Գլխավոր   Խորագրեր   Արխիվ   Մեր մասին   Մեր կոթողները   Պատասխան՝ 100 տարի անց   Ազգությունս՝ հայ   Հայոց ցեղասպանություն-101
Рус  |  Հայ  |  Eng  |  Fr  
 
   Պաշտոնական տեղեկագիր  
   Մշակութային խճանկար  
   Վերնատուն  
   Հյուրասրահ  
   Մշակութային ժառանգություն  
   Ֆոտոսրահ  
   Ազդագիր  
     
 
 
«Կամար»-ի հյուրն էր լոնդոնաբնակ
գրականագետ Մանուել Ադամյանը


    Գրականագետ, հասարակական գործիչ, դրամատուրգ և խմբագիր Մանուել Ադամյանը Հայոց մեծ եղեռնից մազապուրծ եղած, Ադամյան գերդաստանի  հրաշքով  փրկված միակ ներկայացուցչի զավակն է: Հայրը՝ Հակոբ Ադամյանը Կիլիկիայի Մարաշ քաղաքից /մայրը՝ Նվարդ Սվաջյան/ գաղթի ճամփան ստիպողաբար բռնած, Սիրիական անապատով ու ավազուտներով  մեն-մենակ, սոված ու ծարավ դեգերում է օրեր շարունակ: Պատահական դիպվածով այդ վայրերով անցնում են վրաններում ապրող քրդերը և տեսնելով թափառող երեխային, վերցնում, տանում են իրենց վրանը: Կարճ ժամանակ հետո Սիրիայից հայ որբուկներ հավաքագրող հանձնաժողովը հայտնաբերում է փոքրիկ Հակոբին և օտար վրանների տակ ծվարած հայ երեխաներին տեղափոխում են Լիբանան և հանձնում Բեյրութի հայկական որբանոցի խնամքին:
    Մանուել Ադամյանը պատմում է, որ Բեյրութում մեծացած հայրը հաճախ է իրեն պատմել Ցեղասպանության ու հայկական ծաղկուն գաղթօջախների մասին, որոնք աշխարհով մեկ ցաքուցրիվ են եղել.«Հայրիկիս մոտ բուռն հայրենասիրությունը ակնհայտ էր և հենց այդպես էլ իր զավակներին է դաստիարակել»:
    Բեյրութում ծնված Մանուելը միջնակարգ կրթությունը ստացել է իր ծննդավայրում, ծավալել ակտիվ հասարակական գործունեություն: Նրա ակտիվությունը գնահատվում է տեղի հայկական խոշոր համայնքի անդամների կողմից և  որոշվում է Մանուելին ուղարկել Հայաստան՝ Երևանի պետական համալսարանի հայկական բանասիրական ֆակուլտետում ուսանելու: Մանուել Ադամյանը 1968-ին շարունակում է ուսումը համալսարանի ասպիրանտուրայում, գրում թեկնածուական թեզ՝ «Լիբանանի հարյուրից ավելի հայկական վարժարանները» թեմայով: Հենց այդ տարիներին Լիբանանում սկսվում է 13 տարի ձգվող քաղաքացիական պատերազմը, որի ընթացքում Մանուել Ադամյանը չորս անգամ հրաշքով փրկվում է մահից: Սակայն, ցավոք իրենց տունը ամբողջովին ռմբակոծվում է ու հրի ճարագ դառնում: Այդ ամենի արդյունքում ոչնչանում են գրողի գիտական թեզը և գրական շատ գործերի ձեռագրերը:
    Մանուել Ադամյանը շարունակում է մասնակցել Բեյրութի գրական կյանքի զարգացմանը, նշանակվում է Սահակ-Մեսրոպյան վարժարանի տնօրեն և շուրջ 15 տարի բացի տնօրիության պատասխանատու գործից, միաժամանակ, երեկոյան ժամերին, պաշտոնավարում է նաև Բեյրութի հայկական բարեգործական ընդհանուր միությունում՝ դասախոսելով հայ լեզվաբանության պատմություն առարկան:
    Մանուել Ադամյանը 17 տարեկանում հրատարակում է իր անդրանիկ բանաստեղծությունների ժողովածուն և այն վերնագրում է «Կռունկները երգեցին»: Այդ շարքի բանաստեղծություններում արտացոլված էին հայերի դառն ճակատագիրն ու անցած դեգերումները: Երևանում ուսանելու տարիներին Մանուել Ադամյանը ամուսնանում է գեղեցկուհի Լիլիի հետ ու միասին վերադառնում են Լիբանան, շարունակում մանկավարժական ու հասարակական գործունեությունը:
    1986-ին Մանուել Ադամյանը հրավեր է ստանում Լոնդոնի իր գրչակից ընկերներից /Եղիա Եղիազարյան, Նորայր Թորիկյան, Միհրան Ավագյան/ ու ընտանիքով՝ Հակոբ ու Կատրին զավակների հետ տեղափոխվում են Մեծ Բրիտանիա, ուր նոր դպրոց հիմնելու ու թերթ հրատարակելու անհրաժեշտություն կար: Լոնդոնում նա սկսում է խմբագրել «Կոչնակ» երկշաբաթաթերթը: Երեք տարի հետո տնտեսական պատճառով «Կոչնակ»-ը փակվում է, սակայն համախոհ ընկերների գործակցությամբ ու ջանքերով Մանուել Ադամյանին է վստահվում նորալույս երկլեզու /հայերեն, անգլերեն/ «Նոր սերնդի ձայն» ամսագրի  խմբագրության պատասխանատվությունը:
    Ինչպես Լիբանանում, այնպես էլ Լոնդոնում Մանուել Ադամյանն ունեցել և շարունակում է գրական և հասարակական բեղուն գործունեություն: Վեց թոռների պապիկ Մանուել Ադամյանը գրական ասպարեզ է մտել բանաստեղծություններով, որոնք էլ հիմք են հանդիսացել դրամատուրգիական գործերի ստեղծման համար:
    Այժմ գրողի սեղանը զարդարում են 10-ը բանաստեղծությունների ժողովածուները, մեկ գիրք՝ բոլոր  տարիներին իր գրած հոդվածների շարքերի ամբողջական ժողովածու և 15 պիեսներից կազմված մեկ ծավալուն  750 էջանոց գիրքը՝ «Թատերգություններ» վերնագրով: Թատերգություններից երեքը՝ «Մեծ եղեռն», «Մոնթեի հիշատակին» և «Հավատքի որդին» պիեսներն արդեն բեմադրվել են Երևանում, Արցախում, Գյումրիում, Բեյրութում և Լոնդոնում:
    «Այժմ ավարտել եմ երեք նոր անտիպ պիեսներ՝ «Վարդանանց պատերազմ», «Մեսրոպ Մաշտոց» և «Լևոն 2-րդ»: Այդ վերջին գործն իր իմաստով շատ կարևոր է, քանզի, Կիլիկյան այդ թագավորության մասին գրեթե գրական  գործ չի գրվել: Ես այդ գործը գրեցի խանդավառությամբ ու այն արյան կանչով ու մեծ հարգանքով նվիրում եմ իմ պապենական արմատներին: Ուրախ կլինեմ, որ «Լևոն 2-րդ» թատերգությունը բեմադրվի ու սերունդները տեղեկանան Կիլիկյան թագավորության կարևորագույն ժամանակաշրջանին: Հուսամ` կստեղծվեն պայմաններ ու պիեսը կբեմադրվի` հաշվի առնելով պատմական կարևորագույն նշանակությունը: «Լևոն 2-րդ» պիեսի բեմականացումը մեծ հետաքրքրություն կառաջացնի ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքի մեր բոլոր համայնքներում ու այն կլինի շրջադարձային»:
    Մանուել Ադամյանն, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ասաց.«Ես Ցեղասպանության տառապանքներով անցած, մազապուրծ եղած ընտանիքի զավակ եմ: Իմ բանաստեղծությունները տարբեր երկրներում, տարբեր ասմունքողների կողմից, անընդհատ հնչեցվում են: Լոնդոնում մոտ երկու տասնյակ միջոցառումներ, բանախոսություններ են կայացել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմայով, որոնք մեծ ուշադրություն ու հետաքրքրություն են առաջացրել հատկապես օտարազգիների շրջանում: Աշխարհով մեկ իրականացված ծրագրերը եկան հաստատելու, որ նման վայրագությունները, ջարդերը, պապենական տներից ու վայրերից արտաքսումը դարի ամենադաժան հանցագործությունն է ու գալու է դրա հատուցման պահը…     Մենք 100-րդ տարելիցից հետո շարունակելու ենք մեր պահանջատիրական գործընթացը ու հասնելու ենք արդար դատաստանի լուծմանը»:

   
                                          Մարիետա Մակարյան
18.12.2015


Ուս ուսի տված պարեցին հայկական քոչարին


    Նոյեմբերի 22-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Ուս ուսի որ տանք, սարեր շուռ կտանք» խորագրի ներքո տեղի ունեցավ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր,  Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական և Հայաստանի պարի պետական անսամբլների համատեղ համերգը:  ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացված Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլի այդ ինքնատիպ նախաձեռնությունը նվիրված էր Հայոց  ցեղասպանության 100-րդ տարելիցին: Երեք կոլեկտիվների համատեղ համերգային ծրագիրը կազմվել էր ուշագրավ սկզբունքով` չկրկնելով ու փոխադարձաբար լրացնելով միմյանց, ներառվել էին հայկական պարարվեստի հանրաճանաչ ու սիրված պարային բեմադրությունները, որոնցով բազում սերունդներ են դաստիարակվել, այդ ամենով հանդերձ, պահպանելով յուրաքանչյուրի՝ իր անվանը բնորոշ թե՛ կատարողական, և թե՛ առանձին ծրագրային  յուրահատկությունն ու ինքնատիպությունը:
    Այսպես, Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ Ժիրայր Ալթունյան) «Տոնական» և «Իմ Հայաստան» կատարումներով բացելով համերգը՝ ի սկզբանե ապահովեց միջոցառման հանդիսավոր ու վեհ ոգին: Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլի (գեղարվեստական ղեկավար՝ Նորայր Մեհրաբյան)՝ ազգային ու ժամանակակից պարարվեստի մեղմ և ուրախ կատարումներով առանձնացող ծրագիրը քնարական նրբերանգ հաղորդեց համերգին: Այդ համատեքստում «Հրեական հարսանյաց շքերթ» պարային ուրախ բեմադրությունն ընկալվեց որպես ցեղասպանություն տեսած մեկ այլ ժողովրդի՝ ապրելու կամքի յուրօրինակ առհավատչյա: Իսկ ահա, Հայաստանի պարի պետական անսամբլը (գլխավոր պարուսույց՝ Ասատուր Կարապետյան) «Բերդ», «Սարդարապատ» պարերով տղամարդկանց խրոխտ կատարումներից սահուն անցնելով կանանց քնարական կատարումներին, համերգային իր մասն ամփոփեց «Զարթոնք» պարային բեմադրությամբ՝ խորհրդանշելով ցեղասպանություն վերապրած ժողովրդի ապրելու և արարելու անկոտրում կամքը:  
    Հայկական պարարվեստի հարգն ու պատիվը աշխարհի տարբեր բեմերում բարձր մակարդակով ներկայացնող այնքան նման և այնքան տարբեր երեք կոլեկտիվ, նման՝ կատարողական արվեստի բարձր մշակույթով և տեխնիկայով, և տարբեր՝ ինքնատիպությամբ ու բեմադրական լուծումների բազմազանությամբ, ջերմության, հպարտության ու հայրենասիրության դրական հույզեր պարգևեցին հանդիսատեսին:
    Համերգը եզրափակվեց պարային համույթների՝ խորագրին համահունչ կատարումով. օպերայի  լեփ-լեցուն դահլիճի հոտընկայս ծափերի ներքո նրանք ուս ուսի տված պարեցին հայկական քոչարին՝ հայի ինքնության և ազգի միասնության խորհրդանիշ շուրջպարը:


Ռուզան Անտոնյան
25.11.2015



Մատենադարանը՝ մարդկային հիշողության
շտեմարան, համամարդկային մշակույթի կենտրոն

    Հոկտեմբերի 27-29-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում անցկացված «Հիշողության կերպարանքներ. ձեռագիր և տպագիր ժառանգության
պահպանման  և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» 5-րդ միջազգային գիտաժողովն այս տարի ընթացավ «Վերածնված մշակույթ, վերածնված ձեռագրեր» խորագրի ներքո և նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
    Մատենադարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվել է ցեղասպանությունից փրկված և վերապրած ձեռագրերին նվիրված ցուցադրությունների շարք։ Մատենադարանի աշխատակիցներն իրենց զեկույցներում ներկայացրին Հայոց ցեղասպանության տարիներին փրկված ձեռագրերի պատմությունը:
    2011 թվականից  անցկացվող գիտաժողովն անցած հինգ տարիների ընթացքում ձեռք է բերել լայն ճանաչում՝ համախմբելով գրավոր ժառանգության պահպանման ոլորտի բարձրակարգ մասնագետների։ Այն ձեռագրերի պահպանման, վերանորոգման, թվայնացման, մշակութային հսկա ժառանգության ուսումնասիրման և վերաիմաստավորման նորագույն ձեռքբերումները հանրագումարի բերելու հիանալի առիթ է: Այս մասին գիտաժողովի բացմանը նախորդած մամուլի ասուլիսում նշեցին Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը և գիտաժողովի գլխավոր համակարգող Արա Խզմալյանը:
    Գիտաժողովի շրջանակներում Մատենադարանը համագործակցել է եվրոպական և ԱՊՀ երկների շուրջ յոթ տասնյակ թանգարանների, գրադարանների, արխիվների և վերականգնողական կենտրոնների հետ: Նրանք տեղեկացրին, որ ԱՊՀ երկրների մշակութային  համագործակցության խորհրդի աշխատանքային խմբի՝ 2012 թվականի փետրվարի 2-3-ին Մինսկում կայացած նիստի ընթացքում հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության առաջարկը Մատենադարանին «մշակութային  ժառանգություն» ուղղությամբ բազային  կազմակերպության կարգավիճակ շնորհելու մասին: Կատարված աշխատանքի արդյունքում 2014-ի դեկտեմբերին Մատենադարանին շնորհվել է գրավոր ժառանգության պահպանման ու վերականգնման ոլորտում ԱՊՀ տարածքում Բազային կազմակերպության կարգավիճակ։ Բազային կազմակերպության գործառույթներն են մեթոդական ցուցումների մշակումը, մեթոդական ձեռնարկների պատրաստումը, գիտական ժողովածուների հրատարակումը, կրթական և գիտական ծրագրերի համատեղ իրականացումը։ Մատենադարանի բազային գործառույթներն իրականացնում են բոլոր բաժինները։ Հատուկ ուշադրություն է դարձվում վերականգնման աշխատանքներին։  
    Մատենադարանի մասնագետները մշակել են գրավոր հուշարձանների   պահպանության եզակի մեթոդ՝ վերականգնում առանց քիմիական միջամտության։ Մատենադարանի գիտաշխատողները վերծանել են ձեռագրերում  ավանդված   բաղադրատարրերի և դեղատոմսերի կազմությունը և հատուկ միջոցներ են ստեղծել միկրոօրգանիզմների դեմ պայքարելու համար։ Այդ թեման հատուկ տեղ է զբաղեցնում հայ մասնագետների զեկույցներում:
    «Գնալով մեծանում է և՛ Մատենադարանի ձգողականությունը, և՛ միջազգային համագործակցության աշխարհագրությունը: Մեզ մոտ ավելի շատ գալիս են սովորելու, քանի որ նորագույն տեխնոլոգիաներ են մշակվում պահպանման և վերականգնման ասպարեզում, որոնցում օգտագործվում են մեր ձեռագրերում պահպանված միջնադարյան բաղադրատոմսերը: Դրանք մեր մասնագետները վերծանում են, դրանց հիման վրա ստանում են կենսանյութեր, կենսահեղուկներ, որոնք օգտագործվում են ձեռագրերի վերականգնման մեջ»,-ասուլիսի ժամանակ ասաց Մատենադարանի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ Հրաչյա Թամրազյանը:
    Եռօրյա գիտաժողովի քննարկումների հիմնական թեման սերունդներին ժառանգված գրավոր պատմամշակութային գանձերը՝ հինավուրց ձեռագրերը, վերականգնելու և պահպանելու արդի հրատապ խնդիրներն էին: Գիտաժողովի ընթացքում անցկացվեցին վարպետության դասեր, պարապմունքներ, գործնական աշխատանքներ, հնչեց 19 գիտական զեկույց, գիտական տարբեր կենտրոնների հետ կնքվեցին համագործակցության նոր պայմանագրեր: Տեղի ունեցավ Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Լիդովի վերջերս հրատարակած «Ախթալայի վանքի որմնանկարները» հրատարակության շնորհանդեսը: Գերմանացի վերականգնողներ Ռոբերտ Շտեհլեն և Մարգրեթ Յաշկեն 15 տարի բարեգործական հիմունքներով Մատենադարանի արծաթակազմ ձեռագրերը վերականգնելու համար պարգևատրվեցին ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: Մարգրեթ Յաշկեն այդ կազմերի վրա աշխատելը հետաքրքիր է համարում: Նա նշել է, որ որևէ այլ երկրում նման կազմեր չի տեսել. դրանք յուրահատուկ են, ինչպես յուրօրինակ են հայկական ձեռագրերը, մանրանկարչությունը: 
    ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ  անցկացվող ներկայացուցչական այս միջոցառմանը մասնակցում էին Միացյալ Նահանգներից, Ավստրիայից, Հոլանդիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Լատվիայից, Վրաստանից հրավիրված մասնագետներ՝ միջնադարագետներ, ձեռագրագետներ, վերականգնողներ, ֆոնդապահներ, արխիվագետներ և այլն:


Ռուզան Անտոնյան
04.11.2015



Ալեքսանդր Միլլերի հռչակավոր  հավաքածուն
ստացավ  իր հայկական անձնագիրը

    Հոկտեմբերի վերջին  շաբաթվա  ընթացքում  Երևանում տեղի  ունեցած  «Երևան շոու 2015» ամենամյա  միջազգային ոսկերչական ցուցահանդեսի  շրջանակում,  ի  թիվս աշխարհում հայտնի ադամանդագործական  և   ոսկերչական ընկերությունների արտադրանքի,  ներկայացվեցին նաև   հայկական ավանդական երկու   զարդ ՝ գունազարդ   գոտի և գլխազարդ, որոնք նախորդ դարի  ռուս  հայտնի  ազգագրագետ  Ալեքսանդր Միլլերի Վան-Վասպուրականի տարածքից  բերված  հայտնի հավաքածուից  են:
    Մոտ հարյուր տարի առաջ՝ 1916 թվականին, երբ Արևմտյան Հայաստանը հայտնվել  էր  Օսմանյան կայսրության  բռնությունների  կիզակետում, Ռուսաստանի ազգագրության թանգարանը  դիմեց Ռոմանովներին՝ Հայաստանի  հարուստ մշակութային ժառանգությունը փրկելու խնդրանքով: Հավանություն տալով  Միլլերի արշավախմբի գաղափարին` Նիկոլայ 2-րդը   1916-ի ապրիլի 25-ի  որոշման տեքստում  անձամբ գրել է.«Պետք  է շտապել»:
    Հայկական հարուստ  ժառանգության  փրկության  առաքելությունը  նախորդ  դարասկզբին վստահվեց  պրոֆեսոր  Միլլերին, ով 1918 թվականից  ղեկավարում  էր  Ռուսական թանգարանը: Միլլերը  հայկական  մշակույթով սկսել էր  հետաքրքրվել 1910-ական թվկաններից, հատուկ արշավախում է  տարել  Ախալցխա   և  Վան:1916 –ին, երբ օրախնդիր  հարց էր  Վան-Վասպուրականի   ավանդական  ժառանգության փրկության  հարցը, հենց  կովկասագետ  Միլլերը  ղեկավարեց   պատմագիտական արշավախումբը: Երկշաբաթյա արշավախմբի  ընթացքում   գիտնականները  վանեցիներից  ձեռք  բերեցին  520  առարկաներ: Ըստ էության  այդ  գիտական սխրանքի  արդյունքում  Միլլերի  հավաքածուն ներառեց  400  հայկական ազգային տարազներ, տարազների  մասեր, տարատեսակ  ոսկերչական զարդեր, գորգեր՝  դրանք փրկելով  անխուսափելի ոչնչացումից: Գրեթե մեկ դար  այս անգին հավաքածուն պահվել   է  Ռուսաստանի ազգագրության թանգարանի  պահոցներում    և  միայն   այս տարի՝ Հայոց  ցեղասպանության  հիշատաակման տարում՝  ապրիլի 27-ին  Սանկտ Պետերբուրգում  «Հայկական ավանդական մշակույթի աշխարհը»  խորագրով   ցուցահանդեսում  վերջապես ներկայացվեցին   բացառիկ հավաքածուի նմուշները:
    Այժմ` ամիսներ անց,  «Մերիդիան»   ցուցասրահում ներկայացվում են  ոչ միայն  2 եզակի ցուցանմուշ   նույն  միլլերյան հավաքածուից, այլև  հավաքածուի ամբողջական   համապատկերը  ներկայացնող  «Արևմտյան Հայաստանի  մշակութային ժառանգությունը»  պատկերագիրքը: Այդ առիթով Հասմիկ Պողոսյանի  հրավերով  Հայաստանում է Ռուսաստանի ազգագրության թանգարանի տնօրեն Վլադիմիր Գրուսմանը: Անդրադառնալով միլլերյան  ցուցադրությունը Հայաստան բերելու հեռանակարին` նա  մեծ ափսոսանքով նշում է, որ հնարավոր չեղավ բերել  ամբողջ ցուցադրությունը, բայց  նաև  հույս հայտնեց, որ մոտ ապագայում   հնարավոր կլինի  այն  բերել  Հայաստան: Ռուսաստանի ազգագրության թանգարանի տնօրենի  գնահատմամբ  Միլլերի հավաքածուն  եզակի մեծարժեք  ցուցադրանյութ է  և   հայկական  հզոր մշակութային ժառանգության  վկայագիրն է.«Պետերբուրգում   այդ    ցուցահանդեսը շատ ջերմ ընդունվեց: Մենք այն պատրաստել ենք մեծագույն  սիրով  և  մեծ հանդիսավորությամբ  էլ  բացեցինք: Մենք  մեծ հույսեր էինք  փայփայում, որ այդ ցուցադրությունը կբերենք  Երևան, ցավոք, հանգամանքները մեզնից ուժեղ են: Բայց ես ինձ հետ բերել եմ  2 բացառիկ նմուշ որպես վկայություն, որ Միլլերի հավաքածուն իսկապես հեքիաթային  է»:
    Հայաստանի  մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ազգային մշակույթին  անգնահատելի   ծառայություն է համարում պատմական արշավախմբի  փրկչական   առաքելությունը: Տիկին Պողոսյանի կարծիքով, բացի մշակութային   կարևոր  նշանակությունից   այս  պատմական իրադարձությունը  նաև  քաղաքական  մեծ  հնչեղություն  ունի: Պրոֆեսոր Միլլերի հավաքածուի հանրահռչակումը   մշակույթի նախարարը խոշոր թանգարանների հետ  գործակցության հրաշալի օրինակ  է համարում  և փաստում է,  որ հետևողականորեն շարունակելու են   քարոզչական  մեծ  հնչեղություն   ունեցող նմանօրինակ նախագծերն ընդդեմ ցանկացած  զեղծարարության:   «Այս պատկերագրքի  շնորհիվ  հայկական մշակութային եզակի արժեքներն ունեցան հայկական անձնագիր: Անշուշտ, հայկական մշակութային ժառանգության նմուշները բազմաթիվ  են  և սփռված աշխարհի տարբեր  հատվածներում, ցավոք,  միշտ չէ, որ   մենք  կարողանում ենք դրանք ներկայացնել: Պահպանելով  հավատարմությունը  մեր որդեգրած քաղաքականությանը`  մենք   մշտապես անդրադառնալու  ենք  այլ թանգարաններում գտնվող մեր մշակութային ժառանգությանը և  հավուր պատշաճի  ներկայացնելու ենք  մեր ազգային գանձերը»,-նշեց նախարար  Պողոսյանը:


Նարինե  Առաքելյան
29.10.2015


Նահատակ հայ գրողների հիշատակին


    Կրկին մայր հայրենիքում էր գրականագետ, դրամատուրգ, դոկտոր Հրանտ Մարգարյանը /ԱՄՆ, Նյու-Յորք/: Ամեն անգամ Հայաստան գալով դոկտորը անգլերենով մի նոր աշխատություն է ներկայացնում ոչ միայն հայ ընթերցողներին, այլ նաև օտարներին:
    Դոկտոր Հրանտ Մարգարյանը մի քանի տասնյակ գրքերի հեղինակ է: Նրա 27 պիեսներից  10-ը հրատարակվել ու բեմադրվել են աշխարհի մի շարք երկրներում՝ ԱՄՆ, Կանադա, Լոնդոն, Աթենք, Լիբանան և այլն: Ուզում եմ այդ գրքերից առանձնացնել հատկապես «Քարաձայն պատարագ» գիրքը, որն ամբողջովին Արևմտյան Հայաստանի մասին է, որը հրատարակվել է հայերեն ու անգլերեն: Հրատարակված գրքերում կա նաև բանաստեղծությունների ժողովածու «Ենթաեսեն փշրված» զգացական տողերով: Բազմաթիվ են դոկտոր Մարգարյանի արևմտահայերենից ու արևելահայերենից անգլերեն թարգմանությունները՝ հատկապես Վահան Թեքեյանի, Հովհաննես Թումանյանի, Կարինե Խոդիկյանի և այլոց գործերը:
    2014 թվականին արևմտահայ անվանի գրող Զահրադի 90-ամյակի առիթով, դոկտոր Մարգարյանը, որպես երախտագիտություն գրողի հիշատակին, որոշել և անգլերեն թարգմանել  ու հրատարակել է բանաստեղծի գործերը: Հետաքրքրական է, որ «Զահրադ 90» գրքում առաջին անգամ տեղ են գտել գրողի գործերի հայտնի հերոսների /Կիկո, Աբաս, Խատալամբոս, Նորիկ/  կերպարների ամբողջական թարգմանությունները: Չնայած, որ գրքի հեղինակը նպատակադրվել էր այդ գրքում զետեղել Զահրադի 90  բանաստեղծությունների իր թարգմանությունները, սակայն ընտրությունն այնքան դժվար է եղել, որ ստիպված կանգ է առել 153 ստեղծագործությունների վրա,  որոնք տպագրվում են առաջին անգամ:
Գիրքը լույս է տեսել Զահրադի 90-ամյակի առիթով և Նյու-Յորքում  կայացել է գրքի շնորհանդեսը, որին ներկա է գտնվել գրողի այրին ու բարձր է գնահատել այդ հատուկ ուշադրությունը Զահրադի հանդեպ:
    Դոկտոր Մարգարյանի վերջին աշխատությունն անգլերեն տպագրվել է <LIBRA-6> հրատարակչությունում և լույս է տեսել   Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով: Այն հեղինակն անվանել է «Նահատակ հայ գրողներ՝ 1915-1922. ծաղկաքաղ»: 250 էջանոց աշխատության 3 բաժիններում ներկայացված են Արևմտյան Հայաստանում այդ տարիներին նահատակված 13 հայ գրողները:
    Իսկ թե ինչո՞ւ է գիրքը տպագրվել միայն անգլերեն «Կամար»-ի հարցին դոկտորն պատասխանում է.
    -Հատուկ նպատակով եմ արել, որպեսզի նրանք, ովքեր հայերեն չգիտեն կամ հայերեն չեն կարդում ծանոթանան մեր ժաղովրդի, մեր ազգի հոլովույթին: Ես ցանկացել եմ  հայերիս բնորոշող, մեր ինքնությունը նշող փաստերը ներկայացնել: Այդ բաժնում խոսում եմ նաև հայ գրականության մասին՝ սկսած հեթանոսական շրջանից մինչև 1900-ական թվականները՝համառոտ»:
    -Ո՞րն է այս գրքի առավելությունը, որ կհետաքրքրի ընթերցողին կամ ուսումնասիրողին:
    -Այս գիրքը համառոտ ուսումնասիրություն չէ, այլ խտացված պատկերացում է և եթե որևէ մեկը ցանկություն ունենա սովորել, կամ տեղեկանալ հայության մասին, ապա այս գրքում ես նշել եմ այն աղբյուրների ցանկը, որոնցից կարող են օգտվել: Գրքում այդ ամենը այնպես եմ ներկայացնում, որ մատչելի լինի բոլորի համար:
    -Երկրորդ բաժնում ի՞նչ եք ներկայացրել:
    -Ամբողջ բաժինը նվիրել եմ մեր նահատակ 13 գրողներին, նրանց անցած ճանապարհը, որտեղ էին և ուր գնացին Ստամբուլից, ինչ ճանապարհներով, Այաշ և Չանգրը բանտերում ինչպես հայտնվեցին ու նահատակվեցին: Մանրամասնորեն ներկայացրել եմ Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի ու Տիրան Չրաքյանի /գր.անունը Ինտրա/ նահատակությունների նկարագիրը: Այս բաժինը ընթերցելով` կտեղեկանան արևմտահայ գրականության զարգացման շրջաններին` մինչև 1915 թվականը:
    -Գանք գրքի երրորդ բաժնին:
    -Այդ բաժնում  զետեղված  բոլոր նյութերն իմ թարգմանություններ: Եթե արձակ գործ է, ապա մեկ կամ երկուսն եմ թարգմանել, իսկ բանաստեղծությունները՝ 7-9 հատ: Սկսել եմ Հրանտ-Մելքոն Գյուրջյանից /1859-1915թթ./, այնուհետև, Թլկատինցի-Հովհաննես Հարությունյան,  Գրիգոր Զոհրաբ, Սմբատ Բյուրատ, Երուխան-Երվանդ Սրմաքեշխանելյան, Արտաշես Հարությունյան, Ռուբեն Զարդարյան, Տիրան Չրաքյան, Սիամանթո, Գեղամ Բարսեղյան, Դանիել Վարուժան, Տիրան Չըրկյուրյան և Ռուբեն Սևակ: Իմ կողմից խոնարհում է այս գիրքը մեր նահատակ գրողների հիշատակին: Գրքում ներկայացրել եմ նաև նրանց ամբողջական կենսագրականները, հետո բոլորի գրականության ցանկերը:
    -Արդյո՞ք գրքում խոսում եք նահատակված գրողների գրական արժանիքների մասին:
    -Իհարկե: Նրանց յուրաքանչյուրի գրական արժանիքները ներկայացրել եմ, որից հետո անցել եմ նրանց գործերի թարգմանությանը: Հատկանշական է, որ Ռուբեն Սևակի «Ջարթի խենթը» ծավալուն բանաստեղծության թարգմանությամբ սկսեցի, որը գրվել է 1909 թվականին, շարժառիթը Ադանայի ջարդերն են եղել, և այդ գործն ամբողջական առաջին անգամն եմ ներկայացնում: Այդ բանաստեղծությունը ես նաև բեմականացրել եմ Բաղդադում, Նյու-Յորքում:
    Գրքի վերջում հեղինակը ներկայացրել է բոլոր աղբյուրների ցանկը, որոնցից օգտվել է: Այս աշխատությունը ոչ միայն գիրք է, այլ հանրագիտարանային արժեք ունի, որի առաջին հրատարակության 500 օրինակները սպառվել են անմիջապես: Երկրորդ հրատարակությունը կբաժանվի գրադարաններին, բուհ-երին, ԳԱԱ, Գրողների միությանը, շահագրգիռ կենտրոններին:
Տեղեկացա, որ գիրքը հրատարակվելուց հետո ներկայացվել է հայկական համայնքներում, ԱՄՆ-ի UCSF /Սան Ֆրանցիսկո/, UCF   /Ֆրեզնո/  և Լոս Անջելեսի  համալսարանների բաժանմունքներում: «Օտարների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել այս գիրքը»,-մեր զրույցի ավարտին ավելացրեց դոկտոր Հրանտ Մարգարյանը:

                                                                          Մարիետա Մակարյան
     19.10.2015



Նյու-Յորքի «Վլադիմիր Քոչարյան» թատերախմբի

հյուրախաղերը ՀՀ-ում

    Նյու-Յորքի «Վլադիմիր Քոչարյան» թատերախումբը, թուրք գրող Քեմալ Յալչընի «Հոգիս ձեզմով կը խայտայ» գրքի մոտիվներով բեմադրված համանուն փաստավավերագրական դրաման նվիրել է Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին: Առաջին ներկայացումը կայացել է հունիսի 12-ին Նյու-Յորքում: Իսկ հոկտեմբերի 14-ին այն կներկայացվի Գյումրիում, հոկտեմբերի 15-ին՝ Վանաձորում, հոկտեմբերի 17-ին՝ Երևանում:
    Թուրք գրող Քեմալ Եալչընը ծնվել է Թուրքիայի Հոնազ գյուղում: Ավարտել է Իստամբուլի համալսարանի գրականության և փիլիսոփայության բաժինը: 1980 թվականին թուրքական կառավարության հետապնդումներից փախել է Գերմանիա, որտեղ ապրում է մինչև օրս, դասավանդում թուրքերեն Բոհումի համալսարանում: Պրոֆեսոր Եալչընը հրատարակել է 14 գիրք, որոնցից 8-ը պատմում են հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունների, ինչպես նաև Թուրքիայում ապրող փոքրամասնությունների հանդեպ տիրող անարդարությունների մասին, հատկապես հայերի ցեղասպանության, տեղահանման և այլ վայրագություններին:
    «Հոգիս ձեզմով կը խայտայ» փաստավավերագրական գիրքը ներկայացնում է Անատոլիայի գյուղերում գաղտնի ապրած, իրենց կամքին հակառակ կրոնափոխ եղած հայերին, որոնց փնտրել ու գտել է հեղինակը և ճշտությամբ գրի առել նրանց պատմածները: Թուրքիայում գրքի առաջին տպաքանակը՝ 3000 օրինակ, հենց տպարանում ամբողջությամբ ոչնչացվել է թուղթ մանրող մեքենայի միջոցով: Այնուհետև, հեղինակի բացառիկ ջանքերի շնորհիվ 2001 թվականին գիրքը տպագրվել է, այնուհետև թարգմանվել մի շարք լեզուներով, այդ թվում՝նաև հայերեն:
Օրերս լրագրողների հետ հանդիպեցին  «Հոգիս  ձեզմով կը խայտայ» գրքի հեղինակը, համանուն ներկայացման բեմադրիչ Կարինե Քոչարյանը, դերասաններ՝ Հովհաննես Ոսկերչյանը, Արթուր Կարապետյանը և այլք: Կարինե Քոչարյանը, 18 տարվա դերասանուհու մասնագիտության ընդմիջումից հետո,  բեմականացրել է թուրք գրողի գործը, նաև կերպարանավորել պիեսի գլխավոր դերերից մեկը: Վերջինս  լրագրողներին մանրամասնորեն ներկայացրեց, թե ինչ ճանապարհ է անցնում Նյու-Յորքում «Վլադիմիր Քոչարյան» թատերախումբը և որ այն չէր կարող չանդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային:
    - Չնայած, որ ներկայացումը մենք խաղացել ենք հայերեն, ունեցել ենք միաժամանակյա անգլերեն թարգմանություն, որովհետև դահլիճում ներկա էին ոչ միայն հայեր, այլ նաև բազմաթիվ օտարազգիներ: Ներկայացման հաջողությունը ակնհայտ էր, քանի որ երբ մենք ենք հուզվում, դա բնականաբար հասկանալի է, իսկ երբ տեսանք, թե օտարներն ինչպես են հուզվում ու անգամ արտասվում՝ մեր պատմությունից, դա  մեզ համար հաղթանակ էր: Ասեմ նաև, որ ես Հայաստանից հրավիրեցի դերասաններ Արթուր Կարապետյանին՝ Քեմալ  Յալչընի դերի  և Սաթիկ Հախնազարյանին՝ Մելինեյի դերի համար: Չնայած, որ ներկայացման մեջ զբաղված բոլոր դերասանները կիսապրոֆեսիոնալներ են, բայց հոգով ու այնպիսի նվիրումով են կերտում իրենց վստահված դերերը, որ չեն տարբերվում պրոֆեսիոնալներից: Այսօր այստեղ է նաև տարիների լավագույն փորձառություն ունեցող մի անձ, որը առաջին անգամ այցելելով` մայր հայրենիքում տոնում է իր 75-ամյակը, դա մեր շատ սիրելի դերասան Հովհաննես Ոսկերիչյանն է,- նշեց Կարինե Քոչարյանը:
    - Ես մեծ պատիվ եմ համարում, որ իմ գրքի փաստավավերագրական նյութերը  հիմք են հանդիսացել  բեմադրության համար: Աշխարհի տարբեր երկրներում եղել եմ, սակայն Հայաստան գալիս սիրտս անընդհատ խփում էր, թե ինչպես կընդունեն: Այն դրական  լիցքերը, որ ստացա այս սուրբ հող ոտք դնելով, երբեք չեմ մոռանա և հույս ունեմ, որ մի օր հայ ու թուրք ժողովուրդները կկարողանան հաշտվել ու այդ ժամանակ փոխհատուցման հարցը կլուծվի ինքնըստինքյան: Երբ սովորում էի Թուրքիայում, երբևէ հայկական խնդրին չեմ առնչվել: Միակ բանը, որ մեզ մանկուց սրսկում էին, պատմության դասագրքերում զետեղում, որ հայերը դավաճան են: Երբ արդեն Գերմանիայում թուրքերենի դասավանդման կուրսերի էի հաճախում, մեզ թուրքերեն էր ուսանում հայուհի տիկին Մելինեն, որի միջոցով էլ ծանոթացել եմ հայ ծողովրդի պատմությանը և նրա պատգամով է, որ այս գիրքը լույս տեսավ: Ինձ շատերն էին հորդորում, որ հայերի ցեղասպանության մասին նյութեր հավաքելուց զգույշ լինեմ, հրաժարվեմ այդ մտքից, քանի որ այն շատ տարբերվում է հույների ցեղասպանությունից: Միայն մայրս էր, որ միշտ ինձ քաջալերում էր ու ասում.« հայերը մեծ ազգի ծողովուրդ են, ուրեմն`  աստվածավախ ժողովուրդ են, Աստված ճանաչող և դու պետք է անես այդ քայլը, ես իբրև քո մայր, քեզ օրհնում եմ այդ առաքելության մեջ»: Մորս այդ խոսքերը մշտապես ականջիս մեջ են, բայց, ցավում եմ, որ նա չտեսավ գիրքս: Այսօր իմ երկրում ինձ դավաճան չեն ասում և 2016-ին գիրքս պատրաստվում է հրատարակության: Ամեն տեղ կան լավ և վատ մարդիք, կան նաև մեր նմանները: Հույս ունեմ, որ շատ շուտով ամեն բան կհարթվի: Հայերին ես շատ եմ սիրում ու հարգում, եթե չլիներ հայ ազգին պատուհասած այդ արհավիրքը իմ գրական ուղին նման կերպ չէր լինի: Գլուխ եմ խոնարհում նրանց առաջ,- նշում է Քեմալ Յալչընը:

                                                               
   Մարիետա Մակարյան
14.10.2015



Նախագահը մասնակցել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովի բացմանը



    Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանի Մեծ դահլիճում մասնակցել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» խորագիրը կրող 12-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը:
    Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: Համաժողովին, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հոլոքոստի 70-րդ տարելիցներին, մասնակցում են Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահ Դանիել Ֆեյերստայնը, ցեղասպանագիտության և հարակից ոլորտների հարյուրից ավելի լավագույն մասնագետներ, հեղինակավոր գիտնականներ՝ աշխարհի տարբեր երկրներից:

 Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովի բացման ժամանակ

Հարգելի՛ պարոն Ֆեյերստայն,

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովի հարգարժան մասնակիցներ,

    Ինձ համար պատիվ է ողջունել ձեզ Հայաստանում և ազդարարել այս ներկայացուցչական համաժողովի մեկնարկը։ Հպարտ եմ, որ լինելով մարդկության դեմ ամենասարսափելի հանցագործության՝ ցեղասպանության ենթարկված ժողովուրդ, մենք վերածնվել ենք, պետականություն կերտել և այսօր հնարավորություն ունենք հանդես գալու որպես ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի առաջամարտիկներից մեկը։
    Հաճախ թվում է, որ միջազգային իրավունքի զարգացմանը, քաղաքական մտքի առաջխաղացմանը զուգընթաց մարդկությունը պետք է արդեն իսկ հաղթահարած լիներ ցեղասպանության հանցագործության արհավիրքը: Այնքան է խոսվել մարդկության դեմ ուղղված այս հանցագործության բաղադրիչների մասին, այնքան ջանք է ներդրվել այս հանցագործությունը բնորոշելու, կանխարգելելու, պատժելու և դատապարտելու ուղղությամբ, որ թվում էր, թե «այլևս երբեք» կարգախոսն իր լիարժեք իրագործմանը կհասնի:
     Ցավոք, մենք այսօր էլ ականատեսն ենք դառնում ցեղասպանական գործողությունների, այլատյացության քարոզչության, ֆաշիստական գաղափարախոսության առաջմղմանը: Մենք տեսնում ենք զանգվածային սպանություններ, վայրագություններ, կոտորածներ, կրոնական, ազգային, լեզվական տարբերակմամբ հիմնավորվող խտրականություն, առանձին խմբերի հատվածային կամ ամբողջական ոչնչացման փորձեր, մշակութային ժառանգության և հոգևոր կյանքի թիրախավորում:
     Դա հուշում է մեզ, որ միջազգային պայքարը ցեղասպանության հանցագործության դեմ պետք է նոր թափ առնի, նոր բովանդակություն ստանա և օգտագործի բոլոր հնարավոր հարթակները:
    Հաճախ ցեղասպանության մասին խոսելիս ոմանք օգտագործում են «ողբերգություն» ձևակերպումը: Բայց անհրաժեշտ եմ համարում, որ մշտապես օգտագործվի այդ եզրույթի միակ ճիշտ բնորոշումը` «հանցագործություն»: Ողբերգությունը հաճախ կարող է տեխնոլոգիական աղետի հետևանք լինել, կարող է լինել բնական արհավիրքի հետևանք, նույնիսկ կարող է լինել պատահականության հետևանք: Ցեղասպանությունը, ի տարբերություն այդ ամենի, խորապես հաշվարկված, նախագծված, նախապատրաստված հանցագործություն է, որն ունի հստակ թիրախ, սահմանված գործիքակազմ և այլատյացության վրա հենվող գաղափարախոսություն:
    Եվ հաշվի առնելով այդ հանցագործության բազմաշերտ բնույթը, չափազանց կարևոր է, որ դրա բնորոշման, կանխարգելման, դադարեցման, դատապարտման, դրա համար պատժի կիրառման գործընթացը լինի բազմակողմանիորեն հիմնավորված, և այդ հիմնավորվածությունը կառուցված լինի գիտական հենքի վրա: Պատմաբաններ, քաղաքագետներ, ազգագրագետներ, մշակութաբաններ, միջազգային իրավունքի մասնագետներ, հոգեբաններ, բազմաթիվ այլ մասնագետներ են անհրաժեշտ ցեղասպանության հանցագործության դեմ պայքարն ավելի արդյունավետ առաջ մղելու համար, ինչպես նաև ցեղասպանությունների հետևանքները հաղթահարելուն ուղղված քայլեր ծրագրավորելու և իրականացնելու համար: Դրանով է կարևորվում Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության այս հարթակը: Դուք մասնագիտորեն եք զբաղվում մարդկության առջև ծառացած այդ դժոխային երևույթով:
    Ցավոք, պատմության ընթացքում հաճախ տարատեսակ շահերն անհեռատեսորեն վեր են դասվում ցեղասպանությունները կանխարգելելու հրամայականից՝ մարդկության տարեգրության մեջ ստեղծելով անպատիժ նախադեպեր ու դրանով իսկ խթանելով այդօրինակ վարքագծի հետագա դրսևորումները։ Գաղտնիք չէ, որ կատարված հանցագործությունները քողարկելու, զոհին ոճրագործ և ոճրագործին զոհ ներկայացնելու փորձերից զերծ չի մնում նաև գիտությունը կամ միգուցե ավելի ճիշտ է ասել՝ «հակագիտությունը»:
    Հետևաբար, նաև այդ առումով եմ արժևորում այս համաժողովի առաքելությունը և տարիներ ի վեր ձեր ներդրած ջանքերը՝ ուղղված գիտական մակարդակում պատմական արդարության վերականգնմանը։ Բարձր ենք գնահատում, որ դեռևս 2007 թվականին ձեր ընկերակցությունը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։

    Տիկնա՛յք և պարոնա՛յք,

    Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, այդ թվում՝ ցեղասպանությունների կանխարգելման գործում, իհարկե, առանցքային նշանակություն ունի հասարակական-քաղաքական լայն շրջանակների ներգրավումը: Այդ պայքարում իրենց ջանքերը պետք է համատեղեն քաղաքական գործիչները, մշակութային, հոգևոր, գիտական շրջանակները, քաղաքացիական հասարակությունն ու ազատ մամուլը:
    Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում սույն թվականի ապրիլին Երևանում կայացավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» առաջին գլոբալ ֆորումը: Համաժողովին մասնակցեցին շուրջ 600 պատգամավորներ, լրագրողներ, հոգևոր առաջնորդներ, գիտնականներ: Այն ուղղված չէր որևէ պետության կամ ժողովրդի դեմ, այլ ուղղված էր ցեղասպանության հանցագործության դեմ:
    Հենց ֆորումի մասնակիցների առաջարկն էր, և պարոն Ֆեյերստայնը միացավ դրան, որ Հայաստանն այդ գործում ստանձնի առաջնորդի դերակատարում և պարբերական բնույթ հաղորդի համաժողովին: Անցկացնելով անհրաժեշտ քննարկումներ՝ մենք ընդունել ենք այդ առաջարկը և նախատեսում ենք համաժողովն անցկացնել երկու տարին մեկ անգամ` սկսված 2016 թվականից:
    Մենք համարեցինք, որ արդյունավետ կլինի գլոբալ ֆորումը հաջորդի այն տարիներին, երբ անցկացվում են ձեր ընկերակցության համաժողովները և դառնա նաև ձեր կառույցի համար նոր հարթակ` տարածելու ձեր փորձը և գիտելիքները ավելի լայն շրջանակների ներգրավմամբ: Ես պաշտոնապես առաջարկում եմ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությանը դառնալ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» համաժողովի համահիմնադիր, կազմակերպիչ և մշտական մասնակից:

Հարգարժա՛ն ներկաներ,

    Հայոց ցեղասպանությունից 100 տարի է անցել, սակայն ոչինչ չի մոռացվել։ Չեն մոռացվել նաև այն մտավորականների, գիտնականների ու առհասարակ մարդասերների անունները, ովքեր իրենց մտքի ու գրչի շնորհիվ լույս են սփռել 100 տարի առաջ կատարված ոճրագործության վրա՝ թույլ չտալով ժամանակին քողարկել այն։ Եվ պատահական չէ, որ 100-րդ տարելիցի ոգեկոչման չորս սյուներից մեկն էլ հենց երախտագիտության սյունն է. մենք երախտապարտ ենք բոլոր այն գիտնականներին ու հասարակական, քաղաքական գործիչներին, ովքեր, անտեսելով բոլոր դժվարությունները, բարձրաձայնեցին և շարունակում են բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին:
    Մեզ համար չափազանց կարևոր է, որ Հայոց ցեղասպանության փաստը հիշատակվեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցված պատարագում, Ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու համար Երևան ժամանած Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի և Կիպրոսի նախագահների ելույթներում, Վաշինգտոնի Մայր տաճարում կայացած ոգեկոչման արարողության ժամանակ, Գերմանիայի Նախագահ Յոախիմ Գաուկի պատմական խոսքում, որում նա ուղիղ խոսեց կայսերական Գերմանիայի մեղսակցության մասին, Չիլիի, Բրազիլիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Ռուսաստանի օրենսդիր մարմինների կողմից ընդունված փաստաթղթերում, Հունաստանի և Կիպրոսի կողմից՝ այդ հանցագործության ժխտման քրեականացման որոշումներում, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի բանաձևերում, և որ ամենակարևորն է, տասնյակ միլիոնավոր մարդկանց սրտերում, ովքեր իրենց համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդի արդար պայքարին։
    Այս նույն համատեքստում եմ դիտում նաև ձեր կողմից կայացված որոշումը ձեր համաժողովը ոգեկոչման այս կարևոր տարում Հայաստանում անցկացնելու մասին:
    Մենք շնորհակալ ենք բոլորիդ այս աննախադեպ աջակցության և ցուցաբերած խիզախության համար:

    Հարգելի՛ հյուրեր,

    Ցեղասպանությունների կանխարգելման գործում մեր պայքարը լինելու է շարունակական, ու դրանում մենք անընդհատ զգալու ենք նաև ձեր աջակցության և խորհրդի կարիքը: Մենք պայքարում ենք մեր իրավունքները վերականգնելու համար և շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մեզ սատարում են, գոնե բոլոր նրանց, ովքեր մեզ չեն խոչընդոտում: Համաժողովին մաղթում եմ արդյունավետ աշխատանք, իսկ ձեզ՝ նաև հաճելի օրեր Հայաստանում։

Շնորհակալություն:

09.07.2015թ.

MIDEM-2015. մշակույթն  անհամեմատ

ավելի  ուժեղ  է, քան` բռնությունը

    1966թ-ին, երբ   Կաննի  կինոփառատոնն արդեն  Եվրոպայի  տարբեր  ծայրերից   Ֆրանսիայի լազուրի ափ  էր բերում կինոյի  հայտնի վարպետներին, փառատոնային   քաղաքում սկսվեց  մի նոր  նախաձեռնություն, որի արդյունքում  Կաննում  իր կենսագրությունը սկսեց մի   այլ  միջազգային փառատոն`  MIDEM –ը, որն արդեն  գրեթե   կես դար    է, ինչ   հսկա  ու շատ  բազմազան երաժշտական  տոն  է  ստեղծում  գողտրիկ  ամառանոցային քաղաքում:
    MIDEM–ի  հետ Հայաստանի  գործակցության առաջին փորձը  նախորդ  տարի   էր: Եվ  արդեն այս տարի՝ ընդամենը  մեկ տարի անց, Հայոց  ցեղասպանության  մեկդարյա  հիշատակման  տարում  Հայաստանը  հանդիսավորապես  մուտք  է  գործում  հեղինակավոր    եվրոպական  փառատոն, և  այդ  մուտքն  ավելի քան  ներկայանալի  է. փառատոնի պատվավոր  երկրի կարգավիճակով  մեր երկիրը  մասնակցեց  Եվրոպայի ամենահայտնի ու ներկայացուցչական երաժշտական MIDEM   փառատոնին: Նման  բարձրակարգ   և  համաշխարհային համարում ունեցող փառատոնում  պատվավոր երկրի կարգավիճակն արդեն իսկ Հայաստանի  ճանաչման և գնահատման վկայությունն: Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, Մշակույթի նախարարության աջակցությամբ և «Տաշիր  գրուպ» ընկերության հովանավորությամբ իրականացված  այս  խոշորամասշտաբ նախագիծը    հունիսի  4-ից  մինչև   8-ը  երաժշտական Եվրոպայի ամենալուրջ  ձայնագրման ստուդիաների, մենակատարների, պրոդյուսերական կենտրոնների ու հրատարակչությունների գնահատմանը ներկայացրեց արդի  հայ երաժշտական մշակույթի   ամբողջ   համապատկերը: Փառատոնային դահլիճներում, ցուցասրահներում  և  տաղավարներում գերիշխում էր   հայկական մշակույթն  ու   ոգին, և  Կաննի բոլոր հեղինակավոր ստեղծագործական հարթակները տրամադրվել  էին  Հայաստանին՝ ներկայացնելու ազգային մշակույթի ամբողջ բազմազանությունը՝ դասական ու արդի երաժշտական  ուղղությունները, կերպարվեստն ու նորաձևությունը, ինչպես նաև խոհանոցը` ավանդական ուտեստներով  ու հայկական հայտնի խմիչքներով, բայց գլխավոր գերակայությունն, իհարկե, ազգային երաժշտությունն էր:
    Չորս  օր շարունակ Կաննի   փառատոնային կենտրոնն ամբողջությամբ զարդարված էր  հայկական գովազդային վահանակներով, որոնք ներկայացնում էին  հայաստանյան  պատվիրակության  գլխավոր  խորհրդանիշը՝ նուռը, որը գունազարդված  է    4 տարբեր գույներով, որոնք  խորհրդանշում  են   հողը, օդը, ջուրը և կրակը: MIDEM-2015-ում Հայաստանը ներկայացավ  «Երաժշտության հայկական  էլեմենտները» խոշորածավալ   հայեցակարգով, որը մշակել է  «ՊրոԱրտ» ընկերության ստեղծագործական թիմը: Հայկական  տաղավարի բացման  պաշտոնական  արարողությանը  նախորդող  ասուլիսում Հայաստանի  մշակույթի նախարարն  ու  փառատոնի    մասնակիցները  ներկայացրեցին հայկական  նախագծի  հայեցակարգն ու պատասխանեցին լրագրողներին հետաքրքրող հարցերին: «ՊրոԱրտ» ընկերության ստեղծագործական թիմի  անունից  ընկերության ղեկավար Ռուբեն  Տոնիկյանը  հանգամանորեն ներկայացրեց  «Երաժշտության հայկական  էլեմենտները» նախագիծը:
    Մշակույթի նախարար  Հասմիկ Պողոսյանի գնահատմամբ  այն  իրողությունը, որ  հենց  Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցի   տարում  Հայաստանը  MIDEM-ում  ներկայնում  է    հզոր երաժշտական ներուժով,  ինքնին  խոսուն փաստ է: Ըստ Հասմիկ Պողոսյանի, հիշատակման տարվա 3 կարևորագույն՝ հիշողություն, երախտագիտություն և վերածնունդ կարգախոսների համապատկերում  ՝MIDEM-ը հրաշալի  հնարավորություն է  վերածնված Հայաստանի ամբողջ ստեղծագործական   ներուժով ներկայանալու  և   ևս  մեկ անգամ  եվրոպական հեղինակավոր հարթակից մեր  ուղերձը հղելու   աշխարհին,  մի ուղերձ, որն ընդգծում է, որ մշակույթն  անհամեմատ ավելի  ուժեղ  է, քան` բռնությունը:
    Փառատոնի պաշտոնական   բացման արարողությանը   ներկա  էր նաև  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: MIDEM-ի նախագահ  Փոլ  Զիլկը,  կտրելով   ժապավենը, նախագահ Սարգսյանին հրավիրեց    ծանոթանալու    փառատոնային  տաղավարներին: Հայաստանի նախագահը  եղավ   Ֆրանսիայի, Գերմանիայի և, իհարկե՝  նաև   հայկական տաղավարում: Ի  հիշատակ այս հանդիպման  ու  MIDEM-ի   և  Հայաստանի  գործակցության հաջող սկզբի, փառատոնի   ղեկավարներն  իրենց գրառումները կատարեցին  հայկական տաղավարի   պատերին: «Reed MIDEM» ընկերության տնօրեն   Էն  Մանուել  Հեբերտը չափազանց տպավորված է   հայկական մասշտաբային  ու  ոգեշնչող մասնակցությամբ.«Մենք  չափազանաց ոգևորված ենք  հայկական ներկայությամբ, Հայաստանն այս տարի  ներկայացել է լիարժեք ու  չափազանց բազմազան ծրագրով` հնարավոր բոլոր ժանրերով  ու երաժշտաձևերով: Այստեղ կարող ենք  ծանոթանալ և երկրի  երաժշտական-հրատարակչական ոլորտին, և կոմպոզիտորական մշակույթին, ինչպես նաև`  կատարողական արվեստին: Ես  վստահ եմ, որ  սա ընդամենը սկիզբն  է: Կարծում եմ, որ  MIDEM-ը լավագույն հարթակն է Հայաստանը ներկայացնելու  և  մեր հետագա  արդյունավետ  գործակցության համար»:
    Հայկական բացօթյա  երաժշտական տոնահանդեսը սկսվեց Լիոնի <<Նաիրի>>  պարային խմբի ելույթով. հայկական   զուռնա-դհոլի, դուդուկի  ու պարեղանակների  արձագանքը տարածվել էր ամբողջ Կրուազեթ պողոտայով: Ավելի ուշ՝ երեկոյան,  «Քարլտոն»   հյուրանոցի հարևանությամբ սկսվեց նաև  Գոռ Սուջյանի   և  «Դորիանս»-ի  բացօթյա  համերգը, որոնց միացավ  նաև <<Ամբասադոր>> խումբը: MIDEM  երաժշտական փառատոնի հայկական ծրագրում նաև ավանդական ազգային ուտեստներն  ու  հայկական  խոհանոցի  նորույթները մատուցվեցին փառատոնի   մասնակիցներին: Իսկ ՀՀ  նախագահի պատվո  հյուրերի  թվում էին    ֆրանսահայ անվանի  մշակութային  գործիչներ  ու  երաժիշտներ՝  Շառլ Ազնավուրը, Ռոզի Արմենը, կինոռեժիսոր Ռոբեր Գիտիկյանը; Հայտնի ֆրանսահայ երգչուհին ու կինոռեժիսորն արժանացան նաև ՀՀ բարձր  պետական պարգևների:
    MIDEM-2015-ի աշխատանքին  ծանոթանալու նպատակով փառատոնային տաղավարներում եղավ նաև Ֆրանսիայի   մշակույթի  նախարար  Ֆլյոր  Պելեղենը: Հանգամանորեն ծանոթանալով հայկական տաղավարաի ցուցադրանյութին` տիկին Պելեղենը բարձր գնահատեց  Հայաստանի  տպավորիչ ներկայությունը  և  հետագա համագործակցությունը  MIDEM-ի հետ: Ֆրանսիայի   մշակույթի  նախարարը նաև  իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ նախագահին՝ իր ներկայությամբ փառատոնը պատվելու համար.«Ես չափազանաց    ուրախ  եմ, որ այս  տարի  Հայաստանը MIDEM-ում ներկայացված է որպես պատվո  երկիր: Նաև   շատ  շնորհակալ  եմ  և  չափազանց հպարտ,  որ  Հայաստանի նախագահն  իր ներկայությամբ  պատվեց  MIDEM-ը` ևս  մեկ  անգամ    ընդգծելով երկու երկրների  բարեկամության   կարևորությունը` ինչպես  քաղաքական  դաշտում, այնպես  էլ մշակութային ասպարեզում»:
 MIDEM  փառատոնի այս տարվա  պատվո  հյուրերի  թվում էր նաև  աշխարհահռչակ  լեհ կոմպոզիտոր, ՀՀ  պատվո  շքանշանակիր Քշիշտոֆ  Պենդերեցկին: Նրա  նոր ստեղծագործությունը՝ «Դավթի սաղմոսը», որը մեծ կոմպոզիտորը նվիրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, հնչեց Կաննի   եկեղեցու  դահլիճում՝ <<Հովեր >>  երգչախմբի կատարմամբ: Այս ստեղծագործության համաշխարհային պրեմիերան տեղի է  ունեցել Նյու Յորքում՝ Կարնեգի  Հոլի հեղինակավոր բեմում: Այժմ  Ֆրանսիայում ներկա գտնվելով սաղմոսի 2-րդ կատարմանը` Քշիշտոֆ  Պենդերեցկին հիացմունքով  գնահատեց <<Հովեր>>  երգչախմբի կատարումը.«Ցավոք, ես չկարողացա   ներկա  գտնվել  մայիսի քսանվեցին  Կարնեգի Հոլում տեղի ունեցած համերգին, բայց չափազանց տպավորված եմ այսօրվա կատարմամբ: <<Հովերը> ֆանտաստիկ խումբ է, իրապես  աշխարհում  լավագույն երգչախմբերից մեկն  է: Նրանք   հանդես  են  եկել  նաև  իմ հայրենիքում, երգել  են իմ հարազատ Կրակովում  և  նրանց հոտընկայս ծափերով էին  ընդունում»: Պենդերեցկու   ադաջիոն` <<Կորուսյալ  դրախտը>>  օպերայից  կատարեց  նաև    Հայաստանի   պետական երիտասարդական նվագախումբը՝ հեղինակավոր «Կլոդ   Դեբյուսի»   համերգասրահի  բեմում: Երիտասարդական նվագախմբին  էր վստահվել   փառատոնը  եզրափակելու պատիվը: Եզրափակիչ համերգին  ներկա  էր նաև  Հանրապետության նախագահ  Սերժ  Սարգսյանը: Նվագախմբի   գեղարվեստական  ղեկավար Սերգեյ Սմբատյանը MIDEM-ի հեղինակավոր բեմից  իր երախտագիտության խոսքն    ուղղեց  նախագահ Սարգսյանին`  երիտասարդական արվեստին  աջակցության   համար: Համերգի  մենակատար  Նարեկ  Հախնազարյանը, պահպանելով հավատարմությունն այս տարվա իր գլխավոր սկզբունքին,  համերգային ծրագրից   դուրս կատարեց նաև իտալացի կոմպոզիտոր  Ջովանի Սոլիմայի <<Ողբերգություն>>  ստեղծագործությունը`  այն նվիրելով  1915-ի   Ցեղասպանության բոլոր նահատակների հիշատակին:

   

Նարինե   Առաքելյան
12.06.2015


Շարունակվում է «Երևանյան հեռանկարներ»
16-րդ միջազգային փառատոնը
 
    Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի աջակցությամբ, ՀՀ մշակույթի նախարարության համագործակցությամբ իրականացվում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային  երաժշտական փառատոնը, որն այս տարի կրում է «Քեզ հետ, Հայաստան» խորագիրը:
    Փառատոնի հիմնադիր, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը նշում է.«Փառատոնի այս նախաձեռնությունը ներկայացնում է իրադարձային համերգների շարք արտերկրում՝ աշխարհահռչակ երաժիշտների մասնակցությամբ»:
    Նախատեսված 8 համերգներից 4-ը արդեն կայացել են մարտ, ապրիլ, մայիս ամիսների ընթացքում: Մայիսի 26-ին Նյու Յորքի «Քարնեգի» համերգասրահում, առաջին անգամ հայ և աշխարհահռչակ երաժիշտները՝ Եվգենի Կիսինի և «Հովեր» երգչախմբի մասնակցությամբ ելույթներ են ունեցել «Քեզ հետ, Հասաստան» շարքի համերգին /աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փահլևանյան/: Համերգն անցել է մեծ շուքով ու անջնջելի տպավորություններ է թողել ներկաների վրա: Մինչ այդ, նշանակալի համերգներ են կայացել Բրյուսելում, Տալինում և Երուսաղեմում: Համերգների ընթացքում կատարվել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ալեքսանդր Իրադյանի, Ստեփան Ռոստոմյանի, Տիգրան Մանսուրյանի, Վաչե Շարաֆյանի, Աննա Ազիզյանի ստեղծագործությունները:
    «Քեզ հետ, Հայաստան»-ի համերգներին մասնակցել ու սրտանց միացել ծրագրին երաժշտական աշխարհում հռչակ ձեռք բերած կոլեկտիվներ՝ Երուսաղեմի սիմֆոնիկ, Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ, «Լա Սկալա» ֆիլհարմենիկ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ, «Կամերատա Զալցբուրգ» նվագախմբերը և Զալցբուրգի, Էստոնիայի տղամարդկանց պետական, «Հովեր» պետական կամերային երգչախմբերը, «Հորտուս Մուզիկուս» անսամբլը:
    Պարոն Ռոստոմյանը նշեց, որ համերգները կայացել են Երուսաղեմի օպերային թատրոնում /Իսրայել/, Տալինի Սուրբ Հովհաննես տաճարում /Էստոնիա/, Բրյուսելի Բելգիայի Արվեստների պալատում, Նյու Յորքի «Քարնեգի» համերգասրահում /ԱՄՆ/, Լոնդոնի «Կադոգան» համերգասրահում /Միացյալ թագավորություն/, Սանտա Չեչիլիա ազգային ակադեմիայի «Սինոպլի» համերգասրահում /Իտալիա/, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում /ՌԴ/ և Վիեննայի Մուզիկֆերային՝ Ոսկե դահլիճում /Ավստրիա/:
    «Այն երկրներում, որտեղ անցկացվել են մեր համերգները, դեռևս չեն ընդունել Հայոց ցեղասպանությունը, և այդ համերգների միջոցով, կարծես  սառույցը ճաքեց, որի արդյունքները առաջիկայում հայտնի կլինեն: Այս համերգները պատմական սկիզբ եղան հայ երաժիշտների ու մեր երկրի համար: Համերգներից մենք սպասվածից առավելը ստացանք: Ամենաբարձր մակարդակի արվեստ ներկայացնելով, արժանանալով աշխարհի հայտնի երաժիշտների, երաժշտաքննադատների բարձր գնահատանքին, որն էլ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հաջողության գրավականն էր: Այս համերգներով նոր դարաշրջան բացվեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում և կարծում եմ, որ շատ շուտով թուրքերն իրենք են խնդրելու և իրենց է պետք ճանաչումը: Մենք` հայերս, այս մոլորակի վրա հատուկ առաքելություն ունենք»,-նշեց Ս. Ռոստոմյանը:
    «Կամար»-ի այն հարցին, թե ինչպես ընտրեցիք երաժիշտներին, պարոն Ռոստոմյանը ասաց.«Մենք հրավերներ ուղարկել ենք բոլորին: Ուրախալի է, որ աշխարհահռչակ երաժիշտները հաշվի չառան այն հանգամանքը, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգներին հանդես գալով` կնդգրկվեն Թուրքիայի «սև ցուցակում»:
    Փառատոնի համակարգող Սոնա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Հայաստանում սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ելույթներ կունենան Իսրայելի Ֆիլհարմոնիկ նվագախումբը /դիրիժոր` Զուբին Մեթա/,  Akademy of Martin in the fields /դիրիժոր և մենակատար Զոշուա Բել/, Մարթա Արգերիխը /դաշնամուր/, Քշիշտոֆ Պենդերեցկին /նոր ստողծագործության հայկական պրեմիերա/, Միշա Մայսկին /թավջութակ/, և Լիլի Մայսկին /դաշնամուր/:
    Հունիսի 15-ին Բյուրականի արվեստի ակադեմիայում կազմակերպվում է «Գեղարվեստական քննադատություն. մասնագիտական խոսքի սպասումով» քննարկումը, որը կազմակերպել են Ազգային թատերական ստեղծագործական միավորման և «Թատրոն-X» 8-րդ հանրապետական փառատոնի հետ համատեղ:
    Հունիսի 27-ին կանցկացվի Գրական երաժշտական միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որին կմասնակցեն Ջ. Հենսոնը /բանաստեղծուհի, երաժիշտ Շոտլանդիա/, Արծվի Բախչինյանը /բանաստեղծ, թարգմանիչ, «Ամպերի տակ» գրքի անգլերեն և հայերեն հրատարակության շնորհանդես՝ շոտլանդացի երաժիշտների մասնակցությամբ:
    Միաժամանակ կանցկացվեն վարպետության դասընթացներ, քննարկումներ և այլ միջոցառումներ:


                                                                                Մարիետա Մակարյան
12.06.2015

Բացվեց ճարտարապետ

Լևոն Կյուրեղյանի անհատական ցուցահանդեսը


    Ճարտարապետ Լևոն Կյուրեղյանի անունն ու գործունեությունը, չնայած ուշացումով, նոր է մտնում հայ ճարտարապետական արվեստի գանձարան: Դժվար է զատել ճարտարապետ Լևոն Կյուրեղյանին հայրենիքի ճակատագրով մտահոգ, հայրենասեր քաղաքացի Կյուրեղյանից: Նա առաջիններից մեկն էր, որ զգացել է հայ ժողովրդի գլխին կախված ցեղասպանության վտանգը: Հոգեկան հերթական ցնցումից հետո Կյուրեղյանը գրում է.«…Զմյուռնիայի հրկիզումից հետո որոշեցի թողնել ճարտարապետի իմ մասնագիտությունը և դառնալ հողագործ…»:
     Դժվար է եղել Լևոն Կյուրեղյանի ճակատագիրը: Կորցնել նախնական հայրենիքը, կորցնել հարազատներին, հրաժարվել սիրելի մասնագիտությունից, կյանքը նվիրել «Հայոց հարց»-ի լուծման պայքարին, ջանալ ապացուցել, որ հայկական միջնադարյան ճարտարապետությունն իր ուղղակի աղդեցությունն է թողել ռոմանական ճարտարապետության վրա, պայքարել, հուսալ, հավատալ, հիասթափվել, հուսալքվել, սակայն միշտ կարոտել ծննդավայրը` Տրապիզոնը:
    1871 թվականի ապրիլի 26-ին ծնված Լևոն Կյուրեղյանը տրապիզոնցի Հովհաննես և Բրաբիոն Երեմյանների վերջին զավակն էր: Լևոնը ուսանում է նախ Մխիթարյան վարդապետների վարժարանում, հետո` Վենետիկի Մուրադ-Ռաֆաելյան վարժարանում, այնուհետ ուսումը շարունակում է Հռոմի Գեղարվեստի թագավորական ինստիտուտում: 1896 թվականին վերադառնում է Թուրքիա, այնուհետև Բուլղարիա և մասնակցում Վառնայի քաղաքային թատրոնի կառուցմանը` իր հաղթած նախագծով:
    1907 թվականին Կյուրեղյանը անակնկալ կերպով և առանց հայտնի պատճառների, տեղափոխվում է Իտալիա և բնակություն հաստատում Հռոմում:Պատճառները հայտնի էին դառնալու հետագայում: Հայ մտավորականի ու հայրենասերի իր գործունեությունը մեծ վտանգների էր ենթարկում նրան: Մի քանի տարի անց` 1915 թվականի ապրիլի 24-ին սկիզբ առած ցեղասպանության ժամանակ, Տրապիզոնում բնակվող բոլոր ազգականները կոտորվում են:
    1924 թվականին Ազոլոյում կառուցում է իր տունը, որը խորհրդանշական կերպով անվանում է «Վիլլա Արարատ», իր գյուղատնտեսական ընկերության տարածքը կազմող երկու բլուրներից մեկի գագաթին:
     Լևոն Կյուրեղյանը մահանում է Ազոլոյում /Իտալիա/ 1950 թվականի սեպտեմբերի 2-ին:
10-15 տարիների ընթացքում Կյուրեղյանը հասցրել է նախագծել և կառուցել բազմաթիվ շենքեր Բուլղարիայում, Թուրքիայում, Իտալիայում: Նա տիրապետել է քարի, փայտի ճարտարապետությանը, կառուցել է մենատներ, պալատներ, թատրոն, մատուռ, հասարակական նշանակության շենքեր, եկեղեցի, դպրոց, հիվանդանոց: Լևոն Կյուրեղյանը փայլուն տիրապետել է մատիտանկարի և ջրաներկի տեխնիկային, որը կիրառել է իր տասնյակ նախագծերում` թղթին հանձնելով տարբեր հորինվածքային մանրամասներ, զարդանախշեր, կահույք, դուռ, լուսամուտ, ջահ և այլն:
    Հարուստ է եղել Կյուրեղյանի մասնագիտական ներկապնակը: Նա ծանոթ է եղել ճարտարապետական բազմակերպ մտածողության և կիրառել է տարբեր ճարտարապետական ոճեր, այդ թվում`հայ միջնադարյան ճարտարապետությանը բնորոշ մոտեցումներ, իր ամեն մի նախագծում մնալով ինքնատիպ և ճանաչելի: Նրա ստեղծագործություններին հատուկ են իտալական և եվրոպական բարոկկո,պալլադիոկան և նեոկլասիցիզմի ոճերը` համեմված արևելյան հորինվածքային ձևերով: Նա ոչ միայն նախագծող ճարտարապետ է եղել, այլև հետազոտող , տեսաբան, լուսանկարիչ: Նա թողել է 100-ից ավելի մատիտանկար, ջրաներկ աշխատանքներ, բազմաթիվ նախագծեր, զանազան չափագրություններ և հետազոտական աշխատություններ: Կյուրեղյանի կյանքի և ստեղծագործական բարդ ուղու վրա մեծ հետք է թողել Հայոց եղեռնը, դրան նախորդած և հաջորդած իրադարձությունները, թուրքական կառավարության իրականացրած հետապնդումները, հալածանքները, տեղահանումները, հրկիզումները, թալանն ու ավերը: Ճարտարապետն իր միլիոնավոր հայրենակիցների նման, կորցնում է թե՛ հայրենիքը, և թե՛ հարազատներին, թվով 54 հոգի` գաղթի ճանապարհին առաջինը կորցնում է մորը…
      Այսօր, երբ աշխարհի առաջադեմ ողջ մարդկությունը  նշում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, պատահական չէ, որ Երևանում, առաջին անգամ բացվեց  պոլսահայ անվանի ճարտարապետ Լևոն Կյուրեղյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը:
    Շատերի համար անհայտ ճարտարապետի աշխատանքներին ծանոթանալու հնարավորությունը ստեղծել է Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրինությունը`ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանի ղեկավարությամբ: Ցուցահանդեսի նյութերը սիրով տրամադրել է Կյուրեղյանի թոռը` ճարտարապետ Արմեն Կյուրեղյանը /ապրում և ստեղծագործում է Իտալիայում/:
    Կյուրեղյան ընտանիքը Հայաստանին ի պահ, որպես նվիրատվություն, հանձնել է Լևոն Կյուրեղյանի, ինչպես նաև նրա շնորհիվ հրաշքով փրկված և պահպանված, մեծահամբավ Պալյանների ժառանգության մաս կազմող, տասնյակ արխիվային մեծարժեք նյութեր, հայ մշակույթի կարևոր մասունքներ:
Վերջապես իրականանում է Լևոն Կյուրեղյանի երազանքը` անմնացորդ նվիրելու հայրենիքին այն, ինչ ունեցել է կյանքում և ինչ թանկ է եղել իր համար:
Ճշմարտությունը պահանջում է ասել, որ այն, ինչ հասցրել է կերտել  տաղանդաշատ ճարտարապետ Լևոն Կյուրեղյանը, պատիվ է բերում, ինչքան էլ, որ տարօրինակ թվա, առաջին հերթին` Թուրքիային:
     Կյուրեղյանի ստեղծագործությունները, մեծագույն ճարտարապետներ Սինանի, Պալյանների, Ազարյանի, Ազնավուրի, Գարագաշի, Նաֆիլյանի, Սերվերյանի, Թաշչյանի և այլոց հարյուրավոր նախագծերի և իրականացումների նման, մինչև օրս շարունակում են գեղեցկացնել Կոստանդնուպոլիս-Ստամբուլի և Թուրքիայի այլ քաղաքների ու բնակավայրերի ճարտարապետական դիմագիծը:
Մնում է ցավով ենթադրել, թե ինչեր կհասցներ նախագծել և կառուցել Լևոն Կյուրեղյանը, եթե ստիպված չլիներ թողնելու ճարտարապետությունը:


                                                                   Մարիետա Մակարյան
11.06.2015թ.


«Կամար»-ի հարցերին պատասխանում է

գրականագետ Երվանդ Ազատյանը


    Գրականագետ, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Երվանդ Ազատյանի 85-ամյակը մեծ շուքով նշվեց Երևանում, որի ընթացքում հոբելյարին ուղղվեցին շնորհավորական ուղերձներ, գնահատանքի մեդալներ: «Կամար»-ը միացավ հոբելյարին հղված շնորհավորանքներին և խնդրեց պատասխանել մի քանի հարցի:
    -Ի՞նչ է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
    -Հայոց ցեղասպանությունը մեր ժողովրդի համար ամենաաղետալի հանգրվանն է, որը շեղել է մեր պատմության հունը դեպի մասնատում, դեպի կործանում և իբրև ազգ ապրելու իրավունքից զրկում: Ցեղասպանությունը մեզ քայքայող և մեզ միանգամայն միացնող պատմարժեք աքսիոմա է:
    -Ի՞նչ խորհուրդ ունի մեզ համար Ցեղասպանությունը, և ի՞նչ պարտավորություններ  ունենք:
    -Ցեղասպանությունը յուրաքանչյուր հայի վրա պարտավորություն է դնում` անձնականից բացի, հավաքական գիտակցության կյանքով ապրելու: Մենք կարող ենք անձնական հաջողությունների հասնել, եթե իբրև անհատ չկրենք մեր պատմության բեռը,զ րկված կմնանք իբրև լիամբողջ հայ ապրելու իրավունքից:
    -2015 թվական, ապրիլի 24. հետո…
    -2015 թվականի ապրիլի 24-ը եկավ մեր կոտորված ու բաժանված զանգվածները միացնելու և, այսուհետև իբրև բեկորներ ապրելու է իբրև հավաքականություն, որն ունի պետական մտածողություն, նաև միասնական իդեալ: Հարյուրամյակը զորահավաքի հանգրվան է ու ավելի հզոր թափով շարունակելու պահանջատիրությունը և իրականացնելու Ցեղասպանության ճանաչման համայնական ու միջազգային ճանաչումը:

            
                                                                                   Մարիետա Մակարյան
10.06.2015



Հայաստանը  գրքի   հեղինակավոր   ստուգատեսներում


    Այս տարի  աշխարհում   հայտնի  և խոշորագույն   գրքի միջազգային ցուցահանդեսները կրկին իրենց  ցուցադրական տարածքներում  համախմբել  են  հեղինակավոր հրատարակչական ընկերություններին, տարբեր երկրների տպագրական մշակույթի ներկայացուցիչներին ու պատվիրակություններին: Արդեն ավանդաբար եվրոպական խոշորագույն ցուցահանդեսներին ներկայանալի տաղավարով մասնակցում է նաև Հայաստանը` ներկայացնելով  վերջին տարիներին Հայաստանում և առհասարակ հայերի մասին հրատարակված գրականությունը: Հայկական տաղավարները եվրոպացի ընթերցողներին են ներկայացնում նոր գրահրատարակչական ծրագրերն ու նորատիպ գրքերի շնորհանդեսները: Այս   տարի, սակայն  Հայաստանի գրահրատարակչական ոլորտը, ազգային ու թարգմանական գրականությունն աննախադեպ ակտիվությամբ  է ներկայացվել   աշխարհի խոշորագույն ու հեղինակավոր  գրքի տոնավաճառներում: Մշակույթի նախարարության և  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառռւմները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ 2015-ի` արդեն  առաջին  5 ամիսների  ընթացքում հայկական տաղավարները ներկայացվել են 8 տոնավաճառներում, այն դեպքում, երբ ամբողջ անցյալ տարվա ընթացքում Հայաստանը մասնակցել է գրքի` ընդամենը 6 միջագային ցուցահանդեսի:
    Մինսկի, Փարիզի, Լոնդոնի, Սալոնիկի, Վարշավայի և Թեհրանի հայտնի տոնավաճառներում անմոռուկի խորհրդանիշերով ձևավորված տաղավարներն այս տարի որակապես նոր ցուցադրություններ են ունեցել ՝ առավելապես ներկայացնելով  ոչ  միայն հայերեն, այլև օտարալեզու և մասնավորապես տվյալ երկրում հրատարակված գրքերը:  Մայիսի վերջին այդ շարքը համալրեց նաև  հյուսիսամերիկյան մայրցամաքի խոշորագույն ցուցահանդեսը՝ Նյու Յորքի  <<Book Expo America>>-ն` հայկական տաղավարի 250 անուն գրքերի ցուցադրությամբ: Մշակույթի փոխնախարար Ներսես  Տեր-Վարդանյանի  գնահատմամբ  ամերիկյան խոշորագույն ցուցահանդեսին Հայաստանի  անդրանիկ մասնակցությունը  նոր հնարավորություններ  ու  հեռանկարներ է բացում մեր  երկրի համար: Ցուցահանդեսում  ներկայացվեցին   վերջին տարիներին Հայաստանում և արտերկրում հրատարակված գրքերը: Նյու Յորքի գրքի միջազգային տոնավաճառում Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը տեղի ունեցավ  մայիսի 27-ին, որին ներկա էր  նաև   ՀՀ  մշակույթի նախարար  Հասմիկ  Պողոսյանը: 250 անուն գրքերի բազմազանության  մեջ  հատկապես կարևորվում էին  Մեթյու Քարանյանի <<Պատմական Հայաստան, 100 տարի անց>> գիրքը, որում հավաքված  են  քսան տարվա ընթացքում   հեղինակի  կատարած հայկական հուշարձանների 125 լուսանկարներն ու դրանց պատմությունը: Մշակույթի  փոխնախարարը   հատկապես կարևորում  է Դանա Ուոլրըթի <<Ինչպես ջուրը և քարը>>   գիրքը`  հեղինակի  տատիկի` 100 տարի առաջ կատարած ճամփորդության մասին:
    Դանա Ուոլրըթը  մեկ ամիս առաջ  <<Գրական տապան. ապրիլ>> միջազգային փառատոնի մասնակիցն էր և հենց այդ ժամանակ  ձեռք  բերվեց  հայկական տաղավարին նրա  մասնակցության մասին պայմանավորվածությունը: Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի  ժառանգն  իր  գրքով արժանացել է   ամերիկյան  գրական  մեծ մրցանակների, ինչպես նաև  <<Համաշխարհային հանրության համար հռչակավոր գիր>>, <<Բենք Սթրիթ>> քոլեջի կրթության լավագույն գիրք  մրցանակներին։ Ներկայացված գրքերի թվում է նաև  Աննա Աստվածատուրյան Թըրքոթի`<<Ոչ մի տեղ՝ աքսորի մի պատմություն>>-ը` Բաքվի հայության դեմ իրականացված ոճրագործությունների վերաբերյալ:  Հեղինակը պատմում է վերապրածների ողբերգության   մասին:
    Ի դեպ, հայ հեղինակների այլալեզու հրատարակությունները խթանելու նպատակով նախարարությունն այս տարի սկսել է   նոր՝ «Թարգմանությունների աջակցման նպատակային ծրագիրը», որն օժանդակում  է  արտերկրի այն հրատարակչություններին, որոնք թարգմանում և տպագրում են հայ գրողներին: Գրական մթնոլորտի աշխուժացմանը մեծապես նպաստում  է նաև «Գրական տապան» փառատոնը, որի գոյության ընթացքում ավելի քան 90 գրողներ  աշխարհի 38 երկրներից բացահայտել,  սիրել ու քարոզել են հոգևոր  Հայաստանը: Այս ապրիլին տապանը Հայոց ցեղասպանությանը նվիրված 12 օտարալեզու գիրք ներկայացրեց հանրության գնահատմանը: Մշակույթի  փոխնախարարը չափազանց կարևորում է նաև վերջին շրջանում թուրք հրատարակիչների հետաքրքրությունը  հայ գրականության  ու գրքի հանդեպ:
    Իսկ  Թեհրանի  գրքի  միջազագային տոնավաճառին  հայ  հրատարակիչների  տպավորիչ մասնակցությունը  ջերմ  արձագանք է  ունեցել  գրական միջավայրում: Վեց  տասնյակից ավելի  հայ գրողների ստեղծագործություններ, այդ  թվում նաև  ռումինահայ Վարուժան Ոսկանյանի մեծ  ճանաչում ստացած  <<Շշուկների մատյան>>-ը  պարսկերեն  թարգմանությամբ ներկայացվել     են   հայկական տաղավարում: Մայիսին   Գերմանիայում  և  Ավստրիայում  իրականացվել են  գրական մի քանի նախագծեր. Մագդեբուրգում տեղի են ունեցել եղեռնազոհ 10-ը հայ գրողների գերմաներեն ընտրանու  և Հալլեում, ապա  նաև Վիենայում հայ  ու գերմանացի դպրոցականների ցեղասպանության թեմայով շարադրությունների ժողովածուի շնորհանդեսները:
    Եվրոպական գրական հանրության ջերմ արձագանքին է արժանացել  նաև  Լոնդոնի  գրքի ցուցահանդեսում   ներկայացված հայկական  տաղավարը; Ի թիվիս  այլ  գրքերի, այստեղ ներկայացվել է նաև  հայտնի իրավաբան  Ջեֆրի   Ռոբերտսոնի  <<Անհարմար  ցեղասպանություն. ով է հիշում հայերին>> գիրքը, և վերջապես  տարվա  գրական  ու հրատարակչական  ծրագրերի   ամբողջ  արդյունքը  շատ ավելի տեսանելի կլինի  աշնանը: Տարվա գրական ու հրատարակչական հսկայածավալ աշխատանքի համապատկերը կամբողջացնի «ArmBookExpo»   խոշորածավալ ցուցահանդեսը, որը կբացվի   սեպտեմբերին՝ Երևանում:

Նարինե    Առաքելյան
01.06.2015

Լևոն Թութունջյանի կտավների ցուցահանդես`

Ազգային պատկերասրահում



    «Դեղին դիմակ» գեղանկարը Լևոն Թութունջյանը ստեղծել է 1930 թվականին, այն առաջին անգամ ցուցադրվեց Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում`Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում: Ըստ մասնագետների, այդ կտավը համարվում է համաշխարհային սյուրռեալիզմի գլուխգործոցներից: Այդ ստեղծագործությունը  Լևոն Թութունջյանի միակ գլուխգործոցը չէ, ևս 24 գրաֆիկական աբստրակտ կտավներ են ցուցադրվել Ազգային պատկերասրահում բացված անդրանիկ ցուցահանդեսում: Մեր հայրենակից, ֆրանսահայ նկարչի առաջին համապարփակ ցուցադրությունն է մեր երկրում, որտեղ նաև ներկայացված է «Դեղին դիմակ» կտավը:
    Ցուցահանդեսին ներկայացված ստեղծագործությունները 1920-60-ականներին ստեղծված աշխատանքներ են: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ոչ միայն արվեստագետներ: Անվանի նկարչի աշխատանքներին ծանաթանալու էին եկել կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանն ու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ցուցադրված   գրեթե բոլոր աշխատանքներն արտացոլում են ֆաշիզմի և սյուրռեալիզմի  հիմնադիրներից մեկը համարվող Լևոն Թութունջյանի գրեթե ամբողջ ստեղծագործական ուղին: Նրա կտավները ցուցադրվել են Պիկասոյի, Դալլիի, Բրետոնի, Մանեի, Մոդիլյանիի, Ռոդենի ու այլ հայտնի ստեղծագործողների աշխատանքների կողքին և արժանացել խստաճաշակ ֆրանսիացի արվեստասերների գնահատանքին:
    Ցուցահանդեսին ներկա Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը նշեց.«Թութունջյանի արվեստը սյուրռեալիստական մի այնպիսի գիծ է, որը տարբերվում է բոլորից: Ինքնատիպ, շատ հետաքրքիր մտածելակերպով արվեստագետ է Լևոն Թութունջյանը: Նա հիմնականում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային: Այն սարսափն ու տագնապը, որ Եղեռնը վերապրած  արվեստագետը մանկության տարիներին  տեսել է իր սեփական աչքերով, արտացոլված են նրա կտավներում»:
    Լևոն Թութունջյանի աշխատանքները հավաքորդները շարունակում են աճուրդներից բարձր գներով ձեռք բերել դրանք: Ի դեպ, «Դեղին դիմակ» գեղանկարը նվիրվել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:

                                                              Մարիետա Մակարյան
26.05.2015


Երգիծանկարիչները` ընդդեմ ցեղասպանության

Հայաստանի նկարիչների միությունում կայացած
«Արևավիշապ» միջազգային փառատոնի աշխատանքներից


    

   

   

   

   

   

   

   

   

   

26.05.2015


 Կինոցուցադրություններ` «Այլևս երբեք»

    «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հասարակական կազմակերպությունը, ՀՀ Մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետ համատեղ, Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված՝ տարբեր երկրներում կազմակերպել է թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ:
    «Այլևս երբեք» խորագիրը  կրող ծրագիրը կազմված է երկու մասից և ներառում է հանդիպումներ, սեմինարներ և ֆիլմերի ցուցադրություններ: Ընտրվել են տարբեր ժամանակահատվածներում նկարահանված Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական և խաղարկային ֆիլմեր: Ներկայացված էին 20-ից ավելի հայ և արտասահմանցի ռեժիսորների ֆիլմեր:
    Հաշվի առնելով քաղաքական, մշակութային և գեղարվեստական առանձնահատկությունները` յուրաքանչյուր երկրի համար կազմվել է առանձին ծրագիր և ֆիլմացանկ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք ծրագրի առաջին փուլի մեկնարկը տրվել է մարտին՝ Բելառուսում: Մարտի 7-ից ապրիլի 6-ը ծրագիրը ներկայացվեց Բեռլինում, Մաքսիմ Գորկու անվան թատրոնի հետ համատեղ:  Շնորհիվ «Ոսկե ծիրան»-ի կապերի և գործընկեր փառատոների հետ սերտ համագործակցության՝ «Այլևս երբեք» ծրագիրը  հնարավոր դարձավ ներկայացնել տարբեր միջազգային հեղինակավոր կինոփառատոների պաշտոնական ծրագրերում: Հայաստանից մեկնած պատվիրակության ներկայացուցիչները, որոնց թվում էին պատմաբաններ, կինոքննադատներ, ռեժիսորներ, ֆիլմերի ցուցադրությունից առաջ ներկայացրեցին ծրագրի նպատակն ու առաքելությունը, ապա ֆիլմի ավարտից հետո պատասխանեցին հանդիսատեսի հարցերին: Արդեն կինոցուցադրություններ են կազմակերպվել 7 երկրներում՝ Բելառուս, Գերմանիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Լիտվա և Թուրքիա: Ծրագրի առաջին կիսամյակը կամփոփվի Մոսկվայի 37-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում՝ հունիսի 19-26-ը, ներառված է Հայոց մեծ եղեռնին նվիրված 7 ֆիլմերի ցուցադրություն:

    Ապրիլի 19-ին` Շվեյցարիայում, Նիոնի «Վիժըն դյու Ռեել» միջազգային 46-րդ կինոփառատոնին, «Ոսկե ծիրան»-ի առաջարկով փառատոնի շրջանակներում անցկացվեց հուշ-երեկույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի 60-ամյա հոբելյանի առթիվ փառատոնի շրջանակներում անցկացվող նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները ևս ներառվել էին  ծրագրի շրջանակներում:
    Փարիզում «Այլևս երբեք» ծրագիրը կազմակերպել է «Եվրոպա ֆիլմ ակտ» կինոփառատոնի շրջանակներում, որը եվրոպական ամենահայտնի փառատոներից մեկն է: Կարևոր ձեռքբերում է այն, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայկական ֆիլմերի բովանդակ ծրագիր ներկայացվեց Փարիզում՝ շուրջ 15 լիամետրաժ, վավերագրական և կարճամետրաժ հայկական ֆիլմեր:     Ծրագիրն ու ֆիլմերը ներկայացնելու համար Հայաստանից մեկնած պատվիրակության թվում էին կինոգետներ Սուսաննա Հարությունյանը և Դավիթ Մուրադյանը, կինոռեժիսորներ Արա Երնջակյանը և Հարություն Խաչատրյանը:
   
Սոֆիայի /Բուլղարիա/ միջազգային կինոփառատոնը ճանաչում ունեցող հեղինակավոր կինոփառատոն է, որն այս տարի անց էր կացվում 19-րդ անգամ: Փառատոնի շրջանակներում ցեղասպանության ծրագրի ցուցադրությունները տեղի են ունեցել Բուլղարիայի երեք քաղաքներում՝ Սոֆիայում, Պլովդիվում և Վառնայում:
   Սոֆիայի կինոփառատոնի շրջանակներում ցուցադրումների համար պատրաստվել էր հատուկ ազդագիր, որի վրա ծրագրի աջակիցների տարբերանշաններն էին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հատուկ տարբերանշան անմոռուկը:
    «Այլևս երբեք» ծրագիրը Վիլնյուսում ներկայացավ “Կինոգարուն” (Kino Pavasaris) միջազգային 20-րդ հոբելյանական կինոփառատոնի շրջանակներում: «Ոսկե ծիրանի» գործընկեր կինոփառատոնը հուշ-ցերեկույթի կազմակերպման հիմնական գործառույթն իր վրա էր վերցրել: Ելույթներով հանդես  են եկել Լիտվայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և Լիազոր դեսպան Արա Այվազյանը, Վիլնյուսի ՄԿՓ-ի տնօրեն Վիդա Ռամաշկիենեն: Ծրագրի պատմական ասպեկտը և ֆիլմերը ներկայացրել է կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը, որը նաև Վիլնյուսի միջազգային 20-րդ կինոփառատոնի պատվավոր ժյուրիի անդամ էր:
    Ծրագրի կազմակերպիչները գոհունակությամբ նշեցին, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագիրը, որը Թուրքիայում կրում էր  «Հարյուր տարվա ցավը» խորագիրը, անցկացվել է Ստամբուլի միջազգային կինոփառատոնի նախաձեռնությամբ: Ցուցադրվել է Գյուլում Քլերի «Թուրքիա, լռության ժառանգություն» և Հաջի Օրմանի «Homo Politicus» ֆիլմերը (ի դեպ, այս ֆիլմը Թուրքիայում ստեղծված սակավաթիվ խաղարկային կինոնկարներից է Հայոց ցեղասպանության մասին և իրականացվել է հայ-թուրքական կինոպլատֆորմի շրջանակներում): Սուսաննա Հարությունյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել  հայ-թուրքական կինոպլատֆորմի երկօրյա սեմինար, որին մասնակցել են  տասը ֆիլմ-նախագիծ՝ հինգ  հայկական և հինգ թուրքական: Ներկայացված բոլոր ֆիլմերի նախագծերը  Հայոց ցեղասպանության թեմայով էին: Հաղթող  է ճանաչվել Սեդար Օնալի «Մայրիկ Դերդոն և նրա ընկուզենին» վավերագրական կինոնախագիծը: Այն պատմում է Եղեռնից  փրկված Դերդո անունով կնոջ մասին, որը շարունակել է ապրել  Թուրքիայում, պահպանել է իր ինքնությունն ու հավատքը և շուրջ 40 տարի ակտիվ պայքարում է իր իրավունքների պաշտպանության համար: Տիկին Սուսաննան նշեց նաև, որ հայ-թուրքական պլատֆորմ ծրագրի շրջանակներում վերջին 5 տարիների ընթացքում ստեղծվել է 17 հայանպաստ ֆիլմ, և ծրագրին մասնակցել են 100-ից ավելի երիտասարդ կինոռեժիսորներ, սցենարիստներ, կինոգետներ:
Բոլոր այն երկրներում որտեղ իրականացվել է «Այլևս երբեք» ծրագիրը, բազմաթիվ էին դրական, վերլուծական հրապարակումները մամուլում, հեռուստատեսությամբ: Հայոց ցեղասպանության թեման կինոյում շատ չլուծված ու կասկածելի հարցերի հստակ ու յուրովի պատասխան է եղել, ցրել այն մշուշոտ կասկածները, որ եղել են մինչ այժմ Հայոց ցեղասպանությունը չընդունած երկրների մոտ:

                                                           Պատրաստեց Մարիետա Մակարյան
14.05.2015

«Մշակութային եղեռն. խաչքարերի խորհուրդը»

    Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին բազմաթիվ միջոցառումներ իրականացվեցին Հայաստանում և աշխարհի շատ երկրներում: Դրանց թվում էր նաև, Երևանի գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների հատման նորակառույց գեղեցիկ պուրակում բացվեց «Մշակութային եղեռն. խաչքարերի խորհուրդը» խորագրով միջոցառումը:
    1915 թվականին Արևմտյան Հայաստանում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը զուգահեռ թուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված ոչնչացնում էր նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները: Տվյալ ժամանակահատվածում ոչնչացվեցին եկեղեցիներ ու վանքեր, միջնադարյան հազարավոր ձեռագրիր մատյաններ, կործանվեցին զարդարվեստի բաց
առիկ նմուշներ: Հայկական հետքը ջնջելուն միտված երիտթուրքերի քաղաքականությունը շարունակվեց նաև հանրապետական Թուրքիայում`դրանք դիտելով որպես հայկական ներկայության անցանկալի վկաներ:
    Մինչև 1915 թվականը Արևմտյան Հայաստանում եղել է շուրջ 170.000 հուշարձան, որոնցից ներկայում պահպանվել է շուրջ 2 տոկոսը: Այդ ոչնչացված հուշարձանների ճակատագրին արժանացան նաև Նախիջևանի Հին Ջուղայի խաչքարադաշտի ավելի քան 4500 խաչքար: Դրանք վայրագորեն, հիմնահատակ ոչնչացվեցին 2005 թվականին ադրբեջանական բանակի կողմից:
    Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, «Մշակութային եղեռն-խաչքարերի խորհուրդը» խորագրով բացօթյա ցուցահանդեսում ներկայացված են կորուսյալ, ոչնչացված 13 խաչքարերի կրկնօրինակները, որոնք, հենվելով  խաչքարագործ հայ վարպետների դարավոր ավանդույթների վրա, վերարտադրել է ժամանակակից խաչքարագործ Արտակ Համբարձումյանը:                    Խաչք
արերից բացի պուրակում ցուցադրված են խոսուն լուսանկարներով  հայոց վանքերի և բերդերի նախկին և ներկա տեսքերի մի քանի պատառիկներ, որոնք տրամադրել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Իսկ խաչքարերի բնօրինակների լուսանկարներն էլ տրամադրել է հայագետ-նախիջևանագետ Արգամ Այվազյանը:
    Մայրաքաղաքի սրտում այդ գեղեցիկ պուրակը մշտապես մարդաշատ է, իսկ Հին Ջուղայի խաչքարերի մոտ մշտապես հոծ բազմություն է լինում:
    Տեղին է նկատել, որ մեկ հատուկ ցուցանակով նշված չէ, որ Նախիջևանի Հին Ջուղայի խաչքարերը բարբարոսաբար ոչնչացվել են ադրբեջանական բանակի կողմից:

   

   



                                                                          Մարիետա Մակարյան
05.05.2015



Մեծարեցին աշխարհահռչակ ճարտարապետ
Հովսեփ Սարաֆյանին

 
    Հռչակավոր ճարտարապետ, Լուիս Քանի գործընկեր Հովսեփ Սարաֆյանը ծնվել է 1932-ին` Ստամբուլում: Տեղի   Ճարտարապետական համալսարանում ստացել է ճարտարագետ մագիստրոսի աստիճան: Այնուհետև, հաճախելով Ֆիլադելֆիայի Փենսիլվանիայի համալսարան, ձեռք է բերում երկրորդ մասնագիտությունը՝ քաղաքային ծրագրավորող: Մինչև 1980 թվականը, 23 տարի անընդմեջ, պարոն Սարաֆյանն իր  անձնական ճարտարապետական գրասենյակն է ունեցել Կ. Պոլսում: Թուրքիայում մինչև այսօր էլ գործում են Հովսեփ Սարաֆյանի նախագծած շինությունները՝ համալսարաններ, կրթական հաստատություններ, հիվանդանոցներ, մարզական պալատներ, բնակելի թաղամասեր, գործարաններ, հիվանդանոցներ և հանրախանութներ:
    1980 թվականին անվանի ճարտարապետն իր ընտանիքով տեղափոխվում է ԱՄՆ և հաստատվում Դիտրոյտ քաղաքում` ստանձնելով աշխարհահռչակ ճարտարապետ Մինօրօ Եամազաքիի ընկերությունում փոխնախագահի պաշտոնը: Մինչև 1994 թվականը Սարաֆյանն այդ պաշտոնում նախագծում և իրականացնում է տարբեր բնույթի ճարտարապետական ծրագրեր ու շինություններ Թուրքիայում, Սաուդյան Արաբիայում, Իսպանիայում, Ճապոնիայում, Կանադայում և այլ երկրներում: Այնուհետև հայտնի ճարտարապետին է վստահվում Միացյալ նահանգներում ճարտարապետական խորհրդատվության կարևորագույն աշխատանքը:
    Հայաստանի անկախությունից հետո, Հովսեփ Սարաֆյանը հաճախակի այցելում է Հայաստան ու կամավորական սկզբունքով իր օժանդակությունն է մատուցում ճարտարապետական ոլորտում: Եվ ահա, անզուգական բարերար Ալեք Մանուկյանի խնդրանքով, պարոն Սարաֆյանն իբրև խորհրդատու իր նպաստն է բերում Երևանում կառուցվող սրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի շինարարությանը /ճարտարապետ Ստեփան Քյուրքչյան/: Հովսեփ Սարաֆյանն այդ կերպ ծանոթանում է Հայաստանի ճարտարապետական յուրահատկություններին:
    Ներկայումս, աշխարհահռչակ ճարտարապետ Հ. Սարաֆյանն իր ժամանակի մեծ մասը տրամադրում է հայրենիքի բարեկարգման խնդիրներին, որն ունի երկու ուղղություն՝ օժանդակել կրթական, մշակութային, առողջապահական հաստատություններին` հատուկ ծրագրերի համար գտնելով ու տրամադրելով նյութական օժանդակություն. օգնել Հայաստանի ճարտարապետներին մասնագիտական հմտություններ ձեռք բերելու, իր ստացած գիտելիքներն ու փորձը նրանց փոխանցելու գործում:
    Հարկ է նշել, որ պարոն Սարաֆյանի օժանդակությամբ ֆինանսավորվել է Երևանի պետական համալսարանի մի քանի շենքերի վերանորոգումն ու նոր մասնաշենքի կառուցումը: Գնահատելի է Հայաստանի գյուղական համայնքների դպրոցների, մշակութային կենտրոնների և ջրամատակարարման ծրագրերի իրականացումը՝ Հայաստանի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Նրանց շնորհիվ գտնվել են ֆինանսներ Արագած լեռան վրա գտնվող արևային ժառագայթների հետազոտական հիմնարկի գիտնականների համար և նման շատ այլ բարեգործական ծրագրերի իրականացմանը:
    Հովսեփ Սարաֆյանի գերնպատակն է Հայաստանի ճարտարապետական դպրոցի մակարդակը հասցնել միջազգային չափանիշների և հիմնել ճարտարապետական մասնագիտական գրադարան, որտեղ հնարավոր կլինի ծանոթանալ հայկական ու միջազգային ճարտարապետությանը վերաբերող գրականությանը:
    Անվանի ճարտարապետը մի շարք կարևոր կազմակերպությունների պատվավոր անդամ է, ակադեմիկոս, իսկ օրեր առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հովսեփ Սարաֆյանին հանձնեց Կառավարության Պատվո շքանշան՝ ազգային բարեգործական  գործունեության համար:
    Հովսեֆ Սարաֆյանը  տիկնոջ /Նադյա Սարաֆյան/ հետ կրկին Հայաստանում է, որպեսզի միանան բազմահազար այն մարդկանց, ովքեր ժամանել են Հայաստան ոգեկոչելու, մասնակցելու, Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցի առիթով կազմակերպված միջոցառումներին:
    «Կամար» թերթը զրուցեց Սարաֆյան ամուսինների հետ և խնդրեց պատասխանել մի քանի հարցերի. ի՞նչ է Հայոց ցեղասպանությունն իրենց համար, ի՞նչ պարտավորություններ ունենք, և ապրիլի 24-ից հետո ի՞նչն է մեր գերխնդիրը:
    «Ցեղասպանության 100-րդ տարելիցը մեզ համար, կարծեք, հոգեհանգստի պաշտոն է: Մենք կոգեկոչենք մեր կորցրած պապերի հիշատակը, որոնք գերեզման իսկ չունեն և կսկիծով կխոնարհվենք նրանց հիշատակի առջև: Մենք պետք է ամբողջ աշխարհին հիշեցնենք, թե ինչպես է քաղաքակիրթ հայ ազգը անմարդկային կերպով բնաջնջվել և դեռ այդ ոխը շարունակվում է: Պետք է, որ այս անմարդկային ոճիրը գործող երկիրը պատժվի, որպեսզի հնարավոր լինի ապագայում նման ցեղասպանությունները կանխվեն: Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման առիթով կազմակերպված բոլոր  ձեռնարկները գնահատելի էին, բայց շատ կարևոր թեմայի պակաս զգացի. հայ ինքնությունը և հայրենիքը պահելու, հայ ազգը /սփյուռքում և հայրենիքում/ միացնելու մարտահրավերի պակաս կա: Ապագան կերտելու մասին պետք է մտածենք: Անցյալից սովորելու դասեր քաղելու շատ բան ունենք: Պատմաբանները պետք է ուսումնասիրեն և մեզ տեղեկացնեն, թե ինչ սխալներ ենք գործել, որպեսզի նույնը չկրկնենք, արդյո՞ք թուրքին մեր հավատալն էր սխալ, թե իբր հայ միասնականությամբ աշխատելու պակասն էր, և կամ շատ այլ սխալներ…
    Այլևս լացով, ողբալով չէ, որ ապագան պիտի կերտենք: 2016-ը մի նոր սկիզբ պետք է լինի հայ ազգի համար»:


                                                                                Մարիետա Մակարյան
04.05.2015

Հայոց ցեղասպանության ոգեկոչման երեկո՝

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում


    Ապրիլի  21-ի` երեկոյան, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի պուրակը լուսավորվել էր 100 անմոռուկի խորհդանշական լույսով:  Տարիների լռությունից հետո կրկին պետք է հնչեին կոմպոզիտորի այն երկու ստեղծագործությունները, որոնք հեղինակի արձագանքն էին 20-րդ դարասկզբին կատարված ցեղասպանությանը: Ապրելով հայրենիքից հեռու` որպես ճշմարիտ արվեստագետ, խորապես մտահոգված լինելով արևմտահայության ճակատագրով՝ կոմպոզիտորն իր զգացմունքներն ու հույզերն արտահայտեց  «Առ Հայաստան» (խոսք՝ Հովհաննես Հովհաննիսյանի)  և  «Այնտե՜ղ,  այնտե՜ղ,  դեպ վեհ այն դաշտը» (ըստ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի) ստեղծագործություններում:
    100 տարի անց դրանք կրկին իրենց բողոքի, ազատության կանչով՝ որպես արձագանք կատարված ոճրագործության դեմ, բայցև ազգի հարատևման տենչով՝ իրենց անսպառ ձայնը հնչեցրին կոմպոզիտորի երազանքների օրրանում:
    Այս` հասարակությանը գրեթե անհայտ ստեղծագործությունները մատուցվեցին նոր թարմությամբ ու նոր շնչով:
  «Առ Հայաստան» կոնցերտային արիան՝ ձայնի և սիմֆոնիկ նվագախմբի համար, կոմպոզիտորը գրել է 1915թ.՝ ըստ Հ. Հովհաննիսյանի համանուն բանաստեղծության (ռուսերեն թարգմ.՝ Կ. Բալմոնտի): Այն ներկայացնում է ոչ միայն ժողովրդի դաժան ճակատագիրը, այլև՝ լավատեսական հավատն ու համոզվածությունը, որ չի մեռնի ազգը հայոց, այլ կապրի իր ոգեղեն զորությամբ ու կհարատևի: Ստեղծագործությունն առաջին անգամ հնչել է 1916թ.  Յալթայում: Ապրիլյան երեկոյին այն հնչեց անզուգական մեցցո-սոպրանո Նարինե Անանիկյանի կատարմամբ՝  ունկնդրին փոխանցելով այն ցավն ու ցասումը, բայց նաև այն մեծ հույսը, որ ապրել է կոմպոզիտորն այս ստեղծագործությունը արարելիս:
    «Այնտե՜ղ, այնտե՜ղ,  դեպ վեհ այն դաշտը» կանտատը տենորի և սիմֆոնիկ նվագախմբի համար՝ ըստ Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի, կոմպոզիտորը գրել է 1910-1914 թթ.  և բազմիցս փոփոխել խորագիրը՝  «Հերոսի հիշատակին», «Աղասու գերեզմանը»,  «Հերոսի հետքերով»,  «Մոռացված շիրիմներ»,  «Հայ զորականի երգը» և վերջապես  «Այնտե՜ղ,  այնտե՜ղ,  դեպ վեհ այն դաշտը»: Երկի տպագրությունը համընկավ Արևմտյան Հայաստանում հայերի կոտորածի և Առաջին համաշխարհային պատերազմի հետ: Կոմպոզիտորի ցանկությունն էր, որպեսզի նոտայի շապիկը նկարազարդվի հայ նկարչի կողմից:  Այն իրականացրեց գեղանկարիչ Մ. Սարյանը: Նոտայի վաճառքից ստացված ողջ հասույթը կոմպոզիտորը տրամադրեց Մոսկվայի Հայկական կոմիտեին՝ արևմտահայերին օգնություն ցուցաբերելու համար:
    Առաջին անգամ ստեղծագործությունը հնչել է 1915 թ. Մոսկվայի «էրմիտաժ» թատրոնում: Հայաստանում այն հնչել է 1926 թ.՝ կոմպոզիտորի ստեղծագործական գործունեության  25-ամյակին նվիրված սիմֆոնիկ համերգին:
Եվ ահա այս ստեղծագործությունը կրկին հնչեց այս անգամ արդեն հաղթանակած ժողովրդի զավակի շուրթերից: Երիտասարդ տենոր Տիգրան Օհանյանի հզոր ձայնի ելևէջները անմոռուկների լույսով     երկինք բարձրացան՝ ոգեկոչելու նախնյաց հիշատակը: Համերգը ղեկավարեց դիրիժոր Հարություն Արզումանյանը:
    Բացառիկ ցուցադրությամբ ներկայացված էին հարյուրամյա այս ստեղծագործությունների վկաները՝  ձեռագրերն ու առաջին հրատարակությունները:
    Երեկոյի ավարտն ազդարարեցին վառվող լապտերները, որոնք երիտասարդների ձեռքով երկինք բարձրացան՝ իբրև հայ ժողովրդի հարատևման խոհրդանիշ:

   



Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարան
30.04.2015


Հարգանքի տուրք` Հայոց ցեղասպանության
անմեղ զոհերի հիշատակին

    Ապրիլի 23-ին «Գյումրու թիվ 37 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցչակազմը` տնօրեն Աստղիկ Ավետիսյանի նախաձեռնությամբ, հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
    Ճիշտ է, այդ օրը Գյումրիում տեղում էր առատ ձյուն, որը չխոչընդոտեց ուխտագնացությանը` նվիրված Հայոց եղեռնի 100-րդ տարելիցին:
    Սա ևս մեկ քայլ է` ոգեկոչելու անմեղ զոհերի հիշատակը և փաստելու, որ հիշում ենք, հիշո՛ւմ ու պահանջո՛ւմ: Եվ յուրաքանչյուրիս սուրբ պարտքն է՝ հավերժ հիշել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, աղոթել 1.5 միլիոն նահատակված անմեղ զոհերի հոգու հանգստության համար: Կրելով օրվա խորհուրդը` դպրոցի ուսուցչակազմն այցելեց հուշահամալիր, իսկ երեկոյան, ժամը` 20:00-ին, մասնակցեց դպրոցի տարածքում կազմակերպված մոմավառությանը:

   



«Գյումրու թիվ 37 ավագ դպրոց» ՊՈԱԿ
28.04.2015


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

նվիրված «Վերածնունդ» համերգ-ակցիա


    Հայոց մեծ եղեռնի 100-րդ  տարելիցին նվիրված  համաշխարհային՝ 24/04 սիմֆոնիկ նվագախմբի «Վերածնունդ» համերգ-ակցիան, որն ի սկզբանե  նախատեսված էր Հանրապետության հրապարակում, սակայն հորդառատ անձրևի պատճառով համերգը տեղափոխվեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի  ազգային ակադեմիական թատրոն:
    Աշխարհի 43 երկրներից 100 երաժիշտ հանդես եկավ միացյալ նվագախմբով:
    Համերգին ելույթ ունեցան Արգենտինայի, Ավստրալիայի, Բրազիլիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Բոլիվիայի, Սերբիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների նվագախմբերի լավագույն երաժիշտները:
    Համաշխարհային 24/04 նվագախումբը ներկայացրեց սիմֆոնիկ ստեղծագործություններ՝ գրված վերջին 100 տարիների ընթացքում, Հայոց ցեղասպանության հետ կապված չորս կարևորագույն թեմաներով՝ հիշողություն, երախտագիտություն, միջազգային պայքար, վերածնունդ:
  
Բացառիկ, անկրկնելի համերգի դիրիժորներն էին Միխայիլ Յուրովսկին /Ռուսաստան/, Ջանլուկա Մարչիանոն /Իտալիա/, Հովհաննես Չեքիջյանը և Սերգեյ Սմբատյանը /Հայաստան/: Համերգին մասնակցում էին Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը /գեղ.ղեկ. Հովհ. Չեքիջյան/ և մենակատարներ, աշխարհահռչակ երաժիշտներ, երգիչներ Մարիա Գուլեգինան, Գևորգ Հակոբյանը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, ջութակահար Սերգեյ Խաչատրյանը և դուդուկահար Ջիվան Գասպարյանը:
    Հայ նշանավոր կոմպոզիտորների դասական ստեղծագործությունների հատվածներից ձևավորված համերգային ծրագրում բացառիկ վավերագրական տեսաշարերով ներկայացվում էր Հայոց ցեղասպանության հակիրճ տարեգրությունն ու վերածնունդը:  Խտացված անդրադարձ էր արվում հայոց բնօրրան Արևմտյան Հայաստանի շեն քաղաքներին ու գյուղերին, մշակութային կյանքին /երգչախմբեր, վարժարաններ, թատրոններ/, ջարդերի սահմռկեցուցիչ պատկերներին, տեղահանություններին ու գաղթին, հայերի ինքնապաշտպանություններին ու հերոսամարտերին, 1918 թվականին ստեղծված Հայաստանի առաջին հանրապետությանը:
    Հիշատակվեցին նաև օտարազգի բազմաթիվ հումանիստ միսիոներների գործունեությունը, Սովետական Հայաստանն իր ձեռքբերումներով, աքսորներով ու Երկրորդ աշխարհամարտով:     Վավերագրական տեսաշարերն ավարտվեցին` ներկայացնելով Հայաստանի այսօրն իր պետականությամբ, նվաճումներով, բանակով, անհատականություններով, իր հիշողությամբ ու պահանջով:
    Համերգ-ակցիայի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Գաբրիել Երանյանի, Արամ Խաչատրյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Մակար Եկմալյանի, Ալան Հովհաննեսի, Ավետ Տերտերյանի, Էդուարդ Միրզոյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:
    Համաշխարհային սիմֆոնիկ բացառիկ համերգն անջնջելի տպավորություն թողեց ներկաների վրա և եզրափակվեց հանդիսատեսի հոտնկայս, երկարատև ծափերով ու բացականչություններով:


   Մարիետա Մակարյան
27.04.2015


Հայոց ցեղասպանության թեման`

Լոնդոնի գրքի ցուցահանդեսում


    Լոնդոնի գրքի տոնավաճառը հիմնադրվել է 1971 թվականին և 44 տարիների ընթացքում, իրավամբ, ձեռք բերել «Եվրոպական հրատարակիչների Մեքքա» անվանումը: Համաշխարհային հրատարակչական համայնքի հեղինակավոր այս հարթակը համարվում է նաև տարբեր մշակույթների հանդիպման վայր` հնարավոր բոլոր դրսևորումներով:
    Լոնդոնի գրքի տոնավաճառը 2015 թվականին անցկացվում էր ապրիլի 14-16-ը, «Օլիմպիա» ցուցահանդեսային կենտրոնում: Այս տարի տոնավաճառի այցելուները հանդիպեցին գրքի և հրատարակչական գործի, ավելի քան 25.000 մասնագետների` գրողների, թարգմանիչների, հրատարակիչների, գրավաճառների, գրադարանային ոլորտի մասնագետների, գրքի գործակալների` աշխարհի 120 երկրից: Տոնավաճառի մասնակիցները հնարավորություն ունեցան շփվել հեղինակների հետ և առաջին ձեռքից ծանոթանալ հրատարակչական գործի ամենավերջին միտումներին: Լոնդոնի գրքի ցուցահանդեսի հիմնական առավելություններից մեկն այն էր, որ այստեղ ցուցադրված գրքերը ներկայացված էին մասնագիտական թեմատիկ բաժիններով, որոնցից են` գիտական-ակադեմիական, արվեստի, ճարտարապետության և դիզայնի, գեղարվեստական, պատմական, մանկապատանեկան և երիտասարդական, տեխնիկական, բնագիտական գրականության, անգլերենի ուսուցման և գրահրատարակչական գործի մեթոդական ձեռնարկներ, քարտեզներ, զբոսաշրջային ուղեցույցներ և այլն:
    Հայաստանի Հանրապետությունն այս հեղինակավոր միջազգային հարթակին մասնակցում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ:
    Ցուցահանդեսում ներկայացված էին վերջին տարիներին, ինչպես պետական պատվերով ու աջակցությամբ, այնպես էլ մասնավոր հրատարակչությունների նախաձեռնությամբ հրատարակված շուրջ 300 անուն գիրք` Հայաստանից և արտերկրից: Գեղարվեստական, պատմական, արվեստաբանական, գիտահանրամատչելի, մանկական գրականությունն ու արժեքավոր պատկերագրքերն այստեղ ներկայացվել են հայերենով, անգլերենով, ֆրանսերենով, ռուսերենով: Առանձին բաժին էր հատկացված Հայոց ցեղասպանության թեման արծարծող գրականությանը:
Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը տեղի է ունեցել ապրիլի 14-ին, ժամը 17:00-ին: Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը և ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը: Նախարարի տեղակալը, մասնավորապես նշել է, որ Հայաստանը վերջին տարիներին ակտիվորեն է մասնակցում Լոնդոնի գրքի տոնավաճառին: 2015 թվականին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, հեղինակավոր այս հարթակում Հայաստանը ներկայացել է Հայոց ցեղասպանության թեման բարձրաձայնող արժեքավոր հրատարակություններով, գրքերի շնորհանդեսներով և թեմատիկ այլ միջոցառումներով:
    Բացման արարողության շրջանակում հոլանդացի բանաստեղծ, լրագրող, կինոքննադատ Սերժ վան Դայնհովեն, ով «Գրական տապան» փառատոնի շրջանակում  այցելել էր Հայաստան, ներկայացրել է հայաստանյան թեմայով իր ստեղծագործություններից հատվածներ: Նրա խոսքով. «Սարսափներին վերաբերվելու հայկական ձևը ամենախորհունն ու խորն է: Հայերի պատասխանը շատ է տարբերվում դաժանության տկար մեթոդներից և իրենց դեմ սանձազերծված արնախմությունից: Հայերը բացառիկ զուսպ են և օժտված են ամեն գնով մարդկային, գթասիրտ ու խոնարհ մնալու կարողությամբ»:
    Ապրիլի 14-16-ը տաղավարում կազմակերպվել են Հայոց ցեղասպանության թեմայով գրված և վերջերս հրատարակված մի շարք գրքերի ընթերցումներ, շնորհանդեսներ՝  հեղինակների մասնակցությամբ:
    Կիպրոսում ծնված, Անգլիայում կրթություն ստացած գրող Նուրիցա Մաթոսյանը ներկայացրել է իր «Սև հրեշտակ. Արշիլ Գորկու կյանքը» կենսագրական գիրքը: «Արշիլ Գորկու մասին պատմող գիրքս լույս է տեսել 1998 թվականին և մեծ արձագանք ունեցել, որից հետո հրատարակվել է ևս երկու անգամ և թարգմանվել մի քանի լեզուներով: Նպատակս է աշխարհին ցույց տալ, որ Պիկասոյի կողքին կա նաև հայկական ծագումով մեծություն` Արշիլ Գորկին, ում ստեղծագործություններն ամբողջությամբ տոգորված են հայկական շնչով: Ուսումնասիրելով նրա կյանքը ես իմացա, որ մեծ նկարիչը նաև քաջարի մարտիկ էր, և դեռևս 13 տարեկանում մասնակցել է Վանի պաշտպանական մարտերին»:
Կայացել է Վասիլի Գրոսմանի «Հայկական ալբոմ» գրքի շնորհանդեսը, որը ներկայացրել է թարգմանիչ Ռոբերտ Չանդլերը: Գիրքը պատմում է Գրոսմանի՝ Խորհրդային տարիներին Հայաստանում անցկացրած ամիսների  տպավորությունների մասին:
    Ապրիլի 15-ին տեղի է ունեցել Ջորջ Ջերջյանի «Լուսաբաց մեկ դար անց» գրքի և ֆիլմի ներկայացումը: Այս վավերագրական ֆիլմը պատմում է գրող Ջորջ Ջերջյանի «Լուսաբաց մեկ դար անց» գրքի մասին: Գրքում ներկայացված է իր պապի կողմից արված հայրենի քաղաքի և քոլեջի լուսանկարների հավաքածուն: Հեղինակի պապը` Գրիգոր Ջերջյանը, 1900 թվականից մինչև 1907 թվականն իր հայրենի քաղաք Արաբկիրի և Էրզրումի շուրջ 240 լուսանկար է արել, որոնցից պահպանվել է միայն 100-ը: Այս լուսանկարներն արտացոլում են հայ ժողովրդի կյանքը: Ավելի քան մեկ դար լուսանկարները պահվել են մոխրագույն պողպատե արկղի մեջ, որը Արաբկիրից տեղափոխվել է Ալեքսանդրիա (Եգիպտոս), որտեղ այն մնացել է շուրջ 50 տարի: Ժառանգների հետ այդ արկղը տեղափոխվել է Խարթում (Սուդան), մնացել 20 տարի, ապա Լոնդոն (Անգլիա)` 30 տարի և հետո Վաշինգտոն՝ շուրջ 10 տարի: Այժմ, մեկդարյա խավարից հետո, այդ լուսանկարները լույս տեսան:
    Այնուհետև, գրող Դագլաս Քալաջյանը ներկայացրել է «Հայրիկիս պատմությունները, որոնք երբեք չէին ավարտվում» գիրքը. «Հայրս երկար տարիներ լռում էր իր վշտի մասին, իսկ երբ սկսեց պատմել, ապա այդ պատմություններն ընդմիջվում էին երկար ու ծանր դադարներով: Հորս լռությունը` ծանր լռության տարիներ էին»: Գրքում հեղինակը ներկայացնում է եղեռնից մազապուրծ իր հոր` Նշանի դառը մանկությունը, կյանքը և հակադրում իր անհոգ, խաղաղ մանկությանը: Գրողի խոսքով, ինքը փորձել է մեկ պատմության մեջ միացնել երկու տարբեր աշխարհներ: Գիրքը հրատարակվել է 2014 թվականին, ԱՄՆ-ում:
    Ապրիլի 15-ին, ժամը 18:30-ին, Լոնդոնի հեղինակավոր Բրիտանական ակադեմիայում տեղի է ունեցել նաև Ջեֆրի Ռոբերթսոնի «Անհարմար ցեղասպանություն. ո՞վ է հիմա հիշում հայերին» գրքի շնորհանդեսը: Միջազգային իրավունքի հանրահայտ մասնագետն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրներին և պատմական փաստի ճանաչման անհրաժեշտությանը: Հեղինակը՝ ներկաներին պատմել է նաև գրքի ստեղծման դրդապատճառների մասին, մասնագիտական գնահատական տալով Հայոց ցեղասպանությանը։ Իր ելույթից հետո հեղինակը պատասխանել է ներկաների հարցերին:
    Ապրիլի 16-ին կայացել է Ռուբինա Սևաջեանի «Սուլթանի ստվերի տակ», Ջոնաթան Թեյլորի «Հյուրընկալում օտարներին»` Հայոց ցեղասպանության թեման արծարծող գրքերի ներկայացումը` հեղինակների կողմից:
    Տոնավաճառի օրերին տաղավար են այցելել օտարազգի գրողներ, գրական գործակալներ, հրատարակիչներ, մտավորականներ, օտարագիր հայ գրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլոք:
    Այս տարի ՀՀ մշակույթի նախարարության և Հայ գրականության հիմնադրամի համագործակցությամբ մեկնարկել է նպատակային թարգմանություններին աջակցելու ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է աջակցել արտերկրի այն հրատարակչություններին, որոնք կթարգմանեն և լույս կընծայեն Հայոց ցեղասպանությանը նվիրված գեղարվեստական և հանրամատչելի գրականություն: Լոնդոնի գրքի միջազգային ցուցահանդեսի ողջ ընթացքում ծրագրի ներկայացման նպատակով մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել արտերկրի հրատարակչությունների ներկայացուցիչների և գրական գործակալների հետ:    

ՀՀ մշակույթի նախարարության
հասարակայնության հետ կապերի բաժին
27.04.2015



Լեհաստանի Սոպոտ քաղաքում բացվեց Հայոց

ցեղասպանության 100-րդ տարելիցին

նվիրված ցուցահանդես


    Հայաստանի ազգային պատկերասրահը և Լեհաստանի պատկերասրահների ասոցիացիան արդեն մի քանի տարի է սերտ համագործակցում են: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, այդ համագործակցության շրջանակներում,   ազգային պատկերասրահներում արդեն կազմակերպվել են մի քանի ցուցահանդեսներ՝ Այվազովսկու, Աքսենտովիչի, Մացեյ Սվիշևսկու, Գեորգի Յակուլովի և այլն:
    Ինչպես տեղեկացանք Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանից, ապրիլի 9-ից մայիսի 9-ը Լեհաստանի Սոպոտ քաղաքի պատկերասրահում բացվել է ՀՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Փարավոն Միրզոյանի 55 գեղանկարչական աշխատանքների ցուցադրությունը՝ նվիրված Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին, որոնք նկարիչը վրձնել է վերջին 15 տարիներին:
    Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա են եղել Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ղազարյանը, քաղաքապետն ու այլ պաշտոնյաներ, մտավորականներ:
<<Իմ այս ցուցահանդեսը, 100-ամյակի վերածնունդն էր, և կրում է <<Հայկական սիմֆոնիա>> խորագիրը: Ես ցանկացա այդ ցուցահանդեսով ցույց տալ, թե հայ ժողովուրդն ինչպիսին է այդ դաժան արհավիրքից հետո, ինչպես է կարողացել փյունիկ թռչնի պես վեր հառնել մոխիրներից ու աշխարհին ներկայացել իր ապագայով՝ նորովի վերածնված>>,-ասաց Փարավոն Միրզոյանը <<Կամար>>-ի հետ զրույցի ընթացքում:


  
                                                                                Մարիետա Մակարյան
22.04.2015



<<Գրական տապան-ապրիլ>>

    Ապրիլի 21-ին Երևանի պետական կամերային թատրոնում  «Գրական տապան. ապրիլ» միջազգային փառատոնի հանդիսավոր բացումն էր, որի ընթացքում փառատոնի  հայ և օտարազգի մասնակիցները ընթերցեցին Ցեղասպանությանը զոհ գնացած գրողներ Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի, Արտաշես Հարությունյանի, Ինտրայի, Գրիգոր Եսայանի, Իսրայել Տխրունու, Արմեն Դորյանի, Մառի Պայլերյանի և Տոնապետ Լյուլեճյանի ստեղծագործություններից: Եղեռնազոհ գրողների բանաստեղծությունները հնչեցին Պետական կամերային նվագախմբի լարային քառյակի և դուդուկի նվագակցությամբ:
    <<Գրական տապան>> փառատոնի համակարգող Դավիթ Մաթևոսյանը խոսեց «Գրական տապան. ապրիլ»-ի առանձնահատկության մասին, այն մասին, որ <<տխուր հոբելյանին նվիրված փառատոնն անցկացվում է մի փոքր այլ կերպ, և խոսքն հնչելու է հանուն կյանքի>>:
    ՀՀ մշակույթի նախարարի տեղեկալ Ներսես Տեր-Վարդանյանը,  ողջունելով Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին և ներկաներին, հիշեցրեց, որ այս տարին խորհրդանշական է, քանի որ <Գրական տապանի>> աշնանային օրացույցից զատ այս տարի ունեն «Գրական տապան. ապրիլ»-ը: Փոխնախարարի խոսքով, <<քանի որ գրականությունը, որպես գործիք, յուրահատուկ գործառույթ ունի, հարյուր տարի անց նպատակ ունենք ոչ միայն հիշել ու խոսել ընդհանուր ցավի մասին, այլև հնարավորություն տալ տեսնելու և առնչվելու մեր ազգի մշակութային ժառանգությանը>>: Հյուրերը, Ներսես Տեր-Վարդանյանի խոսքով, հնարավորություն կունենան վայելելու Հայաստանը և հրաշալի եղանակը, ինչպես նաև պարզ տեսնելու Արարատի գագաթը:
    Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը ներկայացրեց <<եղեռնազոհ գրողներ>> կոնցեպցիան.<<Ցեղասպանության մասշտաբներն այնքան ահռելի են, որ բազմաթիվ հարցեր մեզ համար ամեն անգամ են բացվում: Պարզեցինք, որ եղեռնազոհ քիչ գրողների անուններ են  այս տարիներին շրջանառվել, և Աշոտ Գաբրիելյանի հետ  31 գրողների անթոլագիա կազմեցինք, որոնցից տասի ստեղծագործությունները կհնչեն այսօր: Թեև այդ գործերը գեղարվեստական առումով միարժեք չեն, սակայն ցույց են տալիս, թե գրական-մշակութային ինչպիսի մեծ շարժում է գլխատվել ու ընդհատվել: Կունենաք բացահայտումներ>>:
    Հուսիկ Արան, Հերմինե Նավասարդյանը, Խաչիկ Մանուկյանը, Ղուկաս Սիրունյանը, Էդուարդ Հարենցը, Աշոտ Գաբրիելյանը, Թադևոս Տոնոյանը, Սագօ Արեանը, Կարինե Աշուղյանը հանդիսականի համար կարդացին հայ պոետների ստեղծագործություններից:  Հյուր գրողները` Լյուբիցա Միլետիչը (բանաստեղծուհի, Սերբիա), Ալան Ուայթհորնը (բանաստեղծ, քաղաքագետ, Կանադա), Մարսելա Փոլեյնը (բանաստեղծուհի, արձակագիր, Ավստրիա), Մելինե Թումանին (գրող, լրագրող, ԱՄՆ), Սերժ Վենտուրինին (բանաստեղծ, թարգմանիչ, Ֆրանսիա), Դանան Ուոլրըթը (գրող, գիտնական, ԱՄՆ) նույն ստեղծագործությունները կարդացին իրենց մայրենի լեզվով:
    Գրվելուց մեկ դար անց պոետական այդ տողերը հնչում էին իբրև ողբերգական  կանխազգացում: Հերմինե Նավասարդյանը կարդաց Ինտրայի բանաստեղծությունը.<<Եվ դուք միայն գիտեք վախճանն այս թշվառ>>, Հուսիկ Արան՝ Արտաշես Հարությունյան.<< Կանրջեմ անշարժություն և զմայլություն>>>,  Խաչիկ Մանուկյանը՝ Սիամանթո.<<Այս մահաշուք առավոտը կիրակի էր>> …


    Նարեկացու մեդալ` Սերժ Վենտուրինիին

    Դավիթ Մաթևոսյանը հատուկ նպատակով բեմ հրավիրեց <<տապանի հիմնադիրներից>>  գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանին:
    <<Յուրաքանչյուր մեծ գրող մեզ տանում է դեպի իր ժողովուրդը, յուրաքանչյուր մեծ պոետ մեզ տանում է դեպի մարդ: Այսօր հնչեցին պոետական ձայներ, որոնք ողբերգականորեն կտրվեցին: Այսօրվա ընթերցումերով այդ ձայները եկան Հայաստան, Հայաստանից էլ՝ աշխարհ: Քանի որ խոսքը թարգմանության և պոեզիայի մասին է, և մեդալ շնորհելու մասին, գնահատենք մեր գրականության հին ու լավ բարեկամին, հայ պոեզիայի նվիրյալ թարգմանին, բանաստեղծ Սերժ Վենտուրինիին և իր հրաշալի տիկին Էլիզաբեթ Մուրադյանին: Նրանք  ֆրանսերեն են թարգմանել Սայաթ –Նովայի տաղերը, Քուչակ, Չարենց, ինչպես նաև <<Ժամանակակից հայ պատմվածքի անթոլոգիա>>-ն: Իսկ թե ինչպես է նա գրել այդ գրքի վերջաբանը, ես քիչ գրքերում եմ տեսել գրողի և ստեղծագործության այսպիսի հետաքրքիր ընկալում>>,- ասաց Դավիթ Մուրադյանը:
    Իր իսկ խոսքով՝ <<Գրական տապանի վետերան>> Դավիթ Մուրադյանը Սերժ Վենտուրինիին Մշակույթի նախարարության <<Գրիգոր Մարեկացի>> մեդալ շնորհելուց առաջ հիշեցրեց օրեր առաջ հպարտություն ներշնչող փաստը՝ Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետի կոչում տալը` ասելով, որ <<այսպիսի իրադարձություններից հետո առաջինը Նարեկացու մեդալ շնորհվում է Սերժ Վենտուրինիին>>:
    <<Շնորհակալ եմ, շատ մեծ պատիվ է իմ և ընտանիքիս համար: Սայաթ-Նովայի թարգմանությունից հետո, որը Եվրոպայում առաջին անմիջական թարգմանությունն է, վեր ենք մագլցում «Չարենց լեռան» գագաթը:  Աշնանը <<Երկիր Նաիրին>> կներկայացնենք եվրոպացի ընթերցողին: Շնորհակալություն Չարենցին, Քուչակին>>:
    Ֆրանսիացի բանաստեղծը հայ գրողների հետ ընթերցումների ժամանակ կկարդա հատվածներ չարենցյան  թարգմանություններից։
Մարսելա Փոլեյնը «Գրական տապանին» կներկայացնի իր «Աշխարհի եզրը» վեպը Մելինե Թումանին՝ «Եղել է և չի եղել»; Դանա Ուոլրըթը կներկայացնի իր «Ինչպես ջուրը և քարը» գիրքը, որտեղ պոեզիայի լեզվով ներկայացված է Հայոց ցեղասպանությունը: Հարրի Ցիթենը կներկայացնի 1915-ի Մեծ եղեռնի զոհ դարձած արևմտահայ գրողների ստեղծագործությունների «Ափ մը մոխիր» ժողովածուն, որտեղ ընդգրկված են Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի, Երուխանի, Գրիգոր Զոհրապի, Ռուբեն Զարդարյանի և այլ գրողների ստեղծագործություններ։ Մարկ Մորտեն  կպատմի  <<Արարատի զավակները>>  վեպի հրատարակման դժվարությունների մասին: Գիրքն աշնանը կթարգմանվի և կհրատարակվի հայերեն։  Բերնար Վերբերը կներկայացնի հայերեն թարգմանված պատմվածքների ժողովածուն: Թոմաս Հարթվիգը թարգմանչի հետ կընթերցի հատվածներ իր «Հայուհին»  վեպից, որի հերոսը գերմանացի գրող Արմին Վեգներն է։     «Հայուհին» այժմ թարգմանվում է հայերեն: Մարկ Մուստյանը վերջերս է բացահայտել իր հայկական ծագումը։ Նրա «Ժանդարմը» գիրքը հրատարակվել է 9-ը լեզվով։ Գրքի՝ պետական աջակցությամբ իրականացված հայերեն թարգմանության շնորհանդեսը տեղի կունենա փառատոնի օրերին։
    «Գրական տապան. ապրիլ» փառատոնը և Հայաստանը այսպիսով միանում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաշխարհային գրական ընթերցումներին, որոնք նախաձեռնել են Բեռլինի պոեզիայի փառատոնը և Գերմանիայի «Լեփսիուսի տուն» կենտրոնը:


Գայանե Մկրտչյան
22.04.2015



ԱՄՆ-ի Փասադենա նահանգում բացվել է Հայոց
ցեղասպանության զոհերի հիշատակը
հավերժացնող հուշարձան


    Փասադենայում /ԱՄՆ/ բացվել է Հայոց ցեղասպանության 1.5 մլն հայերի հիշատակը հավերժացնող հուշարձան: Հուշարձանի բացումը ծրագրվել էր 3 տարի առաջ։ Նախագծի հեղինակը ուսանող դիզայներ Քեթրին Մենարդն է։ Հուշարձանի բացմանը մասնակցել են Փասադենայի Հայոց ցեղասպանության հանձնախմբի խորհրդի անդամներ, տարածաշրջանի պաշտոնյաներ, հայ հոգևոր դասի ներկայացուցիչներ, համայնքի ավելի քան 1500 անդամ։
    «Դժվար է մեզ համար հասկանալ, ընկալել 1.5 մլն. մարդկանց մահը։ Այդուհանդերձ, մենք բոլորս ունենք պատասխանատվություն՝ համոզվելու, որ բոլորը տեղյակ են մարդկության պատմության այդ ողբերգական և վարկաբեկող իրադարձությանը,- ասել է քաղաքապետ Բիլ Բոգարդը: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ նման դեպքերն ապագայում չկրկնվեն»։
Հուշարձանը բաղկացած է մետաղյա եռոտանի կախաղանից, որը հիշեցնում է 1915 թվականին թուրքերի կողմից կանգնեցված կախաղանները, որոնցից կախել են հայ մտավորականներին։     Յուրաքանչյուր 21 վայրկյանը մեկ եռոտանու գագաթից մեկ կաթիլ ջուր է թափվում։ Այնպես է հաշվարկված, որ մեկ տարվա ընթացքում ներքևում գտնվող ավազանը կթափվի 1.5 մլն կաթիլ ջուր։
    Հինգ մետր բարձրությամբ հուշարձանը խորհրդանշում է հայ ժողովրդի ուժն ու անկոտրում հույսը:

Գոհար Աբրահամյան
22.04.2015

Երաժշտական ուղերձ Եվրոպային` ի հիշատակ

 Ցեղասպանության նահատակների


    Եվրոպական  չորս  հանրահայտ  համերգային   դահլիճներում` <<Տամպերե  Տալո>> համերգասրահում, Դանիայի  ռադիոյի դահլիճում, Օլբորգի Մյուզիքենս Հաուսում  և Օսլոյի արքայական` Դոմհիրկե  տաճարում  ապրիլի  10-15-ը  տեղի  ունեցավ  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ  նվագախմբի  հիշատակի   համերգաշարը` նվիրված  Հայոց  ցեղասպանության մեկդարյա   տարելիցին: Այս  համերգաշարը   նախապատրաստվել  է գրեթե  երկու   տարի` Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող  պետական հանձնաժողովի, Մշակույթի  նախարարության, Նորվեգիայում ու Դանիայում Հայաստանի դեսպանության  աջակցությամբ  և   դանիական  <<Նորդիք արտիստս մենեջմենթ>> գործակալության   ջանքերով: Այժմ   երկամյա   ջանադիր   աշխատանքից հետո  ՀԱՖՆ-ն  իսկական մշակութային շքահանդես  ունեցավ  սկանդինավյան երկրներում՝  ոչ միայն  եվրոպացի  երաժշտասերներին հիացնելով  հայկական ազգային   երաժշտական տաղանդով, այլև մեկ անգամ ևս ապացուցելով, որ  ի հեճուկս   թուրքական  ժխտողականության՝ հայ ժողովուրդը  հարատևության իր իրավունքը  հաստատում է, նախևառաջ,  իր հզոր ստեղծագործական ներուժով: Ազգային  ֆիլհարմոնիկի առաջին համերգային ծրագիրը      Ֆինլանդիայի Տամպերե  քաղաքի   հայտնի համերգասրահում էր՝ <<Տամպերե  Տալոյում>>: Այդ  փառահեղ համերգասրահն այսօր   Հյուսիսային Եվրոպայի  ամենամեծ   բեմերից մեկն  է: ՀԱՖՆ-ի  անունն  ու  գերհագեցած համերգային  ծրագիրը  Տամպերե  Տալո սրահ   էին  բերել   Ֆինլանդիայի  քաղաքական, օրենսդիր ու մշակութային վերնախավի   հայտնի  ներկայացուցիչների:
 Տամպերեում հայաստանյան նվագախումբն  իր  համերգային ծրագրում ներառել  էր Արամ  Խաչատրյանի սյուիտը ՝ «Սպարտակ»  բալետից  և  Պյոտոր  Չայկովսկու 6-րդ սիմֆոնիան: Հատուկ  հիշատակի  համերգաշարին մասնակցելու նպատակով Գերմանիայից Ֆինլանդիա  էր ժամանել  Եվրոպայի  ամենահայտնի    ջութակահարուհիներից մեկը` Իզաբել Ֆաուստը:  Նրա  1704  թվականի  Ստրադիվարիուսի  ջութակը  ամբողջ  աշխարհում հայտնի է որպես  <<Քնած գեղեցկուհի>>: Այս  քնարական անունը  թանկարժեք  գործիքը ստացել է, որովհետև  գրեթե  150  տարի  ապրել   է  մոռացության մեջ՝ պահված  Գերմանիայի   հին  ու   ազնվական  գերդաստաններից մեկի նկուղում:
1990-ականների վերջերին   Իզաբելը հենց   այնտեղ է հայտնաբերել  բացառիկ հնչողություն ունեցող    ջութակն ու այն փրկել մոռացումից: Արդեն 20  տարուց ավելի է, որ հայտնի ջութակահարուհին ու  անզուգական ջութակն անբաժան են: Իզաբելը   հաճախ  է փաստում, որ    իր նրբազգաց գործիքը    դարձել է իր էության անբաժանելի մասը, իր 2-րդ եսն  ու  նաև՝ ձեռք է բերել իր   էությանը    հարազատ հատկանիշներ: Այժմ  հռչակավոր  գործիքն ու երաժիշտն   իրենց ուժերը համախմբել են՝   ևս մեկ անգամ հնչեցնելու համար հայոց արդար   պահանջատիրության ձայնը: Հայաստանի  ազգային նվագախմբի հետ  ջութակահարուհին համագործակցում է արդեն երկար տարիներ  և  բարձր    է  գնահատում  հայ երաժիշտների  կատարողական արվեստն  ու  վարպետությունը.«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ  նվագախմբի    հետ առաջին անգամը  չէ,  որ  աշխատում եմ: Մենք  միասին նվագել ենք  նաև Երևանում՝ Երևանյան միջազգային  երաժշտական փառատոնի  ծրագրում: Պետք է ասեմ, որ շատ   արագ ենք  միմյանց  հասկանում  և  դա բնական է, քանի  որ  երաժշտության լեզուն միավորում  է   բազմազգ կատարողների  և այստեղ որևէ  դեր  չեն  կարող ունենալ  լեզվական պատնեշները: Եվ  մենք   հատուկ   լեզվի կարիք չունենք, քանի որ հենց երաժշտությունն   է  այդ լեզուն»:
     ֆինլանդիայում   փայլուն հաջողությունից հետո  հայ երաժիշտների հաջորդ  կանգառը  Կոպենհագենի  լավագույն  համերգասրահներից մեկն  էր՝   Դանիայի ռադիոյի՝   DR  համերգասրահը, որն այսօր համարվում է Եվրոպայի  հեղինակավոր համերգասրահներից մեկը: Այս  դահլիճում   ֆիլհարմոնիկի  մենակատարն  էր  դաշնակահարուհի  Մարիաննա  Շիրինյանը՝  Էդվարդ Գրիգի «Դաշնամուրի կոնցերտով»: Համերգի ավարտին  դանիացի արվեստասերները  հոտնկայս  և անընդմեջ ծափահարություններով  նորից ու նորից բեմ  էին կանչում  ՀԱՖՆ  գեղարվեստական ղեկավար ու գլխավոր  դիրիժոր Էդուարդ   Թոփչյանին   ու   Մարիաննա  Շիրինյանին: <<Նորդիք արտիստս մենեջմենթ>>  գործակալության   ղեկվար  Յակոբ  Սոելբերգը, ով  2 տարի շարունակ  զբաղվել է  մեր նվագախմբի   համերգաշարով, նշում է, որ    վաղուց   արդեն ժամանակ  էր, որ Դանիայում  ծանոթանային  հայկական ազգային  երաժշտությանն   ու կատարողական արվեստին.«2  տարի առաջ  էր, որ որոշեցինք  կազմակերպել  այս հյուրախաղերը: 1,5  տարի առաջ  ես եկա  Հայաստան  ու  պարզեցի, որ  Հայաստանում  խիստ   հագեցած  երաժշտական կյանք  ունեք: Այնտեղ   ես  գտա  մի առաձնահատուկ  հնչողություն, որի կարիքը, իմ կարծիքով, մենք ունենք   Դանիայում: Կարծում եմ շատ լավ  գաղափար  էր Ձեր  նվագախմբի կատարմամբ  մեզ մոտ հնչեցնել  Խաչատրյանի   և Չայկովսկու ստեղծագործությունները, որոնցում  միախառնում են հայկական   երաժշտական   ավանդույթներն  ու ռուսական դպրոցի տարրերը: Եվ հիմա,  երբ  արդեն  իրականացել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ  նվագախմբի  հետ կապված  մեր   բոլոր  ծրագրերը, մենք  կրկին և նոր համերգաշարով  հրավիրեցինք  նվագախմբին Դանիա: Ինչ  վերաբերվում է  Դանիայում  առաջնահամերգին, ապա պետք է ասեմ, որ  չափազանց տպավորիչ  ու   հուզիչ համերգ  էր, մենք  և դուք   ունենք  Մարիաննա  Շիրինյանի կարգի դաշնակահարուհի, և  նաև  նա է  մեզ կապում: Հիմա   առավել ևս  հեշտ է շփվել երաժշտության միջոցով: Շնորհակալ եմ այս սքանչելի  համերգի համար»:
    Կոպենհագենից հետո    ՀԱՖՆ-ին հյուրընկալեցին արդեն   Օլբորգի Մյուզիքենս Հաուս   համերգսրահում և  կրկին  լեփ-լեցուն դահլիճ  ու չմարող  ծափողջյուններ: Սկանդինավյան համերգաշարի  եզրափակիչ համերգը տեղի ունեցավ  Նորվեգիայի մայրաքաղաքի  մայր տաճարում՝ Օսլոյի  թագավորական Դոմհիրկե  տաճարում: Այստեղ արդեն    Մարիաննա  Շիրինյանի   հետ  նվագախմբին միացան թավջութակահար  Ալեքսանդր Չաուշյանը՝ Մեծ Բրիտանիայից  և  Նորվեգիայի  կատարղական արվեստի  աստղը՝ ջութակահար Հեննինգ  Քրագերուդը: Համերգից առաջ  մայր տաճարում   Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման  արարողության ընթացքում  Դոմհիրկեի  կամարների ներքո  հնչում են Գրիգոր  Նարեկացու  և Ֆրիտյոֆ  Նանսենի անունները:
    Նախորդ դարասկզբի սարսափազդու  իրադարձությունների ընթացքում  նորվեգացի շատ միսիոներներ և  առաջին  հերթին, իհարկե,  Ֆիրտյոֆ Նանսենը  բարեկամության  և երախտագիտության կապերով կապեցին հայ   և նորվեգացի ժողովուրդներին: Եվ   հայերի   երախտապարտ  հիշողությունն   այսօր  էլ  շնորհակալությամբ է  նշում  Նանսենի, Բոդիլ Բյորնի  և հայ ժողովրդի մյուս բարեկամերի անունները: Բնավ պատահական  չէր, որ հիշատակի համերգաշարին   մասնակցում  էին նաև  Նանսենի  ու    Բոդիլ Բյորնի  ժառանգորդները:
ՀԱՖՆ-ի  սկանդինավյան համերգաշարը եզրափակեց  տեղական մամուլի  ու ռադիոյի  փայլուն  արձագանքներով   ու  նոր հրավերներով: Իսկ Երևան  վերադարձից անմիջապես հետո  ՀԱՖՆ-ի  գեղարվեստական ղեկավար ու գլխավոր  դիրիժոր Էդուարդ   Թոփչյանը  հանդես   եկավ  Մոսկվայում՝ դարձյալ  Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հիշատակի մեծ համերգով,  այս  անգամ արդեն  Միխայիլ Պլետնյովի ղեկավարած  Ռուսաստանի ազգային նվագախմբի հետ՝  Մոսկվայի կոնսերվատորայի մեծ դահլիճում: Համերգային    ծրագրում, ի հիշատակ Ցեղասպանության նահատակների, կատարվեց  Արտյոմովի   «Ռեքվիեմը»՝  մենակատարներ  Հասմիկ Պապյանի, Հովհաննես Այվազյանի և   Արմեն Սողոմոնյանի մասնակցությամբ:


Նարինե   Առաքելյան
21.04.2015



Ազգային պատկերասրահում բացվեց «Վկայություն»
խորագիրը կրող ցուցահանդեսը

  
    Ցեղասպանության թեման հայ կերպարվեստում գրավում է ժամանակագրական և աշխարհագրական մեծ տեղ: Պայմանականորեն, ըստ ժամանակագրության, այս թեմային դիմել են չորս սերնդի նկարիչներ՝ սկսած 1890-ական թվականների համիդյան ջարդերից մինչև 20-րդ դարավերջ և 21-րդ դարասկիզբ:
        Հայաստանի Ազգային պատկերասրահում ցուցադրված էին շուրջ 100 աշխատանքներ, որոնք առնչվում են Հայոց մեծ եղեռնի թեմաներին: Առաջին հեղինակները, որոնք անդրադարձան հայկական ջարդերին, Հովհաննես Այվազովսկին և Վարդգես Սուրենյանցն էին:
    1894-96 թվականներին Թուրքիայի իրականացրած բռնությունների զոհը դարձան շուրջ 300.000 հայ: Այս դեպքերին առաջինը արձագանքեց աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին իր` <<Տրապիզոնի կոտորածը>>, <<Հայերին կենդանի նետում են ծովը>>, <<Ողբերգություն Մարմարա ծովում>> և այլ կտավներում:
        Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, բացելով ցուցահանդեսը, նշեց, <<1915 թվականի Հայոց մեծ եղեռնից հետո երևան եկավ նկարիչների մի սերունդ, որոնցից շատերն անցել էին գաղթի ճանապարհներով: Նրանց մի մասն իր կյանքն ու ստեղծագործությունը շարունակեց սփյուռքում, մյուս մասը՝ տեղափոխվեց ապրելու Սովետական Հայաստան: Ցեղասպանության ականատես սերնդին հաջորդեց նկարիչների նոր սերունդ: Մինչև 1930 թ. ծնված այդ նկարիչներն արհավիրք ապրած իրենց ծնողների ցավի արտացոլմանն ավելացրեցին հույսի, լավատեսության և կյանքի շարունակության լուսավոր նոտան>>: Ցուցահանդեսը կրում է <<Վկայություն>> խորագիրը և ներկայացված  են բոլոր ժամանակների  նկարիչների ստեղծագործությունները:

<<Ապրելու ենք>>. Գրիգոր Աղասյան

    Որմնանկարների սրահում հանդիսավորությամբ բացվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսները: ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը ողջունեց ու բարձր գնահատեց Ազգային պատկերասրահի աշխատակազմին` գեղեցիկ ու բազմաբովանդակ ցուցադրություններ կազմակերպելու համար: Ցուցահանդեսների  համակարգող Անուշ Հակոբյանը մանրամասնորեն ներկայացրեց ցուցահանդեսներում տեղ գտած նկարիչների ստեղծագործությունները՝ վերլուծելով դրանց խորքային իմաստները:
    Գեղանկարիչ Գրիգոր Աղասյանի 70 տարիների պարբերաբար անդրադարձը Հայոց ցեղասպանությանը թեմայով ելույթ ունեցավ Ազգային պատկերասրահի  գրաֆիկական բաժնի համակարգող, նկարչի թոռնուհի Մարինա Հակոբյանը:   
    Ցուցադրությունը ներառում է Աղասյանի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված նկարաշարքից շուրջ 45 աշխատանքներ, որոնցից մի մասն առաջին անգամն է ներկայացվել: Ռեալիզմի և ժամանակակից արևմտյան ձևաոճական մեթոդների համադրման ու վերամշական սկզբունքով ստեղծված յուղանկարներ, թեմատիկ փորագրանկարների ծավալուն շարք, ֆանտաստիկ-սիմվոլիստիկական արտահայտչամիջոցներով արված ջրանկար թերթեր ու մատիտանկարներ, որտեղ առավել արտահայտված է նկարչի ներքնատեսությունը, սեփական երևակայության, անձնական ապրումների վրա հենված էմոցիան:


                                                                                Մարիետա Մակարյան
20.04.2015


Ցեղասպանության թեման յուրաքանչյուր հայինն է

/ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը`
դարի մեծագույն ողբերգության մասին/


    Որքանով ցավը քոնն է ու խորը, այնքնով է՛լ ավելի ես դժվարանում  արտահայտել այն: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն էլ համընդհանուր, հայկական ցավ է, որին պետք է շատ զգույշ մոտենալ: Ամեն մարդ իրավունք չունի ձեռք տալ այս թեմային, գրել, բեմադրել, պետք է այն զգալ, խնկարկել: Ավ. Իսահակյանի նման հզոր մարդն ընդամենը ութ տող է կարողացել գրել հայոց արհավիրքի մասին, Մ. Սարյանը մի ծաղիկ է նկարել: Մի տեսակ չի ստացվում համարժեք ֆիլմ նկարել, բեմադրություններ անել… Տարբեր տարիների հայ թատրոնները պատշաճ վերաբերմունք են ցուցաբերել 1915թ. հայ ողբերգությանը, հոգեկան ցնցմանը: Եղեռնից անմիջապես հետո բացառիկ ծաղկում ապրեց հայ թատրոնը, ասպարեզ եկան հզոր դեմքեր՝ Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, Ավետ Ավետիսյան, Վաղարշ Վաղարշյան, Դավիթ Մալյան, Գուրգեն Ջանիբեկյան, Հասմիկ, Օլգա Գյուլազյան, Նինա Մանուչարյան, Արուս Ոսկանյան, Ժաննա Թովմասյան, Ցոլակ Ամերիկյան: Այսօր էլ հայի ցավի թեման չի իջնում հայ բեմից՝ «Ոտքի՛, դատարանն է գալիս», «Մուսա լեռան 40 օրը», «Ռանչպարների կանչը», «Մեր բաժին ուրախությունը», «Հրեշը լուսնի վրա», «Անվերջ վերադարձ», «Օպերացիա «Նեմեսիս»», բազմաթիվ ասմունքի երեկոներ:
    Երևի հաշված հայեր լինեն, որոնց «դիպած» չլինի դարի մեծագույն եղեռնագործությունը: Իմ հոր նման քանի մարդու կյանք է խեղվել, իմաստազրկվել: Նա տասնչորս տարեկան պատանի է եղել, երբ աչքի առաջ մորթել են եղբորը, հաջորդն էլ իր հերթն է եղել: Ահ ու սարսափից ուժ է առել, աջ ու ձախ հրել, կրակահերթերի միջով փախել, հրաշքով փրկվել: Հետո արտաքսվել է Սիբիր, որտեղից վերադարձել է տասնյոթ տարի հետո միայն: Հաճախ էի լսում հորս կրկնվող հարցը՝ ինչու՞ ծնվեցի, ի՞նչ հասկացա իմ կյանքից, ինչու՞ այսպես դասավորվեց իմ կյանքը:
    Մորեղբայրս, երեք տարեկան մանուկ, կորել է: Փախեփախից հետո, Եգիպտոս, Սիրիա, Հունաստան տարագրվելով Սալոնիկում ամերիկացիների ձեռքով փրկված որբուկների մեջ տատս գտել է որդուն: Ի դեպ այդ որբուկների հետ մի հուզաշատ դեպք է կապված. միսիոներուհիներից մեկը հավաստիացնում է, որ Սալոնիկում հավաքված 70-75 որբերի շարքում կան հայ մանուկներ, որոնք չգիտեն կամ վախենում են բարձրաձայնել, որ հայ են: Ու համոզվելու համար խմբի առջև կանգնեցնում է երկու մամիկի  ու հորդորում հայերեն օրորոցային երգել… Խմբից դանդաղորեն անջատվում ու մամիկներին է մոտենում շուրջ 30 երեխա:
    Անկախ նրանից Թուրքիան կամ աշխարհը որքանով կճանաչի Հայոց ցեղասպանությունը` ցավը չի մոռացվի: Բայց շատ եմ ուզում հավատալ, որ մի օր հանգստություն կլինի նրանց հոգիներին, լույս կիջնի նրանց շիրիմներին /եթե ունեն/: Ուզում եմ, որ այս 100-ամյա տարելիցը դառնա առիթ, որ ամեն վատ աշխատող նայի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին ու ամաչի, ամեն ստող, թալանող ու դիմացինին շահագործող մարդ նայի Ծիծեռնակաբերդին ու ամաչի:
    Ուզում եմ` մեկ ու կես միլիոն զոհերը մեզ կոչեն բարոյական ու մարդկային արժեքների վերաարժևորման: Քանզի հայի տեսակի լավագույն հատկանիշներին զարկ տալով միայն կարող ենք հավերժացնել նրանց հիշատակը:

Գոհար Աբրահամյան
18.04.2015


Էդուարդ Թադևոսյան /ՀՀ ժողովրդական արտիստ/

    Հայ ժողովրդի  պատմության մեջ ամենաարյունալի էջերից  մեկն է Ցեղասպանությունը: Օսմանյան Թուրքիայի  արյունռուշտ ղեկավարության կողմից նպատակ էր դրված  մի ամբողջ էթնոսի  ծրագրված  ֆիզիկական  ոչնչացման: Սա նախադեպը չունեցող մի ոճրագործություն էր, որը այդպես էլ չդատապարտվեց միջազգային ատյանների կողմից:
    Պարտավոր ենք հավերժ հիշել, սերնդից սերունդ փոխանցել պատմությունը, և պահպանել սուրբ հիշատակը անմեղ նահատակների, նաև մեր մշակույթի ուժով:
    Հուսանք, որ աշխարհի առաջադեմ ողջ հանրությունը կճանաչի Հայոց ցեղասպանությունն ու արդարացի լուծում կտրվի խնդրին:


Լոնդոնի գրքի ցուցահանդեսում տեղի են ունեցել
Հայոց ցեղասպանության թեման արծարծող
գրքերի շնորհանդեսներ

    2015 թվականին, Լոնդոնի գրքի ցուցահանդեսն անցկացվում է ապրիլի 14-16-ը, «Օլիմպիա» կենտրոնում: Հայաստանի Հանրապետությունն այս հեղինակավոր միջազգային հարթակին մասնակցում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ:
    Ցուցահանդեսում ներկայացվել են վերջին տարիներին, ինչպես պետական պատվերով ու աջակցությամբ, այնպես էլ մասնավոր հրատարակչությունների նախաձեռնությամբ հրատարակված շուրջ 300 անուն գիրք` Հայաստանից և արտերկրից: Գեղարվեստական, պատմական, արվեստաբանական, գիտահանրամատչելի, մանկական գրականությունն ու արժեքավոր պատկերագրքերն այստեղ ներկայացված են հայերենով, անգլերենով, ֆրանսերենով, ռուսերենով: Առանձին բաժին հատկացված է Հայոց ցեղասպանության թեման արծարծող գրականությանը:
    Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը տեղի է ունեցել ապրիլի 14-ին: Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը և ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:
Բացմանը, հոլանդացի բանաստեղծ, լրագրող, կինոքննադատ Սերժ վան Դայնհովեն, ով «Գրական տապան» փառատոնի շրջանակում այցելել էր Հայաստան, ներկայացրեց հայաստանյան թեմայով իր ստեղծագործություններից հատվածներ:  
    Տոնավաճառի շրջանակում տեղի ունեցան Նուրիցա Մաթոսյանի «Սև հրեշտակ. Արշիլ Գորկու կյանքը», Վասիլի Գրոսմանի  «Հայկական ալբոմ», Ջորջ Ջերջյանի «Լուսաբաց մեկ դար անց», Դագլաս Քալաջեանի «Հայրիկիս պատմությունները, որոնք երբեք չէին ավարտվում»,  Ջեֆրի Ռոբերթսոնի «Անհարմար ցեղասպանություն. ո՞վ է հիմա հիշում հայերին», Ռուբինա Սևաջեանի «Սուլթանի ստվերի տակ», Ջոնաթան Թեյլորի «Հյուրընկալում օտարներին»` Հայոց ցեղասպանության թեման արծարծող գրքերի շնորհանդեսները:
    Տոնավաճառի օրերին տաղավար էին այցելում օտարազգի գրողներ, գրական գործակալներ, հրատարակիչներ, մտավորականներ, օտարագիր հայ գրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլոք:
    Այս տարի ՀՀ մշակույթի նախարարության և Հայ գրականության հիմնադրամի համագործակցությամբ մեկնարկել է նպատակային թարգմանություններին աջակցելու ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է աջակցել արտերկրի այն հրատարակչություններին, որոնք կթարգմանեն և լույս կընծայեն Հայոց ցեղասպանությանը նվիրված գեղարվեստական և հանրամատչելի գրականություն: Լոնդոնի գրքի միջազգային ցուցահանդեսի ողջ ընթացքում ծրագրի ներկայացման նպատակով մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել արտերկրի հրատարակչությունների ներկայացուցիչների և գրական գործակալների հետ:

Փարավոն Միրզոյան /ՀՀ ժողովրդական նկարիչ/

                        
    Հիշողություն, որը երբեք չի ջնջվի հայերի հիշողությունից: Սերունդներ են անցել, սակայն դեռ Ցեղասպանության հետքերը կրում ենք ու օր առաջ սպասում հատուցմանը: Մեր ազգը կորցրեց իր մտավորականներին, ազգի սերուցքին, բայց փյունիկ թռչունի պես մոխիրներից  վերակենդանացավ, զարկ տվեց իր մշակույթի զարգացմանն ու պահպանմանը: Ամեն մի հայի սուրբ պարտքն է հետամուտ լինել Հայոց ցեղասպանության ընդունմանը, հատուցմանը և պայքարել մինջև արդարությունը հաղթանակի:
    Չմոռանալով անցյալը՝ պետք է շարունակենք կառուցել զարգացած, կանոնավոր, դինամիկ պետություն: Երբեք չդադարել պայքարից և ամեն մեկն իր բնագավառում, իր գործունեության հիմնական ուղղությունը պետք է համարի շարունակական պայքարը պահանջատիրության, Ցեղասպանությունը ընդունելու գործընթացին, մինչև վերջնական լուծում:

«Կորուսյալ դրախտ»
նկարիչ Արարատ Սարգսյան







Ահազանգելով մարդկությանը` իմաստավորենք
մեր գործունեությունը


    2005թ., ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովում հայրենիքից հեռացած թուրք Ակչանի հետ զրույցի ժամանակ, երբ նրան ասացի. «ուր է քո պոլոզ գլուխը, փոքրիկ աչքերը», նա պատասխանեց. «ես այդպես եմ ծնվել»: Ես հակադարձեցի նրան ու ասացի. «դուք հայի, հույնի կամ ասորու խառնուրդ եք, նոր թուրքի տիպար»: Նա լսեց և հաջորդ օրերին, երբ հանդիպում էինք, հայերեն, ժպիտախառն ողջունում էր` «Բարև ախպեր…»:
    Խոսելով Հայոց Մեծ ողբերգության, մարդկության դեմ թուրքերի կատարած հանցագործության մասին, չպետք է սահմանափակվել միայն 1915 թվականով:
    Ր.Զարաքոլու թուրք իրավապաշտպանը դեռևս 2005թ. դիմելով իր ժողովրդին և առաջարկելով ապրիլի 24-ին մի-մի ծաղիկ դնել զոհերի հիշատակին, գրում էր. «…2015-ին կբոլորի նրա (Մեծ եղեռնի – Հ.Զ.) մեկ դարը: Ինչ տերմինով էլ փորձենք բնութագրել, այլևս ոչ ոք չի կարող ուրանալ, որ այդ թվականին տեղի է ունեցել հանցագործություն մարդկության դեմ»:
    Շարունակելով իր ժողովրդին ուղղված պատգամը, հեղինակը առաջարկում է չվհատվել, եթե ծաղիկը դնելու տեղ չգտնվի` «եթե պատեհ տեղ չգտնեք, ծաղիկը նետեք Սև ծովը, նետեք Քըզըլդերե, Քըզըլթեփե կամ այն գետերը, որոնք Քանլըրդերե (Արյունոտ գետ) են կոչվում»: Ինչո՞ւ Սև ծովը, որովհետև թուրք բարբարոսները միայն Տրապիզոնից ծովը թափեցին 32.000 հայի, նշված գետերում թուրքական բռնություններից խուսափելու համար, հարյուր հազարավոր հայ կանայք ու աղջիկներ ինքնակամ խեղդվեցին նշված գետերի ջրերում:
   1919թ. Կ.Պոլսում կայացած Մեծ եղեռնի կազմակերպիչների դատավարությանը որպես վկա մասնակցում էր նաև Մուստաֆա Քեմալը, որը ծառայում էր Արևմտյան Հայաստանի զորքերում և հետո ոճրագործության մասնակիցը ստանալու էր Աթաթուրք անունը, դատարանում հայտարարեց, որ կատարվածը` «չլսված ու չտեսնված հանցագործություն է»:
    Ոճրագործ Թալեաթը, ցեղասպանության կազմեկերպիչը, հայտարարեց. «Ես պատրաստ եմ մեռնել այն բանի համար, ինչ կատարեցի և գիտեմ, որ կմեռնեմ դրա համար»:
    Թուրքիան իր պատմությամբ պատանդ է մեծ տերությունների ձեռքում: Պատանդ, որովհետև այդ պետության յուրաքանչյուր տարին, ամիսը, օրը, ժամը, վայրկյանը լի են եղեռնագործություններով, որոնց համար երբեք պատասխան չի տվել: Հավատարիմ իրենց` «սրով նվաճածը սրով պահպանելու» տեսությանը, Թուրքիան, սկսած 13-րդ դարից և ավելի բացահայտ 1453 թ., իրականացնում էր զավթած տարածքների բնիկ ժողովուրդների ոչնչացման, ուծացման քաղաքականություն, որպեսզի իրականացներ  թուրք ժողովուրդ ձևավորելու ծրագիրը: Ասվածն ավելի քան համոզիչ ու տպավորիչ ներկայացնելու համար, դիմենք շրջանառության մեջ գտնվող մի քանի փաստերի. 1822 թ. թուրքերը Քիոս կղզում սրատեցին 50.000 հույների, 1823 թ. Միսոլունգիայում` 8850 հույների, 1850 թ. Մուսոլում` 10.000 ասորիների, 1860 թ. Լիբանանում` 12.000 արաբների, 1876 թ. 14700 բուլղարների, 1894-1896 թթ.` 500.000 հայերի, 1903 թ.` 14667 մակեդոնացու, 1915 թ.` ավելի քան 2 մլն հայերի: Սրանք առավել հայտնի, արձանագրված փաստերն են: Իսկ թե ինչքան է բռնի կրոնափոխվածների, ազգային պատկանելությունից զրկվածների քանակը, մնում է որպես պատմական գաղտնիք:
    18-րդ դարի երկրորդ կեսին կապիտալիզմի բուռն զարգացումը պահանջում էր նոր շուկաներ ու դրանց հասնելու ճանապարհներ: Այն ժողովուրդները, որոնք գտնվում էին այդ խաչմերուկներում, ենթակա էին ոչնչացման կամ ստրկացման: Այդպես հայ ժողովուրդը զրկվեց ոչ միայն իր տարածքային գերակայությունից օգտվելու, այլև հավատարիմ գործընկեր, զինակից ունենալու հնարավորությունից, որովհետև Արևելք ձգտող մեծ տերություններին հետաքրքրողը ոչ թե հայ ժողովուրդն էր, այլ նրա հայրենիքը: Արյունալի այս պայքարում Թուրքիան վերածվեց կիսագաղութի, իսկ դեպի տարածաշրջան ձգտող Ռուսաստանը` եվրոպական կապիտալի ազատ ներհոսքի տարածքի: Եվ չնայած դրան, Ռուսաստանը երբեք չհրաժարվեց չսառչող Միջերկրական ծով դուրս գալու ծրագրից, ինչի արդյունքում էլ Հայաստանը նրան անհրաժեշտ էր որպես հենակետ, նախադուռ: Այս հայեցակետից էլ Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան տագնապում էին ոչ թե հայ ժողովրդի ճակատագրի համար, այլ դեպի Արևելք Ռուսաստանի ճանապարհը փակելու անհրաժեշտությունից: Այս պատճառով էլ մեծ տերությունները խոչընդոտել ու խոչընդոտելու են Հայկական հարցի լուծմանը, Հայոց Մեծ եղեռնի միջազգային ճանաչմանը: Թուրքիան` բռնազավթիչ այդ պետությունը, ինչքան էլ զարմանալի թվա, ընդունում է Հայաստանի անկախ գոյությունը, որովհետև այն պատնեշ է Ռուսաստանի դեմ, ապա թույլ ու շրջափակված Հայաստանը առայժմ վտանգ չի կարող ներկայացնել իր տարածքային ամբողջականությանը: Տեսնում ենք, որ ինչ-որ չափով, սակայն տարբեր եզրահանգումներով ու նպատակներով համընկնում են Թուրքիայի ու մեծերի տեսակետները: Նրանք խրախուսելով Թուրքիայի նման դիրքորոշումը` Հայկական հարցը օգտագործում են որպես զսպաշապիկ: Եվ պատահական չէ, որ թուրք-ամերիկյան, թուրք-ռուսական հարաբերությունների ցանկացած շեղման ժամանակ հիշեցվում է Հայկական հարցը, կամ Թուրքիայի ցանկացած ընդվզմանը հաջորդում է այս կամ այն երկրի կողմից Մեծ եղեռնի ճանաչման փաստը:
    1915 թ. օգոստոսի 24-ի Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի հայտնի հայտարարությունով սկսվեց Մեծ եղեռնի ճանաչման գործընթացը: Աշխարհի չորրորդ պետությունը, որ ընդունեց Մեծ եղեռնը, Թուրքիան էր, հանձին 1919 թ. հունվար-հունիս Կ.Պոլսում կազմակերպված դատավարության, որի վերջնական ակտով մահվան դատա¬պարտվեցին եղեռնի կազմակերպիչները: Այսօր աշխարհի 22 երկրներ ու կազմակերպություններ, ԱՄՆ 41 նահանգներ ճանաչել են Մեծ եղեռնը: Սա, ինչ խոսք, համայն հայության, Հայաստանի Հանրապետության արտաքին ակտիվ քաղաքականության, Հայ-Դատի գրասենյակների, սփյուռքահայության գործունեության արդյունքն է: Այս գործընթացի արդի փուլը, սակայն, առաջադրում է նոր պահանջներ, նոր մոտեցումներ: Ներկայումս աշխարհում գնում է մարդկության դեմ հանցագործությունները բացահայտելու, կանխելու, դատապարտելու շարժում: Նման իրավիճակում, ինչպես ցույց են տալիս անցած 99 տարիները, Հայոց Մեծ ողբերգության ճանաչման արդյունավետության գործակիցը նվազում կապրի: Որպեսզի խուսափենք այդ տհաճ իրավիճակից, անհրաժեշտ է Հայոց ցեղասպանության գաղափարը շաղկապել նոր քաղաքական զարգացումների հետ, մեր ազգային վիշտը չառանձնացնել 1915 թ. առ այսօր տեղի ունեցած ավելի քան 45 այլ ցեղասպանություններից, միաժամանակ ընդգծելով Հայոց ողբերգության առանձնահատկությունները, որոնք ամփոփվում են հետևյալ տեսակետների շուրջ. Ա) Հայոց ցեղասպանությունը կատարվել է հայ ժողովրդի պատմական հայրենիքում, Բ) Այդ ոճրագործության նպատակը բնիկ ժողովրդի հայրենիքի զավթումն էր, Գ) Հայոց ցեղասպանությունը պատմության մեջ իրականացված պետական քաղաքականություն էր, Դ) Ցեղասպան երկիրը արդեն 1919 թ. ճանաչել է կատարված ոճրագործությունը, Ե) Հայոց ցեղասպանությունը պետական շարունակական գործողություն էր, որն սկսվել է 15-րդ դարից և հասել 1988, 1989, 1990-1994 թթ. Սումգայիթի, Բաքվի, արցախահայության զանգվածային կոտորածների ժամանակաշրջանին, Զ) Միջազ-գային հանրությունը, ՄԱԿ-ը, Եվրախորհուրդը, միջազգային մյուս կազմակերպությունները պետք է հնարավորություն ստեղծեն Թուրքիայում ապրող միլիոնավոր ծպտյալ հայերին վերադառնալու իրենց ազգային պատկանելությանը, Է) Չեղյալ հայտարարել Հայոց ցեղասպանության շարունակություն հանդիսացող 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերը:
    Կուռ հայեցակարգի վերածելով այս և այսօրվա Ղրիմյան, Ուկրաինական, Սիրիական գործոնների առանձնահատկությունները, պիտի ջանալ, որ Հայկական հարցի հետ կապված խնդիրներն ընդգրկվեն միջազգային կառույցների օրակարգում և հետամուտ լինել դրանց իրականացման գործում:
    Պայքարը տանելով այս ուղղությամբ, չպետք է ուշադրությունից դուրս թողնել այն գերխնդիրը, թե արդյոք հասունացել է կամ կան նախադրյալներ Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության: Առաջին հերթին խնդրի լուծումը պետք է տեսնել միաբևեռ քաղաքականության ձգտող ԱՄՆ-ի քաղաքականության համատեքստում: Այսօր արդեն հասունացել է միջազգային դատարանի խնդիրը, քանզի մարդասիրական նկատառումներից ելնելով, թեև որոշ երկրներ կճանաչեն Հայոց ցեղասպանությանը, սակայն դա որևէ ազդեցություն չի թողնի Թուրքիայի ժխտողական քաղաքականության վրա, որովհետև նեղուցների  պահակ երկիրը դեռևս 1945թ. Տրումենի դոկտրինայով համարվում է ամերիկյան «կենսական» տարածք: Ամերիկյան քաղաքականությունը երբեք չի փոխվի Հայոց ցեղասպանության հարցում, քանզի տիրապետողը այն վախն է, որ ճանաչումը  իր հետ  կբերի հատուցման, տարածքային պահանջներ, իսկ ԱՄՆ-ի ցանկացած նախագահ երբեք չի կարող ընդունել Հայաստանի ընդարձակումը, պատմական տարածքների վերադարձը, որովհետև ցանկացած զիջում Հայկական հարցում կնշանակի Ռուսաստանի ուժեղացում, Մերձավոր ու Միջին Արևելքում նրա դիրքերի ամրապնդում, ինչը ջախջախիչ հարված կլինի «Մեծ Միջին Արևելք» ծրագրին: Այսօր արդեն ակնհայտ է, որ դանդաղ, բայց որոշակի հասունացում է ապրում աշխարհաքաղաքական նոր հարաբերություններ հաստատելու միտումը, ինչի պայմաններում նոր հարթության վրա կտեղափոխվեն թե՛ հայ-թուրքական, թե՛ հայ-ադրբեջանական հարաբերությունները, որոնք թերևս թոթափեն կոշտությունը, բարդույթները, ականջալուր կլինեն միջազգային հանրության` պատմական ճշմարտության վրա հենված կառուցողական մոտեցումներին:
    Վերջին տեսակետը, սակայն, թեև, կանխատեսելի է, բայց Հայկական հարցը Արևմուտքի ծրագրերում կմնա հաջորդ փուլ տեղափոխվելու կարգավիճակում:

Հովհաննես Զատիկյան
16.04.2015

Աշոտ Գրիգորյան /ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր/

    100-րդ տարելիցը մի հարց է, որ թվում էր, թե վաղուց պետք է ունենար սրբագրված պատասխան, բայց անընդհատ փոփոխվում է, որովհետև միշտ վերաիմաստավորում ենք կատարվածը, փորձում ենք գնահատել   խնդրի լուծման, պարզաբանման ճանապարհները… Ինձ համար խնդիրն ավելի բարդանում է, որովհետև ես արմատներով Արևմտյան Հայաստանի Արճեշ քաղաքից եմ, որը Վանա լճի հյուսիսային նավահանգիստն է: Մեր գերդաստանից Եղեռնը վերապրածներից մնացել էր հորեղբայրս` Առաքել Կուտեյանը, որին բախտ եմ ունեցել տեսնել: Նրա պատմածներից միշտ հիշում էի, որ Արճեշում մերոնք զբաղվել են ցորենի մշակությամբ, ալյուրի արտադրությամբ ու վաճառքով, հաց էին թխում: Միշտ կասկած կար, թե ուր են այդ հարստությունները և քանի որ երիտասարդ էինք, չէինք հասկանում եղեռնի վտանգը և արդյունքները, միշտապես մտածում էինք, թե ինչպես դրանք փոշիացվեցին: Տարիներ անց` 2000 թվականին, երբ մի առիթով Ստամբուլում էի, հանդիպեցի դավանափոխ հայի, որը Արճեշից էր: Ուրախացա և սկսեցի պատմել մեր գերդաստանի պատմությունները: Երբ լսեց, սկսեց լաց լինել: Զարմացա, թե այդ մարդը իմ պապի պատմությունը որտեղից գիտի և պարզվեց, որ իրենց ընտանիքը մեր գերդաստանի հարևանությամբ է ապրել: Այդ մարդը պատմեց, որ իր պապը` 90 տարեկան հասակում  միշտ հիշել ու ասել է «կուտոյենց տոհմից գոնե մեկը մնացած լիներ, մի բաժակ սուրճ խմեինք իրար հետ, նոր մեռնեի»: Եվ այդ մարդը հաստատեց  մեր գերդաստանի պատմությունը, որը մեզ միֆ էր թվում:
    Եղեռնից հետո ամեն ինչ կորավ, փոշիացավ, մերոնք մազապուրծ եղան, գաղթականի կարգավիճակով հայտնվեցին Խորհրդային միությունում, և ամին ինչ սկսեցին զրոյից: Եղեռնի ամբողջ պատմությունը, մեր ընտանիքի հետ զուգահեռվելով, շատ տխրության, հպարտության, նաև պահանջատիրության մի հարթակ ստեղծեց, թե ուր կորան 100 տարի առաջ եղած մեր ազգային հարստությունները: Եղեռնը մեր պատմության մեջ խրված մի սեպ է, որը նախ պետք է հանել, անպայման պահանջել, որ փոխհատուցվի և, անշուշտ, համազգային իմացության առարկա, նյութ դառնա` իր բոլոր հետևություններով: Այն, ինչ կորցրել ենք, դա միայն տարածք չի, դա միայն մարդկային կորուստ չի, դա մի հսկայական ազգի պատմամշակութային հազարամյանկների շերտի փոշիացում է:
    Մենք պետք է վերանայենք մեր մտածելակերպը: Երբ մենք ասում ենք էրգիր, արդյո՞ք դրա տակ տեսնում ենք աշխարհագրական տիրույթ, մի տարածք` ողջ պատմամշակութային շերտով և արդյո՞ք այդ ամենին տիրոջ զգացողությամբ ենք նայում, թե  իբրև կորցրած հուշի: Բոլորիս մտահոգում է մեր այդ կորցրած տարածքների, պատմահնագիտական, ճարտարապետական հուշարձանների նկատմամբ նրանց վերաբերմունքը: Եթե անդրադառնանք բուն ճարտարապետությանը, ապա պատմական մեր հայրենիքի, հայկական լեռնաշխարհի ճարտարապետությունը  երբեք, այլևս չպիտի դիտենք միայն միջնադարյան, պետք է ցույց տանք դրա մշակութային, պատմական արժեքը` համաշխարհային մշակույթի ժառանգության մեջ, դրա արժեքը` ֆիզիկականից մինչև բարոյահոգեբանական,  գեղագիտական և մեր` իբրև տեր վերաբերմունքը:
    Այսօր Ստամբուլում գործում են 140 հայ ճարտարապետներ, ճարտարագետներ, որոնք նախագծում ու կառուցում են մզկիթներ, շենքեր` ստեղծելով միջազգային ճարտարապետություն, իսկ միջազգայինի մեջ հայկականի ներուժը, ներդրումն ակնհայտ է…
    Ինձ համար 100-րդ տարելիցը հիշատակի օր է, բայց երբեք վերջակետի և ոչ էլ սկզբի, քանի որ Ցեղասպանությունը միայն 1915 թվականին չէր, այլ ավելի վաղ էր այն սկսվել: Այնպես, որ 100-ամյա տարելիցի  նշումը ընդամենը աշխարհին նորից ի ցույց դնել մեր խնդիրները, մեզ համար նոր մտածելակերպի սկիզբ է և անպայման շարունակությունը ավելի գործնական, ավելի իրատեսական և ավելի իրագործելի նպատակների սկիզբ` մինչև խնդրի տրամաբանական լուծումը: Մենք  շատ կարևոր անելիքներ ունենք` բոլոր շերտերում, քանզի դա համազգային գործ է և մենք պիտի ջանանք ներգրավել համաշխարհային ներուժը, որքան էլ որ դա բարդ լինի, և ամենակարևորը` հասնել տրամաբանական ավարտին: Մենք հայկական լեռնաշխարհի տերն ու տիրակալն ենք և մեր տեղը չպիտի զիջենք:


Հրանտ Թադևոսյան /ՀՀ ժողովրդական նկարիչ/

   Այնքան պատմվեց, այնքան գրվեց, այնքան ցուցադրվեցին զարհուրելի եղելություններ, որ թվում էր ականջալուր եղողները կգան մի եզրակացության, որով ճիշտ կարժևորվեր մեր ազգի ցավն ու տառապանքը: Շատ եմ ափսոսում, որ փոքր թվաքանակով ժողովուրդ ենք: Իսկ փոքրաթիվ ազգերին պահում են միշտ որպես խաղաքարտ կամ պահուստային` իրենց ներքին և միջազգային հարցերը լուծելու համար: Մեզ մնում է մեր հույսը դնել Աստծու վրա:
    Գերագույն պարտավորությունը երկրի հզորացումն է: Հային Հայաստանում հաստատվելու անխախտ գաղափարը պիտի գերակայող լինի:
    Մեր պայքարը շարունակական բնույթ պիտի կրի մինչև աշխարհը ճանաչի և մեր պահանջատիրության բոլոր կետերը կատարվեն:


Ռուբեն Գևորգյանց /կինոռեժիսոր/


    Ողբերգություն է, որն անջնջելի հետք է թողել մի քանի սերունդների  հոգում: Ողբերգություն է ոչ միայն հայերիս համար, այլ ամբողջ աշխարհի համար, որովհետև արդեն 100 տարի է ամբողջ աշխարհը չի հասկանում, որ վաղուց այս հարցը պետք է լուծվեր, ես, ուղղակի, ցավում եմ աշխարհի համար: Դրա համար էլ այսօր աշխարհն այս օրին է: Աշխարհը դեռևս այսպես վատ չի եղել, Հիտլերի, Ստալինի ժամանակ անգամ: Ոչ մի արժեք չի մնացել, չի պահպանվել և եթե մեր Ցեղասպանությանն աշխարհը այսպես է նայում, ուրեմն լրիվ բարոյազրկված հասարակություն է աշխարհում:
    Բոլոր դեպքերում մարդիկ պետք է գիտակցեն իրենց մեղքը:
    Ես համոզված եմ, որ Թուրքիան որպես պետություն, ուշ թե շուտ, միևնույնն է գալու է ներողություն խնդրի, որովհետև դա միակ ձևն է, որ այդ ազգը, բնակչությունը, իրենց մի քիչ մարդ զգան: Հույս ունեմ, որ այդպիսի ղեկավարներ կգան, որոնք կգիտակցեն այդքանը: Դեռևս ցածր մակարդակի մարդիկ են ղեկավարում Թուրքիան ու Ադրբեջանը:


Հարություն  Խաչատրյան    /կինոռեժիսոր/


    100-ամյա տարելիցը սահմանագիծ է բոլոր մտածող մարդկանց համար իրենց հնարավորությունների սահմաններում, արվեստի միջոցով, /իմ պարագայում` կինո/ տարածել, բարձրաձայնել Ցեղասպանության մասին, որը դեռևս չի գտել իր համարժեք գնահատականն ու լուծումը: Յուրաքանչյուրը պարտավոր է մի քայլ անել և մի աղյուս դնել այդ պատի շարվածքին, որը տանում է արդարության ու ճշմարտության: Մենք փորձեցինք հայ, թուրք և այլազգի  կինոգործիչների հետ կազմակերպել ու համատեղ ֆիլմեր նկարահանել Հայոց ցեղասպանության մասին և դրանք ցուցադրել աշխարհի բազմաթիվ կինոփառատոներում: Այս գործընթացը պետք է շարունակական լինի, որպեսզի   ցեղասպանություն այլևս չկրկնվի: Մենք, «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում, հուլիս ամսին նախատեսել ենք իրականացնել մեծ ծրագիր, որի ընթացքում կցուցադրվեն աշխարհում մինչև այժմ բոլոր ցեղասպանությունների մասին նկարահանված ֆիլմերը: Ամեն մի ստեղծագործողի պարտքն է անընդհատ հիշեցնել ու  փորձել իր կարողությունների սահմաններում կանխել ցեղասպանությունը:



 Արդարությունը թող գա խաղաղությամբ

    Պատմաբան  Ռայմոնդ Գևորգյանը «Հայոց ցեղասպանություն. ամբողջական պատմություն» գրքում շեշտադրել է քիչ ուսումնասիրված մի հանգամանք. «Փորձել եմ վերլուծել ոճրագործի ու զոհի մտերմությունը, երկու ազգերի էլիտաների մտերմությունը, մշակույթի նմանությունը: Հայերի ցեղասպանությունը հազվագյուտ է, որ ոճրագործն ու զոհը այսքան մտերմություն են ունեցել»:
    Ի՞նչ մտերմություն ունեին հայ գրողները ապագա ոճրագործերի հետ, և ինչո՞վ էին զբաղված այդ տագնապալի օրերին: Հայկական շրջանակը գիտակի՞ց էր վիճակին: Նրանք՝ Զոհրապը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը, Վարուժանը, Օտյանը, Կոմիտասը, աշխատում էին, ստեղծագործում, և դժվար էր պատկերացնել, որ օրեր անց իրենց ծանոթ, անգամ մտերիմ թուրքերը գործի էին դնելու նման դժոխային, ոճրագործ  մեխանիզմ: Ինչպես աքսորված ամուսնուն՝ Ռուբեն Սևակին ուղղված նամակում գրել է կինը՝ Յաննի Չիլինկիրյանը.«Միշտ կը խորհիմ, թե մեր կառավարությունը չի կըրնա այսպես պատժել այս աստիճան անմեղ մարդիկ, որոնք իրեն հնազանդելեն զատ ուրիշ բան չեն ըրած և սրանք մեզ նման հանդարտ ու խելոք արարածներ էին»:

Ապրիլի 24-ի զոհ գրողները

    Որ՞ն էր Սևակի կամ Վարուժանի կամ մյուսների  մեղքը: Թալեաթի միտքն է. «Թշնամի են այն բոլոր հայերը, որ Հայաստան մը շինելու համար խոսքով, գրչով կամ գործով աշխատած են կամ կրնան աշխատիլ»:
    Վարուժանի խոսքերով՝ «կյանքը մորթվում էր արտերի մեջ, միտքը՝ գանգի մեջ»։ 1912-ին Վարուժանը հրավիրվում է Պոլսի Բերայի վարժարան՝ տեսչի պաշտոնով։ Տաղանդավոր բանաստեղծը Պոլսի գրական շրջանների ազդեցիկ դեմքերից մեկն էր, տասը տարվա ընթացքում գրել էր չորս գիրք՝ «Հեթանոս երգեր», «Հացին երգը»... 1915 թվականին Վարուժանը շարունակում էր լրացնել «Հացին երգը» շարքը, երազում էր մշակել «Սասնա ծռեր» էպոսը։ Ապրիլի 24-ին, գիշերվա 11-ին տանից տարան Վարուժանին, տոպրակների մեջ լցնելով նաև նրա ձեռագրերը: Աքսորի ճանապարհին, Չանղըրի քաղաքի մոտ մի ձորում հոշոտեցին 31-ամյա բանաստեղծին: Նահատակությունից հետո ծնվեց նրա երրորդ որդին՝ Հայկակը:  Նույն ժամին ու նույն վայրում նահատակվեց զինվորական բժիշկ ու բանաստեղծ Ռուբեն Սևակը: Նա 31 տարեկան էր, մանկահասակ երկու երեխա ուներ, և երազանք.«Արդարությունը թող գա խաղաղությամբ»: Շամիրամ Սևակն արդեն 101 տարեկան է, և 90-ամյա տարիքում դեռևս բանաստեղծություն էր գրում.«Ա՛րի, հայր իմ, արի՛»:
1909 թվականին Պոլսում Սիամանթոն ստեղծել էր իր «Կարմիր լուրեր բարեկամես» շարքը, որտեղ պատկերված է հայոց դանթեականը: Իրողությունը նրան հուշում էր ազգին սպառնացող աղետը։ Զանգվածային արտագաղթից ամայանում էր Հայաստանը, հայրենիքը բնապատմական ռեալությունից վերածվում էր աշխարհագրական հասկացության։ Պետք էր կանխել չարիքը, փրկել ազգը, կապել նրան հայրենի հողին ու բնությանը և կյանքն իմաստավորել աշխատանքի ու ստեղծումի գաղափարով։ 1912 թվականին, գրերի գյուտի համազգային տոնի օրերին բանաստեղծը գրել էր «Սուրբ Մեսրոպ» պոեմը, որը հերոսական հիմն է հայոց այբուբենն ստեղծողին։ Նա ևս չփրկվեց:
    Նովելիստ, իրավաբան ու դատապաշտպան Գրիգոր Զոհրապը Փարիզում արդեն ֆրանսերեն հրատարակել էր իր իրավագիտական աշխատությունը, նախատեսում էր ընտանիքով հաստատվել Եգիպտոսում: 1909 և 1911 թթ. լույս էր ընծայել նորավեպերի երեք ժողովածու՝ «Կյանքն ինչպես որ է», «Լուռ ցավեր», «Խղճմտանքի ձայներ» խորագրերով։ Սակայն 1908 թվականին Զոհրապն ընտրվեց թուրքական պառլամենտի պատգամավոր, և ջանքեր էր  գործադրում արդարացի օրենքներ ընդունելու համար։ Զոհրապը հարգված և երևելի անձնավորություն էր երկրի ազգային ու մշակութային կյանքում։ Ապրիլի 24-ի գիշերից հետո Զոհրապն ամեն ջանք գործադրեց՝ ազատելու անմեղ ազգակիցներին։ Նա դիմեց պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնցից շատերի հետ մտերիմ էր: Սակայն շուտով Զոհրապին ևս ձերբակալեցին և սպանեցին միլիոնավոր տարաբախտ հայրենակիցների պես:

Վերապրածները

    Երգիծաբան- լրագրող Երվանդ էֆենդի Օտյանին տանից դուրս էին կանչել «հինգ վայրկյանեն տուն պիտի դառնաս» սովորական դարձած խայծով, և վերադարձավ, իր բառով, «երեքուկես տարվան ահռելի, աներևակայելի ոդիսականե մը ետքը»: Ժամանակի միակ ու լավագույն երգիծաբանը, երեքուկես տարվա աքսորից հետո ոտք դնելով Պոլիս, սկսում է լրագրային տարբերակով պատմել իր գողգոթայի` անիծյալ տարիների մասին: Եվ սկսում է ողջույնով` «Ողջույն Ձեզ, հայությա՛ն խլյակներ», որի մեջ փրկվածի ուրախություն կա, վերապրածների համար` ուրախություն ու տագնապ` միաժամանակ: Եվ անիծյալ 1918 թվականին, երբ Եղեռնը դեռեւս շարունակվում էր, Օտյանը գրեց իր աքսորի պատմությունը, գրեց իրեն հատուկ թեթև շնչով, իրապատում ոճով, հնարավորինս անաչառ: Եվ այդ անաչառությունն ու զսպված զգացմունքն ավելի են խորացնում վեպի գեղարվեստականությունը:
Հակոբ Մնձուրին, գյուղական ուսուցիչը, 1914 թվականին գալիս է Պոլիս` նշագեղձերի վիրահատության: 1915-ի ամռանը գյուղում չէր, և փրկվեց:  
        Ինչպիսի՞ փրկություն էր դա: Բռնագաղթին զոհ գնացին մայրը, կինը, երեք երեխաները, երրորդը` ինն ամսական: Եթե հավատանք Հրանտ Մաթևոսյանին, Մնձուրու հետ վատթարագույնը եղավ.«Նրան վիճակված էր ոչ մեռնողների մեջ լինել, ոչ էլ օտարության հեռուներից տառապողների մեջ... Դարձյալ վաթսունչորս տարի, և այդ քաղաքից ոչ մի անգամ դուրս չեկավ: Գրեց թշնամու դեռ տաք ատելության ու քամահրանքի պայմաններում, կերավաճառի ու հացթուխի ծանր աշխատանքից հետո, առանց ընթերցող ունենալու ու հրատարակվելու հույսի»: 72 տարեկանում, 1958 թվականին տպագրեց իր առաջին գիրքը` «Կապույտ լույս» ժողովածուն:  Հետագայում լույս տեսան մյուս գրքերը իր միակ` Արմեն Կյուլլերի արած լուսանկարով: 225 պատմվածք, 75 ժամանակագրություն, 26 հայրենական դիմանկար, 12 հեքիաթ: Եվ ստեղծեց մի գրականություն, որը գրականությունից դուրս մի խնդիր ուներ` փնտրել, կորզել այն, ինչը կորսված էր անդարձ:

  
Գայանե Մկրտչյան
13.04.2015




Վարդուհի Վարդերեսյան - /ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ/

    Եթե ամեն մի հայի հարցնես, թե ինչ է Ցեղասպանությունը, ապա կպատասխանի` մեր անցյալի ամենամեծ տառապանքն է այդ ոճրագործությունը, որ ամեն մի հայ իր սրտում է կրում: Եթե 100 տարի առաջ հայը աղի արցունք էր թափում բոլոր անմեղ զոհերի համար, հիմա հայը դարձել է պահանջատեր: Մենք պահանջում ենք, որ Թուրքիան ու թուրքերը ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Ես վստահ եմ, որ դա երբեք չի լինի, որովհետև մենք դեռ մեկ պահանջ ենք դրել, բայց մենք էլի ունենք պահանջներ… Թուրքը լավ գիտակցում է, որ մենք միայն մեկ պահանջով չենք բավարարվելու, ու շատ չանցած պահանջելու ենք հատուցում՝ միլիոնավոր անմեղ զոհերի հանդեպ կատարված անմարդկային, դաժան սպանությունների, իրենց պապենական օջախներից բռնի կերպով վտարելու, հայրենազրկելու համար: Հենց դրանից է թուրքը վախենում: Դեռ մենք մեր պատմական հայրենիքի պահանջատերը պիտի  լինենք և մեր բոլոր հողերը վերադարձնենք: Ամեն հայի սիրտ վրեժով է լցված: Ես ինքս հայրենադարձ եմ: Մայրս Պոլսից է, հայրս` Ռոդոսթոյից և մեր մաշկի վրա ենք զգացել ազգիս ցավը: Մորս կաթի հետ ինձ փոխանցվել է արևմտահայ լեզուն` ոսկեղենիկ, շքեղ: Ես էլ, մինչև այսօր, շարունակում եմ արևմտահայ բանաստեղծների ստեղծագործությունները ներկայացնել: 100-րդ տարելիցի օրերին գեղեցիկ համերգային ծրագիր եմ պատրաստել, ու այն  սրտանց նվիրելու եմ  բոլոր ժամանակների մեր զոհվածների հիշատակին:
    Ես վստահ եմ, որ ապրիլի 24-ից հետո դեռ պիտի շարունակվի այս գործընթացը: Մեր պահանջատիրությունը շատ երկար գործընթաց է և հույս չունեմ, որ թուրքը ներողություն կխնդրի, կճանաչի Ցեղասպանությունը և կնդունի իր մեղքը:
    Արյունը ջուր չի դառնա երբեք…
    Քանի դեռ երկրագնդի վրա կմնա գեթ մեկ հայ, նա պիտի պահանջատերր լինի իր պապերի, ապուպապերի, իր ազգի դեմ գործած Ցեղասպանության համար:

08.04.2015

Ճանաչում

    Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով: 1915-23թթ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու հետեւողականորեն իրագործած ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է:
    Ստորեւ ներկայացված է Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների, կազմակերպությունների, նահանգային եւ ինքնակառավարման մարմինների ու քաղաքային խորհուրդների համառոտ ցանկը:
    Խորհրդարանական որոշումներ, օրենքներ եւ հռչակագրեր

•    Բոլիվիայի Սենատի և Պատգամավորների պալատի բանաձևեր - 27 նոյեմբերի, 2014թ.
•    Շվեդիայի խորհրդարանի բանաձեւ - 11 մարտի, 2010թ.
•    ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի որոշումը - 4 մարտի, 2010թ.
•    ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանական լիագումար նիստի որոշումը, 19 նոյեմբերի 2007թ.
•    ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի որոշումը - 10 հոկտեմբերի, 2007թ.
•    Չիլի, Սենատի որոշումը - 7 հուլիսի, 2007թ.
•    Արգենտինա, օրենք - 15 հունվարի, 2006թ.
•    Արգենտինա, Սենատի հատուկ հայտարարությունը -19 ապրիլի, 2006թ.
•    Լիտվա, Ասամբլեայի որոշումը - 15 դեկտեմբերի, 2005թ.
•    Եվրոխորհրդարանի որոշումը - 28 սեպտեմբերի, 2005թ.
•    Վենեսուելա, Ազգային Ասամբլեայի որոշումը - 14 հուլիսի, 2005թ.
•    Գերմանիա, Խորհրդարանի որոշումը - 15 հունիսի, 2005թ.
•    Արգենտինա, Սենատի որոշումը - 20 ապրիլի, 2005թ.
•    Լեհաստան, Խորհրդարանի որոշումը - 19 ապրիլի, 2005թ.
•    Նիդեռլանդներ, Խորհրդարանի որոշումը - 21 դեկտեմբերի, 2004թ.
•    Սլովակիա, Ազգային Ասամբլեայի որոշումը - 30 նոյեմբերի, 2004թ.
•    Կանադա, Համայնքների պալատի որոշումը – 21 ապրիլի, 2004թ.
•    Արգենտինա, Սենատի հռչակագիրը - 31 մարտի, 2004թ.
•    Ուրուգվայ, օրենք - 26 մարտի, 2004թ.
•    Արգենտինա, օրինագիծ - 18 մարտի, 2004թ.
•    Շվեյցարիա (Շվեյցարական կոնֆեդերացիա) օրենք, Ազգային խորհրդի որոշումը - 16 դեկտեմբերի, 2003թ.
•    Արգենտինա, Սենատի որոշումը - 20 օգոստոսի, 2003թ.
•    Կանադա, Սենատի որոշումը - 13 հունիսի, 2002թ.
•    Եվրոխորհրդարանի որոշումը - 28 փետրվարի, 2002թ.
•    Նորին Սուրբ Օծություն Հովհաննես Պողոս II-ի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II-ի Հռչակագիրը, ՀՀ Ս. Էջմիածին - 27 սեպտեմբերի, 2001թ.
•    Հովհաննես Պողոս II-ի աղոթքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում - 26 սեպտեմբերի, 2001թ.
•    Ֆրանսիա, օրենք - 29 հունվարի, 2001թ.
•    Իտալիա, Պատգամավորների պալատի որոշումը - 16 նոյեմբերի, 2000թ.
•    Եվրոխորհրդարանի որոշումը - 15 նոյեմբերի, 2000թ.
•    Ֆրանսիա, Սենատ, օրինագիծ - 7 նոյեմբերի, 2000թ.
•    Լիբանան, Խորհրդարանի որոշումը - 11 մայիսի, 2000թ.
•    Շվեդիա, Խորհրդարանի զեկույցը - 29 մարտի, 2000թ.
•    Ֆրանսիա, Ազգային Ասամբլեա, օրինագիծ - 28 մայիսի, 1998թ.
•    Բելգիա, Սենատի որոշումը - 26 մարտի, 1998թ.
•    Լիբանան, Պատգամավորների պալատի որոշումը - 3 ապրիլ, 1997թ.
•    ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, որոշում 3540 - 11 հունիսի, 1996թ.
•    Հունաստան, Խորհրդարանի որոշումը - 25 ապրիլ ի, 1996թ.
•    Կանադա, Համայնքների պալատի որոշումը - 23 ապրիլի, 1996թ.
•    Ռուսաստան, Դումայի որոշումը - 14 ապրիլի, 1995թ.
•    Արգենտինա, Սենատի որոշումը - 5 մայիսի,1995թ.
•    Եվրոխորհրդարանի որոշումը - 18 հունիսի, 1987թ.
•    ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, համատեղ որոշում 247 - 12 սեպտեմբերի, 1984թ.
•    Կիպրոս, Ներկայացուցիչների պալատի որոշումը - 29 ապրիլի, 1982թ.
•    ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, համատեղ որոշում 148 - 9 ապրիլի, 1975թ.
•    Ուրուգվայ, Սենատ եւ Ներկայացուցիչների պալատ, որոշում - 20 ապրիլի, 1965թ.
•    ԱՄՆ, Սենատ, որոշում 359 - 11 մայիսի, 1920թ.
•    ԱՄՆ, Կոնգրես, Մերձավոր Արեւելքի Նպաստամատույցի վերաբերյալ ակտ- 6 օգոստոսի, 1919թ.
•    ԱՄՆ, Սենատ, կից որոշում 12 - 9 փետրվարի, 1916թ.
•    Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ Ռուսաստան, համատեղ հռչակագիր - 24 մայիսի, 1915թ.
 
    Կազմակերպություններ

•    Էլլի Վիզլ հումանիտար կազմակերպություն - 9 ապրիլի, 2007թ.
•    Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիա, Ստամբուլի մասնաճյուղ -24 ապրիլի, 2006թ.
•    Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի պատրաստած զեկույցը TARC-ի համար -10 փետրվարի, 2003թ.
•    YMCA-ի Եվրոպական դաշինք - 20 հուլիսի, 2002թ.
•    Եվրոպական խորհուրդ, Խորհրդարանական վեհաժողով, հռչակագիր - 24 ապրիլի, 2001թ.
•    Մարդու իրավունքների լիգա - 16 մայիսի, 1998թ.
•    Եվրոպական խորհուրդ, Խորհրդարանական վեհաժողով, հռչակագիր -24 ապրիլի, 1998թ.
•    Ցեղասպանագետների ասոցիացիա -13 հունիսի, 1997թ.
•    Քուրդիստանի պառլամենտ Դերվեյի Վելաթ - 24 ապրիլի, 1996թ.
•    Ամերիկայի հրեական համայնքների միություն - 7 նոյեմբերի, 1989թ.
•    ՄԱԿ-ի` փոքրամասնությունների պաշտպանության եւ խտրականությունների կանխարգելման ենթահանձնաժողով - 2 հուլիսի, 1985թ.
•    Ժողովուրդների մշտական դատարան, դատարանի որոշում -16 ապրիլի, 1984թ.
•    Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ - 10 օգոստոսի, 1983թ.
•    ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշում - 9 դեկտեմբեր, 1948թ.
•    ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների հանձնաժողովի զեկույց - 28, մայիսի, 1948թ.
 
    Նահանգային օրենսդիր մարմիններ, ինքնակառավարման մարմիններ, քաղաքային խորհուրդներ
    ԱՄՆ նահանգներ

•    Ալյասկա
•    Արիզոնա
•    Արկանզաս
•    Կալիֆոռնիա
•    Կոլորադո
•    Կոնեկտիկուտ
•    Դելավեր
•    Ֆլորիդա
•    Ջորջիա
•    Այդահո
•    Իլլինոյիս
•    Կանզաս
•    Կենտակի
•    Լուիզիանա
•    Մեն
•    Մերիլենդ
•    Մասաչուսեթս
•    Միչիգան
•    Մինեսոտա
•    Միսսուրի
•    Մոնտանա
•    Նեբրասկա
•    Նեւադա
•    Նյու Հեմփշիր
•    Նյու Ջերսի
•    Նյու Մեքսիկո
•    Նյու Յորք
•    Հյուսիսային Կարոլինա
•    Հյուսիսային Դակոտա
•    Օհայո
•    Օկլահոմա
•    Օրեգոն
•    Փենսիլվանիա
•    Ռոդ Այլենդ
•    Հարավային Կարոլինա
•    Թենեսի
•    Տեխաս
•    Յուտա
•    Վերմոնտ
•    Վիրջինիա
•    Վաշինգտոն
•    Վիսկոնսին
•    Հարավային Դակոտա

    Ավստրալիա

•    Նոր Հարավային Ուելսի նահանգ

    Արգենտինա

•    Կորդոբայի նահանգ
•    Բուենոս Այրեսի նահանգ

    Կանադա

•    Բրիտանական Կոլումբիա
•    Օնտարիո (ներառյալ Տորոնտո քաղաքը)
•    Քվեբեկ (ներառյալ Մոնրեալ քաղաքը)

    Շվեյցարիա

•    Ժնեւյան կանտոն
•    Վոդ կանտոն

    Մեծ Բրիտանիա

•    Ուելս

    Իտալիա

•    Բերտիոլոլի քաղաքային խորհուրդ
•    Ուդինեի քաղաքային խորհուրդ
•    Սեստո Սան Ջիովանիի քաղաքային խորհուրդ
•    Սալգարեդայի քաղաքային խորհուրդ
•    Բելլունոյի քաղաքային խորհուրդ
•    Հռոմի քաղաքային խորհուրդ
•    Մասսա Լոմբարդայի քաղաքային խորհուրդ
•    Մոնտանա Ֆելտրինայի քաղաքային խորհուրդ
•    Ջենովայի քաղաքային խորհուրդ
•    Թիենեի քաղաքային խորհուրդ
•    Կաստելսիլանոյի քաղաքային խորհուրդ
•    Ֆիրենցեի քաղաքային խորհուրդ
•    Ռավեննայի քաղաքային խորհուրդ
•    Ֆելտրեի քաղաքային խորհուրդ
•    Վենետիկի քաղաքային խորհուրդ
•    Իմոլայի քաղաքային խորհուրդ
•    Ֆաենցայի քաղաքային խորհուրդ
•    Պարմայի քաղաքային խորհուրդ
•    Սոլառոլոյի քաղաքային խորհուրդ
•    Վիլլաֆրանկա Պադովանայի քաղաքային խորհուրդ
•    Միլանի քաղաքային խորհուրդ
•    Պոնտե դի Պիավեի քաղաքային խորհուրդ
•    Կոնսելիչեի քաղաքային խորհուրդ
•    Լուջոյի քաղաքային խորհուրդ
•    Ս. Ստինո Լիվենցայի քաղաքային խորհուրդ
•    Կոտինյոլայի քաղաքային խորհուրդ
•    Ասիաոյի քաղաքային խորհուրդ
•    Ագաթա Սուլ Սանտեռնոյի քաղաքային
•    Մոնտեռֆոռտե Դ՛Ալպոնեի քաղաքային
•    Պադովայի քաղաքային խորհուրդ
•    Մոնտորսո Վիչենտինոյի քաղաքային խորհուրդ
•    Ֆուսինյանոյի քաղաքային խորհուրդ
•    Բանյակավալլոյի քաղաքային խորհուրդ
•    Ռոսսիի քաղաքային խորհուրդ,
•    Սանգուինետտոյի քաղաքային խորհուրդ,
•    Կամպոնոգարայի քաղաքային խորհուրդ

    Տոսկանայի նահանգային խորհուրդ
    Իսպանիա

•    Նավառայի խորհրդարանի բանաձև
•    Կատալունիա
•    Բասկերի երկիր
•    Բալեարիկ կղզիներ
•    Միսլատա
•    Բուրխասոտ
•    Բետերա
•    Պինտո
•    Չիրիվեյա


07.04.2015

Համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության
100-րդ տարելիցին


    Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան/ «Հիշում եմ և պահանջում» խորագրի ներքո ներկայացրեց համերգ՝ հայազգի հայտնի դիրիժոր Ալան Ալթինօղլուի ղեկավարությամբ: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ համերգը կայացավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ծրագրում ընդգրկված էին Վագների և Ռավելի ստեղծագործությունները: Համերգին  որպես  մենակատար հրավիրվել էր միջազգային լայն ճանաչում ունեցող թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը, ում կատարմամբ հնչեց Սեն-Սանսի թավջութակի կոնցերտը:
    Անվանի երաժիշտների հետ հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: Մաեստրո Թոփչյանը ներկայացրեց Ալան Ալթինօղլուին և պատմեց, թե մի պատահական հանդիպումից ինչպես ծնվեց համագործակցությունը:
    «Կամար»-ի այն հարցին, թե ինչու է Ալթինօղլի գրվում, անվանի դիրիժորն ասաց.«Ծնողներս պոլսահայ են: Մեր գերդաստանը մազապուրծ է եղել և հրաշքով հայտնվել Ֆրանսիայում՝ բազմաթիվ զոհողություններ կրելով: Հետո ծնվել եմ ես: Առաջին անգամն եմ Հայաստանում, չնայած որ շատ բան գիտեմ  հայերի ու իմ նախնինների մասին: Այսօր հայրիկիս, կնոջս ու որդուս հետ այցելեցինք Ծիծեռնակաբերդ, եղանք թանգարանում ու, կարծես, աչքերիս առջև զգացի մի պահ Եղեռնի  զարհուրելի պատկերները, որոնց մասին լսել եմ տատիկիցս: Իմ իսկական ազգանունը Ալթունյան է: 1934-ին թուրքերը ստիպողաբար փոխեցին և դարձանք Ալթինօղլի: Բայց մեր ընտանիքում շատ Ալթունյաններ կան»:


                                                                             Մարիետա Մակարյան
05.04.2015

        Խորհրդային Հայաստանում Ցեղասպանության թեմային           անդրադարձել են միջնորդավորված, եզոպոսյան լեզվով
/Զրույց ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն,
արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր,
ՀՀ ԳԱԱ
թղթակից անդամ
Արարատ Աղասյանի հետ/


    «Ցեղասպանության թեմայի արտացոլումը հայ կերպարվեստում» թեմայով զրույցը վերածվեց ընդհանրապես կերպավեստի մասին դասախոսության, և պարզվեց, որ սովորաբար հարցազրույցներից խուսափող պարոն Աղասյանը հետաքրքիր, ազատ արվեստաբան է: Կերպարվեստագետ տնօրենը շեշտեց, որ իր տեսակետները հնարավոր է չհամընկնեն հայ արվեստաբանների կարծիքների հետ:
    Ո՞րն է Եղեռնի թեմային անդրադարձի սկիզբը:
    «Երբ խոսվում է հայ կերպարվեստում Ցեղասպանության թեմայի արտացոլման մասին, չպիտի սահմափակվենք 1915-23 թթ. իրադարձությունների շրջանով: 1894 թվականի համիդյան զանգվածային ջարդերը խլեցին 300-400 հազար մարդու կյանք, և տևական ու շարունակական այս սպանդը չէր կարող անտաբեր թողնել հայ արվեստագետին: Կարող ենք հիշել Զմյուռնիայից Հակոբ Փափազյանի անունը, ով թեմային առաջին անդրադարձողներից էր: Նույն թվականներին Այվազովկու, Սուրենյանցի գործերում անդրադարձն անուղղակի է»,- ասում է Արարատ Աղասյանը:
    Հետաքրքիր էր իմանալ, որ խորհրդային կերպարվեստում Եղեռնի թեմային անդրադարձել են 1965 թվականից հետո միայն:
    «Խորհրդային շրջանի կերպարվեստում Ցեղասպանության թեմայով գեղանկար կամ քանդակ ստեղծվել է խրուշչովյան ձնհալից հետո,  երբ այն դարձավ պաշտոնապես ընդունված թեմա: Խորհրդային Հայաստանում, թեման, ըստ էության, փակ էր, և 20 թվականից մինչև 65 թվականը որևէ ստեղծագործություն չեք գտնի: Կարելի է բացառություն համարել Էդվարդ Իսաբեկյանի մի քանի գործեր՝ «Արևմտյան Հայաստանում», «1915», որոնք հավանաբար չեն ցուցադրվել: Արձանագործության մեջ էլ  անդրադարձ չի եղել: Թեև ուղղակի անդրադարձ չի եղել, քանի որ փակ, արգելված թեմա է եղել հասարակության համար, սակայն միջնոդավորված, եզոպոսյան լեզվով արվեստի գործեր ստեղծվել են: Միակ բացառությունը եղել է Կոմիտասին պատկերելը, իբրև Ցեղասպանւթյան մեծագույն զոհ ու խորհրդանիշ: Օրինակ, Եղիշե Թադևոսյանի «Կոմիտասը» գեղանկարում ենթագիտակցորեն ակնարկվում էր եղեռնը»,- ներկայացնում է Արարատ Աղասյանը:
    Եղիշե Թադևոսյանի՝ 1936 թվականին ստեղծված «Կոմիտաս» մեծադիր կտավի համար ելակետ է ծառայել դեռևս 1903 թվականին Բյուրականում արված նախանկարը: Նկարում Կոմիտասը վանականի սպիտակ հագուստով է: Նախանկարից 3 տասնամյակ անց, իր վերջին կտավում Թադևոսյանը պատկերել է Կոմիտասի՝ իբրև կատարյալ մարդու, նվիրական կերպարը: Կտավն արված է իմպրեսիոնիտական գույներով,  նուրբ կիսատոներով:
    «Նույնիսկ եղեռնը վերապրած, իրենց աչքով արհավիրքը տեսած, որբանոցներում մեծացած արվեստագետները, գեղագիտական սկզբունքներից ելնելով, չեն անդրադարձել, կամ՝ ունեն 4-5 գործ, ինչը նորմալ ու հասկանալի է: Օրինակի համար տեսեք՝ Մատիս և Պիկասո, երկու հանճարեղ ժամանակակիցներ: Պիկասոյի համար պատերազմի թեման գերիշխող էր, իսկ Մատիսի համար արվեստը «փափուկ, հարմարավետ բազկաթոռ է», արվեստը հանգստություն է, ներդաշնակություն և գեղեցկություն: Գանք մեր Սարյանին: Հայտնի փաստ էր, որ 1915 թվականին գաղթականության օգնելու նպատակով Էջմիածնում գտնվող Սարյանի հուզական աշխարհը ցնցվում է տեսած պատկերներից, հիվանդանում է,  սահմանագծին է հայտնվում: Բայց երբևէ չնկարեց ցեղասպանության պատկերներ, նա արևի, մարդու, կյանքի երգիչ էր,  նրա արվեստին խորթ է նկարել իր ժողովրդի թշվառությունը, ընկճվածությունը: Անուղղակի անդրադարձ կարելի է համարել 1969 թվականին նկարված «Կոմիտասը»՝  դարձյալ Կոմիտասի կերպարի միջոցով: Ուղղակի անդրադարձ չունի նաև վառ գույներով պորտրետների ու պեյզաժների նկարիչ Հարություն Կալենցը, թեև ականատես է, մեծացել է որբանոցում»,- ասում է արվեստաբան-տնօրենը:
    Պարոն Աղասյանի ներկայացմամբ, «թեման դոմինանատ էր Սփյուռքում», օրինակ, 30-ական թվականներից սկսած, այն առանցքային էր, սևեռում էր ինքնուս նկարիչ Մելքոն Քեպապճյանի համար, նրա կիսաաբստրակտ, էքսպրեսիոնիստական, գուաշով արված փոքրածավալ գործերում: Իսկ Ժանսեմը մի քանի տասնամյակ երբևէ չի անդրադարձել Եղեռնի թեմային, 90-ականներին, մի քանի տարում, նկարեց չորս տասնյակ կտավներ: Գառզուն «Ապոկալիպսիս» որմնանկարում մի ֆրագմենտ ունի: Թեման կարևոր տեղ է զբաղեցրել Քոչարի աշակերտներից Քաջազի արվեստում:
    Մելքոն Քեպապճյանը ծնվել է Ակնում /Սիամանթոյի, Մեծարենցի, Չոպանյանի հայրենիքը/: Ձևավորել է Թեոդիկի «Ամենուն տարեցույցի» 1920 թվականի հատորը: Մասնագետների գնահատմամբ, գծի բազմազանությանը տիրապետող, «զարմանալի, գունավոր երազների նկարիչն» իր սիմվոլիկ նկարներով «ողբացել է մեծ եղեռնը»: Նրա 100-ից ավելի կտավները հանգրվան են գտել Ազգային պատկերասրահում:
    Պատմական հանգամանքների բերումով «երկհասցե գրանցում» /Գառզուի խոսքն է/ ունեցող սփյուռքահայ արվեստագետները վաղ թե ուշ պատկերել են իրենց հետապնդող ցավը:
Գծի մոգական զորությանը տիրապետող Գառզուն /Գառնիկ Զուլումյան/ այլաբանորեն պատկերում է ժամանակակից իրականության անհոգի, հակամարդկային շերտերը: Ժանսեմը /Հովհաննես Սեմերջյան/ երկար տարիներ իր արվեստում չէր շոշափում Ցեղասպանության թեման և իր բացատրությունն ուներ. «Ատիկա չի գծվիր, չի շինվիր, շատ զորավոր պիտի ըլլաս, որ այդպիսի բաներ գծես»: Գծի վարպետից երկար տասնամյակներ պահանջվեց, որպեսզի կարողանա ուղղակի անդրադառնալ: Եվ գծանկարեց, եղերական, էլեգիական, պրկված, բեկբեկված գծերի ամբողջությունից ստեղծելով երեխաներ ու աղջիկներ, դաշտանկար ու քաղաքանկար,  լեռնանկար ու նատյուրմորտ: Թախծոտ ու եղերական են Ժանսեմի «Կանանց թափորը», «Խաչվառներ հրեշտակներով» կտավները:
    Գրաֆիկ, գեղանկարիչ ու քանդակագործ Խորեն Տեր-Հարությանը Ցեղասպանությունից հետո հանգրվանել է ԱՄՆ-ում: Սփյուռքի ամենաբեղմնավոր արվեստագետը փայտից, երկաթից, մարմարից կերտված գործեր ունի՝ «Սասունցի Դավթի ծնունդը» , «Մուսա լեռան 40 օրը»: Հայաստանին է նվիրել 200 քանդակ: Լևոն Թութունջյանի կտավներում նկատելի է մեծ եղեռնից փրկված լինելը, անհայրենիք լինելը:
    Ցեղասպանության ուղղակի անդրադարձ ու ամենացնցող պատկեր է Արշիլ Գորկու «Նկարիչը և իր մայրը» կտավը, տիեզերական աղետ տեսածի և ամեն ինչ կորցրածի աչքերով երիտասարդ մայր ու մանկահասակ տղա: Նկարելով գութանի անիվ, աքաղաղ, փշատի ու ծիրանի գույներ, ծաղկազարդ գոգնոց, խորաններ ու լեռներ` գծի ու գույնի միջոցով Գորկին փոխանցում է իր հայրենիքի նկատմամբ տածած քնքշությունը, թախիծն ու կարոտախտը:


Գայանե Մկրտչյան
31.03.2015

Աշոտ Մելքոնյան.«100 տարի անց վերջապես հատուցման

գաղափարը հաղթեց ճանաչման անպտուղ մոտեցմանը»


    ԳԱԱ  պատմության  ինստիտուտում Հայոց  ցեղասպանության 100-ամյա  տարելիցը հատկանշվում է գիտական հրատարակությունների և ուսումնասիրությունների շարքով, որում  ցեղասպանության  խնդիրը  դիտարկվում է որակապես նոր հարթության մեջ: Ինստիտուտի մասնագետներն  աշխատում են  գիտական ամուր հիմք ստեղծել Հայոց ցեղասպանության խնդիրը  իրավաքաղաքական  դաշտ  տեղափոխելու  և  հատուցման  խնդիրը  հանրային  գիտակցության մեջ գերակա դարձնելու ուղղությամբ: Հենց այս նպատակին  ուղղված  գործունեության մասին է  «Կամար»-ի  զրույցը   ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանի, Հայկական հարցի  և   Հայոց  ցեղասպանության  պատմության բաժնի վարիչ Արմեն   Մարուքյանի  և նույն բաժնի ավագ գիտաշխատող  Անահիտ Խոսրոևայի հետ:

    -Պարոն Մելքոնյան, տասնամյակներ շարունակ հայ պատմաբանները  գիտականորեն բացահայտել են Հայոց ցեղասպանության  ամբողջ հրեշավորությունը: Բայց  այսօր  արդեն  ակնհայտ է   նոր մոտեցումների անհրաժեշտությունը:

    Աշոտ   Մելքոնյան - Պետք է  ասեմ, որ  1960-ականների  կեսերից, երբ  հնարավոր եղավ  հայրենիքում  բարձրաձայնել  ցեղասպանության  խնդիրները, մեր  ինստիտուտն   առաջիններից մեկն էր, որ  հանդես եկավ  գիտական հրապարակումներով, մասնավորապես, նկատի ունեմ ակադեմիկոս  Մկրտիչ Ներսիսյանի  և պրոֆեսոր  Ռուբեն Սահակյանի հայտնի ժողովածուն` <<Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում>>, որը  մի քանի  անգամ վերահրատարակվեց: Եվ մենք  շարունակեցինք  այդ մոտեցումը  ու   նորանոր  սկզբնաղբյուրներ   հրապարակեցինք: Օրինակ, ակադեմիկոս  Վարդգես Միքայելյանը  երկար աշխատեց գերմանական  արխիվներում  և  հավաքեց  ահռելի քանակությամբ  նյութեր, որոնք    հրապարակեց  <<Հայոց   ցեղասպանությունը  կայզերական Գերամանիայի  արխիվներում>> վերնագրով աշխատության մեջ`  մի քանի լեզուներով: Այնուհետև,  հայերենի  վերածեցինք  ֆրանսահայ ուսումնասիրող Արթուր Բեհլերյանի երկհատորյակը` Վարուժան  Պողոսյանի թարգմանությամբ: Վարուժան Պողոսյանը մի քանի աշխատություններ  գրեց <<ֆրանսիացի  հումանիստները  Հայոց ցեղասպանության  մասին>>   վերնագրով: Մեր երիտասարդ  աշխատակիցներից  Բենիամին Պողոսյանը արդիական  մի քանի խնդիրների` իր  ուսումնասիրությունը  հրատարակեց: Այսինքն, մենք  խնդիրն  աստիճանաբար տեղափոխեցինք  իրավական  դաշտ:

    -Ի՞նչ   խնդիրներ  ու դժվարություններ  ունեցաք այդ ընթացքում:

    Աշոտ  Մելքոնյան - Խնդիրն  այն է, որ մենք,  չունենալով  համապատասխան իրավական կրթություն,  փորձեցինք  խնդիրը  հասկանալ իրավաբանի տեսանկյունից   և  մի  փոքր  էլ  մտանք  նրանց  դաշտ: Մենք  հասկանում  էինք, որ   շարունակել  գիտակայն մակարդակով  աշխարհին   ներկայացնել  Հայոց      ցեղասպանությունը, արդեն  ծիծաղելի է. դա  նշանակում է, որ  մենք  պայքարը  տանուլ  ենք  տալիս: Եվ  մենք   եկանք   այն եզրակացության, որ  խնդիրը  պետք է տեղափոխել  իրավաքաղաքական  դաշտ,  որովհետև  ի  սկզբանե   ցեղասպանության   խնդիրը   եղել է քաղաքական, որովհետև  ցեղասպանությունը  իրականացվել է  մեր  հայրենի  հողում` հայրենազրկում  իրականացնելու  միտումով:

    -Բայց նոր մոտեցումները   ենթադրում են սկզբունքորեն  նոր  աշխատաոճ  ու  հանրային  մտածողության   փոփոխություն: 

    -Գիտեք, երբ  տարիներ  առաջ  Աժ–ում, ապա  նաև  Ակադեմիայում    բուռն  կերպով  քննարկում  էին չարաբաստիկ   հայ-թուրքական  արձանագրությունները, ես  միակն     էի, որ  այն  ժամանակ  Կարեն   Խաչատրյանի  ու  Արմեն  Մարուքյանի  հետ   միասին    դեմ  խոսեցինք  ու   դեմ   արտահայտվեցինք: Այն  ժամանակ  մեզ   փնովեցին, բայց, բարեբախտաբար,  հասարակությունը  հանրային  մակարդակով  եկավ  այն  մտածողությանը, որ   ցեղասպանության  մասին  խոսելն  ամենևին   չի նշանակում  վտանգել  երիտասարդ  Հայաստանը: Խոսել   ցեղասպանության մասին կնշանակի  աշխարհին հիշեցնել, որ   մենք  գործ ունենք  մի  երկրի հետ, որը  ժխտողականության  միջոցով շարունակում է իր  նախնիների քաղաքականությունը: Զարմանալի  է` հայ  դատի  հանձնախմբերը դրսում  շատ  շնորհակալ  գործ են կատարում, բայց հատուցման  խնդիրը    շատ  երկչոտ     ու  անորոշ   էին  ներկայացնում: Պիտի  մի քիչ անհամեստություն անեմ  ու ասեմ, որ  մենք  այդ  համարձակությունն   ունեցանք  հանրությանը  հիշեցնելու,  որ  հատուցման  խնդիրը  մեզ  համար  առաջնային  է և    արկածախնդրության   հետ բացարձակապես որևէ   կապ չունի: Խնդիրն,  ի  սկզբանե  քաղաքական լինելով, հետևանքների  վերացումը պետք  է  լինի  իրավաքաղաքական  դաշատում: Եվ   մենք  այս ուղղությունը պետք   է  զարգացնենք: Հիմա  լսարանը  շատ   լավ  արձագանքում է  և  պարատաստ  է  ճիշտ  ընկալել  հատուցման  գաղափարը:

    _Բայց չէ՞ որ կան հատուցման շատ հայտնի ու միջազգայնորեն ընդունված օրինակներ:

    Աշոտ   Մելքոնյան - Եվ    դա  բնական է, օրինակ, հրեաների  դեպքում  1952-ից  սկսած` Կոնրադ Ադենաուրից  մինչև Անգելա  Մերկել  շարունակվում  է  հատուցման գործընթացը, որը տարբեր հաշվարակներով  արդեն անցել է մեկ տրիլիոնի սահմանը: Յոթ   զանազան  խոշոր ծրագրեր  են  ֆինանսավորվում գերմանացիների  կողմից` ծնելիության  խրախուսում, որբանեցներին, ծերանոցներին  աջակցություն և զանազան այլ ծրագրեր: Բայց մեր պարագայում, հատուցման խնդիրն  իրավաքաղաքական   դաշտում  ընկալելու իմաստով,  իսկապես  շատ  կարևոր   է  հանրային մտածողությունը փոխելը և այսօր`  հարյուր տարի անց,  վերջապես  գոհունակությամբ   կարող ենք  ասել, որ հատուցման  գաղափարը հաղթել  է  ճանաչման   անպտուղ մոտեցմանը  և դարձել է հանրային սեփականություն:

    -Պարոն Մարուքյան, եթե փորձենք ավելի մանրամասնել` գիտական ի՞նչ ուսումնասիրություններ են կատարվում ինստիտուտում:

    Արմեն   Մարուքյան - Մենք   միայն  այս տարի չէ, որ  զբաղվում ենք Հայկական հարցի  և   Հայոց ցեղասպանության  պատմության տարբեր հիմնահարցերի ուսումնասիրությամբ: Մեր ինստիտուտի աշխատակիցները պարբերաբար   ուսումնասիրություններ են հրատարակում  նվիրված  արդեն արծարծված  խնդրին: Օրինակ, մեր  բաժնում  բավական երկար տարիներ  իրականացնում ենք  աշխատանքներ` համեմատական ցեղասպանագիտության   ուղղությամբ: Մասնավորապես, մեր բաժնի  աշխատակից Անահիտ Խոսրոևան լրջորեն  ուսումնասիրում  է  ոչ  միայն  Օսմանյան կայսրության տարածքում  ասորիների, այլև հույների ցեղասպանության հիմնախնդիրները: Նա  հրատարակել  է   ասորների  ցեղասպանության  հետ կապված  աշխատանք: Մենք  նաև  համեմատական  վերլուծություն ենք  կատարում,   թե  մեթոդաբանության  ու   քաղաքականության  ինչ  նմանություններ ու տարբերություններ  կան,   և  սա   շատ  կարևոր    ուղղություն է, ըստ իս, քանի  որ  մենք հիմնավորում ենք, որ  ցեղասպանության  քաղաքականությունը  ուղղված  չէր միայն մեր  դեմ: Գլխավորապես առաջին հարվածն, անշուշտ, հասցվեց հայությանը, բայց դրան զուգահեռ  իրականացվում  էր նաև  այլ  ժողովուրդների ցեղասպանություն: Սա գալիս է  ապացուցելու, որ ի դեմս  Օսմանյան կայսրության  և նրա   իրավահաջորդ  Թուրքայի Հանրապետության   մենք  գործ ունենք  ցեղասպան պետության հետ: Հայկական հարցի պատմագրության ուղղությամբ  բավական լուրջ այլ աշխատանքներ  ևս  կան, ուզում  եմ  հիշատակել  մեր աշխատակից Նորայր  Սարուխանյանի  ուսումնասիրությունները, որոնք  հայկական հարցի պատմագրության  տարբեր հիմնախնդիրներ   են   վերհանում: Վերջերս հրատարակվեցին  նաև  իմ գրքերը` կապված Հայոց  ցեղասպանության հետևանքների  հաղաթահարման  հիմնախնդիրների   և պատմաիրավական հիմնավորումների  հետ: Հանրապետության նախագահի դրամաշնորհային   ծրագրով իրականացվեց   մի աշխատանք, որը վերաբերվում   է  Հայոց  ցեղասպանության  գործով  միջազգային  դատարան  դիմելու  հիմքերին  ու հնարավորություններին: Այսինքն, հայոց պահանջատիրության խնդիրը  փորձում ենք  լուրջ  գիտական հիմքով տեսնել  պատմաիրավական  դաշտում: Պատմական փաստերը   տեղափոխելով միջազգային իրավական    հարթություն` դրանք   համադրելով   միջազգային  իրավունքի նորմերի հետ,  վերհանում  ենք  այն հնարավորությունները, որոնք  կարող  են օգտագործվել Հայաստանի կողմից  ցեղասպանության  հետևանքների հաղթահարման  և  կամ  պահանջատիրության  հարցում: Եկող  տարի   ևս  մի  ծրագիր   ունենք` դարձյալ  նախագահի  դրամաշնորհային ծրագրով: Տեսեք, մենք   իրավական ասպեկտները  վեր ենք  հանում, որ  ՀՀ-ն   որպես   միջազգային իրավունքի սուբյեկտ, լինելով ՄԱԿ-ի  լիիրավ անդամ,  ցեղասպանության    կոնվենցիայի   անդամ  երկիր,  որոշակի  հնարավորություններ   ունի այդ  ուղղությամբ  քայլեր  ձեռնարկելու, անշուշտ,  համագործակցելով Սփյուռքի  պատկան մարմինների  հետ: Բայց մենք նաև  հրաշալի գիտենք, որ միջազգային  իրավունքն անկատար չէ: Շատ հաճախ  տեսնում ենք  երկակի  ստանդարտներ, երբ նույն   իրավիճակը   տարբեր  իրավական որակում  ու գնահատական  է ստանում: Հեռու  չգնանք, նույն մեր արցախյան հիմնահարցը, որ  ենթարկվում է  երկակի ստանդարտների, երբ  նույն իրավիճակում   կիրառվում  է   ազգերի  ինքնորոշման իրավունքը, իսկ մեր պարագայում չգիտես ինչու` տարածքային ամբողջականության սկզբունքը: Ահա այս իմաստով, քանի որ միջազգային իրավունքը դարձել է  համաշախարհային քաղաքականության  հզոր  դերակատարների  խաղալիքը` իրենց  քաղաքական նպատականերին հասնելու  համար, ակնհայտ է, որ մինչև   իրավական  գործընթաց  նախաձեռնելը պետք է  լուրջ  քաղաքական նախապատրաստական աշխատանք  կատարվի:

    -Բայց, կարծես թե  պատմական  կեղծարարության  ու  դիվանագիտական կեղծիքի  միջոցով   Թուրքիան   առ այսօր  ավելի  նախաձեռնողական  դիրքում  է  եղել:

    Արմեն   Մարուքյան – Հենց այդ պատճառով էլ  մեր մյուս կարևոր  ծրագիրը,  որ  պետք է իրականացնենք այս  տարի, կապվում  է  ընդունված կարծրատիպերի  հետ: Մեզ  մոտ  կարծրատիպ  կա, որ Թուրքիայի  դիվանագիտությունն անպարտելի  է, որ  նա  աշխարհի ուժային կենտրոնների   հետ  փայլուն հարաբերություններ  ունի, որ  այս առումով  հնարավոր չէ  հասնել որևէ  հաջողության: Բայց վերջին զարգացումներն   ապացուցում են  ճիշտ  հակառակը: Թուրքիայի   հարաբերություններն  այդ  ուժային կենտրոնների հետ` թե՛  ԱՄՆ-ի, թե՛   ԵՄ   և ՌԴ հետ, հիմա արդեն բավական լուրջ խոչընդոտների են հանդիպում   ու   լուրջ  հակասություններ կան Թուրքիայի  և այս կենտրոնների միջև: Եվ մեր  հետազոտությունները  նվիրված   են  լինելու  հենց  այդ  հակասությունների  վերհանմանը: Պետք է աշխատել  այդ երկրների հետ, բացատրել, որ   Թուրքիան այլևս ԱՄՆ ռազմավարական  գործընկերը չէ, որովհետև արդեն լուրջ  հակասություններ կան, Թուրքիան   արդեն ինքնուրույն  խաղ է սկսել  մեր տարածաշրջանում, իսկ  դա  որոշակիորեն  հակադրվում է ամերիկյան  շահին: Նույն    հակասություններն   են  նաև ԵՄ  հետ; Ահա   այս  հակասությունները   պետք   է  վեր հանվեն  և  այդ  հոլովույթում  հասկանանք,  թե որքան է իրատեսական այդ երկրներում  ստեղծել այնպիսի  քաղաքական ֆոն, որ  երբ մենք  նախաձեռնենք իրավական գործընթացը,  այս  երկրները ոչ   միայն  չխոչընդոտեն, այլև` ողջունեն,  որն  ուղղվելու  է   պատմական արդարության  վերականգնմանը, մեր իրավունքների  վերականգնմանը` ինչպես մեր հայրենիքի  նկատմամբ, այնպես  էլ այն ունեցվածքի,  որ  բռնազաղթվեց  ցեղասպանությանը զուգահեռ:

    -Անահիտ, Դուք ցեղասպանագիտություն եք դասավանդում նաև ամերիկյան  համալսարաններում, արդյոք հիմնվո՞ւմ եք Հայոց ցեղասպանության իրողությունների   վրա: 

    Անահիտ Խոսրոևվա - Ես ներկայացնում  եմ  ցեղասպանագիտության պատմությունը` սկսած Օսմանյան կայսրությունից, բնականաբար, սկսելով հայերի Ցեղապսանությունից: Ես  պատմավերլուծություն եմ անցկացնում  հույների  և  ասորիների հետ  ու  հասնելով հրեաների Հոլոքոստին, Կամբոջիայի, Ռուանդայի ցեղասպաություններին, ինչպես նաև Դարֆուրին` ուսանողների հետ համեմատական վերլուծություն եմ անում` ինչ նմանություններ ու  տարբերություններ կան: Փորձում ենք քննել նաև, թե որոնք  են  եղել  հիմքերը և, ի վերջո, գալիս  ենք   եզրակացության, որ եթե դարի առաջին   ցեղասպանությունը, որ   հայերինն   էր` ժամանակին կանխվեր  ու   դատապարտվեր, բոլոր այս  ցեղասպանությունները   հետագայում չէին լինի:

Զրուցեց  Նարինե  Առաքելյանը
27.03.2015

Մեկնարկել է «100 վայրկյան» նախագիծը


    Այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «100 վայրկյան» նախագծի շնորհանդեսը, որին մասնակցել են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Վիգեն Սարգսյանը, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը: 
    Առաջինը դերասանուհի Սալի Դեյն է 100 վայրկյանում վերապատմում Ցեղասպանության վկայությունը: Այն Մարիամ Ղազարյանի պատմությունն է: 24 վկայություններից մեկն է, որ վերցված է Ազգային արխիվի հրապարակած Ցեղասպանության ականատեսների վկայություններից: Դրանք առաջինն էին, որ գրի են առվել 1916-1917 թվականներին: Նախագծի հայտնի մասնակիցներին ուղարկվել է 5 վկայություն, և նրանք, ըստ իրենց ցանկության, ընտրել են մեկը: Այդպիսով, ամեն օր աշխարհում հայտնի մի մարդ կպատմի մի հայ ընտանիքի ողբերգության մասին:                    
    24 տեսահոլովակից բաղկացած «100 վայրկյան» նախագիծն աշխարհին կներկայացնի Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց վկայությունները: Տարբեր երկրների հայտնի մարդկանց, գրողներին, երաժիշտներին, դերասաններին, լրագրողներին առաջարկվել է ընթերցել հատվածներ նրանց հուշերից:
    Ռալֆ Յիրիկյանի հավաստմամբ  նախագծի միջոցով Հայաստանը դիմում է քաղաքակիրթ աշխարհին` կոչ անելով միշտ հիշել և դատապարտել ցեղասպանությունները. «Վերջին 10-ը տարվա ընթացքում մենք «Մեդիամաքս»-ի հետ համատեղ շատ կարևոր նախագծեր ենք իրականացրել, սակայն այս մեկը յուրահատուկ է, քանի որ պետք է աշխարհին հիշեցնի հայոց պատմության սարսափելի էջի մասին: Մենք շնորհակալ ենք տարբեր ազգության մարդկանց, ովքեր մասնակցեցին այս նախագծին և դրանով ապացուցեցին, որ Ցեղասպանության խնդիրը միայն հայերինը չէ: Այս նախագիծը մի պատգամ է քաղակակիրթ աշխարհին, որ չպիտի մոռանանք, պիտի հիշենք, պատմենք ու հիշեցնենք բոլորին, որ եթե չդատապարտենք կատարվածը՝ կքաջալերենք նոր ցեղասպանությունները»,- շնորհանդեսին ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
    ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար
Վիգեն Սարգսյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումն իրականացվում է չորս հիմնասյուների շուրջ՝ հիշողություն, երախտագիտություն, միջազգային պայքար և վերածնունդ։   
    «Մեր նախագիծը կոչված է հերքելու Ադոլֆ Հիտլերի այն խոսքերը, որոնք նա ասել էր 1939 թվականին՝ Լեհաստան ներխուժելուց մեկ շաբաթ առաջ. «Եվ ո՞վ է այսօր հիշում հայերի վերացման մասին»: Երբ խոսում ենք 1,5 միլիոն զոհերի մասին, երբեմն չափազանց վիճակագրորեն ենք մոտենում ողբերգությանը՝ մոռանալով, որ այդ 1,5 միլիոնը կոնկրետ մարդիկ էին և գործ ունենք միլիոնավոր մարդկային ողբերգությունների հետ: Ցեղասպանությունը ոչ միայն ազգային, այլև անձնական ողբերգություն էր», - ասաց «Մեդիամաքս»-ի տնօրեն Արա Թադևոսյանը:  
    Մինչև ապրիլի 23-ը յուրաքանչյուր  օր hամացանցում կներկայացվի մեկական նոր տեսահոլովակ, սակայն այդուհետ էլ ցանկացողներն այն կգտնեն ու կդիտեն www.mediamax.am/100seconds հղումով։ Նախագիծն իրականացնում են «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, «Մեդիամաքս»-ը և «Թումո Դիզայն» ընկերությունը։


Պատրաստեց Գոհար Աբրահամյանը
24.03.2015



էդուարդ  Միլիտոնյան.<<Միայն  2015-ին չէ, որ

պետք է խոսենք Ցեղասպանության  մասին>>


    Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով ամբողջ 2015-ի ընթացքում  Հայաստանի  գրողների միությունը հիշատակի տասնյակ միջոցառումներ կանցկացնի  Հայաստանում, Արցախում և Հայաստանի սահմաններից դուրս: Կլինեն  1915-ին նվիրված  հատուկ  հրատարակչական նախագծեր, քարոզչական միջոցառումներ  ու  թարգմանական ժողովածուներ, որոնք հասցեագրված են ոչ միայն հայաստանյան լսարանին, այլև  արտերկրի օտարազգի ընթերցողներին: Տարվա ընթացքում Գրողների միության կողմից  իրականացվելիք բազմաթիվ ծրագրերի մասին  «Կամար»-ի  թղթակիցը    ՀԳՄ  նախագահ էդուարդ  Միլիտոնյանի հետ զրույցը  սկսել է նախորդ տարվա աշխատանքի գնահատումից: 2014-ի գրական տարուց Գրողների միության նախագահը գոհ է ոչ միայն ստեղծագործական ծրագրերի իրականացման, այլ  նաև  հենց հիշատակման միջոցառումների ակտիվության իմաստով:

    -Եթե   չեմ սխալվում դեռ նախորդ տարվանից Գրողների միությունը սկսել  էր Հայոց ցեղասպանության 100-ամյակին  նվիրված միջոցառումների շարքը:

    -Այո, այդպես է: Մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ միայն 2015-ին չէ, որ պետք է խոսենք նախորդ դարասկզբի հայտնի ողբերգական իրողությունների մասին, այլ ցանկացած առիթ պետք է օգտագործենք  պատմական ճշմարտությունը բացահայտելու  և մարդկանց հիշողությունը վառ պահելու համար: Դեռ 2014-ին  բազմիցս անդրադարձել ենք այդ  թեմային, իսկ տարեվերջին՝ դեկտեմբերին, մի գեղեցիկ երեկո կազմակերպեցինք՝ նվիրված նահատակ  պոետների հիշատակին:  Ամբողջ երեկոյի ընթացքում Գրողների միության դահլիճում նրանց ստեղծագործությունները բեմից հնչեցնում էր մեր մեծ  դերասանուհին՝ ՀՀ  ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը: 

    -Պարոն Միլիտոնյան, այս տարի կլինե՞ն արդյոք հրատարակչական հատուկ նախագծեր՝ կապված 100-ամյակի հետ:

    - Այս  տարվա գրահրատարակչական ծրագրերը գերազանցապես միտված են հենց Ցեղասպանության 100-ամյակին, բայց Գրողների միությունը  միայն  2015-ով չի  սահմանափակվի, մենք   նախատեսում ենք այս թեման նույն  շեշտադրումներով և  նույն  հետևողականությամբ  շարունակել  նաև հետագա  տարիներին: Սակայն ամենից առաջ ուզում եմ նշել  տարվա` մեր կարևոր  նախագծերից  մեկը, որը   100-ամյակի հիշատակության միջոցառումների շարքում բազմաթիվ հրատարակչական ծրագրերից ամենաազդեցիկներից է: Խոսքը  ցեղասպանված 11 հայ գրողների` Վարուժանի, Զոհրապի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի  և  էլի յոթ  տաղանդավոր այլ գրողների  ժողովածուի հրատարակությունն  է, որը  բացի հայերենից,  կթարգմանվի  և կհրատարակվի  ևս  չորս  լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն ու  գերմաներեն: Պետք  է  ասեմ  նաև,  որ  արդեն  մայիսին 10-ին Գերմանիայում` Մագդեբուրգում,  այս ժողովածուն կներկայացվի եվրոպական մեծ լսարանին: Ի  դեպ, այս   նույն  լսարանին կներկայացվի  նաև  մի այլ հրատարակություն, որը մենք  իրականացնում ենք  մեր գերմանացի գործընկերների հետ: Գերմանիայի  Սաքսոնիա-Անհալթ  երկրամասի Ֆրիդրիխ  Բոդեկեր գրական միավորման հետ միասին  մենք անցկացրեցինք  դրպոցական շարադրությունների մրցույթ Ցեղասպանության թեմայով  և  այժմ  հրատարակում ենք  դրանցից լավագույնների ընտրանին, որի  շնորհանդեսը նույնպես տեղի կունենա   նույն օրը` Մագդեբուրգում:

    -Արդեն  ավանդաբար  հրատարակչական  նորույթները, նախևառաջ ներկայացնում եք    գրքի  հեղինակավոր   միջազգային ցուցահանդեսներում և տոնավաճառներում:

    -Նախորդ ամիս մենք դարձյալ մասնակցեցինք  Մինսկի գրքի միջազգային ցուցահանդեսին: Պետք է  ասեմ, որ  չափազանց  գոհ եմ   հայկական տաղավարի ներկայացումից. 100-ից ավելի գեղարվեստական գրքեր  ու  պատկերագրքեր, հատկապես տպավորիչ  էր  Ցեղասպանության 100-ամյակի ցուցափեղկը: Ուզում  եմ նշել, որ  մենք  հիմա  օգտագործում ենք   միջազգային հանդիպումների ամբիոնը`  մեկ անգամ ևս բարձրաձայնելու ամբողջ  ճշմարտությունը  Ցեղասպանության մասին: Մինսկի Գրական միջազգային խորհրդակցության ամբիոնից ես խոսեցի  այն մասին, որ Թուրքիան հայերի  ցեղասպանութունը սկսեց հենց  մտավոր ներուժի գլխատումից: Երբ այդ մասին խոսում ես ընդհանուր  դատողությունների տիրույթում, բոլորովին այլ բան է, բայց երբ տալիս  ես  կոնկրետ անուններ` գրողների, ստեղծագործող անհատների` շատ ավելի  տեսանելի   է  դառնում  ոճիրի ամբողջ  ահավորությունը: Ապրիլին <<Ծիծեռնակ>> հրատարակչությունը կտպագրի  նաև  հայ   ժամանակակից  գրողների  ստեղծագործությունների ժողովածուն` նվիրված ցեղասպանության  թեմային:

    -Առաջիկայում մասնակցելու եք  նաև գրքի միջազգային տոնավաճառներին Ֆրանկֆուրտում, Լոնոդոնում և  Փարիզում: Լինելո՞ւ են արդյոք  Ցեղասպանությանը  նվիրված թեմատիկ ցուցադրություններ:

    -Այս  բոլոր  միջազգային  ցուցահանդեսներում  մենք մեր  ավանդական, հայկական տաղավարից բացի այս տարի ունենալու ենք   առանձին ցուցափեղկ, որտեղ կներկայացվեն  այս  թեմայով ոչ միայն հայերեն, այլև թարգմանական հարուստ  գրականություն` հաշվի առնելով, որ գրքի այս միջազգային  տոնավաճառները եվրոպական ամենամեծ  ու ներկայացուցչական  շուկաներն են  և  լուրջ  ազդեցություն ունեն   հանրային կարծիքի ձևավորման գործընթացի   վրա: 

    -Պարոն.Միլիտոնյան, շատ հաճախ եք խոսում նաև  կրթական-քարոզչական  ծրագրերի անհրաժեշտության մասին: Ի՞նչ  է  արվելու այդ ուղղությամբ:

    -Ասեմ, որ ամբողջ տարվա ընթացքում մենք բազմաթիվ հանդիպումներ ու միջոցառումներ ունենք ինչպես Երևանի, այնպես էլ մարզային հանրակրթական դպրոցներում և կրթօջախներում: Դեռ  անցած  շաբաթ  մի հրաշալի   միջոցառում ունեցանք Երևանի Ռուբեն Սևակի  անունը կրող հանրակրթական դպրոցում, նշեցինք  Սևակի  օրը, ամբողջ  միջոցառման ընթացքում հնչեց  Սևակ  ու  հիշատակի  և ոգեկոչման  խոսքեր: Բայց մենք շատ ենք կարևորում նաև ապակենտրոնացման   սկզբունքը  և   նմանատիպ շատ միջոցառումներ ենք  անցկացնում նաև  մայրաքաղաքին մոտ, նաև հեռավոր  մարզերում: Նահատակ գրողներին նվիրված նման մի հիշատակի  օր անցկացրեցինք  նաև Էռնեկյանի հովանավորած կրթօջախում` Էջմիածնում:       

    -Եվ  պիտի  խնդրեմ,  որ Ցեղասպանության  թեմատիկայից բացի  պատմեք  նաև միության այլ ծրագրերի մասին:

    -Գիտեք, ունեցել ենք  միջոցառումներ, որոնք  նոր լիցքեր են  հաղորդել գրական կյանքին, հատկապես  կարևորում եմ   15-ամյա ընդմիջումից հետո անցկացված լիագումար գրական նիստերը: Նախորդ  տարին  արդյունավետ էր  նաև եվրոպական և ԱՊՀ  տարածքի գրչակից ընկերների հետ համագործակցության իմաստով: Այս տարի հրատարակչական ու թարգմանական նոր, խոշոր ծրագրերի ակնկալիք  ունենք` կապված Լիտվայի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի ու Գերմանիայի գրական կառույցների հետ: Հայաստանյան   դաշտում  անելիքներ ունենք գրքերի տպաքանակն ավելացնելու հարցում: Չէ որ ժամանակակից գրողների գրքերը  տպագրվում են ընդամենը  500 օրինակով: Վերջին  տարիներին    պետական աջակցության և պետպատվերի շրջանակում վերահրատարակված գրքերի շարքում տեղ են գտել համաշխարհային և ազգային  գրականության  դասականները՝ Գաբրիել Գարսիա Մարկես, Ֆիրդուսի, Ակսել Բակունց, Վահագն Դավթյան, Շահան Շահնուր, Նար-Դոս, Մուշեղ Իշխան և ուրիշներ: Կարևոր  խնդիր է նաև  մարզային գրադարանները  նոր  հրատարակված  գրքերով համալրելը, այնպես որ խնդիրները շատ են և  մենք աշխատում  ենք  հնարավոր լավագույն լուծումները գտնել դրանց համար:


      Զրուցեց  Նարինե  Առաքելյանը
19.03.2015

Երևանում մեկնարկել է «Արարատի ստորոտին» մեդիա համաժողովը. առանցքային թեման Ցեղասպանության
100-րդ տարելիցն է


    Մարտի 18-ից 20-ը Երևանում անց է կացվում «Արարատի ստորոտին» 5-րդ միջազգային եռօրյա  մեդիա համաժողովը, որին մասնակցում են աշխարհի շուրջ 30 երկրներից մոտ 150 ներկայացուցիչ: Վերջիններիս մեծ մասն իրենց երկրներում առաջատար լրատվամիջոցների ղեկավարներ, խմբագիրներ են:
Մասնակիցները կայցելեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան: Խորհրդաժողովի ուշադրության կենտրոնում է մեկ դար առաջ Օսմանյան կայսրության կողմից Արևմտյան Հայաստանի և կայսրության այլ տարածքներում իրականացված Հայոց ցեղասպանությունը: Խորհրդաժողովն անցնում է «Հիշում եմ և պահանջում» խորագրի ներքո: Նրա թեմատիկ ուղղություններն են՝ Հիշողություն, Երախտագիտություն, Միջազգային պայքար ցեղասպանությունների ճանաչման համար, Վերածնունդ, որոնց տրամաբանության ներքո անց են կացվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները:
     Մեդիա համաժողովը Հայոց ցեղասպանության պատմության ճանաչման, պետությունների պատասխանատվության ու ապագա ոճիրների կանխարգելման, Ցեղասպանության եղելության հերքման, մշակութային արժեքների ոչնչացման ու այլ հիմնախնդիրների քննարկման հարթակ է:
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ «ԱՐԱՐԱՏԻ ՍՏՈՐՈՏԻՆ» 5-ՐԴ ՄԵԴԻԱ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ

    Հարգելի՛ լրագրողներ,
    Տիկնա՛յք և պարոնա՛յք,
    Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում՝ այս կարևոր և մասշտաբային միջոցառման շրջանակներում: Աշխարհի տարբեր անկյուններից 150 անվանի լրագրողների ներկայությունն արդեն իսկ խոսում է այս համաժողովի նկատմամբ միջազգային հանրության ուշադրության, ինչպես նաև Հայաստանի հանդեպ ունեցած հետաքրքրության մասին: Հուսով եմ, որ «Արարատի ստորոտին» գեղեցիկ խորագիրը կրող համաժողովի մասնակիցներդ աշխատանքից բացի հնարավորություն կունենաք ծանոթանալու հայկական մշակույթին և խոհանոցին, հմայվելու բիբլիական Արարատ լեռան հիասքանչ տեսարանով:
Ակնհայտ է, որ մեր օրերում լրատվամիջոցները համամարդկային արժեքները տարածելու, դրանց ոտնահարման դեմ պայքարելու և միջազգային հանրությանը համախմբելու հսկայական ներուժ ունեն: Այսօր մեկ հարկի տակ է հավաքվել միջազգային լրատվամիջոցների խիստ ներկայացուցչական մի կազմ, որն արդեն իսկ ձևավորել է Հայոց ցեղասպանությանն առնչվող քննարկումների արդյունավետ մեդիա հարթակ՝ միտված ևս մեկ անգամ վեր հանելու 20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկի հետ կապված իրողությունները։ Այս համաժողովը, ինչու չէ, նաև յուրօրինակ հարթակ է առավել հանգամանալից և համակողմանի ներկայացնելու տարբեր ոլորտներում Հայաստանի Հանրապետության ձեռքբերումներն ու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները:
    2015 թվականին Հայաստանը, աշխարհասփյուռ հայությունը միջազգային հանրության հետ հիշում և ոգեկոչում են մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը, որին զոհ դարձավ 1.5 միլիոն հայ, հարյուր հազարավորներն էլ դարձան գաղթական կամ բռնի կրոնափոխ եղան։ Յուրաքանչյուր հայ, աշխարհի որ անկյունում էլ գտնվի, զգում է Մեծ եղեռնի հետևանքները թե՛ բարոյահոգեբանական, թե՛ մշակութային, թե՛ լեզվական և թե՛ քաղաքական առումներով:
Մենք կցանկայինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչել նաև թուրք ժողովրդի հետ միասին՝ դրանով իսկ ազդարարելով երկու ժողովուրդների միջև հաշտեցման և հարաբերությունների հաստատման մի նոր հանգրվան, որին էլ միտված էին 2009 թվականին Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները և իմ հրավերը Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց եղեռնի զոհերի հիշատակը: Ցավոք, այս անգամ էլ մենք բախվեցինք ժխտողականության հետ, որն այս տարի առանձնահատուկ դրսևորում ստացավ:
        Վստահ եմ՝ տեղյակ եք, որ այս տարի Թուրքիայի իշխանությունները որոշում կայացրեցին Գալիպոլիի մարտերի հարյուրամյակը տոնել հենց ապրիլի 24-ին, որի միակ դրդապատճառը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու պարզունակ նպատակն էր: Ի դեպ այս առիթով ձեր նորվեգացի գործընկեր Բորդ Լարսենը ս.թ. փետրվարին հրապարակած «Անօգուտ դիվանագիտություն» վերտառությամբ իր հոդվածում շատ դիպուկ նկատել է, թե «սա նման կլիներ նրան, որ, ասենք, Գերմանիան Հոլոքոստի միջազգային հիշատակման օրը տոներ Վերմախտի հերոսական հաղթանակներն Արևելյան ճակատում` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»:
Ցավում եմ, որ Թուրքիայի իշխանություններն այս տարելիցը որպես սեփական պատմության հետ առերեսման և հաշտեցման առիթ օգտագործելու փոխարեն, իրենք իրենց դրեցին անհարմար իրադրության մեջ՝ ակնհայտ կերպով խեղաթյուրելով Գալիպոլիի մարտերի՝ քաջ հայտնի ժամանակագրությունը և այդպիսով համեմելով ժխտողականության քաղաքականությունը նոր դրսևորումներով:
          Թուրքական իշխանություններն իրենց ժխտողական քաղաքականությամբ ոչ միայն արդարացնում են Օսմանյան իշխանությունների հանցագործությունը՝ հայերի հայրենազրկումը, այլև վտանգավոր նախադեպ ստեղծում նոր ցեղասպանությունների իրագործման համար: Դրա վառ օրինակներից են Հոլոքոստը, Ռուանդայի, Կամբոջայի ցեղասպանությունները, վերջին տարիներին «Իսլամական պետության» կողմից իրականացվող էթնիկ զտումներն ու մշակութային ժառանգության ոչնչացումը: Նրանց՝ պատասխանատվությունից խուսափելու կամ Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնելու փորձերը կարելի է որակել որպես շարունակական հանցագործություն և նոր ցեղասպանությունների խրախուսում:
         Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ Թուրքիայի մտավորականության և առաջադեմ երիտասարդության ավելի ու ավելի շատ հատվածներ խիզախում են առերեսվել իրենց պատմական անցյալի հետ՝ ցանկանալով ապրել արժանապատիվ և չկրել մեղքի այդ ծանր բեռը:
        Ակնհայտ է, որ Թուրքիայի ներկա իշխանության որդեգրած քաղաքականության շրջանակներում այլևս անհնարին էր հայտնի Արձանագրությունների կյանքի կոչումը, ինչը պաշտոնական Անկարան տեսնում էր իր կողմից անընդհատ առաջ քաշվող անհեթեթ նախապայմանների հարթությունից միայն: Այդ իսկ պատճառով ես որոշեցի հետ կանչել դրանք մեր խորհրդարանից: Այսպիսով գործընթացն իր տրամաբանական ավարտին չհասավ, և բոլորին հայտնի է, թե որ կողմի պատճառով այն ձախողվեց: Սա չի նշանակում, որ մենք փակում ենք Թուրքիայի հետ հաշտեցման պատուհանը: Այնուամենայնիվ, մենք մտադիր չենք ներգրավվել մի գործընթացում, որը կարող է դառնալ երրորդ երկրի ապակառուցողական կամայականությունների զոհ և ամենակարևորը՝ առանց վստահության վերականգնման:
         Ի սկզբանե մենք կարծում էինք, որ Թուրքիայի իշխանությունների կողմից հռչակված «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականության մեջ ամրագրված էին Թուրքիայի անկեղծ մտադրությունները՝ կարգավորել հարաբերությունները հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ: Չեմ ցանկանում մեկնաբանել Թուրքիայի և այլ պետությունների ներկա հարաբերությունների բնույթը, սակայն, ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, Թուրքիան կանգնեց «զրո հարևան և բազմաթիվ խնդիրներ» իրողության առջև: Փաստորեն, Թուրքիայի իրական մտադրությունը ոչ թե «հարևանների հետ զրո խնդիրներ» ունենալն էր, այլ հարաբերությունների սեփական ընկալումը հարևաններին պարտադրելը, որը ոչ այլ ինչ էր, քան նեոօսմանիզմի քաղաքականության դրսևորում:
    Ստեղծվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը, որին անդամակցում են հայկական խոշորագույն բոլոր կառույցների ղեկավարները: Հանձնաժողովի կողմից ընդունվեց Համահայկական հռչակագիրը, որում ամրագրված է հայ ժողովրդի հավաքական կամքը և որում վերահաստատվում է Հայաստանի և հայ ժողովրդի հանձնառությունը՝ շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման համար: Այդ տեսանկյունից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները սոսկ համահայկական բնույթ չեն կրում. դրանք համամարդկային արժեքների դեմ ցանկացած ոտնձգության կանխման յուրատեսակ կոչ են: Այդ իսկ պատճառով ես հրավերներ եմ ուղարկել աշխարհի տարբեր պետությունների ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնյաների՝ ապրիլի 24-ին գալու Հայաստան և այդպիսով ցեղասպանության հանցագործության անթույլատրելիության մասին հզոր ուղերձ հղելու աշխարհին:

      Հարգելի՛ բարեկամներ,
    Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է իր պայքարն ընդդեմ ցեղասպանության հանցագործության նաև միջազգային կազմակերպություններում:     2013թ. մարտին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 22-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնած՝ ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը: Այս տարի ևս առաջարկելու ենք նոր բանաձևի նախագիծ:
    Ոգևորիչ է, որ միջազգային հանրության ներկայացուցիչները ևս անմասն չեն Հայաստանի նախաձեռնություններին, ավելին՝ իրենց ծանրակշիռ ավանդն են բերում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում:
    Մենք հավերժ երախտապարտ ենք բոլոր այն պետություններին ու ժողովուրդներին, որոնք այդ արհավիրքի տարիներին և դրանից հետո ապաստան են տվել մեր ժողովրդի հազարավոր զավակների՝ տալով նրանց հնարավորություն վերապրելու և պահպանելու սեփական ինքնությունը, դառնալու տվյալ երկրների հասարակությունների լիարժեք անդամներ:
Կարևորելով ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը որպես դրանց կրկնության կանխարգելման միջոց` մենք շնորհակալ ենք նաև բոլոր այն պետություններին և կազմակերպություններին, որոնք անդրադառնում են մեր ժողովրդի հանդեպ կատարված այդ հանցագործությանը: Սա վկայում է համամարդկային արժեքների պաշտպանության գործում քաղաքակիրթ աշխարհի անկեղծ հանձնառության մասին, միաժամանակ ցեղասպանություն վերապրած ժողովուրդների մոտ հավատ ներշնչում արդարության, ոտնահարված իրավունքների վերականգնման, դրանց արժանի դատապարտման ու անպատժելիության անթույլատրելիության հարցում:
    Նման հանձնառության վերջին վառ վկայություններից էր ԵԺԿ քաղաքական համաժողովի՝ ս.թ. մարտի 3-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձևի ընդունումը: Այն լուրջ քաղաքական ուղերձներ է պարունակում Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և ժխտման վերաբերյալ՝ կոչ անելով Թուրքիային առերեսվել սեփական անցյալին: Եվրոպայի խոշորագույն և ամենաազդեցիկ քաղաքական ուժի նման դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում, անշուշտ, պետք է ուղղորդիչ դեր խաղա համաեվրոպական կառույցների և Եվրամիության անդամ պետությունների համար:
    Ակնհայտ է մի բան. այսօրվա աշխարհի կայունության ու բնականոն զարգացման գրավականը խաղաղ գոյակցությունն ու հանդուրժողականությունն են: Հենց այս սկզբունքով ենք առաջնորդվում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում՝ թույլ չտալով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և սադրիչ գործողությունների պատճառով խաղաղ բանակցությունների ձախողումը: Ի տարբերություն Ադրբեջանի իշխանությունների, որոնք իրենց սադրիչ գործողություններով վտանգում են ոչ միայն սեփական պետության, այլև տարածաշրջանի անվտանգությունը, Հայաստանը քաջ գիտակցում է այդ արկածախնդիր քաղաքականության ծանր հետևանքները: Հետևաբար, զսպելով ադրբեջանական ռազմական սադրանքները, մենք փորձում ենք կանխել նոր հակամարտության բռնկումը, ինչը լրջորեն կխաթարի առանց այն էլ անկայուն իրավիճակը մեր ողջ տարածաշրջանում:
Մենք թշնամություն և ատելություն չենք սերմանում մեր ժողովրդի մեջ, ինչը Ադրբեջանի իշխանությունների՝ տարիներ շարունակ տարվող քաղաքականության անքակտելի բաղկացուցիչն է: Ի տարբերություն Ադրբեջանի նախագահի, ով հայտարարում է, որ հայ ժողովուրդը Ադրբեջանի թիվ մեկ թշնամին է, ես կրկին բարձրաձայնում եմ, որ հայ ժողովուրդը թշնամի ժողովուրդ չունի:
        Ադրբեջանի կողմից տասնյակ տարիներ շարունակ տարվող հակահայ քաղաքականությունն ու պատմական արդարությունը վերականգնելու վճռականությունն էին, որ վերջնականապես մղեցին ԼՂ ժողովրդին իրացնելու ինքնորոշման իրենց անքակտելի իրավունքը՝ սեփական հողի վրա սեփական հայրենիք կառուցելու իրավունքը: Ադրբեջանի սպառնալիքներից և սադրանքներից անկախ՝ պատմության անիվն այսօր անհնարին է հետ շրջել. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այլևս կայացած իրողություն է, իսկ նրա ժողովրդի ազատատենչ ոգին անհնարին է կոտրել: Դրանում համոզվելու համար կոչ եմ անում ձեզ այցելել Լեռնային Ղարաբաղ՝ տեղում ծանոթանալու Արցախի պետականաշինությանը և օբյեկտիվ իրականությունը ներկայացնելու ձեր հասարակություններին:
    Խնդրի կարգավորման ՀՀ մոտեցումը մնում է անփոփոխ. այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, խաղաղ բանակցությունների միջոցով՝ Հելսինկիի եզրափակիչ ակտի՝ համանախագահների առաջարկած հայտնի երեք սկզբունքների հիման վրա: Ադրբեջանի ջանքերը՝ փոխել Մինսկի խմբի ձևաչափը, փորձել ՀՀ և ԼՂ հետ խոսել ուժի, սադրանքների կամ շանտաժի դիրքերից, չեն հանգեցնի խնդրի լուծմանը: Սա միանշանակ է:
        Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2015 թվականի հունվարի 27-ին Կրակովում հայտարարություն արեցին, որում կոչ էր արվում Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված իր հանձնառություններին: Վստահ եմ, որ զսպվածության պահպանմանն ուղղված թիրախային ուղերձների շարունակականությունը որոշակի զգոնություն կառաջացնի դրանց իրական հասցեատիրոջ մոտ:

           Հարգելի՛ ներկաներ,
    Թեև ցեղասպանության ճանաչումն ու ԼՂ հիմնահարցի հանգուցալուծումը կենսական խնդիրներ են մեզ համար, մեր օրակարգը, բնականաբար, շատ ավելի լայն է:
      Դարեր շարունակ մեր ժողովուրդն անցել է փորձությունների միջով, որոնք չեն կարողացել կոտրել հայի վճռական կամքը՝ պահպանելու սեփական ինքնությունը, տնօրինելու սեփական ճակատագիրը և ի վերջո կերտելու անկախ պետականություն: Եվ մենք կարողացել ենք հասնել մեր նվիրական, երբեմն անգամ երազանք թվացող նպատակներին:
Չնայած մեր պետականության տարիներին մեզ բաժին հասած դժվարություններին՝ մենք կարողացել ենք կառուցել ժողովրդավարական և ազատ տնտեսական մոդել ունեցող պետություն: Պետականաշինության բարդ գործում մենք մենակ չենք եղել. մշտապես զգացել ենք բարեկամ երկրների աջակցությունը և դժվարին պահին մեր կողքին լինելու պատրաստակամությունը:
       Մեր երկրի քաղաքական կարևոր ձեռքբերումներից են, անկասկած, քաղաքացիական հասարակության ձևավորումն ու զարգացումը, որը հատկապես վերջին տարիներին ակտիվություն է ցուցաբերում կառավարության տարբեր նախաձեռնությունների նկատմամբ: Հայաստանը մարդու իրավունքների, օրենքի գերակայության, տնտեսական քաղաքականության և մի շարք ոլորտներում իր բարեփոխումների և զարգացման ցուցանիշներով ոչ միայն չի զիջում, այլև մի շարք չափանիշներով զգալիորեն գերազանցում է տարածաշրջանի շատ երկրների:
     Ազատ մամուլը ևս, որ համակողմանիորեն լուսաբանում և հասարակությանն է ներկայացնում երկրի ներքին և արտաքին իրավիճակը՝ իր ձեռքբերումներով և բացթողումներով, անկախության տարիների մեր կարևոր նվաճումներից է: Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ամենամյա «Մամուլի ազատության ինդեքս 2015» զեկույցի, Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցրել է 78-րդ հորիզոնականը, առաջատար դիրքեր գրավելով ԱՊՀ երկրների շարքում և նույնիսկ առաջ անցնելով ԵՄ անդամ որոշ պետություններից : Ակնհայտ է, որ մեզ այդ ցուցանիշը չի բավարարում, բայց մենք փորձում ենք ամեն ինչ դիտարկել համեմատության մեջ, և եթե հինգ տարվա, երեք տարվա կտրվածքով մենք տեսնում ենք էական տարբերություն, այո, ինչ, որ տեղ սա գնահատում ենք:
    Ակտիվ գործունեություն է ծավալում քաղաքական ընդդիմությունը: Ինքս մեծապես կարևորում եմ կառուցողական ընդդիմության կայացումը և քաջ գիտակցում, որ այն ժողովրդավարության կայացման կարևոր բաղադրիչ է:
Հայաստանն ակտիվորեն ներգրավված է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գործընթացներում, որոնք նպատակաուղղված են արդյունավետ, հաշվետու և թափանցիկ կառավարման հաստատմանը:
    Այս համատեքստում կարևորում ենք նաև սահմանադրական բարեփոխումները, որոնք մենք նախաձեռնել ենք Հայաստանում: Դրանք նպատակ ունեն կատարելագործելու իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը, ապահովելու իշխանությունների լիարժեք հավասարակշռումը, բարձրացնելու կառավարման արդյունավետությունը: Այժմ մենք գտնվում ենք բարեփոխված սահմանադրության տեքստի մշակման փուլում, որն ընթանում է առավելագույն թափանցիկության և բոլոր շահագրգիռ կողմերին ներգրավելու սկզբունքներով:
        Մենք քաջ գիտակցում ենք, որ ժողովրդավար հասարակություն և երկիր կառուցելը շարունակական գործընթաց է, և պատրաստակամ ենք հետևողականորեն ներդնել մեր ջանքերն այդ նպատակին:

        Հարգելի՛ լրագրողներ,
    ՀՀ արտաքին քաղաքականությունը մշտապես կառուցվել է տարբեր համակարգերի փոխլրացման, տարածաշրջանում ներգրավված խոշոր տերությունների շահերի համադրման վրա: Անդամակցելով ՀԱՊԿ-ին՝ ՀՀ-ն միաժամանակ ակտիվորեն զարգացրել է իր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ՝ խաղաղապահ առաքելությունների միջոցով իր նպաստը բերելով միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդմանը: Մեր երկիրը ռազմավարական դաշնակցային հարաբերություններ է զարգացրել և զարգացնում ՌԴ-ի հետ: Հայ-ռուսական դաշնակցային միջպետական հարաբերությունները խարսխվում են մեր ժողովուրդների պատմական սերտ առնչությունների վրա: ՌԴ-ի հետ սերտ փոխգործակցությունը մեր անվտանգության, տնտեսական զարգացման և կայունության կարևոր բաղադրիչներից է: ՌԴ-ն Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն է, 2014թ. մեր առևտրաշրջանառությունը կազմել է $1,4 մլրդ-ից ավելի, Հայաստանում ռուսական կապիտալով 1300 ձեռնարկություններ են գործում, իսկ ռուսական ներդրումները մեր տնտեսության մեջ գերազանցել են $3 մլրդ-ը: Ես վստահ եմ, որ դահլիճում նստած շատ-շատերի համար այս թվերը փոքր և ծիծաղելի են երևում, բայց հավատացեք, որ Հայաստանի նման փոքր պետության և փոքր տնտեսության համար այս թվերը չափազանց կարևոր են: Ռուսաստանի հետ համագործակցում ենք տարբեր ոլորտներում՝ էներգետիկ, ենթակառուցվածքային, արդյունաբերական և այլն: ՌԴ-ում ոչ պաշտոնական տվյալներով մոտ 2 մլն հայ է բնակվում: ՌԴ հետ շարունակական փոխգործակցության զարգացումն ընթանում է նաև միջազգային կազմակերպությունների՝ Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ, ՀԱՊԿ շրջանակներում: Մեծապես կարևորում ենք ՌԴ-ի ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում՝ ուղղված ԼՂ հիմնախնդրի խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորմանը:
         Մեր արտաքին քաղաքականությունն ուղղված է նաև ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության, Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդմանը:
       Հայաստանի անկախությունից ի վեր հայ-ամերիկյան հարաբերությունները մշտապես վերընթաց զարգացում են ապրում: Ներկայիս երկկողմ հարաբերությունների օրակարգը ներառում է ամենատարբեր ոլորտներ՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, անվտանգության և այլն, որոնց շրջանակներում տարեցտարի մենք նոր ձեռքբերումներ ենք արձանագրում:
        Գոհունակությամբ պետք է փաստեմ, որ փոխադարձ ջանքերի շնորհիվ մեր գործընկերությունն այժմ գտնվում է հայ-ամերիկյան հարաբերությունների պատմության մեջ ամենաբարձր մակարդակի վրա, որի մասին են վկայում նաև վերջին տարիների տարբեր մակարդակի փոխայցելությունները:
    Բարձր ենք գնահատում ՀՀ տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումներին, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը տարիներ շարունակ ԱՄՆ-ի կողմից ցուցաբերված աջակցությունը՝ միտված մեր պետականության ամրապնդմանը:
      Մեծապես կարևորում ենք նաև ԱՄՆ դերակատարումը տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման գործում, հատկապես՝ նրա ակտիվ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:
    Հայաստանը մեծապես շահագրգռված է հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված միջպետական համագործակցության շարունակական զարգացմամբ: Մենք արժևորում ենք այն ձեռքբերումները, որոնցով անցած երկու տասնամյակներում նշանավորվել են մեր միջպետական հարաբերությունները, և որոնք ներառում են քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական, կրթական համագործակցության կանոնավոր զարգացում, աջակցության ծրագրերի արդյունավետ իրականացում:
    Հետևողական ու համատեղ ջանքերի արդյունքում հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները հասել են շատ կարևոր հանգրվանի՝ առանձնաշնորհյալ մակարդակի: Անգնահատելի է Ֆրանսիայի՝ ամենաբարձր մակարդակով դերակատարումը Հայոց ցեղասպանության դատապարտման և միջազգային ճանաչման գործում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում նրա դերը:
Անշուշտ, մեր երկրի կարևոր առաջնահերթություններից է հարևան երկրների՝ մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ ավանդական բարեկամական գործընկերության խորացումն ու ընդլայնումը:
    Մենք բարձր ենք գնահատում հայ-իրանական փոխշահավետ և բազմաբնույթ համագործակցությունը, որը պայմանավորված է պատմամշակութային ընդհանրություններով, փոխադարձ տնտեսական շահերով, տարածաշրջանային մի շարք խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումներով:
      Հայ-իրանական հարաբերություններն ամենատարբեր բնագավառներում գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչի մասին են վկայում նաև քաղաքական ակտիվ շփումներն ու դրանց շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ միտված համատեղ քաղաքական, տնտեսական, հումանիտար ծրագրերի արդյունավետ իրականացմանը։
Ուշադրությամբ հետևում ենք Իրանի միջուկային խնդրի կարգավորման շուրջ Իրանի Իսլամական Հանրապետության և վեցյակի միջև ընթացող բանակցություններին: Մենք ցանկանում ենք, որ խնդրի լուծումը գտնվի հնարավորինս մոտ ժամանակներում՝ ընդունելի բոլոր կողմերի համար: Լիահույս ենք, որ խնդրի շուրջ արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները կհանգեցնեն հարցի համապարփակ կարգավորմանը:
    Գոհունակությամբ պետք է փաստեմ, որ վերջին տարիներին տեսանելիորեն աշխուժացել են հայ-վրացական բարձր մակարդակի շփումները: Ավանդական բարեկամության, հարևանության և մեր ժողովուրդների միջև փոխըմբռնման պատմական հենքի վրա խարսխված ակտիվ միջպետական երկխոսությունը լուրջ նախադրյալներ է ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար: Արդյունքում մենք ձեռք ենք բերում երկկողմ օրակարգի արդիական հարցերի օպերատիվ կարգավորման արդյունավետ մեխանիզմներ:
      Մշտապես կարևորում ենք Վրաստանի դերը ոչ միայն երկկողմ հարաբերությունների զարգացման, այլև Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման և պահպանման գործում:
    Մեր քաղաքական համագործակցության մակարդակը նպաստավոր պայմաններ է ապահովել երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման համար, որի խթանմանն ուղղված իրավապայմանագրային բազայի զարգացման գործում նշանակալի ձեռքբերումներ ենք արձանագրել:
2015թ. հունվարից մենք դարձանք Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից եղել և շարունակում է մնալ տարածաշրջանի ինտեգրացիոն գործընթացներին ակտիվ մասնակցությունը: 21-րդ դարում փոքր պետությունների համար համաշխարհային տնտեսության ներկայիս միտումներին հետևելու և այդ տնտեսությանը լիարժեքորեն ինտեգրվելու համար կարևոր դերակատարություն է վերապահված տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումներին: Այս տեսանկյունից, հաշվի առնելով մեր երկրի տնտեսության ներկայիս կառուցվածքը, արտահանման աշխարհագրությունը, ԵՏՄ անդամ-պետությունների հետ ունեցած տնտեսական կապերը, ԵՏՄ անդամակցությունը լուրջ հեռանկարներ է բացում մեր երկրի զարգացման համար: Ապրանքների, կապիտալի, ծառայությունների, աշխատուժի ազատ տեղաշարժն առանց մաքսային խոչընդոտների էական հնարավորություններ է ընձեռում մեր գործարար շրջանակներին նորանոր շուկաներ բացահայտելու և այնտեղ իրենց դիրքերն ամրապնդելու համար: Այս ամենը բնականաբար կնպաստի ՀՀ-ում նոր աշխատատեղերի բացմանը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալների աճին և առհասարակ, մեր տնտեսության զարգացմանը:

    Հարգելի՛ լրագրողներ,
    Լինելով եվրոպական ընտանիքի և քաղաքակրթության լիարժեք անդամ և մեր զարգացման հիմքում կրելով եվրոպական արժեհամակարգի սկզբունքները՝ մենք գործուն ջանքեր ենք ներդնում ինչպես եվրոպական առանձին երկրների, այնպես էլ ԵՄ և մեր արևմտյան գործընկերների հետ հարաբերությունների խորացման գործում: ՀՀ-ԵՄ համագործակցությունը նշանավորվել է լուրջ ձեռքբերումներով, որը համատեղ ջանքերի, քաղաքական կամքի ու երկուստեք պատրաստակամության արդյունք է: Այս տարիների ընթացքում մեր երկխոսության մեջ կենտրոնական տեղ են զբաղեցրել նաև Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումները:
    Մենք մտադիր ենք պահպանել այս ձեռքբերումները, ավելին՝ խորացնել և զարգացնել դրանք նորանոր նախաձեռնություններով: Այդ մասին է վկայում 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում ընդունված Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարությունը, որով վերահաստատվեց համապարփակ համագործակցությունը ավելի զարգացնելու և ամրապնդելու փոխադարձ հանձնառությունը: Ակտիվ քայլեր ենք ձեռնարկում ԵՄ-ի հետ մեր նոր իրավապայմանագրային հիմքը ձևավորելու ուղղությամբ:
    Միաժամանակ, չեմ կարող չնշել, որ 21-րդ դարում համաշխարհայնացման բուռն տեմպերի պայմաններում, երբ աշխարհը շարժվում է մեկ միասնական տարածքի ձևավորման ուղղությամբ, երբ կարծես թե պետությունների միջև տնտեսական սահմանները կորցնում են իրենց նշանակությունը, անիմաստ է դառնում խոսել տարբեր ինտեգրացիոն մոդելների հակադրման մասին: Այս առումով, մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ Հայաստանը, անդամակցելով ԵՏՄ-ին, կարող է կապող օղակ հանդիսանալ այդ կառույցի երկրների և արևմտյան երկրների գործարար համայնքների համար:
          Մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգն օր օրի ընդլայնվում է՝ իր մեջ ներառելով նոր գործընկերներ: Ակտիվացել են հարաբերությունները լատինամերիկյան, ասիական տարածաշրջանի երկրների հետ, ջերմ ավանդական հարաբերություններ ենք զարգացնում արաբական աշխարհի հետ: Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ակտիվ համագործակցություն ենք ծավալում Չինաստանի, Ճապոնիայի և մի շարք այլ երկրների հետ: Մի քանի օրից կայանալու է իմ պետական այցը Չինաստան, որը, վստահ եմ, նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը տարբեր բնագավառներում:
    Բնականաբար մեր արտաքին քաղաքականության և անվտանգության վրա չեն կարող չազդել հարևան տարածաշրջաններում և ընդհանրապես միջազգային ասպարեզում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ընթացող տագնապալի գործընթացները: Այսօր Սիրիայում և Իրաքում, այսպես կոչված, «Իսլամական պետությունը» իրական սպառնալիք է դարձել ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային անվտանգության համար: Հինավուրց քաղաքակրթությունների բնօրրան հանդիսացող Մերձավոր Արևելքում վտանգված է այդ նույն քաղաքակրթությունների գոյությունը: Սիրիայում և Իրաքում հայ համայնքներն անմասն չեն այդ ամենից: Ցեղասպանությունից մազապուրծ հայորդիները, որ ապաստան էին գտել Սիրիայում, Իրաքում, այժմ էլ բախվել են նշված մարտահրավերներին: Հայաստանն արդեն ընդունել է ավելի քան տասը հազար փախստական Սիրիայից:
     Հայաստանը դատապարտում է «Իսլամական պետության», Ալ Նուսրայի, այլ ահաբեկչական խմբերի կողմից իրականացված ոճրագործություններն ու վայրագությունները և կոչ է անում միջազգային հանրությանը վճռական քայլեր ձեռնարկել այս նոր արհավիրքի դեմ։ Այս համատեքստում Հայաստանը միանգամայն սատարում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի լիակատար իրականացմանը:

    Հարգելի՛ լրագրողներ,
    Այսքանով, թերևս, սահմանափակեմ խոսքս և այժմ պատրաստ եմ պատասխանելու ձեր հարցերին:


  19.03.2015


Մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

նվիրված «Այլևս երբեք…» խորագիրը կրող ծրագիրը


    «Ոսկե ծիրան»-ը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ  արտերկրում անցկացնում են «Այլևս երբեք…» խորագրի ներքո թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ: Կինոցուցադրությունները մեկնարկել են «Քեզ հետ, Հայաս-տա՛ն»  ծրագրով և զուգակցվում են հայկական քաղաքակրթությունը ներկայացնող ցուցահանդեսներով, ներկայացումներով, մամուլի ասուլիսներով:
    Կինոցուցադրությունների համար ընտրվել են Հայոց ցեղասպանության մասին պատմող, տարբեր տարիներին նկարահանված լավագույն խաղարկային և վավերագրական ֆիլմերը: Յուրաքանչյուր երկրի համար կազմ¬վում է առանձին ծրագիր՝ հաշվի առնելով  ֆիլմի քաղաքական, մշակութային և գեղարվեստական առանձնահատկությունները: Յուրաքանչյուր երկրում ներկայանալու համար տպագրվում են հատուկ բուկլետներ, ազդագրեր ու տեղեկատվական թերթիկներ:
    «Այլևս երբեք…» ծրագիրը մեկնարկել է փետրվարի 24-ին, Միսնկում: «Անիվ» հայագիտական ուսումնասիրություն¬նե¬րի կազմակերպության աջակցությամբ, Բելառուսի պետական համալսարանի պատ¬մության ֆակուլտետի ուսանողների համար փետրվարի 24-ին ցուցադրվել է Կառլա Կարապետյանի «Ճչացողները» ֆիլմը:       
    Փետրվարի 25-ին Մինսկի «Միր» կինոթատրոնում տեղի է ունեցել «Այլևս երբեք…» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը, որի ընթացքում ևս ցուցադրվել է «Ճչացողները» ֆիլմը: Բացման արարողությանը ներկա են եղել դեսպաններ, դիվանագիտական ներկայացուցչություններ, քաղաքական և մշակութային գործիչներ: Ընդհանուր առմամբ, Բելառուսում ցուցադրվել է լիա¬մետրաժ, կարճամետրաժ և վավերագրական 7 ֆիլմ:        
    Մարտի 7-ին, Բեռլինի Մաքսիմ Գորկու անվան թատրոնում տեղի է ունեցել ծրագրի բացման արարողությունը: Այն անցկացվում է «Ոսկե ծիրան»-ի և  Բեռլինի Մաքսիմ Գորկու անվան թատրոնի համագործակցությամբ: Ծրագրի համադրողը նշանավոր կինոօպերատոր, ռեժիսոր Ֆրեդ Քելեմենն է: «Այլևս երբեք…» ծրագրի նախնական գաղափարը Գերմանիայում վերածվել է հայկական մշակույթի մեկամսյակի, որի ընդհանուր խորագիրը «Պաղատանք» է: Ծրագրում ընդգրկված են ներկայացումներ, համերգներ և կինոդիտումներ: Մարտի 8-ին մեկնարկել է Հարություն Խաչատրյանի  ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, որը ևս ներառված է «Պաղատանք» ծրագրում:
    Մ. Գորկու թատրոնում Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմերի ցուցադրությունները կշարունակվեն մինչև սույն թվականի ապրիլի 7-ը:
    «Այլևս երբեք…» ծրագրի շրջանակում մինչև «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի մեկնարկը ֆիլմերի ցուցադրություններ կլինեն նաև  Բուլղարիայում, Ռուսաստանում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Իրանում և Շվեյցարիայում:


Գոհար Աբրահամյան
16.03.2015

Հռոմի «Վիտտորիանո» թանգարանում բացվել է Հայոց

ցեղասպանությանն ու հայկական քաղաքակրթությանը
նվիրված ցուցահանդես


    Մարտի 5-ին Հռոմի «Վիտորիանո» իտալական վերածննդի թանգարանային համալիրի կենտրոնական ցուցասրահում բացվել է «Հայաստան. Տապանի ժողովուրդ» խորագիրը կրող ցուցահանդեսը:  ՀՀ արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ ցուցահանդեսին ներկա են եղել Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոն, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը, Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը:
    Ցուցահանդեսը կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունն ու Իտալիայում և Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունները՝ Մխիթարյան Միաբանության և Իտալիայի Հայերի միության հետ համատեղ:
    Միջոցառմանը ներկա հարյուրավոր այցելուների թվում են եղել քաղաքական-հասարակական գործիչներ, սենատորներ ու պատգամավորներ, դիվանագիտական կորպուսի և հայ համայնքի ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «Վիտտորիանո» համալիրի տնօրեն Ալեսանդրո Նիկոզիան, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը:
    Յոթ առանձին բաժինների ցուցանմուշներն ու տեսանյութերը ներկայացնում են Հայոց ցեղասպանութան վերաբերյալ փաստագրական նյութեր, ինչպես նաև Հայաստանում քրիստոնեության ընդունումը, հայ գրերի ստեղծումը, հայ մատենագրությունը, հայկական ճարտարապետությունն ու արվեստը, հայ և իտալացի ժողովուրդների դարավոր հարաբերություններն ու Իտալիայում հայկական մշակույթի հարուստ ժառանգությունը:
    Ցուցահանդեսի բացմանը նախորդել է Իտալիայում Հայաստանի դեսպանի, Իտալիայի նախագահի՝ մշակութային արժեքների պահպանման հարցերով խորհրդական պրոֆեսոր Լուի Գոդարի, Իտալիայում հայազգի հայտնի դերասան Պաոլո Քեսիսօղլուի մամլո ասուլիսը, որին մասնակցել է 50-ից ավելի իտալական լրատվամիջոց: Դեսպան Ղազարյանն ասել է, որ ցուցահանդեսի նպատակն է իտալական հասարակությանը ներկայացնել հայ ժողովրդի հազարամյակների պատմության դրվագները, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությունը, որը, նրա բնորոշմամբ, «մահափորձ էր հայ ժողովրդի ու հայկական քաղաքակրթության դեմ»: Նա ընդգծել է, որ Հայոց ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդը կարողացել է վերածնունդ ապրել, որի մարմնավորումն անկախ Հայաստանի Հանրապետության կերտումն էր: Դեսպան Ղազարյանն անդրադարձել է նաև Իտալիայում հայկական համայնքների պատմությանը և Իտալիայի զարգացման գործում նրանց ունեցած ներդրմանը: Նա հիշատակել է իտալացի մի շարք ականավոր քաղաքական-հասարակական գործիչների, այդ թվում Իտալիայի վարչապետ Լուիջի Լուցատիին, ֆինանսների նախարար Ֆիլիպպո Մեդային, Անտոնիո Գրամշիին, Տրապիզոնում Իտալիայի հյուպատոս Ջիակոմո Գոռինիին, որոնք 1915-1916թթ. դատապարտել են Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի հանդեպ կատարվող ոճրագործությունը:
    Պրոֆեսոր Լուի Գոդարը կարևորել է ցուցահանդեսի կազմակերպումը՝ հայկական քաղաքակրթությունը համարելով եվրոպական քաղաքակրթության բաղկացուցիչ մաս: Նա Հայոց ցեղասպանությունը բնութագրել է որպես «մարդկության պատմության ամենամութ էջերից մեկը» և նշել, որ հայ ժողովուրդն իր հանդեպ գործած բռնություններին պատասխանել է հզոր մշակույթով: Գոդարը մեջբերել է հայ երկու կանանց կողմից ցեղասպանության օրերին «Մշո Ճառընտիր» ավետարանի փրկության պատմությունը: 
      Ցուցահանդեսը գործելու է մինչև մայիսի 3-ը:



Պատրաստեց Գոհար Աբրահամյանը
10.03.2015

Կայացավ <<Նեմեսիս գործողությունը. Սողոմոն Թեհլերյան>>

գրքի շնորհանդեսը


    Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին է նվիրված <<Սիժեստ>> հրատարակչության և <<Չոբանյան>> ինստիտուտի /Ֆրանսիա/ տնօրեն Ժան Վարուժան Սիրաբյանի, պատկերապատող՝ Պաոլո Կոսսիի /Իտալիա/, թարգմանիչ՝ Սամվել Գասպարյանի /Հայաստան/ <<Նեմեսիս գործողությունը. Սողոմոն Թեհլերյան>> կոմիքսներով հայերեն ու ռուսերեն գրքերի շնորհանդեսը:
    Շնորհանդեսը նախաձեռնել էին <<Թեքեյան կենտրոն>> հիմնադրամը, որի տնօրեն Արմեն Ծուլիկյանը, բացելով շնորհանդեսը, ներկայացրեց գրքի հեղինակներին, անդրադարձավ  հայ վրիժառուների՝ Նեմեսիս գործողության կարևորությանը: Այնուհետև ելույթներ ունեցան Վարուժան Սիրաբյանը, Սամվել Գալստյանը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը և ուրիշներ: Նրանք մեկ անգամ ևս կարևորեցին  պատկերապատմամբ հրատարակված գրքի նշանակությունը: Շնորհանդեսի ընթացքում պարոն Սիրաբյանը տեսանյութին զուգահեռ տվեց բացատրություններ, նորահայտ փաստեր ներկայացրեց, որոնք շատերին հայտնի չէին և նշեց, որ պատկերապատումով Նեմեսիս գործողությունն ավելի դյուրին ու մատչելի կլինի հետաքրքրվողների համար:
    ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ տպագրված գրքի հեղինակի հետ <<Կամար>>-ը զրուցեց և խնդրեց պատմել, թե ինչպես մտահղացավ այսքան կարևոր թեմային անդրադառնալ պատկերապատումի ժանրով:
    <<Դեռ հինգ տարի առաջ մենք մտադրված էինք ու շատ փաստաթղթեր հավաքել, խնամքով պահել էինք մինչև համապատասխան ֆինանսավորում գտնելը: Մի կարևոր հանդիպման ժամանակ, 2012 թվականին, Ենիսեյան պալատում, մի քանի անձինք ելույթ ունեցան Սողոման Թեհլերյանի մասին ու հորդորեցին, որ գիրք հրատարակենք: Պատկերապատումով գիրք հրատարակելու համար անհրաժեշտ էր գտնել համապատասխան նկարիչ-մասնագետ: Երբ 2013-ին ես Հայաստանում էի, հանդիպեցի Պաոլո Կոսսիին, որը ժամանել էր Հայաստան` մասնակցելու  ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող պատկերապատումի միջազգային ցուցահանդեսին:  Խոսեցինք, նրան տվեցի գրքի սյուժեն, որ մանրամասնորեն ծանոթանա նյութին ու աշխատի: Մի քանի ամիս անց, արդեն պատկերները պատրաստ էին և գիրքը հրատարակեցինք Ֆրանսիայում՝ ֆրանսերեն, և գրքի շնորհանդեսից հետո՝ 2000 օրինակները շատ արագ սպառվեցին: 2014-ին հրատարակեցինք անգլերենով, որի թարգմանիչն էր Լուան Մաթոսյանը /ԱՄՆ/: Այնուհետև Աթենքում հրատարակվեց հունարեն և, ահա, Հայաստանում՝ <<Արեգ>> հրատարակչությունը հրատարակեց հայերեն ու ռուսերեն: Ավելացնեմ, որ այս գրքի անգլերեն տարբերակը ներկայացրել ենք Ամերիկայում կայանալիք միջազգային <<Eisver aw Arss>>  պատկերապատումի գրքի մրցույթին: Հուսանք, որ այդ կարևոր մրցույթում մրցանակի կարժանանանք: Գրքում տեղ են գտել  նաև Արմեն, Արա Օսկանյանների անձնական արխիվից լուսանկարներ, որոնցում առկա են Սողոմոն Թեհլերյանն ու նրա  ծնողները: Մեծ էր նաև Իսահակյանի գրադարանի աջակցությունը: Երբ հունիս ամսին Հայաստան եկա, ինձ հետ  բերել էի  ֆրանսիացի լրագրող Ան դը Աբրիջոնին, որը պատրաստում է նկարահանել փաստավավերագրական մի ֆիլմ Սողոմոն Թեհլերյանի և Նեմեսիսի մասին>>:
    Գրքի 56 էջերում զետեղված են պատկերապատումներ, որոնք մանրամասնորեն ներկայացնում են Թեհլերյանի գործունեությունը, իսկ 7-8 էջերում սեղմ պատմությունը, հերոս  տղաների լուսանկարները և այլն:
    Այս արժեքավոր գիրքը մեծ հետաքրքրություն կառաջացնի պատկերապատումով հետաքրքրվողների  շրջանում:



                                                                                                  Մարիետա Մակարյան
02.03.2015

Վկայում են Ցեղասպանություն վերապրածները


    Հայոց ցեղասպանությունն անմիջականորեն ու յուրովի է ընկալվել ականատեսների զգայարաններում, ու այդ ամենն անջնջելի հետք է թողել նրանց կյանքում, մեկընդմիշտ տպավորվել հիշողություններում: Ստույգ վերարտադրելով տվյալ ժամանակաշրջանի կյանքը, նիստ ու կացը, բարքերը, քաղաքական-հասարակական հարաբերությունները՝ վերապրողները հաղորդել են հուշեր, փաստեր, որոնք հուզական են, ճշմարտացի, վավերական և ունեն հավաստի վկայությունների արժեք: Ըստ վերապրածների հաղորդած տեղեկությունների՝ կոտորածն սկսվել է ապրիլին՝ Սուրբ Զատիկի կիրակին, Քրիստոսի խաչելության օրը, որպեսզի հայերը ևս արժանանան Քրիստոսի չարչարանքներին. «Հայերն իրենց արյունով պիտի ներկեն իրենց Զատիկի հավկիթները», - ասում էին թուրքերը:
    Թրվանդա Մուրադյան – Խարբերդ, ծնվ. 1905թ.  «Մեզ հանեցին մեր գյուղեն, բոլոր ջահելներին հավաքեցին, խովուշի /անձավ/ պես տեղ մը լցրին, կտուրը բացին, մեջը նավթ լցրին, վառեցին: Հետո հավաքեցին բոլոր կանանց, քարերով ողջ-ողջ գլուխները ջնջխեցին: Մամայիս ու մեծ մամայիս ալ քարերով սպանեցին: Էրեխեքին մայր-ոչխարներուն քովեն գառնուկներու պես առանձնացուցին: Ինձի երեք տարեկան պզտիկ քույր մը ունեի, էրեխեքի հետ անոր ալ առին Բալուի Մուրադ /Եփրատ/ գետի կամուրջին քովը, վզերը կտրեցին, կոտորեցին, գետը լեցուցին: Երկու ժանդարմա հինգ հարյուր հոգի աքսոր հանեցին»:
    Սուրեն Սարգսյան – Սեբաստիա, 1902թ.  «Երկու օր հետո հասանք Ֆըռնջըլար գյուղը, որը մի փոքրիկ, աննշան գյուղ էր, բայց հայ ժողովրդի պատմության մեջ դարձավ նշանավոր: Ըստ պետական ծրագրի՝ ժողովուրդը ոտքով պիտի բարձրանար 3900 մետր բարձրությամբ Տավրոսյան լեռները: Հարյուր հազարավոր քարավաններ գալիս էին այստեղ, Կանայք, մանուկներ, նորածին ծծկեր երեխաներ լքվում էին անտեր-անտիրական: Այստեղ մնաց Քնարիկ քույրս՝ իր ծծկեր երեխայի հետ: Նա հիվանդ էր, չէր կարողանում քայլել: Ֆըռնջըլա՜ր, Ֆըռնջըլա՜ր. լքված երեխաներ, ծեր, անտեր կանայք, հիվանդներ՝ այս ու այն կողմ պառկած, հոգեվարքի մեջ, լխկած դիակներ, փալասների տակ կամ առուների մեջ…:
    … Հաջորդ օրը եկան քրդերը, հետները՝ հայտնի Զեյնալ բեկն ու եղբայրները՝ սրիկա դահիճները: Նրանք քարավանի միջից ինչքան փոքրիկ տղա գտան, հավաքեցին, թևերը կապեցին ու տարան հեռու սարի գագաթը, ուր վառվում էին թեժ խարույկները: Այնտեղ նրանց գլուխները կացիններով կտրեցին ու շպրտեցին ձորը, այդպես էին արել նախորդ քարավանների երեխաներին ևս: Դրա համար էլ այդ ձորը կոչվեց Քանլը Դէրէ /Արյան ձոր/:… Մեր քարավանը, որը կեսից էլ պակաս էր մնացել, իջևանեց սամոսատից հարավ՝ Եփրատ գետի ափին: Ամեն կողմ դիակնե՜ր, դիակնե՜ր, մեռած կանայք, երեխաներ ամեն կողմ պառկած ցաք ու ցրիվ, արտերի մեջ, ավազների վրա, ամեն կողմ՝ կիսամեռ հիվանդների տնքոցներ, աղերսագին օգնություն խնդրող նայվածքներ, նրանց կողքին՝ հոտած, փտած, ուռած, նեխած գարշահոտ դիակներ, մեծ մասամբ կանանց: Դանթեի Դժոխքը Եփրատի ափին էր: Հետո բերին սպիտակ շորերով աղջիկներին. Գիշերային խավարի մեջ նրանց բոլորին ցցերի վրա նստեցրին: Մեր ականջները խլանում էին նրանց մայրերի, հարազատների ճիչերից, լացերից և գոռում-գոչումներից:… Մեզ բերին Ուրֆա, այնտեղից քշեցին դեպի անապատը՝ մի անմարդաբնակ տեղ, ուր միայն մի քանի ծառեր կային: Այդ օրը գիշերը անձրև եկավ և ցուրտ քամի արեց: Գիշերը հարյուրավոր մարդիկ մահացել էին: Քրդերին բերին, մի ընդհանուր խոշոր փոս փորել տվին: Քրդերը թոկերով ընկան ժողովրդի մեջ, տրորելով հիվանդներին, մեռած, թե ողջ՝ ով պառկած էր, վիզը թոկ էին գցում, քաշոքաշ տանում, փոսն էին գցում ու վերադառնում: Նույնիսկ ողջերի վիզը թոկ էին գցում, տանում, նետում էին փոսը. Հարազատների ճիչերը, աղաղակները չէին լսում: Այդտեղից մեզ նորից քշեցին դեպի հարավ՝ մի այլ անմարդաբնակ տեղ: Կանայք՝ տիֆոֆ հիվանդ, ջուր էին աղերսում»:
    Աշոտ Օհանյան – Բուրսայի Մեծ Նոր գյուղ, ծնվ. 1905թ. «1914թ. մեր տղամարդկանց թուրքական կառավարությունը հավաքեց, տարավ թուրքական բանակ, որից հետո ընտանիքներուն ըսին. «Կառքեր վարձեցեք, մոտիկ տեղ պիտի գնանք»: Ով փող ուներ, ֆուրղուն վարձեց, ով չուներ՝ ոտքով: Երկար գացինք: Առաջին կանգառնիս եղավ Կոնիան: Էնտեղ փոխանակ մեզի քաղաք մտցնեն, սարերում ոստիկանների հսկողության տակ պահեցին՝ սոված, ծարավ: Մյուս առավոտ մեզի ճամփա հանեցին դեպի Բոզգուր: Անտեղեն ալ անցանք: Օրերո՜վ, շաբաթներո՜վ ոտքով քայլում էինք: Ոտքերնիս արյունոտ քայլում էինք: Ոստիկանները մտրակներով խփում էին: Շատերը չդիմացան, ճանապարհին մեռան: Դիակները մնում էին գետնին: Գիշերը գայլերը ուտում էին: Մեզ քայլեցնում էին ոտքով: Արդեն քչացել էինք, քանի որ շատերը մեռել էին: Մեկ էլ Իդե անունով մի գյուղի մոտ հասանք: Էնտեղ մեր վրա հարձակվեցին, սկսվեց թալանը. «Փարանըզ յօ՞ք՝ չքարընըզ» /փող չունե՞ք՝ հանեք/ ասելով»:  
    Մկրտիչ Կարապետյան – Տիգրանակերտ, ծնվ. 1910թ. - «…Վերջապես էկանք, հասանք Դեր Զորի անապատի վերևի մասը՝ Մերդին քաղաքը, որտեղ գնացքը կուգար, Հալեպ կերթար: Այնտեղ մեզ իջեցուցին. Կանաչ դաշտ էր: Ներքևը ձոր կար: Մեզ՝ փոքրերիս ջոկեցին, իսկ մեծերին՝ տարին ձորի կողմը հերթ կայնեցրին. 300-400 հոգիի չափ մեծեր էին, այդքան ալ երեխաներ էինք: Ուրեմն մեզ՝ էրեխեքիս, կանաչ դաշտի վրա նստեցրին. մենք չգիտեինք՝ ինչ պիտի ըլլա: Մայրս, իր հերթը խախտելով, գալիս էր մեզ համբուրու՜մ, համբուրու՜մ, գնում էր: Մենք՝ ես, մեծ եղբայրս և փոքր եղբայրս, որը մեկ տարեկան էր, հեռվից տեսնում էինք մի շարան կանայք հերթի մեջ շարժվում են. Մեր մայրը անոնց մեջն էր: Տունեն երբ էլանք, մեր մայրը ազգային տարազներով էր՝ թավիշ, ոսկեկար հագուստներով, գլուխը զարդարված էր ոսկեդրամներով, վիզը ոսկե շղթա կար, հագուստներուն մեջը երկու կողմը 25-25 ոսկի էր կարած՝ գաղտնի:… Վերջին անգամ, երբ մեր մայրը էկավ մեզի խենթի պես համբուրեց, կհիշեմ, արդեն միայն տակի ճերմակ ներքնազգեստով էր. ո՛չ զարդ կար, ո՛չ ոսկի, ո՛չ ալ թավիշե հագուստները: … Մենք՝ էրեխեքս, բանից անտեղյալ ենք: Էնտեղ բաներ մը կատարվում են, բայց չգիտենք ի՞նչ է կատարվում: Դու մի ըսեր բոլորին հերթով հագուստները հանում էին, մի կողմի վրա շարում, բոլորին մերկացնում էին, կացինով գլուխը կտրում էին, նետում էին ձորը»:
    Գառնիկ Ստեփանյան – Երզնկա, ծնվ. 1909թ. «… Երզնկայից դուրս եկանք. ուժեղ սառնամանիք էր: Վարդանուշ տատիկս դժվարանում էր քայլել: Մեկ էլ կանգ առավ, ասաց. «Ինձ խփեք, ես չե՜մ կարող քայլել»: Նա նստեց գետնին: Ժանդարմները քարշ տվին նրան: Նա մնաց ճանապարհին: Մեզ քշեցին: Մենք մի կողմից գնում էինք ու ետ էինք նայում: Ձյունը գալիս էր, կուտակվում նրա վրա: Վերջապես իմ խեղճ տատիկը դարձավ ձյունե արձան: … Հասանք Մալաթիա: Արդեն գարուն էր: Բոլոր հայերին կոտորել էին: Ամեն տեղ բլուրներ էին՝ տակը հիսուն-հարյուր հոգի թաղված, նույնիսկ կիսամեռ, քանի որ վրայի հողը շարժվում էր»:
    Բարուհի Սիլյանը - Իզմիթի Նիկոմեդիա գավառ, ծնվ. 1900թ. /դեմքին դաջվածք ստացած/ «12 ամիս անապատում ենք մնացել, ո՛չ հաց, ո՛չ ջուր, ո՛չ տուն, ո՛չ մի բան: Ինը հոգիանոց ընտանիքեն միայն են ողջ մնացի. Մամայիս սպանեցին աչքիս առջևը, քույրիկս փախցուցին, մյուս քույրիկս փոքր էր՝ հիվանդացավ, մեռավ, միջնեկը՝ կորավ, իրար չգտանք: Հարսիս փորը պատռեցին. «Գյավուրի փորինը աղջի՞կ, թե՞ տղա է», - ըսավ մի ասկյար: «Գյավուրը տղա չի ծնիր, տե՛ս», - ըսավ մեկ ուրիշը և սրով փորը պատռեց մեր աչքին առջև: Ես ուրիշ չորս աղջինկերու հետ, հազիվ փախա անտառները, այնտեղ գետ մը կար, լողալով անցանք: Մի արաբ ինձ տարավ իր տունը, ըսավ. «Աղջիկս, ճիշտ է, ձեր օրենքին մեջ չկա, բայց արի մելանով երեսդդ ծեծեմ, որ քեզ հայ չկարծեն»: Ես ալ լացի, նե՛ տեղաշոր չունեմ, նե՛ հագուստ: Երեսս ծեծեցին, հաստ հյուսերս խուզեցին: Տունին գործերը կընեին»:
    Լորիս Պապիկյան – Էրզրում, ծնվ. 1903թ. - «Թուրք ժանդարմները խրախճանք էին սարքել կամուրջի մոտ՝ իրենց վրանների շուրջյ, ուրախանում էին հայ աղջիկների ու հարսների հետ բռնի կերպով գործադրած առևվանգումներով ու իրենց վավաշոտ կրքերին հագուրդ տալու այլ և այլ միջոցներով: Ես ականատես եղա, թե ինչպես թուրք պաշտոնյաները ջոկել էին հայ աղջիկներից ամենագեղեցիկներին՝ մոտ 30 հոգու, իրար կապել ու պահակների հսկողության տակ ուզում էին տեղափոխել իրենց մշտական որջերը՝ հետագա ստոր նպատակների համար: Սակայն աղջիկների այդ խումբը՝ հասնելով Եփրատ գետի կամուրջի վրա, կայծակի արագությամբ, որպես մեկ մարդ, ահռելի բարձրությունից նետվեց Եփրատ գետը՝ մեկընդմիշտ ազատվելով հետագա տանջանքներից ու խոշտանգումներից: Աղջիկների նման վարմունքը կատաղության հասցրեց թուրք ժանդարմների ղեկավարներին, որոնք հրամայեցին  կենդանի մնացած բոլոր ծերերին, կանանց ու երեխաներին կապել, խումբ-խումբ գցել ջուրը: 200 մետրից ավելի լայնություն ունեցող խոր գետի երեսը ծածկվել էր մարդկային դիակներով, և կարծես արյուն էր հոսում ջրի փոխարեն»:


2015 թվականը հիշողության տուրք է անմեղ նահատակներին
/Հարցազրույց Ազգային արխիվի տնօրեն
Ամատունի Վիրաբյանի հետ/


    Հարգանքի, սարսուռի, պատկառանքի զգացում ես ունենում` համեստ, փոքր-ինչ  խորհրդավոր Ազգային արխիվի շենք մուտք գործելիս:
1829 թվականին Ալաշկերտից գաղթած ընտանիքի ժառանգ Ամատունի Վիրաբյանը, ով երազել էր զինվորական դառնալ, չի ընկրկում արխիվի՝ ահռելի ծավալի աշխատանքի առաջ.«Ես զարմանալի աշխատասեր եմ, աշխատում եմ նաև շաբաթ-կիրակի, երեք ժամ էլ գիշերը` 12-ից հետո եմ աշխատում»: Դատելով չդադարող հեռախոսազանգերից` պարոն Վիրաբյանի հիմնարկի տեղեկատվության կարիքը շատերն ունեն: Եվ բոլորին ասում էր.«Եկեք արխիվ, կփորձենք օգնել Ձեզ»:
    Եվ այսպես, ի՞նչ է 100-ամյակը,  հանգրվա՞ն է, պարտավորեցնո՞ղ է, ոչի՞նչ է, վախեցնո՞ղ է, թե... Ինչպես արժանապատիվ հարմարվել 100-ամյակին: Այս հարցի մեջ ենք վերջին տարիներին և այն ուղղում ենք մի մարդու, ում ղեկավարած ահռելի կառույցի անհաշվելի փաստաթղթերով /եթե աշխարհի բոլոր փաստաթղթերը ոչնչացվեն/ կարելի է օր առ օր, անուն առ անուն ապացուցել Ցեղասպանության իրողությունը:
    Ազգային արխիվի տնօրեն, պատմաբան Ամատունի Վիրաբյանը պատասխանում է.«Գուցե այլ մասնագետ լինեի, ուրիշ կերպ մտածեի, բայց 100-ամյակը մեր նահատակների հիշատակների հանդեպ տուրք է, հիշողության տուրք: Մեր շատ-շատ իշխանավորներ երազում են, որ ապրիլի 25-ին կպրծնեն, կսահմանափակվեն: Բայց այդպես չէ: Ապրիլի 24-ից առաջ` ապրիլի 5-ին, Վանի հերոսամարտի հարյուրամյակն է: Զանգվածային տեղահանությունը սկսվել է  հունիսին: Հունիսին  Կարինից, օրինակ, տեղահանեցին շատ հարուստների, հետո միջին խավին, վերջում ՝բողոքական ու կաթոլիկ հայերին: 1916 թվականի փետրվարից սկսեցին արդեն հավատափոխներին ոչնչացնել... Այնպես որ 24-ը խորհրդանշական թիվ է»:
«Հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. ականատեսների վկայություններ»
    2004 թվականից Ամատունի Վիրաբյանը և Գոհար Ավագյանը հրատարակության պատրաստեցին «Վշտապատում» եռահատորը: Արդեն իսկ հրատարակվել ու տարածվել է անգլերեն հատորը, օրերս լույս կտեսնի ռուսերեն տարբերակը, տարվա ընթացքում նաև իսպաներեն թարգմանությունը կլինի ընթերցողի սեղանին:
    Պարոն Վիրաբյանը մանրամասն մեկնաբանում է, թե ինչու՞ «Վշտապատում». «Հետաքրքիր է, որ մինչև 2004 թվականը գիտակցված չեմ զբաղվել այս նյութերով, այն հիմնավորմամբ, որ պիտի զբաղվի թուրքերեն իմացողը: Հետո հասկացա, որ պրոֆեսիոնալ ձևով գիտեմ` ինչ է փաստաթուղթը, և կարող եմ ներկայացնել: «Վշտապատում» անունը մենք չենք հնարել, 1916 թվականին հարցերի շարք է կազմվել, պրոֆեսիոնալ աշխատանք է կատարվել, նյութեր են հավաքվել, կազմակերպիչներից են Անդրանիկը, Զապել Եսայանը, Սմբատը, Ռոստոմը, Վահան Թոթովենցը, գրագետ մարդիկ՝ ուսուցիչներ, քահանաներ: Հայաստանի կառավարության 1920 թվականի որոշմամբ «Վշտապատում»-ի նյութերը տեղափոխվել են Հայաստան:     «Մշակ»-ի բոլոր նամակները, որոնք  պետական փաստաթղթեր են,  մեզ մոտ են պահպանված: Այդ նամակների հեղինակ ականատեսներից ամենափոքրը` 12 տարեկան, որբանոցի սան է, մեծը՝ 80 տարեկան: Շուրջ 1000 վկայություններից 700-ն արդեն երեք հատորում է ամփոփված, մյուսները կհրատարակվեն առաջիկայում՝ երկու հատորներով»:
    Ականատեսների վկայությունների մեկհատորյակը հեղինակները վերնագրել են «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. ականատեսների վկայություններ», և այդպես էլ թարգմանվել է օտար լեզուներով: Միակ բացառությունը թուրքերեն թարգմանությունն է: Պարոն Վիրաբյանը դժգոհ է թուրք հրատարակիչ Զարաքոլուից, քանի որ նախ գրքի վերնագիրն է փոխել` կիրառելով «Վշտապատում» տարբերակը, և ըստ հարկի չի հիշատակել ազգային արխիվի և կազմողների անունները:
    Պարոն Վիրաբյանը շեշտադրում է «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. ականատեսների վկայություններ» հատորների կարևորությունը և առանձնահատկությունը.«Մենք մարդ ներկայացրեցինք,  զարմանահրաշ փրկվածներին, իրենց անուններով, կենսագրությամբ: Կորցրած իրենց փոքր հայրենիքը՝ ծննդավայրը, նաև՝ մեծ հայրենիքը, որ հետո էին գիտակցելու, հանգրվանել էին Երևանում, Բաքվում, Թիֆլիսում: Սրանք վավերագիր փաստեր են, առաջին ձեոքից, ինչպես ասում են, գրագետներն իրենք են շարադրել, նրանցից  շատերը Խարբերդի, Սեբաստիայի ամերիկյան քոլեջների սաներ են: Շատ մանրամասն են գրել, կինոնկարի, վեպերի սցենար, նյութ լինեն ասես: Հարազատների կորուստը գիտակցել են, շատերն էլ սերունդներին ուղղված խոսք են գրել, «թե անիծված լինեն ցեղից ցեղ, եթե վրեժ չլուծեն իրենց ապրած տառապանքի համար»: Սարսափելի տեքստեր են,  ես երազում էի տեսնում անգամ, նույն վիճակում մյուս աշխատակիցն էր: Եթե գրվեին հետո, կմտածեինք հնարել, չափազանցրել են: Դրանք գրվել է 16-17 թվականներին և ուղղակի ճշմարտություն են»:
    Ականատեսների վկայությունների հատորները բյուջեի միջոցներով չեն հրատարակվել, այլ օգնել-օժանդակել են Մոսկվայում գործող «Վան» հասարակական կազմակերպության անդամները՝ Գագիկ Մելիքյանը, Խորեն Քոթանջյանը, Ռուբեն Գալաչյանը: Ապրիլին լույս կտեսնի չորրորդ հատորը:
    Պատրաստվում են հրատարակել հայ ժողովրդի նյութական կորուստներին վերաբերող գրքեր: Արխիվում կա Հովհաննես  Թումանյանի հանձնաժողովի կազմած 29 հազար 300 անկետա` փրկվածների նյութական կորուստների հաշվառումով: Երեք  մեծ ցուցահանդես է պատրաստվում՝ «Պատմության քառուղիներ» համատեղ ցուցահանդեսը՝ Մշակույթի նախարարության, Պատմության պետական ինստիտուտի հետ, երկրորդ ցուցահանդեսը նվիրված  է այլ ազգային փոքրամասնությունների` հույն, ասորի, հրեա, ցեղասպանություններին: Մարզերում են ցուցահանդեսներ կազմակերպելու, այն քաղաքներում, որտեղ որբանոցներ են եղել՝ Գյումրի, Վանաձոր, Էջմիածին, Նոր Բայազետ, Դիլիջան: Ազգային արխիվը տարվա ընթացքում միջազգային գիտաժողով է կազմակերպելու՝ «Ցեղասպանության անհերքելի ապացույցները», աջակցելու է Ռուբեն Վարդանյանի «100 կյանք» ծրագրին, նշելու են զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակը: Վերջապես, կազմվելու է նահատակվածների անունների էլեկտրոնային շտեմարան: Պարոն Վիրաբյանի հավաստմամբ, «ուշ ենք սկսել, բայց 300 հազար անուն կունենանք»:


Գայանե Մկրտչյան
26.02.2015



Արևմտյան Հայաստանի հուշարձանները




   

   

   

   

   

   

   

   


   

   

   

    

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   

   




Նահատակվածների ծննդավայրերի
պատմությունը՝ 36 հատորում


    Հայկական ճարտաապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանի տեղեկացմամբ շուտով հիմնադրամը լույս կընծայի աննախադեպ, ընդարձակ ու համարձակ նախագծի /36 մեծադիր հատորում ներկայացնել հայրենիքի 10 հազար բնակավայրերը/ առաջին հատորը:
    Առաջին հատորը՝ «Հայոց Ձոր»-ը, նվիրվում է Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման 100-ամյակին:
    Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահի խոսքով, «Զուտ խորհրդանշական իմաստով, 1915-ին ընդառաջ, մեկ ամսից լույս տեսնող առաջին հատորը նվիրել ենք Հայոց Ձոր գավառին: Մեր ազգի անվանադիր նախնի Հայկ Նահապետը հաղթական ճակատամարտից հետո հենց այս վայրում է հաստատվել: Իսկ 100-ամյակին հատուկ չենք նախապատրաստվել, քանի  որ միշտ նույն թեմայի մեջ ենք, բայց քանի որ առիթը կա, մտածեցինք համահունչ աշխատանք ներկայացնել: Իբրև 100-ամյակի որոշակի հաշվետվություն, ի հիշատակ նահատակների, գավառ առ գավառ ներկայացնելու ենք նրանց ծննդավայրերի պատմությունը»:
    Այս գրքաշարի առանձնահատկությունն է Հայաստանի պատմությունը առաջին ագամ ներկայացնել գավառ առ գավառ, ամեն գավառը՝ գյուղ առ գյուղ` օգտագործելով հատուկ այս նպատակով հավաքված տպագիր ու անտիպ նյութեր, ինչպես նաև տասնյակ տարիների գիտարշավների արդյունքում հավաքված նյութ: Ներկայացվելու են գավառների պատմությունը, վիճակագրությունը, բնակչությունը,  տնտեսությունը, հուշարձանները, եկեղեցիները, դպրոցները, նշանավոր անձինք... Նաև՝  հազարավոր լուսանկարներ, քարտեզներ:
«Մեր աշխատանքը առանձնահատկություն ունի: Հայագիտությանը նպաստ բերելուց զատ նաև  ռազմավարական նշանակություն ունի քարոզչական ճակատում: Սա չէր կարելի չնկատել, չկարևորել և ընթացք չտալ: Աննախադեպ է 10-ը հազար բնակավայրերի պատմությունը հրատարակության պատրաստելը: Մեր` ավելի քան 35-ամյա գործունեության վերջին 5 տարին է, 2010 թվականից, հանրապետության նախագահի առաջարկությամբ, Մշակույթի նախարարությունից պետական աջակցություն ենք ստանում: «Հայոց Ձոր» հատորից հետո ամեն տարի նախատեսել ենք երեքական հատոր հրատարակել: Եթե ամեն ինչ մեր ծրագրվածի պես ընթանա, և ֆինանսավորումը շարունակվի, տասը տարում կունենանք 36 հսկա հատոր, մեր հայրենիքի տասը հազար բնակավայրերի պատմությունը: Եվ սա կլինի նահատակվածների համար լավագույն հուշարձաններից մեկը»,-ներշնչված ներկայացնում է պարոն Կարապետյանը:

    Պատմական Հայաստանի հուշարձանները

    «Ի՞նչ գործ է անում հիմնադրամը» հարցին պարոն Կարապետյանը պատասխանում է.«Այն, ինչ արել է մի քանի տասնամյակ: Առաջնահերթ՝ պատմական  Հայաստանի տարածքում, նաև՝ պատմական գաղթօջախներում, փնտրել-գտնել հայկական մշակույթի հուշարձաններ, ուսումնասիրել և հրատարակել»:
    Իսկապես Արևմտյան Հայաստանի տարածքում եղած պատմական հուշարձանների չնչին՝ ընդամենը 2-3 տոկոսն է պահպանվել, ինչպես ուրիշ առիթով ասել է հուշարձանագետը: «Արևմտյան Հայաստանի հաշվով պատկերն իրականում տխուր է: Լիարժեք հաշվառում երբևէ չի արվել: Մի վիճակում ենք, որ 100-ամյա հեռավորությունից փշրանքներ ենք հայտնաբերում: Իսկ թե ինչպես պարզենք հուշարձանների՝ ճշմարտությանը մոտ թիվ, իբրև հիմք, սկզբունք ենք վերցրել Հայաստանի Հանրապետության տարածքում հուշարձանների միջին խտությունը: Այդ թիվը հայտնի է՝ շուրջ  25 հազար հուշարձան: Արևմտյան Հայաստանի տարածքը 7 անգամ մեծ է, ուրեմն, միջին խտության հիմքով,  կստացվի շուրջ 175 հազար հուշարձան: Որևէ գավառում, այսինքն, հուշարձանների թիվը պիտի լինի 3-4 հազար, իսկ մենք հայտնաբերում ենք 80-120 հուշարձան՝ շատ վատ վիճակում: Ասենք՝ մի քանի սալատապան հայտնաբերելիս հաշվառում ենք գերեզմանոց: Այս մի քանի սալաքարն էլ ծանրության պատճառով չեն տեղափոխվել ու յուրացվել: 100 տարվա մեջ նահատակ ազգի մշակութային ժառանգությունը ոչնչացումը ես համարում եմ եղեռն եղեռնից հետո»,- ներկայացնում է հուշարձանագետը:
    Հետաքրքիր, ուսանելի ու ոգևորիչ էր այցելել ու տեսնել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի աշխատաոճը: Նեղլիկ «եվրոտարածքներում», վաղ առավոտից, գրասեղանների առաջ գլխահակ իրենց գործն  անող երիտասարդ տղաներ ու աղջիկներ, որի արդյունքում կարևոր ու գրագետ գրքեր են ծնվում: Ղեկավարի խոսքով՝ «ռազմական կարևորության ուսումնասիրություններ»: Այստեղ չեն հոգնում, չեն ձանձրանում, չեն հիասթափվում, ու իրենց գործն են անում:


Գայանե Մկրտչյան
17.02.2015


«Ծագումը: Բացահայտում» գիրքը Հայոց ցեղասպանության

ճանաչման ճանապարհին

    «Ծագումը: Բացահայտում»-ը մի եզակի, առանձնահատուկ այլընտրանքային վեպ է, որի հեղինակը Նոր Զելանդիայի և Ավստրալիայի քաղաքացի Լեն Ուիքսն է: Լենն աշխատում է ՄԱԿ-ի ՔԱՄԿ-ի Ասիա-Խաղաղօվկիանոսյան գրասենյակում, ամուսնացած է, ունի երեք զավակ: Նա հետաքրքրվում է աշխարհագրությամբ և պատմությամբ, որն էլ ստիպել է նրան ճամփորդել աշխարհի շուրջ (նա ավելի քան 100 երկրում է եղել), և Վրաստանում հանդիպել է իր կնոջը՝ Արմինեին: Նա նաև զբաղվում է սպորտով (Նոր Զելանդիայում ռեգբին համարվում է երկրի կրոն, ինչպես նաև երկար տարիներ նեթբոլի մարզիչ է եղել), մեծ ուշադրություն դարձնում երեխաների կրթության հարցին /http://www.ody-see.com/:
    Լեն  Ուիքսն իր գրքում ստեղծել է մի  աշխարհ, որտեղ  միահյուսվում են  իրական և  բարդ   այլընտրանքային  պատմությունները:  Այն, ասես, խճանկար լինի տարբեր մշակույթների և ավանդույթների՝ միավորված մարդկության համար կործանարար համաշխարհային պատերազմների ընթացքում: Գրքում կան բազմաթիվ հղումներ դեպի YouTube, որոնք ներկայացնում են տարբեր երկրների մշակույթը, պարը, երաժշտությունը: Վեպը ներառում է իր մեջ գրեթե ամբողջ մոլորակը, սակայն առանցքային երկիրը Հայաստանն է իր բնությամբ, մշակույթով, պատմությամբ, որ լեցուն է ողբերգական պահերով: Հայաստան այցելելուց հետո, երբ նա տեսել է նրա գեղեցիկ լեռները, Նորավանքը, զարմանալի Արենիի քարանձավն իր հնագույն պատմությամբ, նրա մեջ գրելու մի մեծ ցանկություն է արթնացել: Նրան ոգեշնչել է այն միտքը, որ աշխարհը կիմանա Հայաստանի պատմության և մշակույթի, Հայոց ցեղապանության մասին: Երկու տարի նա թղթին է հանձնել կադրեր, մտատեսիլներ, որոնք պարզապես հայտնվում էին նրա մտքում, և թե որտեղից էին դրանք գալիս` չգիտեր:
    Լենը հուսով է, որ մարդիկ այս գիրքը կարդալով՝ կարեկից կդառնան մեր ողբերգությանը, ինչպես նաև կսովորեն տարբեր մշակույթների մասին և կսկսեն ավելի բարյացակամ վերաբերվել մեկը մյուսին՝ անկախ ազգային, կրոնական պատկանելությունից և անցյալի իրադարձություններից:
    Հայաստանը ստրկացրել է Լենին: Նա ամբողջ օրն ապրում է Հայաստանի մասին խոսելով և խոստովանում, որ կիսով չափ հայ է:
    Այս գրքի առանձնահատկությունն այն է, որ գրվել է ոչ թե հայի, այլ օտարերկրացու կողմից, ով մինչ իր հայ կնոջը հանդիպելը Ցեղասպանության մասին գրեթե ոչինչ չի իմացել, և իմանալով` իրեն շատ վատ է զգացել և ամաչել, որ արդարության համար պայքարող իր երկրներում /Նոր Զելանդիա և Ավստրալիա/ մինչև հիմա չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Պետք է նշենք, որ թեպետ նրա կինն է եղել նրա ոգեշնչման աղբյուրը, սակայն նա երբեք չի փորձել ազդել իր ամուսնու վրա` զուտ հայկական տեսանկյունի վրա հիմնված կարծիք ունենալու: Լեն Ուիքսը լայնածավալ հետազոտություն է իրականացրել Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ (այդ թվում, ի մի բերելով, Թուրքիայի կարծիքը, որն այժմ գիտի` կեղծ քարոզչություն է) բացահայտել է ճշմարտությունը, իր կյանքը նվիրել է Հայաստանին, և այս մեծ անարդարությունը աշխարհին ներկայացնելուն: Լենն անում է ամեն հնարավոր բան, որպեսզի Ավստրալիայի և Նոր Զելանդիայի կառավարությունները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը /http://www.mediamax.am/am/news/society/13155/:
    Հենց սկզբից վեպը գրվել է որպես ֆիլմ եռերգության հիմք: Եվ եթե ամեն մի հայ տարածի խոսքը, հատկապես Արևմուտքի շոու բիզնեսի տաղանդավոր հայերի շրջանակում, ապա հնարավոր է, որ երազն իրականություն դառնա, և աշխարհը տեսնի Հայաստանն ու իր պատմությունը մեծ էկրանին: Այն կարող է օգնել զարգացնել զբոսաշրջությունը և խրախուսել գործարար մարդկանց` (հատկապես սփյուռքահայությանը) մեծացնել ներդրումները Հայաստանում: Սա Լեն Ուիքսի հիմնական նպատակն է: Ի դեպ, «Ծագումը: Բացահայտում»-ը միայն առաջին գիրքն է. երկրորդ գիրքը` «Ծագումը: Մարդկության ոդիսականը», ըստ էության, հետ կգնա ժամանակի մեջ դեպի Հայաստանի առավել հնագույն ժամանակները, և այն նաև ցույց կտա Ցեղասպանության իրական սարսափը:
    Գրքի մասին ավելի մանրամասն տեղեկություն կարող եք կարդալ /http://originsdiscovery.com/ կայքում: Գիրքն անգլերենով հասանելի է առցանց թե՛ էլեկտրոնային, թե՛ թղթակազմ տարբերակով, ինչպես նաև հայերեն թարգմանությունը, որը տեղադրված է կայքում անվճար ներբեռնելու համար որպես նվեր հայ ժողովրդին: Գրքի մասին ինֆորմացիան կարող եք տարածել` հավանելով գրքի ֆեյսբուքյան էջը /https://www.facebook.com/originsdiscovery/  (ի դեպ, ֆեյսբուքյան էջն արդեն ավելի քան 12000 ‘Like’ ունի) կամ հետևելով թվիթթերում /@OriginsD/:

                    Արմինե Հակոբյան
/Թայլանդ, Բանգկոկ/
13.02.2015


Ցեղասպանություն. որբեր, ճակատագրեր

Կարծում եմ՝ յուրաքանչյուր բանական մարդու մոտ միևնույն զգացողությունն է առաջանում՝ լսելով «որբ» բնորոշումը որևէ մեկի նկատմամբ, որբ՝ լքված ու ճակատագրով մենակության դատապարտված: Դժվարությամբ, բայց և ստիպված, մարդն ընդունում է իրողությունը՝ Աստծո կամքն է: Սակայն ինչպես բնորոշել կամ ինչպես հաշտվել, երբ որբանում են միլիոնավոր մանուկներ՝ խաղաղ մի օր, մի խումբ մարդկային կերպարանքով ու գիշատչի արյունախում բնազդներով օժտվածների ձեռքով: Ինչպես բնութագրել գործողությունը, երբ այն մտածված ու ծրագրված եղեռնագործության հետևանք է, բռնի ու գազանաբար պարտադրված որբություն, և որբերի թիվը հասնում է հարյուր հազարների: Ցավը հազարապատկվելով` պատռում է հոգիդ, դուրս գալիս իր սահմաններից և անօգնական թափառում նրանցից յուրաքանչյուրի հետ: Այնուհետ քո գիտակից ամբողջ կյանքում ահ ու սարսափից խոշորացած բիբերով, անփարատելի վշտոտ աչքերով հետապնդում, աղերսող ջղաձգումով կառչում է քեզնից, բույն դնում հոգուդ մեջ, անվերջ հիշեցնում իր մասին ու պարտադրում մեզ՝ պահանջել հատուցում յուրաքանչյուրի կրած ցավի ու անբուժելի կսկծի, իրենց պարտադրված եղերական ճակատագրի համար:
             Թեև այսօր, Հայոց ցեղասպանությունը հաստատող բազմաթիվ փաստացի տեղեկություններ կան, դեռ անկարելի է ճշտել, ի մի բերել թիվն այն որբերի, որոնց խմբերով կենդանի թաղեցին, գետերը, կիրճերը նետեցին, մորթեցին, այրեցին, որոնց մարմինները տների շաղախ ու գազանների կեր դարձրին, թուրք, արաբ, քուրդ ընտանիքներում որպես ծառաներ ու հարճեր պահեցին, թրքացրին:
       Հայոց ցեղասպանության տարիներին տեղահանության, ջարդերի ընթացքում մեծ թվով երեխաներ նահատակվեցին ու որբացան: Օսմանյան ջարդարարները հավատարիմ մնացին կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթի հրամանին. «Հինգ տարեկանից բարձր բոլոր օսմանահպատակ հայերը պետք է դուրս տարվեն քաղաքներից և սպանվեն»: Երեխաների մի մասը ողջակիզվեց, մյուսները թունավորվեցին, խեղդամահ արվեցին, մահացան անոթությունից, հիվանդություններից: Ցեղասպանության հետևանքով որբացան հարյուր հազարավոր երեխաներ, որոնց մի մասը դատապարտված էր դավանափոխության կամ ազգափոխության:
           Ողջակիզման դեպքերն առավել տարածված էին Բիթլիսի նահանգում: Շվեդ միսիոներուհի Ալմա Յոհանսոնը, ով աշխատում էր Մուշի գերմանական որբանոցում, նշում է, որ Մուշում ողջակիզվել են բազմաթիվ կանայք ու երեխաներ, այդ թվում` որբանոցի սաներ: Երեխաների ողջակիզման դեպքեր են եղել և Դեր-Զորում, որտեղ նրանց վրա բենզին են լցրել ու ողջ-ողջ այրել: Երեխաների սպանության այս մեթոդը կիրառվել է նաև Խարբերդի, Դիարբեքիրի նահանգներում:
          
Ականատեսների վկայությամբ տարբեր բնակավայրերից Ակն բերված մոտ 500 հայ որբ թունավորվել է թուրք բժիշկների կողմից: Տրապիզոնում իրագործվեցին ցեղասպանության գրեթե բոլոր մեթոդները: Տրապիզոնի առողջապահական ծառայության պաշտոնյա դոկտոր Զիյա Ֆուադը և քաղաքի առողջապահական ծառայության ղեկավար դոկտոր Ադնանը տեղացի թուրք բժշկների վկայությունների հիման վրա փաստում են, որ Տրապիզոնի նահանգի առողջապահության ղեկավար դոկտոր Ալի Սայիբը պարբերաբար թունավորում էր քաղաքի Կարմիր Խաչի հիվանդանոց բերված հայ երեխաներին և հրամայում Սև ծովում խեղդամահ անել այն երեխաներին, ովքեր ընդդիմանում էին ընդունել տրվող դեղորայքը: Նրա կողմից գործադրվում էր մեկ այլ մեթոդ ևս՝  հայ երեխաներին սպանում էին շոգեբաղնիքի վերածված տներում:
        Մեծ թվով հայ երեխաներ խեղդամահ արվեցին Եփրատում, հատկապես Դեր-Զորի հատվածում: Հայ վերապրողներից մեկի վկայությամբ Դեր-Զորի ոստիկանապետ Մուստաֆա Սիդկիի հրամանով 1916թ. հոկտեմբերի 24-ին շուրջ 2000 որբի, ոտքերն ու ձեռքերը կապելով, նետել են Եփրատը:
    Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հ.Մորգենթաուն վկայում է, որ Քեմախի կիրճում թուրքերը սրախողխող են արել ու Եփրատը նետել հարյուրավոր հայ երեխաների:
          Հայ երեխաներին բնաջնջելու թուրքական կառավարության քաղաքականությունն ավելի ցայտուն դրսևորվեց տեղահանությունից հետո, երբ ցեղասպանության հետևանքով որբացած բազմաթիվ երեխաներ հավաքվեցին: Այս երեխաների համար թուրքական կառավարությունը որոշ բնակավայրերում որբանոցներ բացեց: Թալեաթը հրամայեց հավաքել ու պահել միայն այն որբերին, ովքեր չէին հիշում սարսափելի տանջանքները, որոնց ենթարկվել էին իրենց ծնողները: Մյուս երեխաները պետք է հեռացվեին քարավանների հետ: Դանիացի միսիոներուհի քույր Մարչերը եղել է Օսմանյան կառավարության՝ Խարբերդում հիմնած նման մի որբանոցում և զարմացել, թե որքան խնամված էին որբանոցի 700 երեխաները: Բայց մի քանի օր անց, երբ նա կրկին այցելել է  որբանոց, տեսել է, որ 700 որբից մնացել էին 13-ը, մյուսները անհետացել էին: Պարզվել է, որ երեխաներին տարել են Ծովք (Գյոլջուկ) լիճ և խեղդամահ արել, որտեղ 1915թ. ամռանը խեղդամահ էին արվել տասնյակ հազարավոր հայեր:
         Հարկ է արձանագրել, որ այս տարիների ընթացքում բազմաթիվ հայ որբերի «որդեգրեցին» քրդերը, թուրքերն ու արաբները և իսլամացրին: Մի շարք կազմակերպությունների ու անհատների աջակցությամբ, հետագա տարիներին հայտնաբերվեցին ու փրկագնով ազատվեցին հազարավոր նման որբեր: Այնուամենայնիվ, նրանց մի ստվար հատված դատապարտված էր ուծացման: 1915թ. օգոստոսի 30-ի Թալեաթի հրամանագրում ասվում էր. «Հայ երեխաների գոյությունը պաշտոնական հաստատություններում անընդունելի է, պետք է նրանց բաժանել իսլամական գյուղերում»: Կոտորածից հավաքագրված որբերից 1426 երեխա իսլամացման համար ուղարկվել են թուրքական տարբեր հաստատություններ:
Ավելի ուշ ՀՕՄ-ի դրամահավաքով որոշվում է Օնտարիո բերել որբերի՝ նրանց գյուղատնտեսություն սովորեցնելու, ուսումն ու կեցությունը հինգ տարով ապահովելու համար: 1924թ. տարբեր վայրերից 109 որբ բերվում է Ջորջթաուն, ուր նրանց տրամադրում են ճահճոտ մի շրջան, որը չորացնելով պետք է պիտանի դարձնեին մշակման համար: «Որպես երախտագիտություն» հաստատությունը փորձում է փոխել նրանց անունները, յուրաքանչյուրին նոր անգլոսաքսոնական անուն տալով՝ մոռացության տալու համար իրենց ազգությունը, ավելի արագ և վերջնական ձուլելու օտարներին: Անօգնական ու անպաշտպան մնացած որբ երեխաները, կտրականապես մերժում, ըմբոստանում, չեն ընդունում առաջարկը: Միակ բանը, որ նրանք փրկել էին այդ արհավիրքից, իրենց փլուզված մանկությունից, պոկված արմատներից, ծնողների կողմից իրենց տրված անուններն էին՝ միակ կապը իրենց ծնողների և իրենց էության միջև, որն իրապես ունեին, իրենցն էր, և ոչ մի գնով չեն զիջում այն: 109 որբ, աշխարհում ամբողջովին միայնակ մնացած 109 հայ մանուկ, տեր է կանգնում իր ինքնությանը: Ի դեպ, համաձայն ՄԱԿ-ի Կոնվենցիայի, երեխաների էթնիկ բռնի փոփոխությունը  ցեղասպանության առաջին նշաններից մեկն է:

ԱՆԹՈՒՐԱՅԻ ՈՐԲԱՆՈՑ

          Անթուրա բերված 1456 որբերը հիմնականում 3-14 տարեկաներեխաներ են եղել, որոնց թլպատելով, թուրքական անուններ տալով, թուրքերեն խոսել պարտադրելով, իրենց ամենօրյա թուրքական քարոզներով փորձել են ամբողջովին թրքացնել: 11-ից բարձր տարիք ունեցող և խոշորակազմ տղաներին աստիճանաբար սպանել են: Այդ երեխաներից միայն 456-ն են կենդանի մնացել: 300 որբի դիակները միայն 1993 թվականին են հայտնաբերվել, երբ շինարարության համար փորվել է տարածքը: Տարբեր օրերում մահացած որբերին անթաղ թողնելով՝ կեր են դարձրել շներին ու գազաններին, որոնց ոսկորներով էլ սնվել են որբանոցում անօթությունից տառապող երեխաները:
Գառնիկ Բանյանը, ով հետագայում «Նշան Փալանճեան» ճեմարանի փոխտնօրենն էր, ունի սրտառուչ գրառում այդ մասին: Նրան Անթուրա են բերել վեց տարեկանում: Յուրաքանչյուր երեխա թվով է ճանաչվել, ինքը եղել է թիվ 551-ը, անվանափոխվելով դարձելՄահմուդ: Հաճախ սնվել է որբանոցի շուրջ հայտնվող ոսկորներով՝ չգիտակցելով, որ դրանք իր մահացած որբ ընկերների անթաղ մասունքներն են:
Անթուրայի որբանոցի սան 1904թ. ծնված Հարություն Ալպոյաճյանը  պատմել է. «Ծնողներս սպաննելէ յետոյ, զիս եւ ինծի պէս անչափահաս երեխաները հաւաքելով կը տանին Ճեմալ Փաշային թրքական որբանոցը։ Իմ մականունս «535» էր, իսկ անունս Շիւքրու, իմ հայ ընկերն ալ ստացաւ Էնվէր անունը։ Մեզ թլփատեցին։ Կարգ մը երեխաներ կային, որոնք չէին գիտեր թրքերէն։ Անոնք շաբաթներով չէին խօսեր, որպէսզի իրենց հայ ըլլալը չգիտցուէր։ Եթէ սերժանտները (ենթասպաներ) այդ մասին իմանային, զիրենք կը պատժէին։ Ոտքի ներբանին 20 – 30 – 50 հարուածներ կը հասցնէին, կամ ալ՝ կը ստիպէին ժամերով արեւուն նայիլ»։
Անձնական պրպտումներով, օգտվելով հավաստի աղբյուրներից, Միսաք Քելեշյանը փաստերով հաստատել է, որ այսօրվա Անթուրայի Ֆրանսիական քոլեջը 1915 թվականին եղել է հազարավոր հայ որբերի թրքացման կենտրոն
         Շիրիմները  հայտնաբերած Միսակ Քելեշյանը դիմել է լիբանանահայ բարերար Գոհար Խաչատուրյանին, ում հոգածությամբ ու նյութական աջակցությամբ Բեյրութի Անթուրայի Սուրբ Զոզեֆ  քոլեջի գերեզմանոցում տեղադրվել է  խաչքար-հուշակոթող։ Խաչքարի վրա հայերեն, արաբերեն, ֆրանսերեն և անգլերեն գրված է. «Ի հիշատակ հայ նահատակներին, ովքեր զոհ գնացին Օսմանյան կայսրության գործադրած ցեղասպանության»: Եղբայրական գերեզմանոցում հանգչում են ավելի քան 300 հայազգի որբեր, ովքեր մահացել են խոլերայից ու սովից:
Անթուրայի որբանոցում` հայ որբերի եղբայրական գերեզմանոցի վրա, Օսմանյան կայսրության գործադրած ցեղասպանությանը զոհ գնացած հայ նահատակների հիշատակի խաչքար-հուշակոթողի բացման արարողությանը անդրադարձել են լիբանանյան  բոլոր հայտնի թերթերն ու հեռուստաընկերությունները: Բեյրութում  այս հուշակոթողն արդեն անվանում են «լիբանանյան Ծիծեռնակաբերդ» կամ «Գոհար» խաչքար` զարդարված այբուբենով ու Կիլիկիայի թագավորության հատկանշական թագով:
Ծանր է գիտակցել, որ այսօր էլ դեռ  անմեղ որբերի հոգիներն անհանգիստ են, քանզի այդ մեծ ոճրագործությունն իրականացնողների հետնորդները ստորաբար հերքում են դարի մեծագույն չարագործությունը՝ անարգելով հազարավոր ճակատագրեր ու խեղված մանկություն: Այսօր էլ անհնար է լինել Անթուրայի այդ փոքրիկ գերեզմանոցում ու չտեսնել այդ տանջված մանուկների դեմքերը, չլսել նրանց գիշերային լացը, չզգալ նրանց անմեղ ու չարաչար տանջված ներկայությունը, չլսել «ֆալախա»-ի հարվածների ցավից պոկված նրանց անպաշտպան ճիչը:
          Թուրքիայի կառավարությունը և թուրք սերունդը պարտավոր է հատուցել այս որբերի մանկությունը ջարդուփշուր անելու, ընտանեկան ջերմությունից վայրագորեն զրկելու, հայրենի երկրից դուրս նետելով՝ հազարավոր մղոններ ահ ու սարսափով անցնելու, ստրկաբար ձրի աշխատեցնելու՝ հարյուր տարով սեփականացնելով նրանց հողերը, տներն ու ունեցվածքը:
Ջարդերից փրկված փոքրիկները դիմակայեցին բազում փորձությունների` հավատարիմ մնալով իրենց կրոնին ու ազգությանը: Տասնամյակներ անց էլ նրանց մոտ արթուն էր նույն վախի, մենակության զգացումը, որ ապրել էին Հայոց ցեղասպանության տարիներին: Այս ամենը հատուցում է պահանջում…
Չստանալով համարժեք պատիժ՝ դարասկզբի ցեղասպանությունը հիմք դարձավ հետագա ցեղասպանությունների, ու դեռ կիրականացվեն նմանատիպ ոճրագործություններ, քանի դեռ չեն դատապարտվել ու հատուցվել նախորդները:


Գոհար Աբրահամյան
03.02.2015




<<Սպի>>` խախտելով Հայոց ցեղասպանության մասին
Թուրքիայի մեկդարյա լռությունը

    Թուրքական ծագումով   գերմանացի  ճանաչված ռեժիսոր   Ֆաթիհ Աքինը  դարձյալ  Երևանում է` այս  անգամ արդեն  Հայոց ցեղասպանության  թեմայով, իր <<Սպի>>  ֆիլմի երևանյան նորամուտի առիթով:
    Աքինը  Հայաստան  է  ժամանել    ֆիլմի հեղինակային կազմի  ու   համաֆինանսավորողների հետ միասին: Այս պատվիրակության կազմում համախմբվել են կինոյի  շատ հայտնի  ու տիտղոսավոր   դեմքեր` սկսած  ռեժիսորից մինչև ֆիլմի համահեղինակ, Հոլիվուդի  հայտնի   սցենարիստ  Մարտիկ  Մարդինը: Երևանի տիտղոսավոր հյուրերի թվում  է  նաև   ռուսական ֆիլմարտադրության այսօրվա ամենաազդեցիկ դեմքերից մեկը` պրոդյուսեր Ռուբեն  Դիշդիշյանը: <<Կամար>>-ի այն  հարցին, թե  ինչով  իրեն հետաքրքրեց  Աքինի ֆիլմի  նախագիծը,   Դիշդիշյանը նշեց` ամեն ինչ սկսվեց  սցենարից.<<Ինձ շատ դուր եկավ  սցենարը: Սակայն  բացի սցենարից  իր  վճռական դերակատարությունն  ունեցավ  նաև այն հանգամանքը, որ   այս պատմությունն   ինձ  համար   նաև   անձնական մոտիվ  էր: Իմ պապն  էլ ապրել  է  եղեռնի սարսափը, անցել  այդ ճանապարհը, և  սա ինձ  համար մի հնարավորություն էր հարգանքի տուրք մատուցել  իմ  նախնիների  հիշատակին: Հենց այս  գործոններն ունեցան իրենց դերակատարությունը, որպեսզի մենք  մասնակցենք  այս նախագծին>>:
    Ֆիլմի ցուցադրությունից հետո <<Սպի>>-ի հեղինակային խումբը  հանդիպեց լրագրողներին: Հայկական լրատվամիջոցների  ներկայացուցիչների հետ հանդիպումը   Ֆաթիհ  Աքինը սկսեց    Թուրքիայից    արտագաղթած  իր ծնողների պատմությամբ: Նախորդ  դարի կեսերին   Գերմանիայում հայտված,  թուրքական ընտանիքում  մեծացած   Ֆաթիհը, ով այսօր Եվրոպայի ամենաճանաչված ու գնահատված ռեժիսորներից է, այդուհանդերձ,   Թուրքիայի մասին խոսելիս օգտագործում  է  մեր  բառը: Թուրքիայի  կողմից  ճնշւմների  մասին   <<Կամար>>-ի   հարցին   ի  պատասխան  ռեժիսորը  փաստում   է.<<Երբ  վեճը  քո    ընտանիքի  ներսում է, դա բոլորովին այլ  բան  է: Դու  կարող   ես   վիճել  քո  ծնողների հետ   ու  նրանց ասել այն, ինչ   մտածում   ես: Ինձ  համար   մեծագույն  քաղաքակրթական արժեքը խոսքի ազատությունն  է: Բայց  իմ   ծնողները եկել են  մի երկրից, որտեղ խոսքի ազատության  լուրջ սահմանափակումներ կան: Դեռ  վերջերս  Թուրքիայում  հնարավոր   չէր  անգամ  ցեղասպանություն բառն օգտագործել: Անգամ այժմ  հեշտ չէ   դա  անել, բայց այսօր  Թուրքիայում այս հարցի շուրջ քաղաքացիական շարժում  կա, մանավանդ` Հրանտ Դինքի սպանությունից հետո, ու  ես ինձ այդ շարժման   մի  մասն եմ  զգում,  և  ես որոշեցի  իմ ֆիլմով  սատարել   այդ շարժմանը>>:
   
Հայոց   ցեղասպանության    թեմային  Աքինն  անդրադառնում է  առաջին   աշխարհամարտի  տարիներին  Թուրքիայում  ապրող հայերի կյանքում տեղի ունեցած  կտրուկ շրջադարձի  պատմությամբ: Ֆիլմի   գլխավոր  հերոսի`   հայ  դարբին Նազարեթ    Մանուկյանի  ընտանեկան ողբերգության  միջոցով  ռեժիսորը  ներկայացնում է հայերի տեղահանությանը,  նրանց նկատմամբ բռնությունների, թալանի  և  սպանդի պատմությունը; Ռեժիսորն  ընդգծում է, որ  ի սկզբանե   որոշել էր, որ  ֆիլմը  չպետք է   ավարտվի առաջին աշխարհամարտով, այլ  պետք    է   ներկայացվեր   հազարավոր    հայ  ընտանիքների`  ամբողջ աշխարհով մեկ  միմյանց   տառապագին  որոնումները: Աքինի համար  չափազանց  կարևոր   էր  ներկայացնել սփյուռքի ողբերգությունը հենց սփյուռք ձևավորելու իրողության  մեջ: 1918թ.-ից ի վեր աշխարհով մեկ ցրիվ եկած տարաբախտ  մարդիկ սկսում են որոնել միմյանց, հայտարարություններով և ընդհուպ մինչև որբանոցներ այցելում: Նազարեթ    Մանուկյանի`  տարիներ շարունակ   տևած   դեգերումները  նրան  հասցնում են ԱՄՆ, որտեղ էլ գտնում  է   իր  երկվորյակ  դուստրերից մեկին:
    Պատմական  հավաստիության   ու   իրական պատմությունների  փնտրտուքը   ռեժիսորին   ստիպել  են   տևական ժամանակ անցկացնել   միջազգային  արխիվներում: Հիմա  հետադարձ  հայացքով  գնահատելով  ֆիլմի  աշխատանքային  հինգ  տարիները`  ռեժիսորը   փաստում է.<<Հինգ  տարի շարունակ  ես  քնել  և արթանացել  եմ Ցեղասպանության մասին  մտքերով>>: Իսկ   ինչպես  ծնվեց   ֆիլմի  գաղափարը. ֆիլմի նախապատմությունն   անմիջականորեն կապվում  է   Հրանտ Դինքի հետ: Դինքի  սպանությունից հետո  Աքինը  մեծ  ցանկություն ուներ  ֆիլմ նկարահանել   նրա  մասին, ավաղ, թուրք  դերասանները  հրաժարվում էին նկարահանվել Դինքի դերում: Հենց այդ ժամանակ  ծնվեց Ցեղասպանության մասին  ֆիլմ նկարելու  մտահղացումը: Աքինը փաստում   է` մեծ  զարմանքով  հայտնաբերել  է, որ աշխարհում  ահռելի  թվով մարդիկ պարզապես  չգիտեն  անգամ Ցեղասպանության իրողության մասին: Եվ հիմա, երբ  Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանում ֆիլմի ցուցադրությունից  հետո  <<Սպին>>  ներկայացվում է  Թուրքիայի   լավագույն կինոսրահներում, ռեժիսորին  բավարարվածության  զգացում է  պատճառում այն հանգամանքը, որ  ֆիլմից հետո երիտասարդ  թուրքերը  դուրս են գալիս դահլիճից ու ասում՝ մենք ոչինչ չգիտենք  այդ մասին, բայց պետք է իմանանք: «Իմ գլխավոր խնդիրներից մեկն  այս ֆիլմը Թուրքիա  տանելն էր»,-փաստում է ռեժիսորը: <<Սպի>> ֆիլմն  առանցքային դերակատարություն ունի  կինոռեժիսորի  ստեղծագործական կենսագրության մեջ: Հենց այս   ֆիլմով  նրա  համար  ավարտվում  է   մոտ   մեկ  տասնյակ տարիների ընթացքում ստեղծված  կինոեռապատումը, որի առաջին   մասերը` <<Սերը>>, <<Մահը>>   ներկայացվել են   եվրոպական   ամենահեղինակավոր կինոփառատոներում և նվաճել այդ  կինոստուգատեսների   բարձրագույն մրցանակները: Հիմա  արդեն  մեծ էկրանին  է   նաև  եռապատումի վերջին մասը` <<Չարքը>>, նույն`  <<Սպին>>, որը   խախտում  է   Հայոց  ցեղասպանության մասին   մեկդարյա   լռությունը Թուրքիայում  և հենց այս ուղերձով ֆիլմն արդեն սկսել  է  իր փառատոնային  ու էկրանային կենսագրությունը:


Նարինե   Առաքելյան
02.02.2015



ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ
ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ
100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ


    Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ավարտից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնաժողովի անդամների և ընդլայնված նիստի մասնակիցների հետ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Պետական հանձնաժողովի անդամներն այնուհետև ծանոթացել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրության նախապատրաստման աշխատանքների ընթացքին:
    Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի է ունեցել նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողությունը: Հռչակագիրն այսօր միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում: Փաստաթուղթն ընթերցել է Նախագահ Սերժ Սարգսյանը և ի կատարումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշման, հռչակագրի մայր օրինակը ի պահ է հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Հանրապետության Նախագահը նշել է, որ հռչակագրի մեկ օրինակը կուղարկվի Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, մեկ օրինակը կհանձնվի Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ:

    Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համայկական հռչակագիր

    Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը, համախորհուրդ սփյուռքում գործող տարածաշրջանային հանձնախմբերի հետ՝
    - արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը,
    - հենվելով 1990 թվականի օգոստոսի 23-ի՝ Հայաստանի անկախության մասին հռչակագրի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վրա,
    - վկայակոչելով ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որի համաձայն «մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության եւ հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչումն աշխարհի ազատության, արդարության եւ խաղաղության հիմքն է»,
    - ղեկավարվելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1946 թվականի դեկտեմբերի 11-ի 96(1) բանաձևի, 1948 թվականի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, 1968 թվականի նոյեմբերի 26-ի «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, ինչպես նաև 1966 թվականի դեկտեմբերի 16-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի և մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր այլ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով և դրույթներով,
    - հաշվի առնելով, որ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան ընդունելիս ՄԱԿ-ը հատուկ կարևորել է այդ հանցատեսակի դեմ պայքարում միջազգային համագործակցությունը,
    - շեշտելով ցեղասպանության հանցակազմում պարունակվող արարքների համար անպատիժ մնալու անթույլատրելիությունն ու այդ հանցագործության վաղեմության ժամկետ չունենալու հանգամանքը,
    - դատապարտելով 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկ զտումները, հայկական ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու քաջալերանք,
    - համարելով նաև 1919-1921 թվականներին Օսմանյան ռազմական արտակարգ ատյանների կողմից «Իրավական և մարդկային օրենքների դեմ» այդ ծանր ոճրի ուղղությամբ կայացված դատավճիռները եղելության իրավական գնահատական,
    - արժևորելով 1915 թվականին միջազգային հանրության կողմից Անտանտի պետությունների մայիսի 24-ի համատեղ հռչակագրով հայ ժողովրդի դեմ իրականացված ծանրագույն հանցագործությունը պատմության մեջ առաջին անգամ որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն» որակումը և օսմանյան իշխանություններին պատասխանատվության կանչելու հանգամանքի շեշտադրումը, ինչպես նաև 1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրի և 1920 թվականի նոյեմբերի 22-ի` ԱՄՆ-ի Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի դերը և նշանակությունը Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում.
    1. Ոգեկոչում է Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը և երախտագիտությամբ խոնարհվում կյանքի ու մարդկային արժանապատվության համար պայքար մղած նահատակ և վերապրած հերոսների առջև:
    2. Վերահաստատում է Հայաստանի և հայ ժողովրդի հանձնառությունը՝ շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման համար:
    3. Շնորհակալություն է հայտնում այն պետություններին, միջազգային, կրոնական և հասարակական կազմակերպություններին, որոնք քաղաքական խիզախություն ունեցան ճանաչելու և դատապարտելու Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված սոսկալի ոճրագործություն, և այսօր էլ շարունակում են այդ ուղղությամբ իրավական քայլեր ձեռնարկել, նաև կանխել ժխտողականության վտանգավոր դրսևորումները:
    4. Երախտագիտություն է հայտնում այն ազգերին, կառույցներին և անհատներին, ովքեր հաճախ իրենց վտանգելով` մարդասիրական տարաբնույթ օգնություն ցուցաբերեցին, փրկեցին լիակատար ոչնչացման վտանգի առջև կանգնած բազմաթիվ հայերի, ապահով և խաղաղ պայմաններ ստեղծեցին ցեղասպանությունից վերապրած հայության համար` մեծ թափ հաղորդելով որբախնամ գործունեությանը և միջազգային հայասիրական շարժմանը:
    5. Դիմում է ՄԱԿ-ի անդամ պետություններին, միջազգային կազմակերպություններին, բարի կամքի տեր բոլոր մարդկանց՝ անկախ ազգային և կրոնական պատկանելությունից, միավորել իրենց ջանքերը պատմական արդարությունը վերականգնելու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար:
    6. Արտահայտում է Հայաստանի և հայ ժողովրդի միասնական կամքը` Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու և ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում, ինչի համար մշակում է իրավական պահանջների թղթածրար՝ դիտելով այն անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ:
    7. Դատապարտում է Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության ապօրինի շրջափակումը, միջազգային հարթակներում ցուցաբերվող հակահայկական կեցվածքը և միջպետական հարաբերությունների կարգավորման համար նախապայմանների առաջադրումը՝ դրանք գնահատելով որպես Հայոց ցեղասպանության, Մեծ Եղեռնի մինչ օրս անպատիժ մնալու հետևանք:
    8. Կոչ է անում Թուրքիայի Հանրապետությանը՝ ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը և մարդկության դեմ իրագործված այդ սոսկալի ոճրի զոհերի հիշատակը ոգեկոչելու միջոցով առերեսվել սեփական պատմության ու հիշողության հետ՝ հրաժարվելով կեղծարարության, անհերքելի իրողության ժխտման և հարաբերականացման քաղաքականությունից:
    Զորակցում է Թուրքիայի քաղաքացիական հասարակության այն հատվածին, որի ներկայացուցիչներն այսօր արդեն համարձակություն են դրսևորում այդ հարցում` ի հակադրություն իշխանությունների պաշտոնական դիրքորոշման:
    9. Հույս է հայտնում, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը կարևոր մեկնակետ կդառնան հայ և թուրք ժողովուրդների պատմական հաշտեցման գործընթացի համար:
    10. Հպարտությամբ է արձանագրում, որ ցեղասպանությունից վերապրած հայ ժողովուրդը վերջին հարյուրամյակի ընթացքում՝
    - դրսևորեց անկոտրում կամք ու ազգային ինքնագիտակցություն, վերականգնեց դարեր առաջ կորցրած ինքնիշխան պետականությունը,
    - պահպանեց և զարգացրեց ազգային արժեքները, հասավ ազգային մշակույթի, գիտության և կրթության վերածննդի` ուրույն ներդրում ունենալով համաշխարհային ժառանգության զարգացման գործում,
    - ստեղծեց Հայկական Սփյուռքի հոգևոր և աշխարհիկ կառույցների հզոր և արդյունավետ ցանց, ինչը նպաստեց աշխարհասփյուռ հայ համայնքներում հայապահպանության, հայի` հարգանք և համակրանք վայելող կերպարի կերտմանը, հայ ժողովրդի արդար իրավունքների պաշտպանությանը,
    - համազգային գործակցության և հայրենադարձության ընդարձակ ծրագրով համախմբեց և վերստեղծեց ցեղասպանության հետևանքով վերացման վտանգի առջև հայտնված ազգային գենոֆոնդը,
    - Առաջին և Երկրորդ աշխարհամարտերում բերեց իր արժանի ներդրումը միջազգային անվտանգության և խաղաղության հաստատման գործում, փառավոր հաղթանակներ տարավ Սարդարապատի և Արցախյան հերոսամարտերում:
    11. Դիտարկում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը որպես կարևոր հանգրվան պատմական արդարության համար մղվող պայքարը «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով շարունակելու գործընթացում:
    12. Կոչ է անում հայորդիների գալիք սերունդներին` հայրենասեր, գիտակից և ուսյալ կեցվածքով պաշտպան կանգնել հայրենի սրբազան ժառանգությանը, աննահանջ պայքարով ծառայել հանուն`
    - առավել հզոր Հայրենիքի` ազատ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության,
    - անկախ Արցախի առաջընթացի ու զորացման,
    - աշխարհասփյուռ հայության գործուն համախմբման,
    - համայն հայության դարավոր նվիրական նպատակների իրականացման:

29 հունվարի 2015թ., ք.Երևան


«Կոմիտասն այսուհետ մշտական հասցե ունի»

    Կոմիտասի անվան զբոսայգում 2015 թվականի հունվարի 29-ին իր դռները բացող Կոմիտասի թանգարան-ինստիտուտն անկախ Հայաստանի առաջին նորաստեղծ թանգարանն է: Մինչ այս, 2013 թվականի մայիսի 30-ին ՀՀ նախագահը հանդես է եկել  թանգարան ստեղծելու առաջարկով, իսկ 2014 թ. հուլիսի 24-ին կառավարությունն ընդունել էր թանգարան-ինստիտուտ ստեղծելու որոշումը: Նորաբաց թանգարնում առաջիկայում կստեղծվի  գիտահետազոտական կենտրոն, գրադարան, հրատարակչություն, երաժշտական ստուդիա:
    Թանգարանի նախագծի հեղինակ և ճարտարապետ Արթուր Մեսչյանին լրագրողները  խնդրեցին «իբրև քաղաքացի և իբրև ճարտարապետ» երկու խոսքով պատմել կառույցի և թանգարանի մասին: «Երկու խոսքով», որովհետև լրագրողական համայնքը սիրում ու գնահատում է Արթուր Մեսչյանին իբրև երգահան և ճարտարապետ, գիտեն նաև, որ չի սիրում իր արածի մասին շատ խոսել:
    «Ճարտարապետության  մասին երկու խոսքով դժվար է: Նախ, դժվար տարածք էր, քանի որ արդեն գոյություն ունեցող մասնաշենքը  պետք էր համակցել նոր շենքի հետ և այնպես անել, որ դառնար համալիրի մի մասը:  Նորակառույց մասնաշենքը, տարբերակելու համար արված է սպիտակ տրավերտինով, այսինքն, անգամ նյութով է տարբերությունը շեշտվել: Սակայն թանգարանը միայն շենքը չէ, այլև գրագետ հնարավորությունների ստեղծում է թանգարանի հետագա գործունեության համար, ինչը, հուսով եմ, ստացվել է: Ոչ մի թանգարան միանգամից չի ստեղծվում: Երկար տարիների, հետագա զարգացման ծրագրերի համար, հուսով եմ, պայմաններ կան: Թանգարանը մարդիկ են, կառույցը չէ, այն օդն է, մթնոլորտն է, որը, հուսով եմ, մեր կյանքի որակի, մշակութային զգացողությունների մեջ փոփոխություն կմտցնի»,- ներկայացրեց արվեստագետը:
    «Կոմիտասի անունը օգնե՞ց, թե խանգարեց» հարցին պարոն Մեսչյանն արձագանքեց.«Օգնելը չէ, միայն պատասխանատվություն էր, ֆանտաստիկ վտանգավոր տարածք: Կոմիտասի հանդեպ վստահաբար ազնիվ եմ եղել:Կառույցի սիմվոլներ կան, բայց չեմ բացի, կա հատված դաշնամուր, որը բացվում է դեպի զանգակատուն: Պետք է ուշադիր նայել»:
    Կոմիտասյան մասունքները կամաց-կամաց կհավաքվեն իր հարկի տակ:
    Մի քիչ ուշադիր լինելու դեպքում լրագրողները չէին կարող չնկատել, թե Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը որքան նախանձախնդիր էր Կոմիտասի թանգարան ստեղծելու գաղափարը կյանքի կոչելու խնդրում, անընդհատ բարձրաձայնում էր, և համակում իր ոգևորությամբ: Թանգարանի առաջին այցելուներին՝ լրագրողներին, տիկին Պողոսյանն ասաց, «Շատ անարդար էր, որ չունեինք Կոմիտասի թանգարան, թեև Կոմիտասի անվան հնարավոր ու անհնար բազմաթիվ մշակութային օջախներ, զբոսայգի, պողոտա վաղուց ունեինք: Մեկ տարի չորս ամիս տևեց հիմնարկեքից մինչև բացումը: Փառք Աստծո, այս թանգարանը ամփոփում է մեր բոլոր իղձերը, որոնք կապված են Կոմիտասի անվան հետ: Կարևորագույն մի տեղ, որտեղ կիմանանք ոչ միայն երաժշտության մասին: Մենք կտեսնենք նաև մի քիչ անհայտ Կոմիտաս՝ բանաստեղծ ու նկարիչ: Շնորհակալություն բարերարներին, շնորհակալություն պարոն Մեսչյանին, ով պատմական շենքը լավագույնս համադրեց նորի հետ: Մեծ հույսեր ունենք, որ կոմիտասյան մասունքները կամաց-կամաց կհավաքվեն իր հարկի տակ,  կհամալրեն թանգարանի նյութերը»:
Մշակույթի նախարարը վստահեցնում է, որ կոմիտասյան մասունքներ կան դրսում, հատկապես հարևան երկրում, բայց դրսից նվիրատվություն դեռևս չի եղել: Նախարարն ասաց նաև, թե «հույս ունեմ, որ Ֆրանսիայում կան, և անպայման նվիրատվություններ կլինեն, չէ՞ որ Կոմիտասն այսուհետ հասցե ունի»:
    Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանյանը, «ինչպես յուրաքանչյուր հայ, ուրախ ու հպարտ է մշակութային նոր օջախի համար»: Երիտասարդ տնօրենը համեստորեն նշեց, որ համագործակցելու են կոնսերվատորիայի, թանգարանների ու գրադարանների հետ, քանի որ իրականացվելու են  ոչ միայն երաժշտական, այլև կրթական, գիտական ծրագրեր: Եվ որ բոլորս պիտի ջանք դնենք, որ այս կառույցը դառնա թանգարան: Իսկ էքսպոզիցիայում առայժմ 135 ցուցանմուշ կա:
    Երաժշտագետ Մհեր Նավոյանը թանգարանը համարում է մի հաստատություն, որը լուծեց տասնամյակների բացը.«Թեև Կոմիտասը լայնորեն ներկայացված էր, սակայն հանդիպավայր չուներ, մի վայր, որը կապված կլիներ միայն իր անվան հետ, Կոմիտասի առանցքի շուրջ: Գիտական նպատակն է շեշտադրվում: Բազմաֆունկցիոնալ թանգարան է, բազմաշերտ»:
    «Ինչու՞ Կոմիտաս վարդապետի թանգարան, չէ՞ որ հոգևոր թանգարան չէ» հարցին պարոն Նավոյանը պատասխանեց.«Հոգևոր թանգարան չէ, բայց Կոմիտասն է սկզբունքային, պատվախնդիր մոտեցում ունեցել իր հոգևոր կոչումին, և միշտ այդպես է ներկայացել, ինչպես կարող ենք տեսնել 1914 թվականին` Փարիզում բանախոսելու իր այցեքարտում»:
    Թանգարանի 8 սրահների մշտական ցուցադրության հեղինակը Վարդան Կարապետյանն է, ձևավորող նկարիչը՝ Ալբերտո Տորսելոն: Շրջելով թանգարանում` կարող ենք լուսանկարվել Կոմիտաս վարդապետի գեղագիր ստորագրության ֆոնին, նաև՝ 1907 թվականին Կոմիտասին Ալեքսանդր Մանթաշյանի նվիրած ռոյալի առջև: Կարող ենք տեսնել Կոմիտասի գունավոր դիմանկարը, որը 1893 թվականին նկարել է  Եղիշե Թադևոսյանը,  Կոմիտասի երկու դիմաքանդակ՝ Երվանդ Քոչար /1970 թ./ և Արա Հարությունյան /1978 թ./, «Անուշ» անավարտ օպերայի բեմականացման ծրագիրը և այլն: 
    Թանգարանի  ճարտարապետական լուծումների մասին դատելը թողնենք մասնագետներին, սեփական զգացողությամբ շենքը լայնաշունչ էր, չպարտադրող, հոգևոր բովանդակությամբ լցվելու պատրաստ, Կոմիտասի անընդգրկելի կերպարին համահունչ՝ առաջին հայացքից անընկալելի, սրահի միջից բացվող սրահներ, և այս ամենը, ասես, գաղտնիք էր պարունակում. ինչի՞ կհանդիպես հաջորդ սրահում կամ քայլափոխին: Դատարկ մի սրահում, որը նայում  էր վերև ու առաստաղ չուներ, ասես, ձգվում էր երկինք, Կոմիտասի բրոնզե մահադիմակն էր: Նորաբաց թանգարանի աշխատակցուհին սիրալիր ու պատրաստակամ պարզաբանում տվեց: Կոմիտասի մահից ժամեր անց Մխիթարյան միաբանության և Գերմանիայի դեսպանատան ջանքերով ու միջնորդությամբ  է հանվել այս անգին մահադիմակը: Հիշենք, Կոմիտասը վախճանվել է 1935 թ. հոկտեմբերի 21-ին: 1936 թ. մայիսին Ֆրանսիայից ներգաղթող հայերի նավով  Կոմիտասի աճյունը տեղափոխվել է Երևան: Չարենցն այդ օրերին է գրել.
«Իբրև աճյու՜ն դու եկար,
Իբրև մեռած տարագիր
Դարձած ավյուն, դարձած քար
Անէացած, սրբացած»:

Գայանե Մկրտչյան
29.01.2015


Հայոց   ցեղասպանության  չսպիացող  վերքը 
համաշխարհային  էկրանին


    Հայաստանի  մշակութային կյանքն այս  շաբաթ կնշանավորվի մի  իրադարձությամբ, որն առավելապես  միջազգային  և  քաղաքական հնչեղություն ունի: Եվրոպայի  Ա  կարգի  և  ամենանրբաճաշակ  փառատոներում  իսկական հաղթարշավից հետո տեղի կունենա թուրք ռեժիսոր   Ֆաթիհ  Աքինի   <<Սպի>> աղմկահարույց  ֆիլմի երևանյան նորամուտը: Ֆիլմը  համաշխարհային կինոշուկա  մտավ  արդեն  սկանդալային նախապատմությամբ: Փաստը, որ թուրքական ծագումով գերմանացի  տաղանդավոր ռեժիսորը ֆիլմ է նկարահանում Հայոց ցեղասպանության մասին, այս կինոնախագծի հանդեպ հետաքրքրություն բորբոքեց դեռ նկարահանումների նախապատրաստական փուլում:
    41-ամյա Աքինը գերմանական  կինոյի  նոր սերնդի   ամենաճանաչված և տաղանդաշատ  ռեժիսորներից  է, միջազգային կինոփառատոների բազմակի դափնեկիր, 2007-ին արժանացել է Կաննի  կինոփառատոնի  լավագույն սցենարի և էկումենիկ ժյուրիի մրցանակներին  <<Դրախտի  փեշին>>  ֆիլմի համար: Ընդամենը մեկ տարի անց նույն ֆիլմով ընդգրկվել է  ամերիկյան <<Օսկարի>> հավակնորդների ցանկում, իսկ Գերմանիայում մեծ ճանաչման  ու գնահատման  է  արժանացել իր  <<Գլխով պատին>>  ֆիլմի համար, որով նվաճել է նաև  Բեռլինալեի  գլխավոր մրցանակը` <<Ոսկե արջը>>:
    Թուրքիայից  Գերմանիա արտագաղթած  էմիգրանտների որդի  Աքինը մշտապես ընդգծում է, որ ինքը գերմանացի ռեժիսոր է, սակայն Թուրքիայի հակասություններն ու խնդիրները մշտապես արձագանքվում են նրա ֆիլմերում՝ անկախ նրանից դա թուրքական ծագումով գերմանացիների, թե Թուրքիայում  հայտնված  ու բազում խնդիրների բախված եվրոպացիների պատմությունն  է: Գերմանական Համբուրգի բազմազգ քաղաքային մշակույթում ռեժիսորը  մշտապես  բախվել է իրենց ինքնության   փնտրտուքի  մեջ ապրող մարդկանց խնդիրներին, և ինքն էլ հենց այդ տարբեր  մշակույթների հակասությունից ծնված երկվության կրողն է: 2010-ին <<Ոսկե ծիրան>>  երևանյան փառատոնի հրավերով  Ֆաթիհ  Աքինն առաջին անգամ այցելեց Հայաստան: Երևանում`  կինոփառատոնի շրջանակում տեղի ունեցավ նրա   ֆիլմերի  հետահայաց ցուցադրությունը: Հիմա արդեն վստահաբար կարելի  է ասել, որ հենց այդ օրերին և Երևանում է նա մտահղացել Հայոց ցեղասպանությանը նվիրված իր նոր ֆիլմի գաղափարը: Երևանյան կարճատև  այցից հետո ռեժիսորը  մեկնեց  Սիրիա  և  տեղի հայերի օգնությամբ տևական ժամանակ  ուսումնասիրում   էր  սիրիական արխիվները: Եվ միայն պատմական իրողությունների համակողմանի ուսումնասիրությունից հետո  նրա համար ամբողջացավ ֆիլմի հայեցակարգը:     Աքինը որպես   սցենարի համահեղինակ ընտրեց  հոլիվուդյան հայտնի  սցենարիստ, հայազգի Մարտիկ Մարտինին: Կինոպատումը ներկայացնում է 1915-ի եղեռնից մազապուրծ հայի՝  իր երկու դուստրերի փնտրտուքի ողբերգական պատմությունը: Ֆիլմում ֆրանսիացի դերասան Թահար Ռաhիմը մարմնավորում է Մարդինում ապրող հայ տղամարդու, որը մազապուրծ լինելով 1915-ի Հայոց ցեղասպանությունից, իր երկու դստրերին փնտրելու համար հասնում է Միացյալ նահանգներ: Այս  նախագծի էկրանավորմամբ ի  սկզբանե չափազանց հետաքրքրված էին  Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ու Ռուսաստանի պրոդյուսերները, որոնց համատեղ ֆինանսավորմամբ էլ  ֆիլմը բարձրացել է  մեծ էկրան: Նկարահանման ամբողջ ընթացքում ռեժիսորը խուսափում էր  իր կինոպատմության  մասին որևէ  հրապարակումից: Սակայն միևնունն  է   ռեժիսորին  չհաջողվեց ֆիլմը պաշտպանել քաղաքականացումից  ու  թուրքական շահարկումներից: Դեռ մայիսին ռեժիսորը ստիպված էր   ֆիլմը  հանել Կաննի մրցութային ծրագրից, քանի որ  Թուրքիայի բարձրացրած աղմուկը կարող էր ի սկզբանե վնասել  ֆիլմի եվրոպական նորամուտին: Սակայն թուրքական քաղաքական շահարկումները դրանով չավարտվեցին: Ուստի,  մինչև  <<Սպին>> կհայտնվեր   Վենետիկի փառատոնում, Աքինը  հարցազրույց տվեց  հայկական <<Ակոս>>  թերթին ու  հայտնվեց   թուրք ազգայնականների ամենակատաղի սպառնալիքների  կիզակետում: Թուրքական հիստերիայի ճնշման տակ  Աքինն, այնուամենայնիվ, իր ֆիլմը ներկայացրեց Վենետիկի 71-րդ միջազգային փառատոնի  մրցութային ծրագրում: Դեռ  հինգ տարի առաջ գերմանացի երիտասարդ ռեժիսորը արժանացել  էր  Վենետիկյան ստուգատեսի  հատուկ մրցանակին: Այն փաստը, որ  վենետիկյան կինոփառատոնը հայտնի է իր գեղագիտական  պահանջներով  ու ապաքաղաքական  դիրքորոշմամբ, հենց  մրցութային ծրագրում ընդգրկել է Հայոց ցեղասպանությանը նվիրված թուրք ռեժիսորի ֆիլմը, ինքնին քաղաքական հնչեղություն է հաղորդում այս կինոիրադարձությանը: Վենետիկյան  փառատոնից հետո արձագանքներն ավելի քան  հնչեղ էին: Իտալահայ  արձակագիր, <<Արտույտների ագարակը>> գրքի հեղինակ Անտոնիա Արսլանը    Ֆիլմն  այսօր էլ  առավել քան արդիական է համարում.<<Փաստը, որ ֆիլմը ցուցադրվում է Հայոց ցեղասպանության 100- ամյակի շեմին, ըստ իս, չափազանց կարևոր  է: Ֆիլմն, իհարկե, հասցեագրված է ամբողջ համաշխարհային հանրությանը, որը  հենց այսպիսի ֆիլմի կարիք ունի: Չմոռանանք, որ այսօր էլ  աշխարհում նույնանման ողբերգություններ են պատահում: Այսօր շատ թուրք բարեկամներ կան, որ շարունակում են հայոց հարցին աջակցել: Օրինակ, այս ֆիլմի թուրք ռեժիսորը ծնված և մեծացած լինելով Գերմանիայում` համարձակ քայլ է կատարել, կարողացել է հաղթահարել թուրքական տաբուն` լռությունը  Հայոց ցեղասպանության վերաբերյալ>>:
    Ինքը` ռեժիսորը  բազմիցս իր հրապարակային   ելույթներում  նշել  է, որ   ինքն էլ մի մասն է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի և Վենետիկում կրկին  վերահաստատեց   իր  դիրքորոշումը.<<Ես հավատում եմ, որ Թուրքիայում հզոր քաղաքացիական շարժում կա, որն ընդունում է Հայոց ցեղասպանությունը, այն օրեցօր աճում է  ու կարգավորվում: Ես էլ այդ շարժման մի մասնիկն եմ: Ես ռեժիսոր եմ  և նկարեցի մի ֆիլմ, որի շուրջ մարդիկ բանավիճում են, ու որը քննարկում են  ոչ  միայն Թուրքիայում, այլև Գերմանիայում, Ամերիկայում, որովհետև բազմաթիվ մարդիկ պարզապես չգիտեին այդ ցեղասպանության մասին: Այս ֆիլմն, իհարկե, հասցեագրված է ամբողջ աշխարհին, այն ուղղված է  ժխտողականության դեմ, և կինոժապավենի նպատակը հետագայում ցեղասպանությունների կանխարգելումն է>>: 
 
   Նարինե   Առաքելյան
29.01.2015

Հայերի ունեզրկումը  Օսմանյան կայսրությունում

    «Թուրքական  իշխանությունները ոչ միայն տեղահանեցին ու կոտորեցին հուսահատ մարդկանց հոծ բազմություններ, այլև սեփականացրին նրանց ողջ ունեցվածքը, որի արժեքը հասնում էր միլիարդների»:
                                                          Ֆ.Նանսեն

    Կորսված աստղաբաշխական նյութական հարստության  /ցանկացած հաշվարկ չափազանց մոտավոր է/ մի չնչին մասը, եթե գործածվեր ինքնապաշտպանական նպատակներով, հայության ճակատագիրն ու Հայաստանի քարտեզը միանգամայն այլ կլիներ: Իսկ Արևմտյան Հայաստանի հազարավոր եկեղեցիներում պահվող ոսկյա, արծաթյա ու պղնձե սպասքների, ձեռագիր մատյանների, արվեստի գործերի և կալվածքների արժեքի մասին լավ է չմտածել. նվազագույնը 100 միլիարդ դոլար կարժենար:

   Անահիտ Աստոյան. «Դարի կողոպուտը. հայերի ունեզրկումը Օսմանյան կայսրությունում 1914-1923 թթ.»

    Գրքում ուսումնասիրողը փաստերի հիման վրա ցույց  է տալիս 1914-22 թթ. Օսմանյան կայսրությունում հայերի ունեզրկման օբյեկտիվ պատմությունը: Օգտագործված աղբյուրների թվում են թուրք պատմաբաններ Թաներ Աքչամի, Ալի Չեթինօղլուի և մյուսների գրքերը: Արխիվային վավերագրերը, հայ, թուրք և օտար աղբյուրները ապացուցում են, որ հայկական հարստության յուրացման միջոցով թուրքերը լցրել են պետական դատարկ գանձարանը, ստեղծել Թուրքիայի հանրապետությունը:
    Ծանոթանալով այս բնույթի գրքերին ու հոդվածներին` ունենում ես համատիեզերական աղետի զգացողություն, ամեն մի փաստ մեկը մյուսից սահմռկեցուցիչ է, և ապշում ես ծրագրողների և գործադրողների դիվային, ճիվաղային էության վրա: Մի բարգավաճ ժողովրդի` հարյուրամյակներով կուտակված հարստությունը յուրացնել  մինչև վերջին շյուղը, բանկերում առկա գումարներից, ապարանքներից, գործարաններից, արտերից մինչև պղնձե ամանեղեններ, վառելափայտ ու ածուխ, անգամ՝ «նուրբ կտորեղենը»` գիշատչորեն օրենքի ուժ տալով դրան: Իսկապես միայն հին ժամանակներում և վայրենի ժողովուրդներին  էր վիճակվել նման ճակատագիր:

        Լքյալ գույքի մասին օրենքները

    Գերմանացի գիտնական, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Գ. Շթերզեմանը գրել է, որ  1916 թ. հանդիպման ժամանակ Էնվերն ասել է, թե «արդեն բռնագրավել են 800 հազարից մեկ միլիոն հայերի ունեցվածքը»:
   
Ցեղասպանության նախօրյակին հայը զրկված էր իր անշարժ գույքը կամ արտը վաճառելու իրավունքից: 1915 թ. հունիսի 10-ին ընդունված  «Լքյալ գույքերի մասին օրենք»-ը երկու նպատակ ուներ՝ համակարգել համատարած թալանը, և «թղթով» քաղաքակիրթ երևալ: «Վերադառնալիս ամեն ինչ ետ եք ստանալու». գրված էր թղթի վրա: Գյուղը կամ ավանը տարագրելուց  հետո բոլոր տները իբր «պիտի փակվեն և դռները կնքվեն, պահպանության տակ պիտի առնվեն» /հոդված 2/: Հոդված 6-ը ավելի «մարդասիրական» է. եկեղեցիների գույքը, նկարները, սուրբ գրքերը պիտի համարակալվեն,  և «տարագրված բնակչությունը որոշ տեղ հաստատվելուց հետո գյուղին պատկանող եկեղեցական գույքերը նրանց պիտի ուղարկվեն»: Ավելորդ է ասել, որ այս կետը ևս երբևէ չգործադրվեց. մահվան անապատում ու՞մ և ի՞նչ էին ուղարկելու:
   
Հայերի կողոպուտի մեծ մասը բաժին հասավ խոշոր հանցագործներին, անգամ՝ երկրի թագաժառանգին: Խոսենք թուրքական աղբյուրների փաստերով: Պատմաբան, 1915 թ. դեպքերի ականատես Ահմեդ Ռեֆիկը  նույն թվականի սեպտեմբերի 20-ին գրառում է արել. «Հայի մի մեծ առանձնատուն որպես նստավայր հատկացվել է թագաժառանգին: Սարըսու կամրջի մերձակայքում դեղձանիկի պես դեղնագույն և կողք-կողքի  գտնվող երկու տուն Թալեաթ բեյին և նրա գործընկեր Ջանփոլադ բեյինն էին»:
   
Եթե անգամ թագաժառանգն է հայի առանձնատուն նվեր ստանում, մյուսների ախորժակի մասին խոսելն ավելորդ է: Իր առասպելական հարստությամբ նշանավոր պոլսեցի Աբրահամ փաշա Երամյանի՝ Բոսֆորի երկու ափերով ձգվող և մինչև Սև ծով հասնող անտառներին տեր դարձավ Էնվեր փաշան: Երամյանի տիկինը հետագայում փորձեց դատական կարգով ետ ստանալ, բայց` ապարդյուն: Թուրքերը յուրացրին  օսմանյան  բանկերում պահվող հայերի ավանդները, հետո անցան օտար բանկերում պահվող հայկական ավանդներին: Թալեաթը Պոլսում ԱՄՆ դեսպան Մորգենթաուին առաջարկել է իրեն հանձնել հայ ավանդատերերի ցուցակը, «քանի որ նրանք բոլորը մահացել են առանց ժառանգորդ թողնելու և նրանց գումարները պատկանում են կառավարությանը»: Ավելին, դեսպանին խնդրել է ԱՄՆ-ից հայ տարագիրների համար ուղարկված խոշոր գումարը հանձնել իրենց, քանի որ թուրքերը հայերի պես կարիք ունեն նյութական աջակցության:
   
Բոլոր գիշակերներն էլ իրենց բաժինն  են ունեցել: Չանղըրի պատասխանատու Ջեմալ Օղուզը 1919 թվականին ձերբակալվեց ու մեղադրվում էր Վարուժանի, Սևակի և 3 այլ հայ մտավորականի սպանության մեղադրանքով, դատարանը հաստատել է նաև, որ Օղուզը տեղահանության ժամանակ լքյալ գույքի թալանով մեծ հարստություն է դիզել՝ կես միլիոն ոսկի, այսօրվա արժեքով՝ 2 մլն դոլար: 
   
Թալեաթը 1916 թ. հեռագրով Ջեմալին բացատրում է, որ պետք է Սիսի կաթողիկոսության գույքը բռնագրավել. «Նպատակն ուղղված է այս վայրի գոյության լիովին վերացնելուն, վայր, որն իբրև թե եղել է հայկական կառավարության վերջին արքայանիստ կենտրոնը»: Հիշեցնենք, որ այսօր Արամ Ա կաթողիկոսը պատրաստվում է դատական կարգով  ետ ստանալ հայերի արքայանիստ կենտրոնը:

    Քեմալը՝  երիտթուրքերի ավազակաբարո թալանի իրավահաջորդ

   
1918 թվականի նոյեմբերի 4-ի նիստում Օսմանյան խոհրդարանը «Լքյալ գույքերի» մասին օրենքը ճանաչեց հակասահմանադրական և անվավեր: Բայց դա չխանգարեց, որ  Քեմալը 1922-29 թթ. ընդունի և գործադրի լքյալ գույքի մասին 9 օրենք` ավարտին հասցնելով հայերին ունեզրկելու ծրագիրը: Թաներ Աքչամը գրում է, որ Քեմալը մշտական վախի մեջ էր պահում թուրքերին ու քրդերին, թե «հայերը կգան և իրենց ունեցվածքը կվերցնեն ձեզանից», և ստիպում աջակցել իրեն: Արդեն պատերազմից հետո` 1918-23 թթ., հայերի ունեցվածքի կողոպուտն ուղեկցվում էր թուրքական բանակին, թուրքերին ու քրդերին նրանց գույքի բաշխումով:
   
Նյութական արժեքի չի վերծվում և դրամով չի փոխհատուցվում հայերի գլխավոր կորուստը` պատմական հայրենիքը: Ինչպես եզրակացնում է գրքի հեղինակ Անահիտ Աստոյանը` «Հայրենիքի գինը հայրենի հողն է»:

Գայանե Մկրտչյան
26.01.2015


    Ֆրանսիական «Le Droit de Vivre» ամսագրի
անդրադարձը  Հայոց ցեղասպանությանը

   
Աշխարհի առաջին հակառասիստական ամսագիրը` ֆրանսիական «Le Droit de Vivre»-ն, 2015թ. հունվարի իր համարում ծավալուն անդրադարձ է կատարել Հայաստանին եւ Հայոց ցեղասպանությանը:
    Համարում համառոտ կերպով անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանության ժամանակագրությանը եւ հետագայում Ցեղասպանությանը վերաբերող հիշարժան իրադարձությունների տարեթվերին: Ներկայացվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար մղվող պայքարը եւ այդ ճանապարհին Թուրքիայի կողմից շարունակվող ժխտողականությունը: Հարցազրույցներ են ներկայացվում հայտնի ցեղասպանագետների եւ միջազգային փորձագետների հետ:
      Անդրադարձ է կատարվում Ցեղասպանությունից մազապուրծ եղած բազմաթիվ հայերի ժառանգների կյանքի պատմությանը, որոնց մի զգալի մասն էլ ժամանակին հաստատվել է Ֆրանսիայում: Այդ համատեքստում նյութի հեղինակները ներկայացնում են Ֆրանսիայի հայ համայնքի առօրյան ու վերջինիս համախմբվածությունը` Ցեղասպանության ճանաչման համար պայքարի գործում:
    Խոսվում է նաեւ 2014թ. սեպտեմբերի 22-ին ահաբեկիչների կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ եղեռնի նահատակների մասունքներն ամփոփող Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցման եւ այդ հարցի շուրջ միջազգային քննադատական արձագանքի մասին:
    Հայաստանին նվիրված հատվածում ներկայացվում է նաեւ տարբեր ժամանակներում` սկսած 20-րդ դարի առաջին կեսից մինչեւ մեր օրերը, նկարահանված, Հայոց ցեղասպանությանը նվիրված տարբեր ֆիլմերի պատմությունը:

Հղում`  http://issuu.com/maglhist
oire/docs/408_promo?e=0/11076561


Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին
կտավը կվերականգնվի

    Այսօր Հայաստանի Ազգային պատկերասրահում հանդիսավորությամբ թանգարանի տնօրինությանը հանձնվեց 1914 թվականին ստեղծված և Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին ստեղծագործություններից մեկի` հայազգի նկարիչ Ակիմ Ավանեսովի «Դարից դար» կտավը` ռեստավրացիայի նպատակով: Կտավի հանձնման արարողությանը ներկա էին Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքային կառույցի գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովը,Ազգային  պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը, հյուրեր, լրագրողներ:
    Երեք տարի  առաջ Դոնի Ռոստովի հայկական համայնքն իր թանգարանում հայտնաբերել է Ակիմ Ավանեսովի /Ավագ Հովհաննիսյան/  <<Դարից դար>> կտավը: Ակիմ Ավանեսովը ծնվել է /1883-1966թթ./ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում: Մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Նոր Նախիջևանում, հաճախել տեղի հայկական հոգևոր վարժարանը: Եղել է Դոնի Ռոստովի նկարիչների միության առաջին նախագահը:
   
Ակիմ Ավանեսովը շատ հայտնի գեղանկարիչներից է, եղել է Մարտիրոս Սարյանի մտերիմ ընկերը: Նա 1914-15 թվականներին ստեղծել է <<Դարից դար>> կտավը և այն արժեքավոր է ոչ միայն այն առումով, որ   արտացոլում է Հայոց  ցեղասպանությունը, այլ այն, որ կտավը առաջիններից մեկն է գեղարվեստական նկարչության մեջ, որը գեղանկարիչը վրձնել է   Ցեղասպանության տարիներին: Ուշագրավ է, որ նկարիչն այս կտավի շնորհանդեսն արել է հենց  1915 թվականին՝ Ռուսաստանում, որպեսզի Հայոց ցեղասպանության հարցը բարձրացնի արվեստի միջոցով:
   
<<Դարից դար>> կտավի  ճակատագիրը շատ դաժան է եղել: 1972 թվականին, երբ հեղինակի հարազատներն այն նվիրաբերում են Ռոստովի երկրագիտական թանգարանին /գլանաձև ոլորած/: Տասնամյակներ շարունակ կտավի գոյությունը մոռացության էր տրվել և հետց դա է պատճառը, որ կտավն այսօր գտնվում է քայքայված վիճակում: Փարավոն Միրզոյանն այցելում է Ռոստովի թանգարան, տեսնում կտավը և առաջարկում այն տեղափոխել Հայաստան` վերականգնման նպատակով: Առաջարկն ընդունվում է խանդավառությամբ և Դոնի Ռոստովի <<Նոր Նախիջևան>> հայկական համայնքի նախագահ պարոն Սուրմելյանի ջանքերով /շուրջ երկու տարի զբաղվել է փաստաթղթերի ձևակերպումներով/ կտավը տեղափոխվեց Հայաստան:
   
Ի վերջո, համայնքի, Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի և Մհեր Հովհաննիսյանի ջանքերի շնորհիվ կտավը հանձնվեց մեր պատկերասրահին:
    Վերականգնված կտավը կցուցադրվի ապրիլի 24-ին` Ազգային պատկերասրահում բացվող ցուցահանդեսում: Կտավը կներկայացվի նաև ԵՊՀ-ում բացվող ցուցահանդեսում, որից հետո այն կվերադարձվի Դոնի Ռոստովի հայ-ռուսական բարեկամության թանգարան՝ մշտական ցուցադրության համար:
    Ինչպես տեղեկացրեց պարոն Միրզոյանը, մոտ ժամանակներս մեր պատկերասրահի ռեստավրացիոն  արվեստանոցը` Իգոր Պողոսյանի գլխավորությամբ, կվերականգնի կտավը:
    Սերգեյ Սայադովը կտավը հանձնելիս նշեց. «Այսօր մեր <<Նոր Նախիջևան>> հայկական համայնքի համար պատմական ու հիշարժան օր է: Վերջապես, բարդ ու դժվարին քաշքշուկներից հետո հնարավոր եղավ կտավը հասցնել Հայաստան: Մենք վստահ ենք, որ այն կգտնի իր արժեքավոր տեղը, շատերի համար կդառնա ներշնչանքի աղբյուր: Թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ իրականացավ այս կարևոր գործը>>:
   
Ինչպես տեղեկացանք հանրապետության գլխավոր ռեստավրատոր Իգոր Պողոսյանից. <<Ինձ նույնպես Ռոստովի հայկական համայնքը հրավիրել էր և ես տեղում տեսա, որ աշխատանքը գտնվում է ծայրահեղ վատ վիճակում: Չեմ կարող ասել, թե ինչն է պատճառը, միայն կարող եմ  ավելացնել, որ շատ բարդ ու ծանր աշխատանք է սպասվում, որպեսզի կարողանանք /167-ը 123-ի վրա չափերի/ կտավը փրկել 80 տոկոս քայքայումից ու այն ցուցադրել ապրիլի 24-ին:
    Ի դեպ, Ավագ Հովհաննիսյանն ևս մեկ կտավ ունի վրձնած, որը նույնպես նվիրված է Հայոց  ցեղասպանությանը, և այն անվանել է <<Մայրը>>:

                                                     Մարիետա Մակարյան
21.01.2015


«Գիշեր Երզնկայի վրա». նվիրվում է Հայոց
Ցեղասպանության 100-րդ տարելիցին


    Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում վերջերս կայացավ Ադրիանա Սևան Նիկոլսի «Գիշեր Երզնկայի վրա» բեմադրության առաջնախաղը: Պիեսում հեղինակը ներկայացրել է Մեծ Եղեռնի հետևանքները կրող, Ամերիկայում ապրող ընտանիքի պատմությունը:
    Պիեսի բեմադրիչը Վարդան Գառնիկի Հովհաննիսյանն է, ով ուսանել է Երևանի Թատերական ինստիտուտում՝ պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի կուրսում: 1994 թվականից Վարդան Գառնիկին բեմադրություններ է արել Պատանի հանդիսատեսի, Ղափանի թատրոններում: Այնուհետև նա տեղափոխվել է Ամերիկա ու շարունակել բեմադրություններ անել Թատերական մշակութային միության և Համազգային թատերախմբերում:
    «Գիշեր Երզնկայի վրա» բեմադրությունն իրական պատմություն է, շատ հուզիչ ու տպավորիչ մի ընտանիքի  անցած դժվար ու դառն ճակատագրի մասին, որն ազդել է նաև այդ ընտանիքի հաջորդ սերնդի զարգացման ու կողմնորոշման վրա: Պիեսի երևանյան առաջնախաղի ավարտին հանդիսականների ջերմ ծափերը վկայեցին, որ բեմադրությունը հուզել էր: Քիչ անց բեմ բարձրացավ Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, շնորհավորեց բեմադրիչին ու դերակատարներին և ընթերցեց ԹԳՄ-ի հրամանագիրը, որով Վարդան Գառնիկի Հովհաննիսյանը ծննդյան 60-ամյակի առթիվ պարգևատրվել է միության «Ոսկե մեդալ»-ով: Հաջորդ պարգևը հոբելյարին՝«Գրիգոր Նարեկացի» հուշամեդալն էր, որը սահմանել էր ՀՀ մշակույթի նախարարությունը «Սֆյուռքում հայապահպանման և թատերարվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար» և ՀՀ սփյուռքի նախարարության «Ոսկե մեդալ»-ը:
   
«Կամար»-ը շնորհավորեց բեմադրիչին, նրան հրավիրեց թերթի խմբագրություն, զրուցեց նրա հետ:
    «Պիեսը գտա ինտերնետում և ծանոթի միջոցով գտա հեղինակին, ստացա բեմադրելու նրա համաձայնությունը, այն նորկայացրեցի Համազգային հանձնախմբին, ստացա նրանց հավանությունը և բեմադրեցի: 2014-ի հուլիսի 14-ին կայացավ պիեսի պրեմիերան՝ Նյու Ջերսիի Ֆորթլի բարձրագույն դպրոցի դահլիճում: Այնուհետև Հակոբ Ղազանչյանին առաջարկեցի պիեսը բեմադրել և ստացա դրական պատասխան: Պիեսն առաջին անգամ բեմադրվել է Սան Ֆրանցիսկոյի Թորանչ Եղիզարյան ընկերության թատրոնում, այնուհետև Չիկագոյում՝ անգլերենով»:
    Երևանյան պրեմիերան անցավ հրաշալի և պիեսը մտավ թատրոնի մշտական խաղացանկ: Իսկ  2015 թվականի ապրիլի 22-ին և 23-ին պիեսը կրկին կցուցադրվի՝ հեղինակի ներկայությամբ: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված այս պիեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել սփյուռքում և այժմ ճանապարհներ են փնտրվում, որ  ՊՀԹ-ի դերասանակազմով բեմադրված ներկայացումը խաղան Ամերիկայում: Երևանից 20 տարի առաջ մեկնած ռեժիսորը, որն իր առաջին քայլերն Ամերիկայում արել է աշխատելով Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Արևելյան թեմի առաջնորդարանի Խրիմյան ճեմարանում՝ որպես դրամայի դասատու, ուր ամեն տարի բեմադրում են հայկական հեքիաթներ: Հրաժեշտից առաջ Վարդան Գառնիկին անկեղծացավ, որ սիրով կցանկանար կրկին բեմադրություն անել Երևանում, եթե հրավիրեն:
    Գաղտնիք չէ, որ դեռևս մի քանի սերունդ կրում է Ցեղասպանության  դառը հետևանքները: «Գիշեր Երզնկայի վրա» պիեսի հիմքում իրական պատմություն է, որն էլ հիմք է տվել այն նվիրել Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Եղեռնից մազապուրծ եղած երկու հայ՝ Արտավազդը և Ալիսը, հանդիպում են ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում և ընտանիք են կազմում: Երեխաներ ունենալուց հետո Ալիսը մշտապես տեսիլքներ է ունենում, հիշում, թե ինչպես 1915 թվականին` Երզանկայում, թուրքի ճիրաններից չկարողացավ փրկել իր 8-ամյա քրոջը: Այդ հաճախակի տեսիլքներից մտային խանգարումներ է ունենում և տեղափոխվում հոգեբուժարան: Ալիսը Մասաչուսեթսի հիվանդանոցում անգամ չի ճանաչում իր երեխաներին: Դուստրը՝ Աղավնին, այդ ամենը տեսնում է, մտատանջվում, ու երբ մեծանում է, լքում է հայրական տունը, դառնում` պարուհի: 18-ը նոր բոլորած աղջիկը պարի խմբի հետ շրջագայում է ողջ Ամերիկայում: 13 տարի հետո` ընտանիքից հեռու,  երբ արդեն Աղավնին ամուսնացած է լինում մի դոմինիկացի երգչի հետ, ունենում են աղջիկ երեխա և անվանում են Էսթրեա, որը հետագայում դառնում է այս պիեսի հեղինակը՝ Անդրիանա Սևան Նիկոլս: Վերջինս մեծանալով` վերադառնում է Երզնկա, գտնում  իր պապի ու տատի պատմությունը, որի մասին լսել էր իր մորից: Մեծ դժվարությամբ հավաքած նյութերով Անդրիանան գալիս է Հայաստան, որ դրանք ամբողջացնի մի գրքում: Չորս տարվա փնտրտուքներից ու հետազոտություններից հետո գրում է «Գիշեր Երզնկայի վրա» պիեսը:

                                                                                Մարիետա Մակարյան
13.01.2015



Ամբողջական Հայաստանի «Բազմաձայն պատարագը»


    Դեկտեմբերի 23-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց Լեմս Ներսիսյանի «Բազմաձայն պատարագ» խորագրված ցուցահանդեսը:  Պատկառելի և սպիտակ մորուքով նկարիչը շրջել է Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և մեկ ու կես տարվա ընթացքում վրձնած կտավները ներկայացրել ամբողջական ցուցադրությամբ: Կարսից մինչև Կիլիկիա, էտյուդներ է արել, տեղում ստեղծել կտավներ:
    Ցուցահանդեսի բացման ողջույնի խոսքում Հայաստանի նկարիչների միության քարտուղար Խաչատուր Ազիզյանը ներկայացեց ոչ միայն այս ցուցահանդեսը, այլև նկարիչ Լեմս Ներսիսյանի անցած բեղմնավոր ուղին: Միության քարտուղար- նկարչի կարծիքով «Բազմաձայն պատարագ»-ում ներկայացված է «ամբողջական Հայաստանը», ինչը շատ հետաքրքիր է: ՀՀ վաստակավոր նկարիչ Լեմս Ներսիյանն էլ, ինչպես հայաստանյան նկարիչների գերակշիռ մեծամասնությունը,  ծնունդով Շիրակ աշխարհից է, ՀՀ և ՌԴ նկարիչների միության անդամ:     Ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվա, Մինսկ, Իրկուտսկ քաղաքներում, Լիբանանում, Միացյալ Էմիրություններում, Ֆրանսիայում; Ընդհանուր թվով՝ հանրապետական ու միջազգային 28 ցուցահանդես, որից ութը՝ անհատական:
    Լեմս Ներսիսյանի խոսքով, «նպատակադիր այս ցուցահանդեսում» Արևմտյան Հայաստանի հուշարձաններն են, բնապատկերները, և աշխարհի յոթ տասնյակ նշանավոր մարդկանց մեկնությունները, շուրջ հարյուր աշխատանք: Ցեղասպանությունը փաստող 70 մեկնությունների հեղինակները նշանավոր քաղաքական գործիչներ են, պատմաբաններ, ճանապարհորդներ, իրավաբաններ, գրողներ: Սևակի, Թումանյանի կողքին՝ Շառլ Ազնավուր, Մարիա Յակոբսոն, Լուի Արագոն, Իլյա Էրենբուրգ, Բենեդիկտոս 15-րդ, Արմին Վեգներ, Հենրի Մորգենթաու, Մարկ Տվեն, Վուդրո Վիլսոն:
    Լեմս Ներսիսյանի մեկնություն-կտավը «ստանդարտ ձև» ունի՝ նկարի վերևի ամենաերևացող մասում հայտնի անհատի հանրահայտ կամ քիչ հայտնի միտքն է՝ որը գեղանկարիչը արել է հատուկ գեղագիր, վերևի անկյունում խոսքերի հեղինակի գրչագիր դիմապատկերն է, ներքևում՝ մեր պատմական հայրենիքի կոնկրետ բնապատկեր:
    «Կամար»-ի հետ զրույցում նկարիչն ասաց, որ մի քանի տարում է արել այս հսկա աշխատանքը, երկար ժամանակ է խլել նյութերը, տեքստերը հավաքելը, ավելի արագ նկարել է: Ինքն իր հետ անկեղծ նկարիչն ասում է, որ այս թեմայով չի նկարել ոչ խորհրդային տարիներին, ոչ էլ անկախոթյան առաջին տասնամյակում, քանի որ «պահը չէր հասունացել»:     Նկարաշար ստեղծելու միտքը հղացել է առաջին անգամ Անի այցելության ժամանակ: «Նկարելիս և այցելելիս հոգեբանական բարդություն չի՞ ունեցել» հարցին  էլ արձագանքեց. «Չէ, ես ինձ շատ լավ էի զգում: Ուղղակի զգում էի, որ սա իմ հողն է»: Իրեն զգում է վաստակած, պարտքը կատարած, առավել ևս, որ 2015 թվականի ապրիլին «Բազմաձայն պատարագ» ցուցահանդեսը ներկայացվելու է Փարիզում և Ստրասբուրգում:
    Նկարիչը կերպարվեստի ազդու լեզվով մեկ անգամ ևս ի ցույց է դնում կատարվածը, իսկ Գոռ Մելքումյանի ղեկավարած «Արար» իգական երգչախումբը այցելուների համար կատարում էր  շարականներ և հայկական ազգային երգեր:
    «Բազմաձայն պատարագը», գեղանկար-բնանկարի ցուցադրություն լինելուց զատ, նաև դատապարտում է Ցեղասպանությունը, որից անցել է հարյուր տարի, ինչը չնչին ժամանակահատված է պատմության համար: Պատահական չէ, որ Լեմս Ներսիսյանը հատուկ շեշտում-ցուցադրում է Պարույր Սևակի միտքը.«Սպանությունը վաղեմության ժամկետ չի ճանաչում»:


   

   




Գայանե Մկրտչյան
25.12.2015թ

Արդարադատ Միսաք Թոռլաքյան

    1921 թվականի հուլիսի 18-ին  Միսաք Թոռլաքյանը Կոստանդնուպոլսում սպանեց Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բեհբուդ խան Ջիվանշիրին, ով կազմակերպել էր 1918 թվականի Բաքվի ջարդերը, որի զոհ գնաց 30 հազար հայ, այդ թվում քաղաքի մտավորական  ու հարուստ հայերը, որոնց նա նախկինում ընկեր էր ձևանում: Մեղադրյալի պաշտպանի խոսքով, «Անառարկելի և անջնջելի ապացույցներով մենք հաստատեցինք, որ ներքին գործերի նախարարը պլանավորեց, կազմակերպեց ու իրականացրեց սպանությունները: Ջիվանշիրը և իր գործընկերները մասսայական մարդասպաններ են, որոնք կարող են ամբողջ ազգեր ոչնչացնել»:
    1921  թվականի նոյեմբերի 4-ին Ստամբուլի օրաթերթերը տպագրեցին «Հավաս» և «Ռոյթերս» գործակալությունների հրապարակումը.«Միսաք Թոռլաքյանի դատավարության վճիռը հայտարարվել է այսօր: Մարդասպանության գործում մեղադրյալի հանցանքը հաստատվեց, սակայն դատարանը նրան գտավ անմեղսունակ և ոչ պատասխանատու»:
«Մեր ժամանակների ամենամեծ ու ամենահետաքրքիր դատավարությունը` Թոռլաքյանի դատավարությունը»

Թոռլաքյանի հարցաքննությունից
-Ձեր ընտանիքից վերապրողներ կա՞ն:
-Ոչ:
-Ձեր ընտանիքը հարու՞ստ էր:
-Այո, մենք այգիներ, մրգաստաններ ու տներ ունեինք:
-Ինչո՞ւ էիր զենք կրում:
-Ես այն պահում էի անձս պաշտպանելու համար, որովհետև այս երկրում միշտ գողություններ ու մարդասպանություններ են տեղի ունենում:
-Խղճի խայթ ունենու՞մ ես:
-Ոչ, խիղճս լրիվ հանգիստ է:
    1921 թվականին Ստամբուլի բրիտանական դատարանում երկու ամիս շարունակ ընթացող դատը լայնորեն լուսաբանողներից մեկը՝ «Իլերի» օրաթերթի թղթակից Ահմեդ Չեմալեդինը, բացատրել է «Մեր ժամանակների ամենամեծ ու ամենահետաքրքիր դատավարությունը` Թոռլաքյանի դատավարությունը» գիրքը կազմելու շարժառիթը.«Իմ նպատակն է բառացի վերարտադրել այն դատավարության ընթացքը, որ ես լսեցի: Ընթերցողին կմնա անել բանական եզրակացություն»: Թուրք թղթակցի գրքի և բրիտանական աղբյուրների հիման վրա էլ  կազմվեց Վարդգես Եղիայանի և Արա Արաբյանի «Միսաք Թոռլաքյանի դատավարությունը» ժողովածուն, որն էլ 2008 թվականին թարգմանվեց հայերեն: Սողոմոն Թեհլերյանի բեռլինյան դատավարությանը ծանոթ հանրությանը բազմաթիվ պատճառներով կատարելապես անհայտ էր այդ դատից մի քանի ամիս անց ընթացած ստամբուլյան դատավարությունը:
Ո՞վ էր Բեհբուդ խան Ջիվանշիրը, որին 1921 թվականի հուլիսի 18-ին  սպանել էր Միսաք Թոռլաքյանը /երկու ամիս առաջ` մարտի 15-ին, Բեռլինում առաջին ու միակ անգամ հանդիպել էին Թեհլերյանն ու Թալեաթը/:
    1918 թվականին նա դեռևս հոխորտում էր. «Ես ներքին գործերի նախարար եմ դարձել, որպեսզի հայերի հաշիվները մաքրեմ» /«Կավկազսկոյե սլովո», թիվ 262, 3 դեկտեմբեր, 1918 թ/:
    Իր մահով Բեհբուդ խանը հատուցեց այն տխուր փառքի համար, որ ձեռք էր բերել հրի ու սրի քաշելով ավելի քան 100 հազար մարդ: Մինչև Բաքվի եռօրյա կոտորածը, շրջաններում արդեն կոտորել էր 70 հազար հայ: 1920 թվականին Բաքվում Ջիվանշիրին միացան Էնվեր, Նուրի և Հալիլ փաշաները: Բոլշևիկներն էլ անգործ չթողեցին մարդասպանին, առևտրական կոմիսար կարգեցին և Լենինի անունից գործուղեցին  Ստամբուլ՝ բարձր ռոճիկով: Ստամբուլում, իր բնակած շքեղ հյուրանոցի առաջ էլ նրան գտավ Թոռլաքյանը...
    Դատապաշտպան Հմայակ Խոսրովյան
    Միսաք Թոռլաքյանը ձերբակալվեց և դատվեց բրիտանական դատարանում, որտեղ պահակներից մինչև դատավորները անգլիացիներ էին: Փաստաբան Հմայակ Խոսրովյանը Բեռլինում ներկա էր եղել Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը, ուր պաշտպանությունը պնդեց ոչ թե ամբաստանյալի անմեղության, այլ ազատ արձակման վրա՝ վկայակոչելով նրա հոգեկան վիճակը: Նույն ռազմավարությանը որդեգրեց Հմայակ Խոսրովյանը Կոստանդնուպոլսի դատավարության ժամանակ.
    «Ձերդ մեծապատվություն.
    Ես կարծում եմ, որ քիչ տարբերություն կա իր գործի արդարությանը հավատացող փաստաբանի պաշտպանական խոսքի և մի հավատացյալ մարդու կողմից Աստծուն ուղղված աղոթքի միջև: Հետևաբար ես խնդրում են ներել իմ ճառի մեջ եղած սխալները, քանի որ Աստված պիտի ներեր աղոթող հոգու թոթովանքները: Մի ամառային տաք գիշեր երկու մարդկանց ուղիները խաչաձևվում են Ստամբուլի ամենահիանալի պանդոկներից մեկի մուտքի մոտ: Նրանցից մեկը հարուստ էր, նախանձելի դիրք ուներ, կինը իր հետ էր, եղբայրները ընկերուհիների հետ մի քանի քայլ հետ էին: Մյուսը մի խեղճ գյուղացի էր, նա միայնակ էր և ոչ միայն այդ գիշեր, այլև միշտ, ամբողջ աշխարհում: Մի ժամանակ, անցյալում, նա նույնպես երջանիկ կյանք էր վարում եղբայրների ու կնոջ հետ: Սակայն իր սիրեցյալներն այլևս կենդանի չէին, իր շրջապատում ամեն ինչ խավար էր:  Այսպիսին էր այս մարդկանց վիճակը, երբ այդ սարսափելի դեպքը նրանցից մեկին բերեց այս դատարանը: Նրանք այստեղ էին եկել` փախչելով նույն արյունոտ քաղաքից: Գյուղացին երբեք չէր սպասում Ջիվանշիրին հանդիպել Ստամբուլում: Ջիվանշիրը, համաձայն եղբոր` Ջամշիդի վկայության, Ստամբուլ ոտք դրեց նրանից 5 ամիս հետո: Երբ գյուղացին հանդիպեց նրան, ականջներում արձագանքեց հոր սրտաճմլիկ ճիչը: Նա երևակայեց, որ մարդասպանը հարձակվում է իր վրա` իրեն ևս սպանելու համար: Արյունը գլխին է խփել, և պատահել է անխուսափելին: Եվ այն մարդը, ով կազմակերպել և իրականացրել էր Բաքվի կոտորածները, դադարում է գոյություն ունենալուց:  Մի անգիտակից ձեռք սպանել էր նրան:
Ձերդ գերապատվություն.
     Այս մարդը դատարանում է, որովհետև սպանել է Ջիվանշիրին: Սակայն որտե՞ղ է չար դիտավորությունը: Այժմ... խնդիրը քննում եմ նայելով Թոռլաքյանին, այս խեղճ երեխային, որ ինքն է տառապել ուրիշ մարդկանց կողմից կատարված սպանություններից ու կյանքի զրկանքներից: Այս դժբախտ երեխան հիվանդ մարդ է, որը ձեր ողորմածության կարիքն ունի: Այդ ոճիրը կատարելիս նրա զգացմունքները կուրացած են եղել:
Ձերդ գերապատվություն.
    Ան փաստաբանը, որը ստանձնում է սպանության գործով մեղադրվողի պաշտպանությունը, իր գործի հանդեպ արդար չի լինի, եթե ինքն իրեն հարց չտար.«Ինչպե՞ս պիտի գործեի ինքս, եթե ես լինեի մեղադրյալի փոխարեն, նույն պայմաններում ու հանգամանքներում»:.. Իմ հորը, եղբորը, քրոջը սպանում են իմ աչքի առջև: Սպանում են իմ կնոջը, զավակներին, նրանց խեղդամահ են անում իմ աչքի առջև այնպես, որ ես կուզենայի կուրանալ, նրանք սևացնում են աշխարհն իմ շուրջը: Հետո նրանք թույլ են տալիս, որ մարդասպանը ապրի ամենաշքեղ պանդոկներում... Հետո դատարաններն իրենց դռները փակում են տուժածների առաջ: Ձերդ գերազանցություն, եթե այս խեղճ երիտասարդի տեղը մեկ ուրիշը լիներ, ի՞նչ պիտի աներ այս պայմաններում ու հանգամանքներում: Այստեղ կա մի՛ մարդասպան, որն արհամարհեց արդարությունը, որ իր կյանքի մնացած մասը պիտի ապրի խաղաղության ու անվտանգության մեջ, որովհետև չկար դատարան, որ իր զոհերը կարող էին դիմել: Երբ նման մի մարդասպան ինքն իրեն ցուցադրում է հանրությանը, մի՞ թե սա գրգռիչ չէ»,- պաշտպանական ճառում ասել էր իրավաբան Խոսրովյանը:
    Վկա Երվանդ Օտյան
    15-րդ վկա, գրող Երվանդ Օտյանը, ով չորս տարի  իր կյանքի վրա էր զգացել Ցեղասպանության սարսափները, դատարանում պարզաբանում է, որ «տեղահանությունը հայերին ոչնչացնելու նպատակին ուղղված քաղաքականություն էր»:
-Պատիժը համաչա՞փ էր ոճրին:
- Այն, ինչ տեղի ունեցավ, ոչ թե պատիժ էր, այլ ոչնչացման քաղաքականություն:
- Թուրքերն իրենց բնավորությամբ վստահելի՞ են, հյուրընկա՞լ, թե վրեժխնդիր, կռվարար ու ատող են:
- Ինչ որ կատարվեց պատերազմի ժամանակ, ցույց է տալիս թուրքերի հոգեբանությունը;
- Ես ասացի տեղահանությունից դուրս:
- Ես թուրք ժողովրդի մասին լավ կարծիք ունեի...
Հմայակ Խոսրովյանը ապացուցում է, որ Ջիվանշիրը շարունակել է Թալեաթի գործը. «Այն բանից հետո, երբ սև ձեռքը հագեցավ Թուրքիայի հայերի արյունով, իր ճանկերն ուղղեց դեպի Ռուսաստանի հայերը: Ես չեմ կարող ասել, Մուսավաթ կուսակցությունը Միություն և առաջադիմության հայրն էր, թե զավակը, բայց որգեգրեց վերջինիս նպատակները: Ձերդ գերազանցություն, կարծում եմ, որ անգլիական քրեական իրավունքի պատմության մեջ ես երբեք չեմ հանդիպել նմանը այս մեկին, որ Կասպից ծովը կարմիր ներկեց»:
    Վկա Գրիգոր Ամիրյանը, որ այդ օրերին Բաքվում է եղել, իբրև թուրքերենին տիրապետող սպա, մի քանի բռնագրավված փաստաթուղթ է թարգմանել հայերեն: Ջիվանշիրի ստորագրությամբ քաղաքապետերին ուղղված թղթում ասված էր.«Սա սուրբ պատերազմ է, հանուն թուրք ցեղի բոլոր հատվածների միացման: Դա անելու համար անհրաժեշտ պիտի լինի ոչնչացնել հայ ցեղը: Հայերը Բրիտանիայի ձեռքում են և խաչընդոտ են մեր քաղաքականության ճանապարհին»:
Վկա դոկտոր Դեյվիսը ցուցմունք տվեց, որ Ջիվանշիրին տեսնելուց հետո նրա մեջ առաջացած հուզմունքն ու գրգռությունը, որոնք բխում են իր ընտանիքի և հարազատների հիշատակից, առաջացրին մի տեսակ նոպա, ներվային ցնցում, մարդասպանության մոլուցք, և նա մարդասպանությունը կատարել է այդ վիճակում: Թոռլաքյանը խաչաձև հարցաքննության ժամանակ ասել է. .«Ջիվանշիրի նկատմամբ հատուկ ատելություն չունեի, միայն վստահ էի, որ նա վատ մարդ է և Աստծուն աղոթում էի, որ պատժի նրան: Նրան համարում էի կոտորածների պատասխանատուն: Նրան չէի ատում, որովհետև ամեն ինչ Աստծուն էի թողել: Վստահ չեմ, թե ես Ջիվանշիրին Բաքվում երազում տեսա, թե իրականում: Կարծում եմ, որ երբ հանդիպեցի Ջիվանշիրին, հորս նաև տեսա, որը գոռում էր` «Խեղճ երեխաներին մի՛ սպանիր»: Ես նաև երեխաներիս տեսա: Ջիվանշիրին տեսա դեպի ինձ վազելիս, կարծես ինձ սպանելու էր գալիս: Հետո արյունը գլուխս տվեց, սիրտս բաբախեց, ու այլևս չեմ հիշում` ինչ տեղի ունեցավ: Չեմ հիշում, թե այդ ժամանակ ատրճանակը ձեռքումս էր, թե` ոչ»:
Եզրափակիչ փաստարկներ
    Մահզար Օսման բեյի՝ դատարանին ուղղված զեկուցագրում գրված էր.«1921 թվականի փետրվարի 20-ին բրիտանական բանտում քննեցինք Միսաք Թոռլաքյանին: Նա քաղաքավարի և միշտ երկչոտությոամբ պատասխանեց մեր հարցերին: Զգացմունքային համակվածություն կամ երևակայություններ չունի: Խոսում է  միայն մղձավանջներ ունենալու մասին, չի կարողանում քնել: Ասում է, որ իր համար կյանքը և մահը նույնն են: Ներկայումս հոգեկան հիվանդ չէ, սպանության ժամանակ հիվանդ չի եղել»:
    Հեյդար Ռիֆատ բեյի կարծիքը հետևյալն էր.«Մեզ ասվում է, որ այն պլանը, որ հաջողվեց Բեռլինում, որոշակիորեն պիտի գործի Ստամբուլում: Արդյունքում՝ մի երազի հիման վրա վախկոտ ձևով կատարված մի ահավոր մարդասպանություն: Պաշտպանյալը ներկայացնում է այնպես, որ ամեն ինչ կարծես երազի մեջ է կատարվում: Ներգործելու այս փորձը զգացմունքային տեսակետից վատ չէ... Դեպքը կատարվելուց հետո նրա փախչելու փորձերը ցույց են տալիս գիտակից լինելու մի վիճակ: ... Թալեաթ փաշայի սպանողը արդարացվել էր: Ըստ Դյոչ Զեյթունգի, Բեռլինի մարդասպանի բերնից ևս փրփուր էր դուրս գալիս:»
Դատախազը եզրափակիչ խոսքում ասում է. «Ես այնքան փորձառու և կարող իրավաբան չեմ, ինչպես մեղադրյալի փաստաբանն է, ես շատ տպավորված եմ նրա երեկվա ճառով: Պաշտպանությունը փորձեց ապացուցել, որ սպանվածը պատասխանատու է Բաքվում բազմաթիվ հայերի ջարդ կազմակերպելու համար: Ես շատ հիանում եմ մեղադրյալի փաստաբանի նկարած այդ գիշերվա պատկերով, այն, ինչ ես պիտի ջանք թափեմ ձեր առաջ դնելու, պիտի էապես տարբերվի դրանից: Հուլիսի 18-ին, ժամը` 23:50-ին, իր ընտանիքի հետ Ջիվանշիրը թողեց Փետիտ շամպը և հանդարտ քայլում էր հետ՝ դեպի իր պանդոկը: Մեղադրյալը լուռ եկավ նրա հետևից և երեք անգամ կրակեց մարմնին: Դատարանը երբևիցե լսե՞լ է մարդասպանության առավել նպատակադրված մի դեպք...»
    Խոսրովյանի եզրափակիչ փաստարկները պակաս ուշագրավ չէին.«Ես չեմ հիշում մի այլ դատավարություն, որտեղ բժիշկները հասած լինեն այսքան պարզ եզրակացության: Թոռլաքյանի հիվանդ մտածողությունը չէր կարող դիմադրել այն ցնցմանը, որ նա այդ ճակատագրական գիշերն ունեցավ, պանդոկի դիմաց տեսնելով Ջիվանշիրի խավար դեմքը: Մարդկային ներվերը ոչ քարից են, և ոչ էլ երկաթից: Ո՛չ, Ձերդ գերապատվություն, այս երիտասարդը մի դժբախտ հիվանդ անձնավորություն է, ո՜վ գիտե թե հիմա ինչ ձայներ է լսում, թերևս, նա իրեն տեսնում է իր սիրելիներով շրջապատված; Ո՛չ, Ձերդ գերապատվություն, Բաքվում մահացած հազարավոր հայեր ձեզ են նայում, ձիթենու ճյուղերն իրենց ձեռքներին: Հետևաբար մի՛ վախեցեք, Թոռլաքյանին ինձ հանձնեցեք, որպեսզի փառաբանի Ամենակարողին, որն ամեն ինչ տեսնում է»:
    Այս ամենին հետևում է պատժի համար դիմումը.«Թրքական քրեական օրենսգրքի 170-րդ հոդվածը սահմանում է, որ կանխամտածված ձևով մարդասպանություն կատարողը պետք է իրավականորեն մահապատժի ենթարկվի: Թոռլաքյանն իր զոհին հետապնդել է: Նա կրակել է իր զոհի հետևից: Կասկած չկա, որ Թոռլաքյանը գործում է մի գաղտնի կազմակերպության անունից: 30 վկա անմիջապես այստեղ եկան նրան պաշտպանելու համար: Պաշտպանյալը նույնիսկ չի կարողացել մի կարգին թուրքերեն սովորել, մինչդեռ նա մասնագետ բժշկի նման սովորել է մտավոր անհավասարակշռության ախտանիշների, էպիլեպսիայի և խելացնորության մասին: Թեև նա ասաց, որ գրպանում ոչ մի պեննի չի ունեցել, կարողացել է վարձել երեք գլխավոր փաստաբանի և մեկ թարգմանչի՝ դատական լսումների երկու ամսվա ընթացքում: Տրված մի ազդանշանով, երեք հայտնի բժիշկ գնացին նրա բանտախուցը: Եթե այս տարի Բեռլինում դատեին Թալեաթ փաշայի մարդասպանին, ապա Բեհբուդ խանի սպանությունը տեղի չէր ունենա: Հիշեցեք, որ ամենաքիչը Ադրբեջանը ըմբռնումով ու անձկանոք սպասում է այն գործողությանը, որը պիտի ձեռնարկվի Ջիվանշիրի մարդասպանի նկատմամբ: Հույս ունենք, որ ձեզ կառաջնորդեն արդարությունն  ու ճշմարտությունը»:
Թոռլաքյանի արդարացման վճռից մի քանի օր հետո նույն թերթերում լուր տպագրվեց, որ հայկական պատրիարքարանին հանձնված Թոռլաքյանը հունական նավով Ստամբուլից մեկնել է Պիրեա: 32 տարեկան Միսաք Թոռլաքյանը թուրքական հողին այլևս ոտք չդրեց:
    Թեև անկարող էր խղճի խայթ զգալ, Ջիվանշիրն ասել էր, որ վախենում է: Սպասում էր այդ ճակատագրին, քանի դեռ կենդանի էին զոհերի հարազատները: Սպասում էր, քանի որ ամիսներ առաջ էր տեղի ունեցել գլխավորի՝ Թալեաթի հատուցումը:

Գայանե Մկրտչյան

Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատներն ընդունեցին
Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման
 վերաբերյալ օրինագիծ



    Նոյեմբերի 30-ին Բուենոս Այրեսի Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում կիրակնօրյա պատարագից հետո տեղի ունեցավ Բոլիվիայի Սենատի և Պատգամավորների պալատի կողմից` Օսմանյան կայսրության իրականացրած 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ փաստաթղթերը Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանին և Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Գիսակ Արքեպիսկոպոս Մուրադյանին հանձնելու արարողությունը:
    Միջոցառմանը, որպես հատուկ հյուրեր, հրավիրված էին Բոլիվիայի Սենատի նախագահի տեղակալ, Սենատի գործող նախագահ Սոնյա Գուարդիա Մելգարը և Պատգամավորների պալատի պատգամավոր Ֆարիդես Վալա Սուարես դե Սուարեսը:
Իր ելույթում Տիկին Սոնյա Մելգարը, անդրադառնալով Բոլիվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, նշեց, որ Բոլիվիայի ժողովուրդն ու իշխանությունները ոչ միայն իրենց համերաշխությունն ու զորակցությունն են հայտնում հայ ժողովրդին` հանուն արդարության պայքարի գործում, այլ նաև դատապարտում են 1915թ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստի ժխտողականության ցանկացած դրսևորում: Նա ընդգծեց նաև, որ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման միջոցով հնարավոր կլինի ազգերի և պետությունների կյանքում կանխարգելել նման ոճիրների կրկնությունը:
    Իր ելույթում դեսպան Մելիքյանը Հայաստանի Հանրապետության իշխանությունների անունից խորին երախտագիտություն հայտնեց Բոլիվիայի ժողովրդին և իշխանություններին այս կարևոր և պատմական իրադարձության կապակցությամբ: Ըստ դեսպանի՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախաշեմին Բոլիվիայի կողմից այս ճանաչումը նոր էջ է բացում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում և ևս մեկ անգամ ապացուցում, որ ժխտողականության և մերժողականության քաղաքականությունը ի զորու չէ պայքարելու արդարության և ճշմարտության հաստատման դեմ:
    Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված փաստաթղթերում մասնավորապես հայտարարվում է. «1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը Օսմանյան կայսրության իշխանությունները, «Միություն և առաջադիմություն» կուսակցության առաջնորդները, երիտթուրքերը սկսեցին հայ մտավորականների, քաղաքական գործիչների, գիտնականների, գրողներին, արվեստի գործիչների, հոգևորականների, բժիշկների, հասարակական գործիչների և մասնագետների ձերբակալությունները, ծրագրված աքսորները, իսկ այնուհետև պատմական Արևմտյան Հայաստանի և Անատոլիայի տարածքներում հայազգի քաղաքացիական բնակչության զանգվածային ջարդերը»:
    Խորհրդարանի երկու պալատները «հաստատում են իրենց հավատարմությունը մարդու իրավունքներին, ճշմարտության և արդարության արժեքներին, արտահայտում են իրենց զորակցությունը և դատապարտում Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի դեմ իրականացված մարդկային ծանր հանցագործության ժխտողականության քաղաքականությունը»:



Գերմանաբնակ դաշնակահարուհին Հայաստանում՝ Ցեղասպանության 100-ամյակի մեծ համերգաշրջանին ընդառաջ

    Դաշնակահարուհի Արմինե Ղուլոյանը  Հայաստանում էր` հայ երաժիշտների հետ նախապատրաստվելու Ցեղասպանության 100-ամյակին նվիրված իր հեղինակային համերգին:
«Հիմնականում կատարվելու են Համո Սահյանի բանաստեղծությունների հիման վրա գրված իմ ստեղծագործությունները, նաև «Խաչքարեր» պարը, որը պիտի բեմադրի ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Կիզիրյանը: Սահյանական հինգ երգերի /«Հայաստան ասելիս», «Հայոց լեզու», «Քարը»/ լավ երգիչներ եմ փնտրում, ընթացքի մեջ է»,- պատմում է Գերմանիայում բնակվող մեր հայրենակցուհին:
Արմինե Ղուլոյանը 100-ամյակի համերգային ծրագրում նախատեսում է կատարել նաև թավջութակի և դաշնամուրային պիեսներ, իր խոսքերով ու երաժշտությամբ «Երազի երկիր», «Նվիրում եղբորս» երգերը, ինչպես նաև Արմին Վեգների խոսքերի հիման վրա ստեղծված «Երգ կորստյան. Թռչունի աչքերով» ստեղծագործությունը:
      Աբովյան քաղաքում ծնված Արմինե Ղուլոյանը ժամանակին ուսանել է Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում /պրոֆեսոր Յուրի Հայրապետյանի դասարան/, կրթությունը շարունակել Մոսկվայում, չորս տարի սովորել է ստեղծագործական բաժնում, Արմեն Սմբատյանի մոտ, այնուհետև տեղափոխվել Գերմանիա: Առաջին անգամ հայրենիք է վերադարձել 2013 թվականին, 15 տարի բացակայությունից հետո, և Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացել է ստեղծագործող դաշնակահարուհու հեղինակային երեկոն: Արմինե Ղուլոյանը չորս հեղինակային համերգ է ունեցել, երկուսը՝ Գերմանիայում, ապա` Մոսկվայում և Երևանում:
    Ամիսներ առաջ` 2014 թվականի մայիսի 28-ին, Կին կոմպոզիտորների միջազգային գրադարանը /Internationale Komponistinnen-Bibliothek/ Ուննայի քաղաքապետարանի հետ կազմակերպել էր կոմպոզիտոր և դաշնակահար Արմինե Ղուլոյանի հեղինակային երեկոն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության օրվան:
    Արվեստագետը Գերմանիայի «Հայ ակադեմիականների միության» փոխնախագահն է, հիմնադրել է Դորտմունդ քաղաքի Արամ Խաչատրյանի անվան դպրոց-ինստիտուտը, զբաղվում է նաև ազգային-հասարակական գործունեությամբ, քանի որ, իր խոսքով, «հայկական սփյուռքում ջրի պես դրա կարիքը կա»:
    «Իմ մասնագիտությանը զուգահեռ զբաղվում եմ նաև համայնքային աշխատանքով: Երբ ես տեսա հայերեն գրել-կարդալ չիմացող հայ երեխաների, զգացի, որ պարտավոր եմ իմ գիտելիքները փոխանցելու, նրանց սովորեցնելու հայ լեզուն, երգեցողությունը: Միջոցառումներ ենք կազմակերպում, ճամբարներ, սովորեցնում հայ պատմություն ու կրոն, երգ-երաժշտություն, հայ արվեստ: Միայն Գերմանիայով չենք բավարարվում, Ուննա քաղաքում դասավանդում եմ դաշնամուր, հայկական ստեղծագործություններ, գերմանացիներին սովորեցնում ենք մեր երգերը: Հայտնի երգչուհիների հետ համերգներ եմ տալիս «շանսո» ժանրում, սկսում ենք Բաբաջանյանով, ավարտում Խաչատրյանով: Իմ նախընտրած երգչուհին թատրոնի դերասանուհի Թիրցա Հաասեն է, անսովոր, բացառիկ կատարողական արվեստ ու արտիստիզմ ունեցող արվեստագետ: Նույն երգերը կատարում է նաև սևամորթ Ռիչետա Մենեջան: Հրեա Թիրցա Հաասեն և Ռիչետան իմ երգերով նաև իրենց ազգերի տարած ողբերգությունն են ներկայացնում»,- ոգևորված ներկայացնում է Արմինե Ղուլոյանը:
    Արվեստագետի համայնքային գործունեությունը, սակայն, հարթ ու անվտանգ չէ: Ցեղասպանության թեմաներով գրված սցենարը, որը ցուցադրվել էր Գերմանիայի մի քանի քաղաքներում, թուրքերի դիմադրություն ու զայրույթն է հարուցել, սպառնական նամակներ են ստացվել: Անվտանգ չի եղել նաև դստեր ռեֆերատը Ցեղասպանության թեմայով: Դասարանի 70 տոկոսը թուրք աշակերտներ են, որոնք սպառնացել են իրենց հայտնի միակ «քաղաքակիրթ» ձևով՝ «կսպանե՛նք»:
    Արմինե Ղուլոյանը հարցազրույցի հաջորդ օրը մայրիկի հետ վերադառնալու էր Գերմանիա, ապրելու, ստեղծագործելու, նախապատրաստվելու համերգային հոբելյանական, հոգեշահ ծրագրին:

Գայանե Մկրտչյան


Գրիգոր Ջանշյան լուսակիր մարդը

    <<Աստծուն փնտրելու ճանապարհին ես հանդիպել եմ Գրիգոր Ջանշյանին>>,- այսպես սկսեց իր խոսքը ՀՀ կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը, ով ներկա էր <<Եղբայրական օգնություն հայերին>> գրքի շնորհանդեսին: Ընդգծելով Գրիգոր Ջանշյանի /Ջանշիև/ բացառիկ անհատականությունը, կարևորելով գրքի դերն ու նշանակությունը հայերիս համար` պարոն Կարապետյանը նշեց.<<Այս գիրքը եղբայրական կոչ էր, եղբայրական կանչ էր ռուսներին և միտված էր ռուս մտավորականությանը: Ջանշիևը ցույց տվեց, որ մեր ժողովուրդն ունի հրաշալի քաղաքակրթություն, գրականություն, անցած ու անցնելիք ճանապարհ: Առաջին անգամ ռուս մտավորականությունը, ի դեմս այս գրքի, տեսավ և ճանաչեց հայ ժողովրդին: Սա հարյուրավոր պերճախոս վկայություններից մեկն է, որ ռուս-հայկական բարեկամությունը սոսկ հռչակագիր չէ, այլ ունի իր հիմքերը: Եվ եթե այսօր ռուս և հայ ժողովուրդների բարեկամության հիմքում ջերմություն կա` սկիզբը դրվել է այս գրքով: Հոտընկայս, հևասպառ և հիասարսուռ ի պատկառս խոնարհում այս մեծ մարդու հիշատակի առջև>>:
    Ո՞վ է Գրիգոր Ջանշիևը: Ծնվել է 1851թ. Թիֆլիսում, գորգավաճառի ընտանիքում: Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, ստացել Լազարյան կրթաթոշակ; Հրաշալի ունակություններ ցուցաբերելով` ստանում է ցարական կրթաթոշակ: Ճեմարանն ավարտելուց հետո ընդունվում է ՄՊՀ իրավաբանական ֆակուլտետ: Ավարտելով համալսարանը որպես փաստաբան` հրավեր է ստանում <<Ռուսսկիե վեդեմոստի>> թերթից` հասարակ թղթակցից դառնալով խմբագիր-հրատարակիչ:
      1896թ. համիդյան ջարդերի սկզբին նա Հայաստանում էր: Եղավ սահմանային շրջաններում, տեսավ անթիվ-անհամար որբերի և գաղթականների` սովալլուկ ու տանջահար: Վերադարձավ Մոսկվա անպատմելի այլայլված հոգեխառն: 1897թ. լույս տեսավ <<Եղբայրական օգնություն հայերին>> գիրքը:  Իր այս գրքով Ջանշիևը պիտի մատնանշեր, որ հայ ժողովուրդը Տեր-Ղուկասովների, Լորիս Մելիքովների, Այվազովսկիների, Մանթաշյանների ժողովուրդն է: Հայի և հայկականության մասին շատ անբարենպաստ կարծիք կար ռուս ժողովրդի շրջանակում, ահա այս կարծրատիպը ջարդելուն էր միտված գիրքը: <<Եղբայրական օգնության>>-ը  ստեղծելուն աջակցել են ժամանակի ոչ միայն հայ, այլև ռուս ազդեցիկ ու անվանի, հասարակական մեծ կշիռ ունեցող մարդիկ. գիտնականներ, արվեստագետներ, իրավագետներ, կովկասագետներ, հայագետներ: Հային ու հայկականին վերաբերող ողջ նյութն ուղեկցվում է բծախնդրորեն ընտրված պատկերներով և լուսանկարներով, որոնք վերաբերում են Արևելյան և Արևմտյան Հայաստաններին, հայկական գաղթավայրերին: Գրքի ստեղծմանը մասնակցել են մեծահամբավ հայ նկարիչներ Հովհ. Այվազովսկին, Վարդգես Սուրենյանցը: Ժողովածուի առյուծի բաժինը կազմում են հայագիտական ուսումնասիրությունները և հոդվածները:
    <<Եղբայրական օգնություն հայերին>> գրքի երկու հրատարակության նախաբանները նվիրված են հայկական հարցին, հայերի ծայրահեղ ծանր վիճակին Օսմանյան կայսրությունում, Սասունի ու համիդյան կոտորածներին: Գրքում տեղ են գտել Գրիգոր Ջանշյանի և Ն. Մառի հիմնավոր հերքումները մամուլում հայերի մասին տպագրված զրպարտագրերի:
    Գրքից վաստակած ողջ գումարը Գրիգոր Ջանշյանը ուղարկում է Պոլիս` Հայոց պատրիարքին, որտեղ 50000 հայ որբերի համար 12 որբանոց են բացում: Ջանշիևի ջանքերով բարձրացավ նաև հայ եկեղեցու դերը:
Այս կոթողային գրքի վերահրատարակման գաղափարը ծնվել է, երբ գրականագետ, <<Հայագիտակ>> հրատարակչության հիմնադիր Ալբերտ Իսոյանը, ԵՊՀ պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը և պատմաբան, ՀՀ կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը հրատարակության էին պատրաստում <<Սև գիրք. նշանավոր օտարերկրացիները թուրքական ոճիրների և Հայոց ցեղասպանության մասին>> ժողովածուն: Գրքի վերահրատարակումը իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

                                                                                                          Նառա Դանիելյան
11.08.2014թ.


Լոնդոնի Հայ Տանը անցկացվեց «Հայ Դասական երաժշտության զարգացումը Հայոց Ցեղասպանությունից առաջ և հետո» խորագրով տեսաձայնային դասախոսություն

    Սույն թվականի հունիսի 20-ին  Միացյալ Թագավորությունում՝ Լոնդոնի Հայ Տանը անցկացվեց «Հայ Դասական երաժշտության զարգացումը Հայոց cեղասպանությունից առաջ և հետո» խորագրով տեսաձայնային դասախոսությունը, որը նվիրված էր դիրիժոր և օպարային երգիչ Սիփան Հակոբյանին: Սիփան Հակոբյանը Լոնդոնի «Թեքեյան» մշակութային միության գեղարվեստական ղեկավարն է, ինչպես նաև՝ Լոնդոնի «Թեքեյան» հիմնադրամի «Կոմիտաս» երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը:
    Դասախոսությունը կազմակերպել էր Լոնդոնի «Թեքեյան» մշակութային  միությունը: Միության ատենապետ Կարո Բոյաջյանի նախաձեռնած այս կարևոր միջոցառումը առաջինն էր «Հիշատակի երեկո» դասախոսոթյունների շարքից: Այն իր տեսակի մեջ նորույթ էր և բացի պատմամշակութային առաքելությունից իր մեջ կրում էր կրթական կարևոր բովանդակություն սփյուռքահայերի և բրիտանացիների համար: Սիփան Հակոբյանի կատարած ուսումնասիրությունների արդյունքում դասախոսությանը զուգահեռ ցուցադրվեց նաև  30 փաստավավերագրական լուսանկար, հնչեցին Տ. Չուխաջյանի, Ն. Տիգրանյանի, Ք. Կարա-Մուրզայի, Մ. Եկմալյանի, Կոմիտասի, Ալ. Սպենդյարյանի, Ռ. Մելիքյանի, Ա. Խաչատրյանի 34-ից ավելի ստեղծագործությունների ձայնագրություններ: Դասախոսության ընթացքում Սիփան Հակոբյանի կողմից հանգամանորեն ներկայացվեց այս կոմպոզիտորների անհատական ու ստեղծագործական կապը 1915թ Հայոց ցեղասպանության հետ: Խորհրդանշական էին հատկապես դասախոսության ավարտին հնչած խոսքերը, որոնք վերագրված են  հայերիս ազգային ու մշակութային էթնոսի պահպանման և զարթոնքի կոթողը հանդիսացող Արամ Խաչատրյանին. «Արամ Խաչատրյանը մեր փոքրության առասպելի մեծ հերքումը եղավ, մեծերի հետ չափվելու խորհուրդը եղավ փոքրաթիվ մեր ժողովրդի: ... Դարձավ քաղաքակրթության մեր վկայականը... »  Համո Սահյան:
    Դասախոսությանը ներկա են գտնվել Մեծ Բրիտանիայում Հայկական մի շարք կազմակերպությունների և երաժշտասեր հասարակության ներկայացուցիչներ, երաժիշտներ, ովքեր յուրովի գնահատեցին Սիփան Հակոբյանի արվեստը.
«Բազմիցս կատարելով Է.Միրզոյանի, Ա.Հարությունյանի, Ա.Խաչատրյանի և Կոմիտասի ստեղծագործությունները Միացյալ Թագավորությունում և անձնապես Ճանաչելով վերոնշյալ առաջին 2 կոմպոզիտորներին՝ ինձ համար շատ կարևոր էր ներկա գտնվել Սիփանի այդքան հետաքրքիր դասախոսությանը: Նա կարողացավ լրացնել մի շարք ժամանակագրական  և կենսագրական բացթողումներ իմ գիտելիքներում: Այդ ամենի հետ մեկտեղված ստեղծագործությունների ձայնագրությունները և լուսանկարներն այս երեկոն դարձրին ավելի ակտուալ:
    Ինքս պատրաստվում եմ հանդես գալ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգով և վստահաբար ասում եմ, որ այս դասախոսությունը ինձ էլ ավելի պիտի օգնի հայկական երաժշտությունը զգալու և ավելի պատշաճ ներկայացնելու համար»:

Յոհան Միշել Կատս
Սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, Սանկտ Պետերբուրգի
«Պետեր» երաժշտական ակադեմիայի պատվավոր փոխնախագահ.


   
«Պարոն Սիփան Հակոբյանի դասախոսությունը 19-20-րդ դդ. ակնառու կոմպոզիտորների մասին հիանալիորեն ներկայանալի և հետաքրքրաշարժ էր: Լինելով հայ երաժիշտ, ապրելով և ստեղծագործելով Լոնդոնում՝ ես համարում եմ սա ոգեշնչվելու անգնահատելի մի երևույթ: Իմ հիացմունքն եմ հայտնում պարոն Հակոբյանի բարձր մասնագիտական ունակությունների վերաբերյալ՝ մեր երաժշտական ժառանգության պատմության պրոֆեսիոնալ մատուցման գործընթացում: Նա հանդիսատեսին գրավեց և կլանեց այս կարևոր թեմայի մեջ՝ պարզորեն մատուցելով իր զեկույցը, որ խրախուսում և մեծարում էր մեր դասականներին: Ակնառու դարձրեց մի փաստ, որ երաժշտական զարթոնքը որքան էլ դժվար և անհնարին թվար, երբեք էլ չի դադարել՝ անգամ հայոց Մեծ եղեռնից հետո: Մեծ բավականություն և իրադարձություն էր ներկա գտնվել այսպիսի յուրօրինակ դասախոսության, հույսով կսպասեմ Սիփան Հակոբյանի շատ ու շատ այլ դասախոսություններին»:

Կրիստինա Առաքելյան

Կոմպոզիտոր-դաշնկահար, Լոնդոնի Թագավորական
Երաժշտական Ակադեմիաի ուսանող


     Այս միջոցառումը մեծ իրադարձություն եղավ և դասախոսության հաջողության արդյունքում որոշում կայացվեց այն նորից կրկնել:



Պատրաստեց Գոհար Աբրահամյանը



Բեռլին-Անկարա քաղաքական կամուրջը ճաքեր է տալիս

    Գերմանական Die Welt (Աշխարհ, 30.05.2014թ.), թերթը տեղեկացնում է, որ երկրի Արտաքին գործերի նախարարությունը մայիսի 28-ին դիմել է դիվանագիտական սուր քայլի`իր մոտ է հրավիրել Թուրքիայի դեսպան Հուսեին Ավնի Կարսլիողլուն: ԱԳՆ-ի քաղաքական դիրեկտոր Հանս-Դիթեր Լուկասը նրան զայրացած հայտնել է իր կառավարության վրդովմունքը`վերջերս Էրդողանի կողմից Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ`ծագումով Թուրքիայից Չեմ Օզդեմիրի հասցեին հնչեցրած վիրավորանքների ու սպառնալիքների համար: Քրիստոնյա-դեմոկրատների փոխնախագահ Արմին Լաշերտի միջոցով քաղաքական Բեռլինն արդեն հայտարարել էր, որ «Օտար պետության ղեկավարի սպառնալիքը Բունդեսթագում ներկայացված կուսակցության ղեկավարի` Օզդեմիրի հասցեին, ով պաշտպանել է իր կանցլերի տեսակետը, հարված է բոլոր ժողովրդավար ստանդարտներին և Էրդողանի հարձակումը նրա վրա, միաժամանակ դիտվում է որպես հարձակում գերմանական պետության և ժողովրդավարության վրա»: էրդողանյան թեման մայիսյան տաք քննարկումների նյութ է դարձել նաև Գերմանիայի նախագահական Բելեվյու ամրոց-նստավայրի և կանցլեր Անգելա Մերկելի գերատեսչության գրասենյակներում: Երևույթի նախապատմությունն ու սրընթաց զարգացումներն արդեն 10-ը օրից ավելի է, ինչ իրենց են գամել քաղաքական և լրատվական Գերմանիայի խոսափողներն ու գրիչները և սերտորեն առնչվում են 2014թ. օգոստոսին Թուրքիայի նախագահական ընտրությունների և դրա առաջին թեկնածուի` սկանդալային Էրդողանի հետ:

2014-ի մայիսի 24-ը Գերմանիայի 2000-ամյա պատմական քաղաքում

    Ոչ միայն գերմանական Արաքսը`1238,8 կմ երկարությամբ ձգվող Հռենոսն (գերմաներեն`  Rhein, լատիներեն`Rhenus) էր այդ օրը ավանդաբար երկու մասի բաժանում բնակչությամբ չորրորդ գերմանական քաղաքին`մեկ միլիոնանոց բազմազգ Քյոլնին, այլև Թուրքիայի նախագահական աթոռի համար կատաղի պայքարող անհավասարակշիռ մի քաղաքական գործիչ, ում այցի նկատմամբ անցյալում այդպիսի ընդգրկուն բողոքի դրսևորում դեռ չէր արձանագրել քաղաքական և էթնիկ Գերմանիան: «Եվրոպայում թուրք ժողովրդավարների միությունը», որը, հիրավի, համարվում է Թուրքիայի իշխանության երկարացված ձեռքը Եվրոպայում, հիմնադրման 10-ամյա հոբելյանին մասնավոր այցով Քյոլն էր հրավիրել նախագահական ընտրությունների իր թեկնածուին: Ինչպես ներքին, այնպես էլ արտաքին առումով, օրվա ընտրությունը շատ հանդուգն էր: Ներքին առումով` որովհետև Թուրքիայի ածխահորերում ցայսօր եղած ամենամեծ մարդկային ողբերգության` Սոմայի աղետի ու դրան հաջորդած 300-ից ավելի ածխահատների հուղարկավորության սգո օրերին, երկրի վարչապետը սառնասրտորեն արտասահմանյան նախընտրական արշավի է մեկնում: Արտաքին առումով, քանզի այցի հաջորդ օրը`մայիսի 25-ին, Գերմանիայի բնակիչները միաժամանակ երեք` եվրոպական, նահանգային և ինտեգրացիոն կառույցների ընտրության էին գնալու: Ուստի պաղարյուն վարչապետին թե´ ներքին, և թե´արտաքին աշխարհից համահունչ ապտակի արժանացրին: Գերմանիայի ալեվիների հարյուրհազարների հասնող համայնքը նախաձեռնեց այստեղ երբևէ Էրդողանի դեմ եղած ամենահզոր ցույցի կազմակերպումը: Երկրի ամենամեծ մուլտիֆունկցիոնալ դահլիճում` Քյոլնի Lanxess Arena-ում ելույթի եկած Էրդողանի դեմ բողոքին Քյոլն էին ժամանել ցուցարարներ տարբեր քաղաքներից, ինչպես նաև Անգլիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Հոլանդիայից, Ավստրիայից, Շվեցարիայից, ընդհանուր`400 ավտոբուս, քյոլնեցիների հետ միասին մոտ 65 հազար ցուցարար (ըստ կազմակերպիչների`100 հազար): Գերմանիայում հակաէրդողանյան ցույցերի շղթան արդեն ավանդույթի է վերածվում: Ցուցարարների բազմալեզու պաստառները`«Տաքսիմը ամենուր է», «Մենք ոչ´ ենք ասում Էրդողանին», «Թայիբ Էրդողան=գայլ`գառան դիմակով», «Մարդասպան Էրդողան», «Ամենուր դիմադրություն Էրդողանին», «Կորչի դիկտատոր Էրդողանը», և այլն, վկայում են մասնակիցների վճռականության մասին: Ալեվիների հետ համերաշխ քայլարշավի էին ելել գերմանացիներ, այլախոհ թուրքեր, ասորիներ, քրդեր, դերսիմցիներ, եզդիներ, հույներ և հայեր: Հռենոսի մյուս կողմում` Քյոլնի արենայում, վարչապետի մոտ 18 հազար երկրպագուներ չպարզեցին ոչ մի քաղաքական պաստառ: Արենայի ուխտավորները միայն ծափահարում էին Գերմանիայի կանցլերին, քաղաքական գործիչներին ու ԶԼՄ-ներին անհարիր շանթահարող իրենց վարչապետին ու միաշունչ բղավում`«Ռեջեբ Թայիբ Էրդողան»:
  Հայ Ակադեմիականների Միության մասնակցությունը հակաէրդողանյան մեծ ցույցին Գերմանիայում հայկական կառույցներից մայիսի 24-ի ցույցին մասնակցեց Հայ ակադեմիականների միությանը (ՀԱՄ): Հայկական դրոշների հետ միության անդամները պարզել էին «Էրդողանն ահաբեկիչ է», «Արարա´տ, մենք քեզ հետ ենք», «Արարատը եղել և մնում է հայկական» պաստառները: Քյոլնի և, առհասարակ, հակաէրդողանյան ցույցերին մասնակցելու միության գաղափարական հենքը հետևյալն է.
1.Էրդողանը Թուրքիայի խոսնակն ու խորհրդանիշն է արտասահմանում և նրա դեմ պայքարը, պայքար է ուրացող պետության դեմ, որին եվրոպական բեմերում ասում ենք` հիշու´մ ենք մեր պատմությունը, պահանջատե´ր ենք և դեռ լուծելու խնդիրներ ունենք Թուրքիայի հետ: Ամենուր պետք է այդ երկրի ղեկավարներին դիմավորենք բողոքի ու պահանջատիրության մեր մշտական ներկայությամբ
2.Համերաշխ ենք թուրքական ներկա իշխանությունների դեմ Արևմտյան Հայաստանի դրացի հալածված ազգերի պայքարի հետ, քաղաքական դաշնակից ենք նրանց
3.Գերմանական ժողովրդավար քաղաքական դաշտում ներկայություն ենք դառնում, փաստում ենք կազմակերպված առկայություն, գերմանացի և մյուս ժողովրդավար քաղաքական գործիչների մեջ բարեկամներ ենք ձեռք բերում, գործիչներ, որոնցից շատերն իրենք են հայերին փնտրում
Ի կատարումն այս ծրագրային դրույթների, ՀԱՄ-ի անդամները ակտիվ ներկայություն ապահովեցին մայիսի 24-ի Քյոլնի մեծ ցույցին: 
    Իսկ գերմանական արձագանքը, ինչպիսի՞ն էր այն:
    Էրդողանի այցի, դրա նախորդ և հաջորդ օրերին, տեղի ունեցավ խոսափողերի և հեռուստաէկրանների իսկական փոխհրաձգություն, որին մասնակցեցին ավագ և կրտսեր սերնդի բազմաթիվ գործիչներ:
    Նախ`Եվրոպառլամենտի պրեզիդենտի պաշտոնի համար մոտ 400 մլն եվրոպացիների ձայները շահելու ելած թեկնածուները`գերմանացի Մարտին Շուլցը (Սոցիալ-դեմոկրատական կուս.) և լյուքսենբուրգցի Ժան-Քլոդ Յունկերը (Քրիստոնյա-սոցիալ-ժողովրդական կուս.) իրենց ընտրությանը և Էրդողանի այցին նախորդող շաբաթվա վերջին Համբուրգում կայացած հեռուստաբանավեճին հակառակ իրենց բազմաթիվ տարակարծիք մոտեցումներին, միաձայն հաստատեցին, որ «ներկա Թուրքիան, նրա ղեկավարությունը, տեղ չունեն Եվրոպական Միությունում, հասուն չեն դրա համար»: Այս ելույթները լուրջ ազդանշաններ էին հակաէրդողանյան մթնոլորտի թեժացման համար: Զգուշավոր, բայց վճռական էր նաև կանցլեր Անգելա Մերկելի (Քրիստոնիա-դեմոկրատ) ելույթը, որով աշխարհի ներկա թիվ մեկ կին գործիչը հույս էր հայտնում, որ «Էրդողանը գիտակցում է, թե այս անգամ որքան զգայուն է այցի օրը և որ նա ամենայն պատասխանատվությամբ ելույթ կունենա»: Հատկապես մտահոգիչ և խարազանող տոնով հանդես եկավ Քյոլնի քաղաքագլուխ Յուրգեն Ռոթերսը (Սոցիալ-դեմոկրատ, 2009-ից Քյոլնի քաղաքագլուխ), ով հեռուստաէկրանից հայտնեց, որ «պատշաճ կլիներ, եթե Էրդողանը Գերմանիա գալու փոխարեն մնար իր երկրում և պարզեր Սոմայի աղետի խնդիրները… նրա այցը որոշակի սադրանք է»: Գերմանիայի չորս գլխավոր կուսակցությունների` Քրիստոնյա-դեմոկրատների, Սոցիալ-դեմոկրատների, Կանաչների և Ձախերի հայտնի շատ գործիչներ Էրդողանին Գերմանիա կատարելիք այցից հրաժարվելու խորհուրդներ և սուր գնահատականներ հնչեցրին: Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալիա (ՀՀՎ) մարզի (Քյոլնը այս մարզի ամենամեծ քաղաքն է) աշխատանքի և ինտեգրացիայի նախարար Գունթրամ Շնայդերը (Սոցիալ-դեմոկրատ) Էրդողանի այցը համարեց «հյուրընկալության իրավունքի չարաշահում», ձաղկող էին նաև մարզի Կանաչների նախագահ Սվեն Լեհմանի խոսքերը: Կարծր էին հատկապես բեռլինյան ձայները: Ըստ կառավարող Քրիստոնյա-դեմոկրատական միության փոխնախագահ Յուլիա Կլյոքների` «խելացի կլիներ, եթե նա չգար…Էրդողանը երբեք այսքան հեռու չէր եղել եվրոպական արժեքներից, որքան հիմա է…հուսով եմ, որ Թուրքիայից եկած շատ քաղաքացիներ նրան այստեղ ուղղակի կարհամարեն, որը հստակ դիրքորոշում կլինի նրա նկատմամբ»: Նույն օրերին Քրիստոնյա-սոցիալ. միության գլխավոր քարտուղար Անդրեաս Շոյերը Բավարիայից հայտարարեց, որ «Էրդողանն իրավունք չունի իր ընտրապայքարի ճակատամարտերը Գերմանիա տեղափոխել»:
    Քրիստոնյա-դեմոկրատների ցուցակով Բունդեսթագ անցած առաջին մուսուլման պատգամավոր, Հունաստանից Գերմանիա տեղափոխված թուրք ընտանիքի դուստր Ջեմիլե Յուսուֆը հայտնեց, որ «վստահ է, որ Սոմայի ողբերգությունից հետո, շատերը կարծում են, որ վարչապետը պետք է լինի այնտեղ, որտեղ նրա կարիքը կա, այն է` իր երկրում և աղետի վայրում, այլ ոչ թե մեկնի Գերմանիա` հոբելյանական տոնակատարության»: Ամենաաղմկահարույցն ու խոցելին, իհարկե, մայիսի 19-ին «Գերմանաիա» ռադիոկայանի լրագրող Յասպեր Բարենբերգի հետ Չեմ Օզդեմիրի ունեցած հարցազրույցն էր, որտեղ Կանաչների համանախագահը ուղղակի ասում է.«Էրդողանը կորցրել է իրականությունը ճանաչելու կարողությունը և նրա նախագահ դառնալը Թուրքիայի համար անկում  կնշանակի …», ապա ավելացնում`«մենք պետք է ծրագրեր մշակենք հետէրդողանյան Թուրքիայի համար, քանզի Էրդողանը բևեռացնում, բաժան-բաժան է անում Թուրքիայի հասարակությունը և նույնն է անելու նաև Գերմանիայում թուրքական ծագմամբ քաղաքացիների հետ»:
    Գանահարող նույն մթնոլորտն էր տիրում նաև 24-ի մեծ ցույցի ամբիոնում: Բազմաթիվ ալեվի գործիչների կողքին ելույթներ ունեցան Եվրոպառլամենտի պատգամավոր, Եվրոպայի Կանաչների կուս. համանախագահ Ռայնհարդ Բյուտիկոֆերը, Բունդեսթագի պատգամավորներ` պրոֆ.դր. Հերիբերթ Հիրթեն (Քրիստոնիա-դեմոկրատ) Ֆոլկեր Բեքը (Կանաչներ), Սևիմ Դագդելենը (Ձախեր), ՀՀՎ խորհրդարանից` Սերդար Յուկսելը (Սոցիալ-դեմոկրատ), Բերնհարդ ֆոն Գրյունբերգը (Սոցիալ-դեմոկրատ), դանիական ծագումով Եվրոպառլամենտի թեկնածու Թինե Հյորդումը (Սոցիալ-դեմոկրատ) և ուրիշներ: Օրվա բեմից բազմաթիվ հռետորներ Էրդողանից պահանջում էին նաև ճանաչել Հայոց ցեղասպանությանը: 
    Հակաէրդողանյան հարյուրավոր հոդվածներն ու քաղաքական գործիչների բուռն արձագանքներն արդյո՞ք միայն բարոյախառն ելույթներ էին և չունեին որևիցե դիվանագիտական հարվածի ուժ կամ նպատակ, թե՞ սա ուղղակի արդեն նշանակում է, որ գերմանացիները թուրք ղեկավարի համար միակողմանի թռիչքի տոմս են պատվիրել և առաջարկում են նրան եվրոպական քաղաքական օդանավակայանից Թուրքիա թռչել Մուամար Կադաֆիի, Հոսնի Մուբարաքի և Զին բեն Ալիի ինքնաթիռով:
Ի հեճուկս վերոհիշյալի, Անկարայի տիրակալը իր հյուսիսային հպատակներին հրամայեց ավելի վեր բարձրացնել սպիտակ աստղով կիսալուսինը և մեկ ու կես մլն ընտրողների սրտերը նվաճելու բաղձանքով ժամանեց Գերմանիա: Թուրքիայի ԱԳ նախարար Դավիթօղլուի և իշխանամետ «Յենի Սաֆակ» թերթի կողմից գերմանացիներին ուղղված պատասխան կրակոցները բավարար չհամարելով, աներեր Էրդողանը արենայի բեմից նախ ամպահար արեց հյուրընկալ երկրի գործընկերներին, հետո, կարծես բոլոր քննադատողներին որպես հավաքական պատասխան` թուրքական հեռուստաէկրանից դիմեց Չեմ Օզդեմիրին. «այդ այսպես կոչված թուրքին այլևս չեմ ուզում տեսնել Թուրքիայում… Դու արդեն շատ հեռուն գնացիր քո արտահայտությունների մեջ… »:
    Դատելով Էրդողանի և նրա էմիսարների համառ պահվածքից, հատկապես այստեղ մշտապես հնչեցրած նրանց ագրեսիվ ելույթներից` կարելի է եզրակացնել, որ Գերմանիա հաճախակի կատարվող նրանց այցերի չբարձրաձայնվող նպատակներից է թուրքական սփյուռքի ազգայնամոլության վերարտադրության ապահովումը, Գերմանիայում թուրք երիտասարդ սերնդի գաղափարապես թուրքական ազգայնամոլությունից և իսլամից հեռանալու հնարավորությունները նվազագույնի հասցնելու մարմաջը:
Հստակ է արդեն, որ Անկարայի ներկա պետական սփյուռքյան դոկտրինը ազգայնամոլությունն ու մարտնչող իսլամիզմն է, որը Բեռլինում արդեն գիտակցում են: 
Իսկ Բոսֆորի ափի բնակիչը, 21-րդ դարի սկզբին, կարծես սկսում է նորից հիվանդանալ: 

Ազատ Օրդուխանյան
Հայ ակադեմիականների միության նախագահ
2 հունիսի 2014թ, Բոխում, Գերմանիա




Ցեղասպանությունը մանկան շուրթերով


    Օրերս Երևանի թիվ 5 մանկապարտեզում /տնօրեն՝ Ա. Ղազարյան/ յուրօրինակ միջոցառում անցկացվեց: Մանկապարտեզի ավագ «Ա» խմբի սաների մասնակցությամբ անցկացվեց միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության  99-ամյակին:  Սա այն բացառիկ դեպքերից է, երբ հանդիսության գլխավոր հերոսները 5-ամյա երեխաներ են, իսկ նյութն իր բարդությամբ դժվարամատույց` անգամ մեծահասակների համար:
    Փոքրիկների շուրթերով երգում էր Կոմիտասը, խոսում` Հայաստանի լուսավոր ապագայի սերունդը, ում մանկաբարբառ պահանջը մեկն էր՝ արդարության վերականգնում հանուն խաղաղ ապագայի:
      Խմբի դաստիարակ Մայա Սամվելյանի և դաշնակահար Արմինե Սուլթանյանի ջանքերով հանդեսն հագեցած էր հուզիչ նոտաներով, իսկ մանկապարտեզի սաները, հաստատ, իրենց ամբողջ կյանքում պիտի կրեն կոմիտասյան ոգին ու հայրենատենչ կանչը:


Գոհար Աբրահամյան


Դա պատահել է մեզ հետ. հարյուրամյա լռություն

   Հայաստանի գյուղերում շատ էին պատերի տակ նստած տատիկները՝ հիմնականում լռակյաց ու քրդերեն խոսող, որոնց ձեռքերին ու դեմքին, քունքերին կապույտ դաջվածքներ կային: Իսկ թե ինչ էին այդ անհասկանալի, խորհրդավոր, օտար նշանները, մենք չգիտեինք: Ոչ ոք չգիտեր: Եվ ահա շվեդահայ վավերագրող Սյուզան Խարտալյանը <<Մեծ մորս դաջվածքները>> ֆիլմով փորձում է բացահայտել խորհրդավոր ու անհասկանալի նշանների գաղտնիքը: Բացահայտել՝ իր Խանում տատիկի գաղտնիքը նրա մահից հետո:
     …Սիրիական անապատի 1915 թվականի մութ գիշեր, և հայ կանանց որսի դուրս եկած թուրքը, քուրդը փոքրիկ նավակով առևանգում կամ փրկում է հայի ընտանիքի բեկորները: Երեքն էին` մայրը, 12-ամյա Խանումը, 8-ամյա Մարգարիտան…<<Փրկվածներից>> Մարգարիտան՝ ԱՄՆ-ի հարյուր տարեկան բնակիչը, դեռևս փորձում է համոզել, որ նրանք բարի մարդիկ էին, իրենց փախցրեցին ու փրկեցին, քանի որ կրակում էին հետևից…
      Բարի մարդը, փրկողը կամ առևանգողը, հենց փրկարար նավակի մեջ է սկսում իր գործը, իսկ իր հետ կատարվածից ոչինչ չհասկացող 12-ամյա Խանումը գոռում է.<<Մայրիկ, մայրիկ, էս ինչ էր, իմ…>>: Բռնաբարության միակ սարսռազդու դրվագը, որը հիշատակվում է ֆիլմում և, որը հայտնի է դարձել աղջիկների մոր պատմածից: Իսկ Խանումը և Մարգարիտան երբեք ու ոչինչ չեն խոսել սարսափի, ամոթի հինգ տարիների մասին, որը հաջորդել է առևանգումին: Մինչև այն ժամանակը, երբ 1922 թվականից <<դաջվածները>> հանգրվան են գտել Երիտասարդ տիկնանց ապաստարաններում: Որտեղից էլ նոր կյանք են սկսել, ամուսնացել ու տեղափոխվել. Խանումը մոր հետ՝ Շվեդիա, Մարգարիտան՝ Միացյալ Նահանգներ: Խանումը լռել է հավետ, Մարգարիտան խուսափում է ասել ճշմարտությունը և դաժան ու իմաստուն բացատրություն ունի.<<արդյունք չիկա>>: Կինը ապրել է հարյուր տարի և տեսել է՝ <<արդյունք չկա>>, էլ ինչի խոսել, հիշել, փորփրել: Սարսափելի է լսել ծեր կնոջ հորինած սեփական հեքիաթը, երբ տեսախցիկը ի ցույց է դնում նրա ձեռքերի դաջվածքները, հասկանալի և անհասկանալի նշանները: Լեզուն ստում է, սակայն դողդոջ ձեռքերը հուշում են, որ սրանց տերը ոչինչ չի մոռացել, թեև դար է անցել: <<Դու գիտես, նրանք երեխաներ էին, մեր տարիքի երեխաներ, մեզ վատություն չէին անում, խաղ էինք անում, նկարում էին, տես խաչ է: Իսկ սա թուրքական դրոշ չէ: Է, հա, իրենց դրոշն է>>: Ծեր կինը դեռևս թաքցնում է բացահայտ ու բացահայտված իրողությունը, և գեղեցիկ մանկական հեքիաթ պատմում: Պատմեց, երկար ընդմիջեց, հետո ասաց՝ <<արդյունք չիկա>>, ու սկսեց դանդաղորեն բարձրանալ իր սենյակը՝ էլի մի կարճ ժամանակ իրենից ու աշխարհից թաքցնելու իր ընտանիքի հետ հինգ տարի շարունակ, ամեն օր տեղի ունեցած սարսափը, խայտառակությունը, անիմանալին ու անպատմելին: Մինչև ավագ քրոջ նման վերջնական լռությունը:
    Խանումին տեսնում ենք ընտանեկան լուսանկարում, որն արվել էր իր համար ուրախ մի առիթով` դստեր նշանադրության օրը: Բարձրահասակ, անժպիտ, մռայլ, խորհրդավոր ու բացակա հայացքով: Ասես՝ մահարձան: Նա չէր կարող քնքուշ կին, սովորական սիրող մայր ու թոռներին գուրգուրող տատիկ լինել. իր մանկությունը ընդհատել ու խեղել էին, դաջվածքները չորացել ու անցավ էին դարձել, բայց հոգեկան խեղվածքը թաքցվել էր ավելի խորը: Ձեռքներին կարելի էր ձեռնոց կրել, թաքցնել,  իսկ ներքին անամոք ցավը երբեմն-երբեմն պոռթկացել է` հայհոյանքների անլուր տարափի ու դաժանության ձևով, ինչից սարսափել են ընտանիքի անդամները, թոռնիկները:
     Ուրեմն այսպես, տասնամյա մահմեդական տղեկները մոխիրով ցավոտ, արյունալի դաջվածքներ են արել իրենց տարեկից կամ մի քիչ մեծ հայ աղջիկների ձեռքերին, կզակին, քունքերին: Ոչ իբրև գեղեցկություն, այլ իբրև հայի, հարճի նշան, իբրև մինչև կյանքի վերջը ձգվող խարան ու նշավակ: Նրանք այլևս հայուհի, կին կամ մարդ չէին, այլ ամոթահար ստրուկներ: Նրանցից հազարավորները մնացին իրենց բռնի տիրացողների հարեմներում, ցեղախմբերի վրաններից պոկվելու, կյանքը փոխելու ուժ չունեցան: Ու երեխաներ ունեցան: Թուրք ու քուրդ ընտանիքները հետո և այսուհետ անվերջ կբացահայտեն, որ իրենց մեծ մայրերը հայ են եղել: Ինչպես ֆիլմում ռեժիսորին ուղեկցող երիտասարդը, որը ցույց էր տալիս Մարդակա /բառացի հանգստի վայր/ տեղավայրի բարձր <<բլուրները>>. հայերի զանգվածային գերեզմանները՝ <<Ուր աչքդ կտրի, գերեզմաններ են>>:
    104 տարեկան Մարիա տատը՝ Երևանի սովորական բարձրահարկի բնակիչն իր պատմությունը սկսում է անսովոր աշխույժ ու առույգ, թե ինչպես գիշերն արթնացավ, տեսավ մայրիկը տեղում չէ, դուրս եկավ, տեսավ մորն ու հարևանի աղջիկներին հավաքել են աքսորելու, ինչպես իր վրա գոռացին`<<գնա սատկի-քնի>>: Շարունակությունը սարսափելի էր` կինը, որի զգացմունքներն ու արցունքերն այդ տարիքում պիտի չորացած լինեին, սկսեց բարձրաձայն ու արցունքներով լացել, կանչելով նրանց անունները, ում կորցրել էր, ով մնացել էր անթաղ...
     Ինչպես արժանապատիվ ձևով խորհենք Ցեղասպանության մասին: Ինչպես... Ինչպես անապատներում թափվեցին հարյուր հազարավոր կին-երեխաներ, իբրև գիշատիչներին կեր ու ծառա... <<Անգամ, եթե ոսկե ինքնաթիռներով տեղափոխեին, ադիկա Ցեղասպանություն էր>>,- ոճրագործների ժառանգների երեսին ասաց ստամբուլահայ Հրանտ Դինքը և հատուցեց կյանքով: <<Նրանք շշուկով էին խոսում>>,- ասում է ռումինահայ Վարուժան Ոսկանյանը <<Շշուկների մատյան>> գրքում: <<Նրանք լռում են>>,- բացահայտում է շվեդահայ Սյուզան Խարտալյանը <<Տատիկին դաջվածքները>> ֆիլմում:
    Արդյունք դեռ չկա: Մաքառելու ենք ճշմարտության համար. ինչու են ոճրագործների ժառանգներն այդքան հավատարիմ իրենց պապերին: Իսկ ընդհանրապես, ինչ տարբերություն, թե որ սերունդն ենք և որ երկրում ենք ապրում: Սա պատահել է մեզ հետ:
                                                                                                                     

 Գայանե Մկրտչյան


Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին
նվիրված միջոցառումներ Հռոմում
 
      Ապրիլի 24-ին Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների: Արարողությանը ներկա էին կաթոլիկ, ղպտի ուղղափառ, հույն ուղղափառ և մարոնիտ կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչներ, դիվանագետներ, Իտալիայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, իտալական հասարակության և իտալահայ համայնքի ներկայացուցիչներ: Արարողության ավարտին եկեղեցու բակում Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին տեղադրված խաչքարի մոտ Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության նախագահ, կարդինալ Լեոնարդո Սանդրիի և Հռոմի Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի մեծավոր Գերհարգելի հայր Գևորգ վարդապետ Նորատունկյանի կողմից կատարվեց Հայոց Եղեռնի անմեղ զոհերի հոգեհանգստյան արարողություն: Այնուհետև, խոսքով հանդես եկավ Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, ով իր ելույթում կարևորեց պատմական հիշողության և ժխտողականության դեմ պայքարի արդիականությունը:
         Ընթերցվեց Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոյի ուղերձը, որում մասնավորապես ասված է. <<Հայոց ցեղասպանությունը մի խորը վերք է մեր քաղաքակրթության համար: Եվ ցեղասպանության հիշատակը, պատմական փաստերի մանրակրկիտ պահպանման հետ մեկտեղ, հիմնարար դեր ունի ժողովուրդների խաղաղ ապագայի համար>>: Այնուհետև, խաչքարի մոտ ծաղկեպսակներ դրվեց:
          Ապրիլի 24-ին Իտալիայի Սենատի լիագումար նիստի ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել Իտալիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Էմիլիա Դե Բիազին, ով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելով, մասնավորապես կարևորել է ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարը` այն որակելով որպես համամարդկային հիմնարար արժեք: 
          Նույն օրը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուղերձ է տարածել Իտալիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պիեր Ֆերդինանդո Կազինին` հայտարարելով. <<Բազում միջոցներ գոյություն ունեն հարգելու մեր պատմությունը, որոնցից առաջինն է` վառ պահել հիշողությունը: Այսօր, հիշելով Հայոց ցեղասպանությունը, մենք խորապես մոտ ենք զգում մեզ հայ ժաղովրդին: Մի ցեղասպանություն, որը նորագույն պատմության ամենագորշ էջերից մեկն է: Բոլոր իտալացիները, անկախ իրենց քաղաքական, մշակութային, կրոնական հայացքներից, հայության կողքին են, որը մեծ դեր ունի մարդկության պատմության մեջ»:
Իտալիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պիեր Ֆերդինանդո Կազինիի ուղերձի տեսանյութը կարող եք ներբեռնել հետևյալ կայքէջից՝

https://www.wetransfer.com/downloads/d0271bd056a02231f5f88bd9b0cab0c220140424142849/9c4282bd53be4ec63fe1a613efe6833620140424142849/a5f4c4


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ




Ֆրանսիայի նախագահը մասնակցեց Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը

    Ապրիլի 24-ին Փարիզի Երևանյան պուրակում կայացավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված բազմահազարանոց հավաք, որն իր ներկայությամբ պատվեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ Եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի ուղեկցությամբ: Հավաքին ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահներ Ֆրանկ Փափազյանը և Արա Թորանյանը, ֆրանսիայի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, տարբեր քաղաքներից ժամանած քաղաքապետեր, ֆրանսահայ կառույցների ղեկավարներ:
    Ֆրանսիայի Հանրապետական գվարդիայի զինվորական պատիվների եւ Հայաստանի ու Ֆրանսիայի օրհներգերի ուղեկցությամբ Ֆրանսիայի Հանրապետության նախագահը ծաղկեպսակ զետեղեց Կոմիտասի հուշարձանին և այնուհետև հանդես եկավ ելույթով։
    Նախագահ Օլանդը հայտնեց հաջորդ տարի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում գտնվելու իր որոշման մասին: Բացի այդ, պետության ղեկավարը հայտնեց, որ հավատարիմ է մնալու իր խոստմանը և կառավարությունը գտնելու է այն անվիճարկելի իրավական մեխանիզմը, որով հնարավոր կլինի քրեական պատիժ սահմանել Հայոց ցեղասպանության ժխտման համար: Վերջինս ընդգծեց նաև հաջորդ տարվա ընթացքում Փարիզում հայ հիշագրության և քաղաքակրթության կենտրոն հիմնելու անհրաժեշտությունը:
Հավաքի պաշտոնական մասի ավարտից հետո հազարավոր մասնակիցները Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի կոչերով քայլերթ անցկացրեցին Փարիզի Ելիսեյան դաշտեր կենտրոնական պողոտայով:
    Նույն օրը Փարիզի Հաղթանակի կամարի տակ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հանդիսավոր արարողություն: Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի և Ֆրանսիացի բազմաթիվ քաղաքապետերի և պետական պաշտոնյաների գլխավորությամբ հազարավոր ֆրանսիացիների և ֆրանսահայերի՝ դեպի Հաղթանակի կամար կատարած հանդիսավոր քայլերթին հաջորդեց ծաղկեպսակների տեղադրման արարողությունը:
Այնուհետև Ֆրանսիայի զինված ուժերի նվագախմբի կատարմամբ Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերի ներքո տեղի ունեցավ Հայաստանի դեսպանի կողմից Անհայտ Զինվորի շիրիմի հավերժական կրակի բորբոքման արարողությունը` ի նշան Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ




Հայոց  ցեղասպանության 99-րդ տարելիցին
նվիրված միջոցառում Փարիզում

    Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում կայացավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավանդական միջոցառումը, որն այս տարի նախաձեռնվեց Փարիզի նորընտիր քաղաքապետ Անն Իդալգոյի կողմից: Հիշատակի միջոցառմանը մասնակցեցին Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, սենատորներ, բազմաթիվ քաղաքական և մշակութային գործիչներ, հայտնի անհատներ, հարյուրավոր ֆրանսիացիներ և ֆրանսահայեր:
    Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ քաղաքապետ Անն Իդալգոն:
    Վերջինս նշեց, որ երևույթները պետք է կոչել իրենց անուններով և ընդգծեց, որ Թուրքիայի իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը անհրաժեշտություն է ողջ թուրք ժողովրդի համար: Փարիզի քաղաքապետը խոսեց Հայոց ցեղասպանության հարյուրամյակի շրջանակներում մայրաքաղաքի իշխանությունների կողմից անցկացվելիք միջոցառումների մասին: Այնուհետև ելույթներով հանդես եկան ֆրանսահայ կազմակերպությունների համակարգման խորհրդի համանախագահներ Ֆրանկ Փափազյանը և Արա Թորանյանը, որոնք, մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի նախօրեին արված հայտարարությունները, ընդգծեցին Թուրքիայի իշխանությունների կողմից ժխտողական կեցվածքի անարդյունավետ լինելը:
    Միջոցառմանը եզրափակիչ խոսքով հանդես եկավ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը: Շնորհակալություն հայտնելով Փարիզի նորընտիր քաղաքապետին ավանդական ընդունելության շարունակականությունն ապահովելու համար՝ դեսպան Չիտեչյանը նշեց. «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հավատարմությունը, մարդու և ժողովուրդների համընդհանուր իրավունքների և արժեքներին նվիրվածությունը Ֆրանսիայի մեծության վկայություններն են: Աշխարհի մայրաքաղաքներից մեկը՝ Փարիզը, ոգեկոչում է մեր նախնիների հիշատակը: Արդեն տարիներ Ֆրանսիան, որը  օրենքի ուժով Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրն է, նախագահի մակարդակով է հարգանքի տուրք մատուցում զոհերի հիշատակին: Հայաստանը գիտակցում և կարևորում է այս ամենը»: ՀՀ դեսպանն այնուհետև անդրադարձավ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշմանը` փաստելով, որ «Թուրքիայի իշխանությունները այդպես էլ չեն կարողանում առերեսվել անցյալին և շարունակում են օրեցօր ավելի մխրճվել իրականության խեղաթյուրման անօգուտ քաղաքականության մեջ:
    Ավարտելով իր ելույթը՝ դեսպան Չիտեչյանը հայտնեց, որ Անն Իդալգոն որպես հայ ժողովրդի բարեկամ միշտ սպասված է Հայաստանում և Փարիզի քաղաքապետին հանդիսավոր կերպով փոխանցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից նրան ուղղված պաշտոնական հրավերը:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ




Կլոդ Մութաֆյան. <<Պայքարենք և պահանջատեր լինենք>>

    Ֆրանսահայ հայտնի պատմաբան  /միջնադարագետ/, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, երկու տասնյակ գրքերի, բազմաթիվ աշխատությունների հեղինակ Կլոդ Մութաֆյանը կրկին Հայաստան է ժամանել: Այս անգամ նրա այցը կապված էր Ռումինիայում և Հայաստանում կազմակերպվող հայ-ռումինական մշակութային ժառանգության թեմայով ցուցահանդեսի սշխատանքների կազմակերպման հետ: Ուշագրավ են նաև պատմաբանի ուսումնասիրությունները` գրված Հայոց մեծ եղեռնի  և Ղարաբաղյան թեմաներով: Կլոդ Մութաֆյանի վերջին գիրքը նվիրված է Կիլիկյան Հայաստանի հայոց պատմությանը՝ 11-14-րդ դարերին, որն իր բնույթով հանրագիտարանային մեծ արժեք ունի:
    «Կամար թերթ»-ը զրուցեց պարոն Մութաֆյանի հետ և այն ներկայացնում ենք առանց կրճատումների:
- Պարոն Մութաֆյան, Դուք Հայոց ցեղասպանության թեմային մշտապես անդրադառնում եք միջազգային գիտաժողովների ժամանակ: Ձեր հոդվածներն ու աշխատությունները շատ երկրների համար ուղեցույցի դեր են հանդիսանում, ի՞նչ եք կարծում, մենք մեր պահանջատիրական գործընթացում հաջողության կհասնենք:
- Ես միշտ բնույթով լավատես եմ: Իսկ եթե շատ լավատես լինելու պատճառ չկա, միևնույն է, ես մնում եմ լավատես, փոխանակ Թուրքիայի քաղաքականության մութ կողմերը տեսնել, ես որոշ դրական կողմերն եմ տեսնում: Գոնե հիմա այնտեղ խոսվում է Հայոց ցեղասպանության մասին, որոշ  թուրք գիտնականներ զբաղվում են, ելույթներով հանդես են գալիս: Կան նաև թուրքեր, որ համարձակվում են ու գրքեր են հրատարակում: Շատ տպավորիչ էր, երբ Ջեմալ փաշայի թոռը Հայաստան եկավ, գնաց  Ծիծեռնակաբերդ, ծնկեց ու ծաղիկներ դրեց, հանդիպումներ ունեցավ  և  այդ մասին գրեցին  թե՛  տեղական, և  թե՛  միջազգային մամուլը: /Այդ այցի մասին գրող Պերճ Զեյթունցյանը գրեց «100 տարի անց» պիեսը, որը բեմադրվեց ու այժմ էլ ընդգրկված է Մայր թատրոնի խաղացանկում. Մ.Մ./:  Չեմ ասում, որ դա վճռական դեր չի կարող խաղալ, բայց նման կտրուկ շրջադարձը աներևակայելի էր: Ուրեմն` զարգացում կա: Իմ կարծիքով, նույնիսկ թուրքական ղեկավարների մեջ էլ տարաձայնություններ կան Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված, որ Դավիթ Օղլին, կամ մի քանի այլ անձեր, պատրաստ են որոշ լուծումների, բայց խնդիրը պատեհ է, և քանի նա դեռ այնտեղ է, որևէ բան չեմ կարծում, որ կընդունվի: Բայց ամեն ինչ անցողիկ է: Ես որոշ դրական քայլեր նկատում եմ,  դրանք արդեն առաջընթաց են և վերջնական հետ քայլ այլևս չկա: Ուրեմն, առաջին քայլերը հուսադրող են և կարող ենք հույս ունենալ, որ ավելի առաջ կգնան և չենք կարող հուսալ, որ ամեն ինչ հչաշքով կստացվի: Բայց միևնույն ժամանակ կամաց-կամաց քայլեր պետք է ձեռնարկենք ու առաջ տանենք: Ուզենք թե չուզենք, պետք է համբերատար լինենք և մեր միակ միջոցը՝ պայքարենք ու շարունակենք պահանջատեր լինել..»:
-Պարոն Մութաֆյան, ինչպե՞ս է ֆրանսիան պատրաստվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
-Տեղյակ եմ, որ բավական միջոցառումներ են նախատեսվում: Ֆրանսիան էլ բավական առաջ քայլեր արեց Հայոց ցեղասպանության  ճանաչման հարցում: Չմոռանանք, որ 2001-ին Ֆրանսիան միակ պետությունն էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, չնայած որ շատ երկրների ազգային ժողովներ, քաղաքներ, նահանգներ  նույնպես ճանաչեցին, իսկ Ֆրանսիան միակ պետությունն էր, որ պետականորեն ճանաչեց՝ ֆրանսահայերի ջանքերի շնորհիվ: Հիմա Ֆրանսիայի նոր կառավարությունը բավական մոտ է այդ խնդրին  և  այս տարի ֆրանսիայի նախագահ  Ֆրանսուա  Օլանդը  մայիսին  այցելելու է Հայաստան: Իսկ ապրիլի 24-ին նա մասնակցել է Փարիզում Կոմիտասի արձանի մոտ կազմակերպած հարգանքի տուրքին: Ի դեպ, դա առաջին անգամն է, որ երկրի նախագահը մասնակցում է նման միջոցառման, որն ինքնին շատ կարևոր դեր կունենա»:
-Այս տարի Դուք արդեն երկրորդ անգամ եք գալիս Հայաստան, նախորդը ի՞նչ առիթով էր:
-Ես հաճախ եմ սկսել գալ: Ի դեպ, Մայր Աթոռում բացվեց Ռուբեն Սևակի թանգարանը, որտեղ կա նաև իմ հայրիկի երկու նկարը: Մշտապես հրավիրվում եմ զեկույցներս ու նոր ուսումնասիրություններս ներկայացնելու:
    Հուսանք, որ հաճախ կհանդիպենք, քանզի ինձ են հանձնարարել Ռումինիայում և Հայաստանում կազմակերպվող ցուցահանդեսի աշխատանքների պատասխանատվությունը»:


Մարիետա Մակարյան


Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին
նվիրված միջոցառումներ Լիտվայում

    Ապրիլի 24-ին Լիտվայում անցկացվեցին Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ, որոնց ներկա էին Լիտվայի Սեյմասի պատգամավորներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, Լիտվայի ազգային փոքրամասնությունների, ակադեմիական և լրագրողական շրջանակների, ինչպես նաև Լիտվայի հայ համայնքի անդամներ: Միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայ համայնքների մեծ պատվիրակություններ էին ժամանել նաև Էստոնիայից և Լատվիայից, ինչպես նաև Հայաստանի Վալդորֆյան դպրոցի շուրջ 30 աշակերտներ:
    Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շարքը սկսվեց Լիտվայի ցեղասպանության զոհերի հուշարձանին ծաղկեպսակների տեղադրման արարողությամբ: Այնուհետև Լիտվայի Ցեղասպանության և դիմադրության կենտրոնում տեղի ունեցավ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի լիտվերեն հրատարակության շնորհանդեսը: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան դեսպան Արա Այվազյանը, Լիտվայի Սեյմասի անդամ, Հայաստանի հետ միջխորհրդարանական համագործակցության խմբի անդամ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բարեկամության խմբի փոխնախագահ Պովիլաս Ուրբշիսը, անվանի գրող Վահագն Գրիգորյանը, գրող հրապարակախոս, հասարակական գործիչ Մարիտե Կոնտրիմայտեն, Լիտվայի ազգային փոքրամասնությունների խորհրդի փոխնախագահ Ռուսլան Հարությունյանը և «Մուսա լեռան 40 օրը» վեպի լիտվերենի թարգմանիչ Լեոնաս Պետրավիչյուսը:
    Նույն օրը երեկոյան, ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Լիտվայի Կաթոլիկ արքեպիսկոպոսարանը առաջին անգամ Վիլնյուսի Սուրբ Պողոս Պետրոս Կաթոլիկ եկեղեցում Հայ Առաքելական եկեղեցու հետ համատեղ մատուցել են 20-րդ դարի առաջին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի համար Սուրբ Պատարագ՝ Լիտվայում ներկայացված, Լյութերանական, Ուղղափառ և Բողոքական Եկեղեցիների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումները լայնորեն լուսաբանվեցին Լիտվայի հանրային հեռուստատեսությամբ, ռադիոյով և մամուլում: Հանդիպման տեսանյութը կարելի է ներբեռնել հետևյալ կայքէջից` https://www.dropbox.com/s/ssenn1asv73eeoh/MATERIAL%202014.04.24.mp4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


Հայոց  ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ստրասբուրգում

    Ապրիլի 24-ին Ստրասբուրգի Հանրապետության հրապարակի «Մեր զոհերը» հուշարձանի մոտ կայացավ 1915թ. Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հավաք։Արարողությանը ներկա էին ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը, Ստրասբուրգի երկու փոխքաղաքապետեր, էլզասյան հասարակական կազմակերպությունների, Ստրասբուրգում գործող տարբեր եկեղեցիների, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն իր խոսքում կարևորեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքները և ժխտողականության դեմ պայքարը` կոչ անելով լինել առավել համախմբված և հետևողական ազգային նպատակների իրագործման համար։ Այս առումով նա ողջունեց Ստրասբուրգում և Էլզասում հայ երիտասարդների ակտիվ դերակատարությունը։
    Ելույթով միջոցառման մասնակիցներին դիմեցին «Էլզաս-Հայաստան բարեկամություն» բարեգործական ընկերության նախագահ Պիեռ Զուլումյանը, Ստրասբուրգի փոխքաղաքապետը, հրեական, քրդական և ռուանդայական կառույցների ներկայացուցիչները:
Փոխքաղաքապետ Նավել Ռաֆիկ-Էլմրինին իր խոսքում նշեց, որ դեսպան Պապիկյանի միջնորդությամբ Ստրասբուրգի քաղաքային իշխանությունները բավարարել են Ստրասբուրգում հայկական խաչքար տեղադրելու խնդրանքը։
    Հանրապետության հրապարակից հավաքի մասնակիցները շարժվեցին դեպի Ստրասբուրգի սուրբ Մադլեն կաթոլիկ եկեղեցի, որտեղ հայր Վաչե Հայրապետյանի կողմից մատուցվեց հոգեհանգստի պաշտոն:

 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ




Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին
նվիրված միջոցառումներ Դանիայում և Նորվեգիայում
        
     Ապրիլի 24-ին Դանիայում և Նորվեգիայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ:
         Օսլոյում միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ դեսպանության, Նորվեգիայում Հայ մշակութային միության և Հայ առաքելական եկեղեցական խորհրդի կողմից: ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը և հայ համայնքի ներկայացուցիչները ծաղկեպսակներ դրեցին հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի շիրմաքարին Օսլոյում, որից հետո միջոցառումը շարունակվեց ոչ հեռու գտնվող Սնարոյա եկեղեցում:
     Բացման խոսքով հանդես եկան Նորվեգիայի Հայ մշակութային միության խորհրդի անդամ Լիլիթ Մկրտչյանը և ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը, ով, մասնավորապես, անդրադարձավ Հայոց ցեղասպանության մերժողականությանը, ներկայացրեց  փաստեր և փաստարկներ և ևս մեկ անգամ կարևորեց ցեղասպանության միջազգային ճանաչումը այս անգամ նորվեգական համատեքստում` որպես օրինակ բերելով Կրագերոյի (Նորվեգիա) քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախադեպը:
         «Օսմանյան «հանդուրժողականության» միֆը և քրիստոնյա փոքրամասնությունները» թեմայով զեկույց կարդաց «Սիվիտա» քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ, պատմաբան Բորդ Լարսենը: Տեղի ունեցավ նաև դանիացի պատմաբան, ցեղասպանագետ Մաթիաս Բյորնլունդի «Հայոց ցեղասպանությունը. սկզբից մինչև վերջ» գրքի շնորհանդեսը: Եզրափակիչ խոսքով ելույթ ունեցավ Նորվեգիայում Հայ առաքելական եկեղեցական խորհրդի անդամ Նարինե Հարությունյանը: Վերջում դասական երաժշտական կատարումներով հանդես եկան Հայաստանից Նորվեգիայում ուսանող երաժիշտներ` Նարեկ Դարբինյանը (ջութակ), Տիգրան Բերկելյանը (դաշնամուր), Թամարա Մովսիսյանը (դաշնամուր), Ստելլա Բեգլարյանը (ջութակ): Միջոցառմանը ներկա էին օտարերկրյա դիվանագետներ, Կրագերոյի և Վերգոշայի քաղաքապետերը, Հայաստանի նորվեգացի բարեկամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
    Կոպենհագենում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունը տեղի ունեցավ Սբ. Ստեփանոս եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ, որտեղ ՀՀ դեսպանության և հայ համայնքի կողմից դրվեցին ծաղկեպսակներ և ծաղիկներ, կատարվեց մոմավառություն:
   
Դեսպան Հրաչյա Աղաջանյանի անունից ելույթ ունեցավ դեսպանության խորհրդական Լիլիթ Սարգսյանը, ով մասնավորապես նշեց, որ յուրաքանչյուր ոք, ով մասնակից է դառնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություններին, բարձրաձայն կամ լռելայն աղաղակում է, որ այլևս երբեք մարդկությունը չպիտի գնա ցեղասպանության, մարդկային նվաստացումների, ցավերի, կորստի և մաքառման ճանապարհով: Ելույթ ունեցան հայ համայնքից Ժոզեֆ Բեդոյանը, Երևանից «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ձոնիկ Մարգարյանը, «ԴանԱրմեն» հայ դանիական ասոցացիայի փոխնախագահ Աննա Կարապետյանը, դանիացի պատմաբան, լրագրող Դենիզ Սերինչին: Միջոցառմանը ներկա էին Դանիայում հավատարմագրված դեսպաններ, հայ ժողովուրդի դանիացի բարեկամներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:
     Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հիմնական միջոցառումը տեղի կունենա ապրիլի 26-ին` Դանիայի Գյուլինգ ավանում:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ



Հայոց  ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ռումինիայում

    Այս օրերին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում և հայաբնակ այլ քաղաքներում անց են կացվում Մեծ եղեռնի հիշատակի միջոցառումներ: Ոճրագործությունը դատապարտող հայտարարություններ են հնչեցվում օրենսդիր և տեղական իշխանությունների, ազգային փոքրամասնությունների կողմից: Հարյուրամյա տարելիցին ընդառաջ Հայոց ցեղասպանության թեման լայնորեն լուսաբանվում է ռումինական մամուլում:
Ապրիլի 23-ին Ռումինիայի խորհրդարանի վերին և ստորին պալատներում Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել Ռումինիայի Հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը և Պատգամավորների պալատի անդամ, Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը: Պատգամավորն իր ելույթում, վկայակոչելով միջազգային տարբեր սուբյեկտների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը,  կոչ է արել 100-ամյակի նախաշեմին համատեղել ջանքերը Թուրքիային ժխտողականության ճանապարհից դարձնելու համար:
    Հայոց Ցեղասպանության հիշատակի առիթով ուղերձ է հղել Ռումինիայի Սիբիու մարզի պրեֆեկտ` Օվիդիու-Իոան Սիտերլին, որում, մասնավորապես, ասվում է. «Միշտ էլ դժվար կլինի ցեղասպանության կապակցությամբ պատեհ խոսքեր գտնել: Մենք գլուխ ենք խոնարհում «Մեծ չարիքին» զոհ գնացածների տառապանքների առջև: Նրանց հիշատակը փոխանցում ենք գալիք սերունդներին, որպեսզի դատապարտված չլինենք պատմության սև էջերի կրկնությանը»:
Հայոց ցեղասպանությունը դատապարտել է Ռումինիայի գնչուական համայնքը: Գնչուների սոցիալական միջամտության և հետազոտությունների կենտրոնի  հաղորդագրությունում ասվում է. «Միասին Թուրքիայում հիշատակում ենք 1915թ. Հայոց ցեղասպանությունը, մանրակրկիտ մշակված մի նախագիծ, որը հանգեցրեց Օսմանյան կայսրությունում 1.5 մլն. հայերի կոտորածին` ուղղված վերացնելու նրանց քաղաքակրթությունը և «թուրքացնելու» Անատոլիան: Ի նշան զոհերի և նրանց սերունդների նկատմամբ հարգանքի, գնչուները կոչ են անում բոլորին միանալ իրենց և վերջակետ դնել 100-ամյա ժխտմանը»:
    Ռումինիայի TVR1 հանրային հեռուստատեսությունն ապրիլի 24-ի երեկոյան ուղիղ եթերով մեկուկես ժամանոց հաղորդում էր նվիրել Հայոց ցեղասպանությանը: Հայտնի հեռուստամեկնաբաններ Դանիել Ապոստոլի և Միրունա Մունտեանի «Հինգշաբթի ժ. 9-ին» հեռուստաբանավեճի հյուրերն էին պատմաբաններ ակադեմիկոս Անդրեյ Պիպիդին և դոկտոր Զոե Պետրեն, սենատոր Վարուժան Ոսկանյանը և գրող, հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը: Հաղորդման ժամանակ անհերքելի փաստերով հիմնավորելով երիտթուրքական կառավարության գործած ոճիրը և քննադատելով ժամանակակից Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը` մասնակիցները բովանդակությունից զուրկ և անբավարար համարեցին վարչապետ Էրդողանի տարածած ուղերձը: Հաղորդման ժամանակ հատվածներ ցուցադրվեցին «Ստրունգա» վավերագրական ֆիլմից, որը պատմում է 1923 թ. Ռումինիայի կառավարության կողմից Ստրունգա բնակակավայրում 400 հայ որբերին ապաստան տալու մասին: Վարուժան Ոսկանյանը երախտագիտություն հայտնեց փախստական հայերի նկատմամբ այն ժամանակվա Ռումինիայի կառավարության մարդասիրական վերաբերմունքի կապակցությամբ` միաժամանակ ափսոսանքով նշելով, որ Հայոց ցեղասպանության հարցն առայժմ բացակա է այսօրվա ռումինական քաղաքական օրակարգում:
    Նույն երեկոյան Հայոց ցեղասպանությանը նվիրված հաղորդում է հեռարձակել TVR1 հանրային հեռուստատեսության Կլուժ քաղաքի տեղական ալիքով:
Ռումինական հայտնի Adevarul օրաթերթն իր adevarul.ro էլեկտրոնային տարբերակի վրա ապրիլի 24-ին զետեղել է Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանի հետ ծավալուն հարցազրույց «Հայաստանի դեսպան. Եթե Եվրոպայի համար Առաջին համաշխարհային պատերազմը փակված էջ է, հայերի համար այն մնում է բաց և արնածոր վերք» վերնագրով:
    Դեսպանը բացատրում է, որ այսօր խոսքը վերաբերում է ցեղասպանության հետևանքների վերացմանը, քանի որ «եթե դահիճը չկա, ապա զոհը մնում է: Զոհը մի կողմից Հայաստանն է և Հայաստանի բնակչությունը, որն այսօր իր ուսերին կրում է ցեղասպանության հետևանքների ողջ ծանրությունը, մյուս կողմից հայ ժողովրդի մի հսկա հատվածը` ցեղասպանության ժառանգները, որոնք օտար երկրներում ենթական են լիակատար ուծացման, ինքնության կորստի և հաճախ ֆիզիկական բռնությունների ու նոր տեղահանությունների, ինչպես վերջերս Մերձավոր Արևելքում է: Ըստ դեսպանի, Հայաստանն ակնկալում է, որ «թուրքական կողմը փոխի իր բառապաշարը և պահվածքն այդ հարցում և վերադառնա 2009թ. Ցյուրիխյան արձանագրություններով նախատեսված հանձնառություններին: Դա հնարավորություն կտար բարդ հարցերը քննարկել և լուծման ուղիներ փնտրել ավելի հանդարտ պայմաններում»: «Ոչ միայն միջազգային հանրության և Հայաստանի, այլ հենց Թուրքիայի շահերից է բխում Հայոց ցեղասպանության հարցին շուտափույթ լուծում գտնել: Այն գերկարևոր է մեր շրջանի, Մեծ, Միջին Արևելքի և Եվրոպայի անվտանգության առումով>>,-եզրակացնում է Հայաստանի դեսպանը:
    Ապրիլի 24-ի երեկոյան հիշատակի ցույց տեղի ունեցավ Բուխարեստի Հեղափոխության հրապարակում, որտեղ ներկաներին իրենց խոսքը ուղղեցին սենատոր Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Ռումինիայի հունական միության պատագավոր Դրագոշ Գաբրիել Զիսոպոլը և գրող Վարդան Առաքելյանը: Նույն առավոտյան Բուխարեստի սուրբ Միքայել և Գաբրիել Հրեշտակապետաց եկեղեցում մատուցվեց հոգեհանգստի արարողություն, որին ներկա էին Բուխարեստում պապական պատվիրակ մոնսենյոր Ֆրանչիսկո-Խավիեր Լոզանոն, Ռումինիայի ուղղափառ, կաթոլիկ, ղպտի և հրեական կրոնական համայնքների ներկայացուցիչներ: Արարողության ավարտին ծաղկեպսակներ տեղադրվեցին Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին: Բոլոր միջոցառումների հայ համայնքի կողքին էին նաև քրդական համայնքի ներկայացուցիչները:
    Եղեռնի 99-րդ տարելիցը նշվել է նաև Ռումինիայի հայաբնակ մյուս քաղաքներում:
Ապրիլի 16-ին ՌՀՄ Յաշի մասնաճյուղը կազմակերպել էր Հայոց ցեղասպանությանը նվիրված կոնֆերանս՝ քաղաքի համալսարանական շրջանակների ակտիվ մասնակցությամբ:
    Բոտոշանի շրջանային գրադարանում ապրիլի 24-ից մեկնարկել է երկշաբաթյա ցուցահանդես, որտեղ ներկայացվում են Հայոց ցեղասպանության թեմայով ռումինահայ <<Ararat>> հանդեսի տարբեր տարիների համարները, արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ:
Կլուժի հայ համայնքի ջանքերով Տրանսիլվանիայի էթնոգրաֆիկ թանգարանում կազմակերպվել էր Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկում, որի ընթացքում թեմատիկ զեկույցներով հանդես եկան պատմաբան Լորան Մադլին և դոկտորանտ Կլաուդիա Դարաբանը: Քննարկմանը հաջորդեց հիշատակի երեկո` ուղեկցված Ֆլաուտո Դոլչե խմբի դասական համերգով:
    Բակաու քաղաքում Ռումինիայի Հայոց միության կազմակերպմամբ «Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շաբաթի» շրջանակներում Եռագույնի հրապարակում ելույթներ են ունեցել պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը և ռումին գրող Միրչա Բոստան: Քաղաքի ֆիլհարմոնիայում անցկացվելու է սիմպոզիում, որի ընթացքում զեկույցներով հանդես են գալու սենատոր Վարուժան Ոսկանյանը, գրող-հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը, ռումին պրոֆեսորներ: Համայնքային կենտրոնում հաղորդումներ են ունեցել հայաստանցի կամավորներ և ուսանողներ:    
    Բուխարեստյան միջոցառումները շարունակվելու են Հայ մշակույթի տանը, որտեղ ապրիլի 25-ին «Ցեղասպանության իրավական ասպեկտները» թեմայով ելույթ-քննարկման հյուրն է Բրաշովի Տրանսիլվանիայի համալսարանի դոկտոր Նաստի Վլադոյուն: Միջոցառման ընթացքում տեղի է ունենալու Յուրի Բարսեղովի Հայոց ցեղասպանության իրավական ասպեկտներին նվիրված գրքի ռումիներեն թարգմանության շնորհանդեսը:

 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ




Հայոց  ցեղասպանության 99-րդ տարելիցին
նվիրված միջոցառում Սեուլում

    Ապրիլի 24-ին Սեուլում՝ Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի ընդունելությունների սրահում, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված լուսանկարների ցուցադրություն: Միջոցառումը նախաձեռնել էր Կորեա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբը՝ Կորեայի Հանրապետությունում Հայաստանի դեսպանության և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ:
 Ցուցահանդեսին ներկայացվեցին Հայոց ցեղասպանության մասին պատմող մի քանի տասնյակ լուսանկարներ և պաստառներ, որոնք դիտելու էին եկել Կորեայի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ պատգամավորներ, գործարարներ, լրագրողներ:
    Միջոցառմանը ելույթ ունեցան Կորեա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Նո Յուն-մինը, Ճապոնիայում և Կորեայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը և պատգամավոր Շին Կինամը, ովքեր խոսեցին 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության պատմության և փաստերի մասին և արձանագրեցին, որ այսպիսի ոճրագործությունների ճանաչմամբ և գիտակցմամբ է հնարավոր միայն կանխել մարդկության դեմ հետագա հանցանքները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ



Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին
 նվիրված միջոցառում Մոսկվայում


    Ապրիլի 24-ին Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրի տարածքում գտնվող խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղիկների և ծաղկեպսակների տեղադրման արարողությունն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Արարողությանը մասնակցեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, Գերաշհորհ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ պետական մարմինների ներկայացուցիչներ, Ռուսաստանի հայերի միության ղեկավար մարմնի անդամներ, մոսկովյան բուհերի հայ ուսանողներ ու մոսկվաբնակ հայեր:
    Ծաղկեպսակների և ծաղիկների տեղադրման արարողությունից հետո Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում մատուցվեց 1915թ.-ի կոտորածներին զոհ դարձած 1.5 միլիոն անմեղ հայերի հիշատակին նվիրված հոգեհանգիստը` Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի առաջնորդությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒ
ն



Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին
 նվիրված միջոցառումներ Դամասկոսում


    Ապրիլի 24-ին Հայոց Մեծ եղեռնի 99-րդ տարելիցի կապակցությամբ Դամասկոսի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցվեց պատարագ և հոգեհանգստյան կարգ Ցեղասպանության հուշարձանի մոտ, որից հետո Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը և դեսպանության անձնակազմը ծաղկեպսակ դրեցին անմար կրակի մոտ:
         Արարողությանը մասնակցեցին բազմաթիվ սիրիահայեր, Հայաստանի քաղաքացիներ, լրագրողներ, հասարակական գործիչներ, քույր եկեղեցիների հովվապետեր, ինչպես նաև Հռոմի Պապի պատվիրակը:
     Տարիներ ի վեր ձևավորված ավանդույթի համաձայն, Սիրիայում ՀՀ դեսպանություն են այցելել սիրիահայ համայնքի ներկայացուցիչները և գրառում կատարել ոգեկոչման հուշամատյանում:
         Նույն օրը երեկոյան ՍԱՀ-ում ՀՀ դեսպանը մասնակցեց Դամասկոսի հայ կաթողիկե համայնքի կազմակերպած միջոցառմանը և ծաղկեպսակ դրեցին կաթողիկե եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մատուռի մոտ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ




Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին
 նվիրված միջոցառում Քուվեյթում


    Ապրիլի 23-ին Քուվեյթի Ս. Վարդանանց եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ  հսկումի ավանդական արարողությունն ու մոմավառության խորհրդանշական երթը, որից հետո ներկաները շարժվեցին եկեղեցու դահլիճ` ունկնդրելու  ոգեկոչման միջոցառումը:
    Համայնքային բոլոր կառույցների համատեղ ջանքերով կազմակերպված հուշ-երեկոյի ընթացքում ներկայացվեց գեղարվեստական հայտագիր, համայնքի երիտասարդական կառույցները կատարեցին ազգային-ազատագրական երգեր, Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչն անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Քուվեյթի և Արաբական ծոցի երկրների  կաթողիկոսական փոխանորդ Գերապատիվ  Տեր Մասիս Ծայրագույն Վարդապետ Զոփույանը, իր խոսքում անդրադառնալով ապրիլքսանչորսյան խորհրդին, պատգամեց միավորել համայն հայության  ջանքերն  ու նոր ավյուն հաղորդել  Ցեղասպանության միջազգային ճանաչման նվիրական պայքարին:    
    Ելույթով հանդես եկավ նաև Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը` ընդգծելով Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգված և միասնական ուժերով կազմակերպելու, ինչպես նաև Ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և կանխարգելման ուղղությամբ աշխատանքները բազմապատկելու կարևորությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ



Հայոց  ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բուլղարիայում

    Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդական տեղապահ Տեր Աբգար Հովակիմյանը, Բուլղարիայի նախկին  վարչապետ Ռենետա Ինջովան, ՀԸԲՄ ատենապետ Սոնյա Ավագյանը,  բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներ ծաղկեպսակներ դրեցին Սոֆիայի հայկական գերեզմանատան՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:
Տեր Աբգար Վարդապետ Հովակիմյանի կողմից մատուցվեց հոգեհանգստյան պաշտոն, որից հետո ելույթով հանդես եկավ դեսպան Սհոյանը, ով, մասնավորապես, դատապարտելով ժխտողականության,  իրական փաստերը խեղաթյուրելու և նենգափոխելու քաղաքականությունը, շեշտեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը' ապագայում մարդկության դեմ հանցանքները բացառելու նպատակով: ՀՀ դեսպանն  ընդգծեց  վերջերս Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարությունների  ընդունման կարևորությունը Բուլղարիայի չորս քաղաքների համայնքային խորհուրդների կողմից:
    Հիշատակի միջոցառումներ են տեղի ունեցել Բուլղարիայի բոլոր հայաշատ քաղաքներում` Վառնայում, Պլովդիվում, Ռուսեում, Բուրգասում, Դոբրիչում և Սլիվենում:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ



Ցեղասպանության ոճիրը` մեծ էկրանին

    Որքան մոտենում է 2015-ի  ապրիլի 24-ը, այնքան ավելի  հաճախ  ու հետևողական են հնչում  20-րդ դարի առաջին ցեղասպանության` Հայոց  մեծ  եղեռնի  ոճրագործության մասին ամբողջ ճշմարտությունը հավաստի ու անխարդախ  աշխարհին ներկայացնելու  պահանջները: Այն, ինչ կարող է անել  մշակութային քարոզչությունը`  գրականությունը, երաժշտությունը, թատրոնն ու կինոն, տասնապատիկ ավելի տպավորիչ  ու ազդեցիկ կհնչի էկրանին, բեմերում ու համերգասրահներում, քան քաղաքական բազմաթիվ ձեռնարկներ  ու երկարատև  գործընթացներ: Այս համատեքստում արդեն տևական ժամանակ է, ինչ օրախնդիր է դարձել հարցը, թե  ինչպես   կինոյի  լեզվով  ամբողջ առաջադեմ մարդկության  հետ  խոսել Հայոց ցեղասպանության ողբերգության  մասին:
    Ինչպես և ցեղասպանության ոճիրը, այս  հարցի արդիականությունը  գրեթե  մեկ դարի պատմություն ունի: Եվ որքան էլ տարիօրինակ է` Հայոց եղեռնը էկրանավորելու փորձերը  սկիզբ են առել  հենց ամերիկյան  <<Պատրանքների ֆաբրիկայից>>` Հոլիվուդից: Իհարկե,  այս դեպքում ևս  իր դերակատարությունն է ունեցել հայկական գործոնը: Առաջիններից մեկը, ով փորձեց մեծ էկրան բերել 1915-ի սահմռկեցուցիչ  պատմությունը  մեծն   Ռուբեն Մամուլյանն  էր, ով երազում էր  MGM–ում նկարահանել Ֆրանց  Վերֆելի <<Մուսա լեռան 40 օրը>>: Սակայն հոլիվուդյան  այս  նախագիծը  չափազանց կարճատև ընթացք ունեցավ, քանի որ թուրքական աչալուրջ  գաղափարախոսները <<ճիշտ ժամանակին>> դադարեցրեցին  ֆիլմի նախապատրաստական աշխատանքներն,  ու թուրքական ճնշումների արդյունքում Մամուլյանի այս նախագիծը վերածվեց անկատար երազանքի: Հետո  արդեն  Թուրքիայի կողմից գործադրված ճնշումները  միանգամայն  հասկանալի ու կանխատեսելի  դարձան  նման կինոնախագծերի դեպքում, ինչը կատարվեց Ատոմ Էգոյանի <<Արարատի>>, Տավիանի եղբայրների <<Արտույտների ագարակի>>  և բոլոր մյուս այն  ֆիլմերի դեպքում, որոնք քիչ թե շատ առնչվում էին   1915-ի ոճրագործությանը: Այժմ, երբ  2015-ի ապրիլին մնացել է ճիշտը մեկ տարի` դարձյալ  օրախնդիր է հարցը, թե  ինչ կինոնախագծով  Հայաստանը պիտի  խորհրդանշի   ողբերգական տարելիցը: Ժամանակն արդեն  չափազանց   կարճ  է, մինչդեռ կինոն  ստեղծագործական տևական ժամանակ է պահանջում: Այժմ արդեն  Մշակույթի նախարարության  և  Հայաստանի ազգային  կինոկենտրոնի աջակցությամբ  և համաֆինանսավորման սկզբունքով արտադրության են նախապատրաստվում մի քանի վավերագրական, խաղարկային և անիմացիոն նախագծեր: «Փրկության քարտեզ». այս աշխատանքային  անունով  կնկարահանվի   «Ման փիքչերս» ստուդիայի վավերագրական   ֆիլմը, որի ռեժիսորն է  Արամ Շահբազյանը: Ֆիլմը պատմում է եվրոպացի   հինգ  միսիոներուհիների  մասին, ովքեր   Թուրքիայում   հայկական սպանդի ականատեսներն էին  ու  հայ կանանց  և  երեխաների  ապաստանների հիմնադիրները: Ֆիլմի հեղինակները  մեկ  դար անց  անցնում են  միսիոներուհիների  առաքելության ճանապարհը  և  իրենց կինոպատումով գծում հայտնի  իրադարձությունների մի նոր քարտեզ` փրկության քարտեզը` ողբերգական իրադարձությունները լուսաբանելով մի նոր` հումանիզմի ու  բարեսիրության լույսի ներքո:
    Հատկանաշական է, որ Ազգային կինոկենտրոնը ցեղասպանության թեմայով մասնակցում  է  նաև մի ընդգրկուն միջազգային կինոնախագծի, որն իրականացնում է  Ռուսաստանի  <<Comer  work>> ստուդիան: Այս  նախագիծը միջազգային    լիամետրաժ <<WW1 >>  կինոալմանախն է, որը Ռուսաստանի ու եվրոպական մի քանի երկրների համատեղ արտադրությամբ  ստեղծված կինոնովելների մի շարք է, որոնք ներկայացնում են առաջին   համաշխարհային պատերազմի  տարիներին` 1914-1918թթ. տեղի ունեցած իրադարձությունները:
    Արդեն  ընտրական փուլում  են ֆրանսիացի, գերմանացի, սերբ  և ռուս կինեմատոգրաֆիստների նախագծերը: Այս ծավալուն ծրագիրն  իրականացնող   <<Comer work>> ստուդիան մեծ  հետաքրքրություն է ցուցաբերել  <<ԱրտՍտեպ>>  ստուդիայի ներկայացրած   «Մշո ճառընտիր» անիմացիոն  15 րոպեանոց ֆիլմի նախագիծի հանդեպ: Այն  ներկայացնում է Հայոց ցեղասպանության օրերին հայկական հրաշք  ձեռագիր մատյանի` <<Մշո  ճառընտիրի>>   առասպելական փրկության   պատմությունը, նաև` այն  մեծ  նվիրումը, որ  հայ ժողովուրդն ունի իր գրավոր ժառանգության  հանդեպ: Այս նախագծի  իրականացումը  վստահվել է  դերասան, կինոռեժիսոր  Սերժ Ավետիքյանին:
    20-րդ դարի  առաջին ցեղասպանության  թեմային են իրենց  նոր  ֆիլմը  նվիրել նաև  ռեժիսորներ Նարինե  Մկրտչյանն ու Արսեն Ազատյանը: <<Դաշտը>>  խաղարկային լիամետրաժ  ֆիլմը  գերմանցի  ռազմական բժիշկ Հայնրիխ Շուլցեի պատմությունն  է, ով Թուրքիայի  արևելքում   ակամա  ականատեսն է լինում հայերի կոտորածի: Նա ոչ միայն գաղտնի  լուսանկարում է խոշտանգված, կեղեքվող ու բռնաբարվող հայերին, այլև կարողանում է փրկել նրանցից  մի քանիսին: Այս կինոնախագիծն  արդեն  ներկայացվել է Լոկարնոյի և Բռլինի փառատոների  կինոշուկաներում: Ազգային կինոկենտրոնի աջակացությունն է ստացել նաև  «Բարս մեդիայի» և ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանի «Բանտարկված հոգիներ» ֆիլմը: Արդեն արտադրական փուլում է  նաև չեխական հեռուստատեսության նախագիծը` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Սցենարի հեղինակ և ռեժիսոր Մարտին Մահդալի <<Ցեղասպանության հավերժական վիշտը>> վավերագրական ֆիլմը ներկայացնելու է  1915-ի ողբերգության մասին չեխ ճանապարհորդ Կարել Հանսայի գրառումները, լուսանկարներն ու ուսումնասիրությունները:
    Նկարահանումների  ավարտին  ֆիլմը կպատրաստվի  երկու   տարբերակով` մեկ ժամանոց ֆիլմ  չեխական հեռուստատեսության  համար և  1,5 ժամանոց տարբերակը` մեծ էկրանի համար: Սա միայն մի մասն  է  այն բոլոր նախագծերի, որոնք  նվիրված են Հայոց  ցեղասպանության 100-ամյակին: Ֆինանսավորում գտնելու դեպքում մինչև  2015-ի ապրիլը մեծ էկրանին կհայտնվեն նաև  այն նախագծերը, որոնք առ այսօր չեն կարողացել հավաքագրել իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները: Բայց անգամ  այս նախագծերով արդեն հաջորդ տարի հայ կինեմատոգրաֆիստները միջազգային կինոքարոզչություն են սկսելու աշխարհի հայտնի և  հեղինակավոր փառատոներում:


        Նարինե   Առաքելյան 



Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի բացման արարողություն Նինոծմինդայում

    Ապրիլի 23-ին Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի Նինոծմինդա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագ, այնուհետև Նինոծմինդայի շրջանային մշակույթի տան բակում տեղի ունեցավ հուշակոթողի օծման հանդիսավոր արարողություն, որն անցկացրեցին Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Սամցխե-Ջավախքի ու Ծալկայի ընդհանուր Առաջնորդական փոխանորդության փոխառաջնորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը:
    Միջոցառման մասնակիցներին ուղղված իր խոսքում Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը նշեց. «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի տեղադրումը Նինոծմինդայում հիրավի պատմական իրադարձություն է: Սա ևս մեկ քայլ է մեր բարեկամ երկրի հասարակության կողմից Հայոց Մեծ Եղեռնի ճանաչման և դատապարտման պատմական անհրաժեշտության ընկալման ուղղությամբ: Արդարության վերականգնումը բարոյական չափանիշների վրա հիմնված գաղափար է։ Իրավունքն ու քաղաքական նպատակահարմարությունը ոչ թե պետք է հակասեն միմյանց, այլ համալրեն, որովհետև արդար իրավունքի սկզբունքը բնորոշ է զարգացած և քաղաքակիրթ պետություններին: Մենք աշխարհի բոլոր պետություններին վճռականորեն կոչ ենք անում միացնել իրենց ձայնը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման պահանջին և դատապարտել Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության փաստի ժխտողական քաղաքականությունը, քանի որ այն ուղղված է միջազգային իրավունքի և արդարության հաղթանակի դեմ», - ընդգծեց ՀՀ դեսպանը։
    Արարողությանը մասնակցեցին Վրաց ուղղափառ եկեղեցու Ախալքալաքի Կումուրդոյի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նիկոլոզը, ջավախքցի գործարար, բարերար Արմեն Ղարսլյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, տեղական իշխանության ներկայացուցիչներ, հասարակական և մշակութային բազմաթիվ գործիչներ, հայ և վրաց եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, Վրաստանի խորհրդարանի և ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ, գործարարներ, Հայաստանից ժամանած հյուրեր, Թբիլիսիից ժամանած  հյուրեր և ջավախահայության մեծաթիվ ներկայացուցիչներ:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


Ցեղասպանության մշտական վկաները` Գրականության
 և արվեստի թանգարանում


    Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը Ցեղասպանության 99-ամյակին նվիրված առանձին և հատուկ ցուցադրություն չունի, և թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի խոսքով, լրջորեն և հանգամանալից նախապատրաստվում են 100-ամյա տարելիցին: Պարոն Վարդանյանը խոստանում է մոտ օրերս ներկայացնել իրենց անելիքները և ծրագրերը: Իսկ նախորդ տարվա նոյեմբերից, 99-ամյակի նախօրեին և այդ լույսի տակ գործող մեծ ցուցահանդեսը, որի երկու սրահները նվիրված են հայ գրականությանը, Ցեղասպանության յուրօրինակ և տխուր տարերգրություն ու վերհիշություն է: Իբրև մշակութային ճեմուղի մտահղացած ցուցահանդեսը, ուր հյուրընկալվում ենք մեր մեծերին, սկսվում է Սայաթ-Նովայով, Սայաթ-Նովային վերագրվող քամանչայով և 1921 թվականին Հովհաննես Թումանյանի անգին նվերով՝ Սայաթ-Նովայի ձեռագիր դավթարով, ու այդ նվիրատվությունը առավել արժեքավոր դարձնող նամակով:  Հետո գալիս է Խաչատուր Աբովյանը՝ լուսանկարի արժեք ունեցող՝ 1830 թվականին Դորպատում Ֆրիդրիխ Մեյդելի դիմանկարով և  <<Վերք Հայաստանիի>> բնօրինակով:
    1915 թվականի ապրիլի 24-ին Պոլսից աքսորված մտավորականների հիշատակի մասունքները ցուցադրված են մեկ վայրում, <<Եղեռնամահ գրողներ>> ցուցափեղկում, և  ազնիվ հոգիների նկատմամբ վայրագության աննախադեպ դրսևորումն են փաստում: Այդ մասունքներից շատերը պատռված են, հավաքվել են հրոսակների ոտքերի տակից ու փողոցներից, և հասել հայ գրականության բնօրինակների պահպանման հուսալի վայր՝ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան: Ահա Դանիել Վարուժանի բանաստեղծութունների ձեռագիր տետրը՝ <<Ծաղկեփունջ կամ Բրգնիկցիի  մը նուագները>>, նրա ճամպրուկը, անձրևանոցը, ֆեսը: Պոլսի փողոցի ֆոնի վրա ցուցադրված են Ռուբեն Զարդարյանին պատկանող՝ Անդրանիկի նվիրած դանակը, Ռուբեն Սևակի գլխարկը, Գրիգոր Զոհրապի խմիչքի գավը… Ցուցափեղկի հատակին էլ փողոցներից ու ցեխերի միջից հավաքած ձեռագրեր են, անձնական իրեր, պատռված տետրեր…
    <<Եղեռնամահ գրողներ>> ցուցասրահից դուրս ու նաև <<ներս>> են Խրիմյան Հայրիկի Մյուռոնամանը,  Զապել Եսայանի՝ իր ձեռքով ասեղնագործած սրբիչը, Լևոն Շանթի բաճկոնակն ու արծաթե ծխախոտատուփը, Առաջին հանրապետության նամականիշները, Արշակ Չոպանյանի նանսենյան անձնագիրը, Ավետիս Ահարոնյանի բաճկոնը, Երվանդ Օտյանի  լուսանկարը…
    Անգամ եթե ցուցահանդեսի այդ հատվածում Ստալինյան բռնության զոհերն են ներկայացված, էլի ու դարձյալ նույնի մասին են: Եզակի լուսանկար, որում Մահարին և Չարենցն են,
Գրականության և արվեստի թանգարանում՝ Հակոբ Գյուրջյանի քանդակած Վահան Տերյանի կիսանդրու շուրջ, առաջին հայացքից հպարտ ու հոգեպես հանգիստ, քանզի երեսնականների սկզբն է, և բռնությունները դեռևս առջևում են: Սակայն ամեն հայ գիտե, որ նրանք Հայոց ցեղասպանության զոհերն են, և իրենց ստեղծագործություններով փորձեցին հաղթել կյանքին, զորություն ունեցան հայրենազրկության անամոք ցավը վերածելու գրականության: Բարձր գրականության… Վահան Տերյանի համար դա <<Երկիր Նաիրի>> շարքն էր, դառն ու անուշ հայրենիքով. <<Որտեղ է հոգին այնպես վիրավոր, Եվ անպարտ երկիրն այնպես արյունոտ>>: Եղիշե Չարենցի համար՝ <<Երկիր Նաիրիի>> Կարսը, իբրև <<ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն>>: Գուրգեն Մահարին էլ <<Այրվող այգեստաններով>> անմահացրեց իր երեքհազարամյա Վանը:

Գայանե Մկրտչյան



Խաչքարի օծման արարողություն Թբիլիսիում


    Ապրիլի 21-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մատուցվեց հոգեհանգստի պատարագ, որից հետո եկեղեցու բակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման հանդիսավոր արարողություն: Արարողությունն իրականացրեցին Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց Թեմի Առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը` Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր Առաջնորդական փոխանորդության փոխառաջնորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի և թեմի հոգևոր դասի ընկերակցությամբ:
    Խաչքարի օծումից հետո Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը և խաչքարի տեղադրման հովանավոր, պետերբուրգցի բարերար Հրաչյա Պողոսյանը բացեցին խաչքարը՝ հեռացնելով սպիտակ քողը:
    Իր ելույթում դեսպան Մանուկյանը, մասնավորապես, նշեց. «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրումը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում  հույժ կարևոր և պատմական նշանակություն ունեցող իրադարձություն է: Շուրջ մեկ դար է անցել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանությունից, սակայն, ցավոք, հայ ժողովրդի դեմ կատարված այդ ոճրագործությունը մինչ օրս համընդհանուր ճանաչում և դատապարտում չի ստացել: Սա ոչ միայն հայ ժողովրդի ողբերգությունն է, այլև ողջ մարդկության ամոթը, քանզի 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժխտումը և չճանաչումը հետագայում հանգեցրեց նոր ցեղասպանությունների և ոճրագործությունների»:
   Անդրադառնալով Թուրքիայի կողմից իրականացվող ժխտողականության քաղաքականությանը՝ ՀՀ դեսպանն ընդգծեց, որ եվրոպական քաղաքակիրթ ազգերի ընտանիք ձգտող երկիրը պարտավոր է դրսևորել եվրոպական պետությանը պատշաճ քաղաքավարական մակարդակ, բարոյական ուժ և քաղաքական կամք՝ պատմական անժխտելի փաստերի իրողությունն ընդունելու համար, ինչպես դա արեց Գերմանիան` դատապարտելով Հոլոքոստը:
    Դեսպան Մանուկյանը հայտնեց, որ ՀՀ Նախագահի հրամանագրի համաձայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով Վրաստանում ևս ստեղծվել է հանձնախումբ, որում ընդգրկված են ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, հայ համայնքի գործիչներ և մտավորականներ: Հանձնախմբի հիմնական առաքելությունն է հայ ժողովրդի արդար պահանջը հասու դարձնելը նաև մեր բարեկամ երկրի՝ Վրաստանի հասարակությանն ու իշխանությանը: 
    Օծման արարողությանը խոսքով հանդես եկան նաև Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀՀ զինված ուժերի Գեներալ-լեյտենանտ Մուրադ Սարգսյանը, Վրաստանում Բաբտիստական-Ավետարանական Եկեղեցու արքեպիսկոպոս Մալխազ Սոնղուլաշվիլին, թբիլիսահայ բանաստեղծ-թարգմանիչներ Գիվի Շահնազարին և Անահիտ Բոստանջյանը, ինչպես նաև խաչքարի տեղադրման հովանավոր Հրաչյա Պողոսյանը: Արարողությանը մասնակցեցին նաև ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, Վրաստանում և Հայաստանում լատինական դավանանքի կաթոլիկական եկեղեցու առաքելության կառավարիչ Գերաշնորհ Տեր Ջուզեպպե եպիսկոպոս Պազոտտոն, Վրաստանում Ավետարանական-լյութերական եկեղեցու եպիսկոպոս Գերաշնորհ Տեր Հանս Յոահիմ Կիդերլենը, թբիլիսահայ մշակութային և հասարակական գործիչներ, Վրաստանի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ



Ի հիշատակ Հայոց Մեծ եղեռնի


     Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ապրիլի 22-ին տեղի ունեցավ   Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Երևանի պետական կամերային երգչախմբի համատեղ համերգը` ի հիշատակ  Հայոց Մեծ եղեռնի: 
           Առաջին անգամ Հայաստանում հնչեց  Վիեննայի  Մխիթարյան վանքի «Այտընեան- Բէօմ» պատարագը:  Համերգը ղեկավարում էր Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար  և գլխավոր  դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:
Արսեն Այտընեանը ծանոթ է հայագիտական շրջանակներում որպես մեծ հայագետ, հայտնի է գրաբարի և  աշխարհաբարի հոյակապ աշխատություններով:  Բազմաթիվ հայագիտական աշխատանքների,  հայերեն տառատեսակների և զարդագրերի հեղինակ է և հայտնի է իր հոյակապ հայատառ մեծ աշխարհագնդով, /գլոբուս/,  որը այսօր Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարանի զարդն է համարվում:
    Բացի այդ նա օժտված էր բազմաթիվ տաղանդներով:  Ծնված լինելով Պոլսում` կրթություն է ստացել տեղի Մխիթարյան վարժարանում, այնուհետ կրթությունը շարունակել է Վիեննայի Մխիթարյան վանքում:  Տիրապետել է բազմաթիվ լեզուների, զբաղվել է աստղագիտությամբ, երաժշտությամբ և նկարչությամբ: 22 տարեկանում օծվել է կուսակրոն քահանա Մխիթարյան միաբանությունում,  իսկ 1886թ.-ին`  ստացել է արքեպիսկոպոսական օծում:
    Այտընեանը Վիեննայի վանքում հնչեցրած պատարագները մշակել է եվրոպական նոտագրությամբ, այնուհետ  Վայսի օգնությամբ վերածել խառը երգչախմբի համար քառաձայնի:
    Ավելի ուշ Յոզեֆ Բէօմը ավելացրել է նվագախմբի բաժինը՝ լարային, փողային և հարվածային գործիքներով:
    Երգչախմբի և նվագախմբի մասնակցությամբ  այս  պատարագը առաջին անգամ կատարվել է 1887-ին Այտընեանի եպիսկոպոսական օծման առթիվ:

Մ.Մ.


«Ես իմ պարտականությունը կատարեցի ռումիներեն».
Վարուժան Ոսկանյան

<<Շշուկների մատյանը հազվագյուտ գլուխգործոց է, վերջին տարիներին համաշխարհային գրականության ամենացայտուն և արժեքավոր ստեղծագործություններից մեկը>>:
                                                        Իսրայելական <<Հաարեց>> թերթ

    Հայոց ցեղասպանության թեմայով վերջին տասնամյակում աշխարհում շատ բարձրարժեք գործեր են գրվել՝ <<Ճակատագրի սև շունը>> և <<Այրվող Տիգրիս>> վեպերը /Փիթեր Բալաքյան/, <<Զաբել>> /Նենսի Գրիգորյան/, <<Ավազե ամրոցի աղջիկները>> /Քրիս Բոհջալյան/ և այլն: Բոլորն էլ տարբեր մրցանակների արժանացած, տարվա բեսթսելերներ համարված, սակայն 2009 թվականին Ռումինիայում լույս տեսած Վարուժան Ոսկանյանի <<Շշուկների մատյանն>> աննախադեպ հաջողություն ունեցավ և շարունակում է սրտեր գրավել` համարվելով <<թովչական գեղեցկության վեպ>>: Մատյանի հաջողությունը համեմատելի է Ֆրանց Վերֆելի <<Մուսա լեռան 40 օրը>> վեպի հետ, ինչի հետ համաձայն է նաև հեղինակը, սակայն մեկ կարևոր տարբերություն է նշում.<<Ես այս պատմությունը դիտել եմ բանտախցի ներսից, իսկ Ֆրանց Վերֆելը՝ դրսից>>: Ի դեպ, մատյանը գերմաներեն հրատարակվել է <<Պաուլ Ժոլնայ>> տպագրատանը, որը ժամանակին հրատարակել էր <<Մուսա լեռան 40 օրը>>:
    Ծավալուն վեպի գլխավոր հերոսը պապը՝ Կարապետ Ոսկանյանն է, ով օրվա ոչ մի պահի չի մոռանում Աֆիոն Գարահիսարի իր հարազատներին, և թոռանը լռելյայն հանձնարարում է բարձրաձայնել Ցեղասպանությունից փրկվածների շշուկները, ինչպես նաև պատմել արդարադատ Արշավիր Շիրակյանի, Արամ Երկանյանի, Թեհլերյանի և զորեղ գրչով՝ Միսակ Թորլաքյանի մասին: Սպանված յոթնամյա եղբոր համար իր քանդակած փայտե ձիուկը ձեռքին՝ Թորլաքյանը վրիժառության երդում տվեց և 1921 թվականին Պոլսում գնդակահարեց Բեհբուդ խան Ջիվանշիրին: Վեպի լավագույն հատվածներից մեկը: Իսկ լավագույնները շատ են:
    <<Շշուկների մատյանը>> թարգմանվել է իտալերեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, հայերեն /Երևանում և Բուխարեստում/, եբրայերեն: Իսրայելում երեք ամսվա մեջ ունեցել է երկու հրատարակություն, իսկ Իսրայելի գրողների միության նախագահ Հերցել Հակակը գրել է.<<Այս գիրքն արժանի է, որ աշխարհի բոլոր գրողների կողմից ներկայացվի Նոբելյան մրցանակի>>:
    Ասել ու արել են. 2013 թվականին Նոբելյան կոմիտեին են դիմել Իսրայելի, Ռումինիայի և Հայաստանի գրողների միությունները: Իսրայելի կողմից ներկայացված հայտում նշված է. որ <<զուսպ լեզվով ու աղեկտուր ցավով>> գրված մատյանն արժանի է գրականության Նոբելյան մրցանակի, քանզի.<<Այս օրերին աշխարհը նշում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, որի տպավորիչ վավերագրությունը Վարուժան Ոսկանյանը <<Շշուկների մատյանում>> վերածում է այդ անհանդուրժելի Ցեղասպանության  հիշատակի մոմի>>:
    1958 թվականին ծնված Վարուժան Ոսկանյանն արձակ ու չափածո մի քանի գրքերի հեղինակ է, և իր գլխավոր գրքի՝ մատյանի մասին ասում է.<<Գրքի անունը <<Շշուկների մատյան>> պիտի լինի, ինչպես Նարեկացու <<Մատյան ողբերգության>>-ը, քանի որ այդպիսի գիրքը ոչ միայն կարդալու, այլև փրկելու համար է>>: Իսկ գրքում ամեն ինչ իրական է, հայերի մասին ամեն ինչ ունի իր համապատասխան փաստաթուղթը. <<Կարող եմ ասել, որ հենց ծնվեցի, սկսեցի գրել այդ գիրքը, քանի որ այնտեղ եմ հավաքել իմ բոլոր հիշողությունները>>: Իսկ ինչո՞ւ ռումիներեն հարցին Վարուժան Ոսկանյանը նույնպես պատասխան ունի: Հայերենն ավելի մոտ է նրան, աղոթելիս հայերեն է միտքն ու խոսքը, բայց նաև ասում է. <<Ես իմ պարտականությունը կատարեցի ռումիներեն>>: Իսկ իր դուստրն ավելի լավ է հայերեն խոսում, ինչը նույնպես հաջող իրագործված պարտականություն է: Վարուժան Ոսկանյանը գրել է կարևորի մասին, և այդ մասին վեպում ասված է.<<Շշուկների մատյանն ինչ-որ չափով արտասովոր է, որովհետև, ի տարբերություն այլ պատմությունների, որտեղ մահն ընդամենը մի մանրամասնություն է, իսկ մահից, ուրեմն նաև կյանքից ավելի կարևորը հիշողությունն է>>:
    Իսպանախոս երկրներում մատյանն աննախադեպ հաջողություն ունի և համարվում է մարկեսյան շնչով վեպ: Իսպանիայում, Վենեսուելայում, Կոլումբիայում, Չիլիում ու Արգենտինայում վեպի վերաբերյալ 300 էջ գրախոսություն է հրատարակվել: 2013 թվականին Բոգոտայում <<Գաբրիել Գարսիա Մարկես>> գրական փառատոնի տարվա պատվավոր հյուրը Վարուժան Ոսկանյանն էր, իսկ Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը հիացած է վեպով: Հայաստանում գրքով հետաքրքրված չեն պաշտոնյաները, գրողները, քննադատները, ընթերցողները: Զարմանալի սառն ու անտարբեր ընդունելություն, որը հույս ունենք, կմեղմանա Նոբելյան կոմիտեի հնարավոր, հավանական, ցանկալի, ֆանտաստիկ ու արժանի որոշումից հետո:


Գայանե Մկրտչյան



Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին
նվիրված հուշ-երեկո Լիբանանում

    Ապրիլի 10-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հուշ երեկո՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա էին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ներկայացուցիչ, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանը, Հայ Կաթողիկե Պատրիարք կաթողիկոսի ներկայացուցիչ, Զմմառի վանքի մեծավոր, գերապայծառ Գաբրիել Մուրադյանը, Լիբանանի էներգետիկայի և ջրի նախարար Արթուր Նազարյանը, Լիբանանի խորհրդարանի պատգամավորներ, ԱԳՆ ներկայացուցիչներ, Լիբանանում հավատարմագրված դեսպաններ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, Լիբանանի Հայոց Ցեղասպանության 100-ամյակի Կենտրոնական մարմնի անդամները, հյուրեր Քուվեյթից և Հայաստանից:
    Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն իր խոսքում նշեց. «99 տարի հետո էլ հայ ժողովրդի հանդեպ իրականացված հանցագործության հետևանքները չեն վերացվել: Մարդկության դեմ կատարված հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ: Ժխտումը ցեղասպանության շարունակություն է և պետք է խստիվ դատապարտվի մարդկության կողմից: 99 տարի է, ինչ աշխարհասփյուռ հայությունը և ողջ միջազգային հանրությունը սպասում է, որպեսզի Թուրքիան պատմական փաստերը խեղաթյուրելու և ժխտողական քաղաքականություն վարելու փոխարեն վերջապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:  Դեսպան Քոչարյանը շնորհակալություն հայտնեց աշխարհի բոլոր երկրներին և կազմակերպություններին, մասնավորապես՝ Լիբանանի խորհրդարանին, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանոթյունը:
    Անդրադառնալով Քեսաբի դեպքերին՝ ՀՀ դեսպանը նշեց, որ միջազգային հանրությունը պետք է վճռական ջանքեր գործադրի տեղահանված մարդկանց՝ ներառյալ հայերի, ապահովությունը և անվտանգությունը երաշխավորելու համար, պայմաններ ստեղծի իրենց բնակության վայրերը նրանց շտապ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար:
    Լիբանանի Հայոց Ցեղասպանության 100‑ամյակի Կենտրոնական մարմնի անունից հանդես եկավ Ռաֆայել Ումուդյանը, ով բարձր գնահատեց արդյունավետ գործունեությունը և սերտ համագործակցությունը ՀՀ դեսպանության հետ: Իր ելույթում նա կարևորեց համակարգված աշխատանքը, ջանքերի համախմբումը՝ ցեղասպանության միջազգային ճանաչման, որպես պատմական ճշմարտության վերականգնման, համընդհանուր դատապարտման և հետևանքների վերացման ուղղությամբ:
    Հուշ երեկոյին ելույթներ ունեցան նաև Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի ներկայացուցիչ Հասան Մխայբերը և Լիբանանում Վատիկանի ներկայացուցիչ, Ն.Գ. նվիրակ Գաբրիելա Կաչիան, որոնք, կիսելով հայ ժողովրդի ցավը և անդրադառնալով  20-րդ դարի ոճրագործություններին,  հույս հայտնեցին, որ միջազգային հանրությունը ջանք չի խնայի՝ կանխելու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները:
    Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին փաստավավերագրական ֆիլմեր, տեղի ունեցան գեղարվեստական կատարումներ:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ




«Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին» խորագրով միջազգային համաժողով Բուենոս Այրեսում

    Ապրիլի 9-11-ը Բուենոս Այրեսում` Բորխեսի մշակութային կենտրոնի «Վիլյամս» սրահում, Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանու ներքո անցկացվեց «Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին» խորագրով միջազգային համաժողով, որը կազմակերպել էին Բուենոս Այրեսի պետական համալսարանը, համալսարանին կից Ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնը և Բուենոս Այրեսի Հայոց ցեղասպանության հիշատակի հիմնադրամը:
    Միջազգային համաժողովին մասնակցում էին Արգենտինայի, Հայաստանի, ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Բրազիլիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Թուրքիայի համալսարանական, ակադեմիական և գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներ, այդ թվում Լոս Անջելեսի համալսարանի դասախոս, պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, Փարիզի գիտահետազոտությունների ազգային կենտրոնի Ռուսաստանի, Կովկասի և Արևելյան Եվրոպայի երկրների հարցերով ինստիտուտի դասախոս, սոցիոլոգ-պատմաբան Կլեր Մուրադյանը, Արգենտինայի «Սան Անդրես» համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Խաչիկ Տեր-Ղուկասյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի տեղակալ Սուրեն Մանուկյանը,  Թուրքիայի Բոգազիջի համալսարանի դասախոս Մեհմեթ Փոլաթելը, Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, Լատինական Ամերիկայում հայ կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Վարդան եպիսկոպոս Պողոսյանը և այլոք: 
    Միջոցառմանն ընթրեցվեց Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանի ուղերձը, որտեղ մասնավորապես նշվում էր, որ «հայոց ցեղասպանության ճանաչման աշխարհագրության ընդլայնումն ինչպես բարոյական, այնպես էլ իրավական հարթության մեջ է, քանի որ 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժխտումը հանգեցնում է անպատժելիության մթնոլորտի ստեղծման, նոր ցեղասպանությունների և էթնիկ զտումների խրախուսման»: Անդրադարձ կատարվեց նաև Սիրիայի Քեսաբ քաղաքում տեղի ունեցող իրադարձություններին, ինչի կապակցությամբ նշվեց, որ «մեր օրերում նույնպես մենք ականատես ենք անհանդուրժողականության նոր դրսևորումների, որի հետևանքով փորձեր են կատարվում խնդիրների լուծմանը հասնել ուժի կիրառման, ահաբեկչության և բռնության միջոցով: Սիրիայի հայաշատ Քեսաբ քաղաքում տեղի ունեցող վերջին շրջանի իրադարձությունները լրջագույն մարտահրավեր են մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր սկզբունքներին: Ակնհայտ է այն փաստը, որ վերջին հարձակումները, առանց որևիցէ կասկածի, իրականացվել են Թուրքիայի տարածքից սահմանը հատած, Ալ-Քաիդայի հետ կապված ահաբեկչական խմբերի կողմից: Այս առումով ակնկալում ենք, որ Թուրքիայի իշխանությունները անհապաղ քայլեր կձեռնարկեն՝ ծայրահեղական խմբավորումնների կողմից Թուրքիայի տարածքի հետագա օգտագործումը կանխելու համար»:
    Համաժողովի ընթացքում ձևավորվեցին մասնագիտացված աշխատանքային խմբեր, որոնք ներկայացրին հետազոտություններ, ինչպես նաև անցկացվեցին քննարկումներ ցեղասպանությանն առնչվող իրավական, քաղաքական, պատմական, ինչպես նաև բարոյական խնդիրների վերաբերյալ:
    Միջազգային համաժողովի բացման օրը, ի պատիվ  համաժողովի մասնակիցների, ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ ընդունելություն, որին մասնակցեցին նաև Արգենտինայի հայ համայնքի և համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ



Բուենոս Այրեսի քաղաքային օրենսդիր մարմնի հայտարարությունը

    Ապրիլի 4-ին Բուենոս Այրես քաղաքի օրենսդիր մարմինը միաձայն ընդունեց հայտարարություն` 2014թ. ապրիլի 24-ը` Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի օրը, որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանության օր» հիշատակելու վերաբերյալ:
    Նախաձեռնության հեղինակներն են քաղաքային օրենսդիր մարմնի պատգամավորներ Ռաքել Էռերոն, Վիրխինիա Գոնսալես Գասը և Պաբլո Պերեյրան:
Օրենսդիր մարմինը նաև հաստատել է պատգամավոր Պաբլո Պերեյրայի մեկ այլ նախաձեռնություն, համաձայն որի գործադիր իշխանությունը Կրթության նախարարության միջոցով պետք է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկի, որպեսզի 2014թ. ապրիլի 24-ին և հաջորդող տարիներին` այդ նույն օրը, Բուենոս Այրես քաղաքի տարբեր դպրոցներում և կրթական հաստատություններում «Ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օր» խորագրով միջոցառումներ իրականացվեն:
    Հիշատակի այս օրը պետք է ներառվի Բուենոս Այրես ինքնավար քաղաքի կրթական ծրագրի մաս կազմող հիշատակի և տոների օրացույցում՝ ի հիշատակ ապրիլի 24-ին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ
ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
  ՄԱՄՈՒԼԻ,
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ



Մշակութային միջոցառում Ցյուրիխում

    Մարտի 24-ին Ցյուրիխի «Թոնհալլե» համերգային սրահում «100 համերգ` 100-ամյակին» Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգաշարի շրջանակներում կայացավ «ՀԵՐԵՍ» հայ-շվեյցարական մշակութային ասոցիացիայի և Ցյուրիխ Կանտոնի ադմինիստրացիայի մշակութային բաժնի կողմից համատեղությամբ կազմակերպած «Երբ խաչվում են ժամանակներն ու մշակույթները» խորագրով համերգը, որն անցկացվում էր Շվեյցարիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո:
    Համերգը ողջույնի խոսքով բացեցին Շվեյցարիայի պետական խորհրդական Հանս Ալթհերը և Շվեյցարիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Սաթենիկ Աբգարյանը, ով փոխանցեց դեսպան Ազնավուրի ուղերձը, որում մասնավորապես նշվում էր հայ ժողովրդի դարավոր պատմության մեջ մշակույթի ունեցած դերը` ընդգծելով Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգի` մշակույթի միջոցով վերածնվելու և հայկական ինքնությունը պահպանելու խորհուրդը:
Երեկոյի ընթացքում համատեղ ծրագրով հանդես եկան հայ և շվեյցարացի երաժիշտներ, որոնք կատարեցին Բեթհովենի, Բրամսի, Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Եկմալյանի և այլ կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունները:
    Համերգին ներկա էին հայ և շվեյցարացի բազմաթիվ ունկնդիրներ, այդ թվում` Ցյուրիխի տեղական իշխանության և Շվեյցարիայի գերմանախոս մասի հայկական համայնքի ներկայացուցիչները:
 
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և
հասարակայնության հետ կապի վարչություն



Թեհլիրյանի արդարադատ արարքից 22 տարի առաջ

    «ԳրիգորԳուլգուլյանի գործը» գրքույկը լույս է տեսել 2013 թվականին ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով և ներկայացնում է վրիժառու Գրիգոր Գուլգուլյանի դատավարության ռուսերեն տեքստի թարգմանությունը: Գրքի խմբագիրն ու ընդարձակ առաջաբանի հեղինակը Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանն է, թարգմանիչը՝ թանգարանի գիտաշխատող Աննա Պետրոսյանը:
    1895 թվականի հոկտեմբերի 18-ին արյունռուշտ սուլթան Համիդի հրամանով սկսվեց Կարինի հայության կոտորածը: Թուրք խուժանի ձեռքով 4 օր տևած կոտորածի մասին Կարինի առաջնորդ Ղևոնդ եպիսկոպոս Շիշմանյանը գրել է.«Կորավ, աղքատացավ, մարտիրոսացավ Կարին… Երեկվա մեծ ու փարթամ գերդաստաններն այսօր դարձել են աղքատ, թշվառ են կատարելապես…»:Երզնկայի արխիվային փաստաթղթերից մեկը փաստում է, որ  «ավերվել են գավառի հայաբնակ 26 գյուղերը, կողոպտվել ու հրդեհվել, բացի երկուսից»: 300 հազար հայության կոտորածի փաստը կարող էր անտարբեր թողնել թուրք և ռուս պաշտոնյաներին և մեծ տերություններին, սակայն` ոչ հային: Սողոմոն Թեհլիրյանի արդարադատ արարքից ճիշտ 22 տարի առաջ իրագործվում է Գրիգոր Գուլգուլյանի արդար դատաստանը, և հայ վրիժառուն սրճարանում դաշունահարում է արյունարբու դահճին:
    1838 թվականի սեպտեմբերի 22-ին Սիմֆերոպոլում կայացած դատավարությունը լույս է սփռում դաժան իրողության վրա: Դատավարությունը պարզում է, որ թուրք Հասանը` Գուլգուլյանների ընտանիքի դահիճը, կոտորածից հետո էլ է հետապնդում հայերին, և Ղրիմում փորձում էր մազապուրծ փրկված հայերից հավաքել հորինված պարտքերը: Չընդհատվող ծափերի ներքո դատարանն անմեղ ճանաչեց Գրիգոր Գուլգուլյանին` հոր և եղբայրների համար վրեժ լուծող հային:
    «Ղրիմի լրաբեր» թերթում ներկայացվել են սպանության մանրամասները; 27 տարեկան` ընդամենը 8 ամիս Ռուսաստանում  բնակվող Գուլգուլյանը ընդունում է, որ ինքն է սպանել իր ծեր հորն ու եղբայրներին իր աչքի առաջ սպանած թուրքին, վրեժ է լուծել: Վկա Մինաշևը դատարանում ցուցմունք է տվել, որ Հասանը Թուրքիայում զբաղվել է ավազակություններով ու թալանով, իսկ դրանք ղեկավարում էր թուրք կառավարությունը: Ռուս դատապաշտպան Կարաբչևսկին իր պաշտպանական խոսքում ասել է.«Փաստորեն, խեղճին մնում էր «մոռանալ», որ իր ծերունի հայրն ու եղբայրներն իր աչքի առաջ սրախողխող էին արվել Հասանի ձեռքով: Բայց միթե դա հնարավոր է մոռանալ, արդյո՞ք նման բաները մոռացվում են»:
    Չեն մոռացվում, ու բարձրացվում  է արդարադատ դաշույնը:


Գայանե Մկրտչյան
13.05.2013


Մենք փոքրամասնություն ենք ու
համագործակցում ենք փոքրամասնությունների հետ

       Մայիսի 4-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում Դերսիմի համայնքների եվրոպական դաշնությունը նախաձեռնել էր ակցիա` Դերսիմում թուրքական կառավարության կողմից 1937-38 թվականներին կազմակերպված ցեղասպանության 76-րդ տարելիցի առթիվ: Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը (ԳԿԽ) համակազմակերպիչն է այս միջոցառման և մեր զրուցակիցն է խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանը:
-Ազատ, ինչո ՞ւ եք մասնակցում դերսիմիցիների ցեղասպանության տարելիցին ու արդյո՞ք այդ և այլ ցեղասպանությունները տեղի կունենային, եթե մինչ այդ Թուրքիան պարտավորված լիներ 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու:
-    Սա բողոքի ցույց է թուրքական պետության դեմ ու Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը կոչ է արել մեր հայրենակիցներին Գերմանիայում մասնակցել այս ցույցին և իրենց համերաշխությունը դրսևորեն դերսիմցիների ցավի, խնդրի նկատմամբ:
Ես, անձամբ, այն կարծիքին չեմ, որ եթե Հայոց ցեղասպանությունը դատապարտվեր, այլ ցեղասպանություններ տեղի չէին ունենա: Հոլոքոստն էլ դատապարտվեց և դրանից հետո էլ այլ ցեղասպանություններ տեղի ունեցան: Բայց ցեղասպանությունները պետք է, անշուշտ, ճանաչել ու դատապարտել:
- Ինչո՞վ է կարևոր հայերի ու դերսիմցիների միջև բարեկամությունը:
-    Դերսիմցիների մեջ կան տասնյակ հազարավոր հայկական ծագումով մարդիկ, ովքեր ունեն իրենց դերսիմյան ինքնությունը, բայց հիշողության մեջ վառ են պահում հայկական արմատները կամ վերադառնում են վերջիններիս: Բացի այն, որ դերսիմցիները կիսում են հայերիս վիշտը ցեղասպանության հարցում ու մասնակցում են մեր միջոցառումներին, մենք կոալիցիա ենք թուրքական ժխտողական քաղաքականության, ռասսիստական պետության նկատմամբ:
-Փաստորեն, հայերս` լինելով փոքրամասնություն Գերմանիայում, համագործակցում ենք այլ փոքրամասնությունների հետ: Կպատմե՞ք այդ կապերի մասին:
-Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը շատ ինտենսիվ համագործակցում է Գերմանիայում ապրող ազգային փոքրամասնությունների` դերսիմցիների, ասորիների, եզդիների ու հույների, Արևմտյան Հայաստանի և նրա հարակից շրջաններում ապրող մյուս ժողովուրդների հետ: Միայն վերջին տասն օրերի օրինակով ասեմ` Դերսիմի համայնքների եվրոպական դաշնության նախագահության անդամներից տիկին Դիրեն Յեսիլը ելույթ ունեցավ ապրիլի 24-ի Ֆրանկֆուրտի մեր ծրագրին, 5 օր անց` 29-ին, Բեռլինում մենք մասնակցեցինք դերսիմցիներին նվիրված կոնֆերանսին, իսկ այսօր` մայիսի 4-ին, հայերս ներկա ենք դերսիմցիների ակցիային Քյոլն քաղաքում:
-Ինչպե՞ս է ընկալվում տարբեր ազգային փոքրամասնությունների միջև համագործակցությունը Գերմանիայի կառավարության կողմից:
-Ամբողջ կառավարության տեսակետը մեզ համար թափանցիկ չէ, բայց ակնառու է, որ տարբեր թվով քաղաքական գործիչներ ու պատգամավորներ դա ողջունում են: Սրանով մենք օգնում ենք գերմանացիներին իրենց միգրացիոն և ինտեգրացիոն քաղաքականության մեջ ճիշտ կողմնորոշվել, քանի որ մինչ այժմ Գերմանիայում տիրում է այն թյուր կարծիքը, որ որևէ երկրից ներգաղթածը տվյալ ազգության մարդ է: Բայց մենք ցույց ենք տալիս, որ Թուրքիայից եկած ամեն մի քաղաքացուն չպետք է թուրք համարել: Բացի այդ, մեր համագործակցությունների ու վիճակագրական ճշտումների արդյունքում թուլանում է թուրքական համայնքի ուժը Գերմանիայում, դա է պատճառը, որ թուրքական կառավարությունն անհանգստացած է նման համագործակցություններով և ուզում է սեպ խրել այս գործընթացների մեջ:
-Իսկ գերմանական հասարակությունն ինչպե՞ս է արձագանքում այս համագործակցություններին:
-    Այս ցույցերը, համերաշխության նախաձեռնությունները կոտրում է այն կարծրատիպը, որ Գերմանիայում 2.5-3 միլիոն թուրք է ապրում: Այսպիսի համատեղ աշխատանքները գերմանացիների համար ևս կարևոր են` հասկանալու` ով ով է Գերմանիայում:
-Տեղյակ եմ, որ այս տարի ցեղասպանությանն ուղղված բազում ակցիաներ են անցկացվել Գերմանիայում: Կներկայացնե՞ք հակիրճ, թե ինչեր են իրագործվել Գերմանահայոց կենտրոնական խորհուրդի, հայկական համայնքների կողմից:
-2013 թվականին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ծրագրերի առանձնահատկությունները հետևյալն էին` նախ ընդլայնվեց աշխարհագրությունը` 15-ից ավելի քաղաքներում ամենատարբեր ձևաչափերի ծրագրեր ունեցանք: Մեր ազգային հուշատոնին մասնակցեցին տարբեր ազգեր, մասնավորապես` Արևմտյան Հայաստանի տարածքի ազգային փոքրամասնություններ: Օրինակ, Ցեղասպանության զոհերի հիշատակի ֆրանկֆուրտյան կենտրոնական ծրագրի հոգեհանգստի արարողությունը կատարեցին ասորի հոգևորականները: Բացի դահլիճային ծրագրերից, եղան նաև ցույցեր` Ֆրանկֆուրտում, Քյոլնում, Համբուրգում և Բեռլինում:
-Ցեղասպանության հարյուրամյակին ուղղված ի՞նչ նախագծեր և մտահղացումներ ունեք:
-Հիմա մենք` Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը, ստեղծում ենք մի առանձին կոմիտե` հարյուրամյակի միջոցառումների կազմակերպման համար: Համայնքը ակտիվ է, աշխույժ և իրեն պարտավորված է զգում հավերժացնել զոհերի հիշատակը: Պիտի ձգտենք մեծացնել հուշակոթողների ու խաչքարերի տեղադրումը գերմանական քաղաքներում, պիտի ձգտենք, որ Հայկական հարցը մտնի գերմանական դասագրքերի մեջ և հնարավորության դեպքում որևէ երկրամաս ընդունի Հայոց ցեղասպանությունը, ինչով Ցեղասպանության ճանաչման գործընթացը Բունդեսթագի` 2005 թվականի ընդունած որոշումից մի քայլ առաջ կտանի:

Հարցազրույցը` Անի Մաթևոսյանի
06.05.2013


      

             


Հանուն արդարության վերածննդի


    Ապրիլի 24-ին հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին իրենց յուրովի խոնարհումն էին  բերել նաև Գյումրու թիվ 43 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները: Տարելիցին նախորդող օրը դպրոցի պատմության ուսուցչուհի Լ. Խաչատրյանը, ծնողների ու մանկավարժների ներկայությամբ անցկացրեց թեմատիկ բաց դաս` նվիրված հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Այն ոգեկոչման դաս, հիշատակի ու հարգանքի տուրք էր  դարասկզբին թուքական յաթաղանին զոհ գնացած մեկ ու կես միլիոն հայ նահատակներին: Ներկաները կրկին անցան գաղթի, ջարդի ճամփեքով, անցան անապատով ու անդունդով, որտեղ դեռ լսվում է հայի հառաչանքն ու ցասումը:
    Հիշատակի օրը ավարտվեց <<Թրով լինի, սրով լինի>> երգով և դպրոցի տնօրեն Ա. Նահապետյանի ամփոփիչ խոսքով: Աշակերտների  աչքերում ծնված արցունքի կաթիլները, ներդաշնակելով երկնքից թափվող անձրևի հետ, հավաստեցին, որ բաց դասը կայացել է: Եվ անմար կրակը` լուռ ու խոնարհ, բայցև խոսուն լռությամբ միացել էր աշակերտերի պայքարի կանչին՝ հանուն մեր հին ու նոր Հայաստանի, հանուն արդարության Վերածննդի:


                                                                            Արմանուշ Հարությունյան
26.04.2013



ԱՄՆ-ում հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանությունը վերապրած վերջին
ներկայացուցչին՝ 101-ամյա Նելլի Նազարյանին

     ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի Անդովեր քաղաքում 2013թ. ապրիլի 29-ին կանցկացվի Հայոց ցեղասպանությունը վերապրած Նելլի Նազարյանին նվիրված միջոցառում: Այդ օրը, սակայն, 101-ամյա Նելլիի կողքին չեն լինի նրա բախտակից հայուհիները, նա շրջանում Հայոց ցեղասպանությունը վերապրած վերջին կենդանի վկան է... Միջոցառման առնչությամբ ուշագրավ հոդված է հրապարկել անգլալեզու Armenian Weekly պարբերականը. հոդվածագիր Թոմ Վարդապետյանը հրապարակման մեջ Նելլի Նազարյանի կյանքի պատմության միջոցով ներկայացնում է նաև իր խոհերը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ:
    «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923թթ-ին իրականացված ցեղասպանության հետևանքով բնաջնջվեց մեկուկես միլիոն հայ. անհետացավ այդ ժամանակահատվածում Թուրքիայում  բնակվող հայ բնակչության կեսը, էլ չխոսենք եկեղեցիների և բնակավայրերի մասին, որոնք ավերակների վերածվեցին: Ապրիլի 24-ին նախորդող և հաջորդող օրերին ամերիկահայ համայնքը հավաքվում է եկեղեցիներում և հասարակական վայրերում՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին: Նրանք հարգում են  ոչ միայն զոհերի հիշատակը, այլև կենդանի մնացածներին: Այս տարի առաձնահատուկ հարգանքի տուրք կմատուցվի նաև 101-ամյա Նելլիին, մեկ ակնհայտ պատճառով՝ նա այսօր Մերիմաք Վալեյի շրջանում և Հրվ. Նյու Հեմփշիրում ցեղասպանության միակ կենդանի վկան է…»,-նշվում է հոդվածում:

    


Ռեժիսոր Էրիկ Նազարյանը NAASR-ում կներկայացնի
Հայոց ցեղասպանությանը նվիրված «Պոլիս» ֆիլմը

   
Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիայում (NAASR, ԱՄՆ, Մասաչուսեթսի նահանգ, Բելմոնտ քաղաք) մայիսի 2-ին տեղի կունենա լոսանջելեսաբնակ հայ ռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանի «Պոլիս» ֆիլմի ցուցադրությունը: Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ում հրատարակվող «Armenian Weekly» պարբերականը, ֆիլմի ցուցադրությունից առաջ Նազարյանը հանդես կգա Հայոց ցեղասպանության թեմային նվիրված, «Խարխլված տեսարաններ. Կինոն կարո՞ղ է արդյոք կոտրել Հայոց ցեղասպանության մասին  կարծրատիպերը» խորագիրը կրող դասախոսությամբ:
     «Պոլիս» կարճամետրաժ ֆիլմի (տևողությունը՝ 20 րոպե) սյուժեն հետևյալն է. ուդի վարպետ, սփյուռքահայ երաժիշտ, Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ Արմենակ Մուրադյանը երաժշտական փառատոնի մասնակցելու նպատակով այցելում է Ստամբուլ, որտեղից երաժշտի պապն ու նրա ընտանիքը Հայոց ցեղասպանության ժամանակ գաղթել էին: Արմենակը Պոլիս է ժամանում իրարամերժ զգացողություններով և իր պապի՝ 1909 թվականին արված լուսանկարով: Պապից մնացած միակ այդ հուշի ետնամասում դեռևս պահպանված էր այն թաղամասի հասցեն, որում մինչև ցեղասպանությունը բնակվել էին Արմենակի նախնիները: Երաժիշտը որոշում է գտնել պապի ուդի խանութը, նրան պատկանած տունը... այդ փնտրտուքներով Արմենակը հանդիպում է տարեց թուրք մի կնոջ և, իր պապի կյանքի պատմության միջոցով, նրան ներկայացնում Հայոց ցեղասպանության պատմությունը...
     Ֆիլմը 2012թ. արժանացել է  Լոս Անջելեսի կինոյի, երաժշտության և արվեստի «Արփա» հիմնադրամի /ԱՄՆ/ կինոփառատոնի «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» մրցանակին, ներկայացվել ու ցուցադրվել է մի շարք կինոփառատոներում:
       Էրիկ Նազարյանը ծնվել է Հայաստանում, մեծացել, կրթություն է ստացել և այժմ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Նա Հարավային Կալիֆորնիայի համալսարանի կինոյի և հեռուստատեսության դպրոցի շրջանավարտ է:

23.04.2013


Ոգեկոչման միջոցառումներ`
 Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին


       Հոլանդիա
   
Ապրիլի 19-ից Հոլանդիայում մեկնարկել են հայոց Մեծ եղեռնի 98-ամյակին նվիրված ոգեկոչման միջոցառումներ: Նույն օրը երեկոյան հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան Հաագայի Մեննոնական եկեղեցում  Ինես Լեյենի գլխավորությամբ, հոլանդական «Armeens Oratorium» երգչախմբի կատարմամբ հայերենով հնչեցրեց Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործությունը: Ինչպես նաև «Աբովյան» մշակութային միության պարային խումբը /գեղ. ղեկավար` Գագիկ Ավետիսյան/ ներկայացեր «Քարավան» և «Մոմերով պար» ստեղծագործությունները:
    Ապրիլի 24-ին Հոլանդահայ Ֆեդերացիայի «Արպիլի 24» կոմիտեն Ասեն քաղաքի «Արմենիա» հաստատության հետ համատեղ ժամը 13-ին կազմակերպելու է այցելություն Մեծ Եղեռնի հուշարձան, որտեղ ծաղկեպսակ է դրվելու անմեղ զոհերի հիշատակին: Այս այցելությանը կհաջորդի հարակից «Դե Բոսկամպ» գերեզմանատան սրահում մատուցվող ոգեկոչման արարողությունը, որի ժամանակ ասմունքի և գեղարվեստական համարների հետ մեկտեղ կհնչեն ելույթներ Հայոց ցեղասպանության թեմաներով:
    Հայոց Մեծ եղեռնի 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ տեղի կունենան նաև երկրի մյուս քաղաքներում ու բնակավայրերում` հայկական կազմակերպությունների ու հայ համայնքի ակտիվ մասնակցությամբ:

              Գերմանիա
    Ապրիլի 20-27-ը Գերմանիայի տարբեր քաղաքներում անցկացվում են մի շարք միջոցառումներ՝ նվիրված հայոց Մեծ եղեռնին: Բեռլինում ոգեկոչման արարողությունը մեկնարկել է Gedächtniskirche /Հիշատակի եկեղեցի/ կոչվող եկեղեցու մատուռում` ոգեկոչման արարողությամբ:
     Ոգեկոչման միջոցառումների շրջանակում Բեռլինի հայկական դպրոցի սաները և ուսուցչական անձնակազմը` տնօրեն Միքայել Մինասյանի ղեկավարությամբ, կազմակերպել են 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո: Հնչել են  ելույթներ Հայոց ցեղասպանության թեմայով, ինչպես նաև Բեռլինի հայ համայնքի անդամներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել անմեղ զոհերի հիշատակին:
     Գերմանիայի թեմի առաջնորդ Սրբազան Գարեգին Բեկչյանի և Հյուսիսային Գերմանիայում հայկական համայնքների հոգևոր հովիվ Տեր Գնել քահանա Գաբրիելյանի մասնակցությամբ մատուցվել է հոգեհանգստի պատարագ:
     <<Այլևս երբեք>> /Nie Wieder»/ խորագիրն է կրում ապրիլի 27-ին տեղի ունենալիք ցույցը, որը նախատեսված է անցկացնել Բեռլինի ժամանակով 14:00-ից մինչև 17:00-ն: Ցուցարարները կանցնեն կանցլեր Անգելա Մերկելի նստավայրի և Թուրքիայի դեսպանատան կողքով, նաև ծաղիկներ կդնեն Հոլոքոստի հուշաքարին:
    Գերմանիայի Լեեր քաղաքի բնակիչ Ալբերտ Թովմասյանը, ով տեղի հայկական համայնքի ակտիվ անդամներից է, տեղեկացնում է, որ Մեծ եղեռնի 98-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումները Լեերում կմեկնարկեն ապրիլի 24-ին՝ «Հետապնդում, հալածում, բնաջնջում» խորագիրը կրող ֆոտոցուցահանդեսի բացմամբ, իսկ ընդհանուր միջոցառումների շարքը Լեերում կշարունակվի մինչև ապրիլի 27-ը:
    Հայոց Մեծ եղեռնի 98-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ տեղի կունենան նաև երկրի մյուս քաղաքներում (Համբուրգ, Բոխում, Մյունխեն, Ֆրանկֆուրտ, Հալլե և այլ բնակավայրեր)՝ հայկական կազմակերպությունների ու հայ համայնքի ակտիվ մասնակցությամբ:

        ԱՄՆ
    Ամերիկայի հայկական գրադարան-թանգարանում /Armenian Library and Museum of America, ALMA/  ապրիլի 21-ին կայացել է հայոց Մեծ Եղեռնին /1915-1923թթ./, Կամբոջայի ցեղասպանությանը /1976–79 թթ/ և Դարֆուրում շարունակվող ցեղասպանությանը /2003 թ-ից/  նվիրված միջոցառում:
     Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ում հրատարակվող «Armenian Weekly» պարբերականը, միջոցառման ժամանակ ցեղասպանությունների թեմայով ելույթներով հանդես կգան Կամբոջայի ցեղասպանության ականատես Քոուիթ Քրեթը, Կոնեկտիկուտի համալսարանի պրոֆեսոր Արմեն Մարսուբյանը և «Հանուն Դարֆուրի փրկության» /Մասաչուսեթս/ դաշինքի նախագահ Էրիկ Քոհենը:
     Միջոցառման շրջանակներում Ամերիկայի հայկական գրադարան-թանգարանի տարբեր ցուցասրահներում վերոնշյալ երեք ցեղասպանություններին նվիրված ցուցահանդեսներ են բացվել:
     «Հայոց ցեղասպանությունը նախադեպ դարձավ  20-րդ դարի շատ այլ ցեղասպանությունների համար... Մենք ցավում ենք մարդկության դեմ իրականացված բոլոր  հանցագործությունների համար և յուրաքանչյուր տարի, ցեղասպանություն ապրած մյուս էթնիկ խմբերի հետ, ոգեկոչում ենք ցեղասապանությունների զոհերի հիշատակը»,-ասված է  «ALMA»-ի տարածած հաղորդագրության մեջ:

            ԱՄՆ Կոնգրես
    2013թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կանցկացվի նաև ԱՄՆ Կոնգրեսում (օրենսդիր մարմին):
Ինչպես հաղորդում է անգլալեզու Asbarez.com կայքը, Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումը կազմակերպել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումը՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրասենյակի և ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպությունների աջակցությամբ:
    Asbarez.com-ի տեղեկացմամբ՝ միջոցառմանը մասնակցելու են ամերիկացի կոնգրեսականներ, Արցախի և Հայաստանի կառավարությունների, ինչպես նաև ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառման առնչությամբ Ամերիկայի հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել, որում նաև ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել կապ հաստատել իրենց շրջանը ներկայացնող օրենսդիրների հետ և նրանց հորդորել մասնակցել հիշատակի արարողությանը.

  Լոս Անջելես
  Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին անդրադարձել են նաև դպրոցահասակ հայ երեխաներ: Լոս Անջելեսի «Ռոզ և Ալեքս Փիլիպոս» հայկական դպրոցում /Կալիֆորնիա/ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին  նվիրված միջոցառում է անցկացվել: Միջոցառմանը մասնակցել են դպրոցի մանկավարժները և սաները. ուսուցիչները Հայոց
ցեղասպանության թեմայով դասախոսութուններ են ընթերցել, իսկ աշակերտները ներկայացրել են իրենց խոհերն ու տպավորությունները Մեծ Եղեռնի մասին: Այնուհետև, «Ռոզ և Ալեքս Փիլիպոս»-ի սաները  յուրօրինակ ակցիա են անցկացրել դպրոցի շրջակայքում. պարզել են Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշները պատկերող պաստառներ, ապա դրանք պարզած երթ անցկացրել: Դպրոցի տնօրեն Ալինա Դորյանն իր ելույթում աշակերտներին կոչ է արել ապրել իսկական հայի նման, ոչ միայն ծանոթանալ հայկական ավանդույթներին և պահպանել հայակական մշակույթը, այլև ձգտել հասնելու Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

 
         Սակրամենտո
  ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի մայրաքաղաք Սակրամենտոյում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում է տեղի ունեցել: Հիշատակի միջոցառումը, որ կազմակերպել էր Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան շրջանի գրասենյակը, անցկացվել է Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի ստորին պալատի՝ Ասամբլեայի շենքում: Ոգեկոչման արարողությանը մասնակցել են ամերիկահայ համայնքի առաջնորդներ, ակտիվիստներ,  ելույթով հանդես են եկել Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի արքեպիսկոպոսներ Մուշեղ Մարտիրոսյանը և Հովնան Տերտերյանը:
    Ապրիլի 15-ին տեղի ունեցած միջոցառման ընթացքում Կալիֆորնիայի օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունել, որի ընթացքին հետևել են նաև հայերը: «Asbarez» պարբերականն ընդգծում է, որ  20-րդ  դարի եղեռնագործությունը ճանաչելու վերաբերյալ բանաձևերը նահանգի խորհրդարան ներկայացրել էին Ասամբլեայի հայ անդամներ Խաչո Աչաջյանը և Ադրին Նազարյանը: Դրանք վավերացվել են Կալիֆորնիայի խորհրդարանի ստորին և վերին պալատների կողմից և դարձել մեկ միասնական բանաձև (թիվ 2): Այդ փաստաթղթով 2013թ-ի ապրիլի 15-19-ը ընկած ժամանակահատվածը հռչակվել է 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման շաբաթ, ինչպես նաև ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին  կոչ է արվել ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը:
    Հավելենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է 20-ից ավելի պետություն (Ուրուգվայ, Կիպրոս, Արգենտինա, Ռուսաստան, Կանադա, Հունաստան, Լիբանան, Բելգիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Գերմանիա, Վենեսուելա, Շվեդիա  և այլն), այնպիսի միջազգային  կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև ամերիկյան 50 նահանգներից 42-ը, դաշնային իշխանությունները, սակայն, առ այսօր պաշտոնապես չեն ընդունել այն:

         Ֆրանսիա
    Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության 98-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները մեկնարկել են ապրիլի 19-ից: Ինչպես հաղորդում է «Nouvelles d`Armenie»-ն, Փարիզում ապրիլի 23-ին ժամը 19:00-ը կկայանա ֆրանսահայ երիտասարդության ակցիա, այնուհետև` ապրիլի 24-ին, Կոմիտասի հուշարձանի հարևանությամբ անցկացվելիք միջոցառմամբ միջազգային հանրությանը մեկ անգամ ևս կոչ կարվի դատապարտել և ճանաչել Օսմանյան կայսրության կողմից 1915-ին իրականացված Հայոց ցեղասպանության փաստը:
     Ապրիլի 23-ին Մարսելում տեղի կունենա մոմավառություն, իսկ ապրիլի 24-ին` երթ դեպի Թուրքիայի հյուպատոսարան: Այնուհետև, տեղի հայ Առաքելական եկեղեցում կմատուցվի սուրբ պատարագ` ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի: Սպասվում է, որ երթին իրենց մասնակցությունը կբերեն նաև Մարսելի բարձրագույն իշխանությունները:
     Վալանսում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումները կսկսեն ապրիլի 19-ից: Ֆրանսիայի այլ քաղաքներում ևս կանցկացվեն թեմատիկ ակցիաներ:

         Ստամբուլ
     Թուրք ժողովրդական երգիչ Նիհաթ Դողանը հայտարարել է, թե ապրիլի 24-ին մասնակցելու է Ստամբուլի Թաքսիմ հրապարակում տեղի ունենալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սգո միջոցառմանը։
     Թուրքական «Taraf» պարբերականի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ եթե այդ օրը Թուրքիայում լինի, անպայման գնալու է Թաքսիմի հրապարակ. «Չպետք է վախենալ, որ դրա համար քեզ հետ ինքնադատաստան կտեսնեն։ Բռնությունը իմ ու քոնը չի լինում։ Եթե քաջություն ունենանք, եթե գնանք, հաշվի առնելով, որ թեկուզ կարող է վառվենք, պետք է խավարը հասցնենք լուսավորության։ Այդ իսկ պատճառով, բոլորը հանուն մարդկության, հանուն իրավունքի պետք է այնտեղ լինել»,-ասել է թուրք երգիչը։

                            Պատրաստեց Գոհար Աբրահամյանը
23.042013




<<Հարյուրամյակը պլացդարմ է, որին պիտի տիրանալ>>


    - Պարոն Դեմոյան, Դուք արդեն հայտարարել եք, որ շատ շուտով, ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումներից անմիջապես հետո, թանգարան-ինստիտուտը վերածվելու է մեծ շինհրապարակի, փոխվելու է նաև թանգարանի ցուցադրության հայեցակարգը, որն էլ իր հերթին փոխելու  է մեր պատկերացումները: Ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը:
    - 2015 թվականի ապրիլին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հանդես է գալու բացարձակապես նոր ցուցադրությամբ, որը փոխելու է Ցեղասպանության մասին մեր ընկալումները և պատկերացումները: Երեք լսարաններին` հայկական, միջազգային և թուրքական, ուղղված ցուցադրությունը նախկինի համեմատ ընդարձակվելու է: Լայն գրահրատարակչական ու թարգմանչական աշխատանք է արվելու: Ցեղասպանության միջազգային իրազեկումը դառնալու է թանգարան- ինստիտուտի գլխավոր նպատակներից մեկը: Տեսեք, ցանկացած թանգարան 20-30 տարին մեկ պետք է թարմացվի: Եթե անհրաժեշտությունը չլիներ, մենք այդպիսի ծրագիր չէինք նախաձեռնի: Ուղղակի մեր թանգարանը սպեցիֆիկ է, նաև քաղաքական նշանակություն ունի, ուղերձներ է հղում երեք լսարաններին` հայկական, թուրքական և արտասահմանի; Մենք ոչ թե փոխում ենք, այլ ուզում ենք ձերբազատվել խնդրի հնաոճ մատուցումից. Ավելի խորքային գիտելիք ենք ուզում մատուցել, ուզում ենք ազատագրվել չճշգրտված նյութերից, լուսանկարներից: Կուտակված նորահայտ ու անհրաժեշտ նյութերի հավելումով ցուցադրությունը մեծանալու է: Սա բոլոր առումներով տաժանակիր աշխատանք է:
    - Հե՞շտ է որոշել դառնալ ցեղասպանագետ, առավել ևս` շատ սպեցիֆիկ թանգարանի տնօրեն:
    - Ցանկացած գիտնական, ցեղասպանագետ, պատմաբան, ով պիտի զբաղվի այս խնդիրներով, առաջին հերթին պիտի հոգեբանական խնդիր հաղթահարի, որպեսզի իր հոգեկան առողջության վրա չներազդի: Լուրջ հոգեբանական պատրաստություն պիտի ունենան: Նրանք արդեն սովորական մարդիկ չեն, հենց էնպես չեն աշխատում, սա լուրջ առաքելություն է, և այդ առաքելության մեջ են թանգարանի  իմ բոլոր աշխատակիցները, ամեն մեկը չի կարող այստեղ աշխատել; Ամեն օր լինել այդ թեմայի, այդ նկարների մեջ, այդ ընկճվածության մեջ… Բարդ հոգեբանական աշխատանք է, մանավանդ, որ մեր աշխատակիցների մի մասը երիտասարդ աղջիկներ են…
    - Պարոն Դեմոյան, որտե՞ղ գործածել Եղեռն, Մեծ Եղեռն, որտեղ Հայոց ցեղասպանություն կամ Ցեղասպանություն տերմինները: Ո՞րն է ճիշտը; Մեր մամուլում այս առումով խառնաշփոթ է: Մենք ազգովի վիրավորվում ենք, որ ԱՄՆ նախագահ Օբաման ապրիլի 24-ի ելույթում գործածում է <<Եղեռն>> բառը Ցեղասպանության փոխարեն, սակայն ինքներս էլ չհամակարգված, անփույթ, ինչպես պատահի,  և առանց խորանալու ենք օգտագործում այդ տերմինները;
    - Եղեռն բառը գործածվում է բնութագրելու համար համիդյան ջարդերը, Ադանայի կոտորածը, իսկ Մեծ Եղեռնը` 1915- 1922 թվականների  Ցեղասպանությունը; Սակայն Մեծ Եղեռնը իրավաբանական հասկացություն չէ, և հայկական շրջանակներում գործածվելու համար է: Ցեղասպանությունը միջազգային սահմանում է, իրավաբանական տերմին է: Դրա համար էլ, երբ Օբաման գործածեց Եղեռն բառը, դժգոհ մնացինք, միջազգային իրավունքի առումով դա ոչինչ էր, քանի որ Եղեռնը համարժեք չէ Ցեղասպանությանը:
    - Շատ է խոսվում Ցեղասպանության մասին նկարահանվելիք ֆիլմի` մեր <<Շինդլերի ցուցակի>> մասին: Ձեր կարծիքով, պիտի մեկ խաղարկայի՞ն ֆիլմ նկարահանվի, թե՞ փաստագրական ֆիլմեր:
     - Ե՛վ բարձր գեղարվեստական խաղարկային ֆիլմ պիտի արվի, և՛ մի քանի փաստագրական լիարժեք ֆիլմեր: Ուղղակի ժամանակը կարճ է, պիտի 100-ամյակի նախաշեմին հասցնենք:
     - Պարոն Դեմոյան, վերջին հարցը: Շա՞տ շեշտադրենք 100-ամյա տարելիցը:
    - Իմ կարծիքով, Ցեղասպանության 100-ամյա տարելիցը պլացդարմ է, որին պիտի տիրանալ` համարելով նոր աշխատանքի սկիզբ: Երկրի նախագահի մոտ կայացած առաջին հանդիպման ժամանակ ես ասացի, որ շատ չտրամադրվենք, շատ ակնկալիք չունենանք: 100-ամյակը լոկ հանգրվան է:


Հարցազրույցը վարեց Գայանե Մկրտչյանը
23.04.2013



Վրաստանում բացվեց «Հայոց Գողգոթա»
ցուցահանդեսը` նվիրված Հայոց ցեղասպանությանը

   
Յուրաքանչյուր տարի, ընդառաջ գնալով Հայոց ցեղասպանության տարելիցին, աշխարհի տարբեր անկյուններում տեղի հայ համայնքների կողմից անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ: Գրեթե հարյուրամյա անարդարության պայմաններում միլիոնավոր հայեր իրենց ձայնն ու պահանջն են ուղղում Թուրքիային՝ ճանաչելու դարի ամոթն ու 21-րդ դարի մարդու պատասխանատվությամբ ու գիտակցությամբ մաքրելու այն իրենց պատմության ամոթալի էջերից:
    Ապրիլի 13-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվել է հայոց Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցին նվիրված «Հայոց Գողգոթա» խորագրով ցուցահանդեսը: Այն կազմակերպել են Վրաստանի հայ նկարիչների միությունը և Ջավախքի երիտասարդ նկարիչների ընկերակցությունը՝ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի հոգաբարձուների խորհրդի, Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀՀ սփյուռքի նախարարության և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ:
    Ցուցահանդեսին իրենց աշխատանքներն էին ներկայացրել Թբիլիսիի, Ջավախքի, ինչպես նաև ծնունդով Վրաստանից, բայց ներկայումս Հայաստանում գործող նկարիչները: Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը, բացելով ցուցահանդեսը, տեղեկացրեց, որ ցուցահանդեսին մասնակցած շուրջ 35 ստեղծագործողների մեծամասնությունը երիտասարդներ են, ովքեր հայոց Մեծ Եղեռնի մասին պատկերացում ունեն միայն հուշ-պատմություններից: Եվ ցուցասրահում տեղ գտած շուրջ 60 կտավները գույների միջոցով արտահայտված նրանց ցասումն է, արդարության և հատուցման պահանջն անմեղ նախնիների տառապանքների և դաժան նահատակության համար: Վրաստանի «Հերակլ Երկրորդ» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Արչիլ Ճկուիձեն, ողջունելով ցուցահանդեսի մտահղացումը, կոչ արեց Վրաստանի իշխանություններին՝  հարգել հարևան քրիստոնյա ժողովրդի ցավը, ճանաչել 1915 թվականի Հայոց Եղեռնը և հուշարձան կանգնեցնել զոհերի հիշատակին: Իրենց բողոքը միջազգային հանրության անարդար և անտարբեր վերաբերմունքի նկատմամբ արտահայտեցին գրող–թարմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան« թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, ռեժիսոր Միքայել Գրիգորյանը, պատմաբան Ենոք Թադևոսյանը: Այնուհետև, դասական և հոգևոր երգերի կատարմամբ հանդես եկան «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալի» ավագների երգչախումբը (խմբավար՝ Հովհաննես Համբարձումյան), Սուրբ Էջմիածին եկեղեցու երգչախումբը (խմբավար՝ Սվետլանա Տատոևա), հնչեցին մեղեդիներ դուդուկահար Վանո Մկրտչյանի և դաշնակահար Կարեն Միրզոյանի կատարմամբ: Օրհնության և գնահատանքի իր խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր օրհնությունը տվեց այդ միջոցառման բոլոր մասնակիցներին: Ոգեկոչելով երիտասարդ ստեղծագործողներին` Վիրահայոց Առաջնորդը հույս հայտնեց վաղվա Հայաստանի և հայության գեղեցիկ ապագայի նկատմամբ:
    Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը և Ջավախքի երիտասարդ նկարիչների ընկերակցության նախագահ Հայկազուն Ղարագուլյանը ներկայացրեցին այն ստեղծագործողներին, որոնց աշխատանքները ճանաչվել են լավագույնը: Ցուցահանդեսի ամենաերիտասարդ մասնակից ճանաչվեց Քրիստինե Բագդացյանը: Երրորդ մրցանակին արժանացավ Լիլիթ Արսենյանը, երկրորդ մրցանակին՝ Անի Քանանյանը, իսկ առաջին մրցանակը շահեց Մարիամ Տիպուխյանն իր «Սգացող կինը» կտավով: Նրանց բոլորին Վիրահայոց թեմի Առաջնորդարանի կողմից տրվեցին դրամական պարգևներ:
    Ցուցահանդեսը կշարունակվի մինչև ապրիլի 30-ը:


Պատրաստեց Գոհար Աբրահամյանը
22.04.2013



<<Պիտի մեռնիմ Հայաստանի պատկերը բիբերուս մեջ>>

    <<Երեխաների ճակատներին մեխ են խփել, կենդանի մարդկանց զանազան մասերը կտրատել են, զանազան կերպ դասավորել, խաղեր են արել, մինչև կեսը դրել են պղինձ ու կեսից ներքև եփել, որ մյուս մասը կենդանի տեսնի ու զգա, շիկացած երկաթներով կտրել են մարմնի զանազան տեղերը և կրակի վրա խորովել, կենդանի խորովել են: Ծնողների առաջ երեխաներին են կոտորել, երեխաների առաջ` ծնողներին>>: Այս մահասարսուռ տողերի հեղինակը Հովհաննես Թումանյանն է, ով դրա ականատեսն է եղել:
    Թուրքական կառավարության կողմից նախօրոք հաստատված սև ցուցակի համաձայն կնքված հատուկ ծրարներ են ուղարկվել Կ. Պոլսի ոստիկանական բոլոր տեղամասերը` որոշակի օր ու ժամի բացելու կարգադրությամբ:
    1915 թվականի ապրիլի 24-ին կենտրոնական բանտ բերվեց հայ մտավորականների առաջին խումբը: Այնուհետև, շարունակվեցին ձերբակալությունները: Կարճ ժամանակում բանտարկյալների թիվը հասնում է 800 հոգու, որոնց մեջ կան գրողներ, գիտնականներ, արվեստագետներ, մանկավարժներ, հրապարակախոսներ, դերասաններ, բժիշկներ, հոգևորականներ, հասարակական գործիչներ, այդ թվում թուրքական մեջլիսի  հայ երեսփոխաններ: Նրանց բոլորին քշեցին Անատոլիայի խորքերը և գազանաբար …: Նույն բախտին են արժանացել նաև վիլայեթներում գտնվող հայ մտավորականները:
  Հայ մտավորականների ճակատագիրը նույնացել էր. բոլորին ու յուրաքանչյուրին սպասվում էր մահ համատարած: Այն, ինչ Դանիել Վարուժանը պատկերել էր <<Ցեղին սիրտը>> ստեղծագործության մեջ տեսնում է սեփական աչքերով, զգում իր մարմնի վրա: Նահատակվեցին Գրիգոր Զոհրապը, Սիամանթոն, Դանիել Վարուժանը, Ռուբեն Սևակը, Ռուբեն Զարդարյանը, Երուխանը, Հովհաննես Թլկատինցին, Արտաշես Հարությունյանը, Տիգրան Չյուկյուրյանը, Սմբատ Բյուրատը, Տիրան Չելեկյանը, Նազարեթ Տաղավարյանը, Ենովք Շահենը, Եսալեմը /Գարեգին Կոզիկյանը/, Հրանդը /Մելքոն Կյուրճյանը/, Հրանտ Աստվածատրյանը, Գագիկ Օղանյանը, Գեղամ Բարսեղյանը, Գեղամ Տեր-Կարապետյանը, Լևոն Լարենցը, Գրիգոր Թորոսյանը և շատ ուրիշներ: Աքսորյալների մեջ էր հանճարեղ Կոմիտասը, ով.
Եվ պատկերներից այս ահազարհուր, բայց և իրական,
Նախ ցնորվեցին աչքե՜րը նրա
Եվ ապա մի՜տքը, մի՜տքը տիրական …
Վայրի աղմուկի,
Խուլ աղաղակի,
Ժխորի տեղակ
Մի գերեզմանվող լռություն տիրեց նրա հոգու մեջ…
   Իսկ Դանիել Վարուժանը 1915 թվականի օգոստոսի 26-ին` նահատակվելուց առաջ, պիտի մրմնջար. <<Պիտի մեռնիմ Հայաստանի պատկերը բիբերուս մեջ>>:
    Երիտթուրքերի կազմակերպած դժոխային սպանդի զոհեր դարձան արևմտահայ մտավորականները, ովքեր ոչ միայն խոշոր ավանդ ունեին հայ ժողովրդի մշակույթում, այլև վիթխարի ծառայություններ էին մատուցել Օսմանյան Թուրքիայի զարգացման գործում:

                                                                              Նառա Դանիելյան
22.04.2013


Հայության ներկայության անցանկալի վկաների ճակատագիրը

    <<Եթե անգամ ոսկե ինքնաթիռներով հեռացնեին, դա ցեղասպանություն էր, որովհետև մարդկանց իրենց արմատից կտրեցին>>: Սրանք Հրանտ Դինքի խոսքերն են, որ 21-րդ դարի սկզբին արտասանեց թուրք պատգամավորների առաջ: Նրան մնացել էր ապրելու մեկ տարի:
   Հայերին հեռացրել էին ավազոտ անապատներով և անմիջապես անցել լքված գույքն ու մշակույթի հուշարձանները յուրացնելուն, ոչնչացնելուն: Չէ որ հուշարձանները հայկական ներկայության անցանկալի վկաներ են: <<Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժի կոնվենցիան>> ՄԱԿ-ն ընդունել է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին, ուժի մեջ է մտել 1951 թվականի հունվարից:
    Լեհ փաստաբան Ռաֆայել Լեմկինը հեղինակեց, իրավական սահմանում տվեց և շրջանառության մեջ դրեց <<գենոցիդ>> հասկացությունն իբրև մարդկության դեմ գործած հանցագործություն: Մինչև այսօր <<Ցեղասպանության կոնվենցիան>> վավերացրել է աշխարհի 137 պետություն: Հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջմանը զուգընթաց, Արևմտյան Հայաստանում իրականացվեց ու շարունակվում է մշակութային ցեղասպանությունը: Սակայն անդարձ ոչնչացումի այդ տեսակը մինչև օրս իրավական սահմանում չունի: Հետաքրքիր էր իմանալ, որ Ռաֆայել Լեմկինի հեղինականծ նախնական տարբերակում եղել է այդ ձևակերպումը:  5 կետից բաղկացած      <<Ազգային-մշակութային ցեղասպանությունը>>, սակայն,  վերջնական տարբերակում տեղ չի գտել:
     Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Սեդա Պարսամյանի ասելով, <<նախնական տարբերակի սահմանումները չեն ընդունվել այն հիմնավորմամբ, թե այն կթուլացնի այն որպես ֆիզիկական բնաջնջումը դատապարտող կոնվենցիա>>: Մշակութային հուշարձանների անձնագրերով զբաղվող մասնագետի ասելով, <<հայկական հուշարձանների վիճակը համապատասխանում էր մշակությաին ցեղասպանության ձևակերպմանը>>:     Կոնվենցիայից դուրս մնացած այս ձևակերպումը` <<Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրակացված գործողությունները ազգային- մշակութային ցեղասապանություն են կոչում>>  իրավական ուժ չունի դեռևս: Եվ հայ ժողովրդի ազգային-հոգևոր մշակույթի ոչնչացումը շարունակվում է ու ծավալվում  նաև  Ադրբեջան պետությունում:
    Ցեղասպանությանն ականատես արաբ փաստաբան Ֆայեզ էլ Ղոսեյնի վկայությամբ կոտորածներին զուգահեռ հանձնաժողովներ էին ստեղծվել, որոնք ամենաէժան գներով վաճառում էին <<լքյալ գույք>> համարվող հայկական մշակությաին արժեքները:
    Փաստերը շատ զորեղ են. 1912-13 թվականներին Պոլսո պատրիարքարանը կազմել ու թուրքական կառավարությանն էր ներկայացրել պաշտոնական տեղեկագիր այն մասին, որ հայկական հուշարձանների թիվն անցնում է 2000-ից: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1923 թվականին հաշվառված 913 պատմա-ճարտարապետական հուշարձանների /1947 թվականին նույն կազմակերպության տվյալներով/ պատկերն արդեն այսպիսին է եղել` 464-ն ընդհանրապես անհետացել են, 252-ն ավերակ են, 197-ն ամբողջովին վերանորոգման կարիք ունեն: Ու թեև 1987 թվականին Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ արեց պատշաճ վերաբերմունք ցուցաբերել երկրի տարածքում գտնվող հայկական հուշարձանների հանդեպ, վիճակը չի փոխվել:
    Լսենք 2010 թվականին Մշակույթի նախարարության աջակցությամբ Արևմտյան Հայաստանում հուշարձանները վկայագրող <<Հայկական հուշարձաններն ուսումնասիրող>> կազմակեպության նախագահ Սամվել Կարապետյանին. <<Մենք տեսանք, որ Արևմտյան Հայաստանի հուշարձանների 2-3 տոկոսն է ընդամենը մնացել: Ամբողջական է միայն Վանի Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, կանգուն են նաև Անիի մի քանի կիսավեր եկեղեցիները: Մի քանիսն էլ  մզկիթի են վերածված: Այսքանը: Եղանք Խնուս և հարևան Բուլանխ գավառներում, բացարձակապես ոչ մի եկեղեցի չկա: Իհարկե եղել են, ամեն գյուղ իր եկեղեցին է ունեցել, գյուղ  է եղել` երկու: Հետքերն էլ չկան, պետական ծրագրով ոչնչացվել են, մի մասը` բանակը, մյուսը` ժողովուրդը>>:
      Անդարձ ոչնչացումի այս տեսակը մինչև օրս իրավական սահմանում չունի:

                                                                                                          
                                                                                     Գայանե Մկրտչյան
22.04.2013

31 Դեկտեմբերի 2015
 
 
Արխիվների որոնում
:
Երևան
Մոսկվա
Փարիզ
Լոս-Անջելես
2017 Մարտ
Երկ Երեք Չոր Հնգ ՈՒրբ Շաբ Կիր
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
Հայտարարություն

    «Կամար» /www.kamartert.am/ էլեկտրոնային քառալեզու /հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն/ թերթը թողարկվում է 2009 թվականից: Թերթն անդրադառնում է մշակույթի, ինչպես նաև հասարակական հնչեղություն ունեցող թեմաներին, լուսաբանում է ժողովրդական արվեստը, բանահյուսությունը, հայ ժողովրդի ավանդույթները, սովորույթները, ծեսերը, տոնակատարությունները, անդրադարձ է հային ու հայկականին: Կայքի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած երկրների աշխարհագրությունը բավականին խոսուն է /թվով 133 երկիր/:
    ՀՀ մշակույթի նախարարության վարած մշակութային քաղաքականության գերազանց լուսաբանման համար թերթն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, ինչպես նաև  Ոսկե մեդալի:
    Թերթի շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ են հովանավորներ, ինչպես նաև՝ գովազդատուներ:  Ցանկության դեպքում ձեր գործնեության գովազդը մեր միջոցով հասանելի կլինի աշխարհի 133 երկրում:
    Սպասում ենք ձեր առաջարկներին:
    Հեռ. 043-07-03-07



Հայոց ցեղասպանություն - 100



Ազգությունս՝ հայ









    
    


Ձեր առաջարկներն ու դիտողությունները
 կարող եք ուղարկել  kamartert@mail.ru
Էլեկտրոնային հասցեով;

 

 
Գլխավոր | Խորագրեր | Արխիվ | Կայքի քարտեզ | Մեր մասին | Մեր կոթողները | Պատասխան՝ 100 տարի անց | Ազգությունս՝ հայ | Հայոց ցեղասպանություն-101
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0010, Վազգեն Սարգսյան 3, էլ.փոստ: kamartert@mail.ru
Կայքի մշակումը`   Shahumyan Media
2009, Բոլոր իրավունքները պաշտպանված են