Գլխավոր   Խորագրեր   Արխիվ   Մեր մասին   Մեր կոթողները   Պատասխան՝ 100 տարի անց   Ազգությունս՝ հայ   Հայոց ցեղասպանություն-101
Рус  |  Հայ  |  Eng  |  Fr  
 
     
          
    Մարտի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա բացառիկ համերգ, որը նախաձեռնել է հանրահայտ ջազմեն, բոլորի կողմից շատ սիրված Վահագն Հայրապետյանը մեր ժամանակի ունիկալ ջազային հայտնի երաժիշտներ /ԱՄՆ-ից/ Արի Ռոլանդի-կոնտրաբաս, Զաիդ Նասսերի-ալտ սաքսաֆոն, Յալլա Բալինի-վոկալ, Քիտ Բալլայի-հարվածային գործիքներ և Հայաստանի պետական կամերային նվագախմբի  /դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան/ մասնակցությամբ:



    Մարտի 21-ին արդեն հինգ տարի անընդմեջ Հայաստանում, Արցախում և Ջավախքում նշում են Տիկնիկային գործիչների միջազգային օրը: Այսօր   ՅՈՒՆԻՄԱ  Հայաստանի կազմակերպության նախագահ Արմեն Սաֆարյանի գլխավորությամբ նախատեսվել էր և անցկացվեցին մի շարք հետաքրքրաշարժ միջոցառումներ: Քաղաքի կենտրոնից Խաչքարերի պուրակ քայլերթը կանգ առավ 5 մայրցամաքներից բերված հողով ու ջրով տնկված Սոճենուն հարող տարածքում և մեկնարկեցին Հայաստանի բոլոր մարզերից ժամանած տիկնիկային թատրոնների ու խմբերի ներկայացումները:
2017-03-22
     

    Մարտի 18-ին, կանանց միամսյակի առթիվ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում տեղի կունենա դաշնակահարի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համատեղ համերգը:
    Համերգին կհնչեն հանրահայտ և սիրված կոմպոզիտորների ռոմանտիկ ստեղծագործություններ՝  նվիրված  կանանց:
2017-03-17
     

    ՀՀ ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի արմատները մխրճված էին հայկական հինավուրց հողում: Այդ հողից էր ուժ առել, ստեղծել գործեր, որոնք մնայուն արժեքներ են ու կապրեն, քանի դեռ կապրի հայ ժողովուրդը: Մեծ արվեստագետ, հայրենասեր, իմաստուն մարդ, ով իր ողջ կյանքն ապրեց իր ժողովրդի հոգսերով ու ցավերով: Ազգային մտածողությամբ արվեստագետ էր Իսաբեկյանը: Նրանք, ովքեր ծանոթ ու մտերիմ են եղել Էդվարդ Իսաբեկյանի հետ իրենց հոգում և հուշերում միշտ կպահեն այն լույսն ու ջերմությունը, որ ճառագում էր նրանից:
2017-03-11
     

    Մեծարգո Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո արդեն 10-րդ անգամ Հայաստանի բոլոր մարզերում, Արցախում և Ջավախքում անցկացվեց <<Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 10-րդ մրցույթ-փառատոն>>-ը՝ նվիրված հայ անվանի բանաստեղծներ Մարո Մարգարյանի ծննդյան 100 և Սիլվա Կապուտիկյանի 98 ամյակներին: Փառատոնի ժյուրիի անդամները, մտավորականներ, քաղաքական գործիչներ և պոեզիայի սիրահարներ, հունվարի 20-ին այցելեցին Կոմիտասի այգում գտնվող   մեր մեծերի Պանթեոն, որտեղ իր վերջին հանգրվանն է գտել նաև Սիլվա Կապուտիկյանը:
2017-03-07
     

    Փետրվարի 28-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ լեգենդար կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Իմ տիեզերքն ու դաշտի միասնական տեսությունը» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է պետպատվերով, առայժմ ` ռուսերեն: Խոստացվեց, որ առաջիկայում գիրքը կթարգմանվի հայերեն և անգլերեն:  Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվեց կինոռեժիսորի լավագույն ֆիլմերից «Մենք»-ը։
2017-03-02
     

    Փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, և հենց ամենասիրելի և իմաստուն բանաստեղծի ծննդյան օրն էլ 2009 թվականից Լևոն Անանյանի ջանքերով նշվում է նաև Գիրք նվիրելու օր: Շատ բարդ է, որպեսզի մի որևէ նորահայտ տոն իսկապես, ինքնաբուխ տոնվի, այսինքն, դառնա սիրելի, համակի շատերին: Առավել ևս, մեր խառնակ ու, ընդունված բառով` ոչ գրական ժամանակներում:
2017-02-20
     

    Այսօր Հայաստանի նկարիչների միությունում բացվեց երաժիշտ, պրոդյուսեր, ռեժիսոր, նկարիչ Ստաս Նամինի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:
Նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանում մեկնարկած Ստաս-Նամինյան օրերը նվիրվում էին նրա ծննդյան 65-ամյակին: Դրանց շրջանակում հայ հանդիսատեսին էին ներկայացվել հայկական արմատներ ունեցող բազմատաղանդ մշակութային գործչի ֆիլմերը, թատերական բերմադրությունն ու սիմֆոնիկ ստեղծագործությունը:
2017-02-17
     

    Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը տեղի ունեցավ Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում: Նախարարը մանրամասն ներկայացրեց տարվա ձեռքբերումները` ոլորտ առ ոլորտ: Դրանք վերաբերում էին մշակութային կրթությանը, պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններին, թանգարանային ոլորտին, օպերայի և բալետի ազգային թատրոնին և այլն:
2016-12-26
     

    Ֆրանսաբնակ հայազգի օպերային երգիչ Մուրադ Ամիրխանյանը երգում է դեռևս մանկուց: Երջանկահիշատակ մայրը միշտ ոգևորել ու քաջալերել է նրան, համոզված, որ որդին հայտնի երգիչ է դառնալու: Մայրական այդ լուսավոր երազանքը հոգում՝ Մուրադը աշխատել է տքնաջան, ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, հետագայում սովորել ասպիրանտուրայում, կայացել որպես օպերային երգիչ:


    Համահայկական սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման հիմքում համահայկական միասնականության գաղափարն է, աշխարհով մեկ սփռված մեր հայրենակից երաժիշտներին մեկ նվագախմբում համախմբելու գաղափարը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ հայտարարելով, որ այդ գաղափարն այլևս իրականություն է:
2016-12-22
     
2016-12-22
 
 
 

Հայոց ցեղասպանություն-101

Դժվար ժամանակները դժվար երաժշտություն են պահանջում.
«Աղետ» համերգային նախագիծը Երևանում

    «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեծ պրեմիերա է. Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համագործակցությամբ, նաև՝ Հայաստանի Ֆիլհարմոնիկ և Երիտասարդական նվագախմբերի երաժիշտների մասնակցությամբ Երևանում ներկայացվեց Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի աղմկահարույց "Աղետ" համերգային ծրագիրը, որը Երևան հասավ եվրոպական հաղթարշավից հետո: Այն մեծ հաջողությամբ արդեն ներկայացվել է Բեռլինում, Դրեզդենում և Բրանդենբուրգում: Այս ծրագիրը մեկնարկեց 2015թ. նոյեմբերին՝ Բեռլինում, ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-ամյակի:
    Ի սկզբանե ծրագիրը հայտնվեց գերմանական հանրության ուշադրության կիզակետում: Քաղաքական մեծ հնչեղություն ստացած համերգային ծրագրում ընդգրկվել են թուրք, գերմանացի և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Զեյնեփ Գեդիզլիօղլուի «Գրառումներ լռակյացից», Հելմուտ Օհրինի «Դիմում էրդողանին. դա ցեղասպանություն էր» և Վաչե Շարաֆյանի «Արթնացեք փառքեր իմ» ստեղծագործությունները ոչ միայն քաղաքական հնչեղություն են ունեցել, այլև մեծ էմոցիոնալ ազդեցություն են թողել գերմանացի ունկնդրի վրա: Համերգին նախորդած ասուլիսի ընթացքում նախագծի հեղինակային խմբի անդամները ներկայացրեցին «Աղետի» նախապատմությունը:
    Ծրագրի գերմանացի համահեղինակ, կիթառահար Մարկ Սինանի գերդաստանի պատմությունից է ծնվել գաղափարը: Գերմանացի երաժիշտի հայուհի տատիկը, ով ստիպված է եղել միշտ թաքցնել իր ինքնությունը, դաջվել է նրա հիշողության մեջ և դրդել է այս ողբերգական պատմությունը ներկայացնել երաժշտության ունիվերսալ լեզվով, արդյունքում կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի որակմամբ ստեղծվել է իրապես խիզախ մի նախագիծ: Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն, նախագծի հեղինակ Մարկուս Ռինդտը տարիներ առաջ Անատոլիայում հանդիպել է Մարկ Սինանին, ով պատմել է իր տատիկի պատմությունը, և Մարկուսը որոշել է ծրագիր անել այդ թեմայով, մանավանդ որ նման ծրագրերը Դրեզդենի սիմֆոնիկի համար նորություն չեն:
Այս նախագծում ներառված են նաև Ռուբեն Սևակի բանաստեղծությունները, նորացված տարբերակում հնչում է նաև Բունդեսթագի խոսքը, վերջում՝ Էրդողանի գնահատականը, որ դա անհեթեթություն է, ցեղասպանություն չի եղել:
    Համերգը և Դրեզդենի սիմֆոնիկի հարցազրույցները հեռարձակվել են Բեռլինի Ռադիոյի եթերում. մի ամբողջ ամիս այն հեռարձակվում էր նաև «օնլայն» տարբերակով, ինչը հնարավորություն տվեց էլ ավելի մեծ թվով մարդկանց տեղյակ պահել այս հարցի շուրջ: Համերգներին մասնակցում էին նաև Հայաստանից, Սերբիայից եւ Թուրքիայից ժամանած երաժիշտներ` համալրելով նվագախմբի հիմնական կազմը: «Աղետը» չափազանց մեծ արձագանք ունեցավ ամբողջ Գերմանիայում և շատ ավելի մեծ հակազդեցություն՝ Թուրքիայում: Մասնավորապես, նախագահ էրդողանը բազմիցս փորձեց խոչընդոտել նախագծի իրականացմանը՝ պահանջելով փակել նախագիծը :Ի պատասխան այս ջանքերի Գերմանիայում հայտարարվեց, որ համերգաշարը կանցկացվի նաեւ Բելգրադում, Հայաստանում և Թուրքիայում: Իսկ նոյեմբերի 13-ին ծրագրված էր համերգը Ստամբուլում, և Դրեզդենի սիմֆոնիկը Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգին հրավիրել էր նաև նախագահ Էրդողանին, ով բնականաբար անարձագանք էր թողել հայտնի նվագախմբի հրավերը:
    «Աղետից» բացի գերմանացի դպրոցականները բեմադրեցին «Մուսա լեռան 40 օրը» ներկայացումը Վաչե Շարաֆյանի երաժշտությամբ, Դրեզդենի նվագախմբի և մենակատարների կենդանի կատարմամբ: Հայ լրագրողների հետ հանդիպման ընթացքում դիրիժոր Անդրեա Մոլինոն փաստեց, որ ստեղծման օրվանից սկսած նախագիծը շատ փոփոխությունների է ենթարկվել, հիմնականում, քաղաքական զարգացումների արդյունքում.«Քաղաքական փոփոխություններին զուգընթաց շատ փոփոխություններ եղան նաև համերգային ծրագրում: Էրդողանը պահանջեց, որ նախագծի ֆինանսական աջակցությունը դադարեցվի, և սա Էլ տեղ գտավ մեր սցենարում: Դրեզդենի համերգից հետո Բունդեսթագում ճանաչվեց Հայոց ցեղասպանությունը, իսկ Գերմանիայի արտգործնախարարությունը փակեց Թուրքիայում ծրագրված համերգը: Եվ այս ամենն արտացոլվեց համերգում, ինչպես ասում է ծրագրի գերմանացի կոմպոզիտոր Հելմուտ Օհրինը՝ դժվար ժամանակները դժվար երաժշտություն են պահանջում»:
    Ասուլիսի ընթացքում Մարկուս Ռինդտը, ով արդեն 4-րդ անգամ է այցելում Հայաստան, չափազանց բարձր գնահատեց հայ երաժշտական մշակույթը, խոսեց Ավետ Տերտերյանի մասին ու փաստեց, որ այսօր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բարձր կատարողական արվեստ ունի.«Վերջին անգամ «Արամ Խաչատրյան» համերգասրահում իբրև ունկնդիր եմ լսել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարումը և հպարտ եմ, որ այժմ Դրեզդենի նվագախումբն է ելույթ ունենալու նույն բեմում»:
    «Աղետի» հեղինակային խումբը նախատեսում է նախագիծը ներկայացնել նաև սփյուռքի հայաշատ կենտրոններում, եթե, իհարկե, ստանան ՀՀ մշակույթի նախարարության աջակցությունը:

Նարինե Առաքելյան
10.11.2016



14-րդ <<Հայ Ֆեստ>> միջազգային
թատերական փառատոնը շարունակվում է
/Արսինե Խանջյան.<<Հոգիների աճուրդ>>/


    ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 1-8-ը Երևանում անց է կացվում <<Հայ Ֆեստ>> միջազգային թատերական 14-րդ փառատոնը: Աշխարհի տարբեր երկրներից մի քանի տասնյակ թատերախմբեր իրենց ներկայացումներով, հատուկ ծրագրերով մասնակցում են փառատոնին: Ուշագրավ է, որ փառատոնին իր մասնակցությունն է բերել <<Մաքսիմ Գորկու>> թատրոնը /Գերմանիա/ <<Հոգիների աճուրդ>> ներկայացումով, որի պրոդյուսեր և ռեժիսորն է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը:
    Ներկայացումից առաջ ռեժիսոր Արսինե Խանջյանի, դերասանուհի Էլմիրա Վահրանիի և ազգությամբ թուրք Թաներ Շահինթյուրքի դերակատարների հետ կայացավ հանդիպում: Ինչպես նշեց Արսինե Խանջյանը <<Հոգիների աճուրդ>> ներկայացումը 18 տարեկան Ավրորա Մարդիգանյանի վկայությունն է այն մասին, թե ինչ տանջալից փորձությունների միջով է անցել Հայոց ցեղասպանության տարիներին: 1919 թվականին ստեղծված 20 րոպեանոց ֆիլմում միայն առանձին դրվագներ ու սյուժեներ են պահպանվել Ավրորայի գլխավոր դերակատարությամբ: Ֆիլմի պատճենները, ցավոք, անհետացել են, իսկ Ավրորան մահացել է 92 տարեկանում Լոս Անջելեսում` մոռացված և առանց գումարի: Եվ ահա, Արսինե Խանջյանը բազմաթիվ արխիվներից հավաքում և ուսումնասիրում է Ավրորայի կյանքի պատմությունը ու դրանց հիման վրա ստեղծում մի յուրօրինակ պատմություն` փորձելով առանձին հատվածներ կապել չնկարագրված հատվածների հետ ու անվանել <<Հոգիների աճուրդ>>:
    <<Ավրորա Մարդիգանյանի հիշատակին է նվիրված այս պրոեկտը, որը այսօր ներկայացնում ենք <<Հայ Ֆեստ>> թատերական փառատոնի շրջանակներում: Ավրորայի վերապրած կյանքը, որպես Ցեղասպանությունից փրկված, դարձել է հայ ժողովրդի կրած տառապանքների վկան: Իսկ թե ինչպես մտահղացա նորովի ներկայացնել Ավրորայի տանջալի ու տառապալի զրկանքներով կյանքը, դա ստացվեց անսպասելի: Ես 2015 թվականին Գերմանիա էի գնացել ու այցելեցի Բեռլինի <<Մաքսիմ Գորկու>> անվան պետական թատրոն: Այնտեղ ծանոթացա թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Շերմին Լանկոկի հետ: Ինձ առաջարկեց 3 շաբաթվա ընթացքում <<Մաքսիմ Գորկու>> թատրոնի դերասանների հետ Բեռլինում մի ծրագիր իրականացնեմ: Քանի որ ես արդեն բազմաթիվ նյութեր հավաքել էի Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որոշեցի Ավրորա Մարդիգանյանի պատմությունը պատմելով` վերհանել հիշատակը>>,-ասաց տիկին Արսինեն:
    Էլմիրա Վահրանին նշեց.<<Ինձ համար մեծ պատիվ է մասնակիցը լինել մի ներկայացման, որտեղ Ավրորա Մարդիգանյանի կյանքի պատմությունն է>>:
    Թուրք դերասան Թաներ Շահինթյուրքը հավելեց.<<Մեծ պատիվ է մաս լինել այս ծրագրի, ազգությամբ թուրք լինելով՝ ինձ հնարավորություն է տրվում իմ նախնիների կատարած ոճրագործությունների համար ներողություն խնդրել: Երբ մեր թատրոնի ղեկավարի կողմից ստացա հրավերը, շատ ուրախացա, ու միանգամից համաձայնվեցի, քանի որ ծանոթ էի Արսինե Խանջյանի գործերին ու դերակատարումներին: Ես ջանք եմ թափում, որպեսզի Հայոց ցեղասպանության վերաբերյալ իմ ազգակիցների կարծրացած կարծիքը փոխեմ, որ թուրքերի կողմից կատարած ոճրագործություններին տան համարժեք գնահատական: Իմ շատ հայրենակիցներ շնորհավորել են, որ ես կոտրում եմ բոլոր կարծրատիպերը>>:
    2015թվականին <<Հոգիների աճուրդ>> ներկայացումը բեմադրվել է անգլերենով և այս տարի այն թարգմանվել է գերմաներեն ու գերմանացիների շրջանում մեծ արձագանք գտել: Արսինե Խանջյանը ցանկություն հայտնեց, որ այս ներկայացումը դիտելու հնարավորություն ունենան նաև սփյուռքի բոլոր գաղթօջախներում: Դեռ մանկուց թատրոնն իր կուռքը դարձրած դերասանուհին նշեց, որ այս ծրագիրը կլինի շարունակական, քանի որ այն անկախ ծրագիր է` թատրոնի խաղացանկից դուրս: Եվ այս ներկայացում-դասախոսությունը Հայաստանում ներկայացնելը մեծ նշանակություն ունի. Քանի որ հայերից լավ ոչ ոք չի կարող լավ հասկանալ, թե ինչ է եղել 1915-ին հայ ժողովրդի հետ:

Մարիետա Մակարյան
04.10.2016


Թերի Ջորջ.«Ցեղասպանությունը հենց այն ճիշտ բառն է,
որը նկարագրում է հայ համայնքի հետ կատարվածը»

    Օրերս կայացավ` դեռևս 2016-ի դեկտեմբերին նախանշված «Խոստում» ֆիլմի համաշխարհային առաջնախաղը: Թվում է, թե բոլորովին վերջերս էին մամուլում և համացանցում շրջանառվում Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի նկարահանումները հովանավորելու՝ Քըրք Քըրքորյանի մտադրության մասին տեղեկատվությունը և քննարկումները, որոնք հայազգի բարերարի մահվամբ պայմանավորված, ավելի ակտիվացան:
     Եվ ահա, սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի միջազգային 41-րդ կինոփառատոնի կարմիր գորգի արարողությունն իրենց ներկայությամբ զարդարեցին հայ և համաշխարհային կինոսերների ամենասպասված ֆիլմերից մեկի՝ օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջը, գլխավոր դերակատարներ՝ օսկարակիր Քրիստիան Բեյլը, Ոսկե գլոբուսի հաղթող Օսկար Այզեքը, Շարլոտ Լե Բոնը, Անժելա Սարաֆյանը, ֆիլմի սաունդթրեքի հեղինակ, աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը և ուրիշներ։ Օսկար Այզեքը ֆիլմի ցուցադրությանը ներկայացել էր պիջակին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկ փակցրած:
    Ֆիլմի սյուժեի համաձայն` Միքայել Պողոսյանը, որին մարմնավորում է Օսկար Այզեքը, որպես ուսանող-բժիշկ ժամանում է Կոնստանդնուպոլիս (Ստամբուլ)` ցանկանալով ժամանակից բժշկագիտությունը տարածել իր նախնյաց հողում, որտեղ մուսուլման թուրքերն ու քրիստոնյա հայերը դարեր շարունակ բնակվել են կողք կողքի: Ֆոտոլրագրող Քրիս Մայերսը (Քրիստիան Բեյլ) ևս ժամանում է Թուրքիա, որտեղ սիրահարվում է Աննային (Շառլոտ Լը Բոն), հայ նկարչուհուն, որին ուղեկցում էր Փարիզից: Միքայելն ու Աննան հանդիպելով՝ վերհիշում են իրենց հայրենի մշակութային ժառանգությունը: Սիրո եռանկյունու ձևավորման պահին Թուրքիայում բռնություններ են սկսվում էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ: Ֆիլմի ցուցադրությանը հաջորդած ասուլիսում դերասանները պատմել են ֆիլմի սցենարից ստացած տպավորությունների մասին։ Այզեքը, որ մինչ այդ The New York Times-ին տված հարցազրույցում ասել էր, թե տեղյակ չէր 1915-ի դեպքերի մասին, նշել է, որ ֆիլմում նկարահանվելու առաջարկն ստանալուց հետո կարդացել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների վկայությունները, նրանց պատմությունները, որոնք անըմբռնելի են հասկանալու և անգամ նրանց հետ կատարվածը պատկերացնելու համար: «Ես փորձել եմ հասկանալ այդ իրավիճակը, մարդկանց նկատմամբ ցուցաբերված դաժանությունը, բաժանված ընտանիքները, ավերված գյուղերը և հասկանալ, թե ինչ են նրանք զգացել»,- նշել է 37-ամյա դերասանը՝ ավելացնելով, որ Հայոց ցեղասպանության պատմությունը իրական է, խորը ու ճշմարիտ:
     Ֆիլմի գլխավոր հերոսուհուն մարմնավորող Շարլոտ լե Բոնը խոստովանել է, որ ամաչում է, որ մինչ այդ չգիտեր Հայոց ցեղասպանության մասին.«Բայց որքան շատ կարդացի, տեղեկացա դրա մասին, այնքան հստակ հասկացա, որ կատարվածը սարսափելի պատմություն էր։ Բայց միևնույն ժամանակ ես ինձ լավ էի զգում, քանզի նկարահանվում էի նման օգտակար ֆիլմում»։
    Ի տարբերություն Այզեքի եւ Շարլոտ լե Բոնի, ամերիկյան դերասանուհի Շոհրե Աղդաշլուն քաջատեղյակ է հայերի հետ կատարվածին.«Ես ծանոթ եմ այս պատմությանը, քանզի ծնվել ու մինչև 25 տարեկան ապրել եմ Իրանում՝ միլիոնավոր հայերի կողքին։ Ես շատ հայ ընկերներ ունեմ, նրանք անգամ ինձ հայերեն խոսել ու հաշվել են սովորեցրել՝ մեկ, երկու, երեք... Եվ երբ ես կարդացի պատմությունը, երջանիկ էի, որ նկարահանվելու եմ այս ֆիլմում։ Ինձ գրավեց նաև այն փաստը, որ սա այնքան արդիական պատմություն է։ Նկարահանման ընթացքում մենք ամեն գիշեր CNN-ով տեսնում էինք, թե ինչպես են սիրիացիները մղոններ քայլում՝ ապահով վայր հասնելու համար։ Եվ սցենարն ընթերցելուց հետո, անմիջապես զանգեցի իմ գործակալին ու տվեցի համաձայնությունս»:
    Ֆիլմում նկարահանվել է նաև ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը, ով խոստովանել է, որ սցենարը կարդալիս զգացել է հայ մտավորականների հետ 1915-ի ապրիլի 24-ին ձերբակալված Կոմիտասի շունչը։ «Երբ կարդացի սցենարը, լինելով հայ՝ ես տեսա, օրինակ, հայ տղամարդու մարդկային որակները Միքայելի մեջ (Օսկար Այզեքի կերպարը)։ Որքան էլ հորինված են կերպարները, նրանց մեջ հայկականություն կա։ Կարծում եմ՝ հայի ոգին կա այս կերպարներում։ Եվ հենց սա է ֆիլմը յուրահատուկ դարձնում։ Կարելի է տեսնել Կոմիտասին։ Նա հրաշալի արտիստ, երաժիշտ, երգահան է։ Եվ նա ասես այս պատմության ոգին լինի, ինչը կա այս ֆիլմում»,- նշել է Անժելա Սարաֆյանը։
    Իսկ ահա, ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը ցեղասպանության ժխտողականության մասին ասել է.«Այս իրադարձությունը ժխտելու երկու կողմ կա՝ թուրքական կառավարության քաղաքական ազդեցությունը, և Թուրքիայի ռազմավարական նշանակությունը, որն այսօր, առավել քան երբևէ, շատ մեծ է: Ամեն անգամ (կամ Ցեղասպանության տարելիցի ժամանակ, կամ նման ֆիլմերում), երբ նշվում է Հայոց ցեղասպանության մասին, մամուլում ժխտման մեծ ալիք է բարձրանում։ Ինձ և աշխարհի համար սա հարց չէ՝ եղե՞լ է Ցեղասպանություն, թե՞ ոչ։ Պատմական ուսումնասիրությունների մեծամասնությունը հաստատել են, որ հայերին բնաջնջելը պլանավորած է եղել։ Մենք պետք է այդ քննարկումից անցնենք այն հարցին, թե ինչու՞, ինչու՞ է այդպես պատահել, ինչպե՞ս պետք է առաջ շարժվենք, և ինչպե՞ս կարող ենք նորից հաշտեցնել այս երկու ազգերին։ Ադոլֆ Հիտլերը մինչև Լեհաստան ներխուժելը ասել էր.«Ո՞վ է այսօր խոսում հայերի կոտորածի մասին»։ Այսինքն, ցեղասպանության չճանաչումը դարձավ արդարացում նոր արյունահեղության համար։ Ուրեմն, այս իրադարձությունը պետք է բացահայտ քննարկվի։ Պետք է խոսել ոչ թե այն մասին, որ այս կամ այն փաստաթուղթը գոյություն չի ունեցել, այլ քննարկել՝ ինչպես կարելի է կանխել նման իրավիճակների կրկնությունը ապագայում… Այո, դա 20-րդ դարի ամենամեծ, մոռացված աղետներից մեկն է, և ցեղասպանությունը հենց այն ճիշտ բառն է, որը նկարագրում է հայ համայնքի հետ կատարվածը»:
    Ասվածի համատեքստում, սոցիալական ցանցերում հայտնված հաղորդագրությունների համաձայն, ինչպես և կանխատեսելի էր՝ համացանցի թուրք և ադրբեջանցի օգտատերերը, կազմակերպված ակցիայի շրջանակում, դիտավորյալ նվազեցնում են «Խոստում» ֆիլմի վարկանիշը IMDb աշխարհի խոշորագույն տվյալների բազայում: Ի հեճուկս դրան, համացանցը ցնցում է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը»: Ֆիլմի թրեյլերը երեք օրում մոտ մեկ միլիոն դիտում է ունեցել: «Խոստում» ֆիլմի մասին իրենց կարծիքներն են արտահայտել երգչուհի Շերն ու թենիսիստ Անդրե Աղասին։ Վերջինս գրել է. «Քըրքը հպարտ կլիներ»։ «Ես հպարտ եմ, Քըրքը հպարտ կլիներ։ Դուք վերջապես կհնչեցնեք ամբողջ աշխարհի հայերի ձայնը»,- գրել է Շերը՝ դիմելով ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանին։ Իսկ ամերիկյան հանրահայտ փոփ երգիչ, «Happy» հիթի հեղինակ Ֆարել Ուիլյամսը դիտել է ֆիլմի թրեյլերը և Twitter-ում գրել.«Անհամբերությամբ սպասում եմ ֆիլմին»։
    Նշենք, որ դերասանական կազմի մեջ է նաև Նազենի Հովհաննիսյանը: Հայ դերասանուհու մասնակցությունը «Խոստում»-ին փոքրիկ դերակատարմամբ է: Սոցցանցում հրապարակած լուսանկարը Նազենի Հովհաննիսյանն այդպես էլ մակագրել է` «Մեծ պատիվ է նույնիսկ փոքր դերով մասնակցություն ունենալ «Խոստում» ֆիլմում»:
Քըրք Քըրքորյանը մահվանից առաջ հոգացել է, որ Հայոց ցեղասպանության մասին իր կինոնախագիծը ավարտին հասցվի: Ֆիլմը նկարահանել է Survival Pictures կինոընկերությունը, որը ղեկավարում են Էրիկ Էսրաիլյանը և Էնթոնի Մանդեկիչը: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Իսպանիայում և Պորտուգալիայում, Մադրիդի շրջակայքում, Սեգովիայում և Ավիլայում: Քըրքորյանի իրավաբան Պատրիշա Գլեյզերը այս առիթով ասել է, որ Survival Pictures-ը ծնվել է Քըրքորյանի անհագ ցանկությունից` պատմել ու ներկայացնել ոգեշնչող մարդկային պատմություններ ամբողջ աշխարհի հանդիսատեսին: Նրա բնորոշմամբ` «Խոստումը» լինելու է առաջամարտիկ՝ մարդու իրավունքների ասպարեզում: Գլեյզերը ասել է նաև, որ Քըրքորյանը շատ վաղուց երազում էր անձամբ մասնակցել ֆիլմի ստեղծման և դերասանական կազմի ընտրության աշխատանքներին:
    Ֆիլմի սցենարի հեղինակն է Ռոբին Սվայկորդը: Նա հայտնի է «Գեյշայի օրագիրը» ֆիլմով:
    The Playlist բլոգը կանխատեսում է, որ ցեղասպանության մասին Քըրքորյանի ֆինանսավորած ֆիլմը կարող է հավակնել «Օսկարի»:
    «Խոստումը» համաշխարհային կինովարձույթում կհայտնվի դեկտեմբերին:

Ռուզան Անտոնյան
14.09.2016


«Հայոց վշտի երգիչ» նկարիչը


    Հուլիսի 27-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց Սարգիս Խաչատուրյանի ծննդյան 130-ամյակին նվիրված ցուցահանդես: Առաջին անգամ մեկ ցուցադրության շրջանակում ներկայացվեցին հայազգի տաղանդավոր նկարչի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքները, հնդկական և պարսկական որմնանկարների ընդօրինակությունները:
    Հայաստանի ազգային պատկերասրահի ավագ գիտաշխատող, ցուցահանդեսը համակարգող Գոհար Չեմենյանը նշեց, որ իրենց նպատակը սփյուռքահայ նկարիչների աշխատանքները պարբերաբար ցուցադրելն է, որպեսզի երիտասարդ սերունդը ճանաչի արտասահմանում ապրած և ստեղծագործած հայ նկարիչներին: Նրա խոսքով՝ Խաչատուրյանի ստեղծագործությունները յուրահատուկ են նրանով, որ ասես լույսով ողողված լինեն: Այդ լույսը ստեղծում է նրբերանգներ և գույներին տալիս է պայծառություն:
    1915 թվականի ապրիլի 24-ին հայ մտավորականների սպանդից հրաշքով փրկված և Անդրկովկաս գաղթած Սարգիս Խաչատուրյանին արվեստաբան, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Չուգասզյանը բնորոշում է որպես տառապանքի, ճգնաժամի ու աղետի նկարիչ: Ցեղասպանությունն էլ դարձել է նրա ստեղծագործության հիմնական թեման: Նրա կտավներում հայ որբերն են՝ պատառոտված շորերով, հայության տեղահանությունը՝ սոսկալի տանջանքներով, գաղթականների տառապալից ուղին, էջմիածնի, Օշականի, Աշտարակի սալահատակներին թուրքական յաթաղանից փրկված,
բայց սովից, ծարավից ու հիվանդություններից մեռնող հուսահատ ժողովուրդը: Իզուր չեն Հովհաննես Թումանյանն ու Անդրանիկը նրան «Հայոց վշտի երգիչ» անվանել: «Տառապանքին զուգահեռ Սարգիս Խաչատուրյանը նկարել է նաև ազդեցիկ կտավներ: Մասնավորապես, Էրզրումի ճակատամարտից ունի ստեղծագործություն, որում թուրք զինվորն է՝ ջարդված, վիրավոր, և այդպիսի նկար որևէ այլ նկարիչ չունի»,- ասում է Լ. Չուգասզյանը, որին բախտ է վիճակվել տեսնել այդ նկարը: Կարինի Սանասարյան վարժարանում, Հռոմի գեղարվեստի ակադեմիայում և Փարիզի դեկորատիվ արվեստների դպրոցում կրթություն ստացած Խաչատուրյանը 1917 թվականից անդամակցել է Թիֆլիսի հայ արվեստագետների միությանը, Իտալիայի ինտերնացիոնալ արվեստագետների ընկերությանը և Վիեննայի գեղարվեստագետների միությանը, «Անի» հայ արվեստագետների ընկերության հիմնադիրներից էր և քարտուղարը: Խորհրդային Հայաստանի առաջին փոստանիշերի հեղինակն է։ Ցեղասպանությունից բացի իր կտավներում վերարտադրել է հայրենի բնաշխարհը, հայկական տոնախմբությունները, Հայաստանի պատմամշակութային կոթողները («Արարատը Երևանից», «Բամբակահավաքը Արարատյան դաշտում», «Վարագա վանքի տոնը», «Սևանա կղզու եկեղեցիները»)։
    Ըստ մասնագետների՝ տոնախմբությունները նրա կտավներում պատկերված են գունագեղ և շարժումով լի, ուր հմտորեն զուգորդված են ազգային տարազների, ճարտարապետական հուշարձանի հնագիտական և գեղանկարչական արժեքները։ Նկարների առանձին շարք նվիրել է իր կնոջը՝ գեղեցկուհի նկարչուհի Վավա Խաչատուրյանին: 1931 թվականին Իրանի կառավարության հրավերով Խաչատուրյանը մեկնել է Սպահան՝ վերականգնելու Սեֆյան շրջանի որմնանկարները, միաժամանակ կատարել պատճենահանումներ, որոնք ցուցադրել է Փարիզում և Եվրոպայի այլ քաղաքներում։ 1934 թվականին հիմնադրել է Նոր Ջուղայի հայկական արվեստի թանգարանը։
    Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործությունում առանձնահատուկ տեղ է գրավում որմնանկարների ընդօրինակությունը: Խաչատուրյանն առաջինն է ձեռնամուխ լինում Հնդկաստանի և Ցեյլոնի 6-8-րդ դարերի վիմափոր տաճարների որմնանկարների պատճենահանմանը, այդպիսով արվեստագիտությանն անհայտ, անմատչելի հնդկական մշակույթի այդ մեծարժեք գործերը հասանելի դարձնելով արվեստասեր միջազգային հանրությանը։ Դրանք 1942 թվականին ցուցադրվել են Լուվրում և ԱՄն-ի բազմաթիվ քաղաքներում՝ Խաչատուրյանի շնորհիվ հայտնություն դառնալով և հարստացնելով համաշխարհային արվեստի գանձարանը։ Խաչատուրյանն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կոստանդնուպոլսում, Փարիզում, Եգիպտոսի, Իտալիայի, Անգլիայի և ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքներում։ Երևանում հնդկական և ցեյլոնյան որմնանկարների պատճենները ցուցադրվել են 1971 թվականին, որոնք Խաչատուրյանի այրին՝ Վավա Խաչատուրյանը, նվիրել է Հայաստանի ազգային պատկերասրահին: Նրա ստեղծագործությունները պահվում են Փարիզի, Լոնդոնի, Բրյուսելի, Նյու Յորքի և այլ թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում:

   

   

   


                            Ռուզան Անտոնյան
28.07.2016

Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը
ճանաչող բանաձև

Ներկայացնում ենք մտավորականության կարծիքները

    Արտակ Դավթյան - ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ-ում հայ-գերմանական բարեկամական խմբի ղեկավար

        Այս բանաձևը տարբերվում է մինչ այժմ եղած բանաձևերից. այստեղ Գերմանիան նշում է, որ եղել է Թուրքիայի գլխավոր դաշնակիցը, և հայտնում իր մեղսակցությունը կատարված հանցագործության մեջ: Բանաձևն առաջին հերթին մեզ տալիս է հույս, աջակցություն, որ վաղ թե ուշ Թուրքիան պիտի առերեսվի իր պատմության հետ և պատահական չէ, որ Գերմանիան է ընդունում, որտեղ բնակվում են 3,5 միլիոն թուրք: Մենք շատ լավ գիտենք՝ գերմանացիները ինչպես են վերաբերվում իրենց ընդունած որոշումներին, այսինքն, թղթի վրա չի մնալու, դառնալու է գործ և այն, ի վերջո, հասնելու է իր տրամաբանական հանգրվանին, որը կոչվում է Հայոց ցեղասպանության ճանաչում, դատապարտում Թուրքիայի կողմից: Այս բանաձևի մեջ կարմիր թելով անցնում է այն գաղափարը, որ այդ հաշտեցումը հնարավոր է միայն անցյալի հետ առերեսվելով, այն է՝ Ցեղասպանությունը ճանաչելու միջոցով և, թերևս, սա է ամենակարևորն ու գլխավորը:

    Էդվարդ Միլիտոնյան - ՀՀ գրողների միության նախագահ

    Մենք պետք է շնորհակալ լինենք Գերմանիայի Դաշնությանը, Բունդեսթագին, որ երկար քննարկումներից հետո այդ կարևոր բանաձևն ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահով ընդունվեց: Այստեղ կարևորն այն է, որ Գերմանիան բանաձևի ընդունմամբ տեղ չի թողնում Թուրքիային նահանջելու, որովհետև այն ծրագրերը, որ իրագործել են թուրքերը, ինչ-որ չափով նախագծվել էին նաև Գերմանիայի կողմից: Գերմանիան իր մեղքն ընդունեց և կարծում եմ՝ սա գերմանական ժողովրդի առողջ մասի խիզախությունն է: Թուրքիան Եվրոպայի ու աշխարհի առջև լարախաղացություն է անում՝ խափելով, գաղտնի կերպով զինելով Իսլամական պետության ահավոր գիշատիչներին, որպեսզի աշխարհի քաղաքակրթության մեջ իր տեղն ունենա: Նա միշտ ջուր պղտորողի, պղտոր ջրից մի բան փախցնողի հոգեբանությամբ է գործել և հաճախ հաջողել է: Թուրքիան արյունարբու մի պետություն է, որ ցեղասպանություն է իրականացնում տարբեր ազգերի, տարբեր կրոնների ժողովուրդների դեմ:

    Ռուբեն Բաբայան - ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղղեկ, պրոֆեսոր

    Բունդեսթագի բանաձևը ես կառանձնացնեի մինչև այժմ եղած բոլոր խորհրդարանների որոշումներից ու ճանաչումներից, որովհետև Գերմանիան եղել է նաև Թուրքիայի դաշնակիցը` 1915 թվականին ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Բայց Գերմանիան, կարծում եմ, գիտի դեղատոմս՝ ինչպես դառնալ հզոր երկիր և հզոր ժողովուրդ: Պետք է ոչ թե հնարել կամ փառաբանել, կամ աստվածացնել քո անցյալը, այլ պետք է կարողանալ առերեսվել դրա հետ, և բուժվում է նա, ով կարողանում է տեսնել իր մեղքերը: Գերմանիան Թուրքիային ցույց տվեց ճանապարհ, եթե ուզում եք եվրոինտեգրվել` ճանապարհը սա է, ուրիշ ճանապարհ չկա, կամ առերեսվում եք պատմության հետ, կամ՝ ոչ:
    Ես շատ բարձր եմ գնահատում նաև մասնակցության ու քվեարկության արդյունքները: Շատ կարևոր էր ազգությամբ թուրք պատգամավորների մասնակցությունը, որով նրանք ապացուցեցին, որ իրենք Գերմանիայի քաղաքացի են: Դա ուղերձ է նաև մեզ, որովհետև Հայաստանն էլ է կանգնած որոշակի քաղաքակրթության ընտրության շեմին և այդ ճանապարհը, որը ցույց է տալիս Գերմանիան, կարծում եմ, ճիշտ ճանապարհ է: Միայն սթափ, միայն օբյեկտիվ, միայն ճիշտ վերլուծելով քո անցյալը, իր բոլոր լուսավոր ու մութ կողմերով, դու կարող ես ապահովել քո ապագան: Այն որոշումը, որը կայացրեց Գերմանիան, ուժեղ ժողովրդի և ուժեղ պետության որոշում է: Թուրքիան այս պարագայում ցույց է տալիս, որ շատ և շատ թույլ է:

    Դավիթ Մուրադյան - ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵԹԿՊԻ ռեկտոր

    Գերմանիայի Վիսբադեն քաղաքում դեռևս տարիներ առաջ «Արևելք-արևմուտք» կինոփառատոնի օրերին պատահաբար հայտնվեցի մի հուշաքարի առջև, որի վրա փորագրված էին Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում առավել քանակությամբ զոհ տված ազգերի, ժողովուրդների, երկրների անունները և գտա Հայաստան բառը: Առաջին համաշխարհայինի ժամանակ, իսկ այն ավարտվել է 1918 թվականին, Հայաստան անունով պետություն դեռ չկար, բայց գերմանացիները ի սկզբանե գիտեին, որ պատերազմին չմասնակցող պետությունը հսկայական քանակությամբ զոհ է ունեցել Թուրքիայում, Օսմանյան կայսրությունում:
    Եվ երբ բանաձևի ընդունման լուրը եկավ Բեռլինից, աչքիս առաջ հայտնվեց այդ հուշաքարը: Փաստորեն, ժամանակակից ժողովրդավարական Գերմանիան ինքը պատասխանեց Հիտլերի հարցին`«Ով է այսօր հիշում հայերի կոտորածները»: Այդ որոշումն ունի համաեվրոպական նշանակություն ըստ իս: Ցեղասպանության ճանաչումը, նրան քաղաքական և բարոյական գնահատական տալը, մանավանդ այս օրերին, անուղղակիորեն նպաստում է նաև, իսկ գուցե ուղղակիորեն նպաստում է Արցախյան հարցին, որովհետև ինչպես ադրբեջանական վերջին հարձակումներն ապացուցեցին Ադրբեջանի իշխանության կամ վերահսկողության ներքո Արցախը ցեղասպանության վտանգի տակ է: Ինչը նշանակում է, որ երբևիցէ չի կարելի հանդուրժել Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի վրա, որ դա չի կարող լինել հարցի լուծման եղանակ:
    Այնպիսի խոշոր երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան կամ Գերմանիան, երբ արդեն հստակ դիրքորոշում են հայտնում պետական մակարդակով 1915 թվականի Ցեղասպանության մասին, դա ստեղծում է քաղաքական եղանակ, ինչը հաստատ իր նպաստավոր դերը կունենա: Ընդհանրապես, որքան ավելի լայն ծավալով ներկայանա Հայաստանն իր քաղաքակրթական արժեհամակարգով, ժառանգությամբ, արևելքի և արևմուտքի հետ պատմական կապերի բազմազանությամբ, ինչը վերջին տարիներին կարծես թե հաջողվում է արդեն անել եվրոպական տարածքներում, մասամբ նաև՝ արևելյան, այնքան ավելի մեծ տեղ կբացվի հասարակական գիտակցության մեջ այս խնդրի լուծման համար:

07.06.2016

Բունդեսթագը ճանաչել և դատապարտել է
Հայոց ցեղասպանությունը


    Գերմանիայի դաշնային խորհրդարանը հունիսի 2-ին ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Դրանով ճանաչել ու դատապարտել է 1915-ի Ցեղասպանությունը:  Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։
    Բանաձևն սկսվում է հետևյալ խոսքերով.«Գերմանիայի խորհրդարանն Օսմանյան կայսրությունում ավելի քան 100 տարի առաջ տեղահանված ու կոտորված հայերի և այլ քրիստոնյա զոհերի հիշատակի առաջ խոնարհվում է»։
    Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է օսմանյան կառավարության կողմից օսմանյան հողերում բնակվող հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։
    Խորհրդարանի առաջ հավաքված հայերը, հույները, քրդերը, ասորիները ծափահարություններով, ազգային պարերով են ընդունել ճանաչման փաստը:
    Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005-ին ընդունել է 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում սակայն նշված չի եղել «ցեղասպանություն» եզրույթը:    

            03.06.2016

Փակել վատի ճանապարհը
/<<Օպերացիա Նեմեսիս>> և <<Վերելք>>
ներկայացումների օրինակով/


    Ինչն է միավորում Նարեկ Դուրյանի <<Օպերացիա Նեմեսիս>> և Վարդան Պետրոսյանի <<Վերելք>> ներկայացումները, որոնք այս հոդվածի առիթն ու նյութն են: Բացի թեմատիկայից, իհարկե: Ցեղասպանության այն կամ այն դրվագին անդրադարձող կինոնկարները բազմաթիվ են, ներկայացումները` սակավաթիվ, իսկ ոչ խաղացանկային ներկայացումները` ընդամենը երկուսը: Այս երկու ներկայացումները ևս բաժանարար գիծ ունեն. <<Օպերացիա Նեմեսիսը>> բեմադրված է հերոսական լուծումներով, <<Վերելքը>>` տրագիկոմիկական: <<Վերելքը>> մշտապես բեմադրական նոր ձևեր որոնող Վարդան Պետրոսյանի ստեղծագործական կյանքում ևս անսովոր խիզախումով ու հմայքով արված ներկայացում է:

    <<Վերելք>>

    Բեմադրիչ Նարեկ Դուրյանն իր <Օպերացիա Նեմեսիս>> ներկայացման մասին պատմելիս անդրադարձավ նաև Վարդան Պետրոսյանի <Վերելքին>.<<Վարդանի ներկայացումը շատ համարձակ քայլ էր, իր լավագույն ներկայացումներից մեկը, այդքան սիմվոլիկ ու միաժամանակ հուզիչ>>:
    Ցեղասպանության 95-ամյակի տարում բեմադրված <<Վերելքը>> նույնպես անցել է անշլագով, ինչպես Վարդան Պետրոսյանի բոլոր ներկայացումները, այն իսկապես սիրվեց, ինչպես դրան նախորդող ու հաջորդող բեմադրությունները, սակայն թատերախոսականներ, կարծես, քիչ եղան: Ներկայացումը հաջողված էր, սակայն անսովոր ու բարդ` անգամ անդրադառնալու համար: Իսկ որքան դժվար է եղել Վարդանի համար: Բեմադրության դժվարությունների մասին նա ժամանակին խոսել է, ասելով, որ <<մենք կոմիտասներով ենք ձերբազատվելու թերություններից և վերելք ապրելու», և որ <<շատ ուրախ կլինեմ, որ ժամ ու կեսից ավելի բեմից հորդած ճշմարտությունը հասու դառնա շատերին>>:
    <<Սովորաբար Եղեռնի թեման լուսաբանվում է ողբերգական երանգներով։ Եվ հանկարծ այսպիսի արտառոց անվանում՝<<Վերելք>>։ Ես հայ եմ ու շատ ուժեղ եմ զգում Եղեռնի ողբերգությունը, որի մասին գիտեմ ոչ միայն գրքերից, այլ հորիցս՝ բնիկ մանազկերտցուց, ում 15 թվականին տեղահանել են հայրենի երկրից։ Եղեռնի ցավը իմ մեջ կուտակվել էր շատ վաղուց ու պիտի դուրս ժայթքեր՝ հուշելով մեր անսահման վիշտը վերարժեւորելու խորհուրդը, ցավը զենք դարձնելու գաղափարը... Գիտակցված եմ արել` հասկանալով և տեսնելով դրա բուժիչ նշանակությունը: Ամենածանրն, իհարկե, եղել է <<Վերելք>> ներկայացումը, մի քանի անգամ գրիչս վերցրել եւ դրել եմ` հիշելով Հրանտ Մաթեւոսյանի խոսքերը` <<Չի ստացվում գրել>>: Ցեղասպանության մասին հայ մարդը չի կարող գրել, առաջին տողերը գրելով՝ հասկանում ես, թե ինչքան փոքր ես դու այդ ցավի առջեւ, պատահական չէ, որ Ցեղասպանության մասին օտարներն ավելի լավ են գրում, նրանք ի վիճակի են կողքից նայել երևույթին, մենք` ոչ: Հայրս եղել է Ցեղասպանության ականատեսը, ես հորիցս եմ ժառանգել այդ ցավը, չէի կարողանում գրել, բայց ինձ ստիպել եմ` հորս առջեւ պարտքս կատարելու համար: Հիշում եմ` Ծաղկաձորում հինգ օր փակվեցի, որ վերջացնեմ աշխատանքս, երգ էի լսում, գրում, աչքերիցս արցունքներ էին հոսում, պատկերացնում էի հորս… Շատ դժվար է ողբերգության հետ կատակելը, բայց ես գիտեմ, որ դա դեղ է>>,- ասել է Վարդան Պետրոսյանը:
    Վարդանն այս կերպ է փորձել <<փակել վատի ճանապարհը>>:

    <<Օպերացիա Նեմեսիս>>

    Քանի որ հայրենասիրության ավարտուն բանաձև չկա, պետք է փակել վատի ճանապարհը, որի լավագույն օրինակը <<Հայկական Նեմեսիսն>> է: Բեմադրիչ և դերասան Նարեկ Դուրյանը հերոսական թեմայով <<Օպերացիա Նեմեսիս>> ներկայացումը առաջին անգամ բեմադրել է Փարիզում՝ 2005 թվականին, այնուհետև 2012 թվականին վերաբեմադրել՝ Երևանում/ պիեսի տեղայնացումը, երաժշտական ձևավորումն ու բեմադրությունը`Նարեկ Դուրյանի/: Քրիստինեի ներկայացմամբ, <<ժամանակ էր անցել, ներկայացման մեջ ներմուծվել է նաև մնջախաղ, որով էլ լուծվում են ժամանակագրական, տեղաշարժի հարցերը>>: Ոչ խաղացանկային, կոմերցիոն ներկայացումը վերջին անգամ խաղացել են ապրիլ ամսին:
    Մեզ հետ զրույցում Քրիստինե Հովհաննիսյանը, ով ներկայացման պրոդյուսերն ու կին հերոսների դերակատարն է, ասաց, որ <<2 ժամ շնչահեղձ անող ներկայացումը>> հիմնականում անցնում է լեփ-լեցուն դահլիճներում, ուղղակի չեն կարող ամիսը մի քանի անգամ խաղալ: Իր խոսքով, <<դրամարկղային կոմերցիոն ներկայացումներ անելու բարդություններից մեկն էլ այն է, որ թատրոն գնացող հանդիսականի թիվը քիչ է, այնպես պիտի շահագրգռել կամ հետաքրքրել, որ տոմսարկղից տոմս առնի>>:
    Իբրև հանդիսական և <Նեմեսիսի>> երկրպագու, ինձ համար էլ ներկայացումը կարևորվում է նրանով, որ հեղինակները չեն սահմանփակվել միայն Սողոմոն Թեհլերյանի գործողությամբ: Ինչպես նախորոք հաշվարկված էր և այդ մասին գրել էր Շահան Նաթալին, Սողոմոնի քրեական դատավարությունը կազմակերպված ձևով պիտի փոխակերպվեր հայոց Եղեռնը կազմակերպողների քաղաքական աղմկոտ դատավարության: Բացառիկ դատավարություն, որի ընթացքում զոհը դառնում է մարդասպան, և գերմանացի լրագրողներն այն լուաաբանում են իբրև Թալեաթի դատավարություն:
    Իվ Տերնոն, Ժերար Շալյան, Ժակ Դերոժ, Պերճ Զեյթունցյան հեղինակների տեքստերի հիման վրա արված փարիզյան ներկայացումը շրջել է Եվրոպայով, իսկ երևանյան <<Օպերացիա Նեմեսիսը>>, Քրիստինե Հովհաննիսյանի տեղեկացմամբ, 2015 թվականին հյուրախաղեր են տարել Բեյրութ և Պարսկաստան: Հավանական է, որ հյուրախաղերի գնան նաև Ռուսաստան և Միացյալ Նահանագներ:
    Նարեկ Դուրյանը փոքր-ինչ դժգոհ է, որ ներկայացումը 2015 թվականին <<զարմանալիորեն քիչ ճամփորդեց>>, քանի որ <Նեմեսիսը> համարում է մեր ազգային հպարտությունը, որից <սրտի գոհունակություն ես զգում>>:
    Փաստագրական, դինամիկ, էմոցիոնալ ներկայացման դերակատարներն են. բեմադրիչ` Նարեկ Դուրյան, պատմաբան` Գագիկ Ռոստոմյան, Թալեաթ` Սարգիս Գրիգորյան, Թեհլերյան` Ավո Խալաթյան և Քրիստինե Հովհաննիսյանը` կին հերոսների դերակատար:
    <<Իսկ ինքը երբ է առաջին անգամ տեղեկացել Նեմեսիսի մասին>> հարցին պատասխանում է.<<Ուշ, բավականին ուշ, երբ Հայաստանից գնացի Ֆրանսիա: Քսան տարեկան էի, առաջին զգացողությունս հպարտություն էր, որն ինձ ներշնչում են Նեմեսիս և Ղարաբաղ երևույթները>>:
    Նարեկ Դուրյանը զարմանալի մի միտք ասաց Նեմեսիսի հերոսների մասին.<<Իրենք դուրս եկան գործողություն կատարելու մի երկրից ու մնացին աներկիր, բայց հանճարեղ միայնակներ>>:
    Հանճարեղ միայնակներ էին Թեհլերյանը, Թոռլաքյանը, Մելքումյանը, բոլորը մեր հերոսներն են` կազմակերպիչներից մինչև օժանդակողներ և իրագործողներ...

                                Գայանե Մկրտչյան
26.05.2016


Կայացավ <<Երգ Հայաստանի մասին>> օրատորիայի

համաշխարհային պրեմիերան


    Ապրիլի 30-ին <<Արամ Խաչատրյան>> համերգասրահում կայացավ Շվեյցարիայից ժամանած աշխարհահռչակ կոմպոզիտոր և դիրիժոր Ալեքսանդր Բրինքենի <<Երգ Հայաստանի մասին>> օրատորիայի համաշխարհային պրեմիերան: Համերգը նվիրված էր հայ ժողովրդին` ի հիշատակ 1894-1923թթ. Թուրքիայի իրագործած Հայոց ցեղասպանության նահատակների: Համերգին մասնակցում էին Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը /գեղղեկ և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան/, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղղեկ և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/, Ազգային նվագարանների անսամբլը, մենակատար՝ Պերճ Քարազյանը /տենոր/ և ասմունքողներ, ՀՀ վաստակավոր արտիստներ Սիլվա Յուզբաշյանը և Սարգիս Նաջարյանը: Երկու ժամ և ավելի հնչած հրաշալի օրատորիայի ողջ ընթացքում հնչում էր Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ավետիք Իսահակյանի և Վահագն Դավթյանի բանաստեղծությունները: Ճաշակով ու տեղին ընտրված ստեղծագործություններ. կարծես՝ բանաստեղծներն ու կոմպոզիտորը միասին էին ստեղծագործել: Երաժշտությունը հուզիչ ու տպավորիչ էր: ՈՒրախալի էր, որ այդ ստեղծագործությունն այսուհետ աշխարհի տարբեր երկրների բեմերում է հնչելու և մեկ անգամ ևս բարձրաձայնելու հայ ժողովրդի դեմ կատարված Ցեղասպանության մասին:
    Համերգը հանդիսատեսի կողմից մեծ ընդունելության արժանացավ, վկան հանդիսատեսի երկարատև  ու հոտնկայս ծափերն էին:
    Կոմպոզիտոր Ալեքսանդր Բրինքենը ծնվել է 1952 թվականին Սանկտ-Պետերբուրգում: Ավարտել է տեղի կոնսերվատորիան որպես կոմպոզիտոր և երաժշտագետ: 1992-ից ապրում է Լյուցերնում /Շվեյցարիա/:
    <<Երկու տարի անընդմեջ աշխատել եմ: Սակայն դեռ 80-ականներին իմ մեջ մտահղացավ այդ նախագիծը և ի սկզբանե այն իմ նվիրումն էր լինելու Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին: Ասեմ, որ զուգահեռաբար ուսումնասիրեցի հայ բանաստեղծների ստեղծագործությունները, մշակեցի գրական հիմքը, ու երբ հասունացավ այդ պահը ինքնաբերաբար ծնվեց երաժշտությունը: 2009-2011 թվականներին ես կարողացա ամբողջացնել օրատորիան, իհարկե, Աստծո օգնությամբ ու օրհնությամբ: Ինձ շատ օգնեց հայկական չքնաղ մեղեդայնությունը: Ուսումնասիրեցի Կոմիտասի շարականները, միջնադարյան երաժշտությունը, որոնք էլ ներծծվեցին իմ երակներում ու դարձան իմ ստեղծագործության հիմքը: Իհարկե, կա նաև գերմանական մեղեդայնական ոճ, քանի որ քառորդ չափով գերմանացի եմ: Եվ հայկականը համադրեցի գերմանականի հետ ու ստացվեց այն, ինչ լսեցիք>>,-նշում է Ալեքսանդր Բրինքենը:
    -Մաեստրո, հնարավո՞ր է, որ օրատորիան ունենա շարունակություն և այն նվիրվի Արցախին:
    -Հրաշալի առաջարկ է, բայց ես Արցախի գրողների գործերին ծանոթ չեմ, եթե օգնեք, ապա շնորհակալ կլինեմ: Շատ եմ ցավում, որ երեկ գիշեր կրկին երկու զինվոր է զոհվել սահմանին: Այդ սահմանը վտանգավոր է: Ոչ մի բանակցություններ հաջողության չեն հասնում, որովհետև թուրքը միայն մի լեզու է հասկանում` ուժի լեզուն: Հայոց բանակը պետք է առաջ գնա, որ Ադրբեջանին ստիպի պարտությունն ընդունել: Արցախը որպես անկախ պետություն և հետագայում որպես Հայաստանի մաս պետք է ճանաչվի: Իսկ թուրքերն Արցախն անկախ կճանաչեն, երբ նրանց ծունկի բերեն: Ոչ մի բանակցություն չի կարող լուծել այդ խնդիրը, հայերը պետք է ստիպեն թուրքերին ընդունել իրենց պարտությունը: Ես անհամբեր սպասում եմ ու հետևում զարգացումներին:

                            Մարիետա Մակարյան
02.05.2016


Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես
Ռումինիայի Սուչավա քաղաքում


    Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Ռումինիայի Սուչավա քաղաքի Հայոց թանգարանում ապրիլի 18-24-ին  կազմակերպվել էր մամուլի եւ արխիվային փաստաթղթերի ցուցահանդես` «Անհայտ տեղեկություններ Հայոց ցեղասպանության մասին» խորագրով:
    Ցուցահանդեսի հիմքում ընկել է «Ինքնավար Հայաստան» վերնագրով թերթը, որի բնօրինակը գտնվում է Ռումինական ակադեմիայի գրադարանում: Թերթը տպագրվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1916-1918) Բուխարեստում:
    Թերթի նպատակը «օգնության հասնելն էր թշնամի թուրքերի դեմ կռվելու գնացած հայ կամավորների ընտանիքներին և Կովկասում ծայրահեղ թշվառության մեջ գտնվող հայ փախստականներին»:
    Թերթի նախաբանի մեջ Սապահ Գուլյանը խմբագրական հոդված է գրել «Արևելյան հարցի մասին», ինչի հիման վրա էլ Օսմանյան կայսրությունը դեռ 18-րդ դարում անվանվում էր «Եվրոպային հիվանդը»:
    Հայերի հանդեպ կատարված ոճրագործությունների փաստերը թերթում ներկայացվում էին ամեն օր, որոնց արձագանքը ոտքի էր կանգնեցրել եվրոպական հասարակությանը: Բերվում է գերմանացի սոցիալիստ պատգամավոր Կարլ Լիբկնեխտի օրինակը, որը «Հայկական հարցը» բարձրացրել էր Ռայխստագում: Ներկայացվել են նաև Կոնստանդնապոլսում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի վկայությունները հայերի բնաջնջման վերաբերյալ:
    «Հայերի սարսափելի սպանությունների» մասին իր տպավորություններն է հաղորդել Սուչավայում ծնված գրող Ժան Բարտը, հետագայում Ռումինական ակադեմիայի թղթակից անդամ: Բարտը 1915թ. եղել է Տրապիզոնում և հավաքել է հրաշքով փրկված հայերի հուշերը: Տարեց մի հայուհի, ջարդված ֆրանսերենով պատմել է, որ թուրքերը խնայել են իր երեխաներին այն մտքով, որ վերջիններս «հետագայում Ալլահին կծառայեն հավատքով ու հնազանդությամբ»:
    Ողջ մնացած հայերին աջակցող եվրոպական եւ ամերիկյան բազմաթիվ բարեգործական կազմակերպություններին միացել են նաեւ ռումինականները: Ռումինիայի «Մշակութային լիգան» «Բալկանյան ամսագիր» և «Վեստնիկ» թերթերի խմբագրերի հետ միասին բողոք են հղել Մեծ տերություններին: Գրող Բարբու Շտեֆանեսկու-Դելավրանչան, ելույթ ունենալով ռումինական Աթենեումի սրահում, խոսել է հայերի նահատակության մասին: Ռումինիայի հայ կանայք «Կարմիր խաչ» կազմակերպություն են ստեղծել կարիքավորների համար գումար հավաքելու նպատակով:
    Բուկովինայի/Սուչավա հայկական համայնքի նախագահ Վարդերես Ֆոն Պրունկուլը առաջիններից էր, որ դեռեւս աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ ահազանգել է Օսմանյան կայսրությունում հայերի վիճակի մասին: Նա ողջ մնացած հայերին աջակցություն ցույց տալու, որբացած հայ երեխաների համար որբանոց հիմնելու նախաձեռնություն է հանդես բերել և նամակ է գրել Ավստրիայի արտաքին գործերի նախարարին 1895թ. ապրիլի 30-ին, վերջինիս խնդրելով օգնություն ցույց տալ քրիստոնյա հայերին: Նամակը, որը տեղ է գտել թերթում, ցուցադրվել է նաև Սուչավայում:
    Ներկայացվել են նաև Ռումինիայի ազգային արխիվների Սուչավայի մասնաճյուղի նյութերը Սուչավայի առաջին գիմնազիայի (ներկայումս «Շտեֆան Մեծ» ազգային կոլեջ) վերաբերյալ: Գիմնազիայի ցուցակներում ու փաստաթղթերում գտնվել են այն երիտասարդ հայերի անունները, ովքեր փրկվել են, եկել են Սուչավա ու ապաստան գտել տեղի հայկական ընտանիքներում, օրինակ` քաղաքի հայկական դպրոցի տնօրեն Թեոդոր Ռոմաշկանուն ժամանակավորապես հոգ է տարել որոշ որբ հայերի համար, ովքեր էլ գիմնազիայում հաճախել են դասերի: Արխիվներում գտնվել են նաև երկու հայերի անուններ, ովքեր ավարտել են ավագ արական դպրոցը:
    Ցուցահանդեսի կազմել է Սուչավայի Հայոց թանգարանի տնօրեն Կորինա Դեռլան, որը տեղի հայերիպատմության լավագույն գիտակներից է:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

29.04.2016


Մենք պետք է կռվենք և ոչ լաց լինենք


    Երեկ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացավ Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի ելույթը /գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր, կոմպոզիտոր` Գ. Մանասյան/: ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի արժանացած անսամբլի համերգը նվիրված էր Հայոց ցեղասպանության այլևս սրբադասված զոհերի հիշատակին:
    Արցախյան սահմանագծում տիրող վերջին դեպքերի հետ կապված` առավել հուզված ու ոգեշնչված էր հանդիսատեսը: Անսամբլի կատարմամբ հնչող գրեթե յուրաքանչյուր երգի հետ դահլիճից միանում ու ձայնակցում էին` հիացմունքի ու ոգեկոչման կանչեր հնչեցնելով: Դահլիճում ներկա յուրաքանչյուր հայ բեմից հնչող երգերի ամեն տողի մեջ իրեն էր տեսնում, իր տենչերը, երազանքներն ու համոզմունքները` մենք պետք է կռվենք և ոչ լաց լինենք:

                                Գոհար Աբրահամյան
26.04.2016


«Պատասխան`  100   տարի   անց»  նախագծի   լավագույն վավերաքանդակներից  մեկը՝ «Ավրորա» մրցանակ

    ՀՀ մշակույթի նախարարության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՎիվաՍել–ՄՏՍ ընկերության աջակցությամբ 2014-2016 թթ. իրականացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Պատասխան՝ 100  տարի անց» համալիր ծրագիրը: Այն ներառում էր երկու ենթածրագիր, որոնցից երկրորդն, ըստ էության, հարթակ էր երիտասարդ ստեղծագործողների համար, ովքեր պետք է նախագծի կողմից ընտրված Հայոց ցեղասպանության տասը վավերագրերի շուրջ ստեղծեին կերպարվեստի մնայուն աշխատանքներ՝ կտավ, քանդակ, գծանկար: Աշխատանքների ստեղծման ընթացքին հետևում էր կերպարվեստի անվանի գործիչներից և ցեղասպանագետ-պատմաբաններից կազմված մրցութային հանձնաժողովը: Եզրափակիչ փուլ անցած աշխատանքների հեղինակների հետ կնքվեցին պայմանագրեր, որոնց համաձայն աշխատանքների օգտագործման հետ կապված որոշակի իրավունքներ փոխանցվեցին նախագծին: Ելնելով այդ իրավունքներից՝ ս.թ. մարտ ամսին «Պատասխան՝ 100  տարի անց» համալիր ծրագրի կազմակերպչական խորհուրդը դիմեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավարությանը՝ խորհրդանիշ մրցանակի ընտրության ժամանակ «Անցյալը՝ ներկայում» կերպարվեստի մրցույթի լավագույն ինը վավերաքանդակները ևս քննարկելու առաջարկով: Արդյունքում, իբրև «Ավրորա» մրցանակի նախագծեր քննարկվեցին «Անցյալը՝ ներկայում» մրցույթի 4 հեղինակների աշխատանքներ, որոնցից Մանվել Մաթևոսյանի «Դեպի հավերժություն» ստեղծագործությունը ճանաչվեց հաղթող: «Պատասխան՝ 100 տարի անց» նախագիծը՝ իբրև հարթակ, շարունակում է ներկայացնել երիտասարդ արվեստի գործիչներին, ովքեր ունակ են իրենց տաղանդով բարձր պահելու հայրենիքի պատիվը:

    



ՀՀ մշակույթի
նախարարություն
26.04.2016

Հայերեն աղոթք առ Աստված՝ էստոնական կատարմամբ


    «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնն այս տարի մեկնարկեց «Գրեմմի» մրցանակակիր Էստոնիայի ազգային արական երգչախմբի համերգներով: Ապրիլի 23-ին ելույթ ունենալով Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի համերգային դահլիճում, ապրիլի 25-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայերեն աղոթք ուղղելով առ Աստված՝ երգչախումբը համերգները նվիրեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի ու Արցախի նորօրյա հերոսների հիշատակին և զորակցություն հայտնեց Արցախի և Հայաստանի սահմանները պաշտպանող զինվորներին:

    Համերգների ընթացքում հնչեցին ժամանակակից կոմպոզիտորների և միջնադարյան հեղինակների ստեղծագործություններ՝ Մարտ Սաար, Ալեքսանդր Լաատե, Կոնստանտին Տուուրնպու, Գեյվին Բրայերս, Հենրիկ Օդեգաարդ, Ջովանի Բոնատո, Գալինա Գրիգորևա, Կոմիտաս:
    Հայկական երգչախմբային արվեստի և հայ ժողովրդի հանդեպ սերը երգչախումբն առաջին անգամ չէ դրսևորում: Վերջ
երս 70-ամյակը տոնած երգչախումբը՝ դեռևս անցյալ դարի 60-ականներին երևանցիներին հիացրել է «Ծիծեռնակ» հայկական երգի կատարումով, իսկ երգչախմբի հիմնադիր, աշխարհահռչակ խմբավար, երգահան Գուստավ Էռնեսաքսը Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի մասին ասել էր.«Տիեզերք է դուրս եկել մի նոր նավ, որի անձնակազմը և նավապետը Աստծո օրհնությամբ լի են եռանդով, բարձր ճաշակով և հանճարեղ պոռթկումներով»:
    Վերջին անգամ երգչախումբը Հայաստանում էր 2013 թվականին: Անցած տարի Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված՝ փառատոնի իրականացրած «Քեզ հետ, Հայաստան» համերգաշարի շրջանակում Էստոնիայում, սբ Հովհաննես եկեղեցում երգչախումբը կրկին հանդես է եկել հայերեն կատարումներով:
    «Արամ Խաչատր
յան» համերգասրահում երգչախմբի համերգին ներկա էր Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի ղեկավար, մաեստրո Չեքիջյանը.«Երգը սուրբ գործ է էստոնացիների համար, անգամ երգի հատուկ տոն ունեն, որը, սովորաբար, անց է կացվում բացօթյա համերգասրահում: Մենք էլ Տալինում և Տարտուում մասնակցել ենք երգի տոնի, որտեղ 60 հազար երգիչ կար, և ինձ բախտ է վիճակվել Տալինում, բացօթյա դահլիճում այդքան երգիչների երգչախումբը ղեկավարել… Էստոնիայի ազգային արական երգչախումբն աշխարհի առաջնակարգ երգչախմբերից է, իսկ երգչախմբի հիմնադիր Գուստավ Էռնեսաքսը՝ խմբերգային արվեստի աշխարհի խոշորագույն վարպետը, սրբություն է Էստոնիայում: Եվ մեզ համար հաճելի առիթ է այսօր ըմբոշխնել այս հանրահայտ երգչախմբի ծրագիրը և որ առավել հաճելի է մեզ համար՝ նաև Կոմիտասի «Պատարագի» պատառիկների կատարումներով»:
    Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը միջազգային հարթակում լավագույնս ներկայացնելու և հայանպաստ գործունեություն ծավալելու առթիվ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ապրիլի 25-ին նախարարության ոսկե մեդալով պարգևատրել է երգչախմբի գեղարվեստական ղեկավար Միկ Ուլեոային: Նախարարը համոզմունք է հայտնել, որ այս համագործակցությունը կնպաստի երկու երկրների միջև մշակութային երկխոսության խորացմանն ու նոր ծրագրերի իրականացմանը:
    Երգչախումբը համագործակցում է ձայնագրման համաշխարհային ստուդիաների հետ՝ վերջին հինգ տարիների ընթացքում թողարկելով երեք ալբոմ, որոնցից վերջին՝ Գալինա Գրիգորևայի երաժշտությամբ «Դրախտում» ալբոմը 2014-ին արժանացել է Էստոնիայի երաժշտական մրցանակաբաշխության լավագույն դասական ալբոմ մրցանակին։ Ներկայում երկու նոր ալբոմի ձայնագրման աշխատանքներ են ընթանում: Երգչախումբը «Գրեմմի» մրցանակին արժանացել է 2004-ին՝ խմբերգային երաժշտության կատեգորիայում, Սիբելիուսի «Կանտատներ» ձայնասկավառակի ձայնագրության համար, որին մասնակցել են էստոնական ազգային արական երգչախումբը, «Էլերհեյն» աղջիկների երգչախումբը և Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը` Պաավո Յաարվիի ղեկավարությամբ: Իսկ ահա 2005-ին երգչախմբի՝ Էդվարդ Գրիգի «Պեր Գյունտ» ալբոմը «Բի-Բի-Սի»-ի կողմից ճանաչվել է նվագախմբային երաժշտության լավագույն ալբոմ։
    Երգչախումբն ավելի քան 6300 համերգ է տվել Էստոնիայում, նախկին Խորհրդային Միության խոշոր քաղաքներում, Եվրոպայում, Իսրայելում, Կանադայում և ԱՄՆ-ում:
    «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնն անց է կացվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Ռուզան Անտոնյան
26.04.2016

«Ավրորա». կենսականորեն կարևոր հիշողության մրցանակ

    Ապրիլի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` մարդկային հոսքից ալիքվող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի սկզբնամասում, «Ավրորա»-ի առաջին մրցանակաբաշխությունն էր: Բեմում աշխարհի բոլոր կողմերից ժամանած տաղանդավոր ու բարեգործ տիկիններ ու այրեր էին` խաղաղության նոբելյան դափնեկիրներ, հումանիստ կինոաստղ և աշխարհահռչակ շանսոնիե, հայ մեծագործ այրեր:
    Մրցանակաբաշխությունը վարում էին օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը և «Washington Post» թերթի սյունակագիր, գրող Դևիդ Իգնատիուսը:
    Լրագրողների միջազգային կենտրոնը՝ «Ավրորա» մրցանակի հետ համագործակցությամբ, «Սկզբունքային լրագրության» անդրանիկ մրցանակը շնորհեց New York Times օրաթերթի թղթակից Ռուկմինի Կալիմակիին` մարդկության դեմ իրականացված ոճիրները բացահայտելու գործում ունեցած բացառիկ ավանդի համար։ «Ես՝ որպես լրագրող, կասեմ, որ այնպես չէ, թե երբևէ համակողմանիորեն որոշում ես ինքդ քեզ վտանգի ենթարկել, դու ընդամենը քո գործն ես անում։ Ես գրում եմ այդ պատմությունների մասին սրտով»,- ասաց մրցանակակիրը:
    Բեմում մեծա
րանքի ու հիշատակության խոսք հնչեց Քըրք Քրքորյանի մասին.«Դա մի մարդ էր, ով բարեգործությունը դարձրել էր իր կյանքի պատմությունը ու դա անում էր բացառիկ մեծահոգությամբ»: Կյանքի վերջին տարիներին բարեգործ հայը հիմնել էր մարդասիրական ֆիլմերի կինոստուդիա, որի մասին խոսելու համար բեմ հրավիրվեց ընկերության ղեկավար Էրիկ Իսրայելյանը: Նա մի քանի բառով ներկայացրեց նկարահանված, բայց դեռ հանդիսականի դատին չհանձնված «Խոստում» ֆիլմը.«Ֆիլմը սիրո և կենդանի մնալու մասին է»:
    Հուզիչ էր և տեղին, երբ Հայաստանի երիտասարդական նվագախումբը հնչեցրեց Արամ Խաչատրյանի «Զանգերի սիմֆոնիա»-ն` ի հիշատակ օրեր առաջ պատերազմում նահատակված խիզախ և օրինավոր հայորդիների:
    «Ավրորա»-ի ընտրող հանձանաժողովի անդամները 27 երկրի 186 թեկնածուից առանձնացրել էին չորս հավակնորդի, որոնց գործունեության մասին տեսանյութեր ցուցադրվեցին: Այնքան ազդեցիկ էին մարդկային անհնարին խիզախումի այդ պատմությունները, որ ամեն թեկնածուի ներկայացնելիս մտածում էիր, թե ամենաարժանավորն է:

    Ազդեցիկ էր Օսվենցիմի վերապրող Էլի Վիզելի տեսաուղերձը, ով տեսակետ հայտնեց, որ «Ավրորան» կենսականորեն կարևոր մրցանակ է, և որ «ողբերգությունը շատ երկար տևեց»:
    Սայիդա Ֆաթիման 31 տարում 80 հազար կյանք էր փրկել ստրկությունից և ամեն օր քնելուց առաջ իրեն հաշիվ է տվել.«Այսօր հաջողության ենք հասել, մարդ ենք փրկել»: Տիկին Ֆաթիման, իբրև կենդանի լեգենդ, բեմ բարձրացավ և ասաց.«Մի օր մենք միասին կփոխենք աշխարհը: Ես ներշնչված եմ տիկին Ավրորայի կերպարով և խնդրում ու պահանջում եմ մեկ րոպե հոտնկայս հիշատակենք նրան»:
    Մրցանակի հավակնորդ դոկտոր Թոմ Քաթինան չէր կարողացել ժամանել Հայաստան, հիվանդանոցի միակ բժիշկը չէր կարող բացակայել: Հայր Բեռնար Կինվին և Մարգարիտ Բարանկիցեն նույնպես ներկայացան իրենց բացառիկ կենսափորձով: Նրանք մարդիկ են, ովքեր իրենց կյանքը վտանգելով, փրկում են ուրիշներին:
    Չորս թեկնածուին հանձնվեց <Ավրորա> արձանիկը, բայց դեռևս պիտի հայտարարվեր հաղթող դափնեկրի անունը: Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին Երեւանում Մարգարիտ Բարանկիցեին շնորհեց «Ավրորա» մրցանակը:
    Մարգարիտ Բարանկիցեն` Բուրունդիի Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի տուն եւ REMA հիվանդանոցի հիմնադիրը, հռչակվեց «Ավրորա» անդրանիկ մրցանակի դափնեկիր՝ ճանաչման արժանանալով այն բացառիկ ազդեցության համար, որ Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել, խնամել որբերին ու փախստականներին։ Մարգարիտ Բարանկիցեն ասաց.«Մեր արժեքները մարդկային արժեքներն են: Երբ դուք ունեք կարեկցանք, արժանապատվություն ու սեր, ապա ոչինչ չի կարող վախեցնել ձեզ, ոչինչ եւ ոչ ոք չի կարող կանգնեցնել ձեզ: Որեւէ բան չի կարող հաղթել սիրուն՝ ոչ բանակները, ոչ ատելությունը, ոչ հետապնդումները, ոչ սովը. ոչինչ»։
    Որպես «Ավրորայի» դափնեկրի Բարանկիցեին շնորհվելու է 100.000 ԱՄՆ դոլարի պարգեւ, իսկ դափնեկիրն ինքը շարունակելու է նվիրատվության շղթան՝ ուղղորդելով 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհն այն կազմակերպություններին, որոնք ոգեշնչել են իրեն՝ գործելու։ Մարգարիտ Բարանկիցեն նախատեսում է նվիրատվություն ուղղել երեք կազմակերպությունների՝ մարդասիրական օգնության, որբերին խնամելու եւ երեխաների աղքատության դեմ պայքարելու նպատակով: Դրանք են՝ Fondation du Grand-Duc et de La Grande-Duchesse du Luxembourg (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի և Մեծ Դքսուհու հիմնադրամ), Fondation Jean-François Peterbroeck («Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամ) եւ Fondation Bridderlech Deelen Luxembourg («Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամ):
    Հյուրերը մեծարանքի են արժանացրել նաեւ մրցանակի մյուս երեք հավակնորդներին՝ Թոմ Քաթինային, Սայիդա Ղուլամ Ֆաթիմային եւ Հայր Բերնարդ Կինվիին։ Նրանք 25.000 ԱՄՆ դոլար նվիրատվություն կստանան՝ ուղղելու այն կազմակերպություններին, որոնք ոգեշնչել են նրանց:
    Ջորջ Քլունիի խոսքը պարզ էր ու ազդեցիկ. «Այն, ինչ անում եք, բացառիկ է, դա ճիշտ գործ է, դրանով աշխարհն ավելի լավն եք դարձնում: Քլունի ընտանիքն էլ Իռլանդիայից փախել է Ամերիկա: Նրանք չեն սովորել հերոսական դպրոցում: Հայտնի հարց է հնչել,«Ո°վ է այսօր հիշում հայերին»: Ես պատասխանում եմ` ամբողջ աշխարհը»:
    Համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն իր պատասխան խոսքում ասաց.«Շնորհակալություն, Ջորջ, նշանակալից ելույթի համար: Ժամանակին միանգամայն անծանոթը փրկել է իմ պապի կյանքը… Շատ զգացմունքային օր է, ես հասկանում եմ որքան ցավալի է տառապել Ցեղասպանությունից, կորցնել 18 տարեկան մեր երեխաներին: Մենք տեսնում ենք այս մարդկանց սխրանքը»:
    Հմայիչ Հասմիկ Պապյանը աշխարհին հասկանալի լեզվով հրաժեշտի մաղթանք տվեց.«Կհանդիպենք Երևանում, 2017 թվականի ապրիլի 24-ին»:
    Եթե 101-ամյակը մի փոքր ընկճացնում ու հուսահատեցնում է, ապա «Ավրորա »-ով սկսվում է ուրիշ հաշվարկ:

                                Գայանե Մկրտչյան
25.04.2016

Հիշում եմ և պահանջում

    Վարդան Հակոբյան /Արցախի գրողների միության նախագահ/

    Մենք միշտ հաղթում ենք, երբ ապավինում ենք միայն ու միայն ինքներս մեզ: Ուղիղ հարյուր տարի հետո հայոց աշխարհում ապրիլի 1-ը նորից ու վերստին սկսվեց ապրիլի 24-ով...
    Ազերի թուրքը դարձյալ հին ծրագրի նոր մշակումով փորձեց շարունակել իր սև ոճիրը՝ եղեռնել մեր ժողովրդին: Եվ տափաստանային խուժանի դեմ, որը զինված է ռուսական գերժամանակակից տանկերով, իսրայելական անօդաչուներով, թուրքական յաթաղանով, ելավ հայոց հերոսական բանակը. նորամորուս ու աստվածազարմ պատանիները հայրենի սահմանի վրա իրենցով կենդանի պատ ստեղծեցին, արյամբ փրկեցին մեր սուրբ հողը՝ իրենք էլ սրբանալով: Մեր խոնարհումը՝ բոլորին:     Իսկ ի՞նչ է նշանակում խոնարհվել: Իսկ ի՞նչ է նշանակում հիշատակի մոմեր ու խունկ վառել: Իսկ ի՞նչ է նշանակում անթիվ-անհամար ծաղիկներ բուրվառ
ել: Բոլոր իմաստները մեզ համար այսօր ներառված են մի բառում՝ զինվել: Գերժամանակակից զենքով:
    Թշնամին կրկին ցույց տվեց, որ բնաջնջելու իր մոլուցքը արյան մեջ է, ուրեմն, քանի դեռ չի իրագործել, պիտի մենք պատրաստ լինենք ոչնչացնելու նրան: Ունենք մի փոքրիկ հայրենիք, որը կորցնելուց հետո, ինչպես մեծ բանաստեղծն է ասում, էլ կորցնելու ոչինչ չենք ունենա: Մեր հողի, մեր մարդկանց, մեր աշխարհի բոլոր ռեսուրսները, ամեն ինչ պիտի միավորենք ու զենք ձեռք բերենք: Միջուկային: Մենք վաղուց պիտի անեինք դա: Ոչ մի, ոչ մի ուրիշ պետություն մեր ցավը չի հոգալու, մեր խնդիրը չի լուծելու՝ ով էլ որ լինի: Մեր հույսը, մեր ապավենը մենք ենք ու մենք:
    Ես դիմում եմ աշխարհի բոլոր հայերին, եթե գերժամանակակից հզոր զենք ու զինամթերք չունենանք, անկասկած, մենք ամեն ինչ տանուլ կտանք:
    Ավա՜ղ, անկախության տարիներին շատ ավելի մեծ գործեր պիտի անեինք: Պիտի պատրաստ լինենք այսօր՝ մեր գիտությամբ, մեր հզորությամբ ոչ միայն եղածը պաշտպանելու, այլև կորցրածը ետ բերելու: Մի՞թե Էրգիր կորցրած մարդը կնստի ու սիրուն-սիրուն բառերով, ճառերով կերազի միայն: Ո՞վ պիտի ետ բերի Արևմտյան Հայաստանը: Ինչպե՞ս: Ինչո՞վ: Ե՞րբ: Առանց զինվելու չկա բարգավաճում, չկա առաջընթաց՝ աշխարհագրական նման դիրք ունեցող մեր երկրի համար, չկա զարգացում...
    Չպետք է երբեք մոռանալ, որ մենք շրջապատված ենք թուրքերով. ամեն հայ պիտի զենք կրի, զենք գործածել իմանա, ամեն հայ պիտի լինի զինվոր, մեր երկիրը պիտի լինի ռազմականացված: Այլ ելք, այլ տարբերակ չկա: Գիրն ու մշակույթը, բժշկությունը, գիտությունը, շինությունը, եկեղեցին, հավատը, ամենը պիտի միավորվեն երկրի զինվորականության մեջ: Սա է մեր փրկությունը:
    Ես կոչով դիմում եմ աշխարհի բոլոր հայերին, բոլոր մեծ ու փոքր ձեռնարկատերերին, հայկական բոլոր կառույցներին՝ միաբանվել ու հայրենիքն ապահովել գերժամանակակից զենքով, նպաստել նրա պաշտպանունակության առավել հզորացմանը: Մենք դրանով իսկ կկարողանանք զսպել նենգադավ թշնամուն, հարկ եղած դեպքում նրան կտանք արժանի պատիժ: Այս գործում ցանկացած հապաղում անդառնալի կորուստ կլինի:
    Ես ուզում եմ Հայոց Եղեռնի միլիոնավոր մեր սուրբ նահատակների հիշատակը միայն այսպես հարգենք: Սա արցախյան քառօրյա ահաբեկչական պատերազմում կյանքի գնով հայրենիքը փրկած մեր սուրբ տղաների, որոնց շիրմահողը դեռ թարմ է, խոսք ու խորհուրդն է:
    Սթափվենք, ելնենք, միավորվենք, ազգովի գործենք: Եվ թող սա լինի մեր սուրբ երդումը մեր բոլոր այն զոհյալների առաջ, առանց որոնց մեր ժողովուրդը դեռ չի կարողանում ամբողջանալ: Մենք չենք կարող չլսել նրանց:
    Մենք խաբվում ու պարտվում ենք, երբ հավատում ենք ուրիշներին, երբ նրանց վրա ենք հույս դնում: Մենք միշտ հաղթում ենք, երբ ապավինում ենք ինքներս մեզ: Միայն ու միայն մեր ուժին:

    Հովիկ Հովեյան /բանաստեղծ/

    Ցեղասպանությունը /հայասպանությունը/ 1915 թվով չի սկսվել և 15 թվով չի ավարտվել: 1453 թվականից, սուլեյմանների, օղուզիկների ժառանգները ծավալապաշտական, տարածատիրական նկրտումներով ցայսօր էլ, միասեռ եվրոպայի ականջը շարբաթաջուր կաթեցնելով, խառնամբոխին հարիր վայնասուն-բարձրաձայնումներով շարունակում են ենիչերիական իրենց այսպես կոչված քաղաքականությունը:
    Հետայսու հստակ է, որ մեր հանրապետության և ողջ հայության թույլատրելի և իրավաբանորեն, պատմականորեն և հանրահռչակորեն ագրեսիվ քայլը միակ ելքն է:
    Մենք ենք ու մեր Աստված մեր ապավենը:

    Զորի Բալայան /գրող, հասարակական և քաղաքական գործիչ/

    Անշուշտ, 1915 թվականը սարսափելի ժամանակաշրջան եղավ հայ ժողովրդի համար, բայց նույնը տեղի է ունեցել 1893-ին, ընդհանրապես` 90-ականներին: Բայց միթե 1909 թվականին պատմական Կիլիկիայում, հատկապես՝ Ադանայում, հարյուր հազարավոր հայերի սպանդը միթե ցեղասպանություն չէ, կամ միթե 1915-ից հետո մինչև 1923թվ. նույնը չի շարունակվել և մենք, փաստորեն, կորցրել ենք մեր պատմական հայրենիքն ու պապենական հողերը: Անշուշտ, ապրիլի 24-ը միշտ պիտի մնա յուրաքքանչյուր հայի համար սուրբ օր, որը խորհրդանշում է և ընդգրկում անցած բոլոր տարիները:
    Թուրքերը անընդհատ պնդում են՝ արդարանալով, որ 1915 թվականին համաշխարհային պատերազմ է եղել, իսկ պատերազմում զոհեր լինում են և հայերին ստիպված են եղել տեղահանել: Հենց այդ ժամանակ էլ եղել են դաժանություններ:
    Թուրքը մնում է թուրք…

    Աշոտ Մելքոնյան /ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն/

 
    Ապրիլի 24. ես տարիներ շարունակ այս մասին խոսել ե
մ, որ 1965-ից ի վեր, երբ թուրքական կողմը որդեգրեց ժխտողական կեցվածք, մեր գլխավոր խնդիրը պետք է լիներ հատուցման հարցը իրավաքաղաքական դաշտում: Բարեբախտաբար, 2015-ի հունվարի 29-ից Համահայկական հռչակագրի ընդունումով սկսվում է պաշտոնական մակարդակով նոր փուլ, այն է՝ հատուցման 100-ամյակը:
    Ապրիլի 24-ը ուսանողական տարիներին ողբի, ցեղասպանության ընկալման խնդիր էր, իսկ այժմ միմիայն տեղի ունեցածի դիմաց հատուցման հասնելու ազդակ:

    Դավիթ Մուրադյան /կինոգետ/

    Մեր սուրբ հիշատակները մեզնից պահանջում են ուժեղ Հայաստան, որը պետականորեն տեր է կանգնում ազգային շահերին, իր դարավոր հողի վրա ապրելու և ստեղծագործելու իրավունքին, սերունդների ներկային և անպայման ապագային: Այդպիսի Հայաստանն արդեն 25 տարեկան է: Եվ անկախության օրոք ծնված ու հասակ առած այդ սերունդը, այս տարվա ապրիլի առաջին օրերին հերոսական դիմադրություն ցույց տվեց հերթական անգամ մեր դեմ սանձազերծված ասպատակությանը: Անմեղ զոհերի հոգիները 100 տարվա հեռավորությունից հավանաբար նայում էին մեր զինվորներին: Այդ զինվորները և մեր ամբողջ ժողավուրդը դարձել են մի հավաքական կամք, որն ընդունակ է դիմագրավելու մեր հայրենիքի դեմ նյութվող խարդավանքներին, որոնք երբեմն հանդես են գալիս խաղաղության աղավնիների փետուրներով: Ես չեմ կասկածում, որ այդ համապետական ու համաժողովրդական կամքը Հայաստանի լինելության գրավականն է, մանավանդ, որ պատմությունը ակնդետ նայում է մեզ: Նա տալիս է իր փորձառությունը, որը հաճախ նաև դառն է, բայց օգնում է, որ ավելի լավ հասկանանք նոր ժամանակների մարտահրավերները և արժանի պատասխան տանք դրանց:

    Հովհաննես Չեքիջյան /Պետական ակադեմիական երգչախմբի գլխավոր դիրիժոր/


    Հայ ժողովրդի համար ապրիլի 24-ը ամենատխու
ր օրն է, որը մենք երբեք չենք կարող մոռանալ և չպետք է մոռանանք: Այն պատմության մեջ մնում է որպես խոշոր վերք, ես կասեի՝ անբուժելի: Վերջ չկա ցավին,
չնայած որ 101-րդ տարին է արդեն, այդ ցավն անպակաս է մեր սրտում, բայց մենք ունենք նաև հույս, և կան շոշափելի ու ուրախալի դեպքեր, որոնցով մենք պետք է ամրանանք:

    Երվանդ Ազատյան /գրականագետ, հասարակական գործիչ/

    Հայոց ցեղասպանության 100-ամյակը, որ իր ավարտին հասավ, նոր դար սկսվեց նույն թափով, որովհետև Եղեռնը և ապրիլ 24-ը բոլոր ժամանակներում նոր իմաստ և պատմական նոր բովանդակություն ունեն մեզ համար: Ցավով պիտի անդրադառնամ, որ ճիշտ ապրիլ 24-ի նախօրեին, թուրքերն ու ադրբեջանցիները կրկին իրենց վայրագությունը հայտնաբերելով հարձակվեցին Արցախի խաղաղ բնակչության վրա և ցուցաբերեցին իրենց բարբարոսությունը: Հետևաբար, ամեն տարի ապրիլի 24-ը նոր իմաստ և նոր լիցք է բերում հայ ժողովրդին, ու նաև մեր առջև պարզ հրամայական է տալիս, քաղաքական ու պատմական ծանրակշիռ մարտահրավերները: Աշխարհի հայերը ամեն տարի ապրիլի 24-ի նախօրեին այցելում են մայր հայրենիք՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Այս անգամ մեր այցելությունը ոչ միայն ապրիլի 24-ի առիթն էր, այլ նաև ադրբեջանական հարձակմանը հաջորդող օրերը, որոնք մեզ համար շատ հատկանշական եղան: Մենք եկանք մեր վշտակցությամբ և զորակցությամբ ամրապնդելու մեր ազգային արմատները, որոնք գտնվում են Հայաստանի և Արցախի պատմական հողում: Քաղաքական այս զարգացումները ցույց են տալիս, որ թուրքական ու ադրբեջանական նավթադոլարների դիմաց ունենք զորեղ զենք` մեր ժողովրդի միասնական կամքը, տոկունությունը և պատմական ժառանգության ուժը:

   

   

   

   

24.04.2016

Մի քիչ ավելին, քան՝ պատկերագիրք

/«Պատասխան՝ 100 տարի անց» պատկերագիրքը՝
մասնակցի հայացքով/

    Ապրիլի 22-ին Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի դահլիճում հյուրընկալվել էին անվանի հայորդիներ, ովքեր մասնակցել էին 100-ամյակի մշակութային նախագծերից «Պատասխան՝ 100 տարի անց» ծրագրին ու պատկերագրքի ստեղծմանը: Մշակույթի նախարարության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը հրատարակել է «Պատասխան՝ 100 տարի անց» ծրագիրն ամփոփող համանուն պատկերագիրքը:
    Տիգրան Մանսուրյանը, Հասմիկ Պապյանը, Սերժ Ավետիքյանը, Մշակույթի նախարարի տեղեկալ Ներսես Տեր-Վարդանյանը, թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, Վերժինե Սվազլյանը, ծրագրի հեղինակ Հասմիկ Հախվերդյանը խոսեցին նախագծի կարևորության, իրենց մասնակցության մասին:
    Երկլեզու՝ հայերեն-ռուսերեն պատկերագրքում Ցեղասպանության մասին առատ նյութ կա մտքի, հոգու, աչքի համար, կան հարյուրամյա անպատասխան նամակներ ու ժամանկակից արվեստագետների պատասխաններ, կան մրցույթի հաղթած նկարիչ-քանդակագործների ստեղծագործություններ, հուշեր, վավերապատումներ, արխիվային փաստաթղթերի պատճեններ: Մեկ հայացքով անընդգրկելի հարուստ բովանդակություն, երկու տարվա աշխատանքի արդյունք:
    «Սա ավելին է քան սովորական գիրքը, յուրօրինակ մտահղացում է, Ցեղասպանության թեմայով բազմաթիվ նախագծերի մեջ նմանը չունեցող»,- սա մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանի տեսակետն է; Կարո Վարդանյանը, ով ոչ միայն ծրագրի ակունքներում էր, այլև պատկերագրքի հեղինակ ու անպատասխան նամակին արձագանքող արվեստագետ, իր խոսքում ասաց, որ «այս բովանդակալից, հուզիչ պատկերագիրքը յուրաքանչյուր գրադարակի զարդը կարող է լինել«:

    Սերժ Ավետիքյանի նամակը

    «Երբ ինձ խնդրեցին պատասխանել Ցեղասպանության տարիներին գրված նամակներից մեկին, ես մտածեցի, թե ինչպե՞ս կարելի է 100 տարի անց պատասխանել մի նամակի, որը պետք է մնար առանց պատասխանի: Միգուցե այդ նամակների ուժը հենց նրանում էր, որ դրանք մեր հիշողություններում առանց պատասխանի էին մնացել... Ես Երվանդ Օտյանի նամակին պատասխանել եմ այնպես, կարծես ողջ, կենդանի ու ապրող մարդուց ստացած նամակին կպատասխանեի»:
    Թերթելով գիրքը՝ կարդում ենք 1916 թվականին աքսորից Պոլիս վերադարձած Օտյանի խոսքը.« Ողջույն քեզ, հայ ժողովուրդ... մեղա՜, ողջույն Ձեզ, հայության խլյակներ: Հեռուեն, շատ հեռուներեն կու գամ... Դեր Զորեն կու գամ...»: Սերժ Ավետիքյանը պատասխանել է.«Սիրելի Երվանդ, քո նամակն այնքան ողբերգական է, իմացա, որ մեր ժողովուրդն անխնա ոչնչացվել է... Դու փրկվեցիր ու մենք ողջ ենք... Բայց քո կարիքն ունենք, քո ոգևորության, հումորի, ազատ մտքի, քո երգիծանքի կարիքը: Մենք քեզ կարոտում ենք»:
    Մասնակիցների համար հուզիչ անակնկալ էր, որ արվեստագետը կարդաց Գարեգին Խաժակի հրաժեշտի խոսքն՝ ուղղված բախտակից ընկերներին, անխուսափելի մահապատժից առաջ:

    Տիգրան Մանսուրյանի գրավոր ու բանավոր պատասխանը

    Գարեգին Խաժակը հրաժեշտի նամակ էր գրել կնոջը՝ «կյանքի անուշ ընկեր» Շուշանիկին.«Ինչ զարհուրելի է չտեսնել զավակի ծնունդը և կախվել, այն էլ՝ այսպես դաժանորեն, առանց որևէ արդար պատճառի, լոկ կասկածանքով»:
    Տիգրան Մանուրյանը ընտանիքի հոր նամակին պատասխանում է իբրև ընտանիքի հայր, և ավարտում այսպես.«Եթե այս ընթացքում հաղթանակ ձեռք բերած և օտարված հողը հային վերադարձնող հայոց բանակ ունեցանք, ուրեմն վաղը էլ ավելին ենք կարող լինելու»: Ապրիլի 22-ի շնորհանդեսի օրը Տիգրան Մանսուրյանն այսպես խոսեց.«Ես արդեն առիթ ունեցել եմ այս գիրքն ունենալ իմ ձեռքին և հիմա կարող եմ ասել, որ շատ կարևոր աշխատանք է արված՝ մաքուր, գեղեցիկ, բարձր ճաշակով և ամենակարևորը՝ հագեցած բովանդակությամբ՝ մարդկային ճակատագրերի, դրանց շփումների և դրանց միջև եղած կապի մասին, որոնք շատ տարողունակ են, մանավանդ՝ այս վերջին օրերի ընթացքում: Հարցերը, որ բարձրացրել է այս գիրքը, ծայրահեղ այժմեական են, որ մեզ բոլորիս հուզում են՝ այս էլ 101 տարի: Երբեմն, գեղեցիկի հետ համատեղ, կարևոր է, որ աշխատի նաև զենքը, ուղղակի զենքը, ոչ թե այն զենքը, որ մենք երբեմն արվեստն ենք համարում՝ մեր զենքը, այլ բանակի զենքը: Դրանք պետք է համամասնաբար գործեն՝ միաժամանակ, որովհետև մեր ժողովրդի կենսագրությունն ու ճակատագիրը քաղաքակիրթ աշխարհում բարու չափաբաժինն ավելացնելն է, բայց կյանքը ցույց տվեց, որ դա քիչ է, պետք է ունենալ նաև դրան պաշտպանող զենքը: Ցավոք, Ցեղասպանության 101-րդ տարին կրկին սկսում ենք՝ լեցուն կնճիռներով ու հարցականներով, բայց մենք հիմա գոնե պետականություն ունենք և արդեն հստակ գիտակցություն, որ մենք պետք է լինենք մեր գլխի տերը՝ պահելու մեր լեզուն, մեր եկեղեցին, մեր ոգին, ամբողջ մի մշակութային հարստություն, որի մեջ ենք մենք ամեն օր»:

    Հասմիկ Պապյանի պատասխանը

    Սիամանթոյի վերջին նամակն ուղղված էր մորը.«Քանզի աշխարհը գիտե, որ ոչ մի առնչություն չունեմ ոչ քաղաքականությունից ու ոչ էլ ուրիշ հանցանքի հետ կապ ունիմ»: Հոգուց բխած արձագանք է տաղանդավոր Հասմիկ Պապյանի հորդորը.«Ապրել, արարել և պահանջել արդարություն, այսկերպ հաղթել, ուրիշ ճանապարհ մենք չունենք»: Իսկ շնորհանդեսի ժամանակ աշխարհահռչակ երգչուհին ասաց.«Ես Ցեղասպանությունից փրկված՝ սեբաստացի և պոլսեցի ծնողների զավակ եմ, հետևաբար՝ այս թեման մշտապես ինձ հետ է, իմ արյան մեջ է: Սկսած անցյալ տարվանից՝ ես ոգեկոչման շատ ձեռնարկների եմ մասնակցել և հանգել եմ այն եզրակացության, որ շատ ուրախ եմ այն բանի համար, որ մենք կանք և շարունակում ենք մեր առաքելությունը՝ գիրք տպող, արվեստ ու մշակույթ ստեղծող ու քաջալերող մեր տեսակը՝ այսօրվա մեր ամենամեծ «անհաջողությունը», որը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ մեր «հարևանը», որը շատ դեպքերում չի հասկանում նաև քաղաքակիրթ աշխարհը: Մենք պետք է շարունակենք մեր առաքելությունը, և ես վստահ եմ, որ մեր բոլոր հաղթանակները դեռ առջևում են»:


    Ռալֆ Յիրիկյանի և մյուսների պատասխան-նամակները

    Կնոջը՝ Կլարային ուղղված Գրիգոր Զոհրապի վերջին նամակին արձագանքել է Ռալֆ Յիրիկյանը՝ ներկայացնելով իր գերդաստանի անցած դժվարին ճանապարհը.«Այսօրինակ ծրագրերով մենք ոչ միայն մեր՝ սերունդների պարտքն ենք կատարում անմեղ նահատակների առջև, այլև ձգտում ենք կանխել հրեշավոր դեպքերի կրկնությունը՝ որևէ ազգի նկատմամբ»: Զոհրապի նամակին արձագանքել է նաև ռոք երաժիշտ Անդրե Սիմոնյանը:
    Երգչուհի Սիպիլի պատասխանը նամակ է սիրելի Ռուբեն Սևակին.«Գիտեմ, որ այս նամակն էլ, քո սիրելի Յաննիի նամակի պես, քեզ չպիտի հասնի... Ես, իբրև թոռնիկ, ով ապրում է Ստամբուլում, ջանում եմ պահպանել իմ լեզուն, ինքնությունը և ձայնս լսելի դարձնել բոլորին: Սիրելի Ռուբեն, ես ապրում ու ստեղծագործում եմ մի քաղաքում, որտեղից 100 տարի առաջ քեզ քշեցին դեպի մահ... ոչ՝ անմահություն»:
    Սմբատ Բյուրատի նամակին կնոջ՝ Եվդոքսիայի փոխարեն զգացական պատասխան է տվել ռեժիսոր Սյուզան Խարտալյանը:
    Կոմիտասի վերջի նամակին ծավալուն տեքստով պատասխանել է թուրք պատմաբան Սայիդ Չեթինօղլուն, ով փորձ է անում հասկանալ «մենավորիկ Կոմիտասի» ողբերգությունը.«Ցեղասպանությունը քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ ոչնչացրեց Կոմիտասի ժողովրդին, քաղաքակիրթ աշխարհն էլ ձայնը չբարձրացրեց բնաջնջման դեմ: Այն չունեցավ իր Նյուրնբերգը, ընդհակառակը, մեղավորները տարատեսակ պարգևների արժանացան»:
    Հանճարեղ Կոմիտասին արձագանքել է նաև ամերիկացի կոմպոզիտոր Դանիել Դեքերը.«Անըմբռնելի է՝ հիշատակում ենք Ցեղասպանության 100-րդ տարելիցը, բայց հարցը դեռևս լուծված չէ, Աստված վկա, արդարությունը կվերականգնվի»: Նամակներին պատասխանել են նաև թուրք Օսման Կավալան, որը խոստովանում է, թե «իրավունք չունի և բառեր չկան», բելգիացի Օդ Մերլինը: Անգլիացի ֆոտոլրագրող Ռասել Փոլարդն արձագանքել է Վուդրո Վիլսոնին ուղղված՝ Արմին Վեգների ազդեցիկ նամակին: Զորավար Անդրանիկի՝ «սիրելի զինվորներին» ուղղված նամակին արձագանքել է Կարո Վարդանյանը «ով մեծագործ այր, զինվորապաշտ զորավար» նախաբանով, ինչպես նաև Արթուր Աբրահամը:


    Առաջին անգամ տպվող՝ Անրի Վերնոյի նամակը

    Սա գրքի բերած նորությունն է: Դավիթ Ադամյանի նամակին արձագանքել է Պատրիկ Մալաքյանը, հրատարակման բացառիկ իրավունքով տրամադրելով հոր՝ Անրի Վերնոյի անտիպ նամակը, համարելով այն Մալաքյան ընտանիքի, աշխարհասփյուռ հայության պատասխանը: 1995 թվականին Բյուլենք Աքարջալ անունով թուրք պաշտոնյան ֆրանսիական հեռուստաեթերով Անրի Վերնոյի ելույթից հետո հարկ է համարել զայրալից նամակ գրել.«Դուք ատելություն եք սերմանում, պարոն Վերնոյ... Լեռնային Ղարաբաղի հետ դուք՝ անցյալի խավար ուժերդ, հառնում եք մոխիրներից...»:«Պարոնի հիստերիկ խոսքին» պատասխանել է Անրի Վերնոյը, որը մնացել է նրա արխիվում: Բեմադրիչը խորհուրդ է տալիս «կրել սեփական անցյալի սև ժամերը»՝ գրելով.«Հավատարիմ մնալով ոճրագործներին՝ դուք անմտորեն ու անկեղծորեն դառնում եք նրանց հանցակիցը»: Ու ստորագրություն՝ Աշոտ Մալաքյան:

    Եվ վերջում՝ ֆիլմ դարձած ուխտագնացություն

    Ցուցադրվեց 2015թ. հունիսին Արևմտյան Հայաստան կատարած ուխտագնացության մասին պատմող «Մենք կգանք» տեսաֆիլմը, որտեղ հնչեց Հասմիկ Հախվերդյանի երգը՝ Սիպիլի և The Beautified project խմբի կատարմամբ։
Փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը պատվոգրեր հանձնեց կերպարվեստի մրցույթի հաղթողներին:

    Հ.Գ.- Իբրև հեղինակ, կարող եմ փոխանցել, որ տառապալից էր համանման ծրագրին առնչվելը, քանի որ յուրաքանչյուր նոր փաստ սարսռազդու է, ահարկու, անմարսելի, անտրամաբանական և անպատասխան:

                                    Գայանե Մկրտչյան
23.04.2016

<<Իմ սիրտը լեցուն է մարդկանց և

երաժշտության հանդեպ սիրով>>


    Սփյուռքահայ երգչուհի Սիբիլի հոգու խորքից բխող երգարվեստը, հոգեթով ձայնն ունկնդրելով, հասկանում ես, թե ինչպես է նրա կատարումը հնչել թուրքական պետական հեռուստաալիքով: Նա առաջինն է, ում հաջողվել է հայկական երգ կատարելով, Թուրքիայում երգիչների լավագույն տասնյակում տեղ զբաղեցնել: Ավելին, թուրք երաժշտական քննադատներն անգամ առաջարկել են որպես Թուրքիայի ներկայացուցիչ նրան ուղարկել Եվրատեսիլ:
    Երկու տարվա ընդմիջումով թողարկված «Սիբիլ» և «Սեր» երաժշտական երկու ալբոմներն էլ թուրքական պետական հեռուստաընկերությամբ ցուցադրվել և տարվա լավագույն ալբոմների շարքին են դասվել: Հայերեն երգերով նրա ալբոմների մասին գրել են թուրքական ամենակարդացվող թերթերը, իսկ թուրք երկրպագուները նրան քաջալերող նամակներ են ուղարկում: Այս ամենը երգչուհին հրաշքի է նմանեցնում և համարում է, որ երաժշտության մեջ կա միայն սիրո կամուրջ.<<Ես իմ երգերի միջոցով ցանկանում եմ սեր և համերաշխություն տարածել...>>:
    Իրականում աստվածատուր ձայնով այս երգչուհին մասնագիտական երաժշտական կրթություն չի ստացել, նրա համար որպես երգարվեստի դպրոց է ծառայել եկեղեցական երգչախմբում երգելը, որտեղ ժամանակին երգել է նաև նրա հայրը: Արհեստավարժ երգիչ դառնալու ցանկություն Սիբիլը չի ունեցել: Նա համարում է, որ հայերեն երգելով Թուրքիայում հաջողությունների հասնելը շատ դժվար է: Զարմանում ես, այս քնքուշ ու մեղմիկ հայուհին ինչպես է կարողացել չգայթակղվել մեծ հանրաճանաչություն խոստացող՝ թուրքերեն երգելու հորդորներով և հաստատակամորեն հայերենն օտարության մեջ պահպանելու և բարձր մակարդակով ներկայացնելու դժվարին գործին լծվել: «Իմ փափագը հայկական երգով ելույթ ունենալն ու Թուրքիայում հայերեն երգելն էր»,-ասել է Սիբիլը, ով հայերենով երաժշտական ալբոմ թողարկելու մեծ երազանք ուներ նաև: Եվ արդեն իսկ 2010-ին նա Թուրքիայում կարողացավ թողարկել իր առաջին՝ հայկական 12 երգով «Սիբիլ» երաժշտական ալբոմը, այդ թվում՝ թուրքահայ երգահան Մաժակ Թոշիկյանի «Անին տեսնեմ ու նոր մեռնեմ», «Տեր ողորմյա», «Կիլիկիա» երգերը: Սիբիլը խոստովանում է, որ մեծ հույսեր չի կապել ալբոմի հետ, իր շրջապատն էլ մինչ լույս տեսնելը չարդարացված էր համարում հայերեն ալբոմի վրա գումար ծախսելը: Մինչդեռ այն աննախադեպ մեծ հաջողություն ունեցավ և վերաթողարկվեց յոթ անգամ: Հատուկ ալբոմի համար չորս նոր երգ էր գրվել, որոնցից «Նամակը» տևական ժամանակ չէր իջնում «թոփ 10»-ի առաջին հորիզոնականներից: Սիբիլը խոստովանում է, որ ինքն էլ «շվարել էր այդ հաջողությունից»:
    Երգչուհին վերջերս Երևանում էր՝ թուրք և հայ երաժիշտների համատեղ «Ներդաշնակության մեղեդի» նախագծի նկարահանման աշխատանքներին և մի շարք միջոցառումների մասնակցելու նպատակով: Նա ուրախությամբ նշեց, որ արդեն մոռացել է իր այցելությունների հաշիվը, մինչդեռ Հայաստանում լինելն իր ոչ այնքան վաղ երազանքներից էր: Առաջին անգամ Հայաստան է այցելել որպես զբոսաշրջիկ 2001-ին: «Ասես երեկ էր. այնքան երջանիկ էի, այնքան հպարտ… Այդ ժամանակներից շատ բան է փոխվել: Երևանը շատ ավելի է գեղեցկացել, ճանապարհները բարեկարգ են դարձել, և շատ լավ է, որ այն ժամանակ ինձ մեծ ցավ պատճառած մուրացկանությունն է վերացել»:
    Հայրական կողմը պոլսահայեր են, մայրական կողմից տատը Թոքաթից է, իսկ պապը՝ Սվազից: Սիբիլը միայն իր մայրական տատին է տեսել: Նրա գերդաստանից միայն ինքը և իրենից մեկ տարով մեծ քույրն են փրկվել 1915-ի եղեռնից: Նրանց ցավն այնքան մեծ էր, որ այդ մասին երբեք չեն խոսել: Այդ դաժան անցյալի մասին երգչուհին իմացել է միայն տատիկի մահվանից հետո՝ նրա քրոջ դստեր պատմածից:
    Սիբիլը Հայաստանի մասին լսել է, երբ շատ փոքր է եղել: Հիշում է իր ընտանիքի անսահման ուրախությունը, երբ Հայաստանի մի քանի հեռուստաալիքներ դիտելու և լուրերին ու մշակութային կյանքին հետևելու հնարավորություն ունեցան:
    Իսկ ահա հանձին երգչուհի Սիբիլի Հայաստանը, հայ ժողովուրդը գտավ իր զավակին, ստացավ հայրենական սիրո, կարոտի ու հավատի, վերածննդի գեղեցիկ ու քնքուշ հոգևոր ալիք:
    «Անչափ շնորհակալ եմ, որ Հայաստանի ժողովուրդն ինձ մեծ սիրով ու հարազատորեն ընդունեց: Ես ինձ բախտավոր եմ զգում անձիս հանդեպ ժողովրդի ցուցաբերած վերաբերմունքի համար: Հենց առաջին իսկ օրից գնահատեցին, դու մեր Սիբիլն ես՝ ասացին: Առաջին հայտնությունս Համահայկական 5-րդ խաղերի բացման առիթով էր: Հետո հաճախացան այցերս: Յուրաքանչյուր այցելության նոր մարդկանց հետ ծանոթանալու առիթ եմ ունենում: Այսպես, Համահայկական 6-րդ խաղերի ժամանակ «The Beautified Project» խմբի ղեկավար Անդրե Սիմոնյանի հետ ծանոթացա, այդպես ծնվեց «Ներդաշնակության մեղեդի» նախագիծը, և մենք դարձանք լավ բարեկամներ: Հարազատի նման բարեկամներ ձեռք բերեցի այստեղ: Ես էլ ուժերիս ներածի չափով փորձում եմ այդ մեծ սիրուն արժանի լինել: Միշտ ասում եմ և պիտի ասեմ՝ Հայաստանն իմ երկրորդ տունն է, երբ որևէ ծրագրի առաջարկ, հրավեր ստանամ, քայլելով չէ, վազելով եմ գալու»:
    Ներկայում Սիբիլն աշխատում է նոր ստեղծագործությունների վրա, ունի նոր առաջարկներ, բայց նախընտրում է դրանց մասին խոսել միայն պատրաստ լինելու դեպքում:
    Սիրո մասին այդքան գեղեցիկ երգող Սիբիլի սիրտը դեռևս որևէ մեկը չի կարողացել գերել: Գարնան իր «կարմիր ծաղիկ մը» նվիրողին նա դեռևս չի գտել: Բայց իր սիրտը լեցուն է սիրով մարդկանց և երաժշտության հանդեպ:

                                Ռուզան Անտոնյան
23.04.2016



Ոչ թե հավերժական սուգ, այլ հարատև արդարություն


    Հայոց ցեղասպանության թեման, որը մեկ դար շարունակ և անգամ խորհրդային գրաքննության դաժան պայմաններում մշտապես արդիական է եղել հայ կինոյում, առանձնահատուկ հնչեղություն ստացավ անցյալ տարի՝ 2015-ին, երբ համայն հայությունը մշակութային, հոգևոր և հասարակական մեծածավալ ծրագրերով հիշատակում էր Եղեռնի 100-ամյա տարելիցը: Ամբողջ անցյալ տարվա ընթացքում ցեղասպանությանը նվիրված ֆիլմերը, որ նկարահանվել էին հենց հիշատակման տարում, ներկայացվեցին ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային հեղինակավոր կինոփառատոներում ու ստուգատեսներում: Արդեն այս տարի՝ ապրիլի 24-ի նախօրեին, ևս երկու կինոպրեմիերա վերստին վկայեցին, որ կինոգործիչները երբևէ հետաքրքությունը չեն կորցնում ցեղասպանության ոճիրի թեմայի հանդեպ:
    Ապրիլին Ռումինիայում մեծ հաջողությամբ ցուցադրվել է Թուրքիայում հայտնի կինոռեժիսոր, թուրքական նոր կինոն ներկայացնող, համեշենահայ Օզջան Ալփերի «Քամու հիշողությունները» ֆիլմը: Տարածաշրջանում պատմական ու քաղաքական տարաձայնությունների համապատկերում Ալփերը միշտ էլ չափազանց հետաքրքիր է համարել սովորական մարդկանց ճակատագրերն ու նրանց կապող ընդհանրությունները: Ալփերը, ով վերջին 15 տարիներին ստեղծվող թուրքական նոր կինոն բնորոշում է որպես քաղաքական ռեալիզմի կինո, վստահ է, որ պետք է ընդլայնել շփումների ու քննարկվող թեմաների շրջանակը և հատկապես բաց ու անկեղծորեն խոսել ցավոտ խնդիրների մասին: Սակայն բացի քաղաքական հնչեղությունից այդ ֆիլմերը պետք է նկարվեն բարձր արվեստով, մշտապես կրկնում է համշենահայ կինոռեժիսորը և նրա նոր ֆիլմը դրա վառ օրինակն է: 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին ծավալվող կինոդրամայի հերոսը Ստամբուլից փախած Արամ Դեմիրճյանն է: 1943-ից «Քամու հիշողությունները» ֆիլմի հեղինակը հետադարձ հայացքով վերադառնում է 1915-ի հայտնի իրողություններին՝ մեծ էկրանին տպավորիչ կինոպատումի միջոցով վերհաստատելով այն իրողությունը, որ ցեղասպանություն ապրած ազգը և նրանց ժառանգները երբևէ չեն կարողանում ձերբազատվել այդ մեծ ողբերգությունից:
    Եվ արդեն Երևանում՝ ապրիլի 20-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ցեղասպանության թեմայով 2016-ին նկարահանված նոր՝ «Արմատներ» ֆիլմի կինոնորամուտը: Scripted Reality ժանրում նկարահանված ֆիլմը նոր մոտեցում և նոր որակ է արձանագրում այսօրվա հայկական ֆիլմարտադրության ասպարեզում: Մշակույթի նախարարության, Հայաստանի ազգային կինոկենտրոնի ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ ստեղծված ֆիլմի առանցքում Սփյուռքում ապրող երկու հայ երիտասարդների՝ բոստոնաբնակ լրագրող, բլոգեր Արամի և ֆրանսահայ Անետի բուռն սիրո պատմությունն է, որը դառնում է նաև յուրաքանչյուր հայի ենթագիտակցության մեջ դրոշմված սիրո խորհրդանիշը: Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ <<Շարմ>> ընկերությունը հայ հասարակության գնահատմանն է ներկայացնում Եղեռնի թեմայի մի ինքնօրինակ մեկնաբնություն, որը հայկական ողբերգության պատմությունը պիտի փոխանցի սերնդեսերունդ: Սա վերստին վկայում է, որ քանի դեռ աշխարհը չի ընդունել արդարության հայկական պահանջը, հայերը պետք է շարունակեն իրենց պայքարը:
    Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Կարեն Ղազարյանի գնահատմամբ կինոնկարի ստեղծագործական թիմի նպատակն է եղել այս ֆիլմի միջոցով սերունդներին փոխանցել 100-րդ տարելիցի իրադարձությունների ամբողջ միասնականության ոգին ու էներգետիկան: Ֆիլմի ստեղծագործական թիմը միահյուսել է կիսափաստագրական, կիսագեղարվեստական, սկրիփթ ռեալիթի ոճերը: Ըստ ֆիլմի գլխավոր ռեժիսոր Վահե Յանի՝ այդ իմաստով «Արմատներ»-ը կինոնորույթ է մեր երկրում: Ֆիլմի հեղինակներն ընդգծում են, որ բնավ պատահական չէ, որ կինոպատումի հերոսներ են ընտրված այնպիսի կերպարներ, որոնց ընտանեկան պատմության ու նախնիների ճակատագրում հազարավոր հայ երիտասարդներ կգտնեն իրենց պապերի ծանր ընտանեկան ժառանգությունը: Ֆիլմի հեղինակային խումբը մտադիր չէ սահմանափակվել միայն հայաստանյան լսարանով, այլ առաջիկայում նախատեսում է նաև Հայաստանի սահմաններից դուրս ցուցադրություններ:
    «Արմատներ»-ն առաջիկայում կցուցադրվի ԱՄՆ-ում և Ռուսաստանում: Ֆիլմի հեղինակներն ընդգծում են, որ «Արմատները» ֆիլմ է ոչ թե հավերժական սգի, այլ հարատև արդարության մասին:

                                Նարինե Առաքելյան
22.04.2016



Վլադիմիր Սպիվակովի և  <<Մոսկվայի վիրտուոզներ>>

կամերային նվագախմբի համերգը՝ Երևանում


    Աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը մշտապես համերգային նոր ծրագրերով հանդես է գալիս հայ երաժշտասերների առջև, վայելում նրանց սերն ու հարգանքը: Դիրիժորի նախորդ համերգը կայացավ 2015թ. ապրիլին`իր ղեկավարած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Անվանի դիրիժորը անցկացրել է նաև <<Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է>> խորագիրը կրող փառատոնը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող համերգի ավարտին դիրիժորը, մի հին ավանդապատումից իմաստուն առաջնորդի խոսքը մեջբերելով, հայտնեց իր կարծիքը հայերի մասին.<<Դուք աշխարհի լույսն եք, աստղերն եք, մաքրության տաճար եք, ձեզնից յուրաքանչյուրում տիեզերք է>>:
    Վլադիմիր Սպիվակովը ծնվել է 1944 թվականի սեպտեմբերի 12-ին ՈՒֆա քաղաքում: Պատերազմից հետո Սպիվակովի ընտանիքը տեղափոխվել է Լենինգրադ:1955-ին Սպիվակովը հաշվառվել է Լենինգրադի կոնսերվատորիային կից դպրոցում,իսկ 1963-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիային կից կենտրոնական երաժշտական դպրոցը, այնուհետև Մոսկվայի կոնսերվատորիայում /Յու.Յանկելևիչի դասարանում/: Անվանի երաժիշտը որպես դիրիժոր հանդես է գալիս 1965 թվականից: 1979 թվականին մի խումբ երաժիշտների հետ ստեղծել է <<Մոսկվայի վիրտուոզներ>> կամերային նվագախումբը և դարձել վերջինիս անփոփոխ գեղարվեստական ղեկավարը, դիրիժորն ու մենակատարը:
    Մեծ դիրիժորն ու ջութակահարը մեր երկրի լավագույն բարեկամներից է, նա միշտ հայ ժողովրդի կողքին է`զորավիգ լինելով մեզ ծանր օրերին: Մաեստրոյի սրտառուչ երաժշտությունը սիրված ու սպասված է հայ ունկնդրի կողմից: Նվագախմբի համերգները մշտապես մեծ հաջողությամբ են ընթանում աշխարհի ցանկացած կետում` Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մեքսիկայում, Իսրայելում, Ճապոնիայում և այլուր:
    Ապրիլի 28-ին, ժամը՝ 19:00-ին, <<Արամ Խաչատրյան>> համերգասրահում կայանալիք բացառիկ համերգին կհնչեն Մոցարտի Երրորդ դիվերտիսմենտը, Բոկերինիի ռե մինոր սիմֆոնիան, Հայդենի դաշնամուրի թիվ 11 կոնցերտը, ինչպես նաև Շոստակովիչի կամերային ստեղծագործությունները: Համերգի մենակատարն է լինելու դաշնակահարուհի Ալեքսանդրա Ստիչկինան:
    Իսկ ապրիլի 29-ին երաժշտասեր հանրությունը հնարավորություն կունենա ունկնդրել Մոցարտի առաջին դիվերտիսմենտը, Չայկովսկու լարայինների համար գրված սերենադը, Ռոսսինիի Երրորդ սոնատը և Աստոր Պիացոլլայի <<Տարվա եղանակներ Բուենոս Այրեսում>> ստեղծագործությունները, հանրահայտ տանգոներ: Համերգային ծրագրում որպես մենակատարներ հանդես կգան ակորդեոնահար Նիկիտա Վլասովը և ջութակահարներ Դենիս Շուլգինը, Լև Իոմդինը, Գեորգի Ցայը, Եվգենի Ստեմբոլսկին:

                                        Մ.Մ.
21.04.2016



Ամենօրյա կարոտի զրույց-դասեր` սերունդներին


    «Էրգրացավն էնքան գալարվեց իմ հոգում, վառում էր, հետո ձեռքը կոկորդիս գցեց, խեղդում էր … փրկվելու մի հնար կար՝ գրել ու պատմել, որ կարոտը չմեռնի, որ ամեն սերունդ իր մեծ Երազը պահի ու փոխանցի…»,- դժվար է առավել բնորոշ նկարագրել արդեն իսկ պորտալարով էրգրացավը վերցրած՝ սասունցու և մշեցու ժառանգի հոգու խոսքը: Իսկ այդ ասելիքը կաթիլ-կաթիլ կուտակվել էր քարքարոտ Աշնակում արևագալից մինչև մայրամուտ գյուղամիջի քարերին նստած՝ էրգրից գաղթած նահապետերի զրույցին ականջալուր:
    Ամենօրյա կարոտի այդ զրույցները՝ հայ ժողովրդի պատմության ականատեսների այդ կենդանի դասերը, մանկական հիշողության մեջ մտապահելով, արյան կանչի ու հայրենապաշտության կուռ ձուլվածքով թրծելով է գրչին հանձնել աշնակցի Խոդեդանի թոռ, գրող հրապարակախոս Վրեժ Սարուխանյանը: Նրա «Էրգրականչը» Ռոլանդ Շառոյանի խոսքերով՝ վիպասք է, ուր հորինվածքը կյանքից էլ կյանքային է, մարդկային կերպարները ժայռանման են ու լեռնածին, ուր հարյուր տարվա իրականությունը երբեք անցյալ չէ: Ու հասկանում ես, որ ժամանակը 1915-ին կանգ է առել, առաջ չի գնում և մի քանի հարյուր, ու դեռ հազարավոր այդպիսի 100-ամյակներ էլ առաջ չի շարժվի, քանի դեռ նրա հերոսներից դրմերդցի Սանամի՝ որդուն պատգամած՝ «մեր վրեժը չմոռանաս, հարյուր տարի էլ անցնի, մեր հոգին վրեժի կարոտ կմնա» հորդորը արդարացի հանգուցալուծում չի ստացել: Նրա բոլոր հերոսները՝ յուրաքանչյուրը դժոխքից առավել դժոխային պայմաններից մազապուրծ՝ կյանքի շիվեր են գցել իրենց մեծ հայրենիքից մնացած մի փոքրիկ հողակտորում, որտեղ էլ իրենց շենացնող նկարագրի հանգույն ապրել ու արարել են: Միթե հայի անմահության, կյանքի հավերժության վառ օրինակ չէ իր Մխիթար հորից, Պետրոս պապից ու Չղրո ապուպապից սնխչու աստվածատուր շնորհքը ժառանգած, Սասնա Ընկուզիկ գյուղից փախեփախ՝ Կաքավաձորում հաստատված ու պապենական արհեստը Մանուկ որդուն, Ալբերտ թոռանն ու իր անունը կրող Գրիգոր Գրիգորյան ծոռանը փոխանցած Կրկոյի կյանքը:
    Կորսված էրգրի անսահման կարոտով, արյամբ փոխանցվող հայրենապաշտությամբ տոգորված, առանց Անդրանիկ փաշի ու Գևորգ Չաուշի մասին որևէ զրույց չսկսող ժողովուրդ. այսպիսին է տեսել ու պատկերել Վրեժ Սարուխանյանն իր հերոսներին, և այսպիսի ժողովուրդն էլ հենց իր ժառանգներին անվարան Հայրենական մեծ պատերազմ, իսկ տասնամյակներ անց Արցախ պիտի ճամփեր՝ պաշտպանելու մեզ բաժին հասած այս մի բուռ հայրենիքը: Սարուխանյանի Խոդեդան պապը զոհվել է Հայրենական մեծ պատերազմում:
    Հնարավոր չէ չնկատել ու չհիանալ նաև այն գեղեցիկ բառ ու բանով, որով հեղինակը մատուցում է ասելիքը՝ առանձնակի համ ու հոտ և խոր իմաստ հաղորդելով նյութին. քչախոս առու, կարոտի քարեր, կարոտի կրակե շապիկ, սարը լալիս է արցունքի պես իջվարող առվակների տեսքով, կամ, ասենք, գաղթականի ապրելու տեղի ընտրության վերաբերյալ՝ «ամենահարմարը Թալինի շրջանի Աշնակը գյուղն է, հենց Էրգրի ճամփի վրա է, Մասիսն էլ աչքի դեմ…»: Հորդացող հայրենապաշտության ու հերոսականության իսկական դասեր, որ նախնիներից ժառանգելով, ընթերցողին է մատուցում ոչ պակաս հայրենասիրությամբ աչքի ընկնող մեր օրերի հեղինակը: Երբ սկսվեց արցախյան գոյամարտը, նա, որպես «Լրաբեր»-ի զինվորական թղթակից, առաջին գծից թարմ տեղեկատվություն էր ներկայացնում: Գրիչն ու զենքը զուգադրելով` անցել է ղարաբաղյան ողջ ճակատով, եղել Խոջալուում, Մարտակերտում, Մատաղիսում, Թալիշում… 1992թ. ապրիլի 11-ին Մարաղայում իր աչքերով է տեսել բարոնուհի Քերոլայն Քոքսի նկարագրած Մարաղայի Գողգոթան: Ավերված, թալանված, գլխատված ու հրկիզված դիակներով լեցուն գյուղի մասին նրա նկարահանած կադրերը`ցուցադրված ռուսական հեռուստաալիքներով, այդ սահմռկեցուցիչ սպանդի պերճախոս վկաներն են:
    «Մասնակցելով արցախյան ազատամարտին, հասկացա, որ մեր ժողովրդի մեջ արթնացել է հին ֆիդայական ոգին: Ու հիմա էլ նույնն է. գուցե մի որոշ ժամանակ նիրհում էր այդ ոգին, սակայն ապրիլյան իրադարձություններից հետո այն նորեն արթնացել է: Եվ սա հին ֆիդայիների նոր կռիվն է: Բայց եթե 15-ին նրանք կարողանում էին հրացանով, սրով կռվել, 88-ին՝ ավտոմատով, ապա այսօր արդեն տեխնոլոգիաների կռիվ է, մենք պետք է մեր գոտիները ձգենք, մեր ողջ ներուժը համախմբենք և մեր բանակը հզորացնենք»,-ասում է զրուցակիցս, ում անդրանիկ թոռը՝ Գրիգորը, ծառայում է հենց այն վայրերում, որտեղ ժամանակին կռվել է պապը.«Խրամատներում է, առաջին գծում: Երբ վերջերս նրա մոտ էի և խնդրեցի, որ գոնե մի փոքր հանգստանա, իջնի դիրքերից, զայրացավ… Հպարտանում եմ նրանով, ոգով ուժեղ է: Երբ բանակ էինք ճանապարհում, սկզբում շատ մտահոգ էի, թե ոնց է ծառայելու: Հիմա համոզվեցի, որ երիտասարդ հզոր սերունդ ունենք: Ու եկեք հպարտանանք մեր յուրաքանչյուր զինվորով, նրանցից ամեն մեկը մի վաշտ, մի գումարտակ է: Նրանք մեզանից ուժեղ են, երբեք չփորձենք իզուր տեղը վատաբանել, ասելով՝ էս ինչ սերունդ է… Հրաշալի ազնվական սերունդ ունենք, իրենց գենետիկ, պատմական հիշողությամբ, իրենց ճակատագրով: Փառք ու պատիվ այդ տղաներին, որ այսօր կարողանում են մեր անկախությունը, մեր պետականությունը պահպանել»:
    Այս օրերին Սարուխանյանը տպագրության է պատրաստում երկրորդ` պատմվածքների «Տարոնականչ» և երրորդ` բանաստեղծությունների ժողովածուները:

                                Ռուզան Անտոնյան
20.04.2016


«Հայ արվեստագետների պատասխանը Մեծ եղեռնին

ստեղծագործելն էր»


    Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Փիթեր Բալաքյանին՝ պոեզիայի բնագավառում 2016 թվականին Պուլիցերյան մրցանակին արժանանալու առթիվ. «Համայն հայության համար սա նշանակալի իրադարձություն է, քանզի ամերիկահայ հանճարեղ գրող Վիլյամ Սարոյանից հետո Դուք երկրորդ տաղանդաշատ հայորդին եք, ով իր բարձրարժեք ստեղծագործությամբ գրավեց գրական հեղինակավոր այս բարձունքը: Հայոց ցեղասպանության թեման արծարծող «Օզոնի հանդես» պոեմների ժողովածուն դարձավ Ձեր գրական ժառանգության տրամաբանական շարունակությունը: Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի նախօրեի այս իրողությունը լավագույն պատասխանն էր մեկ դար առաջ հայերի նկատմամբ իրականացված ոճրագործության հեղինակներին ու նրանց հետնորդներին: Մրցանակը աշխարհին մեկ անգամ ևս հիշեցնում է վերածնված մի ողջ ժողովրդի մասին, որն ապրում և հաստատում է մնայուն արժեքներ արարող իր էությունն այս մեծ աշխարհում»:
    Պուլիտցերյան մրցանակն ամերիկյան պարգև է, որը շնորհվում է գրականության, լրագրության, երաժշտության և թատրոնի բնագավառում ունեցած ձեռքբերումների համար։ Այն հիմնել է հունգարահրեա մագնատ Ջոզեֆ Պուլիցերը։ Մրցանակը 1917 թվականից ամեն տարի հանձնում են Կոլումբիական համալսարանի հոգաբարձուները: Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվել է 100-րդ անգամ և «Պոեզիա» անվանակարգում մրցանակակիր է դարձել Փիթեր Բալաքյանը՝ «Օզոնային օրագիր» բանաստեղծությունների ժողովածուի համար, որն իր մեջ ամփոփում է նախկինում ունեցած կորուստների, ինչպես նաև ներկայիս վտանգով, անորոշությամբ լի ժամանակաշրջանի հիմքում ընկած ողբերգությունների ցավը:
    Բանաստեղծ, հուշագրող և գիտնական Փիթեր Բալաքյանը հեղինակ է բանաստեղծությունների յոթ հատորի, չորս գրքի և մի քանի համատեղ թարգմանության։ 1997թ. տպագրված նրա «Ճակատագրի սև շունը» հուշագրությունն արժանացել է հուշագրության ասպարեզում «PEN/Albrand» մրցանակի և համարվում է ամերիկահայերի երիտասարդ սերնդին սեփական արմատների վերաբացահայտմանն ուղղորդող լավագույն գործերից մեկը։ Փ. Բալաքյանի «Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանությունը և Ամերիկայի արձագանքը» գիրքը 2005թ. արժանացել է Ռաֆայել Լեմկինի անվան մրցանակի՝ ընդգրկվելով «New York Times» թերթի բեսթսելերների ցանկում։ Տեր Գրիգորիս Եպիսկոպոս Պալաքյանի «Հայ Գողգողթան» գրքի` նրա և Արիս Սևակի հետ համատեղ թարգմանությունը համեմատվում է Հոլոքոստի վերաբերյալ Էլի Վիզելի և Պրիմո Լևիի հուշագրությունների հետ։
    Մրցանակակիր ժողովածուում տեղ են գտել Բալաքյանի այն գործերը, որոնք ծնվել են 2009 թվականին դեպի Դեր Զոր կատարած ճամփորդությունից հետո: «Օզոնային օրագիրը» ներառում է 54 պոեմ, որոնցում հեղինակը երևակայության ուժով և փաստերի զուգորդմամբ մերթ սիրիական անապատում է, ուր գաղթել են հայերը Մեծ եղեռնի տարիներին և որտեղ տեղի են ունենում Հայոց ցեղասպանության զոհ դարձած նախնիների մասունքների պեղումները, մերթ տեղափոխվում է 1990-ականների Մանհեթեն, հետո՝ Նյու Մեխիկոյի Նայրոբի գյուղ:
    Հայաստանում նրա անունը ճանաչելի դարձավ 2004 թվականից, երբ Արտեմ Հարությունյանի թարգմանությամբ հայերեն լույս տեսավ ու տարվա լավագույն գիրք ճանաչվեց նրա` Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ճակատագրի սև շունը» վեպը:
    Անվանի գրողի ստեղծագործությունների մասին շատ է խոսվել. կախարդիչ գեղեցկություն և բարձր բարոյականություն ունեն նրա գործերը: Փիթեր Բալաքյանն իր չափածո ու արձակ ստեղծագործությունների թեմա է դարձրել Հայոց ցեղասպանության տարեգրությունը, որում, ցավոք, իր կորուստներն ուներ նաև գրողի ընտանիքը. մորական տատը՝ Նաֆինա Շեքերլեմեջյանը, դիարբեքիրցի ունևոր ընտանիքից էր և 1915 թվականի հայկական տեղահանությունների ժամանակ հրաշքով փրկվել էր մահից։ Նաֆինայի ողջ ընտանիքը, ամուսնուց ու փոքրիկ երեխաներից բացի, սպանվել է։ Ողջ մնացած համերկրացի հայերի հետ Նաֆինային ևս ստիպում են հարյուրավոր կիլոմետրեր քայլել հարավարևելյան Անատոլիայի չոր տարածքներով դեպի Սիրիայի արևելք, դեպի Դեր Զորի անապատ, որի ճանապարհին 400 հազար մարդկանց հետ մահանում է նաև Նաֆինայի ամուսինը:
    Երբ 25 տարեկան Նաֆինան դուստրերի՝ Գլեդիսի և Էլիսի հետ հասնում է Հալեպ, Սիրիայի ամենամեծ քաղաքն արդեն լի էր 100 հազար հայ գաղթականներով, որոնց մեծ մասը մահանում էր սովից, տիֆից կամ մալարիայից։ Հալեպ ժամանելուց շատ չանցած՝ Նաֆինան ևս հիվանդանում է տիֆով ու տեղի հիվանդանոցներից մեկում հայտնվում մահվան շեմին։ Ապաքինվելով և աշխատելով որպես դերձակ՝ նա շարունակում է խնամել ու մեծացնել դուստրերին։ Որոշ ժամանակ անց նա միանում է Սրբոց Քառասնից Մանկանց Մայր Եկեղեցուն կից հայկական դպրոցի աղջիկներին։
    Սիրիայում կյանքի պայմանները գնալով վատթարանում էին։ Շուրջբոլորը մահ էր ու կործանում. ընտանիքներ ու գերդաստաններ էին կոտորվել, հազարամյա գյուղեր սրբվել էին երկրի երեսից, տիֆն ու մալարիան հնձում էին մնացած հայ կանանց ու երեխաներին։ Նաֆինան դիմում է ամերիկյան հյուպատոս Ջեսսի Ջեքսոնին, ով հայտնի էր իր մարդկային և բարոյական բարձր նկարագրով և անձնվիրաբար օգնում է հայերին։ Վերջինիս միջամտությամբ Նաֆինան կապ է հաստատում իր հանգուցյալ ամուսնու հարազատների՝ Բասմաջյանների հետ, ովքեր բնակվում էին Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Շուտով Նյու Ջերսիում ապրող նրա եղբորից (հորական կողմից)՝ Թովմաս Շեքերլեմեջյանից գումարային աջակցություն է ստանում, ինչը Նաֆինային թույլ է տալիս գոյատևել վատագույն պայմաններում։ Ծանր աշխատանքի և երկաթյա կամքի շնորհիվ Նաֆինան ժամանում է Ամերիկա, որտեղ, վերջապես, բարօրության է հասնում և ստեղծում հայկական սփյուռքի ամենաականավոր ընտանիքներից մեկը։
    Այսօր ամերիկահայ գրողն անսահման երախտիքով է հիշում տատին.«Ինձ համար տատիս պարգևն անգնահատելի է։ Նախ, հակառակ ամենի՝ նա մեզ հասցրեց այստեղ։ Հետո, որպես գրողի ինձ համար նրա փոխանցածը առանցքային է եղել իմ կյանքում: Նա ինձ փոխանցել է իր հետցնցումային մտքի ու փորձառության ողջ գունապնակը, ժողովրդական հեքիաթների, երազների ու ծածկագրված խորհրդանիշների միջոցով փոխանցել է վերապրումի իր փորձառությունը: Եվ նրա անվերապահ սերը եղել է իմ կյանքի հենքը։ Բայց առանց օգնության և ինչ-որ առումով՝ հաջողության, նա այդ ամենին հասած չէր լինի»։
    Փիթերի ծնողները երկար ժամանակ նրանից թաքցրել են ցեղասպանության հրեշավոր իրողությունը.«Ոչ ոք չէր ուզում խոսել անցյալի տրավմայի մասին, 1915թ. դեպքերի, որի պատճառով իմ երկու կողմի պապերն ու տատերն էլ ամբողջ կյանքի համար խորը սպիեր են ստացել: Սա ցավալի թեմա էր, երեխաներին ու երիտասարդներին չէր վերաբերվում, հատկապես երջանիկ ու հարուստ արվարձանում, որտեղ ես մեծացել եմ: 1970-ականներին, երբ որպես երիտասարդ բանաստեղծ սկսեցի հարցեր տալ, հորաքույրներս սկսեցին խոսել, և լսած պատմությունները սկսեցին պատկերներ դառնալ»:
    Եվ արդեն իր «Ճակատագրի սև շունը» գրքում նա գրում է.«Իրապես հնարավո՞ր է դիմակայել նման անցյալին… Անցյալն ինքն է ոտնձգություններ անում, քանզի ցնցումը զգացվում է ոչ թե բուն դիպվածի պահին, այլ հետևանքների մեջ` հաճախ երկարատև գաղտնի շրջանից հետո»:
    Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր, Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, բանաստեղծ, արձակագիր, գրականագետ, պատմաբան, Քոլգեյթի համալսարանի պրոֆեսոր Փիթեր Բալաքյանն այսպես է բնութագրում իր հայանպաստ գործունեությունը.«Մարդկանց արձագանքը աղետներին տարբեր է լինում: Հայ արվեստագետների պատասխանը Մեծ եղեռնին ստեղծագործելն էր այնպես, ինչպես Սարոյանը, Ազնավուրը, Արշիլ Գորկին, Մայքլ Առլենը և ուրիշները: Երևի թե ես էլ, եթե այդպես չցնցվեի, չգրեի այդ գործերը»:
    «Կամար»-ի խմբագրակազմը, խորին հարգանքով ու ակնածանքով վերաբերվելով հայազգի արժանավոր զավակին, ամերիկահայ բանաստեղծին, նրա գործունեությանը, ևս շնորհավորում է Փիթեր Բալաքյանին Պուլիցերյան մրցանակի արժանանալու առթիվ: Հպարտ ենք, որ այդ բարձր պարգևին արժանանում եք Դուք, և որ Ձեր գրականության կրողն ենք մենք:

                                Գոհար Աբրահամյան
20.04.2016


Հայագիտության մերօրյա երախտավորը. Վերժինե Սվազլյան


«Ամենահզոր բանը հիշողությունն է,
պետք է ժողովել մեր փշուր-փշուր հուշերը
և գործել դրանց պարտադրող օրենքներով»:
 Պարույր Սևակ


    Հայրենիքն արժանապատվորեն սիրելու հայրական վեհ պատգամով, նախնիների  արյան կանչով և, թերևս, սևակյան վերոնշյալ իմաստուն մտքերի խորհրդով  առաջնորդվելով է իր բազմամյա ազգանվեր գործունեությունը ծավալել բանասիրական  գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բանագետ-ցեղասպանագետ, համաշխարհային  ցեղասպանագիտության բնագավառում նոր խոսք, գիտահետազոտական նոր մեթոդներ կիրառող Վերժինե Սվազլյանը: Նա այն եզակիներից է, ով ներկայացրեց ժողովրդի  ձայնը` պատմական այդ դժնդակ իրադարձությունների անմիջական ականատես-վկա  վերապրողների պատմած հուշերով և սերնդեսերունդ փոխանցվող ժողովրդական  երգերով, որոնք պատմաճանաչողական, փաստավավերական և սկզբնաղբյուրային կարևոր արժեք են ներկայացնում: Այն եզակիներից է, ով իր հիմնարար աշխատություններով ստիպեց անգամ թուրք մտավորականներին հետահայաց վերանայել իրենց պատմական անցյալը, փոխել իրենց մոտեցումներն այդ անցյալի  նկատմամբ և ամոթով, հաճախ նաև նույնիսկ խղճի խայթով նայել պատմական  փաստերին, որոնք այնպես անաչառությամբ ու զինաթափող արժանահավատությամբ է ներկայացնում անվանի գիտնականը. «Քանի որ հայ ժողովուրդն ի՛նքն է կրել այդ բոլոր  անասելի տառապանքները, հետևաբար, ժողովուրդն ի՛նքն է այդ զանգվածային  քաղաքական ոճրագործության առարկան: Եվ, ինչպես ամեն մի հանցագործություն բացահայտելիս որոշիչ են վկաների ցուցմունքները, նույնպես և այս պարագայում պետք  է հենվել ականատես վերապրողների վկայությունների վրա, որոնցից յուրաքանչյուրն իրավաբանական տեսակետից ապացուցողական նշանակություն ունի Հայ Դատի արդարացի լուծման և Հայոց ցեղասպանության ճանաչման գործում»:
    «1999 թվականն էր, նոր էր լույս տեսել իմ «Մեծ Եղեռնը արևմտահայոց հուշապատումներում և թուրքալեզու երգերում»  աշխատությունը,  որտեղ ներառվել էր  150-ից ավելի թուրքալեզու երգ զորահավաքի, զինահավաքի, ջարդի, կոտորածի,  որդեկորույս  մայրերի,   հերոսամարտերի, հայրենաբաղձության, պահանջատիրության  մասին: Ֆրանսիայում գիտաժողովի էի մասնակցում: Այդ օրերին Հայ դատի գրասենյակում ինձ ներկայացրին թուրք առաջավոր մտավորական Ռագիպ   Զարաքոլուին, ով առաջինն է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծնկաչոք ներողություն խնդրել ողջ հայ ժողովրդից: Նա համացանցում անգլերենով ընթերցել էր իմ հիշյալ աշխատությունը և ցանկանում էր այն թուրքերեն հրատարակել և ներկայացնել թուրք հանրությանը: Ես նրան զգուշացրի իրեն սպասվող վտանգի մասին, մանավանդ գիտեի, որ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գիրքը թուրքերեն տպագրելու համար կնոջ՝ Այշեի hետ ժամանակին բանտարկվել էր: Եվ կինը բանտում հիվանդացել ու մահացել էր, իսկ գրքի ողջ  տպաքանակը թուրքական կառավարությունն այրել էր…
Եվ նա 2005թ. Թուրքիայում թուրքերենով տպագրեց իմ գիրքը», - հիշում է զրուցակիցս, հավելելով, որ Զարաքոլուն այնուհետև թուրքերենով հրատարակեց իր` «Հայոց ցեղասպանությունը և ժողովրդի պատմական հիշողությունը» (2005թ.) ուսումնասիրությունը, ինչպես նաև «Հայոց  ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ»  (2013թ.)  հսկայածավալ հատորը: Երևանում մասնակցելով վերջինիս շնորհանդեսին ՝ ասել էր.   «…Ճշմարտությունը վաղ թե ուշ Անկարային ստիպելու է ճանաչել ցեղասպանությունը: Գիրքը ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև մեր՝ թուրք ժողովրդի պատմությունն է: Ամենաշատ ասելիքն այս գրքի մեջ է: Սրանք պարզ ժողովրդական վկայություններ են, որոնք բացելու են թուրք հասարակության աչքերը: 700 վկայություններն այն մարդկանց, որոնք վերապրել են այդ բոլորը և, որոնք կարդալով, ընթերցողը կտեսնի իր գյուղը, իր ծնողներին և այլն, որպես փաստարկ կառերեսվի իր անցյալի հետ: Սա խղճի հարց է. չեմ կարող խղճիս դեմ գնալ: Թուրքիայում սառույցը  հալչում է, օրեցօր աճում է ճշմարիտ ճանապարհը բռնածների թիվը: Եվ դա շատ բնական է»:
    Վ. Սվազլյանը գտնում է, որ թուրք հասարակությունն արդեն բավականաչափ  տեղեկացված է Հայոց ցեղասպանության մասին. «Երբ Զարաքոլուն տպագրեց իմ առաջին գիրքը, սկզբնական շրջանում էլեկտրոնային հայհոյախառն նամակներ էի ստանում: Թուրք երիտասարդները գրում էին, թե դպրոցում իրենց սովորեցրել են, որ հայերն են իրենց կոտորել: Իսկ ես, որպես ապացույց, ուղարկում էի մեր վերապրողների   պատմական ստույգ վկայությունները: Որոշ ժամանակ անց նրանք արդեն ստիպված ներողություն էին խնդրում, թե՝ իրենց այլ կերպ էին ներկայացրել այդ իրողությունները: Հետագա նամակներում նրանք գրում էին, թե գրքի այսինչ էջում իրենց գյուղի մասին է  գրված, և խնդրում էին ավելի մանրամասն տեղեկացնել, իսկ հիմա թուրքական   տարբեր թերթերում և համացանցում իմ գրքերից հարյուրավոր մեջբերումներ և արտատպումներ են կատարվում: Անշուշտ, այդ բոլորը խոսում է այն մասին, որ թուրք հասարակությունը կարդում է եղեռնի մասին և արդեն իսկ տեղեկացված է»:
    Իսկ թե ինչպիսի՜դժվարություններ է հաղթահարել նա, ինչպիսի՜ կամքի ուժ և   հետևողական համառություն է գործադրել, նույնիսկ իր անձնական, հարսանեկան   զարդերից է հրաժարվել ականատես վերապրողների վկայությունները տարբեր   լեզուներով թարգմանել տալու և հրատարակելու համար:
    Սվազլյան գերդաստանի հավատամքը հայրենիքն արժանապատվորեն սիրելն ու նրան անմնացորդ նվիրվելն է: Այդ հավատամքով էր նրա մեծ հորեղբայրը՝  հասարակական, քաղաքական գործիչ, իրավաբան, դիվանագետ Միհրան Սվազլյանը (Սվազլը), Մեծ Բրիտանիայում հիմնադրել է Հայ-անգլիական ընկերությունը, որը լոբբիստական գործունեություն է ծավալել և մեծ  ջանքեր գործադրել օտարներին հաղորդակից դարձնելու Հայկական հարցին: Հետագայում Մ. Սվազլյանը տեղափոխվում է ԱՄՆ և 1917թ. հիմնադրում Ամերիկայի հայ ազգային միությունը, որի իրականացրած կարևոր ձեռնարկներից էր կիլիկյան կամավորական շարժման կազմակերպումը: Միությունն իր 187 մասնաճյուղով կազմակերպում է դրամահավաքներ: 1920 թ. Մ. Սվազլյանը մասնակցում է հայկական տարածքների նկատմամբ ԱՄՆ մանդատային վերահսկողությունը հաստատելու համար Հայաստանի պահանջատիրական քարտեզի գծագրման աշխատանքներին: Հիմնադրում և հրատարակում է միության “The Armenian Herald” (Հայկական լրատու) պաշտոնաթերթը և շատ ուրիշ հայանպաստ միջոցառումներ:
    Սվազլյան գերդաստանի հաջորդ սերնդի ներկայացուցիչը՝ Գառնիկ Սվազլյանը,  որը 1922թ. Զմյուռնիայի աղետից մազապուրծ հասել էր Եգիպտոս, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի հիմնադրած Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) Ալեքսանդրիայի մասնաճյուղի նախագահն էր: Նա իր գործունեությամբ՝  հրապարակախոսական հոդվածներով, քաղաքական երգիծանկարներով և «Ներգաղթը» (1936 թ.) թատերգությամբ, հիմնավորել է, որ սփյուռքահայության միակ հանգրվանը  վերածնված Հայաստանն է: Գ. Սվազլյանը կյանքի է կոչել հայրենադարձության գաղափարը: Եվ, օրինակ ծառայելով, Եգիպտոսից հայրենադարձության առաջին իսկ   քարավանով 1947թ. ընտանիքով փոխադրվել է Հայաստան: Բարձր գնահատելով հայրենադարձ մտավորականի գրական վաստակը՝ Ավ.Իսահակյանը երաշխավորել է նրան անդամակցելու Հայաստանի գրողների միությանը: Սակայն կլիմայական կտրուկ փոփոխությունն անբարենպաստ ազդեցություն է թողնում նրա առողջականի վրա, և  44 տարեկանում Գ. Սվազլյանը հրաժեշտ է տալիս կյանքին: 1965թ. Երևանում հետմահու լույս է ընծայվել Գ. Սվազլյանի «Հայրենիքս համար» ժողովածուն, որն ընդգրկում է նրա հրապարակախոսական հոդվածները, «Ներգաղթը»  թատերգությունը և քաղաքական բնույթի երգիծանկարները: Վերժինե Սվազլյանը   տարիների խորքից հիշում է հոր պատգամը.
    «Վերժինե՛, աղջի՜կս,
    Կուզեմ լինես դու խելացի,
    Աշխատանքով, վարքով բարի,
    Պատիվ բերես քո ծնողքին
    Եվ քո ազգին, հայրենիքին»:

        Շուրջ 60 տարի, սկզբում՝ անձնական նախաձեռնությամբ, ապա ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության, նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հովանու ներքո հայ ժողովրդի բանավոր մշակույթը բառ առ բառ,պատառիկ առ պատառիկ գրառել, ձայնագրել, տեսագրել, ուսումնասիրել և հրատարակել է Արևմտահայաստանի, Կիլիկիայի և Անատոլիայի հայաբնակ ավելի քան 150 տեղավայրերից բռնի տարագրված և աշխարհով մեկ սփռված Հայոց ցեղասպանության ականատես վերապրողների՝ իրենց բարբառներով հաղորդած ժողովրդական բանավոր ավանդության տարաբնույթ նշխարները, ինչպես նաև փաստավավերական վկայություններն ու կորստյան վտանգի մատնված պատմական բնույթի երգերը: Այդ նպատակով աշխարհի տարբեր երկրներում կազմակերպված միջազգային գիտաժողովներին մասնակցելու հետ նա հայաշատ տարբեր համայնքներում որոնել, գտել է ցեղասպանություն  վերապրողներին,  ինչպես նաև այցելել ազգային տարբեր ծերանոցներ և գրանցումներ կատարել: Դրանք ամփոփվել են «Մուսա Լեռ» (1984թ.),  «Կիլիկիա. արևմտահայոց բանավոր ավանդությունը» (1994թ.), ինչպես նաև նրա հրատարակած շուրջ երեք տասնյակի հասնող տարբեր լեզուներով գրքերում: Իզուր չէ, որ նրա գործունեությունը՝    սխրանք, իսկ «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների  վկայություններ»  աշխատությունը (2011) կոթողային են համարում ոլորտի անվանի գիտնականներն ու մտավորականները հայրենիքում և արտերկրում:  Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը Վ. Սվազլյանի հայտնաբերած դերզորյան ինքնատիպ երգերը գործիքավորել, բազմաձայնել է և իր ղեկավարած «Շարական»  համույթով ներկայացրել հանրությանը։ Նա նշում է, որ այդ նշխարները պատմագրական և ճանաչողական արժեք   ունեն և արտացոլում են հայ ժողովրդի աննկուն կամքը. «Բավական է միայն հիշատակել վերնագրերը՝ «Ա՜խ, Վասպուրական», «Ադանայի ողբը», «Վարագա Սուրբ Խաչից բերել եմ լուր», «Դեր Զոր կերթանք լալագին», «Ավա՜ղ,Սուրմալու»: Սա ամբողջ  Հայաստանն է, որը, թեպետ, կորսված մեր դրախտն է, բայց Վերժինե Սվազլյանի աշխատություններում բանավոր Հայաստանը փրկված է, և դրանք անձեռակերտ հուշարձան են ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին»:
    Վ. Սվազլյանի համար օրակարգի հարց է նաև հայկական սփյուռքի հետագա ճակատագիրը: Պրպտող գիտնականն այդ մտահոգությամբ է հրատարակել իր «Պոլսահայոց  բանահյուսությունը» ժողովածուն  (2000թ.), իսկ այժմ հրատարակության  է պատրաստում «Ամերիկահայոց բանահյուսությունը» ստվար ժողովածուն: Վերջերս Երևանում լույս է տեսել նաև Վ. Սվազլյանի «Մուսա Լեռան հերոսամարտը. ականատես վերապրողների վկայություններ» (2015թ.) հայերեն և անգլերեն  ուսումնասիրությունը, որտեղ վաստակաշատ գիտնականը, անդրադառնալով 100  տարի առաջ հայ ժողովրդի իրականացրած սխրանքին, անմիջականորեն այն կամրջում  է մերօրյա արցախյան ազատամարտին՝ նշելով. «…Քանզի Արցախ աշխարհը մեր ազգային պահանջատիրության առաջին հաղթական հանգրվանն է, որը հետ ենք  վերցրել երկար մաքառումների և մեր քաջարի զավակների արյան գնով… Այսօր համայն աշխարհի հայությունը մեկ բռունցք, մեկ ոգի դարձած թույլ չի տա մեկ թիզ հող զիջել իր  հայրենի բնօրրանից, մինչև որ Արցախը վերջնականապես միանա Մայր Հայաստանին:
Ուստի թող հնչի հայ ժողովրդի հաղթանակի աղոթքը.
    «Տե՛ր, դուն պահե միշտ անսասան
    Դյուցազնական Մայր Հայաստան,
    Տուր հարատև խաղաղություն,
    Կյանք ու արև, ազատություն,
    Հայ դրոշով մեր պետական
    Թող միշտ ապրի ազգն հայկական:
    Ամեն
»:

Ռուզան Անտոնյան
14.04.2016


Արևմտահայերենով  «Կանչ»  ֆիլմը` մեծ էկրանին


    Ապրիլի 20-ին «Մոսկվա» կինոթատրոնում «AVAGYAN» production-ը կներկայացնի «ԿԱ՛ՆՉ»  խաղարկային ֆիլմի պրեմիերան:
«Կամար»-ի խմբագրություն այցելած <<Կանչ>> ֆիլմի ստեղծագործական  խումբը /պրոդյուսեր` Հայկ  Ավագյան, ռեժիսոր` Գուժ Թադևոսյան, կոմպոզիտոր` Էդմոնդ Մակարյան/ վստահեցնում է, որ իրենց ստեղծած ֆիլմը չպարտվող, չհանձնվող հայի մասին է, հայի լուսավոր տեսակի մասին: Ֆիլմի գլխավոր հերոսը` պատանի Վարդանը, ոչ թե իրական, այլ մտացածին կերպար է, որը ստեղծել են ֆիլմի  սցենարիստներ  Կառլեն Աբրահամյանն ու Սամվել Թադևոսյանը:
    Երիտասարդ կինոգործիչները կինոյում արդեն որոշակի ճանապարհ են անցել: Հայկ Ավագյանը Արթուր Ղուկասյանի սանն է, «Ճամբար»-ում առաջին մանկապատանեկան ֆիլմի պրոդյուսերը: Երիտասարդ ռեժիսոր Գուժ Թադևոսյանն էլ  Վիգեն Չալդրանյանի սանն է, «Մարգար պապը», «Եվ կրկեսը ժամանեց…»  ֆիլմերի հեղինակը:  Կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանն ավարտել է Երևանի Ճարտարագիտական համալսարանը, ապա Երևանի Կոմիտասի անվան Կոնսերվատորիան, գրել  է «Ելք չկա» ֆիլմի երաժշտությունը, ընդ որում, ֆիլմում հնչել է կենդանի երաժշտություն` Երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարությամբ:
    - Տարօրինակ անցում չէ°, արդյոք, Ցեղասպանության թեմայի անդրադարձը և այս թեմային մերձենալու վախ չե՞ք ունեցել: 
    - Ոչ, քանի որ լավ խորհրդատու ենք ունեցել` թուրքագետ  Արտակ Շաքարյանը: Ցուցաբերել ենք ռեժիսորական այլ մոտեցում` պատմությունը ներկայացրել ենք դետալների, մետաֆորների լեզվով: Ադանայի և Քեսաբի 1908 թվականի  ջարդերից փրկված հայ մանուկը հայտնվում է Մուշի զինվորական վարժարանում, իր բոլոր ծանոթ հետևանքներով, սակայն իր մեջ ուժ ու տոկունություն է գտնում դիմակայելու,- ներկայացնում է ֆիլմի պրոդյուսերը, - Մեծ կտավի ֆիլմ է «Կանչը», որը նաև մեր հոգու կանչն է, խաղաղության կանչը:     Երաժշտության միջոցով է անցնում դրամատուրգիական գիծը, այն ողբ չէ,այլ`  աղոթք-երաժշտություն է,- ասում է Էդմոնդ Մակարյանը:
    Գուժ Թադևոսյանի խոսքով, ֆիլմը պատմում է հայի հաղթող, լուսավոր տեսակի մասին, ի ցույց է դնում մեր դիմակայելու ուժը:
    «Կանչ»-ի ստեղծմանը աջակցել են, Հայաստանի ազգային կինոկենտրոնը, «Փյունիկ» հիմնադրամը,  ՀՀ Մշակույթի, Կրթության և գիտության, Պաշտպանության և Սփյուռքի նախարարությունները:
    Դերակատարներին ընտրելիս ֆիլմի հեղինակները խուսափել են սերիալներից հանրածանոթ դեմքերից:  Գլխավոր հերոսին մարմնավորում են երկու դերակատար` Լևոն Հայրապետյան և Հենրիկ Շահբազյան: Ֆիլմում նկարահանվել են դերասաններ Ռազմիկ Խոսրոևը, Հովակ Գալոյանը, Ռուբեն Կարապետյանը, Ռոմելա Թամարյանը, Անետա Օհանջը:  Երևանում նկարահանվել են ֆիլմի տաղավարային տեսարանները, Բջնիում` զինվորական վարժարանի, իսկ Բագարանում`գյուղական տեսարանները:
    Այն, ինչ ասում են ֆիլմի հեղինակները, ճշգրիտ է ու համակող, իսկ թե ինչպես են կարողացել լուծել այս խնդիրը ֆիլմի միջոցով,  կդատի հանդիսատեսը:                 «Կանչը» կդառնա° Հայոց ցեղասպանության թեմայով հերթական ֆիլմը, թե կսիրվի հանդիսականի կողմից, ցույց կտա ապրիլի 13-ի պրեմիերան և ժամանակը` ամենաանաչառ քննադատը:

Գայանե Մկրտչյան
05.04.2016


<<Հավերժական մեղեդիներ>>.  նվիրվում է Հայոց

ցեղասպանության տարելիցին


    <<Արամ Խաչատրյան>> համերգասրահում ապրիլի 2-ին կայանալիք համերգը նվիրվում է Ցեղասպանության տարելիցին և կրում է <<Հավերժ մեղեդիներ>> խորագիրը: Համերգից առաջ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը, իտալացի հայտնի երաժիշտ ու դիրիժոր Ֆեդերիկո Մոնդելչին /սաքսոֆոն/ հանդիպեցին լրագրողների հետ ու մանրամասնեցին համերգային ծրագիրը: Մաեստրո Մարտիրոսյանը նշեց.<<Մոտ մեկ տարի երկար աշխատել ենք Ֆեդերիկո Մոնդելչինի հետ և երբ նա ժամանեց Երևան, որոշեցինք անել <<Հավերժական մեղեդիներ>> խորագիրը կրող ծրագիրն ու այն նվիրել Ցեղասպանության տարելիցին: Խնդրեցինք մեր կոմպոզիտորներին անել փոխադրումներ` Կոմիտասի, Բաբաջանյանի, Հարությունյանի, Մանսուրյանի ստեղծագործությունները լարային նվագախմբի և սաքսաֆոնի համար: Այս համերգին բացի այդ գործերից կհչեն նաև Թարիվերդիևի, Շոստակովիչի ստեղծագործությունները: Ի դեպ Թարիվերդիևի գործերը ընտրել ենք ու այն նվիրում ենք կոմպոզիտորի հոբելյանին>>:
    Իտալացի հանրահայտ դիրիժոր, սաքսոֆոնահար Մոնդելչին գոհունակությամբ նշեց.<<Շատ ուրախ եմ նորից վերադառնալ Հայաստան և համագործակցել մաեստրո Մարտիրոսյանի ու Հայաստանի կամերային նվագախմբի հետ: Ես տարիներ շարունակ լսում եմ հայ երաժշտություն, սիրահարված եմ հայկական երաժշտությանը և հենց այդ սերն էլ հիմք հանդիսացավ, որ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից կազմված լինի այս համերգային ծրագիրը: Այն, ինչ կլսեք համերգի ընթացքում, այդ ծրագրով ես անցած տարի մի քանի համերգներով հանդես եմ եկել Իտալիայի մի քանի քաղաքներում` նվիրելով Հայոց ցեղասպանության տարելիցին: Տպավորված եմ հայկական հոգևոր երաժշտությամբ և մի քանի գործ ինքս եմ փոխադրումներ արել ու դրանք ընդգրկել եմ իմ համերգային ծրագրում: Կոմիտասի <<Գարուն ա>>, <<Քելե, քելե>> և էլի շատ գործեր մտել են իմ հոգու խորքը իրենց մելանխոլիկ, հոգուն հարազատ մեղեդայնությամբ, համերգի ժամանակ ես որպես անակնկալ այդ հոգևոր երաժշտությունները կներկայացնեմ հայ երաժշտասերների դատին: Հուսամ՝ ձեզ շատ դուր կգա, քանի որ ամեն անգամ դրանք ընդունվել են խանդավառությամբ>>:
     Հարցին, թե ինչպես ընդունեցիք այն լուրը, որ Ադրբեջանը Ձեզ ընդգրկել է սև ցուցակում` Արցախ այցելելու համար, ասաց.<<Երբ դեսպանությունից ստացա այդ մասին հաստատող նամակը, շատ զարմացա, քանի որ նրանք իմ դեմ պահանջ էին դրել, որ ես հրապարակավ ներողություն խնդրեմ ու խոստանամ, որ այլևս չեմ այցելի Արցախ: Իմ կարծիքով ազգությունները մարդկանց հորինած բաներն են: Երկրի վրա բոլորս ապրում ենք և խտրականությունը անընդունելի է>>:

                                Մարիետա Մակարյան
31.03.2016


Հայկական արժանապատիվ մրցանակ` «Ավրորա»

/Հանձնաժողովը քննարկել է աշխարհի 26 երկրի /այդ թվում
Հայաստան և Սփյուռք/ 130 հայտ և ընտրել 4 անուն/


    «100 կյանք» և «Ավրորա» նախաձեռնության գլխավոր տնօրեն  Արման Ջիլավյանը, շնորհակալություն հայտնելով լրագրողներին ակտիվ արձագանքելու համար, հիշեցրեց, որ մրցանակաբաշխությունը ոչ միայն իրենց կազմակերպության, այլև բոլոր հայերի ծրագիրն է: Եվ որ «Ավրորայի» կարևոր իմաստը ամբողջ աշխարհին իրազեկելն է:
    «Սա հայկական Նոբելյան մրցանա՞կն է»,-հաճախ հնչող հարցին կազմակերպիչները պատասխանում են, որ «Ավրորան» ուրիշ անուն և նպատակ ունի, սակայն միջազգային մարդասիրական մրցանակները շատ չեն, բոլորը գիտեն շվեդական ակադեմիայի մասին, շուտով կիմանան նաև Հայաստանի տեղը:
    «Ավրորա» մրցանակը ստեղծվել է ի երախտագիտություն նրանց, ովքեր Ցեղասպանության տարիներին ձեռք են մեկնել հայերին: Մրցանակն ամեն տարի շնորհվելու է մարդկանց անձնվիրաբար օգնող անհատի:
    «100 կյանք» և «Ավրորա» հաղորդակցության հարցերով տնօրեն Արմինե Աֆեյանը, լրագրողների հետ շփվելով թարգմանչի միջոցով, մասնավորապես ասաց.«Այս մրցանակը շնորհվում է Ցեղասպանությունը վերապրողների անունից, որպես երախտիքի նշան իրենց փրկողներին: Մրցանակի թեկնածուները ջանք են դրել և հանգել կարևոր փոփոխությունների: 4 թեկնածուներից յուրաքանչյուրը հերոսականության ստեղծագործ դրսևորումներ է ցուցաբերել, սակայն նրանցից մեկը կդառնա դափնեկիր: Հաղթողը կստանա 100 հազար դոլար` ըստ իր հայեցողության տնօրինելու համար, և մեկ միլիոն դոլար` նմանօրինակ մարդասիրական գործունեություն ծավալող ֆոնդերին տրամադրելու համար»:
    Ընտրող հանձնաժողովի անդամները հպարտությամբ ներկայացրեցին «Ավրորա» մրցանակի 4 հավակնորդների  անունները` Մարգարիտ Բարանիցկե, դոկտոր Թոմ Քաթինա, Սայիդա Ղուլամ Ֆաթիմա և հայր Բերնար Կինվի: Ընտրության գլխավոր չափանիշը մարդկային կյանքի փրկության գործում դրսևորած բացառիկ ազդեցությունն է:
    Կազմակերպիչները մանրամասն պարզաբանեցին, թե ինչու է այս ծրագիրը կարևոր Հայաստանի և հայերի համար: Մենք հաղթած ազգ ենք, երախտագետ ու շնորհակալ ենք մեզ օգնողներին: Ընդ որում` հնարավորություն ունենք Հայաստանը դարձնել մարդասիրության կենտրոններից մեկը: Հայաստանը աշխարհի հետ խոսում է մարդասիրության դիրքերից, քանի որ վերապրել ենք, իրավունք ունենք, և օժտված ենք մշակութային էներգիայով: Սա ողջ հայ ժողովրդի ծրագիրն է, և սրանով է սա հայկական Նոբելյան մրցանակը:
    «Հայկական Նոբելի» առաջին դափնեկրին մրցանակը ապրիլի 24-ին կհանձնի ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին:

                                    Գայանե Մկրտչյան
17.03.2016


 
 
Արխիվների որոնում
:
Երևան
Մոսկվա
Փարիզ
Լոս-Անջելես
2017 Մարտ
Երկ Երեք Չոր Հնգ ՈՒրբ Շաբ Կիր
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
Հայտարարություն

    «Կամար» /www.kamartert.am/ էլեկտրոնային քառալեզու /հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն/ թերթը թողարկվում է 2009 թվականից: Թերթն անդրադառնում է մշակույթի, ինչպես նաև հասարակական հնչեղություն ունեցող թեմաներին, լուսաբանում է ժողովրդական արվեստը, բանահյուսությունը, հայ ժողովրդի ավանդույթները, սովորույթները, ծեսերը, տոնակատարությունները, անդրադարձ է հային ու հայկականին: Կայքի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած երկրների աշխարհագրությունը բավականին խոսուն է /թվով 133 երկիր/:
    ՀՀ մշակույթի նախարարության վարած մշակութային քաղաքականության գերազանց լուսաբանման համար թերթն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, ինչպես նաև  Ոսկե մեդալի:
    Թերթի շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ են հովանավորներ, ինչպես նաև՝ գովազդատուներ:  Ցանկության դեպքում ձեր գործնեության գովազդը մեր միջոցով հասանելի կլինի աշխարհի 133 երկրում:
    Սպասում ենք ձեր առաջարկներին:
    Հեռ. 043-07-03-07



Հայոց ցեղասպանություն - 100



Ազգությունս՝ հայ









    
    


Ձեր առաջարկներն ու դիտողությունները
 կարող եք ուղարկել  kamartert@mail.ru
Էլեկտրոնային հասցեով;

 

 
Գլխավոր | Խորագրեր | Արխիվ | Կայքի քարտեզ | Մեր մասին | Մեր կոթողները | Պատասխան՝ 100 տարի անց | Ազգությունս՝ հայ | Հայոց ցեղասպանություն-101
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0010, Վազգեն Սարգսյան 3, էլ.փոստ: kamartert@mail.ru
Կայքի մշակումը`   Shahumyan Media
2009, Բոլոր իրավունքները պաշտպանված են