանխիկ ասիկա գրած էր, ինքը իր շատ համեստ ձևով իրեն նվերն է մեզի ասիկա, հանճարե~ղ…Առաջ ալ կնայի, այդ սերնդեն է>>:
    Մի քանի սերունդ երաժիշտների ընտանիքում մեծացած Լևոնի համար երաժիշտ դառնալը ոչ կանխորոշված էր, ոչ էլ խրախուսվում էր:
    <<Ոչ, կանխորոշված չէր, իմ ընտանիքս, իրենց ամենամեծ ցանկությանն այն էր, որ շնորհքով գործ մը ունենամ` բժիշկ, ուրիշ գործ… Բայց ինչ որ եղավ, այդ ճամփեն բռնեցի, հետզհետե ինչ որ հաջողեցավ, ինձի համար էլ անսպասելի էր: 18 տարեկանին որոշեցի երթալ երաժշտական դպրոց: Մեր ընտանքին մեջ ամեն մարդ 5 տարեկանեն ձեռքերնիս ջութակ կդնեին, լավ էի, որ կքաջալերեին: Եվ այդ ձևով Լոնդոն ուսանեցա, խումբ կազմեցի, քառյակս 71 թվին կազմեցի: Հիմա առանձին եկած եմ, քառյակը առաջինը նվագել է Մանսուրյանի Թավջութակի կվինտետը: 10-ը տարի առաջ Ջութակի 2-րդ կոնցերտը Շվեդիայում առաջին անգամ նվագեցինք, 2006 թվականին, ինքը ներկա էր: Անկե զատ ես Լոնդոն դաս կուտամ ակադեմիա>>,-համեստորեն, ասես, իմիջիայլոց պատմում է Լևոն Չիլինկիրյանը:

    Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջի պրոֆեսորը

    Հպարտությամբ պատմում է կնոջ մասին, ով այս այցին ոչ միայն ընկերակցում է ամուսնուն, այլև գործ ունի.<<Կինս` Շուշան Պատիեն, մոր կողմեն քեսապցի, ազգագրագետ է, թեզը կիպրահայերու մասին է, իր վերջին աշխատանքը կամավորներու մասին է: Հոս եկա երկու նպատակով` պետական կամերային նվագախմբի հետ բարեգործական համերգ, ի նպաստ զինվորներին, երկրորդ նպատակս` Գյումրիի <<Վերածնունդ>> մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամ>>:
    <<Հայաստանի բեռով եք ապրում սփյուռքում>> խոսքին պատասխանում է.<<Որքան զորավոր ըլլանք մեր գաղութների մեջ, այնքան լավ: Մենք մեծ կենտրոններ ունինք Երուսաղեմ, Հալեպ, Պոլիս, Բեյրութ, Վենետիկ, Վիեննա, այս կենտրոնները նույնքան կարևոր են, որ պահենք-պահպանենք: Ամեն հայերը միասին ենք>>:

                                Գայանե Մկրտչյան
03.05.2016


Հայրենի հողն ինձ ուժ է տալիս

    Օրեր առաջ «Կամար»-ը հյուրընկալել էր հալեպահայ անվանի մտավորական, հասարակական գործիչ, գրականագետ, փիլիսոփա 88-ամյա ժպտադեմ այր Թորոս Թորանյանին:
1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացրած Ցեղասպանությունը միլիոնավոր ընտանիքների պապենական հողից արմատախիլ արեց: Իսկ նրանք, ովքեր հրաշքով փրկվեցին` աշխարհով մեկ դեգերեցին ու նոր տուն, օջախ հիմնեցին՝ օտար ափերում:
    Միլիոնավոր ընտանիքներից մեկն էր նաև Թորանյան գերդաստանը: Մեծ հայրը  ծնվել է Կիլիկիայի Ջիբին /Այնթափի շրջան/ գյուղում, մեծ մայրը՝ գեղեցկադեմ Գոհարը, Եգիպտոսում: 1915 թվին, երբ Թորոս Թորանյանի մայրը /Վարդուհին/ ընդամենը 6 տարեկան էր, Գոհար մայրիկը նրան թողնում է մի քուրդ ընտանիքի մոտ, որ քաղցից չմահանա: Երբ 1918-ին Օսմանյան բանակը պարտվում է, այդ բանակի զինվոր Թորոսի պապը քայլելով հասնում է Հալեպ, գտնում է ընտանիքին ու նաև փոքրիկ Վարդուհուն և վերակազմավորվելով հաստատվում են Հալեպում:
    1928 թվականի փետրվարի 29-ին Թորանյանների ընտանիքում կրկին մանկան ճիչ է լսվում, ծնվում է Թորոսը: Երկու տարեկանում կորցնում է հորը: Որբուկը փոքրուց աչքի է ընկել առաձնահատուկ խելքով: Նա նախնական կրթություն է ստացել Հալեպի մի քանի վարժարաններում: Սուրբ Խաչ եկեղեցու Մեսրոպյան վարժարանում երկու տարի սովորելուց հետո տեղափոխվում է ուսանելու նոր` 9-ամյա «Ուսումնասիրաց վարժարան» /այդ վարժարանի սան է եղել նաև Ստեփան Ալաջաջյանը/: Վարժարանի տնօրեն Լևոն Լևոնյանը հատուկ ուշադրություն է դարձնում շնորհալի  պատանուն, նրան հանձնարարում ասմունքել, երգել ու միշտ  հորդորում է, որ լավ սովորի, պիտանի մարդ դառնա ազգի համար: Տնօրենը Այնթափից ոսկի է բերում և  բոլոր աշակերտների վարձերն անձամբ վճարում, որ որևէ մեկը անուսում չմնա: Իսկ դասերից առաջ պարտադիր «Առավոտ լուսո» շարական երգելուց հետո միայն  աշակերտներին դասարան էր տանում:
    Ուսումնառության ընթացքը պատանի Թորոսը շարունակում է` մեկ տարի ուսանելով Գյուլբենկյան վարժարանում: 1943-ին ավարտում է ուսումը, իր անմոռաց ուսուցիչներ Վարդան Երամյանի և Սիմոն Սիմոնյանի հովանավորությամբ ու վարժարանի կողմից տարին մեկ անգամ տրվող անվճար հագուստ ու կոշիկ ստանալով` /այդ տարիներին նման հագուստն ու կոշիկը պարզապես շքեղություն էր/ ոգևորված սկսում է ստեղծագործել: Այնուհետև մեկ տարի սովորում է Ամերիկյան քոլեջում, որտեղ հանդիպում է մի ուսուցչի ու նրա խորհրդով ընդունվում Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատություն:
    Տարիներ հետո Թորոս Թորանյանն ամուսնանում է, ունենում երկու զավակ՝ Արա և Անի, այնուհետ ընտանիքով տեղափոխվում է Բուլղարիա, ընդունվում Սոֆիայի համալսարան, երեք տարի սովորում և ուսումնասիրում քաղաքատնտեսություն թեմաներ: Այդ օրերին նամակ է ստանում ծնողներից, որտեղ գրված էր, որ Հայաստան ներգաղթելու համար պետք է համախմբվել: Տարիներ անց ներգաղթը հաջողվում է և 1963-ին Թորանյանները գալիս են հայրենիք: Երեխաները սովորում են Չարենցի անվան դպրոցում, իսկ Թորոս Թորանյանն ընդունվում է Երևանի բժշկական ինստիտուտ, ուսանում ընդհանուր բժշկություն: 7 տարի հետո նրանց ընտանիքը վերադառնում է Հալեպ:
    Առաջին գիրքը Թորանյանը տպագրել է Բեյրութում 1960-ին` վերնագրված «Աստղերու ճամփա»: Հաջորդը՝ Հայաստանում, «Կանաչ տառեր» Վահագն Դավթյանի խմբագրությամբ: Այնուհետև «Արևս խմած դարերով»-ը Ֆրանսիայում և այլն:
    Այսօր Թորոս Թորանյանի գրական ժառանգության մասն են կազմում բանաստեղծությունների 17 ժողովածուները, 1000-ից ավելի գրականագիտական գրախոսականներ: Նա տասնյակ տարիների ընթացքում հայ և սփյուռքահայ գրողների գործերը մեկնաբանություններով, վերլուծություններով, միաժամանակ ներկայացրել է և՛ մայր հայրենիքում, և՛ սփյուռքում: Բազմաթիվ են նաև Թորանյանի աջակցությամբ արաբերեն թագմանված հայ անվանի գրողների գործերը, որոնք նա նաև ջանադրաբար տպագրել է իր միջոցներով: Մի քանի հարյուրի է հասնում Թորանյանի հեղինակությամբ հրատարակված գրքերի ցանկը, 5 ժողովածուները, որոնցից մեկի ձևավորումն արել է Գառզուն: Թորանյանը հոդվածներով ու  բանախոսություններով հանդես է եկել Հալեպի, Բեյրութի, Ֆրանսիայի, Հայաստանի և այլ երկրների մամուլի էջերում և շարունակում է այդ աշխատանքները մինչև օրս` տպագրվելով «Զարթոնք», «Արարատ», «Կամար», «Արծիվ» և այլ պարբերականներում:
    Թորոս Թորանյանի գրական գործունեությունը բարձր է գնահատվել և նրան 1968-ին ընդունել են Հայաստանի գրողների միության ընտանիք: Գրականագետի անձնական ու գրական արխիվը` հոդվածներ, փաստաթղթեր, վավերագրեր, 150 նամակներ, 500-ից ավելի լուսանկարներ, հանձնված են Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին:
    Այսօր էլ գրականագետը ամենօրյա իր ծրագրում շարունակում է բուռն գրականագիտական գործունեությունը, մասնակցում մայր հայրենիքում կատարվող  գրական բոլոր միջոցառումներին: Թորանյանների ընտանիքը մի քանի ամիս է վերջնականապես հաստատվել է մայր հայրենիքում ու հպարտորեն նշում է,«Առանց այս հողի ու ջրի  իմ կյանքը իմաստ չէր ունենա: Սա է իմ հանգրվանը, սա է իմ տունն ու  մայր հողը, որից ես ուժ ու եռանդ եմ ստանում մշտապես...»:
    Մեր զրույցը ընթանում էր մի քանի ժամ, ու ամեն անգամ Թորանյանի միտքը այնքան պայծառ էր, հիշողությունը` բացառիկ: Այժմ էլ Թորանյանը հատուկ ուսումնասիրություններ, հարցազրույցներ է ձայնագրում Հայաստանում հաստատված սիրիահայերի մասին ու այդ ամենը առաջիկայում դառնալու են հերթական գրքի նյութ:
    Այժմ գրականագետի սեղանին են գրախոսականներ, որոնց թվում են Սուրեն Դանիելյանի գրականագիտական հատորների մասին 110 էջանոց աշխատությունը և գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի մասին իր հուշերի ամփոփագիրը /ում հետ սովորել է Մելքոնյան վարժարանում/:
    Առաջիկայում Թորոս Թորանյանի հետ նախատեսված են գրական հանդիպումներ, ստեղծագործական երեկոներ, որոնց  մեծ հայրենասերը սրտատրոփ սպասում է:
    Մաղթենք նրան քաջ առողջություն ու երկարակեցության:

                                                                        Մարիետա Մակարյան
27.01.2016


Անտեսանելին ընկալելի դարձնող քանդակագործը

    Ֆլորենցիայում բնակվող հայազգի նկարիչ Միքայել Օհանջանյանը բավականին երիտասարդ տարիքում է հանրաճանաչություն ձեռք բերել: Ընդամենը 21 տարեկան էր, երբ 1998-ին Իտալիայում մասնակցելով Ռավեննայի Դանթեի անվան քանդակի 13-րդ միջազգային բիենալեին և լինելով վերջինիս պատմության մեջ ամենաերիտասարդ մասնակիցը, արժանանում երրորդ մրցանակի՝ այդպիսով, ասես, ճանապարհ բացելով նոր հաջողությունների ու մրցանակների համար, որոնց ցանկն արդեն իսկ պատկառանք է ներշնչում: Այն նաև ճակատագրական եղավ երիտասարդ քանդակագործի համար՝ նպաստելով ուսումը Իտալիայում շարունակելու որոշումն ընդունելուն: Եվ, ինչպես Հայաստանում՝ Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, ապա՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան, Ֆլորենցիայի գեղեցիկ արվեստների ակադեմիան ևս ավարտում է գերազանցությամբ:
       Ֆորտունան, երևում է, բարեհաճ է նրա հանդեպ. իր սիրելիների շարքին է դասել և առանձնահատուկ գորովանքով իր անիվի զենիթում է պահում նրան: Այդ մասին է վկայում նրա հետագա ձեռքբերումների ժամանակագրությունը. կրկին երրորդ մրցանակ Ֆլորենցիայի 19-րդ (2001թ.) և պատվավոր դիպլոմ՝ 20-րդ (2002թ.) մրցանակաբաշխություններում, 1-ին մրցանակ՝ Պավիայի  ժամանակակից արվեստի 2-րդ միջազգային բիենալեում (2003թ.), MOVIN'UP 2006, Targetti լուսային արվեստի  (Targetti Light Art, 2009թ.) և Premio Henraux մրցանակաբաշխություններում (2014թ.):
    2014 թվականի կարևոր ձեռքբերումներից է մասնակցությունը «Henraux”  հիմնադրամի կողմից կազմակերպված համանուն 2-րդ միջազգային մրցույթին՝ նվիրված ժամանակակից քանդակագործությանը և Միքելանջելոյի կողմից հայտնաբերված Վերսիլիայի Մոնտե  Ալտիսսիմո մարմարին։             2012 թվականից անցկացվող այս հեղինակավոր մրցանակաբաշխությունը իտալական մարմարի հանքարդյունաբերությամբ զբաղվող հնագույն ընկերություններից մեկի՝ Ժան Բապտիստ Ալեքսանդր Անղոյի անվան ընկերության նախաձեռնություններից է: Ներկայացված 22 հայտերից ժյուրին ընտրել էր չորս նախագիծ, որոնք պետք է իրականացվեին «Անղո» հիմնադրամի լաբորատորիաներում: Դրանցից մեկը Միքայել Օհանջանյանի «Անտեսանելիի նյութականությունը» նախագիծն էր, որն էլ նրան նորից հաղթանակ է բերում:
      Արվեստի պատմաբան, քննադատ Տոնի Տոնիատոն այդ մասին գրել է.  «Միքայել Օհանջանյանի յուրաքանչյուր նախագծի մշակման մեջ մենք միշտ գտնում ենք փորձ` նորովի մարմնավորել մինչ այդ չարտահայտվածը: Նրա քանդակները  պարունակում և ակտիվացնում են հակադրությունները՝ խիստ ճշգրտությունն ընդդեմ անորոշ ձևերի, շատ պարզ ընդարձակության մեջ, որտեղ նյութը գտնվում է լույսից  դուրս առանց եզրագծերի, որտեղ անտեսանելին ցուցադրում է ինքն իրեն իրական  առարկաների մեջ, որն էլ նորից բացահայտում է անտեսանելիի փոփոխությունը հենց նրա ընկալելի դառնալու պահին»: «Ֆլորենցիայում ուսանելու տարիներին, էլ ավելի ուսունասիրելով դասական և վերածննդի արվեստը, միաժամանակ ծանոթանալով ժամանակակից արվեստին, ինչ-որ մի պահ հասկացա, որ այն, ինչ անում եմ և այն, ինչ զգում եմ, չեն հատվում: Մտածված, գեղեցիկ աշխատանք, բայց իրականության և իմ զգացածի հետ կապ չունեցող: Հասունացավ այդ ամենը բեկելու ցանկություն, և սկսեցի քանդակը պատկերել ոչ թե դրսից, այլ ներսից: Դա մտավոր վերլուծության արդյունք էր: Զուտ մարդուն ուսումնասիրելու և մակերեսից այն կողմ եղածը հասկանալու ցանկություն էր: Հենց այդ ժամանակ էլ որոշեցի որոնումներս սկսել շատ պարզ ծավալից՝ խորանարդից, որի միջոցով փորձում եմ արտահայտել այն, ինչ զգում եմ: Փորձում եմ ուսումնասիրել ներքինի և արտաքինի լարված կամ ոչ լարված հարաբերությունները բոլոր կողմերից:  Premio Henraux  քանդակագործության երկրորդ միջազգային մրցույթում ներկայացրեցի մի աշխատանք, որը պատկերում էր իմ նախորդ ստեղծագործություններից մեկի դատարկ տարածությունը: Պարզապես ցանկություն էր քանդակել դատարկությունը: Ես չեմ կարծում, որ այդ դատարկ տարածությունը գոյություն չունեցող երևույթ է: Գոյություն ունեն տարբեր իրականություններ, որոնք կարող են լինել նյութական և ոչ նյութական»,-իր աշխատանքը մեկնաբանել է քանդակագործը:
        Այս տարին ևս արգասաբեր էր Միքայել Օհանջանյանի համար: Նա Վենետիկի ժամանակակից արվեստի 56-րդ բիենալեում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական տաղավարի ցուցադրությանը մասնակցող սփյուռքահայ 18 արվեստագետներից մեկն էր: Բիենալեի «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին  արժանացած հայկական՝  HYPERLINK "http://www.armenity.net/" t "_blank" Armenity («Հայություն») տաղավարում  Օհանջանյանը ներկայացրել էր իր «Տասներկու» ստեղծագործությունը: Այն բաղկացած է 12 քանդակներից՝ մոտ 12 մետր տրամագծով: «Տասներկուսը խորհրդանշական թիվ է, որն արտահայտում է մի ցիկլ։ Այս ասխատանքում փորձել եմ ներկայացնել յուրահատուկ մի զգացողությունը, որ ունեցել եմ դեռ մանուկ հասակից և շարունակում եմ ունենալ դեռ ամեն անգամ երբ այցելում եմ Հայաստան։ Խոսքս տարածական յուրահատուկ մի ռիթմի մասին է, որն այստեղ՝ Հայաստանում եմ զգում: Քանդակն արել եմ Քարահունջից ազդված: Այնտեղի քարերի անցքերն ինձ համար դեպի նորը նայելու պատուհաններ, դարպասներ են խորհրդանշում, թեպետ այդ քարերի և անցքերի շուրջ գիտական տարբեր մոտեցումներ կան։ Դեռ փոքր տարիքում, երբ նայում ենք երկնքին, ուրիշ իրականություն տեսնելու, երազելու, նորին ձգտելու ցանկություն ենք ունենում:  Ցեղասպանության 100-ամյակին նվիրված այս ցուցահանդեսում նորին նայելու ցանկությունն ու կամքն ուզեցի շեշտել: Այն փաստը, որ այսօր գոյություն ունենք, կանք, կարողանում ենք ստեղծագործել, արդեն կամքի ուժ է, պետք է հենց այդ ուղղությամբ աշխատել»,-ասում է Միքայել Օհանջանյանը: 
      Օհանջանյանն անդամակցում է Art For The World արվեստի  միջազգային միությանը (Ժնև), ՅՈՒՆԵՍԿՕ-ի  պլաստիկ  արվեստների միջազգային միությանը (Փարիզ), Հայաստանի նկարիչների միության  մշտական անդամ է: Նա բազմաթիվ ազգային և միջազգային ցուցահանդեսների մասնակից է: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ֆլորենցիայի LuzArt, Quadro 0.96, Բոլոնիայի Spazio Blue ցուցասրահներում: Նրա աշխատանքները գտնվում են Վատիկանի Ֆրանսիական հայրապետական  ճեմարանի եկեղեցական քոլեջում (Հռոմ), Վատիկանի սուրբ Ռոբերտո Բելարմինի հայրապետական քոլեջում (Հռոմ), Henraux հիմնադրամի, Targetti լուսարվեստի հիմնադրամի հավաքածուներում, Նոյսշտադի քաղաքապետարանի հավաքածուում (Գերմանիա), ինչպես նաև Կանադայի, Հոլանդիայի, Բելգիայի, Իտալիայի և ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում:   
       Օհանջանյանն իր աշխատանքներում օգտագործում է տարատեսակ նյութեր՝ սպիտակ նեոնային խողովակներ, հայելիներ, երկաթ, օրգանական ապակի, պոլիեսթեր, թելեր, ածխածնի մանրաթել, չժանգոտվող պողպատ, գիպս, բրոնզ, օպտիկական մանրաթել, մարմար: 
      Լուսանկարների հեղինակներն են` Միքայել Օհանջանյանը, Անդրեա Մեսանան, Վ. Ջվիսուալուպը:

Ռուզան Անտոնյան
26.11.2015




Հայրենիքի կարոտը՝  ներշնչանքի և հոգևոր սննդի աղբյուր


    Շվեդահայ դաշնակահարուհի Կարին Հելման-Գևորգյանի հետ  յուրաքանչյուր հանդիպում հայ լինելու զգացողությամբ հպարտանալու և հաճելիորեն զարմանալու նոր առիթ է, որն արդեն երկու տասնամյակ նա ընձեռում է երաժշտասեր հայ հանրությանը: 1991 թվականին շվեդ Թոմի Հելմանի հետ ամուսնությունը և Շվեդիա տեղափոխվելը միայն տարածությամբ բաժանեց նրան Հայաստանից:
    -Սկզբում շատ դժվար էր, արևաշատ Հայաստանից միանգամից հայտնվել ցուրտ ու անծանոթ երկրում: Դա իսկական փորձություն էր ինձ համար: Եվ, թերևս, ամուսնուս սերը, Հայաստանի մշակութային կյանքով ապրելը և դրան անմիջականորեն արձագանքելը դարձան իմ հաղթաթղթերըա,-հիշում է Կարինը:
    Հենց Հայաստանն էլ բառացիորեն դարձել էր երիտասարդ ամուսինների սիրո առհավատչյան: Թոմի Հելմանը, որպես պատմաբան, հրապուրված էր Հայաստանով և հայկական մշակույթով, իսկ հետո էլ՝ հայուհի Կարին Գևորգյանով: Նրանց այդ ինքնատիպ սիրո պտուղ երկու զավակներն էլ կրում են հայկական անուններ՝ Հովհաննես և Սոնա … 
    Անշուշտ, դժվար էր Շվեդիայի նման օրինապահ և եվրոպական երաժշտական ավանդույթներով առաջնորդվող երկրում ինքնուրույն գործունեություն ծավալել և երաժշտական ուղի հարթել: Կայացման դժվարին այդ ուղին նա անցել է տարբեր դռներ թակելով և որպես արվեստագետ՝ իր մասին հայտնելով… Արդյունքը՝  աշխատանքային գործունեությունն էր Ստոկհոլմի թագավորական օպերայում: Հայ-շվեդական մշակութային «դեսպանի» դերն ինքնաբուխ ստանձնած հայուհու ջանքերով սկանդինավյան հեռավոր և ցրտաշունչ երկրամասում հայկական մշակույթին հաղորդակցվելու հրաշալի հնարավորություն ընձեռվեց: Հայկական տոնացույցի գրեթե բոլոր նշանակալից օրերը նրա ուշադրության կենտրոնում են և կամերային փոքր համերգ-դասախոսությունների ձևով նշվում են ոչ միայն հայկական համայնքի համար կազմակերպվող միջոցառումների ժամանակ: Շվեդ ճանաչված մենակատարների երկացանկը, որոնք  համագործակցում են Կարին Գևորգյանի հետ,  պարբերաբար թարմացվում են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով՝ Կոմիտաս, Ա. Դոդոխյանի «Ծիծեռնակը», Է. Միրզոյանի «Երազ տեսա», «Բարեկամության երգը» և այլն:  Երբ տարիներ առաջ «Արտիստները՝ հանուն խաղաղության» կենտրոնում նա ներկայացրել էր «Բարեկամության երգը»՝ «Տուր ձեռքդ թանկագին, ձեռքդ հարազատ…» խորհրդանշական գեղեցիկ նախաբանով, այն այնպիսի ջերմ ընդունելություն էր գտել շվեդ կատարողների շրջանում, որ թարգմանվել է շվեդերեն և որոշվել ուսուցանել շվեդական ուսումնական հաստատություններում:
    Ներկայում Կարինն ազատ ստեղծագործում և շարունակում է տարբեր երաժշտական նախագծեր իրականացնել: Հատուկ ծրագրեր է նվիրում Հայաստանին: Այսպես, «Երաժշտություն Արարատյան երկրից» խորագրով հուշ-երեկոն 1998 թվականին նվիրված էր Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի 10-ամյա տարելիցին: Մեկ այլ՝ «Երաժշական ճանապարհորդություն երկրների միջև» միջոցառումը հրաշալի հնարավորություն էր ծանոթանալու հայ, շվեդ և նորվեգացի դասականների ստեղծագործություններին: Համերգային միջոցառումների առանձին շարք նա նվիրել է հայ կոմպոզիտորների հոբելյանական տարեդարձերին՝ Կոմիտաս, Առնո Բաբաջանյան, Էդվարդ Միրզոյան, Ալեքսանդր Հարությունյան, Գեղունի Չթչյան… Նույնպիսի նախանձախնդրությամբ կարևոր իրադարձությունների առիթով, առաջին իսկ հնարավորության դեպքում նա շտապում է հայրենիք՝ դրանց անձամբ մասնակցելու և ստեղծագործական նոր լիցք ստանալու նպատակով: Հագեցած ծրագրով այցելությունների ընթացքում Կարին Գևորգյանը հասցնում է վարպետության դասեր անցկացնել մայրաքաղաքի երաժշտական դպրոցներում, համերգ-հանդիպումներ՝ ծերանոցներում:     Այցելությունների ժամանակ նրան հաճախ ընկերակցում են շվեդ ճանաչված կատարողներ: 
    Այս անգամ Կարին Գևորգյանը հայրենիք է եկել շվեդ երգչուհի Վիլունդ Անն-Քրիստինեի հետ՝ մասնակցելու «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնին: Փառատոնային հագեցած օրակարգի շրջանակում նրանք կարողացան առանձին համերգով հանդես գալ  նաև Չարենցի տուն թանգարանում: Շվեդ երգչուհին Կարին Գևորգյանի նվագակցությամբ կատարեց Կոմիտասի և շվեդ կոմպոզիտորների ստեղծագործություններից: «Կանչե կռունկը» հնչեց հայերեն և շվեդերեն. տեքստը թարգմանել է Կարինը: Շվեդական ստեղծագործություններում հնչում էին բնությանը, արևին նվիրված խոսքեր: 
    -Հայկական և շվեդական եղանակային տարբերություններն, ասես, իրենց արտացոլումն են գտել նաև երաժշտարվեստում: Այդ ուշագրավ հակադրությունը մեծ հետաքրքրություն է ստեղծագործողի համար: Շվեդիայում արևոտ եղանակ շատ քիչ  է լինում, և արևին նվիրված բազմաթիվ ստեղծագործություններ կան՝ Գուստավ Նորդքվիստի «Արևը Շվեդիայի վրա»  ռոմանսը, Պետերշոն Բերգերի «Արևի հիմնը», Հյուգո Ալվենի «Արևը շողը» դաշնամուրային ստեղծագործությունները և այլն»,-ասում է Կարին Գևորգյանը և հավելում,- հոգուս մեջ իմ արևաշող հայրենիքի մի մասնիկը կա, այդ կարոտը մշտապես ջերմացնում, ոգևորում և ներշնչում է ինձ, որն էլ արտահայտվում է իմ ստեղծագործություններում, նոր ուժ ու հոգևոր սնունդ է տալիս:

Ռուզան Անտոնյան
14.10.2015


Էլիզաբեթ Ռոմհիլդի վառվռուն գույներով ներաշխարհը


    Հայազգի նկարչուհի Էլիզաբեթ Ռոմհիլդին իրավամբ կարելի է աշխարհաքաղաքացի համարել:  1960 թվականին Դանիայում ծնված Էլիզաբեթի մանկությունն անցել է Իրանում, ուսումը ստացել է Անգլիայում, այնուհետև ապրել Սաուդյան Արաբիայում, ԱՄՆ-ում և Ինդոնեզիայում: Ներկայում բնակվում է Բանգկոկում: Թաիլանդում առավել մեծ հարգանքի արժանացած օտարերկրացի արվեստագետներից  է: 1988 թվականից Թաիլանդը դարձել է նրա հարազատ տունը: Բնակության նման խաչաձև աշխարհագրության, կենցաղավարության, գեղագիտական ու էթնիկ ազդեցությունների, թվում է՝ միանգամայն անհամադրելի նման շաղախն էլ, թերևս,  կանխորոշել է ինքնուս նկարչուհու մասնագիտական ճակատագիրը: Այդ մասին անկախ քննադատ Սթիվեն Փեթիֆորը գրում է. «Էլիզաբեթի սահուն կոմպոզիցիաները, որպես արևմտյան և արևելյան գեղարվեստական ավանդույթների խառնուրդ, նորովի են մեկնաբանում ու արևելյան միստիկայով պարուրում ժամանակակից եվրոպական արվեստի ժանրերը` արտահայտելով նրա սեփական, ուրույն ոճային առանձնահատկությունները: Գույների դինամիկ փոխազդեցությունները, որոնք դուրս են թռչում նրա հանդուգն գունապնակից, առաջացնում են նույն զգացմունքները, ինչ կենսասեր հետիմպրեսիոնիստ նկարիչներ Գոգենի և Մատիսի գունային լուծումները, ինչպես նաև իսլամական արվեստից վերցված խորը երանգներն ու հարուստ խճանկարը»:   
         Ինքնուսներին սովորաբար բնորոշում են որպես բնատուր շնորհով օժտված, իսկ առավել շնորհալիներին՝ տաղանդավոր: Էլիզաբեթ Ռոմհիլդին անվարան կարելի է հենց այդպես որակել: Հակառակ պարագայում, ուրիշ էլ ի՞նչ կերպ կարելի է ընկալել սկզբնական շրջանում դասական (ռեալիստական) գործեր՝ դիմանկարներ և գեղանկարներ պատկերող 26-ամյա սկսնակ նկարչի անցումը առեղծվածային երևակայական ոլորտ, եթե ոչ` վերապրած գունեղ ու բազմազան միջավայրի, արվեստագետի համար այնքան կարևոր` վառ երևակայությամբ անհատականության և տաղանդի միահյուսում: Նկարչուհին կարողանում է իրականությունն իր բոլոր նրբերանգներով բեկել երևակայություն կոչվող անձնական պրիզմայով, տեսածին վերապրած հույզերը, հոգեվիճակները, գեղագիտական ընկալումներն ավելացնելով՝ ներկայացնել հանրությանը: Արվեստագետին բնորոշ այս խռովքի արդյունքը դասականի և մոդեռնիզմի յուրահատուկ համադրությունն է, որ այնպես նրբորեն արտացոլվում է արդեն 30 տարի Արևելքում ստեղծագործող Էլիզաբեթի ինքնատիպ գործերում: Դրանց հերոսը կինն է՝ իր գիտակցական ու ենթագիտակցական ապրումներով ու հույզերով:
        «Մեղեդային, ռիթմիկ կառուցվածքի և նուրբ ենթագիտակցական, բնազդային հղումների միջոցով Էլիզաբեթը վառվռուն գույներով արտահայտում է կանացի անկախությունն ու զգացմունքայնությունը, ընկալունակությունը, վերահսկողությունը և ունեցած դերը: Ակնարկներով և նուրբ այլաբանություններով Էլիզաբեթը վառ գույներով, մանրամասն նկարագրում է հասարակության վերնախավի ճոխ զվարճանքները…»,- իր խոսքը շարունակում է Սթիվեն Փեթիֆորը` ինքն էլ իր հերթին արվեստաբանի քննախույզ պրիզմայով անցկացնելով նկարչուհու ներաշխարհը և որակելով այն խորապես զգացմունքային ու կրքոտ:   
        Էլիզաբեթի նախնիների բնակության աշխարհագրության ընդգրկումը ոչնչով չի զիջում իր իսկ ապրածին: Արմատների փնտրտուքը նրան մտովի տեղափոխել է մինչև Իսպահան. «Մեծ պապս՝ Սիմոն Սամսոն Գաբրիելյանը Ջուլֆայից էր: Նրա դուստրը՝  իմ
տատիկը, Սառա Գաբրիելյանն է: Իմ մյուս մեծ պապը՝ Վարդան Դավիդյանը, Կարապետ Դավիդյանի որդին է Իրաքի Բասրա քաղաքից: Վարդանը մի քանի տարի գրասենյակային  աշխատող է եղել Հնդկաստանում, բրիտանացիների մոտ: Հետագայում նա ցանկացել է նավով  ուղևորվել Մարսել՝ Ֆրանսիա, նշանավոր դերձակ դառնալու մտադրությամբ, սակայն, ի վերջո  ուղտերի քարավանով Բասրայից ուղևորվել է Իսպահան, որտեղ էլ բացել է «Paris Elegant  Tailoeship» նորաձևության խանութը և մեծ հաջողությունների հասել: Հետագայում նա հանդիպել  և ամուսնացել է Սառայի՝ օճառի գործարանատեր Սիմոն Սամսոն  Գաբրիելյանի դստեր հետ: Նրանք չորս երեխա են ունեցել, ավագը՝ Զավենը, իմ հայրն է: Նա դանիական «Kampsax» ընկերության շինարար ինժեներ է եղել, կառուցել է Անդրիրանյան երկաթուղին: Դանիայում  հանդիպել է դանիացի մորս, հետագայում նրանք տեղափոխվել են Իրան: Հայրս մահացել է ավելի քան տաս տարի առաջ: Մայրս ապրում է Դանիայում, ունեմ եղբայր, ով նույնպես ապրում  է Դանիայում»,- նախնիների տոհմածառի հիմնական ուրվագիծը ներկայացնում է Էլիզաբեթ Ռոմհիլդը, ով իր դստեր և որդու ծնունդով ևս երկու ճյուղ է ավելացրել դրան:
       Էլիզաբեթ Ռոմհիլդը երազում է իր աշխատանքները ցուցադրել պատմական հայրենիքում, ինչը դեռևս իրեն չի հաջողվել: Նրա գործերը ցուցադրվել են Դանիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Հոլանդիայում, Իտալիայում, Ինդոնեզիայում, Թաիլանդում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում:

Ռուզան Անտոնյան
07.09.2015

 
 
Արխիվների որոնում
:
Երևան
Մոսկվա
Փարիզ
Լոս-Անջելես
2017 Մարտ
Երկ Երեք Չոր Հնգ ՈՒրբ Շաբ Կիր
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
Հայտարարություն

    «Կամար» /www.kamartert.am/ էլեկտրոնային քառալեզու /հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն/ թերթը թողարկվում է 2009 թվականից: Թերթն անդրադառնում է մշակույթի, ինչպես նաև հասարակական հնչեղություն ունեցող թեմաներին, լուսաբանում է ժողովրդական արվեստը, բանահյուսությունը, հայ ժողովրդի ավանդույթները, սովորույթները, ծեսերը, տոնակատարությունները, անդրադարձ է հային ու հայկականին: Կայքի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած երկրների աշխարհագրությունը բավականին խոսուն է /թվով 133 երկիր/:
    ՀՀ մշակույթի նախարարության վարած մշակութային քաղաքականության գերազանց լուսաբանման համար թերթն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, ինչպես նաև  Ոսկե մեդալի:
    Թերթի շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ են հովանավորներ, ինչպես նաև՝ գովազդատուներ:  Ցանկության դեպքում ձեր գործնեության գովազդը մեր միջոցով հասանելի կլինի աշխարհի 133 երկրում:
    Սպասում ենք ձեր առաջարկներին:
    Հեռ. 043-07-03-07



Հայոց ցեղասպանություն - 100



Ազգությունս՝ հայ









    
    


Ձեր առաջարկներն ու դիտողությունները
 կարող եք ուղարկել  kamartert@mail.ru
Էլեկտրոնային հասցեով;

 

 
Գլխավոր | Խորագրեր | Արխիվ | Կայքի քարտեզ | Մեր մասին | Մեր կոթողները | Պատասխան՝ 100 տարի անց | Ազգությունս՝ հայ | Հայոց ցեղասպանություն-101
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0010, Վազգեն Սարգսյան 3, էլ.փոստ: kamartert@mail.ru
Կայքի մշակումը`   Shahumyan Media
2009, Բոլոր իրավունքները պաշտպանված են